Jump to content

Հայաստան հանրագիտարան/ՀՀ դատական իշխանությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարանները և Վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարանները։

ՀՀ-ում բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։

Սահմանադրական դատարանի դատավորը և անդամն անփոփոխելի են և պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը։ Նրանց լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով։

ՀՀ-ում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը։ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ձևավորվում և գործում է Արդարադատության խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են 9 դատավոր, ՀՀ նախագահի և Աժ-ի նշանակած 2-ական իրավաբան գիտնականներ։

ՀՀ դատախազությունը

ՀՀ դատախազությունն օրենքի կատարման նկատմամբ բարձրագույն հսկողություն իրականացնող մարմին է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում, իրականացնում է հսկողություն հետաքննության ու նախաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան, հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ։ Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա։

Նորանկախ ՀՀ-ում, մինչև դատախազության մասին օրենքի ընդունումը, դատախազության համակարգն առաջնորդվել է «Դատախազության մասին» ԽՍՀՄ օրենքի այն հոդվածներով, ինչպես նաև այն օրենսդրական և այլ ակտերով, որոնք չեն հակասել ՀՀ անկախության հռչակագրի դրույթներին։

1992-ի հոկտեմբերի 5-ին ստեղծվել է նաև զինվորական դատախազությունը՝ որպես ՀՀ դատախազության առանձին ստորաբաժանում։

1998-ին ընդունվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ դատախազությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում մեղադրանքը, պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան, բողոքարկում դատարանի վճիռներն ու որոշումները, հսկողություն իրականացնում պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ։

Այդ օրենքի համաձայն՝ ձևավորվել են հանրապետության գլխավոր դատախազությունը՝ իր բաժիններով ու վարչություններով, Երևան քաղաքի ու նրա համայնքների և մարզերի, ինչպես նաև կայազորների զինվորական դատախազությունները։

2007-ից գործում է ՀՀ գլխավոր դատախազության դպրոցը (հիմնադրվել է դատախազության գիտաուսումնական կենտրոնի հիմքի վրա), որն իրականացնում է դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստում, դատախազների տարեկան ու լրացուցիչ և դատախազության աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում։

Դպրոցը պատրաստում ու հրատարակում է ուսումնական և գիտամեթոդական գրականություն, մասնակցում և իրականացնում է ներպետական և միջազգային ԳՀ և կրթական ծրագրեր։

ՀՀ գլխավոր դատախազներ են եղել Արտավազդ Գևորգյանը (1990-97), Հենրիկ Խաչատրյանը (1997-98), Բորիս Նազարյանը (1998-2001), Արամ Թամազյանը (2001-04), 2004-ից Աղվան Հովսեփյանն է։

Դատախազության ծառայությունը Հայաստանում սկսել է գործել 1918-ի դեկտեմբերի 6-ից, երբ Հայաստանի խորհուրդն (ՀԽ) ընդունել է «Նախկին Ռուսական կայսրության օրենքները Հայաստանում կիրարկելու մասին» օրենքը։ Ըստ այդ օրենքի՝ ՀՀ տարածքում ժամանակավորապես գործել են Ռուսական կայսրության օրենքները՝ ժամանակավոր կառավարության, Անդրկովկասյան կոմիսարիատի, Սեյմի և ՀԽ-ի կատարած փոփոխություններով ու լրացումներով։ Նույն օրն ընդունվել է «Ռուսական կայսրության դատական համակարգի ներմուծման մասին» օրենքը։ Դատախազությունը գործել է դատական համակարգին առընթեր։

Դատախազությունը՝ որպես առանձին ստորաբաժանում, կազմավորվել է Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո։ Խորհրդային Ռուսաստանի օրինակով՝ հանրապետության տարածքում միասնական օրինականության հաստատումն ու հանցագործության դեմ պայքարի կազմակերպումը հանձնարարվել են 1922-ի հուլիսի 22-ին ստեղծված ՀԽՍՀ դատախազությանը։ ԽՍՀՄ կազմավորումից (1922-ի դեկտեմբեր) հետո ստեղծվել է ԽՍՀՄ Գերագույն դատարանի դատախազությունը, և ՀԽՍՀ դատախազությունը դարձել է այդ մարմնի ստորաբաժանում։ 1924-ին ընդունվել է ԽՍՀՄ Սահմանադրությունը, որով դատախազության վրա է դրվել երկրի ողջ տարածքում հեղափոխական օրինականության հաստատման պատասխանատվությունը, իսկ 1927-ին քննչական ամբողջ ապարատը դատարանից փոխադրվել է հանրապետության դատախազություն։

1933-ի հուլիսի 20-ին հիմնադրվել է ԽՍՀՄ դատախազությունը, որի կառուցվածքային ստորաբաժանումները միութենական հանրապետությունների դատախազություններն էին, այդ թվում՝ ՀԽՍՀ դատախազությունը։ Նույն թվականին հաստատվել է միութենական դատախազության կանոնադրությունը, որով հստակեցվել են ԽՍՀՄ դատախազության գործառույթները, ԽՍՀՄ գլխավոր դատախազի և միութենական հանրապետությունների դատախազների փոխհարաբերություններն ու դատախազական մարմինների, նաև ՀԽՍՀ դատախազության գործունեության և ղեկավարման ձևերն ու սկզբունքները։

ՀԽՍՀ դատախազներ են եղել Դ. Շահվերդյանը (1922-23), Լ. Վարդանյանը (1923-27), Ջ. Աշրաֆյանը (1927-29), Ա. Հովսեփյանը (1929), Ս. Խանոյանը (1930-33), Պ. Թորոսյանը (1933-37), Ա. Հարությունյանը (1937-39), Հ. Մեղավորյանը (1939-48), Վ. Թադևոսյանը (1948-49), հ. հսագուլովը (1949-54), Կ. Իոնեսյանը (1954-59), Ա. Գևորգյանը (1959-61), Վ. Մուսախանյանը (1961-71), Ս. Օսիպյանը (1971-88), Վ. Նազարյանը (1988-90)։