Հայաստան հանրագիտարան/ՀՀ տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգը ներդրվել է 1995-ին՝ ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո։ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով (1995) վարչատարածքային միավորներ են սահմանվել մարզերն ու համայնքները։ Ընդ որում, մարզը կազմված է համայնքներից, իսկ համայնքները լինում են գյուղական և քաղաքային։
ՀՀ տարածքը բաժանված է 10 մարզի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, ԳԵղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, և 915 համայնքի։
Մարզերում իրականացվում է տարածքային կառավարում, համայնքներում՝ տեղական ինքնակառավարում։
Տարածքային կառավարումը Կառավարության տարածքային քաղաքականության իրագործումն է մարզերում՝ մարզպետների և մարզպետարանների միջոցով։ Տարածքային կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ նախագահի 1997-ի մայիսի 6-ի «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով։
Մարզպետին պաշտոնի նշանակում և ազատում է ՀՀ Կառավարությունը, որի որոշումը վավերացնում է ՀՀ նախագահը։
Մարզպետն իր իրավասության սահմաններում իրականացնում է Կառավարության քաղաքականությունը ֆինանսների, քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության, տրանսպորտի և ճանապարհաշինության, գյուղատնտեսության և հողօգտագործման, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի և սպորտի, բնության և շրջակա միջավայրի պահպանության, առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում։ Մարզպետին է վերապահված նաև (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը։
Մարզպետն ապահովում է ՀՀ օրենքների, հանրապետության նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների, ՀՀ Կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ ակտերի կատարումը, նպաստում է մարզում ժողովրդավար, համակարգի զարգացմանն ու պաշտպանությանը, օրենքների գերակայության, քաղաքացիական հասարակության կայացման ու զարգացման, մարդու իրավունքների, ազատությունների և տեղեկատվության մատչելիության ապահովմանը։
Մարզպետի նստավայրի (մարզպետարան) շենքը գտնվում է մարզի վարչական կենտրոնում, որի վրա և մարզպետի աշխատասենյակում տեղադրվում են ՀՀ դրոշը և զինանշանը։
Երևանում տարածքային կառավարումն իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, որի որոշ գործառույթներ Կառավարության որոշմամբ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների։
Տեղական ինքնակառավարումը հանրային կառավարման համակարգ է, որը համայնքի բնակչությանը վերապահում է տեղական նշանակության հարցերն ինքնուրույն լուծելու, համայնքային ունեցվածքն օգտագործելու և տնօրինելու իրավունք։ Ինքնակառավարումն իրականացվում է ընտրովի մարմինների՝ համայնքի ավագանու (ներկայացուցչական մարմին) և ղեկավարի (գործադիր մարմին, քաղաքում՝ քաղաքապետ, գյուղում՝ գյուղապետ) միջոցով։
Յուրաքանչյուր քաղաքային կամ գյուղական համայնք ներառում է մեկ կամ մի քանի բնակավայր։ ՀՀ-ում կա 998 բնակավայր, որոնք միավորված են 915 համայնքում, 49-ը քաղաքային են, 866-ը՝ գյուղական:
Տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ) ընտրվում են 4 տարի ժամկետով՝ ուղղակի և գաղտնի քվեարկությամբ։ Համայնքի ավագանու անդամների թիվը (5-15 մարդ) պայմանավորված է համայնքի բնակչության քանակով։ ՀՀ ՏԻՄ-ի 1-ին ընտրություններն անցկացվել են 1996-ի նոյեմբերի 10-ին։
ՀՀ ՏԻՄ-ի համակարգի զարգացման նպատակով համայնքներին է վերապահվել գույքահարկի և հողի հարկի գանձման վարչարարությունը։ Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու, նրանց ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունը նվազեցնելու նպատակով 1998-ին ընդունվել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքը։ ՀՀ-ն 2002-ին միացել է «Տեղական ինքնակառավարման մասին» Եվրոպական խարտիային։ Նույն տարում ընդունվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, 2004-ին՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է համայնքային ծառայության պաշտոնների և դասային աստիճանների դասակարգման, պաշտոնի նշանակման, համայնքային ծառայության կազմակերպման, ղեկավարման և այլ հարաբերություններ։
2005-ի նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխություններով (Սահմանադրության 7-րդ գլուխ) ՏԻՄ-ի լիազորությունների ժամկետը 3-ից դարձել է 4 տարի (հոդված 107), Երևանին տրվել է համայնքի կարգավիճակ (հոդված 108), համայնքի ղեկավարի պաշտոնանկության դեպքում պարտադիր է Սահմանադրական դատարանի եզրակացությունը (հոդված 109), համայնքները կարող են միանալ կամ առանձնանալ միմյանցից, ինչպես նաև միջհամայնքային միավորումներ ստեղծել՝ օրենքով սահմանված կարգով (հոդված 110) և այլն։
ՏԻՄ-ի նստավայրի շենքի վրա տեղադրվում է ՀՀ պետական դրոշը։