Jump to content

Հայացք Փարիզի աստվածամոր տաճարից կամ ճշմարտության ասպետը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԱՑՔ ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԻՑ ԿԱՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏԸ

Վիկտոր Հյուգո... Այսինքն՝ ժողովրդական անկոտրում ոգու վեհություն ու հերոսականություն, այսինքն՝ մարտնչող մարդասիրություն ու ազատության կոչ, ճշմարտության համար անզիջում պայքար... Եվ այսպես, որքան էլ շարունակենք թվարկումները, միեւնույն է, չենք կարող սպառել նրա անվան իմաստը... Չենք կարող, որովհետեւ նրա անունը, վաղուց ի վեր, դարձել է հարուստ ու գեղեցիկ զգացումների, էականորեն խորը բազմիմաստության խորհրդանիշ, այն էլ ոչ միայն նրան ծնող ֆրանսիական ժողովրդի, այլեւ` աշխարհի ամբողջ առաջադեմ մարդկության համար։

Վիկտոր Հյուգոն համաշխարհային իրականության տիտաններից է։ Նա իր ստեղծագործություններում հանդես եկավ առաջին հերթին որպես հասարակ մարդու շահերի պաշտպան։ Մեծ գրողի ստեղծագործությունը ոչ միայն կարեկցել գիտե, այլ նաեւ՝ օգնել, ճանապարհ ցույց տալ, կատարել լուսարարի դեր։ Հյուգոյի յուրաքանչյուր տող շնչում է համառ պայքարի կոչով՝ հանուն ճշմարտության։ Նա արդարության անկրկնելի հավատավոր է, ապագայի լիազոր ու լույսի ասպետ։ Եվ հենց այդ հատկանիշներով էլ արժեքավորվում է նրա գրականությունը։

Հյուգոն ստեղծագործել սկսել է պատանեկան հասակից։ Եվ նրա առաջին իսկ գործերում արդեն երեւում էր ապագա մեծ մտածողն ու հումանիստը։ Նրա ըմբոստ ոգին խոսում էր ճշմարտության ու ապագայի անունից, ծառանում էր ժամանակի բռնակալական ուժերի դեմ։ Նա ընդունում էր ամենը, ինչ վեհ է ու մարդկային։ Եվ պատահական չէ, որ Հյուգոն միանգամից արժանացավ աշխատավոր ժողովրդի ջերմ համակրանքին ու սիրուն, իսկ ավելի ուշ, ինչպես ասում են, արդեն գործածության մեջ մտավ «հյուգոյապաշտ» բառը։ Դա, անշուշտ, վկայում է այն բարձր ժողովրդայնության մասին, որ վայելում է Հյուգոյի ստեղծագործությունը։ Նրա ստեղծած գրական արժեքների հանդեպ պաշտամունքի ուժ առած ժողովրդական սերը տարիների ընթացքում ոչ միայն չի նվազում, այլեւ ավելի ու ավելի է ծավալվում ու հզորանում։

Զարմանալի բեղուն էր հանճարեղ մտածողի գրիչը։

Այսօր, նրա մահվանից մեկ դար հետո, երբ նորից ու նորից փորձում ենք գրական այդ խոշոր երեւույթը, որ Վիկտոր Հյուգո անվամբ է կոչվում, ավելի ընդգծված է երեւում նրա դերն ու նշանակությունն աշխարհի տարբեր ժողովուրդների արվեստների վրա ունեցած ազդեցությամբ։ Նրա ժողովածուները՝ «Աշնանային տերեւներ», «Մթնշաղի անուրջներ», «Մայրամուտի երգեր», «Ներքին ձայներ», «Շողեր ու ստվերներ» քերթողական արվեստի փայլուն հաղթանակներ էին ժամանակի գրական կյանքում, ավելին, դրանք «բանաստեղծական բնագավառում» կատարեցին հեղաշրջում։ Հեղաշրջում՝ ամենալայն իմաստով։ Եվ հիմա ամենայն իրավացիությամբ նշվում է, որ Վիկտոր Հյուգոյի քնարերգությունը ֆրանսիական պոեզիայի ամենաբարձր գագաթն է, որը լուսավորված է հավիտենականության անմարելի լույսով։

Յուրաքնչյուր ճշմարիտ արվեստագետ, լինելով իր ժամանակի տարեգիրը, միաժամանակ հանդիսանում է մայր ժողովրդի լավագույն հատկանիշների, նրա վեհ գծերի ու բնավորության խտացված առանձնահատկությունների, նրա ճակատագրի կրողը։ Այդպիսին էր Վիկտոր Հյուգոն։ Կարծես բնության կողմից սահմանված էր «էն գլխից», որ նա պետք է ականատեսը լիներ գրեթե մեկ հարյուրամյակի՝ 19-րդ դարի, իր ժողովրդի պատմության ամենամեծ ու նշանակալի իրադարձությունների։

Եվ ոչ միայն ականատեսը։ Նա չէր կարող հանդես գալ անտարբեր հայեցողի դերում։ Գրողն, ինչպես ասում են, գործ ունի ամեն բանի հետ աշխարհում՝ եթե դա վերաբերում է իր ժողովրդին, մարդուն ընդհանրապես։ Դեռեւս 1827թ. գրած իր «Կրոմվելի առաջաբանում» Հյուգոն գրական աշխարհին ներկայացավ արվեստաբանական իր դավանանքով, դառնալով «ռոմանտիկ դպրոցի դրոշակակիրը»։ Համաշխարհային իրականության մեջ նորություն բերեցին նրա «Դատաստաններ», «Հայեցութուններ», «Դարերի առասպելը» եւ մյուս պոետական ժողովածուները, որոնք բոլոր ժամանակների համար պահպանում են իրենց թարմությունը։

Հայրենասիրական, ազատասիրական գաղափարների երգիչ է Վիկտոր Հյուգոն։ Իր բնույթով այնպիսին էր նա, որ երբեք չէր կարող հեռու մնալ ժողովրդի քաղաքական կյանքից ու պայքարից։ Եվ ոչինչ չէր կարող ընկճել նրա կամքը, նրա ըմբոստ ոգին։ Նա հայրենի Ֆրանսիայից հեռու, աքսորում գտնվելու տարիներին անգամ, ցած չէր դնում պայքարի զենքը։

Հյուգոն աներեր էր իր սկզբունքներում՝ թե արվեստի մեջ, թե քաղաքական ու հասարակական կյանքում։ Ասենք՝ նրա համար դրանք տարբեր բնագավառներ չեն եղել երբեք, եղել են մի ամբողջություն, մի ճակատ, ուր նա պայքարում էր արդարության հաղթանակի համար, հույսը դրած «մշուշի միջով եկող գալիքի» վրա։ Ու նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն քաղաքական աքսորյալներին իրավունք էր տրվել վերադառնալ հայրենիք (1859թ. էր դա), Հյուգոն դարձյալ մնում էր անդրդվելի. «Ես Ֆրանսիա կվերադառնամ այն ժամանակ, երբ այնտեղ կվերադառնա ազատությունը»։

Համաշխարհային հռչակ ձեռք բերած գրողը մարտնչում էր գրական ամենալայն ճակատներում։ Եթե նրա պատմական «Կրոմվել» գրքի առաջաբանը ռոմանտիզմի տեսությունն էր, որով մեծ հարված էր տրվում ֆրանսիական կլասիցիզմի քարացած օրենքներին, ապա «Էռնամին» ընկալվեց որպես առաջադրվող գեղարվեստական հաղթանակի համար պայքարի լուրջ մարտահրավեր, ինչպես ասում են։ Եվ, մինչեւ կդադարեր դասականների ու ռոմանտիկների միջեւ այդ երկի կապակցությամբ ծավալված աղմուկը, Վիկտոր Հյուգոն ասպարեզ հանեց, մեկը մյուսի ետեւից, գրական իր դավանանքը հավաստող, ազատասիրական գաղափարներով թրծված նոր դրամաներ՝ «Արքան զվարճանում է», «Մարիա Թյուդոր», «Ռուի Բլաս» եւ այլն։

Հյուգոյի ստեղծագործության պրոբլեմատիկան լայն է։ Գրողը շարժում, շոշափում, բարձրացնում է սոցիալական նշանակության հարցեր, առաջադրում լուծումներ։ Նրա հայացքը որքան զննող, թափանցող, նույնքան էլ վերլուծող է։ Գեղարվեստական խոսքի խոշոր վարպետը ամեն մի երեւույթի մեջ փնտրում է ժամանակի ախտերի սոցիալական դրդապատճառները եւ իր պայքարի զենքը ուղղում դրանց։ Այդ առումով եւս ուշագրավ են նրա «Իննսուներեքը», «Մարդը, որ ծիծաղում է», «Ծովի աշխատվորները» եւ այլ մեծակտավ գործեր։

Վիկտոր Հյուգոյի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ, լինի էպիկական, քնարական, թե դրամատիկական, երեւում է մեծ նորարարը, արվեստի ու կյանքի մեջ իր դավանանքն արմատավորող անկրկնելի գեղագետը։ Եվ բացառություն չէր կարող կազմել, անկասկած, նաեւ նրա վիպական առաջին ծավալուն երկը՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը», որը տպագրվել է 1831 թվականին։ Գրական-քննադատությունը ժամանակին սրերով ընդունեց այս ստեղծագործությունը։ Բայց գրողը գրում էր ժողովրդի համար։ Եվ ժողովուրդն էլ այն ջերմորեն ընդունեց։ Ինչո՞ւմն էր գաղտնիքը։ Դիմելով պատմությանն ու պատմականին, Հյուգոն կարողացել էր գտնել այն հարցերի խտացված պատասխանը, որ հետաքրքրում է ժողովրդին։ Դա պատմության խորհուրդն էր, որ հետագայում գրողի նամակներից մեկում պիտի ձեւակերպվեր այսպես. «... այն ազգերը, որոնց հայացքն ուղղված է դեպի ապագան, պետք է ապրեն»։

Հանճարեղ գրողի ստեղծագործության բարձրակետը նրա «Թշվառները» վեպն է, որտեղ ավելի խորը եւ ցայտուն գույներով են ներկայանում մեզ Վիկտոր Հյուգոյի արվեստի առանձնահատկությունները, նրա խոսքի շիկացածությունն ու պատկերավորությունը, նրա մտքի ճառագայթումները եւ սոցիալական հարցերի, խնդիրների, առաջադրվող գաղափարների անընդգրկելիությունը, ոճի ու մտածողության մատչելի ճոխությունը, ինքնատիպությունը։ Ինչպես «Թշվառներում», այնպես էլ մյուս վիպական գործերում Հյուգոն իր քննադատությունն ուղղում է տիրող կարգերի ու բարքերի սոցիալական անհավասարությունների դեմ, ցույց տալով, որ դրանք են մարդկանց թշվառության, ժամանակի բոլոր ախտերի ակունքները։ Հյուգոյի ռոմանտիզմը, անշուշտ, առաջադիմական էր։ Նրա ռոմանտիզմի իշխող տարրը դեմոկրատիզմն էր։

Անչափելի մեծ է աշխարհի ժողովուրդների հետաքրքրությունն ու սերը Վիկտոր Հյուգոյի ստեղծագործության նկատմամբ։ Դա բացատրվում է գրողի գրական անմահ կոթողների բարձր գեղարվեստականությամբ ու այն սիրով ու նվիրվածությամբ, որով գրողը կապված էր հասարակ ու աշխատավոր մարդկանց՝ ինչ ազգության էլ նրանք պատկանելիս լինեն։ «Թշվառների» հայերեն հրատարակության առիթով Վիկտոր Հյուգոն թարգմանիչ Գ. Չիլինկարյանին հասցեագրած իր նամակներից մեկում գրում է. «Ես Ձեր հնամենի լեզուն չգիտեմ, բայց սիրում եմ այն։ Նրա մեջ ես զգում եմ արեւելքը եւ նշմարում դարերը։ Նրա մեջ ես տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի ճառագայթումը։ Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»։

Հիրավի, ժողովուրդների բարեկամության, ազատության ու սիրո, ճշմարտության մեծ երգիչը անվերապահ սիրով էր արտահայտվում բոլոր շինարար ու կառուցող, աշխատավոր ժողովուրդների հանդեպ։ Հենց այդ սիրո արտահայտություններից է նրա «Գլուխներ Սերյլում» նշանավոր բանաստեղծությունը, որտեղ խոսում է հույն ժողովրդի ըմբոստ զավակների ազատատենչ սիրտը։ Ժողովուրդների արդար եղբայրություն, անթաքույց ճշմարտություն էր երազում գրողը։ Արձակի խոշոր վարպետ, ռուս գրող Ալեքսեյ Տոլստոյը, խոսելով իր վրա Հյուգոյի թողած անջնջելի տպավորության մասին, գրել է. «Նրա հումանիստական ռոմանտիզմն անարյուն հաղթանակներ էր տանում ողորմելի իրականության նկատմամբ...»։ Նա ահազանգ էր խփում. «Արթնացեք, մարդը թշվառության մեջ է, անարդարությունը ճնշում է ժողովրդին։ Լավ ու հոյակապ էր դա՝ մարդկությունն արթնացնելը...»։

Անցյալ դարի 50-ական թվականներից սկսած, Վիկտոր Հյուգոն թարգմանվում է հայերեն լեզվով։ Հանճարեղ գրողը նամակագրական կապերի մեջ էր հայ մշակույթի նշանավոր շատ գործիչների հետ։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Գաբրիել Սունդուկյանին հղած նրա նամակը։ Հյուգոյի գործերի բարձրարվեստ թարգմանություններով հանդես են եկել Ե. Չարենցը, Հովհ. Շիրազը, Ա. Գրաշին, Ս. Կապուտիկյանը, Հր. Հովհաննիսյանը եւ ուրիշներ։

Հյուգոն բոլոր ժամանակների մեծագույն երգիչներից է։ Տարիներն ու դարերը չեն կարող փոշի դնել նրա տողերի վրա։ Այդ մասին նա գրել է ժամանակին, մարգարեական գուշակումով.

Կարող եմ ես հիմա ասել տարիներին.
-Անցեք, անցեք անդուլ, դուք ինձ չեք այլայլի.
Անցեք ձեր թառամած ծաղկանց հետ միասին,
Ես իմ հոգուց ունեմ ծաղիկն անքաղելի։
Փարիզից, որ ես լցրի արբեցման ի խնդիր,
Ձեր թեւը չի թափի շիթն իսկ նվազագույն։
Հոգիս ավելի հուր ունի, քան դուք՝ մոխիր,
Սիրտս՝ ավելի սեր, քան դուք՝ մոռացություն։

Հիրավի, Վիկտոր Հյուգոյի վիթխարի հանճարի լույսը անմարելի է դարերում։

1985թ.