Jump to content

Պըլը-Պուղու բանահյուսությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՊԸԼԸ-ՊՈՒՂՈՒ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ*

Հայ ժողովրդական բանահյուսության ընտիր էջերից են բոլոր այն զվարճապատումները, առակները, ավանդությունները, կատակախոսություններն ու զրույցները, որոնք կապված են հանրաճանաչ առակախոս Պըլը-Պուղու անվան հետ։ Սակայն, ցավով պիտի նշել, որ առայսօր բանագիտությունը հիմնավորապես եւ լրջորեն չի անդրադարձել այդ խնդրին, ամբողջական խորությամբ չի ուսումնասիրել ժողովրդական երգիծաբանի բանահյուսության էությունը։ Հաջող փորձեր, իհարկե, արվել են, որոշակի աշախատանք իրականացվել է այդ ուղղությամբ՝ առանձին նվիրյալների կողմից։ Սակայն այդ ասպարեզում խոպանը դեռեւս զգալի մաս է կազմում։ Ներկա աշխատությունը նպատակ ունի բնագիտական հենքերի վրա դիտելու Պըլը-Պուղու ամբողջական գործը, անդրադառնալու նրա բանահյուսության առանձնահատկություններին ու մտածողության բնորոշ կողմերին, ճշգրտելու առակախոսի տեղն ու դերը հայոց բանահյուսական արվեստի մեջ, գիտական-փիլիսոփայական համակարգման ենթարկելու ժամանակի քննությանը դիմացած եւ մեզ հասած բոլոր այն ժողովրդական գանձերը, որոնք իրենց բազմաշերտությամբ ու գաղափարներով շարունակում են հարստացնել մեր գեղարվեստական խոսքը՝ ծառայելով որպես անսպառ աղբյուր։

Մի թռուցիկ հայացք նետենք մեր գրականության անցած ուղուն եւ կտեսնենք, որ ակնառու բոլոր գործերի մեջ (սկսած հեթանոսական շրջանի Գողթան երգերից մինչեւ ժամանակակից ինտելեկտուալ վեպը), առանցքային տեղ ունի ժողովրդական բանահյուսությունը, որին դիմել են մեր գրեթե բոլոր մեծերը՝ Խորենացի, Նարեկացի, Սայաթ-Նովա, Պռոշյան, Աբովյան, Թումանյան, Իսահակյան, Շիրազ, Սեւակ։ Հայ նոր գրականության հիմնադրի «Վերք Հայաստանին» ժողովրդական բառ ու բանի իր հարուստ պաշարներով ուղենշային դեր կատարեց եւ այսօր էլ շարունակում է կատարել մեր գեղարվեստական մտածողության ու գեղագիտության մեջ։ Եվ այդ երեւույթը բնորոշ է ոչ միայն հայ իրականությանը, ընդհանրապես խոսքարվեստի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց ազգային բանահյուսության։ «Անհատական հանճարը չի տվել ոչ մի ընդհանրացում. - իր «Գրականության մասին» գրքում գրում է Մ. Գորկին (Մ. Գորկի, «Գրականության մասին», «Հայպետհրատ», 1953թ., էջ՝ 49),- որի հիմքում ընկած չլիներ ժողովրդական ստեղծագործությունը, ոչ մի համաշխարհային տիպ, որը դրանից առաջ գոյություն ունեցած չլիներ ժողովրդական հեքիաթներում ու լեգենդներում»։ Այս դիտարկման ճշմարտացիության մասին են խոսում համաշխարհային գրականության բոլոր կամ՝ գրեթե բոլոր, մեծարժեք երկերը։ Հետեւապես, ամեն մի ազգային գրականության զարգացման առաջին նախապայմանը եղել եւ մնում է ժողովրդական ստեղծագործության բազմակողմանի ու խորը ուսումնասիրությունը՝ սկսած վաղնջական ժամանակներից։ Մանավանդ՝ երեւույթի նշանակությունը չի սահմանափակվել միայն գեղարվեստական մտածողության ձեւավորման խնդիրներով, այն տարածվում է նաեւ ազգի սոցիալ-տնտեսական, քաղաքական, պատմական զարգացման եւ այլ կարեւոր բնագավառների վրա։ Ահա թե ինչու այսօր էլ այժմեականությունը չի կորցնում Րաֆֆու այնքան ճշգրիտ բանաձեւումը՝ մի լավ գիրքը կարող է մի ամբողջ ազգ փրկել։ Իսկ Հովհ. Թումանյանը անդրադառնալով հայ ժողովրդական բանահյուսության պսակը հանդիսացող «Սասունցի Դավիթ» դյուցազներգությանը, նշել է, որ «Ժողովուրդները ոչ մի բանի մեջ էնքան պարզ ու պայծառ չեն երեւում, ինչքան իրենց ազգային էպոսի մեջ» (Հովհ. Թումանյան, Ընտիր երկեր, «Հսկայի ազատությունը», «Սով. գրող» հրատ., էջ՝ 484, 1978թ., Երեւան)։

Բանահյուսությունը, իհարկե, ստեղծում է ժողովուրդը։ Տարիների, դարերի, հազարամյակների ընթացքում ծնվում, հասունանում են ազգային բնավորություն ու հավաքական կերպար ներկայացնող դեմքեր ու անուններ, որոնք Չարենցի բառերով ասած, իրենց մեջ են առնում այն ամենը՝ լուսավոր ու վեհ, ինչ ունեցել է ժողովուրդը հնում, անցյալում։ Ստեղծվում են լեգենդներ, ավանդություններ, առասպելներ, հեքիաթներ, խաղեր, զրույցներ, մի խոսքով ժողովուրդը բանահյուսում է։ Եվ դրանով է, անշուշտ, որոշվում այս կամ այն ազգի ընդհանուր զարգացման մակարդակը։ «Սասունցի Դավիթն», օրինակ, աշխարհի ժողովուրդների ազգային դյուցազներգությունների մեջ իր ակնառու տեղն ունի, եւ ժամանակի ընթացքում, այն զարգանում, հարստանում է նոր մշակումներով։ Մեր ազգային գրականության զարգացման առանձնահատուկ պայմաններից մեկն էլ այն է, որ հայոց լեզուն հարուստ է տարբեր բարբառներով, որոնցով հյուսված ասքերը, պատումները, զրույցները եւ այլն գետերի պես գալիս, միախառնվում են ժողովրդական բանահյուսության անսահման օվկիանի մեջ՝ հարստացնելով այն ամենաբազմազան գույներով ու երանգներով։ Ահա թե ինչու այժմ, առավել քան երբեւէ, հրատապ է դրվում հայոց աշխարհի բոլոր բարբառներով ստեղծված բանահյուսական հարուստ նյութերի ուսումնասիրությունն ու դրանց հետազոտական աշխատանքները բանագիտական լուրջ հիմքերի վրա դնելու շնորհակալ գործը, որի հիմնադիրներ հանդիսացան հայ իրականության մեջ Գ. Սրվանձտյանը, Ավ. Բահաթրյանը, Մ. Աբեղյանը։

Ժողովրդական ստեղծագործությանն անդրադառնալիս, դժվար չէ նկատել մի առանձնահատուկ մոտեցում, որը խորապես դրված է մեր ազգային մտածողոթյան հիմքում։ Ո՞րն է դա։ Առաջին հերթին՝ այն վերաբերմունքը, որ ցուցաբերում ենք ժողովրդական հերոսների նկատմամբ, նրանց մեջ ընդգծելով արդարացիության ու ճշմարտախոսության ծռությունը, խենթությունը, դրանց մեջ տեսնելով ուժը։ «Սասունցի Դավթի» բոլոր մշակումներում էլ, առանց բացառության, ընդգծված է այդ հատկանիշների առկայությունը։ Խոսքը միայն բանահյուսական մեծակտավ երկերի ու կերպարների մասին չէ։ Հարցը նրանում է կայանում, որ ազգային բոլոր դյուցազներգություններին բնորոշ այդ գիծը ուրույն դրսեւորում է ստացել մեր ժողովրդի աշխահայեցողության ու երեւույթի փիլիսոփայական ընկալումների ընդհանուր համակարգում։ Սեւակի մոտ նույն գաղափարը ներկայանում է այսպես՝ սերմը մինչեւ կարգին չգժվի՝ բերք չի դառնալու։ (Պ. Սեւակ, Երկեր՝ երեք հատորով, հատոր առաջին, «Սով. գրող» հրատ., էջ՝ 421, 1982թ.)։ Նման մտածողությունը ժողովրդական ակունքներից է գալիս, իհարկե, մեր «սասնա ծռությունից»։ Իսկ հին հայոց Արեւելից աշխարհ Արցախում կա այսպիսի մի ասացվածք. «Մատաղ ինիմ պել տղեն, էն ա պենում մեր հղեն» (Մատաղ լինեմ խենթ տղային, նա է մեզ համար ճանապարհ բացում)։ Կա նաեւ այսպիսի խոսք՝ պել (խենթ) տղայից շատ բան սպասիր։ Դիմենք մեր ժողովրդական բառ ու բանի անգերազանցելի գիտակներից մեկին՝ Րաֆֆուն, տեսնենք, թե նա ինչպես է մեկնաբանում «խենթի» իմաստը «Խամսայի մելիքությունները» գրքում՝ խոսելով մեր ազգային-ազատագրական շարժման դեմքերից մեկի մասին. «Նրա իսկական անունը Ավագ վարդապետ էր, բայց ժողովուրդը նրան դալի (գիժ) տիտղոսը տվեց»։ Եվ այդ «գիժ աբեղան», ինչպես գրում է վիպասանը, «Ղարաբաղի հայոց Քոր-օղլին էր. ժողովուրդը գուցե մինչեւ հավիտյան կհիշե այն բոլոր հրաշքները, որ կատարել է նա իր կռիվների մեջ»։ Այնպես որ՝ խենթության, ծռության մեջ ժողովուրդը տեսնում է կյանքի ուժ ու կենսունակություն, աշխարհի անարդարության դեմ ելնելու եւ անպայման հաղթելու պատրաստակամություն։ Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ իր կերտած հերոսներից մեկին՝ Վարդանին, Րաֆֆին ներկայացնում է նույն այդ հատկանիշի ընդգծումով, ստեղծագործությանը տալով «Խենթը» անվանումը։ Խենթության իմաստությունը մեծ խորհուրդ ունի իր մեջ։

Հիրավի, ծռության ընկալումը հայերիս մեջ ունի ազգային-բանահյուսական իր պատկերը, գիտական-փիլիսոփայական հենքը։ Սակայն, ինչպես նշեցինք վերեւում, այդ երեւույթը բնութագրական է նաեւ ուրիշ ժողովուրդների, օրինակ, մեծ իսպանացու հռչակավոր երկի («Դոն-Քիշոտ») շնորհիվ համաշխարհային գրականության մեջ «դոնքիշոտությունը» դարձավ գեղագիտական հաստատուն կատեգորիա։ Այո՛, երեւույթի ընկալումը տարբեր ազգերի մեջ յուրովի բնույթ է կրում, ավելին, նույն ժողովրդի տարբեր բարբառների մեջ այն ունենում է խիստ անհատականացված վերարտադրություններ, ասենք, եզերքային բնավորության, կենցաղի, տնտեսական-քաղաքական ու սոցիալական կյանքի բնորոշ կողմերը էական դեր են խաղում։ Այս առումով եւս բավականին հետաքրքիր շերտեր ունի Ղարաբաղի զվարճաբան Պըլը-Պուղու բանահյուսությունը։ «Պըլը-Պուղին խելոք, սրամիտ ու համարձակ մարդ էր։ Նա առանց հաշվի առնելու դիմացինի ով լինելը, անողոք կերպով քննադատում ու ծաղրի էր ենթարկում նրա պակասությունները, թեկուզ եւ դա Մելիք-Շահնազարը լիներ։ Այդ էր պատճառը, որ ժողովուրդը նրան չափից դուրս սիրելով հանդերձ, «Պել», այսինքն՝ գիժ անունն է տվել», ընթերցում ենք անվանի բանահավաք Սարգիս Իսրայելյանի կազմած ժողովածուի առաջաբանում («Ս. Իսրայելյան, «Ղարաբաղի զվարճախոս Պըլը-Պուղին», «Հայպետ» հրատ., 1956թ., Երեւան, էջ՝ 3»)։

Պըլը-Պուղու բանահյուսությանն անդրադառնալուց առաջ ճշտենք, թե ո՞վ է նա, պատմական, սոցիալ-տնտեսական ու քաղաքական ի՞նչ դարաշրջանի ծնունդ է, ինչո՞վ է նա դարձել ժամանակի իրադարձությունների մարմնավորողն ու ժողովրդի սիրելին։ Ականավոր առակախոսի կյանքի ու գործունեության ուսումնասիրությամբ զբաղվել են դեռեւս 19-րդ դարի սկզբից սկսած, սակայն, այս ասպարեզում չբացված «ծալքերն ու անկյունները» շատ ու շատ են։ Պըլը-Պուղին, ըստ Մակար Բարխուդարյանի (Մ. Բարխուդարյան, «Պըլը-Պուղի», Թիֆլիս, 1883թ., էջ՝ 4) ծնվել է 1731 թվականին Ավետարանոց գյուղում, մահացել է 1810 թվականին ու թաղված է Շոշ եւ Արկաթալի գյուղերի արանքում գտնվող մի քարայրում՝ ըստ իր կտակի։ Քարայր, ուր նա կյանքի վերջին շրջանում ճգնավորվել է։ Պուղու ծննդավայրը Ավետարանոց գյուղն է համարում նաեւ բանագետ Ա. Նազինյանը։ (Հայաստանի սով. հանրագիտարան, հատոր՝ 9, էջ՝ 288, 1983թ.)։ Իր «Կատակում է Պըլը-Պուղին (Հրաչյա Բեգլարյան, «Կատակում է Պըլը-Պուղին», «Սոնա» հրատ., էջ՝ 6, 1998թ.)» գրքի առաջաբանում բանաստեղծ, բանահավաք Հրաչյա Բեգլարյանը, սակայն, Պըլը-Պուղու ծննդավայրը համարում է Շոշը. «Նա ծնվել է 1731 թվականին Վարանդայի Շոշ գյուղում։ Հայտնի է, որ հետագայում նա ապրել է Չանախչի (Ավետարանոց) գյուղում, Մելիք Շահնազարի մոտ»։ Ո՞րն է ճշմարտությունը՝ Պուղու ծննդավայրը Ավետարանո՞ցն է, թե՞ Շոշը։ Կարծում ենք հարցին ճշգրիտ պատասխան կարող են տալ Պուղու պատումները, նրա անվան հետ առնչվող զրույցները, որ մինչեւ հիմա էլ շրջում են ժողովրդի մեջ, բերնեբերան անցնում։ Դրանցից մեկը ժամանակին գրառել է Մ. Բարխուդարյանը։ Պատումը սկսվում է այսպիսի տողով. «Պուղին Շոշ գյուղում հիվանդ էր իր խորին ծերության մեջ» (Մ. Բարխուդարյան, «Պըլը-Պուղի, էջ՝ 168)։ Հարց է առաջանում՝ խոր ծերության օրոք ինչու պիտի Պուղին հիվանդ պառկած լիներ ոչ թե Ավետարանոցում, այլ Շոշում։ Արցախյան ժողովրդական ավանդությունը հուշում է, որ մարդ իր ծերությունը անցկացնում է ծննդավայրում, մանկության օրրանում, ուր նրան բերում է հողի ձգողությունը։ Սա՝ առաջին։ Երկրորդ, վերջերս «Պըլը-Պուղի» հանդեսում տպագրվել է Պուղու մի զրույց, որը կոնկրետ ցույց է տալիս առակախոսի ծննդավայրը։ Ահա այդ փոքրիկ զջարճապատումն ամբողջությամբ. «Մի օր Մելիք Շահնազարը կանչում է Պըլը-Պուղուն եւ հարցնում.

-Պուղի աշխարհի ամենալավ շենը ո՞րն է։

Պուղին նայում է Մելիքի դեմքին եւ հասկանում, որ հարցը տրվել է միայն փառասիրական մղումով, ակնկալիքով, թե Պուղին քաղցր մի պատասխանով կշոյի Մելիքի լսողությունը՝ տալով Մելիքի ծնած շենի անունը։ Բայց Պուղին մնում է Պուղի։

-Մելիքն ապրած կենա,- ասում է առակախոսը,- աշխարհի ամենալավ շենն ամեն մարդու համար էն է, ուր ինքը ծնվել է։

-Պուղի, ավելի կոնկրետ չե՞ս կարող ասել,- խորամանկ ժպտում է Մելիքը։

-Կասեմ, ինչո՞ւ չեմ ասի,- կարճ կապում է Պուղին,- ամենալավ շենը աշխարհիս երեսին, Շոշն է։

-Ինչո՞ւ։

-Որովհետեւ ես ծնվել եմ այնտեղ։

-Իսկ եթե ես էլ ծնվեի Շոշո՞ւմ։

-Այդ դեպքում,- «կողքին չի ընկնում» Պուղին,- նախ քո ծնվելը կլիներ պատահական, երկրորդն էլ մեր շենը կկոչվեր ոչ թե Շոշ, այլ Մըննաշոշ» («Մըննաշոշ», դա Արցախի բարբառով նշանակում է՝ մատի թարախակալած վերք)։ Բացատրություններն արդեն ավելորդ են, ինչպես ասում են։ Այսօր էլ Շոշում մարդիկ առանձնակի հպարտությամբ են հիշում իրենց համագյուղացուն, որի համար անցյալ դարի վերջին կառուցել են մի հուշաքար։

Մելիք-Շահնազարը մեր պատմության այն առավել նողկալի դեմքերից է, որին ժողովուրդը հիշում է «Վարանդայի Մելիք-Շահնազար դավաճանը» (Բ. Ուլուբաբյան, «Ոսկե շղթա», «Սով. գրող» հրատ., 1979թ., էջ՝ 282) որակումով։ «Խամսայի մելիքությունները» գրքի մեջ Րաֆֆին Մելիք-Շահնազարին համարում է «Ղարաբաղի կործանիչը», մարդ, որ «սաստիկ անբարոյական էր», «իր տունը լցրել էր բազմաթիվ հարճերով»։ Գործակցելով խանի հետ եւ նրան Շոշվա բերդի տեր հռչակելով, Մելիք Շահնազարը փաստորեն ոչնչացման վտանգի տակ դրեց ամբողջ արցախահայությանը։ Իր բացատրություն-հղումների մեջ Րաֆֆին ավելորդ չի համարում նշել, որ «Մելիք-Շահնազարը ծնված էր Զոհրա խանումից, որը Նախիջեւանի խանի աղջիկն էր, ազգով թուրք» (էջ՝ 452)։ Իր այդ քայլով Մելիք Շահնազարը, որը մինչ այդ սպանել է եղբորը, նրա ընտանիքն ու ինքնակոչ Վարանդայի մելիք հռչակել իրեն, ավելի խորացրեց իր եւ Ղարաբաղի մյուս մելիքների միջեւ ստեղծված պառակտումը, նպաստավոր պայմաններ ստեղծեց քոչվոր ցեղերի մեկը մեկին հաջորդող ասպատակությունների համար։ Դավաճանը հետագայում, իհարկե, խորապես զղջալով եւ ցանկանալով «սրբագրել» իր հանցավոր քայլերը (մյուս մելիքների հետ ստորագրեց Ռուսաստանից օգնություն խնդրելու նամակի տակ, ձեռնամուխ եղավ Ամարաս վանքի վերանորոգման աշխատանքներին եւ այլն), բայց այդպես էլ դավաճանի խարանը մնաց նրա վրա։ Ահա թե ինչպիսի ժամանակներում է ապրել եւ ստեղծագործել առակախոս Պըլը-Պուղին։ «Սասնա ծռեր» (Ա. Եղիազարյան, «Սասնա ծռեր» էպոսի պոետիկան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1999թ., էջ՝ 19) էպոսի պոետիկան» աշխատության մեջ գրականագետ Ազատ Եղիազարյանը նկատում է, որ «ժողովրդական կյանքում կարեւոր տեղ գրաված իրադարձությունները դարձել են բանահյուսական ստեղծագործության նյութ, եւ պատմիչների գործերում նրանք հայտնվել են ժողովրդի բերանից, ինչքան էլ պատմիչ կրոնավորները հեռու լինեին հասարական ժողովրդից» ։ Շոշեցի իմաստուն, զվարճախոս Պողոսը, որին ժողովուրդը սիրում էր արդարացիության, պարզության, կատակների, անսպառ բարության ու խորը իմացությունների համար, ծառայության է մտնում ժամանակի ծախու բռնավորներից մեկի՝ Մելիք Շահնազարի մոտ։ Եվ ահա բնավորությունների այս արմատական հակասությունն է, որ առիթով թե անառիթ, մշտապես ներկայանում է մեզ Պըլը-Պուղու բոլոր զվարճախոսությունների, առակների ու զրույցների ենթատեքստում, կազմում նրա մտածողության ու պատկերի հիմքը։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ տարբեր ժողովուրդների թագավորների ու «մեծամեծերի» մոտ ավանդույթի ուժ էր ստացել նմանակներ, զվարճախոսներ, նվագածուներ, երգիչներ պահելն արքունիքում։ Այդ ձեւով արքաները փորձում էին ժողովրդի ծոցից ելած տաղանդների աստվածատուր գեղեցկությամբ «ծածկել» իրենց թագավորական մերկությունը։

Այսպես, ըստ «Աստվածաշնչի», դեռեւս վաղնջական ժամանակներում Իսրայելի թագավոր Սավուղը արքունիք է հրավիրել հովիվ Դավթին, որը անզուգական նվագող էր եւ իր տավղի մեղեդիներով մեղմում էր արքայի խելագարության պահերը։ Դրանից բացի, Դավիթը նաեւ պոետական շնորհքի տեր էր, միաժամանակ՝ գիտեր հմուտ կառավարել, քաջ էր ու ժողովրդասեր։ Նա հետագայում իր շնորհների համար արժանացավ համընդհանուր սիրո եւ ընդունելության։ Ահա թե ինչու, երբ Սավուղ արքան սպանվեց ճակատամարտում, «բազում հաղթանակներ տարած» Դավիթը թագադրվեց եւ «ողջ Իսրայելը նրան երկու տարի անց թագավոր ճանաչեց»։ («Աստվածաշնչի հանրագիտարան», Հայաստանի Աստվածաշնչյան ընկերություն)։ Դավթի կերպարին իրենց գործերում դիմել են աշխարհահռչակ տարբեր արվեստագետներ ու մտածողներ՝ նրա մեջ մարմնավորելով Սավուղի հակապատկերը։ Ի դեպ, Դավթին անդրադարձել է նաեւ Գրիգոր Նարեկացին՝ իր «Տաղ վարդավառի» քերթվածքի մեջ. «... ինչպես հրաշալի Դավթի տավիղն աստվածատուր» (Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», «Սովետական գրող» հրատ., 1979թ., էջ՝ 572)։ Իսկ «Մատյանում» Նարեկացին ընդգծել է թագավոր Սավուղի եւ իր հանճարեղ նվագով նրա մոլագարությունները մեղմող Դավթի ներքին հակասությունները՝ Դավթի կերպարանքը կառնեմ ու Սավուղի գործերը կկատարեմ...

Հիշենք, թերեւս, անզուգական Սայաթ-Նովայի խոստովանություններից մեկը, որը նա կատարեց խորը ծերության օրերին, երբ արդեն Հաղպատի վանքում էր՝ կրոնավորի վեղարը ուսերին։ Անդրադառնալով վրաց արքունիքում անցկացրած տարիներին, երգի արքան նշում է. «Ինձ սիրով էին ընդունում ամենքը, ոչ միայն երգելու արվեստի, այլեւ սրախոսություններիս, կատակներիս ու այլ աշխարհային գործերիս, մարդկանց մեջ ինձ լավ պահել գիտենալուս համար»։ (Գ. Լեւոնիձե, «Սայաթ-Նովա», 1931թ., էջ՝ 29)։

Սրախոսելու, կատակելու, զվարճախոսելու եւ առակախոսելու բացառիկ շնորհներն էին, անշուշտ, որ ռամիկ Պողոսի համար եւս ճանապարհ բացեցին դեպի Մելիք Շահնազարի ապարանքը, սակայն նա, ծառայելով Մելիքի մոտ, չծառայեց նրան, այլ շարունակեց մնալ, ինչպես մեծ գուսանն է ասում, «խալխի նոքար», ժողովրդի նվիրյալ։

Պըլը-Պուղու բանահյուսության մասին ամբողջական պատկերացում կազմելու համար պետք է առանձնացնել երեք հիմնական շրջաններ, որոնք առավել նպաստավոր են գտնվել պուղիագիտության զարգացման առումով։ Առաջին շրջանը սկսվում է առակախոսի մահվանից մոտ յոթանասուն տարի հետո, երբ բանահավաք Գ. Շարմազանյանը Թիֆլիսում հրատարակեց «Անեկդոտներ, զվարճալի զրույցներ, համառոտ դեպքեր եւ առակներ մեր ազգային կյանքից առած» գիրքը։ Շերմազանյանը, ըստ աղբյուրագիտական տվյալների, փաստորեն առաջին հեղինակն է, որն ընթերցողին ներկայացավ Պըլը-Պուղու «Երգիծական զրույցներն ու մանրապատումները» (Ա. Ղազիյան, «Հայ ազգագրություն եւ բանահյուսություն», ՀՍՍՀ ԳԱԱ հրատ., Երեւան, 1983թ., էջ՝ 5)։ Այնուհետեւ շնորհակալ գործ է ձեռնարկում անվանի արցախագետ, պատմաբան ու բանահավաք Մակար Բարխուդարյանը, որը Շերմազանյանի գրքի լույս տեսնելուց ուղիղ հինգ տարի անց հրատարակում է Պըլը-Պուղու զվարճախոսությունների ու առակների մի ամբողջական հատորյակ՝ իր մշակումներով։ Գ. Շերմազանյանն ու Մ. Բարխուդարյանը, փաստորեն, Պուղու բանահյուսության ամբողջականացման գործի նախաձեռնողներն հանդիսացան։ Կատարվեցին առաջին եւ հետեւապես, ամենադժվարին քայլերը։ Մանավանդ հսկայական ջանքեր պահանջվեցին Մ. Բարխուդարյանից, որպեսզի նա ոչ միայն կարողանա մոռացությունից փրկել ժողովրդական այն մեծարժեք մտածողներից ու խոսքի վարպետներից մեկին, ներկայացնի ըստ արժանվույն։ Մ. Բարխուդարյանն իր գրքի առաջաբանում իրավացիորեն նկատում է. «Ավա՜ղ, Հայաստանում, ո՞վ գիտե, քանի-քանի այսպիսի զվարճախոսներ, առակախոսներ եւ սրախոսներ եղած են, որոնց խոսածներն, առանց լույս տեսնելու, հօդս ցնդած եւ կորսված են։ Պարզապես կերեւի, որ մեր նախնիք բնավ կարեւորություն տված չեն այս ճյուղին։ Իմ կարծիքով, Պուղու պարզ առակները, զվարճախոսություններն ու սրախոսությունները հայի համար ավելի արժեք ունեն, քան թե Եզոպոսի, Նասրադի, Հոջայի, Դանթեի, Կռիլովի ու Լաֆոնտեիների, որովհետեւ հայկական կյանքից բխած լինելով՝ ավելի հարմար են հայկական սովորության, հայկական բնավորության, հայկական ընտանեկան կենաց, վարուց եւ բարուց։ Այս պատճառով թեեւ ուշ (լավ է անագան, քան ոչ երբեք), սակայն հետամտելով, որչափ կարելի էր ձեռք բերել, ի մի վայր հավաքեցի ծերունիներից Պուղու խոսածները, որք ավանդությամբ մնացած էն հասարակության մեջ զօրս եւ ահա լույս հանելով կնվիրեմ մեր սիրելի Ազգին, հուսալով, որ ամեն ոք կարող է յուր բաժին խրատական օգուտները քաղել սույն գործից»։

Ինչ առանձնահատկություններ ունի Մ. Բարխուդարյանի պատրաստած ժողովածուն։ Ամենագլխավորը՝ ղարաբաղցի առակախոսն առաջին անգամ ներկայանում է համահավաք, ամփոփ ստեղծագործություններով, որը եւ թույլ է տալիս անծանոթ ընթերցողին ամբողջական գաղափար կազմել հեղինակի անհատականության մասին, խորությամբ ընկալել Պըլը-Պուղու երեւույթը։

Մի կարեւոր հանգամանք եւս. Բարխուդարյանը զրույցները ամենայն հավանականությամբ գրի է առել նաեւ ղարաբաղյան այն երկարակյաց ծերունիներից, ովքեր գուցե եւ հանդիպել են Պըլը-Պուղուն, կամ որոնց այդ զրույցները հասել են Պուղու հետ «նստած-վերկացած» իրենց ծնողներից։ Ապա՝ Բարխուդարյանը գրառելով Պուղու զվարճապատումները, առակները, զրույցներն ու ավանդությունները, հնարավորություն է ունեցել միաժամանակ դրանք ներկայացնել որոշակի բացատրություններով, բառարանների ընդգրկումով (մանավանդ՝ բարբառային բառերը երբեմն ամբողջական ընկալումների համար խոչընդոտներ էին ստեղծում), հոլովումներով, որոնք ղարաբաղյան բարբառներում ունեն միանգամայն այլ թեքումներ ու բարդություններ։ Սա, անշուշտ, բանագիտական լուրջ աշխատանք է, որը նշանակում է ոչ միայն անսպառ ջանք, այլ նաեւ լեզվական խորն ու կայուն գիտելիքներ, բարբառների ուսումնասիրման փորձ, բարքերի ու կենցաղի իմացություն, պատմագիտական, փիլիսոփայական հայացք... Բարեբախտաբար, բազմանշանակությունն ու ինտելեկտուալ բարձր կարողությունները թույլ տվեցին ծննդով արցախցի Մ. Բարխուդարյանին՝ իր առաջ դրված խնդիրը պատշաճ մակարդակով կատարել։ Մեծ երախտավորը գրում է (Մ. Բարխուդարյան, «Պըլը-Պուղի», էջ՝ 3), թե ինչ հարցերի առաջնություն տվել, ինչ գաղափարներով է առաջնորդվել աշխատանքի հաջողությունը ապահովելու համար։ Քանի որ «գրականական ասպարեզում առաջին անգամ է, որ մեր սիրելի ընթերցողք կծանոթանան Ղարաբաղի բարբառի» եւ հետեւապես, «բարբառի խորթությունները, բառերի անկանոնությունը, հոլովների զարտուղիություններն, հարթություններն, բայերի կրճատություններն եւ այլն» պիտի հսկայական «դժվարություններ պատճառեն կարդացողին», Մ. Բարխուդարյանը «պարտք համարեց» ստեղծել մի համառոտագույն Քերականություն, «հուսալով, որ մեր ընթերցողք ի նկատի առնելով կարող են օգուտ քաղել սորանից»։

Ոչ միայն պուղիագիտության, այլեւ, ընդհանրապես հայ բանագիտության ասպարեզում Մակար Բարխուդարյանի աշխատանքը նախադեպը չունեցող մի հարուստ երեւույթ է եւ նրա անունը, դա կլիներ արդարացի, պիտի նշվի անպայման մեր բանագիտության հիմնադիրներ Գ. Սրվանձտյանի, Մ. Աբեղյանի եւ, իհարկե, Ավետիք Բահաթրյանի շարքում։ Այս նվիրյալների շնորհիվ է, որ հայ ժողովրդական բանահյուսության բազմաթիվ ոսկե գանձեր փրկվեցին մոռացության ամենակեր փոշուց։ Թվարկած անունների մեջ, ցավոք, ընթերցողին որոշակիորեն դեռեւս անծանոթ դեմք էր՝ մինչեւ վերջին ժամանակներս, Ավետիք Բահաթրյանը՝ մեծ գիտնական, բանաստեղծ, թարգմանիչ, փիլիսոփա, բանահավաք եւ ուսուցիչ։ Եվ միայն Էդվարդ Ջրբաշյանի շնորհիվ է, որ լույս աշխարհ եկավ Ավետիք Բահաթրյանի «Հին հայոց տաղաչափական արվեստը» գիրքը (Ավ. Բահաթրյան, «Հին հայոց տաղաչափական արվեստը», Երեւանի համալս. հրատ., 1984թ.), ուր, ինչպես Սերգեյ Սարինյանն է նշում (Ս. Սարինյան, «Հայ գրականության երկու դարը», երկրորդ հատոր, «Սով. գրող» հրատ., 1989թ., Երեւան, էջ՝ 17), «առաջին անգամ համակողմանի քննության է ենթարկվում հայ գուսանական երկերի տաղաչափությունը, ի հայտ բերելով սրա ինքնատիպ ազգային արտահայտությունն ու առնչություններն արեւելքի տաղաչափական կանոնների հետ»։

Գրականագետ, թարգմանիչ Ավ. Բահաթրյանի գործունեության շրջանակները լայն էին։ Նա միաժամանակ մեծագույն բանահավաք էր ու բանագետ։ Նրա վերոհիշյալ գրքի «Կարեւոր ավանդ ազգային բանաստեղծական արվեստի ուսումնասիրության մեջ առաջաբանում Էդ. Ջրբաշյանը գրում է. (Ավ. Բահաթրյան, «Հին հայոց տաղաչափական արվեստը», էջ՝ 10) «Ավ. Բահաթրյանը 1886թ. Շուշիում լույս է ընծայել մի ժողովածու եւս՝ «Առակագիրք», որի մեջ տեղ են գտել բազմաթիվ արձակ եւ չափածո առակներ, բանաստեղծություններ՝ քաղված գրավոր աղբյուրներից, գրի առնված կամ թարգմանված կազմողի կողմից։ Այդ գրքից իմանում ենք նաեւ, որ արդեն 80-ական թթ. կեսերին Ավ. Բահաթրյանը պատրաստել է տպագրության հանձնել իր թարգմանած մի շարք գրքեր (Շեքսպիրի «Լիր արքան», Հորացիոսի «Քերթողական արվեստը», Հոմերոսի «Իլիականի» մի քանի գլուխներ), կազմած է եղել Ղարաբաղի բարբառի բառարանն ու քերականությունը, գրել է մի շարք ուսումնասիրություններ հեթանոսական շրջանի հայ մշակույթի մասին։ Այդ գործերից տպագրվեց միայն «Հին հայոց տաղաչափական արվեստը», իսկ մյուսները պետք է համարել անդառնալիորեն կորած»։ Հիշատակվում է նաեւ այդ տարիներին Շուշիում աշխատող երիտասարդ լեզվաբան Հրաչյա Աճառյանի եւ Ավետիք Բահաթրյանի գործնական մտերմության եւ համագործակցության մասին՝ Ղարաբաղի գավառական բառարանի ստեղծման աշխատանքում։

Ղարաբաղի բանահյուսության մեջ մեծ ու առանցքային տեղ ունի Պըլը-Պուղու ստեղծագործությունը եւ, անշուշտ, բացառվում է, որ «Առակագրքում», եթե ոչ առյուծի բաժինը, ապա գոնե մի որոշակի մաս հատկացված չլինի Ղարաբաղի մեծ զվարճախոս Պըլը-Պուղու համով-հոտով առակներին, զրույցներին։ Եվ սա պիտի դիտել ոչ թե որպես զուտ ենթադրություն, այլ կոնկրետ փաստից բխող տրամաբանական հետեւություն։ Եվ միանգամայն բնական ու օրինաչափ է Ե. Չարենցի կողմից տրված գնահատականը՝ «Հին հայոց տաղաչափական արվեստը» կարդալուց հետո. «Սա է գիրք հանճարեղ եւ զարմանալի՝ գրված լինելով 90-ական թվականներին մի անհայտ շուշեցի ուսուցչի ձեռքով...»։ (Ավ. Բահաթրյան, «Հին հայոց տաղաչափական արվեստը», էջ՝ 3-4)։ Ապա մեծ բանաստեղծը նշում է, որ «ըստ էության՝ մեր նոր գրականագիտությունը (Աբովյանից մինչեւ օրս) ունի ընդամենը երկու ինքնուրույն, միանգամայն անօրինակ, համարյա հանճարեղ դեմք, կամ անուն։ - Դրանք են՝ Գեւորգ Ախվերդյանը եւ ահավասիկ այս մոռացված գրքի հեղինակ Ավետիք Բահաթրյանը։ - Երրորդը - Մ. Աբեղյանն է...»։ Չարենցը Ախվերդյանին ու Բահաթրյանին համարում է «հայրենի հանճարներ», որոնք «ավելի կռահում ու գտանում են»։ (Ավ. Բահաթրյան, «Հին հայոց տաղաչափական արվեստը», էջ՝ 3-4)։

Ինչպես նկատում ենք, «անհայտ շուշեցու» գործն ու անունը աննկատ չեն մնացել մեծերի աչքից։ Եվ լուրջ ուսումնասիրության ժառանգությունը, այլեւ, դրան զուգահեռ, նրա բանագիտական գործունեությունը։ Բահաթրյանների գերդաստանը բավականին հայտնի է արվեստի եւ գիտության զարգացման ասպարեզներում կատարած հսկայական աշխատանքներով եւ, չի բացառվում, որ Ավ. Բահաթրյանի ժամանակին հրատարակած «Առակագրքից» կարող են օրինակներ գտնվել ազգակիցների արխիվներում։ Այսինքն՝ դրանք «անդառնալիորեն կորած» համարելով, այլեւս որոնումներ չկատարելն այդ ուղղությամբ, կարծում ենք, ճիշտ չէր լինի։

«Բահաթրյանների գրառումները,- գրում է անվանի ազգագրագետ ու բանահավաք Ալվարդ Ղազիյանը, (Ա. Ղազիյան, «Հայ ազգագրություն եւ բանահյուսություն», էջ՝ 2)- ամենահինն են ոչ միայն Արցախում, այլեւ հայ ժողովրդական հեքիաթների մեզ հայտնի ամենավաղ գրառումներն են ընդհանրապես։ Այդ իսկ առումով նրանց արժեքը անգնահատելի է, չնայած բանահյուսական ստեղծագործությունները ներկայացված են գրառման հանգամանքների, ասացողների վերաբերյալ կցկտուր տեղեկություններով։ Բահաթրյանի հավաքածուի հեքիաթների տիպերն ու սյուժեները մեկ-երկու տասնամյակ անց հայտնի դարձան Հայաստանի այլ պատմաազգագրական շրջաններից (Գ. Սրվանձտյանի, Տ. Նավասարդյանի հրատարակումները) եւ շուրջ մեկ հարյուրամյակ անց կրկին գրանցվելով Արցախում, հաստատեցին ազգագրական շրջանի բանահյուսական ավանդների շրջանակներն ու կենսունակությունը»։

Այստեղ կարեւոր ենք համարում ընդգծել մի հանգամանք եւս. քսաներորդ դարի սկզբներին Շուշիում հրատարակվում էին քսանմեկ անուն թերթեր ու հանդեսներ (այդ թվում՝ ազգագրական), որոնցից քսանը՝ հայերեն լեզվով։ Գործում էին ամենուրեք բարձր համբավ վայելող մի շարք ուսումնական հաստատություններ, հրատարակչական տներ, որոնց շուրջն էին համախմբվել հայ ազգի երեւելի դեմքերից շատ-շատերը՝ Աճառյան, Աղայան, Պռոշյան, Մուրացան, Ավ. Բահաթրյան... Ասել է թե՝ հայ մշակութային կենտրոններից մեկը դարձած Շուշիում ստեղծվել էին բոլոր նպաստավոր պայմանները գրականության, արվեստի եւ մշակույթի, ազգագրության, դպրության, գիտության զարգացման համար։ Սակայն սկիզբ առնող հեղափոխական խմորումներն ու խառնակությունները գնալով ստեղծեցին քաոս, իսկ ավելի ուշ վերջնականապես ոչնչացրին դժվարությամբ ստեղծվածը։ Քոչվոր ցեղերի ասպատակությունները Արցախում դարձան ավելի հաճախակի։

Հայ ազգագրության եւ բանահյուսության մեծագույն առաքելությունը, այսպես ասած՝ նախախորհրդային շրջանում, մեր ժողովրդական գանձերի զգալի մասը կորստից փրկելն էր։ Եվ արժանին պիտի հատուցել այդ գործի նվիրյալներին՝ Գ. Շերմազանյան, Մ. Բարխուդարյան, Ե. Լալայան, Տ. Նավասարդյան, Մ. Տեր-Հովհաննիսյան, Կ. Մելիք-Շահնազարյան (Տմբլաչի Խաչան), Խ. Դադյան, Հ. Թավրիզյան, Ս. Իսրայելյան։ Ահա ոչ լրիվ թվարկումն այն անունների, որոնք իրենց գործունեությամբ հող են ստեղծել հայ բանագիտության կայուն հիմքերի համար։

Ժողովրդական ստեղծագործության ու հայ ազգագրության զարգացմանը զուգընթաց, հրապարակ էին գալիս աշխատանքներ, որոնցում առանձնահատուկ ուշադրություն էր նվիրվում Պըլը-Պուղու բանահյուսությանը։ Ասել է թե՝ Պուղու զվարճապատուները վերամշակելու եւ դրանք ժողովրդին վերադարձնելու երկրորդ շրջանն էր թեւակոխել՝ խորհրդային։ Իհարկե, եղան տարիներ, երբ Արցախում հայ արվեստի, մշակույթի ու դպրության ուսումնասիրման հետ առնչվող յուրաքանչյուր ձեռնարկում դիտվում էր առնվազն «ոչ ինտերնացիոնալիստական»։ Ավելին, Ադրբեջանի կառավարությունը հայկական յուրաքանչյուր երեւույթի մեջ փորձում էր տեսնել ազգայնամոլություն։ Այս եւ նման ծայրահեղությունները պատճառ հանդիսացան, որպեսզի մեր դպրատներից, վանքերից շատերն ավերվեն, ոչնչացվեն նրանցում պահվող հոգեւոր շատ գանձեր, ձեռագրեր, մատյաններ։ Ցավոք, ողբերգական այդ արշավին ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում նաեւ «հորթային ոգեւորությամբ» վարակված կոմունիզմի գործի մի շարք հայ ջատագովներ, ինչպես Չարենցը կասեր` «մարքսիզմի չստեր հագած ֆիլիստերներ»։ Նման պայմաններում, բարեբախտաբար, ազգային ոգու իսկական մարտիկներ, նվիրյալներ, որոնք արհամարհելով արգելքներն ու դժվարությունները, շարունակեցին հայ ազգագրության ու ժողովրդական բանահյուսության ասպարեզում իրենց շնորհակալ գործը կատարել։ Խորհրդային երկրի կոշտ ու հակահումանիստական քաղաքականության մեջ եղավ այնպիսի մի շրջան, որը հիմա պատմության մեջ հիշվում է որպես «ձնհալի ժամանակ»։ Հենց այդ տարիներին էլ Հայաստանում եւ Արցախում ստեղծվեցին ժողովրդական բանահյուսության տներ, գիտաուսումնական հիմնարկներ։ Հիմք ընդունելով Պուղու ասպարեզի վրա գտնվող զվարճապատումները, առարկաներն ու զրույցները, Սարգիս Իսրայելյանը, Մարգարիտա Գրիգորյան-Սպանդարյանը, Ալվարդ Ղազիյանը, Գուրգեն Գաբրիելյանը, Հրաչյա Բեգլարյանը, Վարդան Հակոբյանը, Արտաշես Նազինյանը, Ռոբերտ Ղահրամանյանը, Լեւոն Հարությունյանը եւ շատ ուրիշներ հայոց տարբեր բնակավայրերում, հավաքեցին, մշակեցին, ի մի բերեցին նոր գործեր, տպագրեցին թե առանձին գրքերով, թե պարբերականներում։ Հրատարկվեցին Պըլը-Պուղու բազմաթիվ, հաճախ՝ ամբողջովին նորահայտ, պատումներ։ Այդ հրատարակությունների մեջ առանձնանում են Սարգիս Իսրայելյանի «Ղարաբաղի զվարճախոս Պըլը-Պուղի» («Հայպետհրատ», 1956թ., Երեւան), Արտաշես Նազինյանի «Ժողովրդական առակներ ու զրույցներ» («Հայպետհրատ», 1960թ., Երեւան), Միքայել Առաքելյանի եւ Ռոբերտ Ղահրամանյանի «Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից» (Հայաստան հրատ., 1978թ., Երեւան), Ալվարդ Ղազիյանի «Հայ ազգագրություն եւ բանահյուսություն» (Հայկ. ՍՍՀ ԳԱ հրատ., 1983թ., Երեւան), Սերո Խանզադյանի «Պըլը-Պուղի» («Արեւիկ» հրատ., 1988թ., Երեւան) գործերը, որոնցով, ինչ խոսք, նոր աշխուժություն է նշանավորվում ընդհանրապես մեր ժողովրդական ստեղծագործության եւ, մասնավորապես, պուղիագիտության վերելքի առումով։

Հայ մեծ գրող Սերո Խանզադյանն իր մեծարժեք գրքում Պըլը-Պուղու մեջ տեսնում է հայկական Եզոպոսին, այսինքն՝ ղարաբաղցի հռչակավոր առակախոսին իր արժանի հորիզոնականի վրա է դիտում ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային ճանաչում ունեցող երգիծաբանների շարքում։ Ահավասիկ. «...Պըլը-Պուղին մնաց իմ հոգում, իմ էության մեջ, գահ դրեց իմ անձնաշխարհի ամենանվիրական տեղում։ Ես սկսեցի շատ հաճախ վերհիշել Պըլը-Պուղու առակները, զվարճաբանությունները, որ լսել էի գրեթե օրորոցից ու հիմա՝ այս պահին էլ լսում եմ։ Մի քանի անգամ գնացի նրա ծննդավայր Հայոց Ղարաբաղ աշխարհը, համբուրեցի մեր նախնիների այն հողը, որ մեզ, շատ թանկ բաների հետ, պարգեւել է նաեւ հայկական Եզոպոս՝ Պըլը-Պուղի» (Ս. Խանզադյան, «Պըլը-Պուղի» էջ՝ 4)։ «Մխիթար Սպարապետի» հեղինակը, անշուշտ, չի կարող իր ուշադրությունից դուրս թողնել «18-րդ դարի նշանավոր առակախոս Պըլը-Պուղուն» նաեւ այն պատճառով, որ Արկաթալի-Մխիթարաշեն փոքրիկ աշխարհի հետ է առնչվում նաեւ իր վեպի հերոս Մխիթարը, որի անունով էլ կոչվում է գյուղը։

Պըլը-Պուղու բանահյուսական գործերի մշակումներում բոլորովին նոր կողմերից է խնդրին մոտենում պատմավեպի մեծ վարպետը՝ իր գործերում ապահովելով գեղարվեստական խոսքի մի այնպիսի մակարդակ, որը հանրաճանաչ առակախոսին ու զվարճաբանին ավելի է մերձեցնում ժողովրդին, դարձնում ավելի սիրելի ու սրտամոտ։ Ս. Խանզադյանի «Պըլը-Պուղի» ժողովածուի ամենաբնորոշ կողմերից մեկն էլ այն է, որ պատումները գրողը ներկայացնում է այնպիսի ոճով, կառուցվածքային ձեւով ու միջոցներով, որ լրացուցիչ «բացատրությունների» կարիք չի զգացվում, քանի որ այդ ամենը նա ընդգրկում է տեքստի մեջ՝ հայոց ավանդական առակներին հատուկ «առակս զինչ կցուցանե»-ն կիրառելով նորովի։ Այսպես, ահա, դիմենք գրքի հենց առաջին գործին («Պուղու ծնունդը»).

«Լույս աշխարհ գալով, Պուղին ճչացել է.

-Պըն-գըլ... Պըն-գըլ...

Հայրը, որ քարատամ օդայում անհամբեր սպասում էր իր ժառանգի ծնվելուն, լսելով նրա ճիչը, գոչել է.

-Երեխաս պընգըլ ասող է լինելու։ Առաջին խոսքը դա էր՝ պընգըլ-պընգըլ... Ղարաբաղի խոսվածքում «պընգըլը» նշանակում է միտքն ասել առակներով, ձեռ առնելով, ծաղրելով, սրամտելով»։

Խանզադյանը մշակումների մեջ պահպանում է ժամանակի ոճը, տրամադրությունը, կոլորիտը, մտածողությունը... Հանգամանքներ, որ նրա խոսքը դարձնում են առավել համոզիչ ու հավաստի։ Պուղու կերպարն այնքան ամուր է դրոշմված ժողովրդի մեջ (մանավանդ՝ արցախյան հատվածում), որ յուրաքանչյուր բառի, արտահայտության մի փոքրիկ «խախտումն» անգամ կարող է խոսքի ու պատումի խաթարումներ առաջացնել։ Ասել է թե՝ ժողովրդական ստեղծագործության մշակումը ոսկերչական նրբանկատություն ու զգուշություն է պահանջում։ Վիպասանը, պահպանելով պատումի անհրաժեշտ ոճն ու տոնայնությունը, միաժամանակ այն ներկայացնում է գրական հայերենով. սա նույնպես Խանզադյանի մշակումների առանձնահատուկ եւ կարեւոր կողմերից մեկն է, քանի որ բարբառային արգելքի հաղթահարումը մեծապես նպաստում է առակախոսի գործերի առավել մասսայականացմանը հայ ընթերցողների ամենալայն շրջաններում։ Գաղտնի չէ, «բարբառային լեզվի» շրջանակներում մնալն է պատճառը, որ Պըլը-Պուղին մինչեւ այսօր իր արժանավոր տեղը չի գտել ամենաշատ ընթերցողներ ունեցող մեր դասականների կողքին։

Մի առիթով անդրադառնալով Պըլը-Պուղու բանահյուսությանը, ահա թե ինչ է գրել Վահագն Դավթյանը. «Արցախցու առնական տխուր դեմքն այսօր ավելի քան երբեք, կարիք ունի ժպիտի։ Այն ժողովուրդը, որ տառապանքի մեջ անգամ ժպտալ ու ծիծաղել գիտի, կենսունակ է եւ անպարտելի։ Պատահական չէ, որ Արցախը Պըլը-Պուղի է տվել հայ գրականությանը։ Դա արցախցու կենսասեր ոգու, նրա զվարթ խոսքի առհավատչյան է»։

Պըլը-Պուղու բանահյուսության վերաբերյալ էական դիտարկումներ է կատարել Ալվարդ Ղազիյանն իր «Հայ ազգագրություն եւ բանահյուսություն» գրքի «Ներածությունում», ուր բանահյուսության բնագավառում տարիներ շարունակ կատարված աշխատանքները՝ այս կամ այն հեղինակի կողմից, հանգում է ճշմարիտ եզրահանգումների, արժանի գնահատական տալիս ելույթների մեկնություններին, ճշգրտում բանագիտական մի շարք հարցեր՝ հենվելով աղբյուրագիտական հին ու նոր տվյալների, փաստերի ու տեղեկությունների վրա, մտցնում անհրաժեշտ պարզաբանումներ։ Այս առումով խիստ հատկանշական են նաեւ Պըլը-Պուղու բանահյուսական աշխարհի հետ առնչվող նրա մեկնությունները։ Նրա պատրաստած գիրքը պարզապես հայ ժողովրդական ստեղծագործության մի անկրկնելի գանձարան է, որտեղ ղարաբաղցուն հատուկ երգիծանքով ու հումորով, առանձնահատուկ փայլով ներկայացված է Պըլը-Պուղին, եւ թեեւ քանակով համեմատաբար շատ գործեր չեն ընդգրկված շարքի մեջ, բայց եղածներն էլ ընդհանուր պատկերացում են տալիս՝ որպես մտածողի, գեղագետի, երգիծաբանի, նրա կերպարը ամբողջական դարձնում ավելի։

Պըլը-Պուղու բանահյուսությունը գրառելու, մշակելու եւ բանագիտական հիմքի վրա հայ ընթերցողներին ներկայացնելու աշխատանքի երրորդ շրջանը կարելի է համարել արցախյան համազգային շարժման սկիզբը։ Երբ ուշադիր հայացք ենք ձգում մեր պատմության (տվյալ դեպքում՝ 18-րդ դարից ի վեր) անցքերին ու իրադարձություններին, դժվար չէ նկատել, որ Պուղին մոռացության փոշին մշտապես թոթափել ու ժողովրդի մեջ եղել է նրա ազգային-ազատագրական պայքարի ամենավճռական էտապներում, հետեւապես եւ օրինաչափ ու բնական է նրա, այսպես ասած, վերաարթնացումը արցախյան համազգային շարժման սկզբում։ Հայոց արեւելից աշխարհում շուրթից շուրթ է շրջում այսպիսի մի ասույթ՝ հումորը ղարաբաղցու համար գլխավոր զենք է, մորից ծնվում են՝ էդ զենքը ձեռքներին։ Եվ «Հայկական Եզոպոսը» դա հաստատում է իր բարձրարվեստ առակներով, զվարճապատումներով, որոնցով եւ նա կանգնում է աշխարհահռչակ իմաստունների կողքին։ Անցյալ դարի վերջին արդեն թափ էր առել արցախյան համահայկական ազատագրական գոյամարտը, երբ նորից ասպարեզ մտավ Պըլը-Պուղին, այս անգամ Արցախի Գրողների Միության «Պըլը-Պուղի» երգիծական ամսագրի հրատարակումով (հանդեսի հիմնադիր-խմբագիր՝ Վարդան Հակոբյան)։

Հանդեսի անդրանիկ հանձնարարական-խմբագրականում Պուղին իր վերահայտնությունը մեկնաբանեց այսպես. «Իմ Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ ծռություն, իմ իմաստություն, իմ ժողովուրդ... Պուղուն բերողը ժողովրդի սերն է, կարոտը եւ էն նեղությունը, որի մեջ է Արցախը... Պուղին պիտի մեռած լինի, որ ձեր նեղ օրին չհասնի... Պինդ կացեք... Եկել եմ... Պուղին որ եկավ, էլ Արցախին պարտություն չկա» (Նույն տեղում, էջ՝ 7)։ Հիշարժան է այն հանգամանքը, որ «Պըլը-Պուղի» երգիծահանդեսի ծնունդը ողջունել են ինչպես հայ, այնպես էլ ռուս մշակույթի ու արվեստի նշանավոր գործիչներ։ Ռուս մեծ բանաստեղծ Մ. Դուդինը (նույն տեղում, էջ՝ 4), որը հայ ժողովրդի մեծագույն բարեկամների առաջին շարքում է միշտ, ոչ միայն մի քանի անգամ եկել է Արցախ, ճանաչել ու սիրել նրա մարդկանց, այլեւ արցախյան խնդրի արդարացի լուծման պայքարի մարտիկներից մեկն էր։ Արցախում կատարած շրջագայությունների ժամանակ նա հաճախ է լսել ժողովրդի մեջ Պուղու՝ «հայկական Կռիլովի» առակները եւ հիացել։ Դուդինը գրել է. «Ջերմորեն շնորհավորում ենք «Պըլը-Պուղի» հանդեսի ծնունդը։ Այս ծանր օրերին, երբ Արցախի աննկուն ժողովուրդը պայքարում է հանուն իր գոյատեւման եւ ինքնիշխան իրավունքների, համոզված ենք, որ նոր հանդեսը կսերմանի բարություն՝ երգիծանք եւ հումոր։ Պըլը-Պուղին Արցախի խորհրդանիշներից մեկն է, եւ մենք հուսով ենք, որ իր անսպառ հումորով հանդեսը կկարողանա բուժել Արցախ աշխարհի վերքերի գոնե մի մասը։ Բարի ճանապարհ, «Պըլը-Պուղի»։ Իսկ հայոց բեմի վարպետներից մեկը՝ Սոս Սարգսյանը, իր ողջույնի խոսքում, դիմելով ղարաբաղցի առակախոսին, շեշտում է. «Մեր նեղ ժամանակներն են՝ ուժ ենք առնելու քո իմաստությունից, քո կենսախինդ խոսքից»։ (Նույն տեղում՝ էջ 4)։ Սրանք գնահատումներ են, որոնց խորքից հառնում է Պըլը-Պուղու՝ ժողովրդական մեծ երգիծաբանի անխառն կերպարը։ Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը Պըլը-Պուղուն տեսնում է մեր ժամանակի իրադարձությունների ֆոնի վրա. «Համոզված եմ այսօր, ինչպես երբեք, մեզ անհրաժեշտ են այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են սատիրան, հումորը, ղարաբաղյան հեգնանքը եւ, վերջապես, ծիծաղը։ Վերակառուցման թշնամիները... ըստ էության, պատերազմ հայտարարեցին Ղարաբաղի եւ ղարաբաղցիների դեմ, որոնք հենց սկզբից բարձր պարզեցին վերակառուցման դրոշը։ Իսկ եթե պատերազմ է գնում, պատերազմում գործում է հանրահայտ բանաձեւը. «Պատերազմում` ինչպես պատերազմում»։ Կյանքը շարունակվում է, եւ դրա առհավատչյան լեգենդար Պըլը-Պուղու անմահությունն է, որը յուրաքանչյուր հայկական ընտանիքում ցանկալի հյուր պետք է դառնա» (Զ. Բալայան, «Պըլը-Պուղի» ամսագիր, հ. 1, էջ՝ 9, 1991թ., Ստեփանակերտ)։ «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիր, գրող Արամայիս Սահակյանը, դիմելով նշանավոր առակախոսի լեզվին ու ոճին, ստեղծել է գրեթե բանահյուսական արժեք ունեցող մի ուրույն խոսք, որտեղ նա Պըլը-Պուղու կերպարի մեջ տեսնում է ազգային-ազատագրական պայքարի ոգին.

Հանուն արդար մեր Արցախի,
Հանուն արդար մեր ծիծաղի,
Հանուն արդար մեր մայր հողի,
Հանուն արդար պայքարողի...
...Կռվիր, հաղթիր «Պըլը-Պուղի»
...Ձեռքիս՝ բռնած թթի օղի,
Քո կենացաղը, Պըլը-Պուղի։
                                    (նույն տեղում, էջ՝ 8)

Երգիծահանդեսը, որը տարիներ շարունակ ամեն համարում հսկայական տեղ է տալիս երգիծաբանի ստեղծագործություններին՝ նոր ու բարձրորակ մշակումներով, առավել աշխուժություն ու ստեղծագործական ակտիվություն հաղորդեց Պըլը-Պուղու բանահյուսության մշակմանը, ամբողջականացմանը, քարոզչությանը, նրա գործերի պարբերականացված հրատարակությանը։

Բանաստեղծ ու բանահավաք Հրաչյա Բեգլարյանն ավելի վաղ ժամանակներից է ձեռնամուխ եղել Պուղու զրույցների մշակումներին։ Նա ընթերցողի սեղանին է դրել իր տարիների վաստակը՝ ամփոփված մի ոչ փոքր եւ ուշագրավ ժողովածուի մեջ. «Կատակում է Պըլը-Պուղին»։ Ժողովածուի ծանոթագրականում ընթերցում ենք. «Հեղինակն ավելի քան 30 տարվա ընթացքում խնամքով գրի է առել Պըլը-Պուղու զրույցները՝ ստեղծելով բավական քանակությամբ նյութ։ Ներկա ժողովածուն մի փունջ է այդ հավաքածուից, որը, անկասկած, սիրով կընդունվի ընթերցողների կողմից՝ հանձինս իր՝ արցախյան մարդու բնավորությունն ու կենսափիլիսոփայությունը խտացնող հերոսի ու պատկերավոր, հյութեղ, խաղացկուն կատարման»։ Թոթովենցյան հայտնի սկզբունքը՝ «մի վեպ, պատմվածք» չեն կարող փոխարինել «ժամանակի ինչ-ինչ կողմերն» ու ամբողջական պատկերը իրենց մեջ ներառնող անեկդոտներին, բնաբան է դարձել Հր. Բեգլարյանի գրքի համար։

Պըլը-Պուղու բանահյուսական գործերի հիման վրա կատակերգություն է գրել Ս. Բարսեղյանը, որը, անկասկած, հաջողված աշխատանք պիտի համարել, սակայն ճշմարտությունը պահանջում է ասել, որ մինչեւ այսօր Պուղու բանահյուսությանը դիմած հեղինակների մեջ առանձնանում են երկուսը՝ Սերո Խանզադյան, Հրաչյա Բեգլարյան։ Խոսքը զվարճապատումների գեղարվեստական մշակումների որակի մասին է։

  • Հոդվածի համահեղինակ՝ Բելլա Գրիգորյան