Հայերէնի աշխարհաբար քերականութիւն/Նախադասութիւն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բառերի տեսակներն ըստ իմաստի Հայերէնի աշխարհաբար քերականութիւն

Մանուկ Աբեղեան

Հոլովներ
ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Բառերով արտայայտւած ամէն մի ամփոփ միտք կոչւում է նախադա-սութիւն, օրինակ՝ Աշակերտը, գրում է դասը։

ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Նախադասութեան մէջ իւրաքանչիւր բառ մի պաշտօն ունի, մի դեր է կատարում, որով նա դառնում է նախադասութեան մի անդամ. օրինակ՝ Աշակերտը գրեց դասը։ Աշակերտը ցոյց է տալիս թէ գործողութիւն կատարողըն ո՞վ է, գրեց- ցոյց է տալիս թէ աշակերտն ի՞նչ արեց, դասը- ցոյց է տալիս թէ գրածը, կատարածը ի՞նչ բան է։

Ամէն մի պարզ նախադասութիւն ցոյց է տալիս որ մի առարկայ մի բան անում է կամ լինում է. օրինակ՝ աշակերտը սովորում է։ Ծաղիկը ծաղկում է։ Թռչունը երգում է։ Այս նախադասութիւնները ցոյց են տալիս, թէ որ առարկան (աշակերտը, ծաղիկը, թռչունը) ինչ է անում կամ լինում (սովորում է, ծաղկում է, երգում է)։

Առարկաների անունները պատասխանում են ո՞վ կամ ի՞նչ հարցերին։ Ո՞վ հարցը տրւում է անձերի անուններին, իսկ ի՞նչ իրերի անուններին. օրինակ՝ ո՞վ–գիւղացի, ուսուցիչ, վաճառական, հնձւոր։

Ի՞նչ–ծառ, խոտ, փայտ, երկաթ, որոտ։

Նախադասութեան մէջ բառերը զանազան իմաստ են արտայայտում և զանազան դեր են կատարում։ Այդ դէպքում նրանք կոչւում են նախադասութեան անդամներ։ Նախադասութեան անդամները լինում են գլխաւոր և երկրորդական։

  1. Նախադասութեան գլխաւոր անդամներն են՝ բայը, ենթական և ստորոգեալը։
  2. Իսկ միւսները երկրորդական անդամներ են և կոչւում են լրացումներ։

ԲԱՅ

Բայ են կոչւում այն բառերը, որոնք մենակ կարող են խօսք կամ նախա-դասութիւն կազմել, իսկ առանց բայի խօսք չի կարող լինել. օրինակ՝ խօսեց, երգում է, գնաց, երեք բայ են և կազմում են երեք նախադասութիւն։

Ուրեմն բայը նախադասութեան գլխաւոր անդամն է։

ԵՆԹԱԿԱՅ

Ենթակայ կոչւում է նախադասութեան այն անդամը, որ ցոյց է տալիս, թէ գործ կատարողը կամ լինողը ո՞վ կամ ի՞նչ է։

Օրինակ՝ Յասմիկը երգում է։ Արշակը աշակերտ է։ Ծաղիկը բոյս է։ Այս նախադասութիւնների մէջ Յասմիկը, Արշակը և ծաղիկը ենթակայ են, որով-հետև ցոյց են տալիս թէ ո՞վ է երգում, ո՞վ է աշակերտ, ի՞նչն է բոյս։ Ենթական պատասխանում է ո՞վ կամ Ի՞նչ հարցերին։

ՎԱՐԺՈԻԹԻՒՆ. – Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ ենթակայ լինեն հետևեալ բառերը – գարուն, օրեր, արև, ձիւն, առուներ։ Կարդալ դասագրքից մի հատւած և որոշել ենթակաները։

ԵՆԹԱԿԱՅԻ ԵՒ ԲԱՅԻ ՕՐԷՆՔԸ Նախադասութեան ենթական և բայը թւով իրար հայաձայն են գրւում. եզակի ենթակայի հետ եզակի բայ է գրւում, յոգնակի ենթակայի հետ՝ յոգնակի բայ։ Օրինակ՝ Դաշտը կանաչեց։ Դաշտերը կանաչեցին։

Եթէ ենթական երկու և աւելի բառ է, բայը գրւում է յոգնակի, օրինակ՝ Արամը և Հայկը գնում էին Համադան։

  1. Կազմել նախադասութիւններ եզակի ենթակայով և ապա ենթական յոգնակի դարձնել։
  2. Գրել նախադասութիւններ երկու, երեք և աւելի ենթականերով։

Միայն ենթակայ և բայ ունեցող նախադասութիւնը կոչւում է համառօտ նախադասութիւն. օրինակ՝ Աքլորը կանչեց։ Երեխաներն արթնացան։

ՍՏՈՐՈԳԵԱԼ

Ստորոգեալ կոչւում է նախադասութեան այն անդամը, որ ցոյց է տալիս, թէ ենթական ի՞նչ է անում, ինչպէ՞ս է և կամ ի՞նչ է լինում։

Օրինակ՝ Հայկը կարդում է։ Վահանը ջանասէր է։ Հաւը թռչուն է։ Ծառը կանաչում է։

Այս նախադասութիւնների մէջ կարդում է, ջանասէր է, թռչուն և կանա-չում է ստորոգեալ են։

Ստորոգեալը պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչպէս է, ի՞նչ է և նման հարցերին։

ՎԱՐԺՈԻԹԻՒՆ.–Կազմել նախադասութիւններ հետևեալ ստորոգեալ-ներով–երգում են, մետաղ է, կոտրւեց, ծաղկել են, նկարիչ է։

Ստորոգեալը բաղկացած է լինում մէկ կամ մի քանի բառերից։

Եթէ ստորոգեալը բայով է արտայայտւած, կոչւում է պարզ ստորոգեալ. օրինակ՝ հայրիկը գնաց։ եղամը կարդում է։

Այս նախադասութիւնների մէջ գնաց և կարդում է պարզ ստորոգեալներ են, որովհետև արտայայտւած են բայով։

Գոյականով, ածականով կամ այլ բառերով և օժանդակ բայով արտայայտւած լինելու դէպքում ստորոգեալը կոչւում է բաղադրեալ ստորոգեալ։

Օրինակ՝ Լուսիկը աշակերտուհի է։ Այս նախադասութեան մէջ աշակերտուհի է բաղադրեալ ստորոգեալ է, որովհետև բաղկացած է գոյականից և օժանդակ բայից (աշակերտուհի և է)։ Օժանդակ բայ կարող է ունենալ և պարզ ստորոգեալը (Մանուշը կարում է)։

Օժանդակ բայի ձևերն են՝ եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էին։ Յաճախ օժանդակ բայը գրւում է բաղադրեալ ստորոգեալ կազմող բառից կամ նրա լրացումից առաջ։

ՎԱՐԺՈԻԹԻՒՆ.–Ուշադիր կարդալ մի հատւած և ընդգծել ոտորոգեալները։

Երբ մի քանի միանման ստորոգեալներ են լինում, դրանցից սովորաբար մէկն է ունենում օժանդակ բայ։ Այդ նոյն օժանդակ բայը ենթադրւում է նաև միւսների համար. օր.՝ Ուսուցիչը զայրացած խօսում էր, յանդիմանում Սուրէ-նին և նրա ընկերներին։ Այսն նախադասութեան մէջ ստորոգեալներն են՝ խօսում էր և հանդիմանում։ Թէև յանդիմանում բայը չունի օժանդակ բայ, բայց նախորդ ստորոգեալի օժանդակ բայը ենթադրւում է նաև նրա համար (հանդիմանում էր)։

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

Նախադասութեան միտքը աւելի լրացնելու համար, ենթակայից և ստորո-գեալից բացի, գործածւում են նաև այլ անդամնր, որոնք կոչւում են լրացումներ։

Օրինակ՝ Պատշգամբի ծայրում Դաւիթը հանդիպեց քրոջը։

Դաւիթը՝ ենթակայ, հանդիպեց՝ ստորոգեալ, պատշգամբի ծայրում և քրոջը՝ լրացումներ։

Լրացում կարող են լինել մի կամ մի քանի բառեր միասին վերցրած։

Նախորդ օրինակում մի լրացում է քրոջը բառը, մի լրացում են նաև պատշգամբի ծայրում՝ երկու բառերը միասին վերցրած։

Լրացումները լինում են երկու տեսակ՝ ենթակայի լրացում և ստորոգեալի լրացում։

Այն բառերը, որոնք լրացնում են ենթական, կոչւում են ենթակայի լրացումներ։ Օրինակ՝ դասարանի յառաջադէմ աշակերտը կարդում է։ Այս նախադասութեան մէջ աշակերտը բառը ենթակայ է. կարդում է ստորոգեալ է, իսկ դասարանի և յառաջադէմ բառերը ենթակայի լրացումներ են։

«Ծագում է մանուկ արևը գարնան». այս նախադասութեան մէջ ենթական է արևը, ստորոգեալը՝ ծագում է, իսկ մանուկ և գարնան (արևը) ենթակայի լրացումներ են։

Այն բառերը, որոնք լրացնում են ստորոգեալը, կոչւում են ստորոգեալի լրացումներ։

Օրինակ՝ Ուսուցիչը խիստ կերպով և դառնութեամբ յանդիմանեց աշակերտին։ Այս նախադասութեան մէջ ենթական է ուսուցիչը, ստորոգեալը՝ յանդիմանեց, ստորոգեալի լրացումներն են՝ խիստ կերպով, դառնութեամբ, աշակերտին։

Լրացում ունեցող նախադասութիւնը կոչւում է ընդարձակ նախադասութիւն։ Իսկ եթէ նախադասութիւնը լրացումներ չունի, կոչւում է համառօտ նախադասութիւն։

ՎԱՐԺՈԻԹԻՒՆ.–Կարդալ դասագրքից մի հատւած և որոշել համառօտ և ընդարձակ նախադասութիւնները, ստորոգեալներն ու լրացումները։

ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  1. Հարց արտայայտող նախադասութիւնը կոչւում է հարցական նախա-դասութիւն։ Հարցական նախադասութեան մէջ հարց արտայատող բառի վրայ հարցական (՞) նշան է դրւում։
    Օրինակ՝ Ո՞ւր գնացին ծաղիկները. Այսօր քանի՞ դաս էք պարապել
  2. Հրամայական նախադասութիւն.- Հրաման կամ պատւէր ցոյց տւող նախադասութիւն կոչւում է հրամայական նախադասութիւն։ Հրաման ցոյց տւող բառի վրայ շեշտ (՛) է դրւում։
    Օրինակ՝ Դու կա՛ց, հօրեղբա՛յր, դո։ւ դարդ մի անիր։ նա՛ քո օդում դու հանգիս քնիր։
  3. Բացագանչական նախադասութիւն.- Կոչ, ցանկութիւն, պահանջ, բացագանչութիւն արտայայտող նախադասութիւնը կոչւում ՝ բացագանչա-կան նախադասութիւն։ Բացագանչական նախադասութեան մէջ ցանկութիւն արտայայտող բառերի վրայ դրւում է բացագանչական նշան (՜)։
    Օրինակ՝ Երանի՜ ձեզ, որ գնում էք հայրենիք։ Վա՜յ, եկէ՜ք օգնեցէ՜ք։
  4. Պատմողական նախադասութիւն.- Պատմելու ձևով ասւած նախադա-սութիւնը կոչւում է պատմողական նախադասութիւն։
    Օրինակ՝ Ջանասէր մանուկը պատրաստում է դասերը։

Կազմեցէք այս կարգի նախադասութիւններ։

ԱՆՒԱՆ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Գոյական անունները, նայելով թէ նախադասութեան մէջ ինչ պաշտօն ուներն, զանազան փոփոխութեան են ենթարկւում՝ թեքւում են. օրինակ՝ նա մտաւ սենեակ։ Սենեակի դուռը բաց է։ Սենեակից դուրս եկաւ։ Սենեակով անցաւ։ Սենեակում մարդ կայ։

Գոյական անունների իւրաքանչիւր թեքւած ձևը կոչւում է հոլով։

Երբ գոյական անունը թեքում ենք բոլոր ձևերով, նշանակում է գոյական անունը հոլովում ենքն։

Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ պարտէզ բառը թեքւած լինի հինգ ձևով։