— Փա՜ռք Աստուծու, հայի արյուն ալ վոթեցավ,
Եվրոպայի արյան պասքը հագեցավ։
Չուզեր գիտնալ, որ աշխարհքիս մեջ հայ կա,
Հայի մեջ ալ մարդկային սիրտ, հոգի կա, 5
Երբ հոտոտեց հայի արյան գոլորշին,
Միտքը ձըգեց թըքած-մըրած հայ ազգին։
— Փա՜ռք Աստուծու, հայ արյուն ալ վոթեցավ,
Եվրոպայի արյան պասքը հագեցավ։
Արյո՜ւն վոթել... վաղո՞ւց մոռցել են մարդիկ 10
Քըստըմնելի արյան հեղմամբ արհավիրք...
Արյուն վոթել այն չէ, ինչոր դուք գիտեք...
Բազմաչարչար մեռածներուն հարցուցեք.
Հարցուցեք դուք որդեկորույս հայ կընկան,
Ի՞նչ ասել է տեսնել հեղումը արյան... 15
— Փա՞ռք Աստուծու, հայ արյուն ալ վոթեցավ,
Եվրոպայի արյան պասքը հագեցավ։
Տեսե՞լ ես դու հորըդ վըզին պինդ չըվան.
Ու քաշաքաշ տարած մինչ ի կախաղան.
Տեսե՞լ ես դու գիրկը տըղան քու մորը, 20
Անգութ տաճկի սուրը երկուսի փորը.
Դու տեսե՞լ ես կույս քըրոջդ՝ նոր փըթթած,
Տըռփոտ տաճկից կուսութենեն իր զըրկած.
— Փա՜ռք Աստծու, հայ արյուն ալ վոթեցավ,
Եվրոպայի արյան պասքը հագեցավ։ 25
Դու տեսե՞լ ես այն ալևոր երեցին,
Ձեռքը բաժակ՝ նըշան արյան Քրիստոսին...
Տաճիկն եկավ ձեռքը ցոլաց սուր դաշույն,
Բաժակի մեջ սըրսկեցավ թարմ արյուն...
Այս պատմածըս չէ գըրքերեն հընության, 30
Այս ոճիրքը շատ նոր տեսավ Հայաստան։
— Փա՜ռք Աստուծու, հայ արյուն ալ վոթեցավ,
Եվրոպայի արյան պասքը հագեցավ։
Բայց դու, Հայ մարդ, մինչև ե՜րբ պիտ համբերես,
Ազգաց-ազանց առջև մընաս սևերես. 35
Մի՜թե ցայն օր պիտի մընաս անըզգա,
Որ ասեն քեզ. «Ա՛լ աշխարհքըս հայ չըկա»...
Էջմիածի՜ն, դե՛հ, հանե քու ցուցակեն
Վեց հազար հայ՝ այժմ սև հողի տակ են...
— Վերջ է վերջո՝ հայ արյուն ալ վոթեցավ, 40
Եվրոպ, արդյոք արյան պասքըդ հագեցա՞վ։