Հայկական Համառոտ Հանրագիտարան/Հաբանդ (Մեծ Հայք)
← Հ | Աղբյուր՝ Հայկական համառոտ հանրագիտարան |
Հաբանդ (Աղվանք) → |
ՀԱԲԱՆԴ, Ա բ ա ն դ, Խաբանդ, Հանբանդ, Հարբանդ, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։ Հ-ի արմ․ մասը մոտավորապես համապատասխանում է ՀՀ Սյունիքի մարզի մի մասին՝ նախկին Գորիսի շրջանին։ Արլ-ից (Արցախի լեռներով) սահմանակից էր Արցախին, հվ-ից (Բարկուշատ և Ողջի գետերի ջրբաժան լեռներով)՝ Սյունիքի Բաղք, արմ-ից՝ Ծղուկք, հս-ից՝ Աղահեճք գավառներին։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի գրի առած ավանդության՝ Սյունյաց նախարար, տոհմի նահապետ Ձագիկը Հ-ի մի ձորում կառուցել է Ձագեձոր բերդը (կոչվել է նաև Հաբանդա բերդ), որից առաջացել է գավառի երկրորդ՝ Ձագեձոր (ավելի ուշ Զանգեզուր) անունը։
Ըստ Տաթևի վանքի հնագույն հարկացուցակի՝ Հ-ում վերջինիս պատկանել են 59 գյուղ։ Նշանավոր էին Ագարակը (այժմ՝ Հակարի), Բազմածակքը (Մազմազակ), Գորայքը (Գորիս), Գորուն (Ձորաշեն), Թաղթունը, Խնձորեսկը, Խոնածախը (Խնածախ), Խոտը, Հալեն կամ Հալիքը (Հալիձոր), Հուբականխոռը (Ղուբաթլու), Ձագեձորը (Վերիշեն), Շնո հերքը կամ Շնհերը (Շինուհայր), Շոռնոխոն (Շուռնուխ), Վաղատուն (Վաղատուր), Տեղը։ Նշանավոր էր նաև Բղենո բերդն իր անապատով։ Հետագայում Հ-ի արևմտյան մասը (Գորիսի ենթաշրջան) հայտնի էր Զանգեզուր անունով։
Գրկ․ Ս տ ե փ ա ն ո ս Օ ր բ ե լ յ ա ն, Սյունիքի պատմություն, Ե․, 1986։ Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Հակոբյան Թ․, Սյունիքի թագավորությունը, Ե․, 1966։