Հայկական հին ծռություն
Տարիները մարդուն շատ են փոխում։ Բայց Պուղին էն Պուղին է, որ ինքն է աշխարհում փոխում ամեն ինչ, մնալով նույն զվարճախոսը։ Սա պետք է իմանան բոլորը։ Այսինքն՝ այն, որ Պուղին հավերժ շիտակախոս է ու մի քիչ էլ պել... Պելությունն էլ հենց նրա անվան մեջ է մտել։ Դա հին հայկական ծռություն է, շատ է հեռվից գալիս։ Սա ինչի՞ համար հիշեցինք։ Բանը նրանում է, որ մի խումբ (մենք «մի» ենք ասում, դուք «հազար ու մի» հասկացեք) ընթերցողներ դիմել են «Պուղու» խմբագրությանը. «Սիրելի Պուղի, ինչ կլինի մեր գյուղն էլ գաք մի անգամ», «Պուղի ապեր, մեր դպրոցում քո նկարը ամենապատվավոր տեղն ունի, էլի բեղ ես պահո՞ւմ, միրուք ես պահո՞ւմ, թե «բոյեվիկ» կարծվելու վտանգ կա»։ ...Մի խոսքով, մարդիկ ուզում են հանդիպել Պուղու հետ։
-Դրանից էլ լավ բա՞ն,- ժպտում է Պուղին եւ անընդհատ «անիվների վրա» է, ինչպես ասում են, իսկ հին տոմարով՝ չորքոտանու վրա...
-Բայց չէ՞ որ հիմա ռազմական ուղղաթիռներով էլ կարելի է ճամփորդել,- կհարցնեք դուք եւ ճիշտ էլ կանեք։
Իսկապես, դա այդպես է։ Սակայն չմոռանանք, որ բոլոր դեպքերում էլ ժամանակ է հարկավոր։ Մինչեւ Պուղին կհասցնի լինել ամենուրեք, որոշեցինք օգտվել մեր դարի մի ուրիշ նորույթից, որ արդեն մուտք է գործել... Արցախ։ Դուք հասկացաք, խոսքը հեռուստատեսության մասին է, որ ժամանակին հասցրել էր նույնիսկ Պուղուն տեղ տալ իր էկրանի վրա... Կարծում ենք, բոլոր ընթերցողների պահանջը միանգամից կբավարարենք, եթե արցախյան էկրանը տրամադրվի, թեկուզ մի քանի րոպեով, Պուղուն։ Այս կապակցությամբ Պուղու մամուլի գծով քարտուղարը զրույց ունեցավ մեր մեծ զվարճախոսի հետ։ Ահա այդ զրույցի հակիրճ սղագրությունը։
-Պարոն Պուղի, Ժողովուրդը ուզում է (էկրանի վրա իր) Պուղու պատկերը տեսնել։
-Բայց ես չեմ ուզում։
-Ինչո՞ւ...
-Էդ հեռուստացույց կոչվածը իմ սրտովը չէ, մեծ թերություն ունի։
-Ո՞րն է։
-Էն՝ որ էկրանի վրա գույները շատ են, կանաչ խնձորը կարմիր է երեւում, թելը սանրած գողը հրեշտակ է ձեւանում... Էկրանի վրա հարստությանը վերջ չկա, բայց կյանքում... խեղճ ու աղքատի երեսին նայել չի լինում։ Մեկ-մեկ քիչ է մնում սառնարանը միացնենք հեռուստացույցին, որ լցվի։
-Ամեն ինչ էլ կլինի, Պուղի... Էդ քո ասածը մոսկովյան հեռուստատեսությանն է վերաբերում, ոչ թե մեր։ Դեմոկրատիան մուտք է գործում։
-Ասում եմ լավ կլինի մի անգամ էլ խորհրդային երկիրը կառուցենք, հետո էլի քանդենք։
-Ինչո՞ւ։
-Դե, այն ժամանակ ով ինչ պաշտոնի հասել է, որպես կոմունիստ, մինչեւ հիմա էլ «ձիու» վրա է... Պաշտոնը ի՞նչ։ Ով ինչ խանութ, պահեստ, ինչ զենք ու զորք ուներ, կոմկուսի քանդվելուց հետո ինքն է տերը... Կուզի կպահի, կուզի՝ կվառի...
-Չհասկացանք։
-Չհասկանալու բան չկա։ Ասենք, դու մեղրի գործարանի տնօրեն ես, չէ՞, հիմա այդ գործարանը քոնն է, կամ՝ համարյա քոնն է։ Հիմա հասկացա՞ր։
-Համարյան՝ հա... Բայց մեր զրույցը հեռու գնաց։
-Ոչինչ, էլի կբերենք, կմոտեցնենք։ Դու էն ասա, տեղյա՞կ ես, որ ամեն ինչ քանդվում է։
-Այդպես էլ կա։
-Բայց ո՞վ քանդեց։
-Կոմկուսը։
-Ապրի կոմկուսը։ Նրա վրա քանի տոննա էլ կեղտ են դնում, տանում է... Հիմա բոլորն իրենց մեղքերը բարդում են կոմկուսին։
-Ցավոք, այդպես է։ Խոստանում ենք՝ օրական գործի կանցնի մեր կապույտ էկրանը եւ այն ժամանակ քեզ... սպասում ենք էկրանի վրա...
-Շեն կենաք... Միայն մի դիտողություն ունեմ։
-Ասա, Պուղի ապեր, ասա...
-Էնպես կանեք, որ երբ էկրան դուրս գամ, ոչ թե մենակ իմ Արցախի ժողովուրդը ինձ տեսնի, այլ կարողանամ ես էլ իրեն տեսնեմ մի լավ... Թե չէ, ինչի նման կլինի՝ իրենք ինձ տեսնեն, ես իրենց չտեսնեմ...
-Կաշխատենք...
-Դեհ, ուրեմն՝ մինչեւ նոր հանդիպում՝ ուղղաթիռներով, հրթիռներով եւ նման բաներով «հարուստ» մեր արցախյան եթերում։