Jump to content

Պուղին եւ ընթերցողը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«Պըլը-Պուղին» լավ գիտե իր ընթերցողին, ընթերցողն էլ՝ նրան։ Այնպես որ կարիք չկա ասել, թե ինչու, ինչ պատճառներով մի առ ժամանակ նրանց հանդիպումը ուղղակի իմաստով չկայացավ ինչու չտպվեցին «Պուղու» համարները։ Պուղին միշտ էլ ընթերցողների հետ էր նույնիսկ այն ժամանակ, երբ հանդեսը չէր տպագրվում։ Ասենք թե՝ գրադ կայանքից արձակված հրթիռները վնասեցին տպարանի շենքը, բայց Պուղու խոսքը ոնց կարող են կասեցնել... Պուղու խոսքին ոչ մի հրթիռ ու գնդակ դիպչել չի կարող։ Ժամանակները արագ են փոխվում, իրադրությունները՝ նույնպես։ Մեր երկրամասն արդեն հռչակվել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այս ամենը ձեռք է բերվում մեր ժողովրդի խիզախ զավակների արյամբ։ Սուրբ հողը ազատագրվում է քոչվորական մնացուկներից։ Վերջերս էլ ազատագրվեց հայկական հնագույն քաղաք Շուշին։ Այս առթիվ քանի-քանի աչքալուսանքներ ընդունեց Պուղին։

-Աչքդ լույս, Պուղի, Շուշին ազատվեց...

Պուղին դրան սպասում էր հավատով.

-Ես դա գիտեի էն գլխից,- քմծիծաղ է տալիս,- Պուղին մենակ իր մեռնելու օրը չգիտե, էն էլ նրա համար, որ այդպիսի օր չկա ու չի լինելու... Շուշիի բացված ճանապարհով մեր ժողովրդի դեմ ինչքան-ինչքան կորցրածներ են ետ գալու... Արցախում կռիվ է։ Արյուն է։ Պուղին հավատով ու հույսով է նայում վաղվա օրվան, այդպես էլ ուզում է տեսնել իր ընթերցողներին։

-Ժողովուրդ, պինդ կաց,- հաճախ է կրկնում նա,- արդարությունը ապրած կենա, Աստված մեզ հետ է, մեր հող ու ջրի հետ...

Այո, Աստծո քարտուղարն է Պուղին։ Եվ բնական է, որ զենք ու զրահ կապել, կանգնել է այսօր պայքարի առաջին գծում... Ինչ էլ որ լինի՝ մի թիզ հող անգամ չենք զիջի թշնամուն։ Պուղու հայրենիքը ամրոց է անառիկ, անգրավելի է ու աննվաճ։ Ու միշտ կլինի այդպիսին։ Եղիցի...