Հայկական ճարտարապետություն (Թորոս Թորամանյան, հատոր 2)/Մասն առաջին
Նախնադարյան մարդկային համայնքն իր ֆիզիկական բացառիկ առավելություններու շնորհիվ սկսավ քայլ առ քայլ առաջ երթալ, անզգալի կերպով առաջ տարավ իր տնտեսական զարգացումը, համրաբար քակվեցան լեզվի կապերը՝ սուր ճիչերը, բացականչությունները հետզհետե բառերու և խոսքերու փոխվեցան, և այսպես դարե ի դար լեզուն զարգանալով, ճոխանալով հասավ մինչև մեր օրերու ամենակատարյալ նրբություններուն:
Մարդկային ցեղի նախնական ներկայացուցիչները ոչ միայն լեզվով ու բառերով աղքատ էին, այլև թվով ալ շատ քիչ: Անսահման ժամանակը գոյություն տվավ այսօրվան բազմամիլիոն մարդկության։ Քանի բազմացան մարդիկ, այնքան տարածվեցան երկրագունդի զանազան կողմերը և յուրաքանչյուր աշխարհամասի տեղական պայմաններու համեմատ, անոնք ստացան իրարմե տարբեր նկարագիր, բարք, սովորություն և լեզու։
Մարդկային լեզուները դարուս գիտնականներուն ուսումնասիրության այնպիսի անսպառ նյութ մատակարարեցին, որոնք այսօր խորասուզված գրքերու, արձանագրություններու և այլ հիշատակարաններու անհունության մեջ, անդադար կփնտրեն յուրաքանչյուր բառի ծագման պատճառը, ծննդավայրը և գաղթավայրերը:
Թե որչա՞փ հաջողեցան գտնել այսօրվան բազմազան լեզուներ ու նախատիպը, այդ մասին իհարկե դեռ վճռական ոչինչ չկա. ճշմարտութենե շատ ավելի են ենթադրությունները, որովհետև շատ դժվար է մեկեն ի մեկ թափանցել մարդկային ցեղի հեռավոր անցյալի աղջամուղջային խավարի մեջ, երբ ոչ գիտություն կար, ո՛չ գրականություն, ո՛չ քաղաքակրթություն և ո՛չ ալ ապագա սերունդներին որևէ հիշատակություն թողնելու գաղափարը: Ուստի գիտությունը հասավ մինչև այն որոշ սահմանը, ուր մարդիկ գեթ դիպվածական կերպով թողեր էին իրենց գոյության և կյանքի շոշափելի հետքերը: Այդ սահմանը քաղաքակրթության խանձարուրն էր: Այդ շրջանին ապրող մարդկային ցեղի թողած իր գոյության ապացույցներուն վրա, խելքի, իմացականության, դատողության և գործնական կյանքի հազիվ աղոտ նմուշներ միայն կերևային, ուստի բնականորեն պիտի հետևեր, որ ավելի հնագույն ժամանակներու մեջ մարդկային ցեղը կատարյալ վայրենության շրջան մը անցնելեն հետո կամաց կամաց մտավ քաղաքակրթության սահմանին մեջ, և հասավ այսօրվան նախանձելի բարձրության:
Ճիշտ այսպես ալ սկսավ արվեստներու ծագումն ու զարգացումը: Երբ մարդկային ցեղի անասնական բնազդները թուլանալով, խմբովին, ընկերական կյանքով ապրելու տրամադրություն ստեղծվեցավ անոնց մեջ, երբ իրենց նախնական օրրանը, կենսական անհրաժեշտ պիտույքներու համար նեղ զգալով, արգավանդ ու բերրի տեղեր փոխադրվեցան, պետք զգացին նաև ցեղական արյունռուշտ կռիվներն և վայրի գազաններու հարձակումներն ինքզինքնին պաշտպանելու համար ապահով ու անմատչելի բնակարաններու։
Այն ցեղերը, որ իրենց գաղթավայր էին ընտրել մշտադալար լեռնալանջեր և պատսպարվել էին լերանց խորշերու և բնական քարայրներու մեջ, ստիպվեցան ապրել որսորդությունով և անասնապահությամբ, իսկ այն ցեղերը, որոնք իրենց գաղթավայր էին ընտրել ընդարձակ, ջրառատ դաշտավայրեր, անտառոտ տեղեր, պարապեցան արմտիքներ հավաքելով և հողի կամավորապես պարգևած պտուղներով սնանալու, և փոփոխական կլիմայի ազդեցություններեն ու վայրի գազաններու անակնկալ հարձակումներեն ինքզինքնին պաշտպանելու համար եղեգներն ու ծառի ճյուղերե խուղեր հյուսեցին, խրճիթներ շինեցին և անոնց մեջ բնակություն հաստատեցին:
Շատ անգամ դաշտավայր տեղերու մեջ իբրև ապահով ամրոց, գործածեցին փոքր լիճերը, որոնց մեջ ցիցերու վրա շինեցին իրենց բնակարանները՝ ցամաքի հետ շարժական կամուրջներով կապելով: Գիշերները կվերցնեին այդ շարժական կամուրջները, և բոլորովին կղզիացած կանցընեին մինչև առավոտ։
Անոնք, որ հարմարավոր լճակներ չգտան, մեծամեծ ծառերու վրա շինեցին խրճիթներ, ու կբարձրանային շարժական սանդուղներով, և գիշերները սանդուղներն ալ կքաշեին վերև ապահովությամբ գիշերելու համար:
Կիսավայրենի մարդկային ցեղերը անհամեմատ ավելի շատ և շուտ աճեցան, այս արագ աճման հետ նաև բազմացան բնական պետքերը, այլևս բավական չեղան բնության կամավորապես տված պտուղներն ու արմտիքը, կամաց-կամաց ծնավ մշակությամբ ձեռք բերելու գաղափարը և զարթեցավ մշակությունը բեղմնավորելու հանճարը:
Բնակարաններ կառուցելու, հողը մշակելու և ուրիշ առօրյա բազմազան պետքերը արվեստական միջոցներով ձեռք բերելու համար պետք զգացին գործիքներու, ուստի դիմեցին քարերու և փայտերու օգնության՝ քանի դեռ մետաղները ծանոթ չէին:
Կարծր քարերե շինեցին ամեն տեսակ գործիքներ, ուրագ, կացին, դանակ, բրիչ, նույնիսկ խոփեր՝ հողը հերկելու համար։ Մարդկային աշխատանքներու օժանդակության կոչեցին նաև անասունները, նախապես հանելով զանոնք իրենց վայրենի վիճակեն: Կենդանիները ընտելացնելով, ո՛չ միայն օդտվեցան անոնց կաթեն, մսեն ու մորթեն, այլև ուժեն:
Փոփոխական կլիմայի տակ մարդկային ցեղը քաղաքակրթության առաջին քայլեն, սնունդի անհրաժեշտ պետքերուն հետ զուգընթացաբար կարիք զգաց նաև հագնվելու։ Սկզբում պարզ մորթով մը ծածկվելու սովորությունը աստիճանաբար փոխվեցավ չափված, ձևված ու կարված հագուստներու, որոնց համար նաև մարդկային հանճարը չուշացավ բուրդն ու բամբակը արհեստական միջոցներով մանելու և հյուսելու հնարները ստեղծել։
Բարեկեցության և հարստության սերը ստիպեցին մարդուն որոնել այնպիսի աշխարհամասեր, ուր հողը և կլիման ընդունակ լիներ առատ արդյունաբերության: Հողագնդին վրա պակաս չէին այսօրինակ արգավանդ տեղեր, թեև հեռու, այնուամենայնիվ մարդիկ դադար չառին, համայնական կամ ցեղային մեծամեծ խումբերով գաղթեցին ու տարածվեցան երկրագնդի ամեն կողմը, և երբ գտան այնպիսի տեղեր, ուր ջրառատ և բարեխառն կլիմայով օժտված, արվեստական մշակութենե կույս հողը լիովին բավականություն կուտար համայնքին, այնտեղ հիմնավորապես մնացին բաժանելով հողը և սահմանելով վարչական ու տնտեսական կարգեր ու օրենքներ:
Մարդկային ցեղի վայրենութենե դեպի քաղաքակրթություն թևակոխած առաջին շրջանին մեջ իսկ քակվեցավ ճարտարապետական արվեստի խանձարուրը։
Երբ գաղթական խումբերն իրենց հարմար բնակավայրեր գտնելով, հիմնական բնակիչներ դարձան և երբ բավականին ապահովեցին իրենց կյանքն ու ապրուստը, բնականաբար այդ ապահովությունը պիտի ծներ նաև բարեկեցության և վայելչության տենչը, ցուրտեն ու տաքեն մարմինը պաշտպանելու համար ստեղծված նախնական կաշիե հագուստները անհաճո երևեցան հետզհետե զարգացող վայելչասիրական ճաշակին, ակնհաճո կերպով պճնազարդվելու տենչը մղեց մարդկությանը դեպի ճարտարապետություն և դեպի արվեստներու ստեղծագործությու, միայն բուրդը չէր, որ մանելով կտավ գործեցին, այլև բնության ուրիշ արտադրություններն ալ շահագործելով պատրաստեցին բազմատեսակ դիպակներ, կերպասներ և այլն և այլն, որոնք մեր օրերուն բնական պետքն ավելի պճնամոլության անդիմադրելի պահանջներ դարձան։
Մարդկային ճաշակի զարգացման այս բուռն հոսանքեն բնականաբար ազատ չպիտի մնար նաև բնակարաններու բարեձևության և վայելչության գաղափարը։ Ինչպես հագուստի և սնունդի, նույնպես ալ բնակարաններու համար ջանացին բնության արտադրություններեն օգտվիլ, ընդարձակ, լուսավոր, վայելուչ և ժամանակի պահանջներու համապատասխան գործածության հարմար բնակարաններ ունենալու համար։ Տարակույս չկա, որ մեկ կողմեն ալ մարդիկ հետզհետե սկսեցին ճանչնալ բնությունը և անոր մարդկային ցեղի վրա ունեցած ազդեցությունը, թե ի՞նչպես լույսը, օդը, ջուրը բարերար ազդեցության կարող են ունենալ մարդուս ֆիզիկական կազմության վրա, եթե անոնք լինեն մաքուր, առատ և ախորժելի։
Իր մարմինը պճնազարդել սովորող մարդուն հետզհետե անախորժ թվեցավ իր բնակարանի պարզությունը, զուգընթացաբար աճեցավ նաև ակնհաճո և փարթամ տեսարաններով շրջապատվելու մարմաջը, ուզեց իր հագուստի և մարմնական զարդարանքներու համապատասխան ներդաշնակությամբ զարդարված տեսնել բնակարաններու ներսը և դուրսը։
Ապրուստի համար և բնության քմահաճույքներուն դեմ որոշ չափով կռվելու գիտությունը ձեռք բերած մարդկային ցեղին համար կմնար այժմ ակնահաճո ներդաշնակությամբ և մեծափարթամ ու հոյակապ բնակարաններ ունենալու մշտնջենական մրցումը։ Հասարակական ու անհատական շենքերը, ներքուստ ու արտաքուստ շարժական ու անշարժ զարդաքանդակներով պճնելու մեջ մեկզմեկ ու գերազանցելու ձգտումը այնքան առաջ գնաց, որ շատ քիչերուն հաջողեցավ վառ երևակայությամբ, ընդհանուրի աչքին ու ճաշակին հաճելի շինարարական գեղեցկություններ ու մեծագործություններ ստեղծելու թռիչքը ունենալ, որոնց արդյունքը եղան աշխարհի վրա այսօրվան ճարտարապետական հրաշալիքներ համարվող չքնաղ հանճարներու կերտած հավիտենական կոթողները։ Ուստի նախնական խուղերու և խրճիթներու հետ դեմ դիմաց հոգեզմայլ վսեմ ներդաշնակությամբ շենքեր կանգնեցնելու արվեստը գեղարվեստի կարգը դասվելով ճարտարապետություն անունը և ստեղծագործող հազվագյուտ հանճարի տերը ճարտարապետ տիտղոսը ստացավ։
Բայց շատ մը պատճառներով, մարդկային ցեղը քաղաքակրթության մեջ հավասարապես չզարգացավ երկրագնդի ամեն մասերուն վրա, այդ պատճառով ալ մենք այսօր քաղաքակրթության գագաթնակետին հասած ազգերի հետ քով քովի կտեսնենք նախամարդու իսկական ներկայացուցիչ ցեղեր։
Անշուշտ տարօրինակ է, որ բյուրեղյա պալատներ ստեղծելու կարող ցեղին հետ և անոնց անմիջապես քովիկը կգտնվեն նույն ցեղին պատկանող հասարակություններ, որոնք ոչ նվազ կհիշեցնեն ու կպատկերացնեն նախամարդու հոգեկան ու բարոյական իսկական նկարագիրը։ Մենք շատ ունենք այսօր արտաքո կարգի շքեղությամբ փայլող մեծ մայրաքաղաքներու անմիջապես կողքին, ստորերկրյա այրերու և ողորմելի խրճիթներու մեջ ապրող բնակչություն մը։
Այստեղ, տնտեսական պայմաններու անհավասար զարգացումն է պատճառ, որ միևնույն շրջանակի մեջ ծաղկող քաղաքակրթության բարիքները հավասարապես չեն կարող վայելել համորեն բնակչությունը։ Թեև մյուս կողմանե, ճշմարտություն է, որ «ազնվացած» համարված դասակարգի մը մեջ ալ պահված են վայրենի հակումներ ու զորեղ գծեր, որուն պատճառով, առանց իրապես ազնվանալու սեփականությամբ ու առատության մեջ լիովին հղփացած դասակարգը չի քաշվեր զրկելն, հարստահարելն, և անասնական անտարբերությամբ կդիտե թշվառության զոհեր ու աղեկտուր գալարումները։
Իսկապես կրթված ու ճշմարտասեր ազնվացած մարդկային որոշ խմբավորումներ, բնականաբար չէին կարող անտարբեր հանդիսատես լինել այս հակամարդկայինն երևույթներուն և չստեղծել թշվառությունները վերացնելու միջոցներ: Ուստի այդ ճշմարտապես ազնվացած և սրտի ու մտքի կատարյալ դաստիարակությամբ օժտված խմբավորումներու ձեռքով հիմնվեցան քաղաքական, կրթական և բարեգործական հաստատություններ և անխոնջ աշխատանքով մեկ կողմանե կջանան քաղաքակրթութենե ետ մնացող դասակարգի կենցաղը բարելավել և դասակարգային նկարագիրը բարձրացնել, մյուս կողմանե նորահաս սերունդին հոգվույն մեջեն չքացնելով տիրող խավի ստրկացնող դաստիարակության արմատները, ազնիվ դաստիարակությամբ օժտված քաղաքացիներ պատրաստել։
Սակայն նախնական մարդկության դեպի քաղաքակրթություն ունեցած աստիճանական զարգացումը չի կարելի այս երևույթով բացատրել և համեմատել ներկա ժամանակի զարգացման ուղղության հետ։ Մեր ժամանակակից կիսավայրենի ցեղերը կկրթվին ու կազնվանան գործնական օրինակներու առջև և կամա թե ակամա կմղվին առաջ՝ ընդհանուր հոսանքեն ետ չմնալու համար, և կամ քաղաքակիրթ աշխարհը բռնի կխառնե յուր քաղաքակրթության հոսանքին և կտանի դեպի իրական մարդկային կյանք։
Նախամարդը չուներ իր առջև իրական օրինակներ կամ փորձված առաջնորդներ, օրեօր իրեն առջև պարզվող կյանքի և զգացումներու անդիմադրելի պահանջներն էին անոր առաջնորդները, որոնց գոհացում տալու համար, ամբողջ դարաշրջաններու մեջ բազմաթիվ սերունդներ մաշվեցան, մինչև որ բավարար չափով ստեղծվեցավ մարդկային թշվառությունները մեղմելու, կյանքի ու ապրելու միջոցները դյուրացնելու չափ գիտություն և արվեստներ։ Սակայն այդ մաշվող ու տառապող սերունդը մեզմե տասնյակ դարեր առաջ այնպիսի փայլուն քաղաքակրթություն մը ստեղծեց և հետագա սերունդներուն ժառանգություն թողեց, որ մեր այժմյան սերունդը, առհասարակ ընդօրինակողի և կամ հինը մշակողի դերն ունեցավ։ Մեր դարերն ալ ունեն իրենց սեփական ստեղծագործությունները, անոնք ալ նախապես սերունդե սերունդ մշակված ու պատրաստված ուղեղներու շնորհիվ էր որ առանց քաղաքակրթված նախնիքներու սերունդ լինելու, անհնար էր ստեղծագործել վերջին դարերու գիտության ու արվեստների նորությունները։
Բայց թե գիտությանը և արվեստներու ստեղծագործությունից մինչև բավարար աստիճանի մը հասնելը, մարդիկ ի՞նչ պարբերական ազդեցություններե անցան, ի՞նչ հոգեբանական տրամադրություններ զիրենք մղեցին դեպի ստեղծագործություն, աշխարհագրական ի՞նչ դիրքեր, պատմական ի՞նչ հեղաշրջումներ ներգործեցին մարդկային հանճարի վրա, քանի՞ հազարավոր սերունդներ մաշվեցան, և յուրաքանչյուր դարաշրջանի մեջ քանի՞ քայլ մոտեցան մեզ պատմությամբ և հնագույն հիշատակարաններով ծանոթ բարձրագույն զարգացման հեռավոր շրջանին, որ մեզմե հազարավոր տարիներ առաջ փայլեցավ երկրագունդի քանի մը կետերուն վրա։
Ահա այս հարցերն են, որոնք տակավին իրենց մեջ կբովանդակեն մեծամեծ գաղտնիքներ։ Ներկա գիտությունը կձգտի ճշտությամբ գծել այն ուղին, որով մարդկությունը առաջացավ մինչև մեր օրերը։ Պետք է հավատալ սակայն, որ օր մը ապագա սերունդին առջև պարզված պիտի լինին այժմ անլուծելի համարված գաղտնիքները՝ գիտության անխոնջ աշխատավորներու ջանքերով։
Հետզհետե կմտնեն անոնք երկրի անթափանցելի խավարին մեջ, կբանան անհիշատակ ժամանակներու մեջ ապրող քաղաքակրթության գերեզմանները և քարացած լավաներու մեջեն դուրս կբերեն նախնադարի մարդուն թողած հիշատակությունները և ձեռարվեստի նմուշները մինչև հետին դարերը։
Հին հիշատակարանները զիրենք կերտող ժողովուրդի արժանավորությանց իսկական պատկերներն են։ Անոնց յուրաքանչյուր բեկորին վրա ներկա գիտությունը հաջողությամբ կկարդա նույն ժամանակի հասարակական և անհատական արժանավորություններն ու թերությունները։ Հիշատակարաններով կազմվեցան շատ մը ծանոթ ու անծանոթ ազգերու անցյալի ստույգ պատմությունը։
Նույնպես հիշատակարաններով պիտի կազմվի մեր ժողովրդի՝ հայության ալ իսկական պատմությունը։
Դեռաբույս ճարտարապետության հիշատակարանները մեզ դիտել կուտան, իրենց ավելի պարզ արտահայտությամբ, այն անխուսափելի կապերը, որք շինելակերպը կկապեն մարդկության հաջորդաբար փոփոխվող վիճակին հետ և կկազմեն արվեստի պատմության ամփոփում մը, ինչպես նաև ընկերական պատմություն։ Կտեսնենք բնակության հաստատվիլը, կլիմայական փոփոխություններու և կյանքի պահանջներու համեմատ ձևափոխվիլը, տեղական միջոցներով և գործիքներու առաջադիմությամբ շինելակերպերու բարեփոխվիլը, դամբանական և կրոնական ճարտարապետության՝ նախքան պիտոյից արվեստին կանխելը, նմանահանության արվեստին ճարտարապետության նախակարապետ լինելը։ Նմանապես կճանչնանք սովորության այն եզակի ազդեցությունը, որ ձևերը կապրեցնե մշտապես իրենցմե բխող պատճառներով։ Ամեն ժողովրդի մեջ պիտի փոխանցվեր միևնույն հաջորդականությունով, պիտի հնազանդեր միևնույն օրենքին, նախապատմական արվեստին մեջ բովանդակված կերևի ուրիշ բոլոր արվեստներու ծիլը։
Գլխավոր շրշաններ.− Նախնադարյան ժամանակը պարզապես երեքի կբաժանվի, որ կհամապատասխանե նախնական մարդկության երեք տեսակ ապրելակերպին, և հետևաբար երեք ուղղությամբ խիստ որոշ դրոշմված ճաշակ, ուրկե պիտի ծագեր շինելու արվեստը, այսինքն, նախասառցային մեծ երևույթին ժամանակը, սառցային երևույթին համընթաց ժամանակը և սառցային երևույթին հաջորդող ժամանակը։
1. Առաջին շրջանի մեջ մեր երկրին կլիման մեղմ և հավասար է․ մարդը այդ շրջանին չէ փորձած ինքզինքը պաշտպանել ցրտին դեմ, ո՛չ բնակարանով և ո՛չ հագուստով, ընկերական կյանքը նստակյաց չէր, իբրև գործիք միայն գայլախաղ ուներ՝ բախումով և կամ կրակով պայթեցուցած։
2. Եկավ սառցային շրջանը, մարդուն հարկադրեց միանգամայն բնակարան և հագուստ ունենալ, տակավին անծանոթ էր անասնաբուծությունը և հովվական կյանքը, մարդիկ իսկապես որսորդներ և արմտիք հավաքողներ էին, կտեղափոխվեին միշտ ըստ եղանակի, հետևելով իրենց որսին, մանավանդ հյուսիսային եղջերուին, որն իրենց գլխավոր սնունդը կկազմեր։ Բնակարանը անհրաժեշտ դարձավ և նախապես շարժական եղավ։ Աշխատությունը հնարավոր դարձնող գործիքները նախնական ժամանակի նման գայլախազյա էին, բայց արդեն կոթի վրա առնված և ուշագրավ իրենց ձևեր ու այլազանությամբ, գործածության նշանակելի առանձնահատկությամբ, ինչպես տապար, գզիր, քերոց և այլն։ Սկսեցին շինել պարաններ և առաջ եկավ ոստայնանկությունը։
3. Սառցային շրջանը վերջանալու հետ մեկտեղ, որչափ սառույցի սահմանները հեռացան, այնչափ եղջերուները քաշվեցան դեպի հյուսիս, որսորդ ժողովուրդը եղջերուներուն հետևելով, իր տեղն ազատ թողեց նոր արշավողներուն, որոնք տեղում ծանոթացան անասնաբուծության, նույնպես նաև երկրագործության։ Անոնցմով սկսեց անասնապահությունը և երկրագործական կյանքը։ Գայլախազի գործածությունը թեև կը շարունակվեր, բայց ոչ առաջվան նման միայն պայթած վիճակին մեջ, այլ հղկված։ Անոնք կրակը գործածեցին ոչ միայն կերակուրի, այլև կավը կարծրացնելու և ամանեղեններ թրծելու համար։ Անոնց ժամանակը ամենազարմանալի գործունեությամբ ստեղծագործող շրջանն էր։ Այս միևնույն մարդիկ բավական զորեղ մեքենականության մը ստեղծագործողները կթվին վիթխարի քարերու զանգվածներ տեղափոխելու համար, որոնք ճարտարապետության աոաջին հիշատակարանները պիտի լինեին։
Այսպես են ապրելակերպի և գործիքներու հաջորդական փոփոխությունները, անցնինք աշխատության տեսության, որոնցմով գործիքները պատշաճության մտան։
Փայտի գործածությունը .− Փայտի գործածությունը, գայլախազյա տապարով և սղոցով իրագործելու հնարավորության համեմատությամբ, շատ սահմանափակ է, իսկական ատաղձագործության ժամանակը կարելի է ենթադրել առնվազն բրոնզյա գործիքներու ժամանակը։ Եվ նույնպես անոնցմով դժվար էր միացման գործողության համար տաշումներ կատարել, այս տեսակետով է, որ կտեսնինք թե շինողներ իրենց նավակներն ավելի ծառերու բուներ փորելով են շինած, քան թե կտորներով հարմարցուցած։ Երբ հարկ եղած է խրճիթներ շինել, միացումներու փոխարինած են ընդհանրապես կապումները, ավելի կամ նվազ նման այն կապերուն, ինչպես որ կապված էին գործիքները իրենց կոթերուն վրա։ Ամանեղենները, որ գործիքներու օգնության պետք չունեին, պետք է որ ավելի կանուխ լինեին, քան ատաղձադործությունը։ Հողին մեջ տնկել գերաններ, և չվաններով այս գերաններուն կապել գոտեկապեր, առաստաղներ կամ տանիքներ, ահա այս չափով կարելի է ամփոփել նախապատմական ատաղձադործությունը:
Քարագործությունը.− Քարի գործածությունը տակավին դժվար էր, գայլախազով տաշելու ատեն կը փշրվեր։ Բրոնզն իսկ լավ ընդունակ չէր ժայռը տաշելու, որ հաճախ հարվածեն կճաթեր, սակայն հնարավորություն կուտար աշխատանքին։ Քարի ճարտարապետությունը մետաղներու գյուտեն հետո միայն գործադրելի էր, այս է պատճառը յուր ուշ երևան գալուն։
Սկզբնական շրջանին հատկանշական երևույթ մը կներկայացնե հսկայագործությունը, մեծամեծ զանգվածներով կշինեին շենքերը ամեն կողմ եղող զանգվածներեն։ Եվ ինչպես կտեսնինք այդ երևույթը, գործիքներու անկատար վիճակին հետևանքն է։ Մեզ համար շատ դյուրին է քարերը կանոնավոր և մանր զանգվածներու վերածել հեշտին միջոցներով,, նախդարյան ժամանակի մեջ ավելի դյուրին էր անտաշ վիճակի մեջ գործածել մեծ զանգվածները։ Քարահանքի մեջ կճեղքեին և լծակով կտեղափոխեին քարը։ Աշխատության պահանջը հսկայական էր, բայց առանց նյութական օգտակարության այս հիշատակարաններուն շինվելը, իշխանական ահավոր կազմակերպության մը վկայությունն է։ Հսկայագործությունը, որտեղ աշխատության մեծությունը կփոխարինե գործիքին, հետևանք է գործիքներու պակասության և բնորոշ հատկանիշ մի նորածին ընկերականության։
Քարն օգտագործելու մի ուրիշ կերպն ալ զայն խորափորելն էր, խարշեր կամ այրեր կփորեին ապառաժներու ժայոերուն մեջ՝ ապառաժները ջարդելու համար գործիքներ ունենալեն սկսյալ. երբ առաստաղի խավաքարերը վար թափելու վտանգ սպառնար, ապահովելու ամենահարմար միջոցն էր վերամբարձ հատվածը (Profll surhausse): Այս տեղեն է սկիզբն առնում ձվաձև հատվածը, առավել կամ նվազ կանոնավոր, որոնք մեծ թվով կերևին ձեռագործ քարայրերուն մեջ։
Շաղախով շինություն.− Քարը, ինչպես ըսինք, ընգվզող էր գայլախազյա գործիքի դեմ, փայտը անոր անհնազանդ, շաղախը զայն շաղվող ձեռքերին զատ ոչինչ չի պահանջեր, շաղախով կարելի էր ոչ միայն պատեր շինել, այլև այնպիսի կամարներ` որպիսին փայտով շինել չէր կարելի, շաղախը պիտի լիներ մարդուն բնակության համար գործածված աոաջին շինվածանյութը: Ամենահին ժամանակներու մեջ կարելի է գտնել աղյուսը, սակայն անթուրծ գործածված։ Թրծված աղյուսի գործածությունը ծագում առած կթվի ասիական այն երկիրներուն մեջ, ուր ծագում առին նաև կրակով եղած ուրիշ արվեստագործություններ, և ամբողջ պատմական շրջանին մեջ տեղականացած է Ասիո մեջ Եփրատի արևելյան կողմը։ Տրովադայի աոաջին գիտնական արշավախումբերը պարզ շաղախով շինված պատերը շփոթեցին թրծած կավի հետ, որոնք հրդեհով եփած էին։ Նմանապես անթուրծ կավով էին շինված Սանթորենի այն տուները, որոնք մեզ հասան, ինչպես Պոմպեի մնացորդները հրաբուխի մը մոխիրներուն պաշտպանողական խավին ներքև ծածկված։ Այս տներեն մանրամասնություն մը հիշատակության արժանի է անոնց կավեղեն պատերը՝ ավելի կամ նվազ կանոնավորությամբ՝ փուտ քարե շինված խարսխի մը վրա հանգչած էին, որոնց միջոցները (քարերու կարերը) կավե շաղախով լեցված էին. մենք այնտեղ կը գտնինք ծանոթ շինելակերպի մը առաջին օրինակը, որ հետո պիտի դառնար որմնաշինության արվեստի տիրապետող կերպը։
Զարդաքանդակ.— Ձևակերպյալ արվեստի (art figure) արաջդիմության և անկման շրջանները ոչ մի կերպ չեն համապատասխաներ շինողական ձեռարվեստի շրջաններուն (industrie constructive}:
Սառցային շրջանին մեջ, երբ հազիվ կարող էին շենքեր շինել, պարապո ժամերուն կզբաղվեին իրենց զենքերուն վրա կենդանիներու պատկերներ ընդօրինակելով, և տարօրինակ վտարումով՝ երբեք օրինակ չէին վերցներ բուսական ձևերեն։
Մետաղներին ծանոթ ցեղերը կարճ կտրեցին այս թռիչքը, անոնցմով նմանողական արվեստը հանկարծի կերպով անհետացավ։ Հղկյալ քարի, հսկայագործության և մետաղներու շրջանի մարդիկ, միանգամայն օտարացան նմանողական արվեստեն։ Մետաղների երևումեն ի վեր ջնջվեցավ վերացական գեղեցիկի գաղափարը։ Արվեստը փոխարինեց արհեստին, աշխատանքի կատարելությունը բռնեց զարդարանքի տեղը։ Նախկին շրջանին մեջ զենքերու վրա կփորագրեին, այնուհետև կհղկեին երեսները հղկիչ գործիքներով, և ուշադրության արժանի հարատևության զարմանալի երևույթով մը, մենք կտեսնինք առաջին բրոնզյա գործիքները, ավանդական գայլախազյա գործիքներուն ճիշտ ընդօրինակ ութ յամբ շինված։ Այսպես կգտնինք նաև հունական ճարտարապետությունը, որուն մեջ կը տեսնվի նախնական ավանդական փայտյա շինությանց ձևերը։
Այն օրեն սկսյալ, երբ մետաղները երևան եկան, և ձեռարվեստը սկսավ, զարդաքանդակը միանգամայն պայմանականի վերածվեցավ՝ հղացման ծայրահեղ աղքատությամբ, ինչպես Գավրինիսի դոլմենի ծածկասալերի վրայի ալիքաձև գծերը։
Ժայռերը կոփելու դժվարությունը երկար ժամանակ արգելք եղավ ճարտարապետության զարգացման, Գավրինիսի մեջ զարդաքարերու վրա շինված խաչանշանները շատ վատ են, գայլախազյա կամ բրոնզյա գործիքներով փորագրել կարող էին, բայց ոչ երբեք հղկել, և երբ զանգվածը խիստ կարծր էր, գործավորը կհրաժարեր զայն զարդարելե, թողնելով զայն անտաշ վիճակի մեջ: Գավրինիսի մնացյալ զարդաքանդակները ոչ այլ ինչ են, եթե ոչ անբավարար միջոցներով եղած ճիգ մը։
Այս պարզ փորձերուն հաջորդեցին հյուսիսային Եվրոպայի մեջ rune-ները (սքանդինավյան հին գրերի), որոնք տակավին նշանագրեր են, արտահայտիչ գծերով փորագրված նավային տեսարաններ, և շրջանակաձև քանդակներ Սքանինավյան ժայռերու վրա։
Դոլմեններու ծանրատեսիլ ճարտարապետության հետ զուգընթացաբար, մի հեռավոր երկրի մեջ պետք էր որ գոյություն ունենար մի ճարտարապետություն, որուն մեջ կենդանի բնության արտահայտությունները իրենց դերը խաղային, որոնք օր մը թերևս արվեստի ծագման պատմության մեջ իրենց տեղը պիտի ունենային։
Հիշատակարաններ.− Շենքերը, մարդկային ցեղի ապրելակերպի և բարոյական վիճակի որպես վկա, յուրաքանչյուրը իր դարաշրջանին համեմատ կդասավորվին։
Ինչպես ըսինք, նախասառցային շրջանը չէր պահանջեր վրանաբնակ կյանք կամ շինված ապաստարան։ Նախասառցային երկիրներու մեջ միակ հայտնի հետքերը մնացած են, սովորաբար դարևանդ հողի վրա վերեն վար վառարաններ, որոնց մեջ կուտակված են ածուխ, մոխիր և վայրենի կենդանիներու ոսկորներ, որոնք մեր աոաջին նախնիքներու սնունդը կկազմեին։
Սառցային շրջանի մեջ երբ ապաստարանի պետքը անհրաժեշտ դարձավ, տակավին բացառապես որսորդ մարդկությունն իր գաղթավայրներուն մեջ ապաստարան գտավ դուրս ցցված քարաժայռերու ներքև կամ ավելի բնական քարայրերու մուտքերուն մեջ։ Բարձրաբերձ ժայռերու կողերուն վրա ձեռագործ քարայրեր գտնելու համար, պետք էր հասնել մինչև այժմյան մետաղներու շրջանը, երբ հնարավոր էր հզորապես փշրել ժայռերը։ Շինված շենքեր և հսկայագործություններ նախնադարյան շրջանի վերջին արվեստը պիտի լինեին։
Բնակարան և պաշտպանություն․− Մետաղյա առաջին գործիքներու ժամանակի քարայրը մի նեղ նրբանցքի ձև ունի, ընդարձակ քարայրե մը ավելի հաստատուն և պաշտպանվելու ավելի հարմար։ Վարսացիցերու վրա շինված խուղերը, լճային բնակարանները, որոնք հաճախ կպատահին Ալպյաններու մեջ, այսօրվան Եվրոպայի մեջ բնակող ժողովրդների համար գրեթե անբնակելի են․ պետք է ընդունել, որ այդտեղ բնակեր է ճահիճների ազդեցությանը տոկալու ընդունակ մի ցեղ, որպիսիք են այժմյան սևամորթները։
Տիրերը խիստ սրածայր են և հատուկ գործիքով տաշված։ Բնակարաններու ձևի մանրամասնությունը անհայտ է ըստ երևույթին, ինչպես դաշտավայրերու վրա եղող բնակարանները խիստ նման էին այժմյան հարդախուղերուն, կամ ավելի ճիշտը ցցապատ պատերով շինված գմբեթաձև, կամ հակառակ կողմի դարձված զիստի ձևով տանիքավոր խրճիթներու, որպիսին մեզ կնկարագրե Ստրաբոն բելգիացիներու բնակարանները:
Այս ջրերե և հեղեղներե պաշտպանված բնակարաններուն, անշուշտ պետք է ավելացնել նաև կախյալ բնակարանները, որոնց ավանդությունը պահված է, լեհերի լճային բնակարաններով։ Զուգահեռաբար Անջրպետի մեջ առանձնացմանը, այստեղ կփոխարինե ջուրը, սա ավելի տեղական պատշաճության հետևանք էր, քան դարաշրջանի։ Մարդիկ պարագաներուն հետևել, իրենց դեմ գտնված պահանջին լուծում տվեր են հանդարտ ջրերու մեջ ցցապատնեշներով բնակարաններ, անտառների մեջ կախյալ բնակարաններ, կակուղ քարաժայռերու երկարության վրա քարայրեր շինելով, մինչև վերջապես հասնելը այն կանոնավոր բնակարաններուն, որպիսիք են Սանթորենի և Տրովադայի բնակարանները, որոնց կավաշաղախ պատերով և հողահարդար տանիքներով ձևերը շարունակված են ասիական տուներու մեջ։
Դամբանական և կրոնական շենքեր, հուշարձաններ.— Նախասառցային շրջանը գերեզմանական հետք բնավ չէ թողած. մեռյալները կթողնեին նույնիսկ իրենց ապրած բնակարանի մոտ։ Մեռելներու պաշտամունքը երկրագործության և մետաղներին ծանոթ ցեղերի մեջ առաջ եկավ և առաջին անգամ այդ ցեղերի օրոք մեռելային պաշտամունքին նվիրվեցան շինողական արվեստի ջանքերը։
Գերեզմանական հիշատակարաններու ամենապարզ ձևը հողադամբարանն է. կոնաձև-հողալից արվեստական բլուր մը։ Կան գայլախազյա խառնուրդով հողադամբաններ անջրաթափանց շաղախով ծեփված և քարով պատված, երբեմն կրոմլեխ մը կզարդարե հողային ծիրը կազմող կողերը:
Սովորաբար հողադամբան մը կշրջապատե կամ կպատսպարե դամբանական սենյակ մը կամ դոլմեն մը։
Դոլմենը, որ ընդհանուր առմամբ շինծու մի քարայր է, կբաղկանա մեծ սալաքար առաստաղ մը կրող երկու հանդիպակաց կանգուն քարե զանգվածներե, մի տափակ քար դրված կանգնած երկու քարերու վրա։ Ահավասիկ մարդոց իրագործած առաջին հուշարձանի շինության առաջին ձևը։
Դոլմեններու շրջանին կպատկանին կոթողի ձևով կանգնված անտաշ քարերը, որոնք կկոչվին մենհիրներ-մենաքարեր։ Հաճախ քարի զանգվածը վերի կողմեն փոխանակ բարակելու, կթանձրանա առաջակարկառ մակերևույթի մը երևույթով։ Երբեմն այս քարերը կղզիացած են, երբեմն հավաքաբար ծառուղիի մը կամ պսակի ձևով շարված, որոնց թիվը հարյուրներու կհասնի (Բրիտանական, Գարնակ, Գալլիո երկրները)։
Այս քարերու շարքերուն մեջ նկատված են նվիրական շրջանակներ՝ առ ի չգոյն գրության կամ նշաններ որևէ մեծ անցքի մը հիշատակը հավերժացնելու համար։ Այս գայլախազի նման ճեղքված քարերը նախնական զենքերու վրա եղող հսկայից օրագրերուն նման են։ Տեոթրոնոս մեզ ցույց կուտա բրիտանական հսկայագործություններու նման, անտաշ քարեր կանգնեցնող եբրայեցիներ ի հիշատակ հաղթության։ Կմնա գտնել, թե, սույն հուշարձանական հատկանիշը պետք էր որ տարածվեր խորհրդավոր հիշատակարաններու ամբողջ ընտանիքին վրա։
Ուրիշ կարծիքներ ունեցողներ կան հողադամբաններու նպատակի մասին. ոմանց արևելագրության եղանակը պահ մը մտածել տվավ թե աստեղագիտական խորհրդանշաններ լինեն անոնք։
Համենայն դեպս նկատված են հաճախ, որ մեկ հողադամբանեն տեսարանը կը տարածվի ուրիշ շատերու վրա, որով առաջ եկավ այն ենթադրությունը, թե նշանական բլուրներ եղած լինին։
Բացօթյա դոլմենն երբ երբեմն զոհի սեղաններ կարծվեցան, բայց ի՞նչ հաստատություն կա, որ ժամանակով զանոնք ծածկող հողը անհետացած չէ։
Բոլոր այս ենթադրությանց մեջ կարող է ճշմարտության մասեր գտնվին և բոլորովին չի կարելի մերժել հիշատակարանի գաղափարով մը, որուն նպատակն էր հիշատակ մը հավերժացնել։
Բայց ինչ որ դժվար է բացատրել, այն ալ անոնց տեղերու գեղագիտական ընտրությունն է, հողադամբաններու մեծ մասը տեսանելի կերպով կբարձրանան բլուրներու գագաթներու վրա, ուրկից կպարզվի ընդարձակ հորիզոնը։
Այս նախնական հիշատակարաններուն հեղինակները ոչ նվազ ծանոթ էին բնությունը իրենց գործին հետ ընկերակցելու արվեստին։
Տարածում և վերապրում նախնադարյան արվեստին.— Կանգնած քարերը, դոլմենները, այս միանգամայն ահեղ և դժնատեսիլ հիշատակարանները խիստ տարբեր ժամանակներու մեջ շինված են։ Մի երկիր պատշաճապես զարգացած ճարտարապետություն ունեցած պահուն, մի ուրիշ երկիր տակավին փորձնական վիճակի մեջ էր, նման մարդկային այն խումբերուն, որոնց մեջ միևնույն ժամանակ անհատներ կբարձրանան զարգացման տարբեր աստիճաններով։
Գալլիո երկրի մենաքարերուն նմանող բրիտանական մենաքարերը կպատկանին այնպիսի թվականի մը, որում Մանշի մեկ եզերքեն մյուսը մշտապես հարաբերության մեջ դնելու չափ նավագնացությունը բավական զարգացած էր։ Անոնք իրենց տրամադրության ներքև նավային մեքենականություն ունեցող ծովային ժողովրդի գործեր են և հավանական է, որ քրիստոնեութենեն քիչ դարեր այն կողմը կանցնեն։
Ամենահին դոլմեններն իրենց մեջ պարփակող գայլախազյա զենքերեն և գործիքներեն դատելով, կը պատկանին հղկած քարի աոաջին շրջանին, ավելի հետնագույնները ժամանակակից են պատմական քաղաքակրթության։ Ամբողջ միջին դարուն, Սքանդինավիայի մեջ դոլմեններ կկանգնվեին։ Ժերմեններն իրենց հռոմեական կայսրության վերջ դնող արշավանքի ժամանակ, տակավին գայլախազյա զենքեր կգործածեին։ Ցցապատնեշի ավանդությունը Օվկիանիայի մեջ տակավին կշարունակե մինչև մեր օրերը, ուրեմն, շինվածակերպի նմանութենեն հետևցնելով, որևէ շրջանի հասարակության վերագրելու մասին պետք է զգուշ լինել։ Նույնպես պետք է զգուշանալ մարդկային ցեղի պատմության վրա շատ դյուրավ հետևություններ հանելե։ Որևէ շինվածակերպ, շինվածանյութի անհամապատասխան երկրի մը մեջ, չի կարող շարունակվել, և շինվածակերպի տարբերությունը հաճախ ենթադրել կուտա տեղական աղբյուրներու զանազանությունը։ Սակայն, ինչ որ կարելի է կասկածե դուրս համարել, այն է, թե եղավ մի ժամանակ, երբ աշխարհի մեկ ծայրեն մինչև մյուս ծայրը տիրապետեց միևնույն տեսակ գործիքը, որ կցորդված է շինելակերպի անխուսափելի նմանությանը հետ։ Ամերիկայի հղկած գայլախազի տեսքը բավական նմանություն ունի ճապոնականի հետ, որով թերևս անհետացած երկրի մը վրայով մշտնջենական հարաբերության մը միջոցավ՝ փոխանցում մը կատարված կկարծվի, որ որսորդներու թափառաշրջիկ կյանքը կհաստատեր հեռավոր երկիրներու հետ։
Պատմական ճարտարապետության սկզբնական օրրանները— Նախնադարի հողի վրա, կամաց կամաց առաջ եկան երկու մեծ ճարտարապետություն, անոնց մեկը ծնավ Եգիպտոսի մեջ, իսկ մյուսը՝ Քաղդեայի։ Եվ այս երկուքին միմյանց հանդիպումով, որ իսկապես պատահական չէր, զարգացավ այն երկիրներու մեջ, ուր շինանյութերու առաջին շինվածանյութը կավի շաղախը եղավ։ Եգիպտոսին վերապահված էր հսկայագործության արվեստը մինչև վերջը տանել, բայց միշտ շաղախի գործունեությամբ շինելակերպը պահելով, և հավանականություն կա, որ շինելու այս պարզ կերպը իր առաջին շրջանեն սկսավ։ Եգիպտոսը, յուր ուրիշ պետություններե ավելի առաջադիմությունը պարտական է այն դյուրության, որ կգտնվեր նույնիսկ անհեթեթ գործիքներու ստեղծագործութենեն առաջ:
Մյուս կենտրոնը Քաղդեան է, և այնտեղ ալ շինելով հողային երկիր, մարդը կարողացավ շինող դառնալ նախքան գործիքներու գոյությունը։
Առաջին առթիվ մենք պիտի քննենք այս երկու մեծ կենտրոններու արվեստը և անոնցմե բխող շառավիղները։
Հայ ճարտարապետության ծագումը և դարերու հոսանքին մեջ անոր կրած փոփոխություններն ու զարգացումը հետազոտելե առաջ, կարելի է ընդհանուր ակնարկ մը նետել բոլոր կրոնական հաստատություններու հատակագծային բաժանումներու վրա, սկսյալ պատմական ամենահին ժամանակներե մինչև մեր օրերս, ասոնք թեև ճարտարապետության հետ զուգընթաց, սակայն անկեց բոլորովին անկախ ենթարկվեցան այլազանություններու և ուրույն զարգացման։
Ամեն տեսակ հասարակական և անհատական մեծ ու փոքր շինանյութերու մեջ ճարտարապետին սեփական ճաշակով դասավորվեցան հատակագծային բաժանումները՝ ձևվելով տեղին, դիրքին և պետքերուն վրա։ Կրոնական հաստատությանց հատակագծերու մեջ, ճարտարապետներ միշտ ենթարկված մնացին ծեսերու և ավանդությանց պահանջներուն. կղերն էր անոր հեղինակը, ճարտարապետը առ առավելն, կարողացավ այդ արված ծրագրին ներդաշնակ իրագործումը տալ։
Բայց որովհետև ի սկզբանե անտի կրոնական հաստատություններն եղան գեղարվեստի զարգացման և ճոխացման գլխավոր ազդակները, անոր համար ալ անոնք միշտ կապված մնացին գեղարվեստի հետ։ Հատակագծերը թեև կրոնական, սակայն նրան ծածկող շինությունը լիովին արվեստին կպատկաներ, այլևս ճարտարապետին կմնար աստվածային փառաց արժանի շքեղազարդ կոթողներ կանգնեցնել ժողովուրդի այդ անմահության խարիսխներուն վրա, մինչ պետական և հասարակական գանձարաններ լիովին տրամադրված էին վատնելու իր հանճարի արտացոլմանց համար։
Անհետացող և մնացող բոլոր ազգերը համեմատաբար ավելի մեծ հետքեր թողեր են կրոնական հսկա ու մեծածախս տաճարներու, քան պալատներու և ուրիշ քաղաքային շինությանց։ Որովհետև լիովին ենթարկված կրոնի ազդեցության, հրաժարելով աշխարհային վայելչություններե, իրենց ամբողջ կյանքը զոհաբերեր են միմիայն հավիտենական փրկության։ Թագավորներ, իշխաններ իրենց ճոխ գանձարաններով, հասարակ ժողովուրդն իր ֆիզիկական տանջանքներու գերագույն համբերատարությամբ գերին եղած էին առասպելական նախապաշարումներու:
Հանդերձյալ կյանքի երանավետ վայելչությանը տենչով հափշտակված ժողովուրդի մը համար աշխարհային կյանքի պետքերե շատ ավելի անխուսափելի էր փառազարդ տաճարներու գոյությունը, տաճարներ՝ որոնք պիտի ըլլային այս ունայն աշխարհեն դեպի հանդերձյալի հեշտալի դրախտը տանող կամուրջները:
Որչափ ատեն համոզված էին, թե այս աշխարհը նախագավիթն էր հավիտենականին, երազը աներևակայելի վայելչությանց, և որչափ ատեն հավատացած էին, թե այդ անմահության դրախտի դռները պիտի բացվեին իրենց խունկով ու աղոթքով, այնչափ կավելանար հետզհետե շքեղությամբ զիրար գերազանցող տաճարներ ու դամբարաններ ունենալու մարմաջը։
Ազգեր կային, որոնց համար նույնքան կարևոր էին դամբարանները, որչափ տաճարները. տաճարը միակ դուռն էր հավիտենականին, ուրկե կանցնվեր դեպի անմահություն, իսկ դամբարանը հանդերձյալի բնակարանը, պալատն էր, ուր պիտի ապրեին ու անվերջ վայելին աշխարհային կյանքի մեջ իրենց սիրտն ու հոգին հափշտակող երջանկության հեռանկարի իրականությունը։ Ուստի դամբարանները ոչ միայն արտաքինով, այլև ներքինով ալ կզարդարվեին թանկագին կահկարասիներով և սպասներով։
Հայերն ալ ոչ նվազ հափշտակվեցան երկնային արքայության անդիմադրելի հրապույրեն. քանի-քանի թագավորներ, թագուհիներ, իշխանազուններ, թողած իրենց երբեմնի աշխարհասասան գահն ու վայելչությունները, մենաստաններու խոնարհ ստրուկները դարձան։ Տասն և վեց դարու երկար շրջանի մը մեջ հազիվ թողին քանի մը աննշան պալատներու ու բերդերու հետքեր, մինչդեռ ամբողջ հայ աշխարհը ողողվեցին իրենց գեղարվեստի անվիճելի տաղանդով պճնազարդված տաճարներով։
Հազիվ կարելի ըլլա ըսել, թե վերջին երեք դարու ժողովուրդն է, որ ազատված կրոնի և նախապաշարմանց ճնշող ազդեցութենեն, սկսել է փիլիսոփայորեն մտածել ներկա ու ապագա կյանքի վրա, և այս հայացքի փոփոխության անմիջական ազդեցության տակ ընկան ամբողջ աշխարհի գեղարվեստները և կամաց կամաց մոռացվեցան տաճարներն ու դամբարանները։ Հասարակական ու հանրօգուտ շինություններ իրենց հաղթական հպարտ գլուխը բարձրացուցին անոնց առջև և լոկ վայելչության համար պճնազարդվեցան այն սրբազան տարազներով, որոնք մի ժամանակ հասարակ մահկանացուի մը համար ոչ միայն անհպելի էին, այլ և աչքով տեսնելն ալ սրբապղծություն էր։
Պատրանք մը ըլլալու վրա է այլևս անցյալը, ներկան հանրային և անհատական բնակարաններ ու արտակարգ ճոխությանց մրցման շրջանն է: Անցյալը մեզի հսկա տաճարներ և շքեղ դամբարաններ տվավ, իսկ ներկան պիտի տա ապագային՝ այս աշխարհի մեջ իրագործված դրախտի մանրանկարը— հասարակական և անհատական բնակարաններ:
Եգիպտացիք ինչպես արվեստներու, նույնպես ալ կրոնի և տաճարներու նախահայրերը եղած ըլլալ կը կարծվին։
Եգիպտոսի ժողովուրդին ծագումը և անոր գործունյա կյանքի սկիզբը ժամանակի անհունության մեջ կորած է։ Գիտնականներ հազիվ կարողացան անոնց կյանքի հորիզոնի վրա երևնալեն ասդին մինչև օտար տիրապետությունների վերջնականապես ենթարկվիլը՝ տոհմային հարստությունների կամ տիրապետությունների զանազան շրջաններու բաժանել: Այդ շրջաններու սկզբեն մինչև 18-րդ հարստության շրջանը, բնավ որոշ թվական չկա. 18-են սկսյալ, կարողացան ճշտել պատմական դեպքեր ու ժամանակներն ու թվականները։
Ահա այդ շրջանին մեջ, մեր թվականեն տասն և հինգ դար առաջ, երբ ուրիշ ազգեր քաղաքակրթության հազիվ նախօրյակին մեջ էին, Գարնաքը մեզի կուտա աստվածային պաշտամանց հատկացյալ տաճարի հատակագծային բաժանման այնպիսի ծրագիր մը, որ մինչև մեր օրերու տաճարներուն նախատիպը եղավ, և ժամանակը չկարողացավ այդ ծրագիրը զգայի փոփոխության ենթարկել:
Ինչ է այդ ծրագիրը, շատ պարզ բան. շենքը մը, որ պիտի ծառայեր իբրև երկնավոր բնակարան իրենց աստծուն, ուր ժողովուրդին խունկն ու աղոթքը պիտի մատուցվեր անոնց սրբազան գահին:
Աստվածները նյութական կարիքներ չունեին, անոնց միակ կարիքն էր հավատացելոց երկրպագությունը, ուստի հարկ չէր որ աստվածային բնակարանը ծանրաբեռնվեր զանազան տեսակ բաժանումներով, բավական էր անոր համար միմիայն երեք գլխավոր բաժանում. 1) սրբարանը, ուր պիտի զետեղվեր պաշտելույն գահը կամ անոր արձանը, 2) ժողովուրդի ու աստուծո միջնորդը՝ նվիրյալ քահանայից դասը, 3) աղոթքի սրահը:
Այս երեք բաժանումներեն դուրս եղած բոլոր բաժանումներ, ավելի քան նվազ չափով եթե կային, անոնք ալ կամ առանձին տաճարներ էին կամ ուրիշ ոչ-կրոնական պետքերու հատուկ էին։
Գարնաքեն առաջ, 12-րդ հարստության ժամանակ, բոլորովին պարզ էին մեհյանները, գրեթե չորս պատի մեջ պարփակված էին այս երեք բաժանումներն առանց միջնորմներու և հաղորդակցության դռներու. հարթ գետնի վրա գծված սահմանով մը կորոշվեր յուրաքանչյուր բաժինը: Հետզհետե որչափ բազմացան ծիսական օրենքներ, այնքան ավելի որոշ դիրքեր տրվեցան այս բաժանումներուն առանց անոնց խորհրդավոր սահմանը փոխելու։
Շինության խորը սրբարանին տեղն էր, անոր անմիջապես կհետևեր քահանայից բաժինը, և հետո հավատացելոց բազմության հատկացած սրահը։
18-րդ հարստության ժամանակ երեվեցավ աստծո բնակարանը վերածված առանձին մի սենյակի՝ արձանին համեմատական մեծությամբ։ Այս աստվածային սենյակին երկու քովերը, մինչև հանդիպակաց աջ ու ձախ պատերը, կամ բաց թողուցին և կամ սրբազան սենյակի ճակատին ուղղությամբ ծածկեցին, ներսը այլ և այլ կրոնական պիտոյից գործածության հատկացնելով։
Նույնպես քահանայից բաժինը պատով մը ծածկվեցավ տաճարի ամբողջ լայնությամբ, թողվելով միայն հաղորդակցության դուռ մը հավատացելոց բաժնին վրա, ինչպես արձանին սենյակեն ալ դուռ մը քահանայից բաժնին վրա։
Հավատացելոց բաժինը միշտ ամենեն ընդարձակ բաժինը կգրավեր շինության մեջ, և սյունազարդ, երբեմն աջ ու ձախ կողմերեն երկու կարգ, և երբեմն ամբողջ սրահը սյունազարդված էր։ (Տես նկ. № 1, հատակագիծ Ա)։
Ահավասիկ հատակագիծ մը, որ մեր թվականեն տասն և հինգ դար առաջ նվիրված էր աստվածային պաշտաման:
ա. Սրբարան, ուր կդրվեր արձանը, և բոլորովին անմատչելի հասարակության։
բ. Քահանայից կամ քրմաց բաժին, նույնպես անմատչելի էր հասարակության։
գ. Հավատացելոց բաժին։
դ. Սրբազան անոթներու և սպասարկությանց հատուկ խցիկներ։
Այսօրվան Եգիպտոսի մեջ երեվեցած բազմաթիվ բաժանումներով հին մեհյանական հատակագծերը ոչ այլ ինչ են, եթե ոչ շատ մը մեծ ու փոքր տաճարներու, դամբարաններու, գավիթներու և կրոնի պաշտոնեից բնակարաններու հավաքական խումբեր զանազան ժամանակ իրարու վրա ավելացված, որոնց մեկ օրինակը մենք ունինք այսօր, ի միջի այլոց, Հոռոմոսի վանքի մեջ, ուր մոտավորապես չորս դար շարունակ իրարմե անկախ շինություններ շինված են մի փոքր սահմանի մեջ իրարու կցված։
Մինչև վերջն առանց բացառության չմնաց այս ձևը, պարբերաբար եղան փոփոխություններ առանց բաժանումներու խորհրդավոր ձևն ավրելու. երբեմն սրբարանը մեծցուցին, երբեմն փոքրացուցին, երբեմն քահանայից բաժինը երկու մասի վերածեցին, կամ սյունազարդեցին, բայց ասոնք զգալի փոփոխություններ չէին, եղավ մի գլխավոր փոփոխություն, որ ոչ միայն Եգիպտոսի մեջ տեվեց մինչև վերջը, այլև անցավ ուրիշ ազգերու ալ։
Հավատացելոց սրահը, որ որմնափակ էր ամեն կողմեն և ուներ միմիայն մտից դուռ մը, Թեբեի շրջանին վերջին ժամանակները փոխվեցավ պարզ սյունազարդի մը առանց շրջորմի պատերուն փոխարինեցին սյուներու շարքեր, որոնց վրա կար միմիայն ծածկույթի մը տանիքը։ Այս փոփոխության պատճառը Եգիպտոսի կլիման եղավ գուցե: Այդ երկրին արտակարգ ջերմության մեջ անտանելի պիտի ըլլար խուռն բազմությամբ հավաքվիլ հարկի մը տակ, որ դռնեն զատ գրեթե տեղ չուներ օդը փոխվելու։ Եգիպտոսի մեջ, քանի որ անձրևի և ցուրտի երկյուղ չկար, այլևս ավելորդ էին արտաքին պատերը. բավական միայն տանիքի հովանին՝ արեգական կիզիչ ազդեցությունեն ժողովուրդը պահպանելու համար։ Ըստ ամենայնի հաճելի էր այս ձևը. միակ անտեղությունը, որ կար, այն ալ տաճարին դուրսի հետ այժմ հաղորդակցած ըլլալն էր, որ հաճախ առիթ կուտար սրբապղծությանը. այդ անտեղությունն ալ վերցնելու համար տաճարը շրջապատեցին ամուր և բարձր պատերով թողելով անոր շուրջն ընդարձակ բացօթյա բակ. նաև ժամանակ-ժամանակ այս պատերուն կցեցին զանազան շինություններ և ընդարձակ գավիթներ:
Այստեղ դրված նկ. № 1 Բ հատակագիծը (էջ 11) ցույց կուտա արտաքին պատերը սյունազարդի փոխված օրինակը։
ա. Սրբարանը։
բ. Քահանայից սրահ։
գ. Ժողովրդյան սրահ:
դ. Սրբազան սպասներու և անոթներու պահարաններ:
Ահա գրեթե այս ձևն էր, որ անփոփոխ անցավ հրեից, ինչպես նախ հունաց։
Հունաստանն ալ ունեցավ իր նախապատմական շրջանը. այս այն ժամանակ է, երբ պելասգները գաղթելով Փոքր-Ասիայեն անցան Եգեյան ծովը և տիրեցին այդ երկրին։
Հունաստանի նախապատմական շրջանը թեև Եգիպտոսինին պես բոլորովին անստույգ չէ, սակայն շատ առասպելախառն է, այդ շրջանին մեջ երկիրը կկառավարվեր դյուցազունների ձեռքով, ինչպես Եգիպտոս իր նախապատմական շրջանին մեջ կկառավարվեր աստվածներու ձեռքով։ Ստույգ պատմությունը կսկսի հազիվ 12 դար Ք.ա.։
Թե՛ պատմական աղբյուրներու և թե՛ գիտական խուզարկություններու շնորհիվ ի լույս հանված փաստեր ցույց կուտան, որ Փոքր Ասիայեն համրաբար անցնող այս ժողովուրդը որոշ չափով քաղաքակրթված վիճակի մեջ գրաված էր այդ երկիրը։ Անցնելով այնտեղ տնկեց ապագա հունական քաղաքակրթության կորիզը և մշակեց, և երբ հունական զանազան ցեղեր լիովին տիրապետեցին, արդեն պատրաստ վիճակի մեջ էր ծաղկելու և բարգավաճելու:
Այս բարգավաճմանը ոչ նվազ նպաստեցին փյունիկեցիք, որպես թափառաշրջիկ վաճառական ժողովուրդ, մշտական հարաբերության մեջ դրին Արևելքն Արևմուտքի հետ, հաստատեցին նավագնացություններ, գաղթականություններ, անընդհատ փոխադրեցին նոր բարք ու սովորություններ, կրոն, գիտություն և արվեստ՝ մասնավորապես Եգիպտոսեն, որ այն ժամանակ միակ երկիրն էր քաղաքակրթության ամենաբարձր աստիճանի վրա կանգնած, այնպես որ Ք.ա. 7-րդ դարուն Հունաստան իր որոշ տեղն ուներ մեծ ազգերուն շարքին մեջ։
Դեռ պելասգների ժամանակի հիշատակարաններու վրա, որոնք դուրս եկան հրաբխային լավաներու տակ կատարված խուզարկությանց շնորհիվ, պարզ կերեվեր փյունիկեցիներու միջոցով փոխադրված եգիպտական արվեստագործությանց նմուշներ: Եգիպտական ոճով և ձևերով նույն բաները կգտնվեին Փոքր-Ասիայի մասնավորապես Փյունիկեի շրջանին մեջ կատարված պեղումներե։
Պատմությունը կավանդե նաև, որ շատ հին ժամանակ փյունիկեցիներու գաղթականության մեջ խառնված էին հունական ցեղեր Եգիպտոսի դելտային վրա. ծանոթ իբրև նավարկող ժողովուրդ, որոնք հետզհետե բազմանալով ստվար թիվ կկազմեին պտղոմեական շրջանին մեջ:
Հունական ամենահին աստվածը Զևսը Եգիպտացոց Ռան էր։ Եգիպտական Ամմոնը երկար ատեն պաշտվեցավ Հունաստանի մեջ իր իսկական անունով։ Նմանապես կային ուրիշ շատ աստվածություններ, որոնք թե՛ հատկությամբ և թե՛ գործերով նույնն էին եգիպտականներու հետ։ Ուստի անվիճելի կմնա, որ Հունաստանի քաղաքակրթության գլխավոր աղբյուրն էր Եգիպտոս. հետևաբար արվեստով, գիտությունով, նաև կրոնով անկից օգտվող ժողովուրդ մը բնականաբար պիտի ազդվեր նաև կրոնական տաճարներու ձևերեն ալ։
Պելասգների ժամանակի մեհենիկներ կան, որոնք մեծ նմանություն կբերեն եգիպտականներու: Կրետե կղզիին մեջ կար ստորերկրյա մեհյան մը, որ ճշգրիտ ընդօրինակությունն էր եգիպտական տաճարի մը։ Հունաստանի ամենահին մեհյանը կհամարվի Տրովադայի մեջ՝ Պոսիդոնի նվիրված տաճար մը որուն ճակատը քանդակված էին եգիպտական, ասորական սֆինքսներ և հուշկապարիկներ։
Հին շրջանի հիշատակարաններ պարզ ու ծանր երևույթ ունեին, տաճարներ հիմնված էին ընդհանրապես փոքր տարածության վրա և գրեթե միշտ ստորերկրյա, կբաղկանային քառակուսի սրահե մը և նրբանցքե մը։ Ասոնք թեև տաճարներ էին, ունեին իրենց աստվածները, տոներն ու պաշտամունքները, բայց կկրեին պահարան կամ գանձարան անունը, որովհետև այնտեղ կպահվեին բացի կրոնական խորհրդանշաններե, անոթներե նաև դյուցազնությամբ անմահացողներու հիշատակով նվիրագործված իրեղեններ, ինչպես զենքեր, զրահներ. ասոնցմե զատ ժողովուրդն ալ այնտեղ կբերեր պահելու իր թանկագին առարկաները տաճարին աստծու հովանավորության տակ։
Այս փոքրիկ տաճարներուն մեջ, բացի քառակուսին, կային բոլորովին բոլորակ ձևով շինված տաճարներ առջևնին քառակուսի նախագավիթով կամ նրբանցքով մը: Ասոնք ընդօրինակությունն ըլլալ կկարծվին ավելի կանուխ Փոքր-Ասիայի մեջ ընդհանրացած բոլորակ դամբարաններու, որոնց հետնագույն օրինակներեն մեկը դեռ մասամբ գոյություն ունի իր վիթխարի երեվույթով. ատիկա Կրեսոսի հոր՝ Ալայաթի դամբարանն է 400 մետր տրամագծով:
Ք. ա. 4-րդ դարուն Հոնիայի մեջ և 6-րդ դարուն Դորիայի մեջ ծաղկող արվեստները վերջ դրին այս նախնական պարզ ու անշուք ստորերկրյա տաճարներուն, հունական ստեղծագործական հանճարը խառնված անոր գեղեցկագիտական ճաշակին հետ՝ այնպիսի շքեղ կատարելության հասցուց տաճարները, որոնց վրա մեզմե հետո ալ դեռ շատ դարեր պիտի հիանան։
Զգալի կերպով բազմացած են 6-րդ դարուն հունական տաճարները ոչ միայն բուն Հունաստանի մեջ, այլ և Իտալիայի զանազան մասերուն վրա, ուր մեծամեծ հունական գաղթականություններ հաստատված էին։
Նկար № 1-ի հատակագիծ Գ.-ը կներկայացնե 6-րդ դարու սկիզբը շինված տաճարի մը օրինակը Սելինոնթի մեջ, որ նեղ ու երկար քառակուսի որմափակ մը է, շրջապատված սյունազարդ սրահով մը, և կբաղկանա երեք գլխավոր բաժանմունքներե։
ա. Սրբարանը, որուն խորը զետեղված էր պաշտելիին արձանը։
բ. Փոքր գավիթ քահանայից։
գ. Բաժանումը հատուկ էր պահարանի, որպես գանձարան կրոնական և ժողովրդային հարստությանց, որ հետզհետե սովորություն դարձավ վերջերը՝ փոխանակ առանձին շինելու՝ զետեղել տաճարին խորը, նույն տեղ պաշտվող աստծուն անմիջական հսկողության տակ։
դ. Սյունազարդ սրահ հավատացելոց բազմության համար, միշտ առանց շրջորմի, ինչպես տեսանք Եգիպտոսի մեհյաններուն մեջ։
Նույն դարուն միևնույն տեղին վրա քիչ հետո երևեցավ մի ուրիշ տաճար, որ առանց փոխելու անոր հատակագծային խորհրդավոր սահմանը, ենթարկված է փոփոխության՝ տարածությանց համեմատական չափերուն մեջ։
Ա. Սրբարանը, որ առաջ նեղ ու երկար քառակուսի էր, այժմ սկսած է լայննալ. և նույն համեմատությամբ նեղցած է գ. ժողովրդի հատուկ սյունազարդ սրահը: Քահանայից փոքր բ. գավիթը, փոխանակ դրսի հետ դռնով մը հաղորդակցելու, փոխված է նաև սյունաշարի: Նկ. № 1 Դ բաժանումը եղած է միմիայն շենքին երկու կողմերուն վրա ներդաշնակ համաչափություն պահելու համար։
Ինչ որ ավելի ուշագրավ է այս ձևին մեջ, ներսի կողմեն դեպի երկարության երկու կարգ սյուներու շարքն է, որոնք թերևս իբրև նախագաղափար ծառայեցին հռոմեական ապագա բազիլիքներու:
Հատակագիծ Ե (տես՝ նկ. 1, հատակագիծ Ե) կուգա նույնպես Սիցիլիայեն 6-րդ դարու վերջերը կանգնած հանուն Օլիմպիական Զևս աստծուն։ Այստեղ ավելի շեշտված է սրբարանը լայնցնելու ճիգը, քան իր նախորդները, և բացի ներքին կողմի երկու կարգ սյունաշարեն խորը բաժնված է երեք փոքրիկ խցիկներու, որոնց մեջտեղի ա. բաժանումը համեմատաբար ավելի լայն է, և անպայման այնտեղ դրված էր Զեվսի արձանը։ Երկու քովերու գ. զ. փոքրիկ բաժանումները սրբազան անոթներու և այլ կրոնական հարստությանց պահարաններ էին կամ հար և նման ժամանակակից փյունիկյան մեհյաններու, առանձին աստվածներու հատկացված սրբարաններ էին։ Այս տաճարին մեջ թեև որոշակի հասկցված չէ այս խցիկներու իսկական պաշտոնը, սակայն ասոնցմե հետո շինված նույնանման տաճարներ կան, որոնց վրա լիովին ստուգված է, թե այդ բաժանումները զատ-զատ սրբարաններ էին։ 5-րդ դարուն Ք.ա., արդեն կան բազմաթիվ օրինակներ մեկե ավելի աստվածներու նվիրված տաճարներու, ինչպես Ֆիկալիի մեջ Ապոզոնի նվիրված տաճար մը, որուն խորը թեև արձանին հատուկ էր, բայց սրբարանին երկարության երկու պատերուն վրա կային ութ զանազան արձաններու հատուկ խցիկներ։ Գրեթե նույն ձևով և նույն մեծությամբ մի ուրիշ օրինակ կար՝ Հերաումի մեջ, նույնպես բացի տաճարին գլխավոր աստվածութենեն, այնտեղ տեղ ունեին ութ զանազան աստվածություններ կողմնակի պատերուն կցված խցիկներու մեջ։ Աթենքի Էրենքթեոնը նվիրված էր երկու գլխավոր աստվածությանց՝ Նեփչունի և Միներվի:
Մեկե ավելի աստվածներու նվիրված տաճարները հետզհետե այնքան սովորական դարձան, որ ամենեն հետո հռովմեացիք շինեցին բոլոր աստվածներու նվիրված հսկա տաճար մը՝ Հռովմի Պանթեոնը։
Աթենքի Ակրոպոլի մեջ, 5-րդ դարու կեսին, Պարթենոնի սրբարանի հատակագծի վրա համաչափության փոփոխությունը կատարյալ է։ (Տես նկ. № 1, հատակագիծ Զ)։ Սրբարանի սրահը բոլորովին ընդարձակված է, և կողմնակի արտաքին սյունաշարերը չափազանց նեղցած են, այլևս հնարավորություն չկա այնտեղ հավատացելոց բազմության համար ապաստարան գտնել, ոչ կրոնական պաշտամանց ժամանակ և ոչ ալ հասարակական գործերու համար ժողովներ կազմելու վաղեմի սովորության համեմատ։ Առաջ տաճարը միայն կրոնական շինություն չէր, պաշտամանց ժամանակեն դուրս ուրիշ ատեն սյունազարդ սրահները կծառայեին իբր ժողովատեղի, ուր կվճռեին կրոնական և հանրային մեծամեծ խնդիրներ։ Այժմ Պարթենոնը զուտ կրոնական շինության է և կպատկանի միմիայն աստծո և անոր սիրանվեր պաշտոնեությանց, ժողովուրդը քշված է բոլորովին դուրս հեռուեն մեհյանը շրջապատող պարսպեն գոյացած բացօթյա բակին մեջ։ բ. Զուտ քահանայից բաժին և գ. գանձարան։
Պարթենոնեն քանի մը տարի հետո, Ակրիժանթի մեջ երեվեցավ հսկա տաճար մը Օլիմպիական Զեվսի նվիրված, որուն վրա, Պարթենոնի մեջ երեվեցած սյունասրահի կողմնակի նեղ անցքերն ալ վերցված են և սյուները կիսասյուներու փոխվելով ուղղակի պատին կպած են. սյուներուն խարսխին անմիջապես կհաջորդեն ամեն տաճարներու մեջ միշտ պարտավորիչ աստիճանները շուրջանակի։
Ընդհանրապես սրբարանի համար ընդունված քառակուսի ձևերեն դուրս շեղումներ նկատվեցան 4-րդ դարուն։ Տելոսի մեջ շինվեցավ մեհյան մը (տես նկ. № 1, հատակագիծ Է) գանձարան անվան տակ, որուն խորքը կվերջանար կիսաբոլորակով մը, և մեջտեղին շարված կարգ մը սյուներ սրբարանը կբաժանեին երկու բ. բ. թևերու երկու աստվածներու հատուկ, ա. պահարան կամ գանձարան։
Էլլադայի մեջ հունական տիրապետությունեն ի վեր կիսաբոլորակ վերջավորությամբ տաճարի առաջին օրինակն է. այս նախապատմական տաճարը, սակայն ոչ սկիզբը։ Շատ հին ժամանակ կելտերն ունեցան դրույիտներու պաշտմանը հատուկ ընդարձակ և բոլորովին բացօթյա տաճարներ՝ մեջտեղին ցած պատերով մինչև տասը թևերու բաժանված, որոնք միշտ կիսաբոլորակ կվերջանային, ուր կգտնվեր բուն սրբարանը։ Այս պատճառներուն մեկ օրինակը մեծ մասամբ գոյություն ունի մինչև այսօր Գարնաքի[3] մեջ։
Ոլիմպիայի մեջ քանի մը տաճարներ բոլորովին բոլորակ ձևով շինվեցան, որոնց նախատիպը աեսնվեցավ պելասգյանը մեջ: Այս տաճարներեն մեկը Տելոսի մեջ, որ Ֆիլիրիում անունը կկրեր, կբաղկանար ա. սրբարանե մը և բ. քահանայից սյունազարդ սրահե մը։ (Տես նկ․ № 1 , հատակագիծ Ը)։ Այս բոլորակ ձևը ամենեն ավելի հաճելի եղավ հռովմեացոց, որոնք ոչ միայն անօրինակ վայելչությամբ ճոխացուցին տաճարներու վրա և տվին մեզի ճարտարապետական մի հրաշալիք՝ Պանթեոնը, այլ և ընդհանրացուցին և պատշաճեցուցին հասարակաց ու անհատական շինություններու վրա ալ։
Ավելորդ է առանձնապես զբաղվիլ հռովմեական տաճարներու հատակագծերով, որոնք հունական տաճարներն բնավ տարբերություն չունեցան։ Հռովմեացիք ինչպես իրենց աստվածները, նույնպես ալ տաճարներու ձևերը առին Հունաստանեն, և որովհետև հռովմեացիք հունաց նման զուտ կրոնական ժողովուրդ չեղան, ասոր համար ալ հռովմեացվոց շրջանը եղավ գիտությունների և գեղարվեստի կատարյալ զարգացման շրջան։
Այս ժողովուրդն ինչպես կրոնը, նույնպես ալ արվեստը հույներեն փոխ առավ. միայն տարբերությունն այս եղավ, որ հռովմեացիք ավելի շատ հասարակական շինություններ տվին և ունեցան գեղարվեստի անկման ու զարգացման շրջաններ։ Այդ զարգացման շրջանի արդյունքն է Պանթեոնը։
Երկու խոսք ալ զոհարաններու մասին։
Ինչպես կերևի, բացի եբրայական տաճարներն, ուրիշ ազգաց մեջ զոհարանները որոշ տեղ չունեցան։ Հունական և հռովմեական շատ մը տաճարներու մեջ զոհարանի հետքեր չերեվցան։ Զոհարանը տաճարին անհրաժեշտ մասը չէր կազմեր, և անոր պատշաճ տեղը որոշելը կղերին բացարձակ կամքեն կախված էր. երբեմն տաճարին կից էին, երբեմն հեռու։ Պոմպեի ավերակներուն մեջ, տաճարի մը պատին վրա երեվցավ նկարված զոհի սեղան մը՝ տաճարեն շատ հեռու հրապարակի մը վրա, շուրջը խռնված ամբոխը, իսկ քահանաները կեցած էին տաճարին դռան առջև սյունազարդ սրահի ծածկույթին տակ։
Նույնպես ավելորդ է զբաղիլ ասորական, քաղդեական և փյունիկյան տաճարներու ձևերով, որոնք նույնն են գրեթե եգիպտական և հունական տաճարներու հետ աննշան տարբերություններով։ Բացառություն են քաղդեական աստղագիտական դիտարանները, որոնք երկհարկանի և երբեմն ալ բազմահարկ էին և միևնույն ատեն թե՛ դիտարաններ և թե՛ մեհյաններ էին։
Պարսկական կրակապաշտական մեհյաններն ալ քառակուսի ձևով սրահներ էին, որոնց կենտրոնը կդրվեր սրբազան հուրի սեղանը (աթաղկիյա) և շուրջանակի կերկրպագեր ժողովուրդը։
Նախքան քրիստոնեական եկեղեցիները, կարևոր է հետազոտել եբրայական տաճարները, որոնք համեմատաբար ավելի մեծ ներգործություն ունեցան քրիստոնեական եկեղեցիներու հատակաձևին վրա ս. գրոց մեջ ավանդված ծեսերու և պաշտամունքներու միջոցով:
Եբրայական[4] կրոնի հիմնադիրը, Մովսես, հրեա ընտանիքի զավակ, ծնած է Եգիպտոսի մեջ և ստացած զուտ եգիպտական կրթության։ Պողոս առաքյալ գովելով անոր բարձր կրթությունը մասամբ կբացատրե անոր նոր կրոնը քարոզելու պատճառները։
Հրեաները, Մովսեսի ծնունդեն շատ առաջ, մեծ գաղթականություն մը կազմած էին Եգիպտոսի մեջ բայց անոնք, հակառակ Եգիպտոսի բարգավաճ վիճակին, քաղաքական կյանքի մեջ միանգամայն իրավազուրկ և իրենց սեմական ցեղի զարգացման ցածր մակարդակի պատճառով ստորին ծառայություններով միայն կպարապեին։ Գլխավոր արհեստնին էր առհասարակ աղյուսաշինություձը։ Չնայելով իրենց ստորին դրության, եգիպտական կառավարության առջև ալ, իբրև անհանգիստ ժողովուրդ կասկածելի դարձած էին, նաև զզվելի՝ իրենց մեջ մեծ չափով տարածված բորոտության ախտին պատճառով։ Ուստի քշված հանկույս Նեղոսի՝ ենթարկված էին թե՛ հսկողության և թե՛ խիստ ճնշումներու։
Այս հալածանքներն ու ճնշումները կամաց կամաց ապստամբության մոտեցող խլրտումներու ծնունդ տվին։ Եգիպտական կրոնին հակառակ, միաստվածության կամ Էհովվայի աստվածության նոր վարդապետություն մը երևան եկավ, որուն քարոզիչն էր Մովսես։
Եբրայեցոց խլրտումներուն ուժ կուտային նույն ժամանակ ստորին Եգիպտոսի մեկ մասին տիրապետող հեքսոսները, որոնք նույնպես սեմական ցեղին կպատկանեին, որոնք երկար ժամանակե ի վեր կազմած մի մեծ գաղթականություն՝ կերազեին օր մը տիրանալ ամբողջ Եգիպտոսին։
Եգիպտական կառավարությունը երկրին խաղաղության լուրջ վտանգ սպառնացող այս շարժումը միանգամայն արմատախիլ ընելու համար, ամենակարճ և կտրուկ միջոցի դիմեց, որոշելով զանոնք բոլորովին երկրին սահմաններեն դուրս արտաքսել։ Բայց այս արտաքսումը շատ դյուրավ չհաջողեցավ, երկար տարիներ տևեց անոր իրագործվելը. վերջապես Եգիպտոսի թագավորներեն մեկը, որ ըստ Մովսեսի և Պողոսի չէր ճանչնար Հովսեփը, այդ ծանր գործը գլուխ հանեց, ոչ միայն նորաղանդ հրեաներն իրենց պարագլուխ Մովսեսով միասին վերջնականապես երկրին սահմաններեն դուրս քշեց այլ և հեքսոսներն ալ։
Այս համայնական արտաքսումը հրեաներու ծայրահեղ թշվառության պատճառ դարձավ, որուն անմիջական հետևանքն եղավ լուրջ երկպառակություններ և սպառնալից գանգատներ Մովսեսի դեմ։ Բացի գաղթականության պատճառած ֆիզիկական և տնտեսական տագնապներեն, արտաքսվող հրեաների մեծ մասին անհաճո նոր վարդապետության քարոզները ևս կգրգռեին ամբոխին վրեժխնդրությունն իրենց թշվառության պատճառ դարձող Մովսեսի դեմ և անոր կյանքին լուրջ վտանգ կսպառնային։
Մովսեսի համար անկարելի էր վերադարձնել ժողովուրդը, իսկ առաջ տանել՝ շատ դժվար, բայց դարձյալ մի կերպ պետք էր թե՛ առաջ տանել ժողովուրդը և թե՛ գրգռված ամբոխին բարկության կրակը մարել, ուստի գաղթական բանակին անմիջապես հայտարարեց Էհովվայի հայտնությունները և պատգամները հրեա ժողովուրդին համար, որը կխոստանար օգնել ոչ միայն մինչև ավետյաց երկիր հասնելու, ամբողջ ճանապարհորդության միջոցին օգնել և առաջնորդել, այլև տալ անոնց իրենց հայրերուն խոստացված ընդարձակ ու բարեբեր երկիրները, ուր պիտի հարստանային, երկնքի աստղերու չափ պիտի բազմանային և սերունդե սերունդ երջանիկ պիտի ըլլային, եթե միայն հնազանդ ըլլային Էհովվային և անոր պատգամներուն միջնորդ ու թարգման Մովսեսին։
Այս հայտարարությունը առժամանակ մեղմացուց ժողովուրդին հուզումը, որովհետև իրենց հայրերուն մշտնջենական երջանկություն խոստացող Էհովվան ի բնե իրենց ծանոթ էր Եգիպտոսի մեջ Էոա կամ Էոհ անվամբ, ուստի օգտվելով Մովսես այս առժամանակյա խաղաղութենեն, անմիջապես սկսեց թե՛ խաղաղությունը հարատև պահելու և թե նոր վարդապետության ժողովուրդը ընտելացնելու համար օրենքներ ծրագրել և գործադրել գաղթական բանակին մեջ:
Միայն Էոհ կամ Էհովվայի անունը բավական չեղավ ժողովրդի սրտեն միանգամից արմատախիլ ընելու դարերե ի վեր անոնց սրտին մեջ արմատացած բազմաստվածության նախապաշարումներն ու ավանդությունները, ուստի Մովսես, ստիպված տեղի տվավ անոնց զգացումներուն առջև և շատ բաներու մեջ հետևեցավ կրկին եգիպտական կրոնի ծեսերուն, ավանդություններուն, պահելով միայն միաստվածությունը։ Ընդունեց կենդանիների սրբագործությունը, անջատելով միայն արժանավորները, զոհաբերության արժանի սուրբ կենդանի համարվեցան ոչխար, եզ, կով և այլն և այլն։ Ամմոնի խորհրդանշան օձը պղնձե շինել տալով կանգնեց բանակին մեջ, որուն նայողը փրկություն կգտներ։ Այս օձը, ըստ Հովհաննես ավետարանչի եղավ կանխագուշակություն Քրիստոսի խաչելության, թեև Եզեկյա որպես հեթանոսական կուռք զայն փշրել և ոչնչացնել տվավ։
Քանի կզիջեր Մովսես, հին հավատքի ավանդություններեն երբեմն անվնաս համարված ծեսեր հաստատելու հետզհետե ավելի խստապահանջ կդառնար ժողովուրդը, և բոլորովին վերահաստատված տեսնել կցանկանար հին կրոնը։ Ուստի, օր մը, օգտվելով Մովսեսի բացակայութենեն, ամբոխը հարձակվեցավ Մովսեսի եղբոր Ահարոնի վրա, բռնի ձուլել տալով ոսկեղեն հորթը (եգիպտացվոց Ապիսը) մեծահանդես տոն կատարեց անոր առջև։
Ինչպես կերևի, գաղթականությունը քանի կհեռանար Եգիպտոսի սահմաններեն և վերադարձը անկարելի կդառնար, հետզհետե կավելնար Մովսեսի ինքնավստահությունը և կուսակիցներու թիվը։ Սկզբին, որ կբավականանար կռապաշտության դեմ խիստ օրենքներ հայտարարելով և պատիժ սպառնալով, ոսկի հորթին պաշտպան ժամանակ նա աներկյուղ հրամայեց անխնա կոտորել դավանափոխներին, չխնայելով նույնիսկ իրենց ծնողաց, եղբոր կամ քրոջ, որով նույն օրը ավելի քան երեք հազար մարդ սպանվեցան անապատին մեջ (Ելից 32 գլ. 28 հ.)։
Զարհուրելի աղետեն սարսափած ժողովուրդը ակամա հնազանդություն ցույց տվավ, եթե ոչ հայտնի, գոնե սկսեցին գաղտնի շարունակել շատեր նախկին կռապաշտությունը․ Փյունիկեցվոց և Փղշտացվոց Մողոքը գլխավոր պաշտելի աստվածն էր և գաղտնի զոհ կկատարեին, որուն համար հատկապես Մովսես պարբերաբար խիստ ու սպառնալից օրենքներ կհայտարարեր (Ղևտական 19 գլ․)։
Մովսեսի վարդապետության մեջ տեղ չունեցավ հոգվո անմահությունը, նա չխոստացավ հավիտենական կյանք կամ երկնից արքայություն։ Իրեն հետևողներ և Էհովվային կամքը կատարողներ սերունդե սերունդ այս աշխարհին մեջ պիտի ստանային լիառատ վարձատրություն։ Այս վարդապետության հետևանոք այնքան զարգացավ ագահությունը և ընչաքաղցությունը հրեից մեջ, որ մինչև քրիստոնեության ժամանակ Պաղեստինը՝ սեփականության կռիվներու պատճառով մեծ արյունահեղությանց ասպարեզ դարձավ։ Ոչ արվեստ և ոչ գիտություն չզարգացան այնտեղ, այնպես որ Սողոմոն երբ իր հռչակավոր տաճարին շինության ձեռնարկեց, ստիպվեցավ Փյունիկիայեն բերել տալ թե՛ ճարտարապետ և թե՛ արհեստավորներ։
Ընչաքաղցության, ագահության դեմ կռվելու համար Քրիստոս վերահաստատեց հոգվո անմահության գաղափարը, և երկնից արքայության դուռը փակեց հարուստին առջև, Մալուխին ասեղին ծակեն անցնելուն չափ անհնար ցոյց տալով անոր երկնից արքայություն մտնիլը։
Տասն պատվիրանաց հայտարարութենեն հետո Մովսեսի առաջին գործն եղավ, շարժական տաճար մը շինել Էհովվայի պաշտաման համար։ Դիմելով ժողովրդական նվիրատվությանց շինեց տապանակ ուխտին և զոհի սեղանը։
Ս. գրոց նկարագրութենեն շատ պարզ կհասկացվի այս շարժական տաճար-տաղավարին ձևը. երկայն քառակուսի սրահ մը էր, երկու մասի բաժանված, խորը գտնվող բաժանման մեջ, որ թանձր վարագույրով մը ծածկված էր, դրվեցավ տապանակ ուխտին− Էհովվայի աներևույթ ներկայությունը և անոր հաջորդող մասին մեջ պաշտանմանց հատուկ նվիրական սպասներ։ Այս երկրորդ բաժանման անմիջապես կհաջորդեր քահանայից բաժինը փոքր տարածության վրա․ նախորդ սրահներուն շուրջը և վրան ծածկված էր կտավով, իսկ այս վերջինին վրան միայն կտավե ծածկույթներ հաստատված էին գետինը տնկված փայտյա ցիցերու վրա հատկապես շինված օղակներու միջոցավ։ Ասոր շուրջը սահմանվեցավ աղոթող ժողովուրդին ուր առանձին գավիթ մը կձևանար նույնպես ցիցերու վրա կտավապատ, որոշ հեռավորության վրա դրված առանձին շրջափակով մը։
Ոչ միայն հատակագծի ձևով նմանեցավ եգիպտական տաճարներու, այլև պաշտամանց խորհրդանշան տապանակ ուխտիով նմանությունը կատարյալ եղավ կռապաշտական մեհյանի, և ծառայեց իբրև նախագաղափար ապագա Սողոմոնի տաճարին:
Մովսեսի տապանակը խորանարդ սնդուկ մը էր վրան ոսկեզօծ շրջանակավոր կափարիչով, կափարիչին վրա հաստատված էին երկու թևատարած ձուլածո քերովբեներ։ Սնդուկին երկու կողմին վրա ամրացած են օղակներ, ձողեր անցնելու հատուկ, որպեսզի փոխադրության ժամանակ այդ ձողերու միջոցով վերցվի տապանակը։ Նույն ձևը կտեսնվի եգիպտական սրբազան նավակին վրա, միմիայն նավակը քերովբեներու է փոխված Մովսեսի շինած տապանակին վրա:
Մոտ հինգ դար, եբրայեցիք Մովսեսի շինած տապանակով և անոր կազմած շարժական տաղավարով բավականացան։ Անընդհատ կրոնափոխության և պառակտումներու ենթակա եղած, երբեք փույթ չունեցան հաստատուն տաճար մը ունենալու։
Դավիթ առաջին անգամ հղացավ շքեղ տաճար մը շինելու գաղափարը, սակայն արգելվեցավ Նաթան մարգարեի կողմից, իր բազմաթիվ պատերազմներու և արյունհեղությանց պատճառավ, որպես անարժան մարդ Տիրոջ անվան սրբության տաճար կանգնելու համար, ուստի կտակեց իր որդուն` Սողոմոնին, որը հիմնարկության ձեռնարկեց 1011-12 թվականին (Ք. ա.)։
Սողոմոն ճարտարապետ, արհեստավոր և մեծ քանակությամբ գործավորներ Տյուրոսեն բերել տալեն զատ, տաճարի համար պետք եղած բոլոր շինվածանյութերը նույնպես բերել տվավ այնտեղեն։ Լիբանանի անտառներեն կտրվեցան փայտեր և նույն տեղի քարահանքերուն մեջ տաշվելով քարերը, բերվեցան Երուսաղեմ:
Սողոմոնի տաճարին օրինակը մեզի չէ հասած, որովհետև մինչև քրիստոնեության ժամանակ երեք անգամ ավերվելով վերաշինված է, բայց ամեն անգամ նորոգության մեջ, ըստ ս. գրոց ավանդության, Սողոմոնի տաճարին հատակագծի ձևը նույնությամբ պահված է, միայն թե հետագայները կրկնապատիկ և ավելի ընդարձակ էին քան նախորդները։
Գիտական խուզարկուներ, լի հետաքրքրությամբ, վերակազմեցին այս համբավավոր տաճարը, հիմնվելով ս. գրոց նկարագրությանց վրա, որոնց մեջ կտեսնվի, որ բուն սրբարանի մասերը լիովին նման են միմյանց, սակայն սրբարանեն դուրս գավիթներու և սրահներու բաժանմունքներով բավականաչափ կզանազանին իրարմե, որովհետև այդ մասերուն նկարագրություններ ս. գրոց մեջ շատ թերի են։
Կներկայացնենք ըստ ս. գրոց, Սողոմոնի տաճարին հատակագիծը, որ սրբարանի մասերով ըստ ամենայնի համապատասխան և ուղիղ է ս. գրոց նկարագրության հետ, սակայն գավիթներու մասերը ամենեն հավանական ենթադրվածն է։
Տաճարին հատակագիծը կբաղկանար հետևյալ գլխավոր բաժանումներեն․
Ա. Սրբություն սրբոց. շինության խորը եղող բաժանումը, ուր պահվեցավ Մովսեսի տապանակ ուխտին։
Բ. Սրբարան, Սրբություն սրբոցի անմիջապես հաջորդող բաժինը, ուր սրբազան անոթներու, կրոնական սպասարկությանց հատուկ էր և քահանայից միայն մատչելի էր։
Գ. Քահանայից գավիթ. Սրբարանին հաջորդող փոքր սրահը, ուր քահանայք կկենային պաշտաման ժամանակ։
Դ. Զոհի սեղանը. Բացօթյա սահմանավորյալ բաժին մը քահանայից սրահին անմիջապես հաջորդող։ Ժողովրդյան մատչելի այն ատեն միայն, երբ հարկ էր զոհի վրա ձեռք դնել։
Ե. Իսրայելի գավիթ․ Բացօթյա ընդարձակ գավիթ, ուր կկենար ժողովուրդը աղոթքի ժամանակ։
Զ. Կանանց գավիթ. Նույնպես բացօթյա և որմնափակ, անջատ Իսրայելի գավիթեն, հատկապես կանանց իբրև աղոթատեղի սահմանված։
Այս տաճարին մեջ, բաղդատմամբ հունական և եգիպտական տաճարներու զարտուղություն կկազմե ա. զոհի սեղանը, որուն տեղը որոշ է քահանայի գավթին ճիշտ առջևը. մինչդեռ մյուսներուն մեջ որոշ տեղ չուներ զոհարանը, քահանայից կամքեն կախված էր որոշել անոր պատշաճ տեղը։ բ. Կանանց գավիթը, որ տաճարին մեջ երկու սեռին անջատման առաջին օրինակը կներկայացնե, ուրիշ հեթանոսական տաճարներու մեջ որոշված չէ կանանց տեղը և դիրքը: գ. Հեթանոսաց գավիթը, ուր կկենային օտարականներ, հեթանոսներ, մեկ խոսքով Էհովվայի տաճարը մտնելու անարժան համարվողներ։
Մինչև այստեղ մենք տեսանք և փոքր ի շատե գաղափար կազմեցինք նախաքրիստոնեական տաճարներու հատակագծային խորհրդավոր բաժանմանց վրա, այժմ անցնենք քրիստոնեական տաճարներուն և քննենք թե ի՞նչ կերպով սկսեցին անոնք և ի՞նչ փոփոխություններու ենթարվեցան մինչև մեզի հասնելը:
Քրիստոսի քարոզած նոր կրոնն ալ անշուշտ պետք պիտի ունենար տաճարներու, սակայն ի սկզբան, երբ վարդապետությունը նոր էր, և հետևողներ շատ քիչ էին, բնականաբար չէր կարելի մտածել ո՛չ տաճարներու շինության և ո՛չ ալ անոնց ձևերուն վրա: Առաքելոց ժամանակ Երուսաղեմի մեջ, ուր սկիզբն առավ քրիստոնեությունը, տաճարներ կանգնել անհնար էր, ոչ միայն հավատացյալներու քիչության համար, այլ և ուրիշ քանի մը զորեղ պատճառներով ալ։
Նախ սաստիկ հալածանքը, որ անդադար կմղվեր նոր աղանդին դեմ, երկրորդ՝ անոր գլխավոր քարոզիչ ղեկավարները հավատացելոց թիվը բազմացնելու վրա կմտածեին։ Անոնց գործունեության միակ նպատակն էր ամբողջ հրեա ժողովուրդին հոգվույն տիրապետել. երբ կհաջողեին իրենց այս նպատակին մեջ, այն ատեն փոխանակ նոր տաճար շինելու, արդեն պատրաստ կունենային իրենց տրամադրության տակ Սողոմոնի հռչակավոր տաճարը և ուրիշ եբրայական ժողովարաններ։ Նոր վարդապետության ոգուն հակառակ հակասության մեջ պիտի ընկնեին առաքյալներ, եթե տաճարի նոր ձև ստեղծելու հետամտեին և կամ նոր կրոնին հերձվածի մը երևույթը տային, քանի որ նոր վարդապետությունը հնին շարունակությունը և կամ անոր բարեկարգությունն էր: Հին դարերու մեջ մարգարեից բերնով Իսրայելի ժողովուրդին հատկապես խոստացված փրկիչն էր նոր վարդապետը և հրապարակավ կհայտարարեր թե «ոչ եկի լուծանել այլ լնուլ»: Ուստի կմնար միայն ջնջել մոլորությունները, մաքրել տաճարը ապականություններե և դարձնել իսկական տուն աստուծո, որ վերջը եղած էր «այրս աւազակաց»։ Այս իսկ սկզբունքով ալ Էհովվայի կողմանե իր սիրելի ժողովուրդին փրկության համար ուղարկված մեծ բարեկարգիչը իր հոր տունը եբրայական տաճարը ընտրեց քարոզելու և սովորեցնելու համ՛ար։
Առաքյալներ ալ չշեղվեցան իրենց վարդապետին ուղղութենեն. հակառակ հաճախ տաճարեն նախատինքով դուրս վռնտվելուն, միշտ շարունակեցին տաճարին մեջ քարոզելու երթալը. շատ մը պարագաներու մեջ հարգանք ու ակնածանք ցույց տվին եբրայական հնավանդ ծեսերուն. մասնավորապես Պողոս վերին աստիճան հեռատես նրբամտությամբ տոնի оրերուն ածելված, մաքրված և ըստ ամենայնի հրեից սովորության համեմատ պատրաստված կմտներ տաճար ապացուցանելու համար, թե իրենք ճշմարիտ հավատացողներ և երկրպագուներ էին էհովվային և անոր առաջին մարգարե Մովսեսի բոլոր ավանդությանց:
Այս հեռատես քաղաքագիտությամբ Պողոս ոչ միայն հրեից մեջ բորբոքված մոլեռանդության բոցը կմեղմացներ, այլ և Հունաստանի մեջ իսկ հաջողեցավ իրեն դեմ մոլեգնած ամբոխը հանդարտեցնել և լի ակնածանոք խորին ուշադրություն հրավիրել իր վրա «ձեր անծանոթ աստվածը պիտի սովորեցնեմ» ըսելով։ Ուստի այս ուղղությամբ առաքյալներ ոչ միայն հույս պիտի ունենային եբրայական տաճարները քրիստոնեական սրբարաններու վերածելու, այլ և հեթանոսական տաճարներն ալ, որը թեև իսկապես իրականացավ, սակայն առաքյալներ իրենք չվայելեցին այդ սուր հեռատեսության պտուղը։
Առաքյալներ եթե իրենց կենդանության ժամանակ, ծանոթ և անծանոթ աստվածներու տաճարներ չկրցան քրիստոնեից տրամադրության տակ ունենալ, սակայն շնորհիվ իրենց ճարտար ղեկավարության ունեցան բազմաթիվ հետևողներ և անընկճելի կազմակերպված ուժ ոչ միայն հրեից դեմ, այլ և տիրապետող հռոմեական ահեղ կայսրության դեմ, որուն հալածանքներն ու տանջանքները քրիստոնեության ծավալումը արգելել չկարողանալեն զատ, ինքն ալ ամբողջությամբ բռնվեցավ կայսրության ամեն կողմը ճարպկորեն հյուսվող ցանցին մեջ։
Քրիստոնեությունը իր վսեմ ծրագրով այնպիսի հարմար ժամանակ հայտնվեր էր, որ բնականաբար ոչ մի ուժ բավական պիտի չըլլար անոր համաճարակ ընթացքը կասեցնելու։ Մեկ կողմանե Մովսեսի երկրավոր վարձատրության խոստումներու հետևանոք ընչաքաղցությամբ ապականած, հրեա ազնվականության ձեռք գերի եղած էր ստորին հասարակությունը Պաղեստինի մեջ, մյուս կողմանե հեշտամոլության և գազանային կիրքերու ու հաճույքներու գերի հռովմեական կայսրներու ճնշող, հարստահարող կառավարությունը պատրաստ հող էր ստեղծած նորածին վարդապետության սերմերն արադապես աճեցնելու համորեն կայսրության մեջ։
Քրիստոնեությունը ոչ միայն դեռ իր խանձարուրին մեջ, սեր, խաղաղություն, հավասարություն ու եղբայրություն կքարոզեր, այլ և երկնային անվախճան երանության դոները կբանար հավատացյալին առջև։ Լոկ խոսք չէին անոնց քարոզները, գործնականապես կապացուցանեին։ Սեփականությունը գոյություն չուներ անոնց մեջ, ամեն բան հասարակաց էր և ամեն ոք հավասար։ Հարուստը աղքատին, զորավորը տկարին, խելացին տգետին պարտական էր միշտ այս նորաբողբոջ հասարակության մեջ, և ով որ այս օրենքին դեմ կմեղանչեր, կպատժվեր… Տիրոջ կողմանե։
Ասկեց ավելի ինչ կարող էր գտնել տառապած և ստրկության ամրակուռ շղթաներու տակ շնչասպառ ահագին ամբոխ մը, որուն գլխուն ոչ միայն անմահության պսակ կհյուսվեր երկնից արքայության մեջ, այլ և այս աշխարհի մեջ ալ կմեղմանային իր թշվառության ցավերը և կլեցվեին կարոտությունները։ Ուստի բնական էր, որ զրկվածներու, ճնշվածներու ահագին հեղեղ մը, պիտի ստեղծվեր, որոնք պիտի գային անընդհատ ապաստարան և կյանք փնտրելու այս սփոփարար երկնային վարդապետության հովանավորության տակ։
Դեռ քրիստոնեության առաջին գարուն, հռովմեական կայսրության մեջ, քրիստոնյաներ այնքան պատկառելի թիվ կազմեցին, որ տակավ առ տակավ պետության իսկ մտահոգութուն պատճառել սկսավ։ Բացի հասարակ ամբոխեն, ազնվականներ, գիտուններ ալ սկսեր էին վարակվիլ Միխայիլ Ասորիի Պատմության մի հատվածը շատ պարզ ցուց կուտա այս համաճարակի որոշ աստիճանը: «Յայսմ ժամանակի յաւուրս Դոմետիանոսի (81-96 թ. թ.) աճեաց քրիստոնէութիւնն և եհարց Պատրուբուլոս զվարդապետն իւր Րոսինոս, թէ ի՞նչ նշանակէ այսքան բազմութեան հաւատալ ի խաչեալ այր մի, որ և Թէոդորոս իմաստապետն Աթենացւոց և Ափրիկանոս Աղեքսանդրացի և Մարտինոս Իբաթու (Հիպատոա) հաւատացին ի նա, թողեալ զվայելչութիւն աշխարհիս։ Ետ պատասխանի և ասէ․ «մի զարմանար ընդ այդ, զի կարծեմ թէ և աստուածք հնազանդին նմա»։ Եւ նա ասէ. «ո՞րպէս» և ասէ ցնա. «Զի անախտութիւն և անմեղութիւն և անընչութիւն է քարոզութիւն նորա․ յայտ է զի ի վեր է քան զամենեցուն քարոզդ այդ»։[5]
Հաջողության ճանապարհը ուղիղ էր և հունձքը անսպասելի կերպով առատ։ Առաքյալներ ցրված արևելք և արևմուտք, եռանդուն կերպով կգործեին, քաղաքե քաղաք, գյուղե գյուղ կքարոզեին, թղթակցություններ կգրեին հավատացելոց քաջալերության համար։
Առհասարակ նորահավատները գոհ էին նոր կրոնին մատակարարած բարիքներեն, միայն տրտունջներ կլսվեին վարչական ձևերու մասին, լավ չէին բաշխվեր նյութական օժանդակությունները, զրկվողներ և մոռացվողներ շատ կային անոնց մեջ, հարկ էր այլևս որոշ կանոններ և հաստատուն կազմակերպություն, որոնց միջոցավ կարելի ըլլար առատությամբ և հավասարությամբ մխիթարել բոլոր կարոտյալները, և վերջ տալ լուրջ հետևանքներ սպառնացող տրտունջներուն։ Ուստի ահա այստեղ, առաքյալներ ժողով գումարեցին, պաշտոնյաներ ձեռնադրեցին և անոնց յուրաքանչյուրին գործն ու պաշտոնը որոշեցին, և հիմք դրին այն մեծ կազմակերպության, արուն վրա թեև ի սկզբան անտարբեր հեգնությամբ վերաբերվեցան տիրող պետությունն ու ժողովուրդը, սակայն կոչված էր նա մեկ երկու դար հետո իրական սպառնալիք մը դառնալու երկար դարերե ի վեր նվիրագործված հեթանոսական անսասան հաստատություններուն։
Օր ըստ օրե բազմացող և հեթանոսոթյան մեջ ծեսերու և արարողություններու սովոր նորադարձ ժողովուրդին անախորժ երևցավ քրիստոնեական կրոնի բոլորովին պարզությունը, բնական հակում զգաց դեպի տաճարները և անոնց մեջ կատարվող բազմամբոխ տոները, բավական չեղավ իրենց կենդանի տաճար աստուծո ըլլալը։ Նյութական տաճարի կարիքն անխուսափելի դարձավ նույնիսկ առաքելոց ժամանակեն մեկե ավելի պատճառներով, տաճարը պիտի ըլլար այն շրջանակը, որուն մեջ պիտի հավաքվեր նորահավատ ժողովուրդը, տաճարը պիտի միացներ համորեն քրիստոնեից սիրտն ու հոգին, տաճարին մեջ պիտի լսեին փրկարար վարդապետության քարոզները, մեկնությունները։ Մանավանդ, ամենակարևոր ծես մը կար կատարվելիք նոր կրոնի մեծ վարդապետի վերջին կտակով նվիրագործված, որուն համար տեղ և բնակարան հարկավոր էր, պետք էր հաց կտրել և գինի խմել, և հավերժացնել «արարէք զայս առ իմոյ յիշատակի» պատվերը, որուն գործադրությունը պիտի ըլլար թե՛ ապագա բազմատեսակ ծեսերու և թե՛ քրիստոնեական տաճարներու հատակագծային բաժանման ոճին։
Մեկ կողմանե աղքատ հասարակությունը կերակրելու համար մեծաքանակ գումարներու անհրաժեշտ պետքը, մյուս կողմանե քրիստոնեից դեմ հարուցված խիստ հալածանքները, առաջին դարու մեջ մեծ արգելք էին տաճարներու շինության, ուստի առաքյալներ բավական համարեցին ոևէ ընդարձակ սրահի մը մեջ և այնտեղ քարոզել, աղոթել, հաց կտրել ըստ փրկչավանդ կտակի և խոսել ու խորհրդակցել հասարակաց բարօրության ու վարչական կանոններու վրա։
Ինչպես կերևի առաքելոց թուղթերեն, քրիստոնեական այս նախնական աղոթատեղիները և անոնց հաց կտրելու արարողությունը ավելի ընտանեկան ժողովի մը երևույթը ուներ, քան թե կրոնական պաշտաման սրբավայրի, որովհետև հաց կտրելու սեղանին շուրջը հավաքվողներու երբեմնի անպատշաճ վարմունքը առաքելոց դժգոհության առիթ տվին և խստիվ հանդիմանվեցան. փոխանակ համեստությամբ պատառ մը հացով և բաժակ մը գինով սիրո և եղբայրակցության ուխտը կատարելու, սկսեր էին զվարճության սեղանի մը նման ուտել, խմել, հարբել ու անվայել արարքների մեջ գտնվիլ․ այս պատճառով ալ հարկ եղավ միջոցներ ձեռք առնել սույն անպատշաճությունները չկրկնվելու համար։
Անշուշտ պաշտաման ժամանակ հավատացյալներու վարքի մասին հետզհետե կանոններ սահմանվեցան, սակայն աղոթասրահներու ձևերուն մասին ոչ մի կանոն կամ օրենք չեն երևիր առաջին դարուն մեջ։ Աղոթասրահին տեղը, դիրքը, ձևը ոչինչ նշանակություն չուներ, բավական էր որ հավատացյալներու երկսեռ բազմությունը պարունակելու չափ ընդարձակ ըլլար, ուր կարելի ըլլար հանգստությամբ կատարել այն ժամանակվան կարճ ու պարզ ծեսերը։ Կանանց անջատ կամ խառն աղոթելուն մասին ոչինչ օրենք չի նշմարվեր, նայելով եբրայական օրենքի տրամադրության, պետք էր որ կանայք առանձին տեղ գրաված ըլլային. կանանց համար բացառիկ օրենք միմիայն գլուխնին ծածկված աղոթքի ներկայանալն է։ Իսկ երբ ի նկատի ունենանք Պողոս առաքյալի բողոքը առաքելոց կիներու հետ շրջագայելը բամբասողներու դեմ, կարելի է ենթադրել որ ի սկզբանե այդ խտրությունն ալ չէ եղած։
Երուսաղեմեն դուրս գալ, Փոքր Ասիո և Հունաստանի զանազան կողմերը հետզհետե բազմացող քրիստոնյաներն ալ ի սկզբան ասկեց տարբեր սովորություններ չէին կարող ունենալ, սակայն բնական էր, որ ըստ միջավայրի և ճաշակի, հետզհետե հասարակ բնակարանե մը տարբեր, պատկառելի սրբավայրի մը երևույթը տալու պիտի ջանային, տակավ առ տակավ կահավորելով, ճոխացնելով և գիշերային ժողովներու ժամանակ սովորականեն ավելի լուսավորությամբ պայծառացնելով։
Առաջին դարուն մեջ, առաքյալներ եկեղեցվո ձևի մասին, եթե ոչ մի օրենք չավանդեցին, հայտնի կերևի որ ժողովուրդն ալ չզբաղվեցավ այդ խնդրով. քանի որ բազմապիսի սովորություններ և ծեսեր չկային, որպես զի ըստ ծիսական պահանջմանց որոշ հատակագիծ հարկ ըլլար։ Բացի հաց կտրելու արարողությունը, որուն համար սրահ մը և սեղան մը անհրաժեշտ էր, կարելի էր ամեն տեղ աղոթել, քարոզել այնտեղ, ուր բազմություն կար մեկտեղ, ուր որ ջուր կար, իսկ ձեռնադրել այնտեղ, ուր կարելի ըլլար երկու-երեք ձեռք դնելու իրավասուներ գտնել:
Առաքելոց հայացքով քրիստոնեական եկեղեցին զարդ կամ վայելչություն չէր պահանջեր։ Քրիստոսի եկեղեցվույն զարդը ժողովրդյան առաքինությունը, սերն ու բարեպաշտությունն էր, սակայն հակառակ առաքելոց անընդհատ սիրո և համերաշխության քարոզներուն, իրենց ձեռքով ձեռնադրված զանազան երկիրներու մեջ քարոզող եպիսկոպոսներ դեռ առաջին դարու մեջ սկսեցին դավանաբանական սուր վեճերու և ծնունդ տվին կուսակցություններու, այնպես որ շատ անգամ հարկ եղավ առաքելոց զորեղ միջամտության։ Ահա այն ժամանակ սկսած կուսակցություններն էին, որ ոչ միայն բազմատեսակ ծեսերու, արարողություներու և քրիստոնեական տաճարներու զանազանություններ պիտի ստեղծեին, այլ և պատճառ պիտի դառնային օր մը եղբայրասպան սոսկալի արյունահեղությանդց։
Երկրորդ դարուն մեջ քրիստոնեից թիվը թեև անհամեմատ ստվարացավ քան առաջին դարը, սակայն, պարբերաբար հալածանքներու դադարումը հակառակ ներգործություն կունենար քրիստոնեից բարոյական կազմակերպության վրա. երթալով կավելանային ոչ միայն կուսակցությունները և կուսակցական խոշոր կռիվները, այլև զանազան տեղերու մեջ համայն քրիստոնեից վրա ինքնագլուխ տիրապետելու կամ հովվապետելու տենչը կավելանար առաջնորդներու կամ եպիսկոպոսներու սրտին մեջ։ Այս դարուն մեջ սկսեցին եկեղեցական օրենքներ, մեկնություններ, աստվածաբանական խոշոր վիճաբանություններ, ժողովներ և նզովքներ։ Այս դարուն մեջ եղավ առաջին ժողով մը Նիկիո մեջ, ուր նզովվեցան Վաղենտիանոս և Սաբել Լիբիացին։
Հետզհետե աճող և երկրին խաղաղության սպառնացող այս վեճերը տիրող պետության ալ անհանգստություն և մտահոգություն պատճառել սկսեցին։ Տրայանոս կայսրը այս նոր աղանդները, կառավարության մեջ կազմված նոր կառավարություն մը համարելով, խիստ օրենքներ հրատարակեց անոնց դեմ, իսկ Տրայոնոսեն հետո Ադրիանոս և Մարկոս Ավրելիանոս լուրջ հալածանքներ սկսեցին, նույնիսկ պետական կազմին համար վտանգավոր համարելով։ Սակայն արդեն ժամանակն անցած էր, մեկ կողմանե քրիստոնյաներ հայտնի կամ գաղտնի անընկճելի ուժ կազմող քանակության հասած էին, մյուս կողմանե գտնվելով այդ կազմին մեջ, աշխարհական կամ կղերական հեղինակավոր անձինք, որոնք մեծամեծ շահերու միջոց դարձուցած էին կրոնը իրենց ձեռքին մեջ, ոչ մի միջոցի առջև կանգ չէին առներ այլևս իրենց նյութական շահերը պաշտպանելու համար, շատ անգամ անոնք կարողացան պետական շահերու վրա ալ ազդել, որով կայսերք ստիպված հաճախ տեղի կուտային այս կրոնեն մեծ շահույթներ ունեցողներու առջև։
Երրորդ դարու մի պատմագիր Կիպրիանոս, իր դարուն մեջ քրիստոնեության անվան տակ տեղի ունեցող զզվելի շահատակություններու մասին հետևյալ վճիտ նկարագիրը կուտա հալածանքը ազատութենեն ավելի նախապատիվ համարելով։
«Վերջին տարիներու փորձությունները ցույց տվին որ,− կսեր,− համաշխարհային բարուց ապականությունները հավասարապես քաշ կուտային քրիստոնյաներն ալ որովհետև հասարակության և անոր գլխավորներու այլասերումը այնպիսի կետի մը հասած էր, որ ամենախիստ միջոցները կարող էին ամբողջական բարոյական անկումե մը հետ կասեցնել։ Ամեն ոք իր անձնական հարստությունը ավելցնելու վրա կմտածեր։ Միահամուռ մոռցած առաքելոց ժամանակի հավատացելոց գործերը, կամ ինչ որ կպարտավորեին ընել միշտ, անհագ, անտարբեր են։ Ընդհակառակը կջանան անհագ ընչաքաղցությամբ իրենց հարստությունը ավելցնել։ Ոչ մի կղեր ցույց չէր տար ավանդական խոնարհությունը և ոչ մի պաշտոնյա կատարյալ հավատք, գթությունը այլևս գոյություն չուներ, համեստությունը անհետացած էր, մարդիկ իրենց մորուքներուն հետ կըխաղային, կանայք կշպարվեին և կնրբանային իրենց պճնասիրության մեջ, մազերնին և հոնքերնին արվեստով կներկեին։ Պարզամիտներուն սիրտը խաբելու համար ընտրեցին ամենահաջող խաբեբայություններ, և իրենց եղբայրներուն սիրտը մոլորեցնելու համար նենգավոր խրատներ։ Հեթանոսաց հետ ամուսնությամբ կկապվեին և անհավատներուն հետ զոհ կմատուցանեին քրիստոնյա հասարակության անդամներ։ Անվերջ հայհոյություններով չէին բավականանար, այլև երդմնազանց կըլլային։ Առաջնորդաց մեծագույն մասը, որ պարտավոր էր խրախույս և օրինակ այլոց հանդիսանալ, կարհամարհեր իրեն պարտկանությունները, հոգվով ապականված աշխարհային գործերու միջնորդ դարձավ նա. թափուր կթողներ իրեն աթոռը, ժողովուրդը լքված կթողներ իրեն ճակատագրին և կթափառեր ուրիշ գավառներ շահաբեր գործեր փնտրելով. երբեք օգնության չէր հասներ իրեն կարոտ եղբարց, միայն կբաղձար ոսկիի դեզեր ունենալ, կուզեր ստացվածքներ շորթել կեղծավորյալ խարդավանքներով և հարստանալ ծայրահեղ հափշտակությամբ»։
Իրաց այս վիճակին մեջ ստույգ է, որ քրիստոնյաներ 3-րդ դարուն շրջանին մեջ, թեև տակավին անհաստատ և պարբերաբար հալածված, ունեցան եկեղեցական ներքին որոշ կազմակերպություններ, ունեցան տաճարներ, թեև ոչ շքեղ և ամրակուռ, բայց որոշ ձևի տակ, ուր կկատարվեին մինչև այն ատեն սահմանվող ծեսեր, աղոթքներ և երգեցողություններ։ Քահանան և ժողովուրդը իրենց պատշաճ տեղը գրաված էին աղոթատեղիին մեջ, կրոնի նվիրված պաշտոնյայք զգեստավոր էին զիրենք հասարակ ժողովրդեն զանազանող տարազով։ Հիմա արդեն սրբավայրի մը պատկառելի երևույթը ստացեր էին եկեղեցիները։ Բայց տակավին ճշտիվ ծրագրված չէին հատակագծային բաժանումները, թեև նախնական բոլորովին անորոշ և կամայական դրութենեն անցած մի կերպ սահմանի տակ դրված էին, սակայն այնպես չէին ինչպես 6-8-րդ դարերուն մեջ եղած վերջնական տիպարները։
Առաքելոց վերնատունեն և կամ անոնց օրով եղած նման սրահներեն հետո առաջին և երկրորդ դարերուն մեջ ամենախիստ հալածանքներու ժամանակ, երբ անհնար էր արտոնություն ստանալ եկեղեցիներ կանգնելու, արևմտյան քրիստոնեից առաջին եկեղեցիները կամ աղոթարանները ստորերկրյա քարայրները եղան երկար ժամանակ։ Այս քարայրներեն շատերը բախտի բերմամբ իրենց ձեռքը կանցնեին, որովհետև անոնք նախաքրիստոնեական շրջանի մեջ ալ գոյություն ունեին Հռոմի և իր շրջակայից մեջ, կկարծվի թե հանքերու համար փորվածքներ էին, ուրկեց հալածված քրիստոնյաներ օգտվել գիտցան թե՛ ժողովներու և աղոթքներու համար և թե՛ ննջեցելոց թաղման համար որպես դամբարան։ Քրիստոնեական եկեղեցիներու հատակաձևի այս նախագծին մեջ եթե մի որոշ հատկություն կա, որ բուն իսկ քրիստոնեից ձեռքով հավելվածներ են, այն ալ այրին խորը բոլորակ ձևով առանձին փորված փոքր սենյակներն են, որոնք հատկացված էին մասնավորապես մարտիրոսներու մարմինները ամփոփելու, ուր քահանան՝ աղոթքի ժողովեն հետո, կմտներ այնտեղ և առանձին հոգեհանգիստի սաղմոսը կկարդար հանգուցելույն վրա։
Արևելյան քրիստոնեից համար այս մասին կարծիքներ կտարբերեին, առհասարակ սկսյալ Կեսարիայի շրջանեն, Փոքր Ասիայի հարավային կողմերը, Ասորիք, Հայաստան, Պարսկաստան տարածվող քրիստոնեից վրա համեմատաբար հալածանքը քիչ ըլլալուն համար, անոնք ունեցան քիչ թե շատ բաց օդին մեջ կանգնված եկեղեցիներ, սակայն այդ շինություններն այնքան խեղճ ու հասարակ էին, որ ոչ մեկը չհասավ գոնե պատմության ծանոթ շրջանին, մեկ մասը ինքնին փլավ կարճ ժամանակի մեջ և ոչնչացավ, մնացյալներն ալ քրիստոնեության պետական կրոն հռչակվելեն հետո, վար առնվեցան և անոնց տեղին վրա նորեր շինվեցան. այս շրջանին մեջ է, որ կհիշատակվի եկեղեցի մը, որ իբր անհաստատության պատճառով հեղեղեն քշվեցավ: Երրորդ դարուն վերջերը, երբ քրիստոնյայք բյուզանդական կայսրության թագը խաչին առջև խոնարհեցնելու չափ ուժ ու ազդեցություն ձեռք բերած և թվական գերակշռություն ունեցած էին, այլևս կասկած չէր մնար որ թե բավականին ազատ շունչ քաշելով քրիստոնյաներ տաճարներ շինած էին և թե անոր ձևերուն վրա որոշ կանոններ և օրենքներ հաստատած էին։ Այս դարուն մեջ ըստ ծիսական պահանջման եկեղեցիի մեջ, սեղանը իր տեղը ուներ, քահանայք և դպիրք իրենց տեղը և երկսեռ հավատացյալք իրենց հատուկ բաժինը, միայն այս բաժանումներուն մասին զանազան տեղերուն վրա տարբեր համոզումներ և հակառակ ուղղություններ կային։ Առայժմ գլխավորաբար երկու կերպ բաժանում հայտնի է, որ իրարու դեմ մրցեր են մինչև 7-րդ դար։ Առաջինը այն է, որ սրահին խորը կգտնվեր պատարագի սեղանը, անոր առջև քահանայից դասը, որուն անմիջապես կհաջորդեր ժողովրդին բաժինը և երևի ավելի ընդհանրացած և ընդունված ձևն այս էր, որ երբ Կոստանդիանոս քրիստոնեությունն ընդունեց, իր շինած բոլոր եկեղեցիներով, հատակագծերն այս ձևին պատշաճեցուց։ Երկրորդ ձևն այն էր, որ փոխանակ սեղանը խորը դրվելու կզետեղվեր կեդրոնին վրա, սեղանին շուրջը կկենային քահանայք և դպիրք և մնացյալ տարածությունը կգրավեր ժողովուրդը։ Այս տիպի եկեղեցիներ առ հասարակ բոլորակ կամ անկյունավոր բոլորշի ձև ունեցած են։
Անշուշտ այս զանազանությունները առաջ կուգային այլ և այլ տեղերու մեջ դավանաբանական վարդապետություներու և ս. գրոց տարբեր մեկնություններու պատճառավ։ Միլիոններու հասնող ժողովրդյան մը վրա միահեծան իշխելու տենչեն բռնված քարոզիչներ, եպիսկոպոսներ այնքան չափազանցության տարին քրիստոնեական վարդապետության պատրվակին տակ իրենց կուսակցական վեճերը, որ քայքայման վտանգ կսպառնար քրիստոնեության ամբողջական կազմին։
Թերևս քաղաքագիտական հեռատեսությամբ Կոստանդիանոս ևս քրիստոնեից հոգվույն վրա տիրապետելու տենչեն բռնված, նախքան իր դավանափոխ ըլլալը մեծամեծ պաշտպանություն և ապահովություն ցույց տվավ քրիստոնեից, իսկ իր քրիստոնեություն ընդունելեն հետո ալ, անմիջապես ձեռնարկեց իր հովանավորության տակ տիեզերական ժողով գումարելու, որպեսզի վերջ տա անախորժ երկպառակությանց և տարբեր տարբեր հատվածներ ի մի ձուլելով, անոնց վրա թե հոգևոր և թե մարմնավոր գերիշխանություն ձեռք բերե։
Քրիստոնեությունը ընդունելով, Կոստանդիանոս, ոչ միայն իր նոր հիմնարկած մայրաքաղաքը կշենցներ ու կհարստացներ, որը հին Հռովմը պիտի գերազանցեր, այլև արևմտյան կայսրության և համայն Եվրոպային սպառնացող բարբարոսաց աւրշավանքներուն դեմ կապահովեր ամբողջ երկիրը։ Երեք դար անընդհատ հավատո պաշտպանության անունով աներևակայելի հաստատամտությամբ և քաջությամբ հռովմեական ահեղ կայսրության ներքին ուժերը ջլատելու չափ կռվող քրիստոնյա հասարակությունը, երբ տեսավ իրեն գլուխ կանգնած քրիստոնյա թագակիրներ, ոչ միայն ավելի եռանդով և ոգևորությամբ պաշտպանեց երկիրը արտաքին հարձակումներու դեմ և ապահովեց կայսրության գոյությունը մինչև տասը դար ևս, այլև նյութական առասպելական հարստությամբ ողողեց թե՛ եկեղեցին և թե՛ կայսերաց պալատներն ու գանձարանները։
Ինչ որ ալ ըլլա Կոստանդիանոսի դավանափոխության նպատակը, վերջապես վերջնականապես դադար առավ քրիստոնեության դեմ եղած հալածանքը և փոխադարձ բուռն թափով անդրադարձավ հեթանոսներու դեմ։
Այս ժամանակը ոչ այնքան քրիստոնեական բարեկարգության, այլև գեղարվեստի վերածնության դար ալ եղավ։ Արվեստ և գիտություն նոր կրոնին հետ ձեռք ձեռքի տված հանկարծական փայլով մը զարգացուցին երկիրը, նոր կյանքի և նոր գործունեության շրջան մը սկսվեցավ. անթիվ եկեղեցիներ հիմնարկվեցան թե՛ մայրաքաղաքի և թե՛ կայսրության բոլոր նահանգներու մեջ. կսվի թե, Կոստանդիանոսի օրով ավելի քան 800 ճարտարապետներ զբաղված էին երկրին ամեն կողմը եկեղեցիներ, մատուռներ և վանքեր շինելով։ Պատմական ավանդություն կա, որ Կոստանդիանոսեն մինչև Հուստինիանոս 190 տարվան մեջ 18000 եկեղեցիներ հիմնարկեցին միայն Արևելյան կայսրության մեջ։
Քրիստոնեության պաշտոնապես ազատության սկզբնական շրջանին մեջ երբ բավարար թվով եկեղեցիներ չկային և անմիջական պահանջ կար մեծ քանակությամբ եկեղեցիներու, և նոր եկեղեցիներ կառուցելը երկար ժամանակի կարոտ էր, այդ անխուսափելի պահանջին շուտով բավարարություն տալու համար, Կոստանդիանոսի հրամանով քրիսաոնեից տրամադրության տակ դրվեցան բոլոր հեթանոսական տաճարներն ու քաղաքային շինություններեն մեծ մասը․ գլխավորաբար բազիլիք ըսված շինությունները, որոնք անխտիր եկեղեցիներու փոխարկվեցան թեթև փոփոխություններով և նորոգություններով։ Արևելադրության սկզբունքը տակավին քրիստոնեից մեջ վերջնականապես մուտ գտած չըլլալը մեծապես օգնեց հեթանոսական շինությունները քրիստոնեական եկեղեցիներու փոխարկվելուն. դեռ 6-րդ դարու Այա-Սոֆիան ուղիղ արևելադրված չէ, իսկ ներքին բաժանման մեջ կռապաշտական տաճարներե ունեցած տարբերությունն այն էր, որ Զևսի գահուն վրա պիտի բազմեր հաղթական Էհովվան, և միածին Միներվի տեղը պիտի գրավեր Էհովվայի միածին Քրիստոսը։ Շատ քիչ ժամանակ էր հարկավոր, որ հեթանոսական բազմաթիվ երկրորդական աստվածներու թափուր մնացած աթոռներուն վրա ևս գային բազմելու քրիստոնեից բազմաթիվ սուրբերը միևնույն ավանդական և առասպելական նվիրագործումներով։ Իսկ մնացյալ մասերը, որոնք աստվածային, պաշտոնեությանց և ջերմեռանդ հասարակության կվերաբերեին, գրեթե անփոփոխ մնացին։
Քրիստոնեության պետական կրոն հայտարարվելեն առաջ, քրիստոնեության դարձող հեթանոսներ եթե կամավ կամ համոզումով հրաժարած էին կռապաշտական առասպելական ավանդություններե, քրիստոնյա պետության մը հալածանքներու տակ բոնի դավանափոխ եղողներ բնականաբար դյուրավ չպիտի հրաժարվեին իրենց սրտին մեջ արմատացած դարավոր հավատալիքներեն և ավանդություններեն, պայքարը նույնքան երկար և ահեղ պիտի ըլլար, ինչպես քրիստոնեության պայքարը հեթանոսության դեմ, եթե 4-րդ դարու եկեղեցվո քրիստոնյա քարոզիչներ հետևելով իրենց նախորդներու, Մովսեսի և Պողոսի խորագետ քաղաքագիտության, չվերանորոգեին հին ավանդությունները և սովորությունները, քրիստոնեական ծեսերու տակ մի կերպ սրբագործելով։ Ուստի այդ սկզբունքով ալ ոչ միայն խոտելի չեղան կռռց տաճարներու հատակագծային բաժանումները քրիստոնեից համար, այլև անոնց վերագրված սրբազան անուններն ալ օծումով և պաշտամունքով սրրագործվեցան, գրեթե միևնույն անուններով։ Հեթանոսական կույս Միներվի մեհյանը քրիստոնեական ս․ կույսի տաճար եղավ, Արևի մեհյանը ս. Հեղիի և բոլոր աստվածներու տաճար՝ Բանթեոնը— ամենայն սրբոց տաճարներու փոխարկվեցան։ Նույն բանը եղավ նաև հայոց մեջ, որուն մասին հետո պիտի տեսնինք։
Այժմ քննենք, թե ինչ խորհրդավոր ձև և բաժանում էր հարկավոր քրիստոնեական տաճարներու, որոնք պահելով իրենց մեջ եբրայական հին ուխտի տաճարներուն բոլոր բնորոշ գծերը, նաև պատշաճություն տրված ըլլար նոր ուխտի տաճարներու գլխավոր վարդապետությանց պահանջներուն, միևնույն ատեն հնարավորություն լիներ հեթանոսական տաճարներու և բազիլիքներու քրիստոնեական եկեղեցիներ փոխանակելուն։
Նոր կտակարանի տեսակետով հին ուխտը նորին ստվերն էր, կամ ավելի պարզ հին կտակարանի հին մովսեսավանդ ծեսերը, ավանդությունները. ապագա քրիստոնեության նախագիծ պատկերներն էին, որոնք ժամանակավորապես ծածկված պիտի մնային խորհրդավոր քողի տակ մինչև Մեսիային հայտնագործությունը. և անկեց հետո՝ հին սովորությունները նորին մեջ պիտի ունենային դարձյալ իրենց հատուկ պատշաճ տեղը, ավելի պարզված, մեկնված, և իրականության փոխված այն ամենը, որոնք ի հնումն լոկ մարգարեություններ էին միայն։
Այստեղ համեմատենք եբրայական տաճարի պաշտաման և սպասարկությանց հատուկ մանրամասնությունները քրիստոնեական տաճարի մանրամասնությանց հետ և տեսնենք թե ինչո՞վ տարբերվեցավ վերջինը առաջինեն.
Եբրայական տաճարի մանրամասնությունները
1) Սրբարան
2) Սրբություն սրբոց
3) Տապանակ ուխտի
4) Տապանակին մեջ դրված քարե տախտակ տասն պատվիրանաց, օրինաց թուղթ և մանանա
5) Զոհի սեղան
6) Աշտանակ յոթը թևով
7) Բուրվառ կամ խնկաման
8) Վարագույր սրբարանի
9) Քահանայից և դպրաց դաս
10) Հավատացելոց դաս կամ Իսրայելի գավիթ
11) Հեթանոսաց գավիթ
Քրիստոնեական տաճարի մանրամասնությունները
— Խորան
— Խաչը, սրբատուփը
— Խաչկալ
— Ավետարան և հաղորդություն
— Պատարագի սեղան
— Աշտանակ յոթը թևով (հունաց մեջ մինչև այսօր գործածական)
— Բուրվառ և խնկաման
— Վարագույր խորանի
— Քահանայից և դպրաց դաս
— Հավատացելոց և կամ մկրտված քրիստոնյաներու աղոթքի դաս
— Երեխայից կամ ապաշխարողաց գավիթ
Ինչպես կերևի այս համեմատությունեն, հինին և նորին հատկությունները գրեթե միևնույնն են, շատ մասնավոր փոփոխություններով և կամ հավելումներով, հետևաբար նախկին երեք դարերու քրիստոնեության վարդապետները պիտի մշակեին այս ձևը լիովին ծիսական պետքերու մեջ բավարարություն գտնելու համար և այդպես ալ եղավ արդեն։ Թեև բացի եբրայական տաճարի մանրամասնութենեն մտավ նաև քրիստոնեական եկեղեցիներու մեջ հեթանոսական տաճարներեն ալ բաժիններ նույն հատկություններով և նույն անուններով, սակայն այդ մասերը թե՛ քիչ ուշ մտան և թե՛ այնքան ալ պարտավորիչ չեղան երկար ժամանակ. պարբերաբար միայն պահանջ զգացվեցավ անոնց։
Եգիպտացոց, հունաց և այլ հին ազգաց տաճարները քննելով մենք տեսանք, անոնք եբրայական տաճարներե տարբերություն չունենալեն զատ, եբրայական տաճարը կետ առ կետ ձևված էր անոնց վրա, արդ, երբ հեթանոսական տաճարը կպատշաճի եբրայական տաճարին, բնական էր, որ դյուրավ պիտի պատշաճեր նաև քրիստոնեական տաճարին, բացի հետզհետե ավելացած մեկ-երկու հերձվածական պահանջներեն և արևելադրության սկզբունքեն։
Կմնա քննել բազիլիք ըսված շինությունները, թե ինչ էին անոնք և ինչ հատկություններով պատշաճություն տվին եկեղեցիներուն և իբրև նախատիպ ծառայեցին ապագա բազմաթիվ եկեղեցիներու, մասնավորապես Արևմուտքի մեջ։
Բազիլիքները, քառակուսի և իրենց լայնության կրկնապատիկը և երբեմն մինչև եռապատիկը երկարությամբ շինություններ էին, արտաքուստ բոլորովին պարզ, իսկ ներքուստ դեպի երկարությունը շարված երբեմն երկու, երբեմն չորս կարգ սյունաշարերով երեք կամ հինգ մասերու կբաժանվեին, միշտ մեջտեղի սյունամիջոցները համեմատաբար լայն քան կողմնակիները. երկարության խորը կվերջանար կիսաբոլորակ աբսիդով մը։ Աբսիդին մոտ երկու կողմերուն վրա անոնք հաճախ կունենային երկու փոքր սենյակներ, որանք Chaicidique կանվանվեին: Այս ձևին հռովմեացիք ծանոթացան Հունաստանի մեջ մակեդոնական պատերազմի ժամանակ նախքան 231 թվականը Քրիստոսե առաջ։ Հռովմի մեջ 204 թվին Ք. ա. առաջին օրինակը շինեց PorciuS Caton, որը Porcia կոչվեցավ. երկրորդ օրինակը Marcos fuilvius Nobilius և այսպես հաջորդաբար շարունակվեցան մինչև քրիստոնեության օրերը, որոնց մեջ գտնվեցան երբեմն մեծամեծ ու նշանավոր բազիլիքներ ինչպես Տրայանոսի, Յուլբիայի և այլն և այլն, և անոնցմե շատերն ալ քրիստոնեական եկեղեցիներու փոխարկվելով պահվեցան մինչև 7-8-րդ դար։
Բազիլիքներու ձևերուն և հատկություններուն վրա կատարյալ գաղափար կազմելու համար ընտրանոք կդնեմ այստեղ կատարելագործյալ շրջանի երկու բազիլիքներու հատակագծեր, որոնցմե առաջինը կվերաբերի Տրայանոս կայսեր Basilique Trajan անվամբ և երկրորդը baslqliue d’Herculanum:
Այս շինությունները հատուկ էին մեծամեծ ժողովներու, ուր կհավաքվեին երբեմն կայսեր նախագահությամբ երկրին մեծամեծ իշխանները, դատավորները և օրենսգետները, ժողովրդյան ներկայությամբ հասարակական և ազգային մեծամեծ խնդիրներու վրա խորհրդակցելու համար։ Կիսաբոլորակ աբսիդը հատուկ էր թագավորին, ուրկեց առած է յուր բազիլիք անունը հունարեն վասիլիոս բառեն առնելով, իսկ ի բացակայության թագավորին փոխանորդող նախագահը պիտի նստեր այնտեղ։ Երբ աբսիդը մեծ էր, ամբողջ կիսաբոլորակ շրջանակին հավասար կարգով կնստեին մյուս պաշտոնյաները կամ խորհրդականները, սյունազարդ ընդարձակ սրահը հատուկ էր ունկնդիր ժողովրդյան բազմության, կողմնակի փոքր սենյակները հատուկ էին խորհրրդակցության, արխիվի և այլ զանազան երկրորդական պետքերու:
Այս ձևը ոչ միայն իր ընդարձակությամբ և խորը գտնված կիսաբոլորակով վերին աստիճան պատշաճ էր քրիստոնեական հանդիսավոր թափորներու և արարողություններու, այլև ոմանց երկու կողմին վրա եղած փոքր սենյակներուն պատճառով խաչաձևի մոտեցող հատկությունը իբրև նախագաղափար պիտի ծառայեր ապագա քրիստոնեական եկեղեցիներու խաչաձև հատակագծերուն[6]. ուստի խորը գտնված կիսաբոլորակ աբսիդը սրբարանի վերածելով՝ պատարագի սեղանը զետեղեցին անոր կենտրոնական մասին վրա բոլորովին անջատ կերպով, ճշտությամբ իրագործելու համար թե՛ մովսեսական զոհի սեղանի դիրքը և թե՛ Դավթի «լուացից զձեռս իմ սրբութեամբ և շուրջ եղից զսեղանով քով» խոսքը։
Սեղանին դրված տեղը, այսինքն աբսիդին հատակը ավելի բարձր շինեցին հասարակության տեղեն զանազանելու համար, ըստ որում սա սրբարանին փոխանցումն էր։ Խաչկալը, որ եբրայական Տապանակ ուխտին տեղը բռնեց, պատշաճապես հորինվելեն հետո, վրան զետեղեցին խաչը, որը Քրիստոսի աներևույթ ներկայությունը կհիշեցներ ինչպես Տապանակին մեջ Էհովվայի աներևույթ ներկայությունը կհիշեցներ սրբություն սրբոցը, Տապանակին մեջ դրված տասն պատվիրանաց քարե տախտակին և օրինաց գրքին փոխարինեց ս. գիրքը, մանանային տեղը հաղորդությունը՝ գոյափոխյալ Մարմին տյառն սրբատուփով կամ սկիհով։ Եբրայական տաճարի սրբարանին վարագույրը նույնությամբ ընդունվեցավ քրիստոնեից մեջ նույնպես նաև պաշտաման հատուկ շատ մը սպասներ, ինչպես յոթը ճյուղերով աշտանակ, բուրվառ, խնկաման։ Ծիսակատար կղերականներու հագուստներ ևս անփոփոխ նույնն են քրիստոնեից մեջ, ինչ ձևով որ Մովսես շինել տվավ դեռ անապատին մեջ, շատ թեթև քրիստոնեական խորհրդանշաններու հավելումներով։ Գլխավոր տարբերություն մը եթե կար եբրայականին և քրիստոնեականին սկզբնական շրջանին մեջ, այն ալ եպիսկոպոսական աթոռը աբսիդի խորը դրվելով՝ մնացյալ հոգևորականներու աբսիդին համահավասար ուղղությամբ շարվելն էր․ այս կերպ զետեղման պատճառ տվին բազիլիքները, եպիսկոպոսը իբրև եկեղեցվո պետ այնտեղ պատշաճ համարեց, ուր որ բազիլիքի մեջ թագավորը կնստեր իբրև աշխարհական պետ, սակայն այս կերպ կարգադրթյունն ալ բոլորովին կամայական կերպով չեղավ, կղերը հիմք գտավ այս ձևին պատշաճության Հովհաննու Հայտնության Ե գլուխին մեջ, ինչպես նաև ուրիշ քանի մը արարողություններու։ Ինչպես կերևի, եպիսկոպոսական աթոռին և քահանայից ու դպրաց դասին աբսիդին մեջ տեղ բռնելու սովորությունը ընդհանրապես չընդունվեցավ, գլխավորաբար հունաց եկեղեցին էր, որ երկար ատեն պահեց այդ ձևը. մինդեռ արևելյան եկեղեցիներեն մեկ քանին կամ շատ շուտով փոխեցին այդ ձևը և կամ բնավ չընդունեցին և քահանայից դասուն հատկացուցին խորանին անմիջապես հաջորդող մասին վրա, որ կգտնվեր ժողովրդյան բաժնին և սեղանին մեջ տեղ. ասով թե՛ նմանություն տվին հին ուխտի ծիսական ձևին և թե՛ խորհրդավորություն մը քահանայից պաշտոնին որպես միջնորդ աստծու և ժողովրդյան մեջ։
Բտզիլիքներու մեջ եղած սյունաշարերը, դյուրացուցին հին օրենքեն քրիստոնեության անփոփոխ կերպով անցնող կանանց գավթի բաժանման խնդիրը, մեկ սյունեն մյուսը ձգված երկաթե ձողերու միջոցով կախված վարագույրներով զատեցին սրահին մեկ թևը և հատկացուցին կանանց, իսկ մյուս թևը մինչև առանձին հեթանոսաց գավիթ շինվելը կծառայեին իբր հեթանոսաց գավիթ, կամ երեխայից և ապաշխարողաց բաժին, կեդրոնական մեծ թևին մեջ բռնեցին ճշմարիտ քրիստոնյաները հանդեպ խորանին, ուրկից համարձակ կտեսնեին եկեղեցական բոլոր արարողությունները և կլսեին ընթերցմունք կամ սաղմոսերգություններ։
Ուրեմն այս կարգադրությամբ Քրիստոսի եկեղեցին ալ ունեցավ հետևյալ գլխավոր հատակագծային բաժանումները, գրեթե նման նախընթաց դարերու զանազան դավանությանց պատկանող ազգերու կրոնական տաճարներուն.
1․ Աստվածային աներևույթ ներկայության գահը.
2. Քահանայից բաժինը.
3. Ժողովրդյան սրահ.
4. Հեթանոսաց գավիթ։
Պետքը ստեղծեց բնակարանները, իսկ ճաշակը անոնց զանազան զարդարանքները։
Նախնադարյան ժամանակներու մեջ բնակարանները սկսվեցան ստորերկրյա նկուղներե և քարայրներե․ ու մարդկության զարգացման համընթաց զարգանալով փոխվեցան մեր օրերու մարմարյա և բյուրեղյա հրաշագեղ պալատներուն։
Այս շինություններու արվեստը եղավ ճարտարապետության և անոնց ձևերը եղան ոճ:
Շենք մը իր ընդհանուր ձևին մեջ ունեցավ ոճերու երեք գլխավոր ստորաբաժանումներ, որոնք են ներքին բաժանում, շինության կերպ և զարդարանքներ, ասոնք ալ եղան ոճեր և գործածվեցան շատ անգամ իրարմե անկախ։
Այս ոճերը, ամեն երկրի մեջ, ըստ միջավայրի տարրական պահանջներու, իրարմե տարբեր ուղղություն ստացան, որով ծագում են մինչև մեր օրերը անհամար ճյուղերու բաժանվեցան, այնպես որ ոչ միայն երկրե երկիր, այլ նաև քաղաքե քաղաք նորանոր ոճերու ծնունդ տվին։
Ներքին բաժանումները ծնվեցան յուրաքանչյուր երկրի ընտանեկան և տնտեսական պահանջներու համաձայն. շինության կերպը զանազանվեցավ նույն երկրներու արտադրած շինվածանյութերու տեսակին և կլիմային համեմատ, իսկ զարդարանքներու մեջ դեր խաղացին միջավայրի բնական դիրքերը, զիրենք շրջապատող բնությունը և անոնց ազդեցության տակ զարգացող ժողովուրդին ստեղծագործական ոգին ու նրբացած ճաշակը։
Մի քանի երկրներու մեջ կրոնքը ոչ նվազ նշանակություն ունեցավ գեղարվեստի ծաղկման և անհամեմատ արագ զարգացման վրա։ Ըստ ամենայնի ճոխ ու հսկա շինություն մը շինելու համար, նախաքրիստոնեական դարերու մեջ այնքան յուրահատուկ ձևեր և հարամասունքներ ստեղծվեցան, որ հետագա սերունդներու մեջ, նախապես պատրաստված բազմաթիվ նյութերու տարբեր-տարբեր դասավորությունները եղան ոճեր։
Հետագա սերունդներն ալ անպտուղ չմնացին, անոնք ալ ըստ իրենց միջավայրի և ճաշակի զարգացման աստիճանի, բազմաթիվ ճյուղեր պատվաստեցին այդ բազմադարյան ուռճացած հաստ բունի վրա։ Հին ձևերը կոկեցին, նրբացուցին և խառնելով ճաշակի ու հանճարի նորանոր պտուղներուն հետ, ավելի վայելուչ գեղեցկությամբ դասավորեցին:
Ճարտարապետական արվեստի նախնական ավազանը եղավ հին Եգիպտոսը և հին Ասորեստանը, ուրկեց հոսող հորդահոս հեղեղը երբ կողողեր ամբողջ երկրագունդը, այդ հոսանքին աոջև ընկավ նաև հայոց աշխարհը իր աշխարհագրական դիրքին պատճառավ:
Հայերուն համար անհնար էր չազդվել այդ խուռն հոսանքեն, և լիովին օգտվեցան իրենց շուրջը ծովացող բազմակողմանի արվեստներեն և գիտություններեն։ Ամեն կողմե հավաքեցին գեղարվեստի նյութեր և խառնելով իրենց սեփական ստեղծագործությանց հետ, կազմեցին իրենց ուրույն ճարտարապետությունն ու ոճերը:
Քրիստոնեության շրջանին մեջ− ավելի քան տասը դար− հայերը պաշտեցին իրենց արվեստներու թագուհին, հետզհետե զարդարեցին ու պճնեցին զայն իրենց սիրած ու համակրած և իրենց սեփական հանճարի ծնունդ մանվածո ժապավենազարդ հրապուրիչ տարազներով, որուն անդիմադրելի հրապույրեն ազդված դրացի ժամանակակից ժողովուրդներ, կամաց-կամաց ընդօրինակեցին անոնցմե շատ բան։ Զարդարանքի զգալի բաժին ունեցան 12-13-րդ դարուն արևմուտքի ամենաշքեղ ոճին մեջ ։
Հին оրերեն մեզ հասած պատկառելի փլատակներու առջև կանգնող մը, լիովին հափշտակված անոնց դյութիչ երևույթեն, ակամա հարց կտա ինքնիրեն,− արդյոք ի՞նչ ոճ է։
Հարցում մը՝ որուն բավարար պատասխան գտնելու համար հին դարերու բարդիբարդ կուտակումներու մեջ պետք է խորասուզվել, պետք է պատռել երկրին ծոցին մեջ ժամանակի թանձրացուցած խավերը, այնտեղ պիտի գտնենք այսօր այլանդակված, բայց երբեմնի գեղեցիկ մարմնի զանազան անդամները ու անոնց ծագումն ու զարգացման շավիղը, ծնունդն ու մահը, վերջապես անոր կյանքի ամբողջ պատմությունը։
Պարբերաբար եղան գիտական խուզարկություններ մասնագետներու և բանասերներու կողմանե, միայն մի քանի օրերով, բայց այդ հապճեպ և թռուցիկ արշավանքներու արդյունքը այնքան մակերևույթսյին եղան, որոնց հետևանքն է այսօրվան մեր ձեռքը ունեցած ուսումնասիրություններու զիրար հակասող եզրակացությունները։
Հաճախ կտեսնվի անոնց մեջ շփոթված եկեղեցական ոճը ճարտարապետական կամ գեղարվեստական ոճի հետ (քրիստոնեութենեն հետո ավելացավ տաճարներու հատակագծային ոճ մը, որուն ծնունդ տվավ դավանությունն ու ծեսը)։ Մեկը տեսեր է տաճար մը, որը որոշ չափով հատակագծի նմանություն կբերեր հունականի կամ բյուզանդականի, արձանագրել է զայն նույն ոճերու ենթարկված լիովին, առանց ուշադրության առնելու անոր կազմությունն ու տարազը, որ բոլորովին հակապատկեր մը կներկայացնե հատակագծին։ Ուրիշ մը կտեսնե փլատակի մը մեջ արաբիկ կամ պարսիկ ոճի զարդարանքներու բեկորներ, այլևս չի վարանիր զայն հեթանոսական կամ այլադավան տաճար մը անվանելու, առանց քննելու անոր պարբերաբար կրած այլափոխումները։
Ուրեմն առանց բազմակողմանի ուսումնասիրության դեռևս չի կարելի ճանչնալ հայոց ճարտարապետության խմորումներու զանազան աստիճանները և վճիռ կայացնել անոր ոճերուն վրա:
Ե՞րբ կունենանք մենք այս հետաքրքրական և ցանկալի լուծումը, այն ատեն՝ երբ հայ ժողովուրդն ալ օտարներու նման խորապես կզգա անոր անհրաժեշտությունը պատմության և առաջադիմության համար, գիտնական ժողովասրահներու մեջ խոսված ոգևորյալ ճառերեն հետո խոսքերը լուրջ գործի կփոխվեն, կկազմվի կարող մասնագետների հավաքական արշավանք մը, միևնույն ժամանակ ուժ կտրվին բահի ու բրչի գիտնական մշակներուն, մանրակրկիտ կուսումնասիրվին ամբողջ Կովկասն ու Արարատյան աշխարհը յուր ընդարձակ շրջանին մեջ ոչ մի բեկոր կամ փլատակ անկարևոր չհամարելով, այն ատեն մեր աչքին առջև պայծառ գույներով կպատկերանա ոչ միայն հայոց ճարտարապետական ոճը, այլև մեր բնակած ամբողջ միջավայրի գիտությանց և արվեստներու ճշգրիտ պատմությունը՝ սկսյալ անհիշատակ ժամանակներե։
Ժամանակե մը ի վեր գիտնականներ աչալուրջ զննություններով կզբաղին բյուզանդական ճարտարապետության ոճով։ Ոճ մը սակայն, որ հակառակ իր սեփական անվան՝ ինքնուրույն և բնածին ծագում մը ունեցած չըլլալուն, հարկ եղած է գիտնականներու լույս բերել այն հարակից ճարտարապետական ազդակները՝ որոնցմով բյուզանդականը շինած է իր անունը գեղարվեստի պատմության մեջ։
Ինչպես սույն ճարտարապետությունը, նույնպես և իրեն պատմությունը 10 դարերե ավելի հնություն մը կրած ըլլալով, կարծվածին չափ դյուրին չէ եղած պարզել ա՛յն գաղտնիքները, որոնց մեջ թաղված են եղել ազգեր ու ժամանակագրական պատմությունները:
Շնորհիվ պեղումներու և հետազոտություններու, այս գաղտնիքները շարունակաբար պարզելու, նվիրած են հայ անունին այնպիսի թանկագին նկարագիր մը, որու էջերը պատվավոր տեղ մը գրաված են այսօր ազգերու գեղարվեստական պատմության մեջ։
Բյուզանդիոնի Այա-Սոֆիան հետազոտող գիտնականները՝ պահ մը կանգ առած են նաև Անիի ավերակ եկեղեցիներուն առջև, և այդ փուլ եկած ճարտարապետական կմախքներուն վրա իսկ հիացած ու բյուզանդական և հայկական ոճերու մեջ եղած նմանությանց վրա զարմացած՝ կարծիք հայտնած են թե մին մյուսին փոխանցումն է։ Կմնար ուրեմն որոշել թե ո՞րն էր նախատիպը։
Գիտնականներ՝ ինչպես Լայարդ իր Ninive and Babylon (1353) գործին մեջ, հայկական ոճին ի նպաստ կխոսի․ Տեքսին ևս իր Description de l'Asie Mineure և Architecture Byzantine-ի վերջին գլուխներուն մեջ կարծիք կհայտնե, թե հայկական ճարտարապետական ոճը փոխանցվում է գոթական ոճին և այս վերջինիս նախատիպն է հանդիսանում։
Ուրիշ գիտնականներ՝ ինչպես Շուազի և Ստրչիգովսկի, կհաստատեն այս բոլորը։ Փարիզի Սորբոնի համալսարանի մեջ բյուզանդական ճարտարապետության դասախոս պրն. Դիել (Diehl) գիտնականին խոսքերը, մարտ 6, 1907 թվին դարձյալ նույնը կհաստատեն.
«Աշխարհի արևելյան կողմը, Փոքր-Ասիո այժմյան թրքաց և ռուսաց և պարսից մեջ բաժանված հայկական երկիրները ժամանակին մի դրոշի, մի գահի և մի կրոնի տակ կկազմեին պետություն մը, որ զարգացած պետություններու պես իր օրենքներն ուներ»։
«Ի բնե ուշիմ, խելացի ու շինող ժողովուրդ մը եղած է հայ ազգը, չնայելով իր քաղաքական աննպաստ դիրքին, որ ամեն ատեն և ամեն անգամ հարձակումներ կրած է դրացի թշնամի և ոչ քրիստոնյա ազգերե, որոնք ավերած, քանդած և փլցուցած են իր կառուցվածները։ Չնայելով իր այս անխաղաղ վիճակին, այս ազգը միշտ պահած է իր ինքնուրույնությունը, մինչև որ բաժանված է երեք մեծ պետություններու միջև»։
«Իր ավերակներու մեջ նշմարված կիսափուլ շենքերը, կամ իր հին ճարտարապետական և վերջերը նորոգված նմուշները, իրենց բյուզանդական ոճի նմանությամբ, արժանի կընեն մեր բյուզանդական ճարտարապետության դասերուն մեջ ուսումնասիրելու ինչպես նույն ազգը, այնպես և իրեն ճարտարապետական արվեստի ոճը»։
«Այդ շենքերը, տարածված Հայաստանի այս և այն կողմերը, որքան որ բյուզանդական ճարտարապետության ոճին կնմանին, սակայն իրենց առանձնահատուկ սեփական նիշերով բոլորովին կտարբերին անոնցինեն. և այսպես ճարտարապետական ոճերու շարքին վրա կավելացնեն նաև խիստ հետաքրքրական ոճ մը «Հայկական արվեստ» (L'Art armenien) անունով։
«Հայկական ոճի ընդհանուր հատկություններն են.
Ա. Եկեղեցիները ամբողջովին քարեղեն են։
Բ. Հատակագիծը խաչաձև (տարբեր բյուզանդական խաչեն)։
Գ. Գմբեթը դրսեն բրգաձև է։
Դ. Կամարներու վրա հանգչած գմբեթ մը դրված է շենքին տանիքին վերև։
Ե. Պատերու վրա կանոնավոր եռանկյունաձև խորշեր շինված են։
Զ. Հայկական դեկորատիվ քանդակները շատ անգամ բնածին են և ինքնուրույն հեղինակություն, ոչ թե ընդօրինակություն»։
«Ահա ասենք են ընդհանուր հատկանիշները հայկական ճարտարապետության, որ մենք պիտի ուսումնասիրենք այժմ՝ տեղվույն վրա իսկ առնված մեր քննական լուսանկարներով։
«Նախ՝ Վանա ծովակին վրա կառուցված Աղթամարի եկեղեցին և Էջմիածնի վանքը, որ քանի մը անգամներ նորոգված ըլլալով հանդերձ, պահած են իրենց նախկին ոճը, սակայն այս եկեղեցիներուն հատակագիծը կամ խաչաձևը՝ ավելի նման է հունական խաչին։ Իրենց գմբեթը հաստատված է չորս զորավոր կամարներու վրա, որոնք ավելի հաստատություն և գեղեցկություն կուտան շենքին»։
«Երկրորդ− Հռիփսիմյանց վանք կոչված եկեղեցին, Վաղարշապատի մեջ, որ հայկական ճարտարապետության գլուխ գործոցը կրնա համարվիլ իր իսկական նշանակետերով, իր հատակագծի խաչը երկար է և նեղ և չորս թևերու ծայրերն ալ կլոր են։ Շենքը պարզ և հաստատուն է պատերու դրսի կողմը գտնված մի-մի զույգ նեղ եռանկյունաձև խորշերով։
Երրորդ− Գանձասարի եկեղեցիները։
Չորրորդ− Հախպատի և Գառնո վանքերը։
«Հինգերորդ− Անիի Մայր եկեղեցին, որ այժմ թեև ավերակ, այլ իր կրած արձանագրության համեմատ 900 տարվան հնություն մը կկրե, հատակագիծը ս. Հռիփսիմեի վանքին հետ նույնն է, սակայն շենքը անկե ավելի ճոխ քանդակներով զարդարված և ավելի մեծ է։ Դրսի տեսքը վեհ է, իսկ ներքինը՝ փառավոր, նեղ ու երկար սյուներով զարդարված։ Շենքը գունավոր քարերով հյուսված է։
«Ուրեմն Հայկական եկեղեցիներու սույն ճարտարապետական ձևերն իրենց բնածին, հատկանշական և առանձնահատուկ նկարագիրներովն իսկ, շատ կնմանին բյուզանդական ճարտարապետության քան ուրիշ ազգերու ճարտարապետական ոճերուն։ Թե արդյոք սույն նմանությունը պատահակա՞ն է թե փոխանցում. այս հարց մ' է, որը լուծելու համար գիտնականներ բավական զբաղված են։
«Ոմանք կարծած են թե հայկականը նախատիպ եղած է գոթական ոճին, այս հավանական է, զի հայ ազգի սույն ճարտարապետական նմուշները հաստատապես կհամոզեն մեզ, թե հայ ժողովուրդը ավելի շինող, ստեղծող է եղած և իր քանդակները, իր գմբեթներու այնքան բնականորեն մույթերու վրա հաստատվիլը, և ուրիշ իր սեփական հատկանիշները օրինակ և փաստեր են իր ուշիմության ինքնաստեղծության»։
Ինչ որ ըլլա սակայն հայկական ճարտարապետության ոճը, նախատիպ կամ փոխանցում, մեզ համար այն մեծ նշանակություն ունի, որ արժանի ըրած է հայ անունին քով կցել նաև գեղարվեստական գեղեցիկ ճաշակը և հատկությանը։
Մեր եկեղեցիները, մեր ավերակները մեզ համար նվիրական են և մեր ամբողջ անցյալին գեղեցիկ կոթողը, որու վրա դժբախտաբար եվրոպացին ավելի շատ բան կկարդա քան մենք հայերս։ Ինչպես հայկական ճարտարապետությունը նույնպես և հայկական մյուս գեղարվեստի ճյուղերը եթե երբեք լուրջ ուսումնասիրության առնվին, այն ժամանակ թերևս հայ անունն ավելի փառավորվի իր անցյալով, որ այնքան պատերազմական և արյունահեղ դիրքերու մեջ իսկ ժամանակ է գտած խորհելու ըստ կարելվույն իր ներքին զարգացման համար ալ։
Հայկական ճարտարապետական հետաքրքիր ոճը թարգմանն է հայ ազգության, եվրոպացիներու համար։ Չկա գեղարվեստի միջազգային հավաքածո մը, որու մեջ գովված չըլլա հայ ճարտարապետությունը։
բ․ [ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿՐԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ][8]
Նախաքրիստոնեական կիկլոպյան շինություններ, կրաշաղախով կամ առանց կրաշաղախի, շարունակվել են նույնիսկ քրիստոնեական թվականի սկզբնական մի քանի դարեր։ Սակայն հավաքված այդ բոլոր նախաքրիստոնեական ճարտարապետական նմուշների մեջ, գոյություն չունեին փոքր ի շատե ակնապարար և գնահատելի ճարտարապետական հանճարի արդյունք շինություններ, բացի ֆրանսացի գիտնական ուղևոր Պուլեյ լը Կուզի (Ալիշան, Այրարատ, էջ 202) 1647-ին Ղզնավուզ գյուղի սահմաններում տեսած և գծագրած նախաքրիստոնեական իշխանական դղյակից, որը թեև նախնական երևույթ ունի, սակայն նախաքրիստոնեական վերջին դարերու, ուրարտական թագավորներու տիրապետության ժամանակների ճարտարապետության աոաջադիմությունը և ուրարտացիների ճաշակը կբնորոշե․[9] մնացյալները, գեղարվեստական երևույթե զուրկ, բոլորովին նախնական բնույթ ունին. մանավանդ խոր հնություն ունեցող մնացորդները, որոնք միմիայն ամրոցներու և քաղաքատեղերու պարիսպներ ու պատեր են, որոնց ես անվաներ եմ «հայկական ժայռերով քարակույտ արգելափակեր» փոխանակ պատերի։
Բայց մի կողմից պատմական տեղեկությունները, մյուս կողմից հնագույն հուշարձանների մնացորդները ապացույցներ տալիս են, որ եթե մի գծով նախաքրիստոնեական ճարտարապետության ոճը և շինելակերպը մտել են Հայաստան և երկու կամ երեք դար առաջացել են քրիստոնեական թվականի սկզբին, մյուս կողմանե պատմական հուշարձանների մնացորդների ապացույցներով պարզվում է, որ քրիստոնեական թվականի մեջ մի քանի անգամ վերածնված ճարտարապետական մեծ և զարգացած արվեստի սկիզբը հասնում է նախաքրիստոնեական վերջին դարերուն, այնպես որ քրիստոնեության շրջանի մեջ մի քանի անգամ վերածնվող և բարձր կատարելության հասնող ճարտարապետական արվեստի առաջին վերածնությունը ամենայն հավանականությամբ նախաքրիստոնեական դարերուն տեղի են ունեցել և բավականին զարգացած վիճակում մտել են քրիստոնեական թվականները։ Այս կարծիքին ույժ են տալիս անվրեպ նախաքրիստոնեական շրջանի քանդակագործությունները, ինչպես Ադիամանում, Դարբանդում, նույնպես ուրիշ տեղեր, որոնց մասին կխոսեմ հետո։ Որովհետև արվեստի զարգացման բնական օրենքով ևս դատելով 4-րդ և 5-րդ դարերուն մեջ ըստ ամենայնի կատարելության հասնող ճարտարապետական և շինարարական արվեստների բավականաչափ մշակված դրությունը ապացուցում է, որ նույն արվեստների սկիզբը մի քանի դար առաջ պետք է լինի, որ աստիճանաբար մշակվելուց և զարգանալուց հետո հասեր է 4-րդ և 5-րդ դարերը այնքան կատարելությամբ, ինչպես որ ապացուցում են այն դարերեն մեր օրերուն հանող շենքերի մնացորդները։
Այժմ մի քանի խոսքով բնորոշենք նախաքրիստոնեական Հայաստանի քաղաքակրթության դրությունը, որուն մասին տեղեկություններ կան պատմագրությանց մեջ, թե՛ քաղաքակրթության զարգացման և թե՛ ճարտարապետական շինությունների կատարելության մասին։ Այնուհետև կներկայացնենք այն շենքերը, ամբողջական կամ կիսավեր, որոնց ծագումը նախաքրիստոնեական լինելու մեծ հավանականություն կա, թեև հետագային, ըստ ժամանակի պահանջմանց զանազան փոփոխությունների և նորոգությունների են ենթարկված։
Դեռ Հայաստանի նախաբնակ ուրարտացիների ժամանակ հիմնվում է Վանը, Սարտուր Ա-ի ձեռքով (835-820 Ք. ա.)։ Քիչ հետո ոչ միայն բարեզարդության, այլև մի շարք կուլտուրական հասատատություններ շինվում են Մենուա Ա-ի ձեռքով (800-780), որոնց կարևորները և զարմանալիները մինչև այսօր գոյություն ունեն։ Մովսես Խորենացին, Վանի մեջ շինված սկզբի և հետագա ուրարտական մեծագործությունները վերագրում է ինչ որ առասպելական թագուհի Շամիրամի. իր գրքի Ա․ մասի ԺԶ գլխի մեջ մանրամասն պատմում է Վանի բերդի, պարիսպների, քարայրերի, շքեղ քաղաքամասերի և գլխավորապես, հռչակավոր ջրանցքի և այլ և այլ շինությունների մասին, որ այսօր իսկ գիտնական ճանապարհորդներ վկայում են որ մեծ մասամբ տակավին մնում են ուրարտական այդ մեծ և զարմանքի արժանի շինությունները և հաստատում են, որ ուրարտացիների ժամանակ Հայաստանում գոյություն ունեցել են, թե՛ քաջակորով աշխարհակալ միապետներ և թե՛ քաղաքակրթված ժողովուրդ։ Մանավանդ քաղաքի շինության նկարագրությունը, որ ուղղակի կապվում է այնտեղ բնակվող ժողովրդի հետ, ապացույց է ըստ ամենայնի երկրի առատության, բնակիչների բարեկեցության ու հանգստության։ Գույնզգույն քարերով շինված երկու կամ երեք հարկանի շենքեր, բնակիչների հարստության և ճաշակի զարգացման ապացույց են. իսկ շենքերի ճակատները դեպի արևելք շինելը, հօգուտ առողջապահական գիտակցության կը վկայե։
Նախաքրիստոնեական վերջին դարերում, քննադատության բովեն անցած, Հայաստանի վրա թագավորող մի քանի մեծ աշխարհակալ թագավորների պատմության մեջ արձանագրված ուշադրության արժանի գործերը, որոնց մասին մեզ լրացուցիչ և ստույգ տեղեկություններ են տալիս օտար պատմագիրներ, պարտավորեցնում են հավատալ Հայաստանում գոյություն ունեցող լուրջ քաղաքակրթության, մեր թվականից դեռ երկու-երեք հարյուր տարիներ առաջ։ Երբ ի նկատի ունենանք այն ժամանակվան հունա-հռոմեական բարձրագույն քաղաքակրթությունը և մեր երկրին տիրապետողների ջանքն ու ձգտումը, այդ բարձրագույն քաղաքակրթությունը Հայաստան տեղափոխելու համար, պիտի տեսնենք, որ որոշ չափով իրենց նպատակին հասել են հունա-հռովմեական քաղաքակրթությունը Հայաստանում տարածելու համար։
Նախաքրիստոնեական վերջին շրջանում Հայաստանի մեջ եղել են երկու մեծ թագավորներ, որոնք ընդհանրապես տիրապետող պարսկական ազդեցության դեմ կռվելով հունական քաղաքակրթությունը տարածելու նպատակի հաջողության համար, նաև աշխատել են Հայաստանի մեջ մտցնել հունական դիցապաշտությունը, որուն ակամա համակերպվում էր ժողովրդյան մեծագույն մասը։ Լիովին հաջողեր են թե ոչ, այդ մասին վճռական բան չի կարելի ըսել, որովհետև պարսկական քաղաքակրթության ազդեցությունների ընտելացած ժողովուրդը, դարեր հարկավոր էին փոխելու և հունական քաղաքակրթության ընտելացնելու համար։ Սահմանակից երկու մեծ պետությունների մեջ, Հայաստանի վրա ազդեցություն գործելու մրցումը երկար պիտի տևեր, առանց սակայն լիակատար հաջողության։ Մանավանդ որ Հայաստանի ժողովուրդը արտաքին ազդեցություններ ընդունելով և յուրացնելով հանդերձ, քաղաքակրթական տեսակետով բոլորովին ինքնուրույն բնույթ ուներ։
Գալով մասնավորապես ճարտարապետության ազդեցությանց տեսակետով, որ մեր իսկական նպատակն է հետազոտել, բնավ չեն համակրած հունա-հռովմեական ոճին և մինչև վերջին անկում միևնույն արևելյան ինքնուրույն ոճով շարունակել են իրենց ճարտարապետությունը և շինարարությունը։
Նախաքրիստոնեական թագավորներեն մեկը, Արտաշես Ա. (Ք. ա․ 160 թ. ?) Վանի լճի ափին շինեց Արտամետ քաղաքը, յուր կնոջ Սաթենիկի զվարճության համար (Թովմա Արծրունի) և զարդարեց գեղեցիկ շինություններով, պարտեզներով, ճեմելիքներով, ծաղկաստաններով և այլ գեղեցիկ հարմարություններով։ Իսկ մյուս թագավորը, Մեծն Տիգրան, շինեց Տիգրանակերա քաղաքը։ Այս քաղաքին համար ևս օտար պատմագիրների կողմից վկայություններ կան, որ շատ շքեղ էր և շինարարական օրենքներով ըստ ամենայնի կատարյալ։ Շրջակա քաղաքակիրթ ազգերից խիտ բնակչություն ուներ իր մեջ, բացի հայ ժողովրդից, որ համեմատաբար պատկառելի թիվ կկազմեր։ Այս քաղաքը Տիգրան Մեծի կենդանության ժամանակ պատկառելի համբավ ստացել էր իր գեղեցկության համար։
Բայց այս երկու քաղաքների շինությանց ոճի մասին ոչ մի խոսք չկա։ Կարող է նորաշեն քաղաքները շատ շքեղ և ակնհաճո լինեին, բայց մեզ պետք եղածը ոճերի ազդեցության խնդիրն է, որ անհայտ է։ Սակայն այստեղ դարձյալ իմ կարծիքս պիտի կրկնեմ, որ նկատի ունենալով ժողովրդի ճաշակը, պետք էր որ ժողովրդին շինածը լիներ ընդհանրապես արևելյան, այնտեղ պետք է որ գտնվեին ասորա-քաղդեական, պարսկական ոճեր և շինելակերպերը (ինչպես որ տևեր է մինչև 15-րդ դար, շատ քիչ արևմտյան խառնուրդներով)։ Սակայն հունա-հռովմեական ոճը, ամենայն հավանականությամբ, պետական շենքերու հատուկ պետք է որ լիներ, ի նկատի ունենալով տիրապետողների ճաշակը և արևմտյան քաղաքակրթությունը Հայաստանի մեջ ընդհանրացնելու ձգտումը։ Վերջապես պետք էր որ արևելյան և արևմտյան ոճերու խառնուրդ լինեին, իհարկե մեծագույն տեղը արևելյան ինքնուրույն ոճին տրված։
Երկարատև հետազոտությունների մեջ նկատել եմ, որ մինչև 15-րդ դար, հազիվ մի քանի շենքերի մեջ, արևմտյան ճարտարապետության գծեր պատվաստված են Հայաստանի հին ճարտարապետության մեջ։ Վերջապես հունա-հռովմեական և բյուզանդական ճարտարապետությունները շատ թեթև ազդեցություն են ունեցել Հայաստանի ճարտարապետության վրա, իրենց պետական գոյության տևողության մեջ. Հայաստանի ժողովուրդը և մասնավորապես ճարտարապետները սիրել են արևելյան լուրջ և առնական ոճը քան հունա-հռովմեական նրբին և շքեղ ոճը։
Գառնիի մեջ հունա-հռովմեական ոճով կառուցված Տրդատա թախտի գոյությունը բնավ ընդհանուր ազդեցություն չպիտի համարել Հայաստանի ճարտարապետության վրա, վասնզի այդ շենքը միակն է, որ մեզ հասած է, և տեսնում ենք, որ բովանդակ Հայաստանի մեջ այլևս չկան նույն հռովմեական ոճով շինված շենքեր, եթե լինեին իսկ, այնքան սակավաթիվ եղած են, որ անմիջապես անհետացել են։ Գուցե օրինակներ գտնվին, եթե հին Արտաշատը պեղվի և խուզարկվի։
Շատ զարմանալի կերպով Տրդատա թախտեն հետո, մինչև 5-րդ դար շինված են մի քանի շենքեր, նույնիսկ Գառնիի մեջ գոյություննին պահել են մինչև այսօր, որոնք հազիվ նշմարելի մի քանի հունա-հռովմեական գծեր ունին իրենց մեջ, ինչպես Տեկոր, Շիրվանճուք, Դիրակլար, Էջմիածին և այլն և այլն, որոնց մասին իր տեղում կհայտնեմ մանրամասն։ Այժմ միայն ընդհանուր, հատկություննին բնորոշելու համար պիտի մատնանշեմ, որ այս բոլոր հիշածս շինությունները, որ հասել են մեր օրերուն և հաստատուն տվյալներ ունեն նախքան 5-րդ դար, կամ 5-րդ դարուն կանգնված լինելուն, բնականաբար մտածել կուտան քննող ճարտարապետին կամ հետաքրքրվող ուսումնասերին թե, դեռ 5-րդ դարուն այնքան ճարտարապետական ճաշակ և շինարարական կատարելություն ունեցող շինվածքներ ե՞րբ այնքան մշակվեցին և կատարելության հասան, ո՞ւր և քանի՞ դար առաջ կարող էր տեղի ունենալ անոր ծրագրումը կամ սկիզբը։
Արդ, ի նկատի ունենալով, որ ճարտարապետություն և շինարարություն միշտ համրաբար առաջ են ընթանում, և դարերի ընթացքում աստիճանաբար են կատարելագործվում, հետևաբար անոր սկիզբը կամ վերածնության ծրագրումը տեսնելու համար, պետք է ետ գնալ դեպի նախաքրիստոնեական դարերը։ Մանավանդ, երբ պատմական տեղեկություններ մեզ կավանդին ոչ միայն քաղաքների շինության, այլև անոնց գեղարվեստական բարեզարդության 2-րդ և 3-րդ դարերուն, բնականաբար քրիստոնեական շրջանի կատարելագործված արվեստի սկիզբը պետք է տեսնել մեր թվականեն առաջ քան 3-րդ դար։
Գուցե գտնվին մարդիկ, և իսկապես այնպիսիները կան, որոնք Հայաստանում զարգացող ճարտարապետության մասին հոռետես են և արհամարհանքով են վերաբերվում, սակայն պետք է ըսել, որ այդօրինակ մարդոց բնավ ծանոթ չեն, սկսած քրիստոնեական թվականից մինչև 15րդ դար Հայաստանում անթիվ հուշարձանների գոյությունը, որոնք մինչև մեր օրերուն հասած են։ Բացի անոնց անծանոթ լինելուց, եթե այդպիսիներին ներկայացնենք Հայաստանի մեջ իրագործված խոշոր գեղարվեստական մնացորդներ, երբեք չեն ուզում հավատալ Հայաստանի բնիկ ժողովրդին ի հնումն ունեցած տաղանդին և շնորհքներին, անպատճառ օտարի մատն են ուզում տեսնել այդ գեղակերտ աշխատանքի մեջ:
Ես իհարկե, աշխատությանս մեջ այդպիսի հոռետեսների գոյությունը ի նկատի չունեմ՝ ի տես բովանդակ Հայաստանում համատարած գեղակերտ հուշարձանների․ բնականաբար պիտի համոզված լինիմ, որ տեղական ժողովրդի ճնշող մեծամասնությունը հայեր էին, նաև հայեր էին շինարար արհեստավորներ (ինչպես մեր ժամանակին ևս), որոնք ոչ միայն իրենց երկրին մեջ իրագործել են այդ գեղարվեստական հիշատակարանները, այլև գաղթականությամբ տարել են հեռու և մոտ օտար երկրներ։ Այս մասին ոչ միայն հայ, այլև օտար արվեստագետների վկայություններ են, որոնց մասին պիտի խոսենք առաջիկային ի պահանջել հարկին։
Ոմանց կարծիքով[10] հայ-ճարտարապետոլթյան ոճը պետք է որ լինի զուտ հունական և կամ բյուզանդական և այս կարծիքին իբրև փաստ կներկայացվեն հայ լեզվի և գրականության հունական և բյուզանդական զորեղ ազդեցության ենթարկված լինելը։
Ինձ հայտնի չէ թե որչափ մեծ ճշմարտություն է այս կարծիքը հայ լեզվի ու գրականության համար, սակայն հայ ճարտարապետության համար միանգամայն անընդունելի տրամաբանություն է, կապելով լեզվի ու գրականության հետ ինքնուրույնութենեն զուրկ համարելը։
Հայ ճարտարապետությունը գրեթե ամենևին չէ ուսումնասիրված, ճշմարիտ է որ հիսունե ավելի եվրոպացի գիտնական ճանապարհորդներ շրջած են Հայաստանը, որոնցմե շատերն իրենց հիացման տպավորությունները բանաստեղծական ներբողներով են արտահայտած, սակայն շատ քչերն են, որ քանի մը տող քննադատորեն գրած են հայոց ոճերու մասին։ Եվրոպացի գիտնականը պարտական ալ չէր զուտ հայ գեղարվեստի նվիրելու իր ժամանակը, քանի որ նա ուներ յուր առանձին գործն ու նպատակը յուր ուղևորության ժամանակ։ Այդ մեր գործը պիտի լիներ, իբրև ուսումնասիրության համար պատրաստ նյութ գիտնոց սեղանին վրա դնել այն անհուն ու անսպառ նյութերը, որոնք ցրված են Հայաստանի ամեն կողմը։
Կարծողներ կան, որ շատ բան եղած է արդեն թե օտարներու և թե հայ բանասերների կողմանե, հավաքված են նկարներ, գրված են նկարագրություններ, բայց ցավ ի սիրտ ես պիտի ըսեմ, որ այդ ամենը ոչ մի արժեք չունին, քանի որ հատկապես ծրագրված գիտական ուղղությամբ չեն կատարված և ոչ մի գիտնական անոնցմե չէ կարող նպատակահարմար արդյունք արտագրել գլխավորաբար այն պարզ պատճառով, որ եղած նկարները և նկարագրությունները մեծ մասամբ անհարազատ և սխալ են։ Մեծահարգ գիտնական պր. Ն. Մառ Անիի պեղումների ժամանակ հուսահատ շեշտով մը հաճախ կկրկներ թե «Անիի մասին առաջ բավական բան գիտեինք, այժմ ոչինչ չգիտենք», վասն զի օր ըստ օրե կտեսներ, որ գրվածներու նման ոչինչ չկար, նորագույն հետազոտություններ և պեղումներ բոլորովին տարբեր և նոր բաներ երևան կբերեին։
Բնական էր, որ մենք չէինք կարող Հայաստանի մեջ ունենալ եգիպտական բուրգեր, հունական ակրոբոլներ, բյուզանդական ս․ սոփիաներ, սակայն ինչ որ կարելի էր սպասել դարուց ի դարս արյան ճապաղիքներու մեջ լողացող և իր աշխարհագրական աննպաստ դիրքի պատճառով ոտնատակ կոխկրտվելու դատապարտվող նահատակ ափ մը ժողովուրդե, անկից բազմապատիկ ավելի ունինք։
Գեղարվեստի բացարձակ թշնամի մրրիկ մը քրիստոնեական նախնական դարերուն, ինչպես արևմուտքի մեջ, նույնպես արևելքի մեջ, եթե ամեն բան քարուքանդ չըներ, այսօր Հայաստանը պիտի ունենար ոչ միայն Գ և Դ դարերեն սկսյալ գեղարվեստական հիշատակարաններ, այլ և նախաքրիստոնեական շրջանի ևս հայկական բարձրագույն քաղաքակրթության ապացույցներ։
Բայց ինչ որ ալ լինի այդ ավերման հետևանքը, անվիճելի ճշմարտություն է, որ առաջին դարուն (Ք․ա․) Հռոմի մեջ, հռոմեական արվեստի գերեզմանին վրա, իբրև վերջին կոթող Պանթեոնը կանգնվելեն հետո, երբ անընդհատ Գ-Ե դար գեղարվեստական կյանքը բոլորովին մեռած էր, երբ դեռ Բյուզանդիոնի աշխարհահռչակ Սոփիան իր երկնակամար ոսկեզօծ գմբեթը դեպի երկինք չէր բարձրացուցած Զ դարուն մեջ, Հայաստանի գեղարվեստի կանթեղը մշտավառ կպլպլար, և սահմանված էր օր մը արևմուտքի մարած ջահերուն ալ լույս մատակարարելու։
Գառնիի մեջ Ա դարու սկզբին շինված Տրդատա թախտ անվանված աննման կոթողը, եթե Հռոմի ծաղկյալ դարերուն Հռոմի մեջ կանգնեին՝ անկեց ավելի վայելչություն և շքեղություն չէին կարող տալ։ Ե դարուն մեջ կանգնված հայկական եկեղեցիներ՝ որոնց գլխավորներն են Տեկորի և Երերույքի տաճարներր, իրենց վրա պայծառ կցոլացնեն հայ ճարտարապետության դարավոր մշակման և զարգացման դրոշմը։ Եթե մի Տեքսիե չգտնվեր ԺԹ դարու սկզբին՝ Տեկորի տաճարը հետազոտող, գուցե հավիտյան պիտի սրբագործվեր պայտաձև կամարներու արաբական ստեղծագործություն լինելուն ընդհանուր համոզումը, վասն զի Տեկորի տաճարը արդեն օրհասական վիճակի մեջ է, և ահա վաղը, ոչ միայն Ե դարու պայտաձև կամարներ՝ այլ ևս հայ ինքնուրույն ճաշակի ապացույց հիանալի խոյակներ, խարիսխներ և ուրիշ զարդաքանդակներ ընդմիշտ պիտի թաղե յուր փլատակներուն տակ։
Եթե Արտաշատ, Վադարշապատ, Արմավիր, Դվին և ուրիշ մեծամեծ մայրաքաղաքներ անհետ կորան, բարեբախտաբար, հայ գեղարվեստը փառաբանող Անին դեռ կենդանի է յուր պատկառելի հիշատակարաններով ու ճոխաքանդակ բեկորներով։
Անին շտեմարան է հին դարերու հայկական գեղարվեսաի ոճերուն և բանալին իրմե առաջ կորած գիտությանց և պատմությանց առեղծվածները լուծելու։ Անեցիք չեն արհամարհած իրենց պապենական արվեստները, այլ հետզհետե նույնը զարգացուցեր և ճոխացուցեր են առանց նախնականին տիպն ու հատկությունները կորսնցնելու։ Եթե երբեմն ժամանակի ոգին կպահանջեր օգտվիլ զիրենք շրջապատող մեծ ազգերեն, չեն վարանած փոխ առնել ոճեր, սակայն այդ ոճերը չեն պատվաստված հայ արվեստի բունին վրա առանց զանոնք նախապես հայացնելու։
Հայ ճարտարապետությունը մեզ ծանոթ նախնական շրջանեն մինչև վերջին անկումը (ԺԴ կամ ԺԵ դար) չորս զանազան վերածնություններ ունեցեր է միշտ մեկզմեկե ավելի տպավորիչ և շքեղ ձևերու տակ։ Յուրաքանչյուր վերածնության մեջ խիստ աննշան գծերով կմատնվին օտար ազդեցությանց հետքերը։
Վերջին վերածնության մեջ ԺԲ-ԺԳ դարերուն, եթե ոչ բոլորովին արաբականություն՝ գոնե արաբական զորեղ ազդեցություն տեսնել կուզեն ոմանք։ Սակայն իմ կողմանե դժվար է համաձայնել այդ կարծիքին, Ը դարեն ի վեր Հայաստանը ողողող արաբ ժողովուրդը ինչու պիտի սպասեր մինչ ԺԲ-ԺԳ դարերը իր արվեստով Հայաստանի վրա ներգործելու համար։
Նոր գիտությունը մերժեց արաբներու ստեղծական տաղանդը։[11] Արաբներ չէին, որ արվեստ ստեղծեցին իրենց գրաված երկիրներուն մեջ, այլ իրենց գրաված յուրաքանչյուր երկիրներուն բնիկ ժողովուրդները ստեղծեցին տիրող տարրին համար,[12] և այդ պատճառով ալ Սպանիա, Թունիս, Ալժիր, Սյուրիա, Պարսկաստան և Հայաստան, յուրաքանչյուրը ըստ տեղական պայմաններու և սեփական ճաշակի, իրարմե մեծապես զանազանող արաբական ոճեր ստեղծեցին։
Հայաստանի մեջ ԺԲ-ԺԳ դարերու ծաղկող արաբական ոճը եթե բաղդատենք հայոց հնագույն ոճերու հետ, շատ կգտնենք նոր արաբականի կորիզներ՝ որոնք հայ գերիներու հետ թափառելով երկրե երկիր արաբական տիրապետության սահմաններուն մեջ և հետզհետե զարգանալով հետադարձ ներգործություն միայն ունեցեր են։
Գոնիայի մեջ ախլաթցի մի դավանափոխ հայ ԺԱ դարուն կշիներ Ալայեդդինի մզկիթին ամպիոնը, որուն վրա Հայաստանեն տարված գեղեցիկ մանվածոներով[13] զարդարելեն հետո վրան ալ կդներ հայկական ութանկյունի թմբուկավոր կաթողիկե․ նույնպիսի կաթողիկեի ձևով շինված է նաև մզկիթին գմբեթը։
Երբ հայ արվեստագետին ճակատագիրը տնօրինողը և անոր հայրենիքը որոշողը՝ բռնակալ տիրապետողին քմահաճույքն էր, այլևս ինչո՞ւ զարմանալ, որ Ե դարու Տեկորի պայտաձև կամարները Ժ դարուն Սպանիայի մեջ կերևնան։
Հայկական պատմական շրջանի յուրաքանչյուր դար գեղարվեստական պատկառելի մեծագործություններ արտադրեր է, որոնցմե շատերը կանգուն կամ կիսականգուն մեզ հասած պերճախոս վկաներ են հայ ժողովուրդի գեղարվեստական բեղմնավոր տաղանդին, որոնց մեկ քանի նմուշը ներկայացնել հաճույք է ինձ համար։
Բագրատունիներու օրով Շիրակի մեջ, հազիվ մեկ ու կես միլիոնի հասնող մի փոքրիկ ժողովուրդ, բավական չէր որ արևելյան արտակարգ ճոխությամբ արքայական պալատներ պիտի կանգներ, թագավորներու թագերը թանկագին գոհարներով ու մարգարիտներով պիտի զարդարեր, թագուհիներու համար ոսկեթել բեհեզներ ռւ ծիրանիներ պիտի պատրաստեր, բազմաթիվ թագավորազուններու և իշխանազուններու վայելքի ու զվարճության համար առատ հարկեր ու նվերներ պիտի վճարեր, այս ամենեն զատ, այդ փոքրիկ ժողովրդի քրտինքի կաթիլներեն գոյացել են այն բազմամիլիոն գումարները, որոնցմով կանգնվել են բացի Անիի ահավոր պարիսպներեն, ուրիշ բազմաթիվ բերդեր, հազարավոր հոյակապ մեծ ու փոքր տաճարներ, կամուրջներ, քարափոր հասարակաց ճանապարհներ, գեղարվեստական վերին աստիճան նուրբ ու շնորհալի տեսքով և, ո՞րչափ ժամանակի մեջ, առասպելական է, եթե ըսեմ՝ հարյուր քսան տարվան փոքր ժամանակամիջոցի մը մեջ։ Հիրավի Անիի շինությունը թեև տևեց Ժ դարեն մինչև ԺԴ դարը, բայց երբ դուրս հանենք պարսկական բռնակալության շրջանը, երբ գեղարվեստական զարգացման ոչ մի շարժում չլինելեն զատ նույնիսկ անեցու ամենեն սիրելի թագուհիի կաթողիկեին գագաթը մահմետական մահիկին փայլիլը անմխիթար սուգի էր մատնած ժողովուրդը, այլևս հազիվ մեկ ու կես դար կմնա իբրև շինարարական շրջան։
Ով որ տեսած է Բյուզանդիոնի պարիսպները և բաղդատած Անիի պարիսպներուն հետ, նա կտեսնե թե դժբախտ Անիի գեղապարույր բուրգերը ո՞րչափ թանձր ստվեր կձգեն Բյուզանդիոնի պարիսպներու կոշտ ահավորության վրա։
Գագիկ Ա, երբ Է դարուն մեջ կանգնված հռչակավոր Զվարթնոց եկեղեցիի տխուր հիշատակը կվերականգներ Անիի մեջ յուր մեծագործ ս․ Գրիգորով, անոր բարեպաշտ թագուհին Սմբատի հիմնարկած կաթողիկեն շքեղապես կամբողջացներ։ Եթե կաթողիկեի ներքին ծիրանեծաղիկ և ոսկեթել զարդարանքներու մասին Ասողիկի վկայությունը հաստատող փաստերեն մերկացած է տաճարը, անոր արտաքին պատերուն վրա գտնված քանդակազարդերեն մեկը, արևելյան խորշերու մեկ հատի կամարը թող պատմե թագուհիին ճաշակը։
Բազիլիքներն[14] իբրև աշխարհիկ շենք, նախնի հունաց մեջ ևս իրագործված էին, բացի այն որ մեհենական ձևերեն շատերը միանգամայն նման են բազիլիքների՝ բացառությամբ աբսիդի, այլև հնագիտական ուսումնասիրությունները հայտնագործել են, որ ընտանեկան բնակարանների մեջ մեծամեծ սրահներ շինված էին նույն ձևով, երբ փայտով ծածկելու հնարավորություն կար, որովհետև երբ հին հունաց մեջ դեռ անծանոթ էին կամար կապելու գործնական միջոցները, սրահներուն որոշ լայնություն տալու համար, հանդիպակաց պատերեն պահանջված չափով հեռու սյուներ կտնկեին, այնչափ, որչափ որ միջին թևը ծածկելու համար գերաններու երկարությունները կբավականացնեին, միջին լայն թևին գերանների երկարության չափով սյուները շարելե հետո, կողմնակի թևերը ծածկելու գործողությունը արդեն ինքնին հեշտանում էր։ Ներկա կյանքի մեջ իսկ, մեծ քաղաքներում պակաս չեն բազիլիք ձևի հասարակական շինություններ, որոնք իբրև հանդիսատեղի, ժողովատեղի, կամ իբրև խաղասրահներ և պարասրահներ ծառայում են և նրանց ծայրին հաճախ գտնվում են հատկապես շինված բեմեր դասախոսությունների կամ ներկայացումների համար, և որ ավելին է, մեր բանասերներից մեկը հայ գյուղացու սյունաշար երկար գոմերը համարում էր բազիլիքների նախատիպ Հայաստանի համար։ Թեև բավական միամիտ է այս բաղդատությունը, սակայն ճշմարտություն է, որ չափազանց նման են բազիլիքի հայկական գյուղերի մեծ գոմերը, որոնց կողմնակի թևերին մեջ կապվում են անասունները, իսկ միջին թևերը ազատ են անցուդարձի համար, եթե աբսիդի փոխարեն ընդունենք մեկ ծայրին վրա գյուղական ձմերային գոմի օդան, այն ժամանակ նմանությանը կատարյալ կլինի։
Մասնավորապես հայոց եկեղեցիները, որ ի սկզբան հունական մեհյանների կամ բազիլիքների ձևով սկսեցին, այնուամենայնիվ միևնույն ձևերի մեջ չհարատևեցին, կարծեք հետզհետե հաճելի չերևցավ հայերին նույն արևմտյան ձևերը, ուստի դեռ 5-րդ դարուց սկսեցին փոխել, և հանելով բազիլիքների հատկանիշներեն՝ տվին բոլորակ, քառակուսի ու այլ ձևեր և շքեղության համար նաև գմբեթավորեցին հայկական ոճի հատուկ գմբեթներով։
Գմբեթը զուտ արևելյան ոճ է, ծագումը կհասնի մինչև քաղդեական շրջանը, թեև դեռ անկատար վիճակի մեջ, այնուամենայիվ գոյություն ունեցան հին Քաղդեայում շինված փոքր ծավալով դամբարանների վրա և ասորաբաբելական շրջանում մի քիչ ավելի կատարելագործությամբ՝ Խորսապատի պալատի նախասրահի վրա։ Հին պարսկական պետության մեջ գմբեթաշինությունը այնքան կատարելագործության հասած էր, որ հսկայական մեծությամբ և բարձրությամբ գմբեթներ շինվեցան պարսկական պալատների վրա, այդ շրջանում ոչ միայն արքայական պալատների վրա, այլ և անհատական մեծ շենքերի մեջ իսկ սովորական էր դարձած ցածր կամ միջակ գմբեթ շինել փոքր ի շատե ընդարձակ սրահների վրա։ Պարսկաստանի հսկայական գմբեթների ուղղակի ազդեցությունն էր, որ անցավ դեպի արևմտաք և Հռոմի մեջ ն․ ք. մ. թ. Ա դարուն շինվեց Պանթեոնը՝ հսկա գմբեթով՝ հանուն բոլոր աստվածների։ Այժմ նույն շենքի նմանությամբ շինված գոյություն ունի մի այլ Պանթեոն՝ Փարիզի մեջ, որ ծառայում է իբրև տապանատուն հասարակական մեծամեծ ծառայություններ կատարող հանգուցյալների գերեզմանների համար։
Պարսկաստանին անմիջապես հարևան Հայաստանը ետ չմնաց ճարտարապետական այդ շքեղ մեծագործութենեն։ Հայկական ոճի հատուկ գմբեթի ձևը ինչպես հայտնի է բոլորակ թմբուկի վրա կոնաձև ծածկն է, ըստ ժողովրդական ավանդության, այս ձևը իբր խորհրդանշան վերցրին հայերն Արարատ լեռան կոնաձևից, որ հեթանոսության ժամանակ խորհրդավոր պաշտելի սարն էր Հայաստանի, ինչպես աստվածաբնակ Ոլիմպիոսը Հունաստանի համար, թեև քրիստոնեությունը ջնջեց ըստ երևույթին Արարատի պաշտամունքը, այնուամենայնիվ Հայաստանի կենդրոնին վրա գտնվող և հին ավանդություններով հարուստ այդ սարն իր հմայքը չկորցրեց ժողովրդի աչքին, եղան ժամանակներ որ Հայաստանի թագավորներ իրենց դրոշակների վրա իբր հայկական սիմբոլ Արարատի պատկերը դրին Նոյան տապանով։
Այստեղ հարկ է գիտենալ մի կարևոր հանգամանք. հին հուշարձանների քանակությամբ պարզված է, որ Հայաստանում գմբեթաշինությունը երկու ուղղությամբ զարգարով, մեկը այն է, որ մինչև մեր օրերը գոյություն ունի եկեղեցիների վրա՝ թմբուկավոր և կոնաձև ծածկով, իսկ մյուսը թեև արտաքուստ միանգամայն անփառունակ, սակայն ի ներքուստ խիստ շքեղ կազմվածք ունին շենքի իրագործման ժամանակի ճաշակին համաձայն քանդակագործություններով։ Այս երկրորդ ուղղությունը իրագործված է դարձյալ քարով, եկեղեցիների նախագավիթների, տոհմային, դամբարանների և այլ հարակից շենքերի վրա, որոնք անկախ են եկեղեցիներից: Սակայն երևում է, որ քարյա այս ոճով շինված գմբեթներն առաջ են եկել առհասարակ փայտաշեն տների մեջ գերաններով իրագործված գմբեթներից, որոնց դրական լեզվով սողոմաքաշ են անվանում, իսկ հասարակ ռամկական բարբառով ղառնավուճ: Գմբեթների այս գեղեցիկ ձևը հայոց մեջ պահված է եղել մեր Ժամանակի քաղաքների և գյուղերի մեջ շինված փայտաշեն տների մեջ և կամաց կամաց անհայտանալու վրա է, տեղի տալով նորաձևությունների, այսինքն հարթ հորիզոնական առաստաղների:
Այս սողոմաքաշ գմբեթների մեջ երբեմն այնքան գեղեցիկ և խնամքով շինվածներ կան, որոնք անհնար է որ քննող հետաքրքիր ճարտարապետի ուշադրությունը չգրավեն (տնտեսական և դիմացկունության տեսակետով)։ 1913 թվականին հայտնի գիտնական Ստրչիգովսկի առանձին խնամքով լուսանկարել տվավ այս սողոմաքաշ գմբեթներից մեկը Մարմաշենի մոտ Ղանլիճա գյուղի մեջ։ Դեռ 19-րդ դարում, արևմտյան և հարավային Հայաստանում, որ ես առիթ եմ ունեցել շրջելու, այնքան սովորական եղած էր մեծ տներու մեջ գմբեթարդներով մի ընդարձակ սրահ կամ սենյակ շինել, որ գրեթե պահանջ էր դարձել թե տանտիրոջ կողմից և թե տունը շինող ճարտարապետի կամ վարպետի կողմից, սրանով թե տանտիրոջ ճաշակն էր գնահատվում և թե շինող վարպետին արվեստին մեջ ունեցած հմտությունը գովաբանվում։ Մեծ տների մեջ այսօրինակ գմբեթարդ ունեցող սրահներին սովորական լեզվով ղուպպաի կամ կուպպա անունն էր տրվում։ Արտաքուստ գմբեթավոր մասնավոր շենք, այն մտքով ինչպես որ էր ի հնումն, գրեթե ինձ չէ հաջողվել տեսնել մասնավոր շինությունների վրա, սակայն հաճախ երևում էին գմբեթանման թմբուկավոր մասեր մեծ տների կատարին անկյունավոր կամ քառակուսի, որոնց առհասարակ լապտեր (ֆանար) անունն են տալիս։ Բայց սրա հակառակ գրեթե բոլոր Եվրոպայում մասնավոր մեծ շենքերի, թատրոնների և այլ պետական հասարակական շինությունների վրա բազմաթիվ են գմբեթները, որոնք առանձին շուք և վեհություն են տալիս շենքի ընդհանուր տեսքին:
Մինչև ցարդ համառոտակի բացատրություններիցս, կարծում եմ, որ բավական է հասկանալու համար, թե Արևելքում կրոնական հարկածածուկ շինություններ չեն եղել, իսկ Արևմուտքում որ հունական գեղեցիկ ճարտարապետությամբ, բացի մեհյաններից, նույնիսկ աշխարհիկ շինությունները ևս մեհենական ձև ունի՚ն, այդ իհարկե ժամանակի ոգու պահանջն էր (ճարտարապետության, գեղարվեստականության պահանջն էր և ընդհանուր տիպ շենքերի) այնուամենայնիվ այդ մեհյաններն ոչ աշխարհիկ ծագում ունեին, թագավորական ունկնդրության սրահների ձևերն էին, որ մեհյաններու համար ընդունելի եղան, նաև բազիլիքները, որ քրիստոնեական եկեղեցիների անունով սրբագործվեցին, դարձյալ զուտ աշխարհիկ ծագում ունեին և պետական կարիքների համար ստեղծված։ 4-րդ դարուն, նորադարձ քրիստոնեության ժամանակ հավատացողների թիվը այնքան մեծ էր և եկեղեցվո պահանջը շատ, որուն պատճառով ճարտարապետներ չէին կարողանում նոր հավատի համար տաճարների շինություն հասցնել, բազիլիքները դրվեցին քրիստոնեից տրամադրության տակ, որ նույնությամբ ընդունվեց և հետագա նորոգ շինությունների ևս անփոփոխ օրինակ դարձավ, խիստ աննշան հավելումներով։ Այլ սակայն, մարդկային ճաշակը մի քանի դարեր անցնելուց հետո երևում է որ նույնը չմնաց, մասնավորապես Արևելքում, շատ վաղ ժամանակ սկսեցին բազիլիքներից անկախ տարբեր ձևեր տալ եկեղեցիներին, որոնք եթե խորը ուսումնասիրվին, պիտի տեսնենք որ այդ նորաձևությունների նախատիպերը գոյություն ունեցան Աքեմենյան շրջաններում Պարսկաստանի մեջ, ուր մեհյաններ կանգնելու սովորություն բնավ գոյություն չունեցավ բացի փոքրիկ ատրուշաններից և զոհի սեղաններից: Հայաստան, որ մի փոքր ժամանակ ընդունեց բազիլիք ձևերն ընդհատումներով, պատճառն այն էր, որ քրիստոնեությունը գալիս էր Հայաստան արևմուտքից և հարավից, ուր միահամուռ ենթարկված էին մարդիկ քրիստոնեական ամբոխային կրոնքին։ Հայաստան ընդհանրապես ոչ միայն չհավերժացուց արևմտյան քրիստոնեից ընդունած բազիլիկ ձևը, այլև չմտցրեց դավանության պահանջած այն մանրամասնությունները, որոնք կրոնական ֆանատիկոսության հետ էին կապված։ Որչափ ժամանակ որ հայոց քրիստոնեությունը անկախ մնա օտարներից, այնքան ժամանակ մենք չենք գտնում հայոց եկեղեցիների մեջ հեթանոսական գավիթ, ողբացողաց կայան, կանանց բաժին և այլ հարամասունքներ։ Նույնիսկ այն ժամանակները, որ կարծվում էր, թե հայերը վերին աստիճան եկեղեցասեր են եղած, պատմագրական ավանդություններ ցույց են տալիս, որ այդ մոլեռանդությունը կղերականների մեջ էր և հոգվո փրկության և հավիտենական կյանքի հեռանկարներ ցույց տալով հպատակեցնում էին ժողովուրդին։ Այս մասին եթե ուզենք տեսնել օրինակներ, բազմաթիվ են հայ մատենագրությանց մեջ՝ սկսած 5-րդ դարուց մինչև վերջին ժամանակներս։ Մեր միակ դյուցազներգակ և բանաստեղծ Եղիշեն իր միանձանց ճառին մեջ, ողբագին ցավ է հայտնում, որ հայ մեծամեծներ, նայելով իրենց աշխարհիկ կյանքին, տեղ պիտի չունենան երկնքում։ Մի հոգեբանական պերճախոս օրինակ է 10-11-րդ դարերու քրիստոնեական ամբոխի նկատմամբ, Պլուզ Հովհաննես վարդապետի ավանդությունը։ Այս ավանդությունը գալիս է մեզ ապացուցանելու որ հայ ժողովուրդը միշտ էլ այն մոլեռանդ ավելորդապաշտությունները չէ ունեցեր, ինչպես որ կարծում ենք մենք և կղերն այնպես չէ աստվածացուցեր ինչպես ժամանակակից արևմտյան քրիստոնյաները։ Ամենայն հավանականությամբ այս անտարբեր վերաբերմունքից է բխում կղերական մատենագիրների այն ողբերգակոն ցավերը, որոնք աշխարհային բոլոր դժբախտություններ, բնության արհավիրքներ, պատերազմներ և այլն և այլն վերագրում էին ժողովրդի դեպի կրոնը և հոգեվորականությունն ունեցած անտարբեր և թույլ վերաբերմունքին։ (Ավելացնել կղերների դարավոր պայքարը թագավորների և իշխանների հետ՝ տիրապետելու ձգտումով), 1031 (?) թվականի ահեղ երկրաշարժի ժամանակ Հովհաննես Կոզերն մեծ վարդապետը գրեթե նույն պատճառներին էր վերագրում բնական այս սոսկալի պատուհասը։ Թերևս հարցվի, թե այդքան մակերևույթին հավատ ունեցող ժողովուրդը ինչու համար շինում էր անօրինակ վայելչությամբ մեծամեծ տաճարներ։ Դրա պատճառը հավատից ավելի փառասիրությունն էր, երբ ի նկատի ունենանք, որ մինչև 15-րդ դար ոչ մի ժողովրդական եկեղեցի չունինք, բոլոր եկեղեցիների շինությունները կապված են թագավորների, բարձրաստիճան նախարարների և այլ իշխանների հետ, որոնց փառասիրությունը պահանջում էր ոչ միայն բնիկ Հայաստանի ժողովրդին կողմեն հարգանք ու պատկառանք վայելել, այլև միջազգային եկեղեցաշինության մրցումներից ետ չմնալ, որ նույն ժամանակներում բյուզանդական սահմաններով սունկի նման բուսնում էին տաճարներ ժամանակի ոգու պահանջմամբ։ Մասնավորապես Հայաստանի համար անհաստատ անկախության մեջ եկեղեցին էր մի ամուր շրջանակ ժողովրդին պահելու համար, և հոգևորական դասն էր ընդհանրապես հայոց ազգի և պետությունների միջև միջնորդի դեր կատարողը։ Պետական իշխանությունները երբեմն քայքայվում էին, սակայն ժողովրդի ամբողջությունը պահպանվում էր եկեղեցվո շուրջը հավաքված։ Իրաց այս վիճակին մեջ դժվար է հին հայերին մեղադրել կրոնական մոլեռանդության մեջ, սակայն ինչ որ առավելապես գնահատելի է, արվեստասեր և գեղարվեստասեր ժողովրդի համար այն է, որ ընդհանուր գեղարվեստը զարգացնելու մեծ ասպարեզներից մեկն էր կրոնական կոթողը, որ 5-րդ դարեն մինչև 15-րդ դար չափազանց շքեղ և հետզհետե վերածնվող ոճերով կանգնվեցին և այսօր մեծ պատիվ են բերում ստեղծագործող ժողովրդին: Համաշխարհային գեղարվեստի պատմության մեջ Եվրոպայում իրագործված միջնադարյան մի քանի չնաշխարհիկ ոճերի ծննդավայրը Հայաստանն է համարվում վճռականապես։ Միայն եկեղեցիները չեն, որ հայ ժողովրդի գեղարվեստասիրական ճաշակն էր ապացուցանում. շիրիմներ և դամբարաններ ևս, ինչպես ուրիշ ամեն ազգաց մեջ, նույնպես հայոց մեջ, մեծամեծ շքեղությամբ են կանգնված՝ սկսած ամենահին դարերից մինչև մեզ մոտիկ վերջին դարերը։ Դժբախտաբար այս վերջիններն իբր ոչ բոլորովին կրոնական շինություն, ավելի են ավերվել քան եկեղեցիները, առհասարակ փլատակները և շենքերի գեղարվեստական բեկորները միայն մնացած են տեղերի վրա։ Աշխարհիկ շինությունների կորուստը կամ ավերումը թույլ չի տա լիովին ապացուցանելոու նույն շքեղությունները, այնուամենայնիվ կան փաստեր այդ մասին։
Շատերի համոզումն է եղած այսօր, որ հայերը Հայաստանում միմիայն եկեղեցիներ են շինած, քաղաքակրթական ուրիշ ասպարեզներում բնավ չեն առաջ գնացել բացի ճարտարապետականից։ Այս թյուր կարծիքն առաջ է գալիս գլխավորաբար գուցե այն պատճառով, որ այսօր մեծ մասամբ եկեղեցիների ավերակներ են մնացել կանգուն անցյալի իբրև վկաներ։ Նախ՝ պետք է լավ իմանալ, որ առանց քաղաքակրթական ընդհանուր զարգացման ճարտարապետությունը երբեք չէր կարող առաջադիմել Հայաստանի մեջ, իսկ ճարտարապետության և գեղարվեստի զարգացման չափն իմանալու համար, խորհուրդ եմ տալիս դիմել եվրոպացի գիտնական ճանապարհորդների գրած այն հարյուրավոր հատորներին, որոնք ամբողջապես կամ մասնակի կերպով հետազոտած, ուսումնասիրած են և առանձին հիացումով են խոսում Հայաստանի ժողովրդի կենսունակության շրջապատում ծաղկող գեղարվեստներից օգտվելու ընդունակության և ստեղծագործական տաղանդի մասին։ Այնուամենայնիվ, եթե Հայաստանում բացի եկեղեցիներից, ուրիշ շենքեր չեն տեսնում, այդ չի նշանակում զուտ ճշմարտություն լինելը, բնականաբար չեն տեսած ուրիշ բազմաթիվ աշխարհիկ կուլտուրական մնացորդներ։
Բովանդակ աշխարհի ճարտարապետության պատմությունը եթե թղթատենք, կգտնենք միմիայն եկեղեցիներ, որոնց վրա հիմնված, գիտնականներ իրենց ուսումնասիրություններն ու եզրակացությունները հանում են զանազան երկրների ճարտարապետության զարգացման մասին։ Արևմուտքում միայն հռոմեական և մասամբ բյուզանդական կայսրությունն է, որ թողել են աշխարհիկ կամ քաղաքային շինություններ, որոնց ավերակները միայն կան գիտնական խուզարկուներու առջև։ Կրոնական շինություններ միայն պահված լինելու մասին, ենթադրություններ անել կամ կարծիք հայտնել առայժմ տեղը չէ, յուրաքանչյուր ժամանակակից պատմաբան կարող է գոհացում տալ այդ առեղծվածային կարծված հարցին, սակայն ես առայժմ խոսքս մասնավորեցնելով Հայաստանի վրա, հաստատապես կարող եմ ասել, որ այնքան կուլտուրական և քաղաքային շինություններ են շինված Հայաստանում, որ եթե բոլորին հավաքենք գուցե ավելի մեծ թիվ կազմեն քան եկեղեցիները։ Իմ մոտավորապես 20 տարվան հետախուզություններս ինձ տվել են բազմաթիվ նյութեր, որոնք մինչև այսօր հնար չէ եղել հրատարակել, սակայն ավելորդ չեմ համարում այստեղ դնել մի քանի կարևոր նմուշներ, որոնք կարծեմ բավական կլինին ապացուցանելու, թե հայեր դարերով ինքնուրույն պետություն կազմելու մեջ, զուրկ չէին պետականության արժանավորություններից (Գր. Մամիկոնյանի պալատը Արուճում, Սահմատինի պալատը Մրենում, Սահմատինի պալատը Անիում)։
Նախաքրիստոնեական 2-րդ դարուն, հունահռոմեական երկիրների նման, թատրոնները գոյություն ունեցեր են Հայաստանի մեջ, որուն մասին վկայում են օտարազգի պատմագիրներ։ Հայոց արքունիքները (մասնավորապես Մեծն Տիգրանի ժամանակ) ոչ միայն պահանջ էր զգում թատրոններ շինելու, այլև նրա հաջորդ Արտավազդը գրում էր նաև պիեսներ թատրոնների մեջ ներկայացնելու համար։ Թե որչափ խրախուսում էին գիտությունն ու արվեստները թող ամեն մի հետաքրքրվող դիմե պատմագրությանը, իմ նյութիս սահմանը շատ նեղ է այդ հարցերով զբաղվելու համար։ Իսկ քրիստոնեական թվականի սկզբնավորությունից հետո մինչև 15-16-րդ դարեր, մեզ խիստ շատ նմուշներ են մնացեր այդ ժողովրդական և կուլտուրական հիմնարկություններեն կամ հուշարձաններեն բացառապես ենթարկված միմիայն հայկական ոճին, որոնց գլխավորներն են հետևյալ հուշարձանները։
Թովմա Արծրունին, 10-րդ դարում, Վասպուրականի սահմաններում այնպիսի բազմակողմանի շինարարական աշխատանքներ է նկարագրում, որոնց շինելակերպերին և ճաշակի մասին այսօրվան գեղարվեստագետներին և շինարարական մասնագետներին իսկ հիացում է պատճառում։ Իմ հոդվածիս սահմանը շատ նեղ է այդ բոլորը մի առ մի գրել, սակայն այդ շինարարական աշխատանքներից ամենից ուշագրավը և կարևորը կուզեմ այստեղ հիշատակել։ Գագիկ Ա. ուզելով ծովի մեջ մի խաղաղ նավահանգիստ շինել, չորս ձիարշավ երկարությամբ (ավելի քան երկու կմ.) ծովը լեցուցեր է մեծամեծ ժայռերով և վրաները շինել է հաստատուն պարիսպներ նավահանգիստը շրջապատող։ Այս պարիսպները այժմ ևս երևում են ջրի մեջ, որովհետև վերևի մասերը փլել են, նաև ջրի մակարդակը բարձրացել է դարերի ընթացքում և պարիսպի ստորին մասերը մնացել են ջրի մեջ։ Թովմայի՝ այս նավահանգստի շինության մասին, չափազանց ուշագրավ է նկարագրությունը։ Այնպես մանրամասնությամբ և ճշգրիտ նկարագրում է քարերի տեղափոխումը, ծովի մեջ հոսեցման եղանակները և այլ մանրամասնություններ, որ այսօրվան միևնույն նպատակով աշխատանքներից ոչ մի տարբերություն չի երևում, միայն եթե կա մի տարբերություն, որ մեզ հայտնի չէ, այն ժամանակվան ջրի մեջ քարեր ամրացնելու համար գործածված կրաշաղախի տեսակը և բնույթն է։ Այս մասին ոչ ոք հետամուտ չէ եղեր, կարդացել են նկարագրությունը, նկատել են նավահանգստի պատերը ջրի տակ և այդքանով բավականացել են։ Վասպուրականի մասին այսքանը հայտնելուց հետո ես կանցնեմ Շիրակ գավառին, որը ես անձամբ շրջեր և ամեն մի մնացորդ տեղի վրա տեսել ու արձանագրել եմ։
Ախուրյան գետը որ ամբողջությամբ Շիրակի թագավորության է պատկանում, բնակչության հարաբերությանց դյուրության համար այդ գետին վրա, սկսած Մարմաշենից մինչև Արաքսի խառնուրդը շինել են ինը հսկայական միակամար կամուրջներ, որոնց կամարները 23 մետրից մինչև 30 մետր բացվածք ունին, կամուրջների կաոուցվածքը եղել է սրբատաշ քարերով և այնպիսի շինարարական մաքրությամբ, որ այսօրվան մեր ամենեն խնամքով կառուցված շենքերն կգերազանցեն: Եվ ոչ ոքի թող տարօրինակ չթվի, որ ասենք թե 31 մետր լայնություն ունեցող միակամար մի կամուրջի կամարագագաթը 105 սանտիմետր միայն թանձրություն ունի։
Չըրփըլու գյուղի առջև շինված կամուրջը ավելի գերազանց հատկություններով օժտված է, որը ոչ միայն այսօրվա ավերակ վիճակի մեջ իսկ հպարտ է յուր ահեղ կառուցվածքով այլև իր վրա ունի անցյալումն բարձր տեղերը ոռոգելու համար ջրուղի եղած լինելու նշաններ։ Այս կամուրջը թե՛ ավելի լայն է և թե՛ ավելի բարձր՝ քան Անիի կամուրջը։ Այս երկու կամուրջները քանդվել են թուրք-պարսկական կռվի ժամանակ պարսիկների ձեռքով՝ թուրքերի արշավանքը դժվարացնելու համար։ Մնացյալ յոթ կամուրջները թեև ավելի քանդված և ավերակ, սակայն ցույց են տալիս միևնույն մեծությունը և արվեստագործական վեհությունը։ Այս կամուրջների շինության ոճը եթե քննենք, պիտի տեսնենք, որ իրենց պարզությամբ, ոճի հատկություններով իրենց կամարների ձևով, տեղ տեղ քաշված moulure-ների պարզությամբ ու գեղեցկությամբ կպատկանին տեղական հայկական ոճին (այստեղ կարելի է հիշատակել Դեբեդի կամուրջը)։ Շիրակի ամեն կողմի վրա կարելի է տեսնել ձեռագործ ճանապարհների մնացորդները, որոնք մի քանի վերստ երկարություն են ունեցել և այն տեղերը ուր ժայռերի և խութերի են պատահել, ճեղքել են բազալտի ժայռերը պետք եղած լայնությամբ և երկարությամբ և շարունակել են ճանապարհը (Բագարան, Անի, Աղջաղալա, Ղըզղալայի հյուսիսային կողմը և այլն և այլն)։ Ոռոգման համար ջրանցքների սիստեմով և բազմազանությամբ հետաքրքրվողներին խորհուրդ կուտայի տեսնել ամենաուշը Բագրատունիների օրով շինված Ամբերդի ջրանցքները, որոնք խորաձոր լանջերի վրա շինված են անջրդի հողերը մշակելու համար։ Ամբերդի գետի միայն աջ լանջին վրա սկսած ցածից մինչև վերին ձորեզրը 13 հատ ջրատար առուներ են շինված, որոնց մեկ քանիսը դեռ մինչև այսօր օգտագործում են շրջակա գյուղացիք մինչև Տեղեր կամ Կոշ գյուղերը։ Ամբերդի ձախ ձորալանջին նույնպես հինգ հատ ջրատար առուներ են եղել, որոնք բուն Ամբերդի բերդաշրջանը ոռոգելով, անցնում էին շրջակա արևելյան և հյուսիսային գյուղերը, որոնք այժմ անբերրի են առուների խանգարման պատճառով։ Նույն դրությունը կարելի է տեսնել նաև Անիի շրջանում, որ մեծ քանակությամբ ջուր բերված էր Ալաջա լեռան և Գետիկների աղբյուրներից, որոնք ոչ միայն ոռոգում էին շրջակա ամբողջ այգիներն ու պարտեզները, այլև լեցնում էին քաղաքի հյուսիսային պարիսպի առջև փորված լայն խրամատները, և անցնելով այս խրամատներից քաղաքի արևելյան և արևմտյան լանջերում եղած այգիներն ու պարտեզները, ոռոգելուց զատ դարձնում էին շատ ջրաղացներ և ձիթհանքի քարեր։ Այս ջրատար առուների հայտնի հետքերը այսօր ևս կարելի է տեսնել Եղվարդում․ Գր․ Մամիկոնյանի շինած բազմանկյունի եկեղեցիի մոտերը Սոգյութլիի ձորալանջերի վրա և այլ տեղեր։ Մենակ Անի քաղաքում շինված են հինգ հատ բաղնիքներ, բացի պալատական բաղնիքից, որոնց չորսը պարիսպի մեջ են, իսկ մեկը
պարիսպից դուրս։ Բաղնիքների ձևերը հիշեցնում են արևելյան ձևերը, յուրաքանչյուր բաժանումները գմբեթավորված և տաք ու պաղ ջրերի խողովակները դեռ մնում են ամեն մի գուռի առջև։ Այդ ուղղությամբ դեռ չեն քննված նախքան Անին գոյություն ունեցող հայկական հին քաղաքները, ինչպես Մրեն, Բագարան, Արգինա և Երազգավորս, որոնց մեջ անհնար է որ չգտնվին հասարակաց առողջության օգտակար այս կարևոր հիմնարկությունները։ Հայոց վանքերը, բացի իրենց կրոնական և կրթական նպատակներից, ծառայել են նաև իբր ասպնջականոց կամ իջևան ճանապարհորդ կարավանների համար, սակայն անկախ վանքերից, Շիրակում շինված են մեծամեծ իջևաններ, որոնց ավերակները հիացում են պատճառում հանդիսատեսին։ Թալինի և Թալիշի մոտերը կան այնպիսի հսկայական իջևաններ, որոնց մեջ կարող էին պատսպարվել հարյուրավոր մարդիկ և հարյուրավոր անասուններ, սայլեր և այլն և այլն։ Այս իջևանները ևս շինված են այնպիսի խնամքով և սրբատաշ քարերով ինչպես շինված են արքայական իշխանական պալատներ։Հայ հասարակության քաղաքակրթության և աշխարհաշինական աշխատանքներից կարելի է հարյուրավոր օրինակներ բերել և եթե նրանց ժամանակի պահանջն է եղել տեղ տեղ կրոնական շենքեր հիմնելը, այնուամենայնիվ այնպիսի մեծ և բազմածախս հասարակական աշխատանքներ և շինարարություններ են կատարել նրանք, որ յուրաքանչյուրը 10-նյակ եկեղեցիների արժեքն ունի։
Մենակ Թալինի իջևանի ծախքով կարելի էր չորս հատ եկեղեցի շինել։ Եթե Թալինում 7-րդ դարուն կանգներ են հսկայական գեղարվեստական կրոնական 2-3 կոթողներ, նրա հետ միաժամանակ շինել են ճանապարհներ, իջևանատներ, տնկել են անտառներ, փորել են ոռոգման առուներ և այլն և այլն։ Այս բուռն թափով շինարարությունը Հայաստանում մինչև 14-րդ դարը առաջ է գնացել, որ ոչ միայն դարե ի դար վերածնություններով և ձևափոխություններով արտահայտվել է երկրի մեջ, այլ նաև հայ-շինարարական արվեստը և ոճերի ազդեցությունները գնացել են մոտավոր և հեռավոր երկիրներ։
Չկա մի երկիր, Հայաստանը շրջապատող երկրների մեջ, ուր պատմական ավանդությունները չհաստատեն հայ մասնագետների− բժիշկների, նկարիչների, ճարտարապետների գոյությունը։ Մասնավորապես ճարտարապետներն իրենց երկրի սեփական ոճով շինել են շենքեր Եգիպտոսում, Պաղեստինում, Փոքր Ասիայի զանազան մասերում և իրենց անունները փորագրել են իրենց կանգնած շենքերի վրա։ Ճարտարապետության հռչակավոր պատմաբան փիլիսոփա A. Choisy ցույց է տված մի գիտական քարտեսի միջոցավ այն հոսանքները, որ հայոց շինարարական արվեստը տարածվեր է Եվրոպայի զանազան մասերուն վրա։ Հոսանքներից մին և ամենեն բնորոշը անցնելով Դոնի և Վոլգայի ափերով, իրենց հետքերը Ռուսաստանում թողնելե հետո, հասել են Սկանդինավիա, հետո Իռլանդիա և այնտեղից դեպի հյուս․ արևմտյան Եվրոպա։ Մի ուրիշ հոսանք Սև ծովի ափերով անցնելով Եվրոպա և Դանուբի եզերքները, հայ-ճարտարապետական գաղթավայրի մը վերածելով, հասեր է նույնպես հյուսիս արևմտյան Ֆրանսիա և մեծ օժանդակ է հանդիսացեր ռոմանական ոճի կազմակերպման 11-րդ դարու սկզբներին։ Պակաս դեր չէ ունեցեր նաև գոթական ճյուղի կազմության մեջ 13-րդ դարում։ Նաև Ogive անվանված չնաշխարհիկ ոճին ամենահին օրինակներն եվրոպացի գիտնականներ Հայաստանումն են գտնում։ Նույն հեղինակը (Choisy) նույնպես ցույց է տալիս քարագործության արվեստի հետ միասին ուրիշ հայկական արվեստների ուղիղ ազդեցությունների փոխադրությունը թաթարների արշավանքների միջոցով մինչև Նիկոմեդիա (Մարմարա ծովի եզերքը)։
Եվրոպական հայագիտական մատենադարանը հարստացավ հայոց ճարտարապետության մասին ուսումնասիրական մի նոր հատորով։ Գիրքը մեծադիր և շքեղ հրատարակություն է գեղատիպ պատկերներով։
Գրքի անունն է «E’ludes sur l’art mediéval en Georgie et en Arménie» «Ուսումնասիրություն միջնադարյան վրացական և հայկական արվեստի»։
Հեղինակն է Սորբոնի համալսարանավարտ Jurgis Baltrušaltis− Ժյուռժիս Բալդրուշայտիս երիտասարդ գիտնականը։ Տպված է Փարիզ 1929 թ.։
Այս գիրքը միջնադարյան Հայաստանի արվեստագետ աշխատավորության պատիվն ու պարծանքն է, որ ոչ միայն գիտցել են, հին դարերի մեջ, իրենց շրջապատում զարգացող արվեստներից օգտվել, այլ և գիտցեր են այդ ուրիշներից փոխառյալ արվեստները յուրացնել, զարգացնել և կատարելագործել, այսօրվա եվրոպական գիտնականների ուշադրությունը իրենց թողած հուշարձանների վրա բևեռելու չափ։ Հեղինակը, միջնադարյան հայ արվեստի մի ճյուղը, այսինքն հայկական մանվածոները մոտից ուսումնասիրելու համար, երկու անգամ այցելել է Հայաստան, շրջել է հուշարձանների մի մասը՝ ուր կային հեղինակին հետաքրքրող նյութեր։
Հեղինակի համար խիստ դժվարին և երկար ժամանակի կարոտ պիտի լիներ այս լուրջ ուսումնասիրությունը գլուխ բերելը, եթե Հայաստանի կառավարությունը, և մասնավորապես Լուսավորության Ժողովրդական Կոմիսարիատը, ըստ ամենայնի չդյուրացնեին հեղինակի ճանապարհորդությունները, տալով ամեն տեսակի հանձնարարություններ, փոխադրական միջոցներ, և այլն և այլն, որով, հեշտությամբ կարողացավ իր նպատակին հասնել։ Ուստի առ այս՝ իր գրքի առաջաբանին մեջ պարտք համարեց հրապարակավ անհուն շնորհակալություններ հայտնել Հայաստանում գտած թե պետական աջակցությունների համար և թե մասնագետների տված խորհուրդների և օգնությունների համար։
Գրքի աոաջաբանը գրել է Սորբոնի համալսարանի բազմահմուտ պրոֆեսոր Ֆոսեյյոնը, (Henri Focillon.) որ մի հակիրճ, բայց հմտալից տեսություն է կատարել հայոց հին պատմության մասին, խտացնելով նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր թվականի քաղաքական անցքերը, որուն մեջ ցույց է տալիս ընդհանրապես Հայաստանի քաղաքական և շինարարական զարգացման աստիճանները, որում պարբերաբար, ըստ ընդհանուր բարեկարգության և տնտեսական բարեկեցիկ վիճակի, ստեղծել են ճարտարապետական և գեղարվեստական ոճեր, թե՛ արտաքին և ներքին փոխադարձ ազդեցություններով և թե՛ ստեղծագործություններով։
Ընդունելով, որ, համեմատական ուսումնասիրությամբ կբնորոշվի յուրաքանչյուր ոճի կամ ձևի բնագավառը կամ գաղթավայրը, այնուամենայնիվ, նույն կերպով մանրազնին քննության ենթարկելով կորոշվի նաև տեղական ստեղծագործությունները։ Հայաստանը թեև խոշոր ազդեցություններ կրած է շրջակա մեծ ազգերի ճարտարապետությունից, սակայն անվիճելի է դառնում այժմ նաև ինքնուրույն ստեղծագործությունները։ Քանի խորանում են գիտնական արվեստագետներ պատմական հայ ճարտարապետության ուսումնասիրության մեջ, այնքան մեծ նյութ են գտնում ուսումնասիրելու թե՛ օտարամուտ ոճերը, և թե՛ տեղական ստեղծագործությունները։
Վերջին անգամ, որ հայ ճարտարապետության մասին խոր ուսումնասիրություն կատարել է Հ. Սսրժիգովսկին և տվել է առատ նյութ հայ ճարտարապետության հուշարձաններից, անշուշտ պրոֆեսոր Ֆոսեյյոն համամիտ Uտրժիգովսկիի, կրկնում է անոր Հայաստանի ճարտարապետության մասին կարծիքը։ Թե՝ «երկար ժամանակ բյուզանդական գավառական ճարտարարվեստ համարվելուց հետո, հետզհետե հանգեցին այն համոզման, որ Հայաստանը, ճարտարարվեստի էական տարրերի եթե ոչ տարածողը, գոնե յուրատեսակ մի օջախ է, որ օժտված է մեծ զորությամբ տարածելու։ Հայկական ճարտարարվեստի կառուցողներին մենք հանդիպում ենք ոչ միայն Պոլսում, ավելի հին ժամանակներում, այլ և հետագա շրջանում Դնեստրի և Սիրեթի երկիրներում» (առաջաբան, էջ 7)։
Գիտնականներից ընդունված ճշտություն է, որ գիտություն և արվեստներ երկրե երկիր փոխանցվում են առևտրական հարաբերություններով, գաղթականություններով և պատերազմներով։ Հետևաբար բնավ տարօրինակ չէ, որ Հայաստանի մեջ ճարտարապետություն և գեղարվեստ զարմանալի կերպով զարգացել են, քանի որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով, վերոհիշյալ երեք տեսակ երևույթների թատերաբեմը եղած է ընդմիշտ։
Գրքի առաջաբանի հեղինակն ասում է․ «Հեղինակ ռոմանական ճարտարարվեստի մի մասնագետ է, որ հարուստ հողի վրա շարունակելու է իր հետազոտումները և գործադրելու իր մեթոդները»։ Հետազոտություններ և բաղդատություններ անելու պահուն, հեղինակը կարծում է, որ, անոր (հայ ճարտարապետության) ամենափայլուն ծաղկման շրջանը գրեթե զուգադիպում է ռոմանական կուլտուրայի ծաղկման հետ (էջ VII)։
Հեղինակը, իր տեսած սահմանափակ հուշարձաններով, բնական էր, որ այս տեսակ մի կարծիք ունենար։ Սակայն, եթե նա հնարավորություն ունենար տեսնելու 5-րդ դարեն մինչև 7-րդ դարու վերջը կանգնած մեծ ու հոյակապ հուշարձանները, անպայման պիտի համոզված լիներ, որ հայ ճարտարապետության գլխավոր օրրանը Արևելքն էր․ տեղական ճաշակի և շինանյութերի ինքնուրույն հատկությանց համեմատ, յուր արևելքից առած դասերը անհունապես զարգացուց նույնիսկ հին աղբյուրները անճանաչելի դառնալու չափ։ Այս ամենը կատարված էր դեռ այն ժամանակ, երբ ռոմանական ճարտարապետություն գոյություն չուներ և առնվազն ավելի քան երեք հարյուր տարի անցնել էր հարկավ, որ ռոմանական արվեստը ծրագրվեր։
Հիրավի, եղել է ժամանակ, որ արևմուտքը մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի քաղաքակրթության վրա, նախաքրիստոնեական շրջանում, մասնավորապես Արշակունիների ժամանակ, բայց այդ ազդեցությունը մեզ տալիս են հայ և օտար պատմագիրներ, ոչ թե կանգուն կամ կիսականգուն հուշարձանական վավերական վկայություններ։
Քրիստոնեական առաջին դարուց մինչև երրորդ դար, մենք ոչ մի հուշարձան չունինք, բացի Գառնիի մեջ Տրդատ առաջինի կանգնած հովանոցեն, որպեսզի մենք հիմնավորենք պատմագրաց տված տեղեկությունները նաև ճարտարապետական տեսակետով։ Մաքուր հռոմեական ոճով կանգնված Տրդատա հովանոցը իր շքեղ գեղարվեստական ոճով, բնավ ազդեցություն չէ ունեցեր Հայաստանի շինարարության և ճարտարապետական ոճին վրա և ինքը մենակ մնացել է Հայաստանի սրտին վրա, մինչդեռ անվիճելի կերպով 5-րդ դարուն նույնիսկ Գառնիի մեջ կառուցված մեծ կաթողիկեն, որը այժմ կիսավեր վիճակի մեջ է, բնավ չունի արևմտյան հատկանիշ։ Երկու կամ երեք հին հուշարձանների մեջ, թեև երևում են մի քան արևմտյան գծեր, ինչպես Էջմիածին, Տեկոր, Շիրվանճուք, բայց ընդհանրապես անոնց կառուցումը և ճաշակը միշտ արևելքն է հիշեցնում։ Արևմտյան ճարտարապետության մի քանի մասնավոր ձևեր, որոնք հետագային ևս պարբերաբար երևում են Հայաստանի հուշարձանների վրա, մինչև 11-12-րդ դար, հաստատապես մեզ ենթադրել են տալիս, որ ազդեցությունը եղած է Սիրիայի ճանապարհով, որովհետև 5-րդ դարուն կանգնված Բաշ Ապարանի և ուրիշ ժամանակակից շենքերը զուտ սիրիական զարդաքանդակներով զարդարված են։ Իսկ 7-րդ դարուն կանգնված Զվարթնոց հոյակապ տաճարը, հռովմեականից շատ ավելի սիրիական ոճի և ճաշակի հատկանիշներ ունի։ Այնուհետև մինչև 12-րդ դար, թե՛ Անիում և թե՛ Հայաստանի ուրիշ մասերում, հունա-հռոմեական աննշան մանրամասնություններ երևում են դռների և այլ զարդաքանդակների մեջ պատշաճեցուցված։
«Երբ 429 թ. Սասանյանները տապալեցին Արշակունիների բոլոր մնացորդները Հայաստանում, անոնք իրենց հետ բերին ոչ միայն քաղաքական սիստեմ, այլ նաև տարբեր կրոնական հաստատություններ և իրենց դինաստիական դոգմատիկական ֆանատիկոսությունը» (էջ IX)։ Այսպես է բնորոշում առաջաբանի հեղինակը նույն դարերուն Հայաստանի քաղաքական կացությունը։ Ես չեմ կարող որևէ առարկություն անել այս կարծիքին դեմ, սասանյանների ժամանակ Հայաստանի քաղաքական կացության մասին, այդ կարող պատմաբանների լուծելու խնդիրն է, սակայն միայն մի բան ինձ չափազանց հետաքրքրել է, այն է, գտնել Հայաստանում սասանյան կրոնական տիպի հաստատությունների մնացորդներ, բայց այդ տեսակ հետքեր գտնել ոչ միայն ինձ համար անհնար է եղել, այլև մի քանի խուզարկու մարդկանց ենթադրությունները ևս միանգամայն անհիմն են։ Պարզապես երևում է, որ սասանական կրոնը Հայաստանի մեջ ընդհանուր տիրապետող չէ եղած, հետևողներ խիստ սահմանափակ եղել են առանց կրոնական նշանակելի հաստատություննրեի։
Գալով Բալդրուշայտիսի աշխատության, արվեստագիտական չափազանց լուրջ հրատարակություն է։ Նա ցույց է տալիս, ոչ միայն ռոմանական արվեստի մեջ իր կատարյալ հմտությունը, այլև հայկական ճարտարապետության մեջ իր ընտրած ճյուղի, մանվածոների ուսումնասիրությունը կատարում է ամենայն բարեխղճությամբ։ Քննության է ենթարկում բոլոր ձևերը, անոնց հյուսվածքների եղանակը, բազմազանությունը և միանգամայն բարդ ձևերը, որոնց տարրալուծելով, պարզելով ցույց է տալիս ընթերցողին քանդակող արվեստագետներին չափագրական հմտությունը և քանդակելու մեջ ունեցած ճարտարությունը։
Հեղինակը, ինչպես ասացինք, ուսումնասիրության նյութ ընտրել է հայ-վրացական մանվածո քանդակները և հարթաքանդակ պատկերադրոշմները, որոնք առհասարակ գտնվում են հուշարձանների պատերի վրա փորագրված։ Ես այստեղ չպիտի զբաղվիմ ամբողջ գրքի բովանդակությունով, այլ պիտի զբաղվիմ Հայաստանի մանվածոների մասին գրվածներով, որոնք հաճախ իր խոսքերով պիտի ներկայացնեմ ընթերցողին և պիտի գրեմ իմ դիտողությունները, եթե կարիք լինի դիտողության։
Շատ քիչ է զբաղվում մանվածոների պատմականով, այնուամենայնիվ հետաքրքրական են տված տեղեկությունները և իր տպավորությունը հնագույն արվեստի մի ճյուղի մասին, որին սահմանն է գծում արևելքում Սև ծովից մինչև Կասպից ծով տարածված երկիրները, այսինքն բովանդակ Անդրկովկասը։
«Մանվածոները ամենահին ձևերի խումբին կպատկանին, որը մարդիկ գործածել են իրեղեններ և հուշարձաններ զարդարելու համար։ Ոչ ոք չպետք է համարի որպես բարբարոսական ոգու արդյունք կամ որպես Ասիայի հատուկ մի տարր։ Իր տարածված երկիրները ևս կթվի ընդարձակ ինչպես իր հնագույն ծագումը։ Միջին դարու բոլոր նախնական ժամանակներում, հետո ռոմանական շրջանում, և արևելքի մեջ ևս զարդաքանդակների այս արվեստը, երկար ժամանակ շատ սիրելի թեմա եղած է»։
«Արևմտյան Ասիան, քրիստոնեական հուշարձանների զարդաքանդակների մեջ, արտակարգ կարևորություն տվավ մանվածոներին, մասնավորապես Հայաստանի և Վրաստանի մեջ»։
«Անօգուտ չէ ստորագծել, որ քրիստոնեական թվականներին, մեր տեսած նույն երկիրներին մեջ, շատ հին ժամանակներում այսօրինակ մի զարգացման ոճ գործածել էին քաղդեացի և հիթիթ քանդակագործներ և կարելի է նույնիսկ ավելի հին ժամանակներում ևս։ Մեր ծրագրի մեջ չի մտնում պատմական հաջորդության մի կապ փնտռել և հաստատել այս սիստեմաների մեջ, որ կրնան տեսականապես վերլուծվել մի միության և կգտնվին նաև իրենց բաղկացության մեջ ավելի հին ձևերը, որոնք այժմ խիստ հեղաշրջված են»։
«Մանվածոների թիվը, բազմազանությունը և երկարատև գործածությունը, ի սկզբան միօրինակության տպավորությունը կթողուն։ Այս օձապտույտ հանգույցներով համատարած հյուսվածանկար քարերը, առաջին հայացքով միմյանց նման են և ստեղծագործելու անընդունակ մի ժողովուրդից ստրկաբար դրոշմված, բայց ավելի մոտիկից տարրալուծելով, պիտի տեսնենք, որ կազմական ոճը չափազանց բարդ է և այս այլազան զուգախառնումները, մեծ ճշտությամբ մեկը մյուսից կբխեն, որ ունին իրենց մեջ չափագիտական մի բան։ Բառին բուն իմաստով, զարդական ձևերն անկե կանջատվին այնպիսի պայմանների մեջ, որ կ պարտավորվինք ճշտել, և թերևս պիտի օգնենք ըմբռնելու ոչ միայն այս արվեստի ոգին, այլ և բաղդատական ճանապարհով խուզարկությունները լույս պիտի սփռեն ուրիշ երկիրների քրիստոնեական արվեստների վրա»։
Այս հոյակապ հրատարակությունը մի լուռ մեղադրանք է Հայաստանում ապրող բազմաթիվ ճարտարապետների հասցեին, որոնք բնավ չեն հետաքրքրված իրենց անմիջապես շուրջը համատարած սփռված արվեստագիտական անգնահատելի գանձերով։ Եվ ահա ինչպես ընդմիշտ, այս անգամ դարձյալ գիտական մի մեծ հաստատության կողմից, Եվրոպայից է գալիս մի մասնագետ, Հայաստանի հուշարձանները ուսումնասիրելու համար, նաև կատարելապես լրացնում է հայ արվեստի գեթ մի մասին վրա, նախորդ գիտնական արվեստագետների մակերևութային և թռուցիկ ուսումնասիրությունները։
Հիրավի, զարմանալ միայն կարելի է՝ հեղինակին թե՛ դեպի հուշարձաններն ունեցած արտակարգ սիրույն վրա և թե՛ մանվածոների մաթեմատիկական և չափագիտական ճշգրիտ ձևակերպումները խորապես ուսումնասիրելու, կատարյալ համբերատարությամբ տարրալուծելու մասին։ Մանվածո քանդակները, ինչպես նկատել է գրքի հեղինակը, ուրիշ շատ օրինակների հետ ժառանգել ենք հեռավոր հիթիթներից և Ասորա-Քաղդեայից, սակայն ակներև է, որ այս հին ցեղերի մեզ թողած պարզ և նախնական ժառանգությունը, անօրինակ բազմաբեղուն կատարելության են հասցրել Անդրկովկասի ժողովուրդները և մասնավորապես Հայաստանը, որոնց արտադրությունները համեմատելով նախկին պարզության հետ, կտեսնենք, թե որչափ սիրելի են Հայաստանում այս մանվածոները և մի խորհրդավոր անհրաժեշտություն են համարել այդ ճյուղի զարգացումը։ Դեռ 5-րդ դարեն սկսած, հայ հուշարձանների վրա երևում են մանվածոներ, սակայն ավելի պարզ և թեթև հյուսվածներով։ Ավելի բարդ և գերագույն կատարելության հասած շրջանը 10-րդ դարեն մինչև 12-րդ դարն է, որ միանգամայն հավատարիմ նախկին ավանդություններին ավելի խիտ են հյուսկենները և շատ անգամ սովորական երկու ժապավենի, մինչև երեք ժապավենով հյուսված են: Սկսած 13-րդ դարեն է, որ երևան են գալիս ոստերով և տերևներով խառն մանվածոները և զանազանակերպ հյուսկեններով բազմանկյունի աստղերը, որոնք թեև չունին նախկին շրջանի հյուսվածքի խտությունը, այնուամենայնիվ, չափազանց ճոխացած և ծանրաբեռնված մի երևույթ ունին և հաճախ աններդաշնակ, թե՛ իր ամբողջության մեջ և թե՛ իր շրջապատին հետ։ Անտարակույս այս շրջանի մանվածոների մեջ, հեղինակը համարում է «արաբական հանճարը այս ձևակերպումների մեջ առաջին կարգի մի դեր խաղացած»։ Ինչ որ ալ լինի արաբական ազդեցության խնդիրը, պետք է որ այդ ազդեցությունը համարվի 13-րդ դարեն ոչ շուտ, հավանական է համարվում, որ թաթարների մահմեդականություն ընդունելուց հետո միայն, մանվածոների մեջ այդ էական փոփոխությունը կատարվել է, այդ շրջանը առհասարակ, ոչ միայն մանվածոների, այլ և հայոց ճարտարապետության անկման սկիզբն է համարվում։
Այս գրքին մեջ ցանկալի էր, որ ուսումնասիրված լիներ մանվածոների, գոնե քրիստոնեական շրջանի «հաջորդական կապերը» որով մեզ որոշ չափով հայտնի պիտի լիներ, թե ո՞ր երկիրը նախապես ժառանգել է հիներից մանվածոների ավանդությունը, շարունակ պահել և զարգացրել է, և ո՞ր երկիրները եղած են հետևողներ կամ ազդվողներ։ Մանավանդ երբ նկատվում է, որ որոշ դարաշրջանների մեջ, մանվածոների բնույթը զգալի փոփոխությունների է ենթարկվում. թերևս այդ ուսումնասիրությամբ պիտի պարզվեր նաև արաբական կամ իսլամական ազդեցության ժամանակաշրջանը։
Երևի առաջիկային դարձյալ նույն հեղինակից պիտի սպասենք այդ ուղղությամբ մի ուսումնասիրություն։
Թեև սկզբից մինչև վերջը ժամանակագրական համեմատություն չէ կատարած հեղինակը, այնուամենայնիվ, որոշ երկիրների մեջ, մանվածոների արվեստագիտական աարբերությունը նշանակել է, որ մեզ համար խիստ շահեկան է։ Արդ, այս մասին հեղինակը գրում է՝ «Գալով թեմային Անդրկովկասին մեջ բաժանվելուն, միշտ հավասար և համեմատական չէ, Վրաստանը նվազ խորացած է վերլուծական ոգիով, նոքա հյուսվածքները հաճախ գործածում են շղթայումներով ձևացած և ընծայում են անոր մի ընդարձակ աղյուսակ։ Իրենց բազմանկյունիների ձևակերպումը ավելի սեղմ է, մասերի շղթայումը, մանվածքը և հյուսվածքն ավելի միատարր և ավելի անձկորեն կապված լինելը կհաստատեն»։
«Հայաստանն ընդհակառակը, ամբողջովին տոգորված է վերլուծական ոգով, յուր անթիվ խաչքարերը տարբեր բաղադրյալ հյուսվածքներով կներկայացնեն բոլոր հնարավոր այլազանությունները, այնտեղ շղթայումը խիստ քիչ անգամ կիրարկված է։ Ասոր հակառակը, ընդիրեարս խաչաձևումը, որ կջնջե ձևի միությունը, կստանա մի մասնավոր զարգացում, բազմանկյունիները կատարյալ երկրաչափական են և հյուսվածքը միանգամայն պարզ է, յուրաքանչյուր տարր դյուրահասկանալի, հաշիվների խորությունը այնտեղ խիստ չորության կհասնեն և մարդ կզգա որ, ոճի մի հրամայական պահանջի հատկանիշ կստանա»։
«Միևնույն ոգին երևան կուգա նաև բարձրաքանդակ հորինածի մեջ, սա միօրինակ կանոնավորություն ունի, ձևակերպությունը խույս կուտա այլազանություններից, հաշված է նաև քանդակով ու կարգինով, գծագրության ստվերագծի շուրջը եղող դատարկությունները խորացնելով է, որ դուրս կբերեն ուրվագիծը, հասարակ եղանակ թերահարթ քանդակագործության։ Հատակը կմնա խորության մեջ ծածկված և կտարածվի ստվերավոր մի սփռոցի նման։ Պատկերագրական այս նշանագծերը ճշտորոշված են նաև փողաձև փորվածքներով, որք կընթանան հյուսվածքին զուգընթաց, կկրկնեն յուր գծագրոււթյունը և կուրվագծեն մի ստվերի շողով»։
«Վրաստանի մեջ աստիճանաչափը ավելի ընդլայնված է, փորվածքները ավելի շեշտված, հորինվածքը նվազ մանրամասնությունների մեջ կմտնե։ Մինչ դեռ Հայաստանի մեջ բաղադրությանց աստիճանաչափը շատ ավելի փոքր է, հատակի փորվածքները նվազ շեշտված, ամբողջության մեջ ավելի խտացած, ուրվագծեր ավելի նուրբ են, քանդակագործական դուրի ճարտարարությունը ոսկերչական աշխատանքն են հիշեցնում»։
«Այս կերպով մենք կարողացանք հետևել Անդրկովկասյան մանվածոների շրջփոխությանց մեջ, մի չափաբերական ձգտումի։ Սա փակագրի և չափագրության ճշմարիտ պաշտամունք է, որ անհրաժեշտ է պատշաճապես տալ արևելյան ոճին։ Այսօրինակ հղացված արվեստի մի գործ, խաչի արդյունք չէ, արվեստագետի ճաշակը կամ քմահաճույքը չէ, որ առաջ վարել է գրիչը։ Հանպատրաստից մի հորինված չէ, որ ինքնաբերաբար գտել է ձևերու այս բազմապիսությունը, նա մի գերագույն գիտության տեր արվեստագետի հաշիվն ունի իր բոլոր եղանակների մեջ։ Քանդակագործը մի չափագետ է, և փնտրում է չափագրական կարգով խնդիրների լուծումը և իր հրահանգները դրոշմում է քարի վրա»։
Ես չեմ ավելացնելու իմ կողմից ավելի բացատրություն հայկական մանվածոների մասին և որչափ հմտությամբ և ճարտարապետությամբ քանդակված են անոնք, այս հոդվածին մեջ բավական եմ համարելու հեղինակի տպավորությունները և տեսությունները, միայն ցանկալի կգտնեմ, որ ժամանակակից արվեստագետներ հետաքրքրվեին և սեփական ալքով տեսնեին այն ամենը, որ միջնադարյան հայ աշխատավոր արհեստավորը թողել է մեզ իբր ժառանգություն, որով մենք կարող ենք պարծենալ համաշխարհային արվեստագետների առջև։
Կարդալով այս գրքի առաջաբանը և առաջաբանի հեղինակի պատմական եզրակացությունները, թե ինչպես Արշակունիների ժամանակ արևմտյան քաղաքակրթությունը տիրապետող եղած էր Հայաստանի մեջ, և հետո որ 429 թվին տիրապետեցին Սասանյանները, գրեթե միանգամայն փոխվեց քաղաքակրթական պատկերը Հայաստանի մեջ, ձուլելով Սասանյանների քաղաքական և կրոնական սիստեմները հայոց ներքին կյանքի մեջ։ Ըստ իս, այս պարագան ավելի խորն ուսումնասիրության կարոտ է։ Գուցե քաղաքակրթական զանազան ճյուղերի մեջ առաջադիմություն կատարեց ըստ պատմագրական վկայությունների և ժամանակակից պատմաբանների ենթադրության, սակայն ճարտարապետական տեսակետով, կարծեմ համաձայնել դժվար պիտի լինի ինձ համար, քանի որ Հայաստանի մեջ ոևէ հուշարձան չէ գտնված փաստացի կերպով նախաքրիստոնեական վերջին դարերը հիշեցնող։ Այստեղ շատ կան նախապատմական ուրարտական կամ խալդական շենքերի հետաքրքրական կիկլոպյան ամրոցների և պարիսպների մնացորդներ, որոնք ճարտարապետության նախնական պատկերը միայն հիշեցնում են մեզ, բայց ոչ թե հունական կամ հռովմեական բարձր քաղաքակրթություն տիրապետող Հայաստանին։ Իսկ մնացորդներեն անմիջապես հետո, թողելով մի քանի դար անորոշ դատարկություն, 4-րդ դարուց սկսվում է քրիստոնեական շրջանի ճարտարապետությունը, որը դարե ի դար թե զարգանում է և թե նոր վերածնություններով կերպարանափոխվում է մինչև 15-րդ դար։ Սակայն եթե ուշի ուշով քննենք, գրեթե առանց բացառության, բոլոր դարաշրջաններում, հայոց ճարտարապետության մեջ կգտնենք ոչ միայն Աքեմինյան և Սասանյան, այլ և հեռավոր ասորա-քաղդեական ճարտարապետության տարերքներ։
Ինչպես վերև ասել եմ, եղել են դարաշրջաններ 5-րդ դարեն մինչև 12-րդ դար, որ արևմուտքը մասնակի ազդեցություն ունեցել է հայոց ճարտարապետության վրա, բայց երբեք ընդհանուր տիրապետող չէ եղած։ Հիրավի, Էջմիածնի, Տեկորի, Շիրվանճուքի, և այլն շենքերի վրա կան հունա-հռովմեական գծեր, սակայն անոնք շատ աննշան են և հազիվ ճանաչելի տեղ բռնած են, իսկ ամբողջ շինարարական ոճը և ճաշակը միանգամայն արևելյան է։ Այստեղ հարկ է որ կրկնեմ, թե Գառնիի մեջ Տրդատի հոյակապ հովանոց անվանված շենքը, իր հունա-հռովմեական ոճի արտակարգ ճոխությամբ հաճելի չէ եղած տեղական ճարտարապետներին և ժողովրդին ու բնավ հետևողներ չէ ունեցած։ Նույնիսկ Գառնիի մեջ 5-րդ դարուն կանգնված մի շենք, հռովմեական ճարտարապետությունը հիշեցնող մի գիծ իսկ չունի։ Ուստի իմ կարծիքով, կանխահաս եզրակացություն է Հայաստանի նախաքրիստոնեական ճարտարապետության մեջ հունական և հռովմեական ազդեցություն փնտրել։ Նախորդ թվածս ազդեցությունները ևս անվիճելի են այն պատճառով, որ Սիրիայի ճանապարհով եկած են, որովհետև փաստացի գիտենք, որ Սելեվկյանց տիրապետության ժամանակ շատ շենքեր կառուցվեցին Սիրիայում հռովմեական ոճով, որոնցմե փոխադրվեցան Հայաստան, քրիստոնեության միջոցով, խառն սիրիական ոճի հետ։
Գալով հեղինակ Բալդրուշայտիսի հայկական մանվածոների մեջ «Արաբական կամ իսլամական հանճար» տեսնելուն, կարծում եմ, որ այդ եզրակացությունը առաջ է գալիս ժամանակագրական մանրակրկիտ ուսումնասիրություն կատարած չլինելուն համար։ Այս հապճեպ հայտարարությունը, մի քանի գիտնական ճանապարհորդներ ևս արել են, որ իբր թե հայ ճարտարապետության մեջ տիրող դեր է կատարել արաբական ոճը։ Արաբները Հայաստանին մեծ մասամբ տեր դարձած օրից (7-րդ դար) պետք էր, որ իրենց ճաշակը դրոշմած լիներ եթե ոչ 7-րդ դարու, գեթ 10-ից 11-րդ դարու ճարտարապետության վրա։ Մինչև 13-րդ դար, այդ կարծեցյալ ճաշակը բնավ գոյություն չունենալեն զատ, անոնց տիրապետության շրջանում չենք գտնում մի շենք կանգնված։ Եթե նույնիսկ ուշադրություն չդարձնենք հայ մատենագիրների ողբերգություններին, Հայաստանի տառապանքների մասին, և սա ոչինչ համարենք, Վոգյուեի, Շուազիի և այլ եվրոպական գիտնականների, արաբների արշավանքը քաղաքակրթության պատուհաս համարելուն, գոնե իրենց տիրապետած սահմանին մեջ, չգտնվեցան հուշարձաններ, որոնք այս ընդհանրացած կարծիքների հակառակը ապացուցեն։
Արվեստը հանկարծական թափով երևան է գալիս Հայաստանի մեջ 13-րդ դարուն, թաթարական տիրապետության ժամանակամիջոցին, և երկիրը ծածկվում է թեև փոքր, բայց հաճոյատեսիլ շինանյութերով։ Ահա այս շրջանին է, որ հայկական մանվածոները, որոնք արդեն գոյություն ունեին 5-րդ—7-րդ և 10-րդ—11-րդ դարերուն մեջ, ստանում են միանգամայն նոր տեսք և նոր զուգախառնում։ Այս շրջանին է, որ տերևալից ոստերի մեջ խառն կենդանիների և թռչունների քանդակներով մանվածոներ երևում են, որոնք գրեթե օտարանում են հին մանվածոների ակնապարար երևույթին և մեր կարծիքով մոտենում են անկման, ինչպես որ այդ շրջանում է, որ սկսվում է հայ ճարտարապետության անկումը, որովհետև ոչ միայն մանվածոներն այդ դարուն նոր ձև ստացան, այլ և շենքերի ամբողջության մեջ ևս հեղաշրջում առաջ եկավ, հին ավանդությունները պահելով հանդերձ։ Թաթարական շրջանի մանվածոների և քանդակազարդերու այլասերված նմուշներն են Ջուղայի բազմաթիվ խաչքարերը, որոնք թեև նախնական հայացքով չափազանց շքեղ և զարդարուն երևույթ ունին, այնուամենայնիվ, նախկին մանվածոների ակնապարար և հաճոյալի երևույթը չունի։ Այստեղ արդեն նկատելի է ոչ միայն թաթարական ճաշակը, ինչպես Անիի հետին դարերու շինությանց մեջ, այլ և նոր պարսկական ճաշակը խառնված հին մանվածոների հետ, որոնք ցույց են տալիս նախորդ մեծ արվեստի անկման ենթարկումը։ Վաղուց անցեր էին եգիպտական մեծագործ Ռամզեսներու, փարավոններու և ասորա-քաղդեական Սենեքերիմներու, Սարգոններու աշխարհադղորդ շրջանները։
Փիլիպյան Աղեքսանդրի վաղահաս մահվամբ հռովմայեցի կայսեր տիեզերակալի մեծ փառքը ընդմիշտ աղոտեցավ և աշխարհասասան կայսրությունը՝ բախտախնդիրներու մեջ բաժան-բաժան եղած անվերջ կռիվներու ասպարեզ դարձավ, մինչև որ միջին դարուն համաշխարհային մեծ հեղաշրջում մը փոխեց երկրին ճակատագիրը։
Միջին դարուն առաջ եկավ բյուզանդական ահեղ կայսրություն մը, որ մոտավորապես երեք դար միահեծան տիրապետեց Եվրոպայի և Առաջավոր Ասիայի մեծ մասին, ավելի քան, Ալեքսանդր աշխարհակալի տիրապետած սահմանները։ Եթե արաբական աշխարհավեր արշավանքը վրա չի հասներ, թերևս բյուզանդական կայսրության բախտը մինչև համաշխարհային տիրապետության հասներ։
Սկսած Բյուզանդիոնի մայրաքաղաք դառնալեն (326-330) մինչև Ֆաթիմ սուլթան Մահմեդի տիրապետությունը (1453) Բյուզանդիոնի փառապանծ գահուն վրա նստող կայսրներուն ամենուն չվիճակվեցավ պատմական, քաղաքական և գիտական մեծագործության հավիտենական անուն թողելու, անոնցմե ոմանց համար այդ փառաշուք գահը թեև փուշ ու տատասկ եղավ և զիրենք ավելի թշվառացուց, քան սովորական մարդկանց ամենեն թշվառականը, սակայն ուրիշներու համար երջանկության և վայելչության այնպիսի հեշտավառ դրախտ դարձավ, որ երբեմն փորձվեցան ինքզինքնին սովորական մահկանացուներե շատ բարձր՝ աստվածներ կարծելու։
Ժամանակը անկայուն է և անոր դատաստանը անողոք և իրեն հետ միասին անէության անդունդը կգլորե ինչպես ցավ ու տառապանք, այնպես ալ փառք ու վայելչություն։
Այսպես անէացավ և ստվերի մը նման եկավ անցավ ավելի քան տասն և հինգ դարեր ապրող, իշխող և հզոր առյուծի նման մռնչող բյուզանդական երբեմնի աշխարհահռչակ կայսրությունը։
Պատմությունը հազիվ կարողացավ ժամանակի անէացնող հոսանքին աոջևեն փրկել քանի մը արժանահիշատակ անցքեր, այս երկար ու մեծանուն անցյալեն, և կայսրության աստվածային գահը բազմողներու լոկ անունները միայն պահել, խիստ նսեմ և անփառունակ։
Սակայն այս տասն և հինգ դարերու մեջ Բյուզանդիոնի աստվածային գահուն վրա նստողներեն երկուքին իսկապես վիճակվեցավ աստվածանալու չափ համաշխարհային փառքի և հավիտենական երախտագիտության արժանանալու նախանձելի բախտը։
Այս երկուքը՝ Կոստանդիանոս և Հուստինիանոս՝ իրենց անվան այնպիսի մահարձաններ կանգնեցին, որոնց աոաջինինը պիտի մնա կանգուն այնքան ժամանակ, որչափ ժամանակ գոյություն ունենա քրիստոնեությունը, իսկ երկրորդինը՝ պիտի մնա քանի գոյություն ունենա աշխարհի մեջ գիտության և գեղարվեստի պաշտամունքը։
Բայց արդյո՞ք արդարացի կերպով տիրացան այս երկու կայսրներ իրենց վիճակված հավիտենական փառաց պսակին։ Ժամանակը պիտի պարզե այդ ճշմարտությունը, անոր դատաստանն արդար է և վճիռն անողոք, գուցե գա օր մը, որ անոնց պատվանդաններուն քով կանգնե ավելի բարձրերը և բազմացնե անոնց վրա այն ճշմարիտ աստվածները, որոնց ավելի արդար իրավունքն էր հավիտենական համաշխարհային երախտագիտությունը։
Կոստանդիանոս, հակառակ իր նախորդներու հալածող քաղաքականության, քրիստոնեությունը ազատ և պետական կրոն հայտարարեց, որո փոխարեն, քրիստոնյա աշխարհը, ի վարձատրություն կայսերական այս բարյացակամության, զինքը պաշտելի սրբոց կարգը դասեց։
Մինչև վերջին օրն առանց մկրտված լինելու քրիստոնյա և հավիտենական պաշտաման արժանի սուրբ հռչակավոր Կոստանդիանոս համոզվա՞ծ էր արդյոք հանուն քրիստոնեության մարտիրոսացող հարյուր հազարավորներու դատին ճշմարտությանը որոնք կպահանջեին ընդհանուր մարդկության համար ազատություն, հավասարություն և եղբայրություն, թե երեք հարյուր տարիներն ի վեր մարտիրոսներու արյամբ ոռոգված ու բեղմնավորված քրիստոնյա աշխարհի ահավոր ուժին առջև ակամա տեղի տալով արքայական վեհաշուք գահն ու աշխարհային փառքն ու վայելչությունն ապահովեց։
Անշուշտ չէր մոռցած քանի մը տարիներ առաջ Դիոկղետիանոսի սարսափը ամբողջ բանակին զինաթափ տեսնելու վտանգին առջև, երբ կռոց զոհելու կբռնադատեր իր քրիստոնյա զինվորներուն։
«Սովաւ յաղթեսցիս» ի ճշմարտության տեսիլին մեջ արդյոք խա՞չն էր տեսած, թե՞ աչոք բացոք տեսավ իր գահին ու թագին սպառնացող քրիստոնյա բանակին անպարտելի ուժը։
Արժանահավատ պատմությունը կհավաստե, թե խաչանիշ սաղավարդակիր և վահանակիր բանակի միահամուռ զորությունը փրկեց կայսրության ամբողջությունը մոտալուտ կորստյան վտանգեն, կհավաստե նաև, թե բովանդակ բանակի զինվորները հաճույքով դրին իրենց կուրծքի վրա իրենց վսեմ գաղափարի հաղթանակի պաշտելի խորհրդանշանը։
Ուրեմն բախտը գեթ առ ժամանակ ուզեց երեք հարյուր տարվան մարտիրոսներու արյամբ հյուսված՝ «ազատության, հավասարության և եղբայրության» գաղափարի փառաց պսակը ժառանգե Կոստանդիանոս կայսրը։
Հուստինիանոս ուզեց որ, իր օրով քաղաքական խառնակության մը ժամանակ մոխիր դարձող Կոստանդինաշեն եկեղեցին այնպես մը վերաշինե, որուն նմանը աշխարհի մեջ տեսնված չի լինի։
Հասավ իր նպատակին, կանգնեց հանուն ս․ Սոփիայի գերահրաշ տաճար մը, որուն վրա տասն և չորս դար հիացավ բովանդակ աշխարհը։ Ի՞նչ զգացմունքներե մղված Հուստինիանոս ձեռնարկեց այդպիսի աշխարհահռչակ մեծագործության։
Ոմանք կվերագրեն անոր ջերմեռանդ հավատքին, ոմանք ալ ծայրահեղ գեղարվեստասիրության։ Սակայն հավատացողներ ալ կան, որ այդ միջոցին ամբոխացած ժողովուրդին առջև անհրաժեշտ էր թափել, հեղեղել իր պետության գանձարանին մեջ կուտակված ոսկիները, և այդ ոսկիներու շողշողուն փայլով ստեղծել տատանվել սկսող գահին նեցուկները։ Իսկ ոսկիին հետ երբ կմիանար աստվածառաք հրեշտակներու պատգամը տաճարի շինության մասին, այն ժամանակ կայսրը նվիրական կդառնար ռամկին աչքում և անձեռնմխելի կդառնար անոր գահը։
Ինչե՞ր էին հրեշտակներու պատգամները աստվածախոս այս նոր Սողոմոնին։
Հրեշտակները բերին տաճարը շինելու աստվածային անբռնաբարելի կամքը, տաճարին չափը, ձևը և ամբողջ հորինվածի ծրագիրը։
Կայսրն առանձին հպարտությամբ հայտարարեց, որ եթե աստված չհրամայեր տաճարի շինությունը, եթե հրեշտակը չբանար անհայտ քարայրի մը մեջ ծածկված անհամար ոսկիի շտեմարանը, ինքը բնավ չէր կարող հանդգնել այդ մեծագործության ձեռնարկելու։ Նաև եթե աստված չի տար այդ զարմանահրաշ տաճարի գեղարվեստական զմայլելի ծրագիրը և իր հրեշտակներու միջոցավ չի ղեկավարեր անոր շինությունը, ինքը անզոր էր քան Սողոմոն գերազանցելու։
Ուրեմն ի՞նչ կասկած կարող է լինել, որ աստված, Սողոմոնեն շատ ավելի սիրեց Հուստինիանոսին։
Եթե Կոստանդիանոս խոստովանեցավ, որ առանց խաչի կամ խաչակիր բանակի ինքը անզոր էր վերահաս վտանգեն կայսրությունը փրկելու, նույն խոստովանությունը վեհանձնաբար կատարեց Հուստինիանոս իր անզորության մասին, առանց աստվածառաք հրեշտակներու օժանդակության։
Կայսրության գանձարանին անսպառ միլիոններ մատակարարող ճարտարամիտ ելևմտագետ պաշտոնյաներ և երկու մեծահանճար ճարտարապետներ եթե դժգոհ էին այս աստվածային պատգամներեն և հրեշտակային օժանդակության հավաստիացումներեն, սակայն լռությունը իմաստություն համարեցին, վստահ լինելով, որ ժամանակը ուշ կամ կանուխ պիտի վերցնե իրենց վրա ծածկված հրեշտակային շողշողուն հանդերձները և պիտի ցույց տա աշխարհին Հուստինիանոսի վայելած փառաց դափնիներուն իսկական ժառանգորդները։
Հուստինիանոս բոլորովին սխալ չէր իր հայտարարության մեջ, մի՞թե սովորական մարդոցմե բարձր հանճարները պաշտվելու արժանի չեն։
Ժամանակը թերևս օր մը Կոստանդիանոսի փառաց պատվանդանին քով ավելի բարձր պիտի կանգնե համամարդկային իրավանց պաշտպան նահատակներու փառապանծ արձանը, որուն առջև հավիտյան պիտի երկրպագեն իրավազրկության կապանքներեն ազատված մարդկությունը, իսկ Հուստինիանոսի պատվանդանին մոտ պիտի կանգնե Անթեմիուսի և Իզիտորի հոյակապ արձանները, որոնց առջև հավիտյան պիտի խոնարհվին գիտության և գեղարվեստի բոլոր երկրպագուները։
Գուցե մնան Կոստանդիանոսն ու Հուստինիանոսն ալ իրենց խոնարհ պատվանդաններուն վրա՝ աոաջինը իբրև համեստ զիջողության, իսկ երկրորդն իբրև գեղեցիկին ու վսեմին մարմնացում գեղարվեստը գնահատողի օրինակ։
Կոստանդնուպոլսո Ս. Սոփիա եկեղեցին միջին դարու ճարտարապետական ամենամեծ հրաշալիքն է։
Այս հրաշալիքը 6-րդ դարու սկզբին կանգնել տվավ Հուստինիանոս կայսրը, փոքր ասիացի երկու հույն ճարտարապետներու ձեռքով, որոնց մեկն էր Թրալլացի Անթեմիուս և մյուսը՝ Միլետացի Իսիդոր։
Այս եկեղեցին մինչև այսօր աշխարհի բոլոր գիտնականների ուխտատեղին է, որը Կոստանդնուպոլսո առումեն հետո մզկիթի փոխարկեցին թուրքերը։
Անկարելի է առանց զարհուրելու դեպի վեր՝ անոր գմբեթին նայել, որ երկնքի մը պես կախված է դիտողի գլխին վրա, որուն մեջ բյուզանդական կայսրության օրով ոսկեղեն ու արծաթեղեն անթիվ ջահեր ու կանթեղներ կփողփողային աստեղազարդ երկինքի մը նման։
Գմբեթի տրամագիծը 31 մեթրեն ավելի է, տրամագիծ մը, որ քիչ պակաս է Զվարթնոց եկեղեցիի կամ Անիի Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցիի ամբողջ շենքին տրամագծեն։
Շենքը վերջանալեն, Հուստինիանոս քառաձի կառքով գնաց օծման հանդեսին ներկա գտնվելու. երբ ներս մտավ ու տեսավ այս հրաշալի շենքը զարդարված ոսկեղեն և արծաթեղեն զարդերով, բյուրավոր ջահերով ու կանթեղներով, հպարտ շեշտով մը գոչեց․−
«Հաղթեցի քեզ, Սողոմոն»…
Օծման թվականեն քսան տարի հետո, այս մեծագործ գմբեթը փլավ։ Հուստինիանոս առանց հուսահատվելու, վերստին նորոգեց ավելի հաստատուն կերպով։ Այս նորոգութենեն հետո միշտ անվնաս մնաց մինչև 989 թվականը։ Այս թվականին ահեղ երկրաշարժ մը վերստին փլցուց գմբեթը և շենքն ալ մեծ ճեղքվածք ստացավ։
Ժամանակակից հայազգի Վասիլ կայսրը ուզելով անմիջապես վերանորոգել այս չնաշխարհիկ հիշատակարանը, բազմաթիվ տեղացի ճարտարապետներ հավաքեց անոր շուրջը։
Այս դեպքին նույնպես ժամանակակից հայ պատմագիր Ստեփաննոս Ասողիկ կպատմե, թե տեղացի ճարտարապետներեն ոչ ոք չհամարձակվեցավ հանձն առնել անոր վերաշինությունը։
Պատահաբար այնտեղ գտնվեցավ Շիրակի թագավոր Սմբատ Բագրատունիի անձնական ճարտարապետը՝ Տրդատ, որ հիմնարկել էր Անիի Մայր եկեղեցին, բայց Սմբատի մահվամբ շինությունը ընդհատվել էր, մինչև Գագիկ Շահնշահի զուգակից Կատրանիդե թագուհիի վերսկսելը։
Այս հանճարեղ ճարտարապետը հրավիրվեցավ նորոգելու։ Նա համարձակ մոտեցավ այդ մեծ ու հանդուգն գործին և հանձն առավ վերաշինել ավելի հաստատուն, քան իր նախորդները։ Անձամբ պատրաստեց բոլոր կաղապարները, անկյուններու չորս առագաստները նորոգեց իր ուզած ձևով, հետո բարձրացուց շուրջանակի ցած թմբուկ մը, որ այն ժամանակ միմիայն Հայաստանի հատուկ ոճ էր, և այս թմբուկին վրա կազմեց 31 մետրեն ավելի տրամագծով կիսագունդը։
Այն օրեն ի վեր անցեր են ինը հարյուրեն ավելի տարիներ, բազմաթիվ երկրաշարժներ և ուրիշ բնական արկածներ Կոստանդնուպոլիսը դղրդեր են, սակայն Տրդատաշեն գմբեթը անսասան կմնա ս. Սոփիայի գլխին:
Ահավասիկ գեղեցիկ փաստ մը պատմական հայ ճարտարապետության հոռետես քննադատներուն համար:
Շիրակի նման փոքրիկ թագավորության մեջ ծներ ու զարգացեր է այնպիսի հայ արվեստագետ մը, որ ոչ միայն մրցակից հանդիսացավ Հուստինիանոսի զույգ ճարտարապետներուն, Անթեմիուսին և Իսիդորին, այլև իր հավիտենական մահարձանը կանգնեց Բյուզանդիոնի ս. Սոփիա եկեղեցվուն վրա,− պատիվ ու պարծանք իր հայրենիքին, իր ցեղին։
Երբ որ գաղթականության բուռն հոսանքներ 5-րդ դարեն սկսյալ Բյուզանդական կայսրության երկիրները կողողեին, արդյոք քանի՞ մեծագործ արվեստագետներ խառնված այդ հոսանքներուն Տրդատի նման սքանչելիքներ կանգնեցին բյուզանդական երկիրներու մեջ, որոնք անհիշատակ կորան և անոնց հանճարի արտադրություններն արձանագրվեցան երկրին և տիրապետող տարրին անունով:
Բայց ի՞նչ հարկ կա ուրիշ փաստեր փնտրելու հնադարյան Հայաստանի բարձրագույն քաղաքակրթության և հայ ժողովրդի ստեղծագործական հանճարի մասին: Այսօրվան ս. Սոփիայի գլխին բազմած ահեղատեսիլ գմբեթը Հայաստանի բազմադարյան քաղաքակրթության պերճախոս պատմությունն է։
Սմբատ Բագրատունու Տիեզերակալ մականվանյալ թագավորը, երբ իր հոր Աշոտ Ողորմածի գահը բարձրացավ 977 թվականին, առաջին գործը եղավ Անի քաղաքն ավելի ընդարձակ պարիսպով մը շրջապատել, այնուհետև գրեթե 8-10 տարի ևս հանգիստ ու դադար չունեցավ իր երկիրն ասպատակող թշնամիներեն մաքրելու համար։
Սմբատի սարսափը հյուսիս և հարավ տարածված ոչ ոք այլևս չհամարձակվեցավ անոր երկրներուն և հարստությանց աչք տնկելու: Դրացի բոլոր թագավորներ ակամա խոնարհած անոր ասպետական քաջության առջև զինքը Շահնշահ և Տիեզերակալ տիտղոսներով պատվեցին։
Երբ ամեն բարիք ու առատություն, խաղաղություն տիրեց Շիրակի մեջ, Սմբատը հիշեց, որ երախտագիտական պարտք մը ևս ունի իրեն սրտին արիություն, բազուկներին ուժ և ձեռնարկներուն հաջողություն տվող աստուծուն, բերդեր, կամուրջներ, ճանապարհներ և շքեղ ապարանքներ մեծ քանակությամբ շիներ էր կարճ ժամանակի մեջ, սակայն անտես ըրեր էր աստվածային փառաց տաճար մը կանգնելու։
Հրամայեց կանչել իրեն մոտ Շիրակի անվանի ճարտարապետներեն մեկուն՝ Տրդատին, և հայտնեց անոր իր մտադրությունը, և ըսավ.
«Զիս ու իմ երկիրս անհուն բարիքներով ողողող Աստծու անվան սրբազան խորան մը կանգնել քեզ վիճակված է, ուստի բոլոր ուժդ հավաքած պետք է այնպիսի տաճար մը կանգնես այս քաղաքին մեջ, որ ոչ միայն իմ նախորդներուս շինածները գերազանցե, այլև մինչև այսօր քու բոլոր շինած շենքերուդ մեջ ամենեն շքեղը լինի։ Արքայական գանձարանս բաց է, մինչև այսօր ձեռք բերած համբավիս փառաց պսակը այդ տաճարով բոլորելու համար, ես վստահ եմ քո հանճարիդ և գեղարվեստական ճաշակիդ, դու պիտի կարողանաս ամեն կերպ գոհացում տալ իմ բաղձանքներուս, ես ալ քու շինած հրաշագեղ տաճարիդ թե իմ թագավորական թագիս և թե քու արվեստագիտական հազվագյուտ տաղանդիդ արժանի վայելչությամբ պիտի զարդարեմ ներսով ու դրսով։ Արդեն Հնդկաստան մարդ ուղարկեցի մինչև ութը բյուր արժողությամբ ջահ մը բերելու համար, որպեսզի որպես արեգակ տաճարիս երկնանման գմբեթեն կախված լուսավորե տաճարիս մեջ աղոթող հավատարիմ ու անձնվեր ժողովուրդս և շուրջը հազարավոր ոսկի և արծաթ կանթեղներ մշտավառ աստղերու պես փողփողեն։ Պատվիրեցի նույնպես քաղաքիս ամենեն արվեստագետ ոսկերիչներուս պատրաստել համակ արծաթաձույլ մարդաչափ խաչ մը, որուն վրա մարգարտին ու ադամանդին, զմրուխտին ու հակինթին շողշողուն լույսը ոսկեզօծե մեր դիմաց վեհափառորեն բազմող ծերունի Արագածի ճակատը և հեռվեն ամբողջ Հայաստանի վրա արթուն աչքերով հսկող վշտակոծ Մասիսի գագաթը, հանելով զիրենք 500 տարվան մշտամորմոք սուքեն։
Անմիջապես պիտի կանչեմ մնացած բոլոր արվեստագետներ, որոնք ևս սկսեն պատրաստել բոլոր այն ոսկեթել բանվածքներ, վարագույրներ և մետաքսեղեն գորգեր, սկսած աստվածաբնակ խորանեն մինչև գավիթի դուռը, դատարկ տեղ չմնա զարդարելու համար։ Իսկ քու վարձատրությունդ, անշուշտ, գիտես որ արքայական վարձատրություն պիտի լինի»։
Տրդատն այս վերջին խոսքը չլսեց անգամ, նա րոպեապես սլացած էր երևակայությամբ անպարագրելի հորիզոնները և սկսեր էր մտքին մեջ ամփոփել մինչև այն ժամանակ ծրագրած հազար ու մեկ հրաշալիքները, որոնց իրագործման ժամանակը հասեր էր: Հանճարը հրաբուխի մը նման սրտին ու մտքին մեջ կբորբոքեր, ու իր ամբողջ էությունը կխանձեր։ Հասեր էր այդ հրաբուխը պայթելու ժամանակը և անոր բոցով լուսավորելու համար հայ գեղարվեստագետի աշխարհը։
Թեև քիչ մը սրտաբեկ էր իր շինելիք տաճարին մեծությունը, քան Կ. Պոլսո ս. Սոփիան մեծ, և Սմբատի գանձը Հուստինիանոսին չափ առատ չլինելուն, սակայն նա որոշել էր այնպիսի բան շինել, որ թեև ծավալով փոքր, սակայն ընդմիշտ հիանար նորանով ապագան։
Տրդատի ուրախությունը երկար չտևեց։ Սմբատի անակնկալ մահվամբ, բոլոր հույսերը ցնդեցան։ Իր երևակայությունները մնացին լոկ երևակայություն։ Ո՞վ պիտի կանչեր զինքը անկեց ետքը մեծագործություններ առաջարկելու: Թագավորներ սովորություն չունեին իրենց նախորդներուն պաշտոնյաներով և արվեստագետներով ղեկավարվել: Անոնք իրենց համար նոր պաշտոնեություն և նոր արվեստագիտաց խումբ կկազմեին։
Այս հուսահատ տխրությունը Տրդատի վրա հազիվ մեկ երկու ամիս տևեր էր, երբ Բյուզանդական կայսրության մեջ պատահած սոսկալի երկրաշարժի մը լուրը հասավ, որը շատ մեծ ու փոքր շենքեր, բերդեր ու ապարանքներ կործանելեն զատ փլցուցեր էր ս. Սոփիայի գմբեթն ալ և շենքը ճեղքել էր վերեն մինչև վար:
Տրդատի հուսահատ աչքերը վերստին փայլեցան, ուրախության և հույսի արևը լուսավորեց համակ էությունը: Ոչ ոքի հետ բան չխոսեցավ, լռիկ ու մնջիկ ճանապարհ ընկավ դեպի Բյուզանդիոնի մայրաքաղաքը։
Տրդատ չէր սխալած, որ Բյուզանդիոնի մեջ ինքը պիտի փայլեր ու պիտի փայլեցներ հայ արվեստագետներու անունն ու պատիվը։ Բազմաթիվ արվեստագետներ ժողոված էին Վասիլ կայսեր հրամանով, որ ամեն հնարք ի գործ դնեն ս. Սոփիայի գմբեթը վերստին շուտով շինելու համար, սակայն ոչ ոք չէր համարձակեր նախաձեռնարկ լինել այդ սարսափելի կերպով պատասխանատու գործին։
Տրդատ առանց կողմնակի մարդոց դիմելու, դիմեց ուղղակի կայսեր, և ցանկություն հայտնեց, որ իրեն հանձնվի այս անգամ ս. Սոփիայի գմբեթի վերաշինությունը, ներկայացնելով ամեն հավաստիք իր կարողության և արժանավորության վրա։
Կայսեր անծանոթ չէր հայն ու Հայաստանը, ինքն ալ հայ մը էր Բյուզանդիոնի գահուն վրա, շատ մոտեն գիտեր Շիրակի թագավորության մեջ կանգնվող գեղարվեստական շինություններու համբավը։ Ուրախությամբ հավանություն տվավ Տրդատի առաջարկին, միանգամայն ձանձրացած տեղական ճարտարապետներու երկար խորհրդակցություններեն և ապարդյուն ժողովներեն։ Ուստի ըսավ Տրդատին.
− Ես արդեն լսած եմ քո անունն ու համբավը, վստահ եմ, թե ըստ ամենայնի զիս կգոհացնես, ուստի այս րոպեին քեզ բացարձակ լիազոր կկարգեմ այդ գործին։ Քու հրամանեդ կախված պետք է լինին տեղական բոլոր ճարտարապետները, արքունի գանձարանս ալ բաց, որչափ որ ծախսես. ով որ քու կամքիդ ու ուղղությանդ հակառակ կգործե, մահվամբ կփոխարինեմ այդպիսիներուն վարմունքը, գնա՛, ուրեմն, հաջողություն քեզ։
Այդ հանճարեղ ճարտարապետը համարձակ մոտեցավ գործին առանց որևէ պատասխանատվութենե վախենալու։ Առանց ժամանակ կորցնելու Տրդատ ոգևորված ձեռնարկեց կաղապարներու պատրաստության և սկզբնավորեց շինության գլխուն ժողոված վարժ ու փորձված արհեստավորներու խումբ մը։ Ամենայն հաջողությամբ առաջ գնաց, և ահա վերջապես եկավ օր մը, որ գմբեթը ամբողջովին կանգնած էր, ավելի հաստատուն և ավելի սիրուն ձևով մը:
Տրդատի մեծագործության համբավը արդեն հասեր էր Անի, ամեն կողմ կխոսեին անոր վրա։
Բարեպաշտուհի Կատրանիդե թագուհին առ ժամաբար հանձներ էր Սմբատի պակաս թողած կաթողիկեին շինության շարունակությունը մի այլ ճարտարապետի հսկողությանը։ Բայց սրտանց կցանկանար, որ Տրդատ ինքը վերջացնե իր սկսած գործը, ուստի շուտով պատգամ հանեց Պոլիս և հրավիրեց Տրդատին վերստին Անի մայրաքաղաքը, իր ձեռքով սկսած գործը իրմով ալ վերջացնելու համար։
Տրդատը հազիվ վերջացուցեր էր ս. Սոփիայի գմբեթի գործը, երբ այս հրավերը ստացավ։ Հայրենասեր արվեստագետին սիրտն ու հոգին դղրդաց, առանց վարանելու և սպասելու կայսեր իրեն խոստացած վարձատրություններուն, գնաց ներկայացավ անոր հրաժեշտի ողջույնը տալու։
Կայսրը զարմացած հարցուց.− Տրդատ, մի՞թե քեզի իմ հզոր պետության մեջ փառք, պատիվ ու մեծություն կպակասեր, որ որոշել ես գնալ այնպիսի փոքրիկ երկրի մը մեջ, որ հազիվ իմ հետին նահանգներես մեկուն հավասար է և շատ անբավական քու ստեղծագործական տաղանդը բեղմնավորելու համար. քեզ նման արվեստագետ մը իմ երկրիս պատիվ կբերե։ Մնա այստեղ։
− Ոչ, արքա, հայրենիքս ինձի կկանչե… պատասխանեց Տրդատը հպարտությամբ,− Հայաստանն է իմ հայրենիքս, Հայաստան պիտի երթամ (Ձեոագիրն այստեղ ընդհատվում է)։
«Եւ տեսանէի ի մեջ քաղաքիս, մոտ յապարանսն արքունի, խարիսխաձև, ճախարակաձև խարիսխ ոսկի, մեծութեամբ իբրև զմեծ մի բլուր, և ի վերայ նորա սիւն մի հրեղէն, բարձր մինչև յոյժ, և ի վերայ նորա թակաղաղ մի ամպեայ և խաչն լուսաւոր ի վերայ նորա:
Հիմնվելով սյունի նկարագրության խարսխաձև, ճախարակաձև բառերուն վրա, կարծողներ կան, որ Զվարթնոց եկեղեցու բոլորակ ձևը լուսավորչավանդ ծրագիր էր, երազի միջոցավ և երազի մեջ մատնանշված տեղը, նույնիսկ Զվարթնոցի շինված տեղն էր։ Հետևաբար Ներսես Շինող իր ժամանակին նախնյաց սխալը սրբագրող և երազի միջոցավ լուսավորչավանդ ձևի եկեղեցու ճշտությամբ իրագործողն եղավ։
Երազի մեջ մատնանշված տեղը՝ Վաղարշապատն էր թե՞ թաղաքադաշտի առապարը, այդ մասին վճիռ տալ կթողում հմուտ պատմաբաններուն, իսկ ինչ կվերաբերի զուտ ճարտարապետական նկարագրության իմաստին, ավելորդ է միանգամայն այլ ընդ այլո մեկնություններ տալ, այլ պետք է բացատրել Ագաթանգեղոսի ժամանակները ընդհանրացած մի քանի ավանդական սովորություններով, որոնք ճարտարապետության միջոցավ կարտահայտվին։[19] Հունա-հռովմեական շրջաններուն, քաղաքական մեծամեծ անցքերու և մեծագործ մարդկանց հիշատակի հավերժացման համար սովորություն կար առանձնահատուկ հիշատակարաններ կանգնել: Այս հիշատակարաններուն մեջ ամենեն բնորոշներն էին հաղթական կամարները և սյունաձև կոթողները։
Սյուն կոթողներու մեջ, ամենեն նշանավորը 112 թվականին Հռովմի մեջ Տրայանոս կայսեր 44 մետր բարձրությամբ և 3,57 մետր տրամագծով կանգնած սյունը, որուն բունին վրա մագաղաթյա փաթույթին ձևով քանդակված էին իր օրով տեղի ունեցած նշանավոր քաղաքական անցքերը պատկերներու լեզվով։
Ոչ միայն Տրայանոսի հիշատակին կանգնված սյունը և միևնույն նպատակով կանգնվածները, այլև բոլոր հունա-հռովմեական ճարտարապետական ոճի սյուներն առ հասարակ բոլորակ են և կբաղկանան երեք գլխավոր մասերե, 1. խարիսխ, 2. բուն, 3. խոյակ։
Խարիսխներն առանց բացառության բոլորակ են և ճախարակաձև ինչպես ցույց կուտա երազատեսը, իսկ խոյակները որոնք զանազան դարաշրջաններու մեջ թեև տարբեր ձևեր ստացեր են, սակայն անոր վերևի մասը, որ քառակուսի տախտակի մը ձևն ունի, նույնությամբ անփոփոխ պահված է ամեն ոճի մեջ, գրեթե մինչև մեր օրերը և այդ մասին զուտ հայերեն բառն է թակաղաղ (Abaque կամ tailloir):
Ագաթանգեղոս, իրեն ըսելով «Ի քաղաքէ մեծն Հռովմայ և վարժեալ հայրենի արուեստիւ, հռովմայերէն և յունարէն ուսեալ դպրութիւն» անպայման տեսած էր ոչ միայն Տրայանոսի հիշատակին կանգնված հսկա սյունը Հռովմի մեջ, այլ և ուրիշ նմանները շրջակային մեջ:
Արդ, քանի որ թագավորական հրամանով Հռովմեն կանչված էր (Ագաթ., էջ՝ 9) քրիստոնեության և խաչի հաղթանակի մատենագրական հիշատակարանը կազմելու, անշուշտ հիշելով իր ծնած ու սնած երկրի մեջ սովորություն եղած ճարտարապետական հիշատակարանի վեհագույն ձևը− սյուն կոթողը, թերևս ցանկացավ Վաղարշապատի մեջ ալ կանգնված տեսնել Տրայանոսի կոթողին նման սյուն մը, որուն թակաղաղին վրա, փոխանակ Տրայանոսի, Տրդատի կամ ևս առավել ս. Գրիգորի արձանը կանգնած լիներ։
Սակայն ժամանակի ոգին փոխված էր, նորածին քրիստոնեությունը անողոք կերպով կհալածեր այն ամենը, ինչ որ հեթանոսական ճաշակ ու սովորություն կարտահայտեին, հետևաբար նյութապես անկարելի էր իրագործել զուտ քրիստոնեական մեծ հեղաշրջման հիշատակին հեթանոսական ձևով հաղթանակի կոթող կանգնել։ Ուստի երազատեսն իր երևակայած սյան գլխին կկանգնե լուսաշող խաչը, որ հաղթական քրիստոնեության միակ խորհրդանշանն է: Գրիգոր Լուսավորիչ գլխավոր սյունն էր քրիստոնեական հավատի և լուսավորության, որուն բարձրությունն ավելի էր քան ուրիշ սյուներ նույն երազին մեջ տեսնված։
Որովհետև քրիստոնեության հաղթանակի համար, տաժանելի տանջանքներով մարտիրոսանալու մեջ, Գրիգոր մենակ չէր իր ժամանակին, ուստի, երազի հեղինակը երևակայեց ուրիշ երեք սյուներ ևս՝ ի հիշատակ Հռիփսիմեի և իր ընկերներուն, որոնք ոչ նվազ արժանացեր էին հավերժական հիշատակության՝ իբրև զորավիգ քրիստոնեության հաղթանակի և իբրև հավատո սյուներ, որոնց համար Ագաթանգեղոս Գրիգորի բերանով կլըսե. «Ահա սիւնք հաստատուն կանգնեցան ձերում խարխուլ շինուածոյն։ Այս այն սիւնք են, ասէ, որ ունին զբեռն ծանրութեան ձերոյ շինուածոյն փրկութեան. ահա երեք սիւնք և չորրորդ սիւնն կենդանության՝ որ զձեզ առ Աստուած վերացուսցէ… և այլն և այլն» (Ագաթ., էջ 400)։ Գրիգոր թեև քաղաքագիտորեն ինք զինքը բնավ հավատո սյուն չանվաներ, սակայն Հռիփսիմյանց նահատակներու անունով կանգնված մատուռները երբ սյուն կանվանե, շատ պարզ է, որ չորրորդ սյունը ինքն է երազին մեջ առաջինը և ամենաբարձրը։
Այս երազի այլաբանական նկարագրութենեն եթե ուզենք եկեղեցիի մը շինության ճարտարապետական ծրագիր մը հանել, Զվարթնոցեն ավելի կպատշաճի այժմյան Էջմիածնի կաթողիկեին, որովհետև նկարագրությունը չորս աղեղնակապ սյուներու վրա գմբեթավորյալ եկեղեցիի մը պատկերը կուտա, առանց բոլորակի մասին ակնարկ մը ունենալու, բացի սյանց խարիսխներու ճախարակաձևութենեն։ Հետևաբար միանգամայն անտեղի է երազը Զվարթնոցի հետ կապելը։
Ինչպես հաճախ առիթ եմ ունեցեր խոսելու այն մասին, թե հայոց եկեղեցական ճարտարապետական սկզբնական ձևերը ուղղակի ազդված են մեհենական ձևերեն, նույնպես այս երազին մեջ տրված ճարտարապետական ծրագրին մեջ, ես կտեսնիմ դիցապաշտության հեռավոր մի ազդեցությունը, խառնված քրիստոնեական սկզբնական դարերուն, երևան եկող չորս սյուներու վրա, գմբեթավորված եկեղեցիներ կանգնելու սովորության հետ։
Դեռ հռովմեացիներեն առաջ, Հունաստանի մեջ, սովորություն կար, սյունազարդ մեհյաններու յուրաքանչյուր սյունը նվիրել մի առանձին աստվածության, և կառուցված տաճարն այդ բոլոր աստվածություններու անունը կստանար սյուներու թվով։ Հետևաբար հեղինակը երևակայությամբ սլացեր էր դեպի հեթանոսական դարեր և այնտեղ գտնված օրինակներեն ուզեր է օգտվել նորադարձ քրիստոնեության հավատո չորս սյուննրու անվամբ եկեղեցի մը կանգնել՝ չորս սյուներու վրա գմբեթավորված որպես երկնային աստվածային հովանավորության, և չորս սյուներուն յուրաքանչյուրը նվիրված լինեին հավատո չորս սյուներու անվան։
(Քննելի և քննադատորեն մշակելի նյութ հապճեպով գրված)։
Թե որչափ հին է հայոց ճարտարապետության ծագումը, ժամանակի թանձր մթության մեջ կորած է։ Նախաքրիստոնեական շրջանի մեջ, հայոց միահեծան կայսրություններու աշխարհակալությանց և զարգացման մասին քանի մը պատմագրաց տված պերճաբան վկայություններ միշտ պիտի մնան իբր առասպելներ, քանի որ այդ զարգացման ապացույցներ, եթե կան, երկրի ծոցին մեջ հողի թանձր շերտի տակ ծածկված են:
Արտաշատ, Արմավիր, Դվին նույնպես և Վասպուրականի և այլ հայաբնակ գավառներու հետազոտութենե կույս մնացած հողաբլուրներ թերևս տան մեզի դրական փաստեր այն ատենվան զարգացման մասին, սակայն քանի որ այժմ ոչինչ չունինք ի ձեռին, մեզ կմնա դատել աչքի առջև եղած իրական ապացույցներու վրա։
Թեև հայերը, բարձրագույն կրթության հասած ազգերով շրջապատված՝ իրենց աշխարհագրական դիրքով չէին կարող չազդվիլ անոնց քաղաքակրթութենեն, սակայն գեղարվեստի պատմության համար, տրամաբանական հետևություններ, այնքան ալ զորեղ ապացույցներ չեն կարող համարվիլ, երկրի մը ընդհանուր զարգացման մասին։ Միայն կա մի դրական ապացույց, որով կարող ենք հայ գեղարվեստի ծագումը, անոր գոյության գործնականապես ապացուցված թվականներեն քանի մը դար ևս՝ ավելի հեռու, դեպի հեթանոսական շրջանը տանիլ:
Հայկական ոճի ամենահին նմուշ, մեզի հասած 4-րդ և 5-րդ դարու հիշատակարանները՝ դատելով իրենց բարձրագույն կատարելության հասած երևույթեն և զանոնք կառուցողներու կիրթ ու հմտագույն ճաշակեն, բնականորեն պետք է հետևցնել, որ անոնք երկար դարեր առաջ սկսված և անընդհատ աստիճանական զարգացման ենթարկված գեղարվեստի մը արդյունք են։
Ինչ որ ալ ըլլա հեռավոր անցյալը, մեզ հասած տարրերու վրա չափելով, կմնա հետաքրքրվել թե ո՞ւր էր հայոց գեղարվեստի աղբյուրը, ի՞նչ ճանապարհով մտավ Հայաստան, և ի՞նչ պարբերական ազդեցություններե անցնելով, հասավ յուր վերջին անկման շրջանին:
Այս հարցը դժբախտաբար դեռ անլուծելի կմնա։ Մինչև ցարդ գիտնական ուղևորներու եզրակացությունները, միշտ զիրար հակասեր են, հայոց ընդհանուր հիշատակարաններու վրա հավաքական ուսումնասիրություն կատարած չըլլալուն համար։ Մի փոքր շրջանի մեջ թռուցիկ արշավանքներ բավական չեն ընդհանուր արվեստին վրա գաղափար կազմելու, վասնզի, հայկական զանազան նահանգներու մեջ ճարտարապետական արվեստը՝ իրարմե զգալի չափով տարբեր ազդեցություններու ենթարկված այլազանություն մը կներկայացնե: Հետևաբար յուրաքանչյուր գիտնական հետազոտող, տեսած նմուշներուն վրա պիտի ձևեր յուր կարծիքներն ու ենթադրությունները, ընդհանուրի վերաբերմամբ:
Հետազոտությանցս համառոտ ամփոփումը գրի առնելով, նոր կարծիք մը, կամ նոր ճշմարտություն մը հայտնած ըլլալու հավանականությունը երբեք չունիմ, գուցե ես պարզ արձագանքն եմ քան զիս կանխող բազմահմուտ ուսումնասիրողներու, սակայն իբրև գեղարվեստի խոնարհ մշակ, ես ալ պարտական զգացի ինքզինքս, հաղորդել թղթին, գուցե և ապագային, այն ամենը, որոնք ինձի նորություն և հետազոտութենե զուրկ թվեցան։
Հայ ճարտարապետության ոճը և կազմությունը բնորոշող թեև շատ բան գրված չէ, սակայն եղածներն ալ ընդհանրապես, անոր՝ բյուզանդականի ազդեցության տակ կազմված ըլլալուն համամիտ են։ Ոմանք ալ հակված են այս կամ այն մասերուն մեջ տեսնել արևելյան ոճերու ազդեցությունը, բացի իր ինքնուրույն ստեղծագործական ճոխ մասերեն։
Այս հակասությունը բառնալու համար էր, որ վերջերս գիտնական ճարտարապետ մը Փարիզի Սորբոնին մեջ, հատկապես հայոց ճարտարապետության մասին կարդացած դասախոսության մը ժամանակ, ուշադրությունը կհրավիրեր մասնագետներու, նորագույն հետազոտություններու և հայտնություններու համեմատ՝ քննել թե, այսուհետև որչա՞փ հավանական կարելի է համարել հայոց ճարտարապետության ուղղակի բյուզանդականեն ազդված ըլլալու կարծիքը:[21] Միևնույն ատեն հարկ կհամարեր քննել թե ինչ չափով Բյուզանդիա օգտված էր հայ ոճեն։
Ես հակվելով բոլորովին այս վերջիններու կողմը, առավելագույն համոզումս եղած է, թե հայ ոճը բնավ չէ ենթարկված արևմտյան ոճերու, մինչև 11-րդ դարու սկիզբը։ Այս դարեն սկսյալ, հազիվ կես դար, արևմտյան ոճերը հայ արվեստին մեջ թեթև հետքեր թողելեն հետո, իսպառ անհայտացած են, միանգամայն տեղի տալով հանկարծական անկման մը՝ որը տևած է ավելի քան մի դար, մինչև նորագույն վերածնություն։
Պատմական տեսակետով ալ դատելով, փոքր ինչ անբնական կթվի ինձ բյուզանդական ճարտարապետության ազդեցությունը հայոց վրա, քանի որ գիտությունը պարզաբանած է բյուզանդականին կատարելապես Փոքր Ասիո բազմազան ոճերու խառնուրդե մը կազմված ըլլալը, որոնց մեկ երկուքին փոխանցման ուղիղ ճանապարհը Հայաստանն էր յուր անընդհատ և խուռներամ գաղթականություններու միջոցով։
Բյուզանդիայի գահի վրա տասնյակ կայսրներ բարձրացնելու չափ դիրք և ազդեցություն գրավող գաղթականության մը համար, տարօրինակ բան չէ հավատալ, որ անոնք իրենց հետ փոխադրած քաղաքակրթության արժանավորություններու շնորհիվ կարողացած էին շահել իրենց ձայնը քաղաքական գործերու մեջ իսկ։
Բյուզանդական կայսրության անմիջական դրացի երկիրներու մեջ, որոնք հաճախ մնացած են անոր երկարատև թևարկության տակ, գուցե գտնվին անոր ուղիղ ազդեցությունը կրող արվեստագործություններ. այս կողմերը որ Անորիքի և Պարսկաստանի մշտնջենական բաժինը եղած է գրեթե, անոնց արվեստներուն ալ խոր հետքերը հստակ կերպով նշմարելի են մինչև վերջը։
Արևելյան ոճերու ենթարկման այս ընդհանուր հոսանքին մեջ կա սակայն մի ուշագրավ, բայց անհետևանք բացառություն՝ Գառնիի մեջ. ժողովրդական ավանդությամբ Տրդատա թախտ անունով։
Տրդատա թախտը զուտ հունա-հռովմեակտն ոճ ունի և միայն արդյունք է այն կառուցողին ի մանկութենե Հռովմի մեջ ստացած դաստիարակության։[22] Գեղարվեստի հայրենիքին մեջ, անհուն հրաշակերտներու հիացման թարմ տպավորության տակ, Տրդատ յուր վերադարձին շուտով չէր կարող հաշտվիլ արևելյան ցուրտ և ծանր ոճերու հետ։ Այս շենքը ինքնին մեծ ապացույց է ժողովրդական ավանդության ստուգությանը։
Եթե իբր անսխալ ընդունենք անոր վերակազմությունը[23] և դետալներու ընդօրինակությունը, այն ատեն անմիջապես աչքի կզարնե արևելքի ճարտարապետներու իրենց համար բոլորովին օտար այս նոր ոճին իրագործման մեջ ցույց տված ինքնուրույն տարրերի ներմուծման բնորոշ գծերը։
Ֆրիզի անհամեմատ նեղությունը թեև զգալի է, սակայն 2-րդ դարուն, հռոմեական գեղարվեստի անկման սկզբնաշրջանին մեջ, անոր նման, և երբեմն առանց ֆրիզի entablement-ներ երևցած ըլլալուն պատճառով, կարելի է մասամբ քննադատութենե ազատ համարիլ: Բայց ուրիշ մասերու մեջ հռովմեական և արևելյան գծերու ներդաշնակ դասավորումը ակնհաճո կերպով շեշտված է։
Ֆրիզի միջի քանդակները հռովմեական acanthe-ներու գեղեցիկ ու ճկուն ոլորումները կներկայացնե արևելյան ոճի տերևներով:
Իրաց այս վիճակին մեջ, պետք է խոստովանիլ, որ այս շենքը հայ հիշատակարաններու շարքին մեջ շքեղ գլուխ գործոց մը կներկայացնե:
Բայց և այնպես այս գեղեցիկ ոճը, չգտնելով ոչ մի համակրող և հետևող, միայնակ մի երևույթ մնացեր է ամբողջ հայ գեղարվեստի պատմության մեջ։
Գեթ ինձի չէ հաջողված տեսնել հայոց մեջ ուրիշ շինություն մը, որ ունենար Տրդատի թախտին չափ զուտ արևմտյան տարազ։
Բագրատունի Գագիկ Ա. հրապուրված Զվարթնոցի անօրինակ վայելչազարդության համբավեն 1000 թվականին, Անիի մեջ կանգնել կուտա անոր ընդօրինակությունը, սակայն Անեցի ճարտարապետներ, պահելով անոր հայոց մեջ վաղուց ընդունված բոլորշի և քրիստոնեական խորհրդանշան խաչաձև հատակագիծը, բոլորովին կմերկացնեն յուր զարդերեն և կհագվեցնեն իրենց սեփական տարազով։
Ահա այս 1000 թվականին, կես դար տևողությամբ մտած կերեվին հայոց մեջ արևմտյան ոճի հետ ունեցած ընդհանուր մանրամասները։ Այս խառնուրդները կնշմարվին Գագկաշեն ս. Գրիգորի իրանը շրջապատող գոտիին վրա և դրանց շրջանակներու մեջ. կաթողիկեի հարավային ճակատի արևելակողման նիշի կամարին վրա. Հոռոմոսի ս. Հովհաննեսի տաճարին գավիթի առաստաղին զարդաքանդակներու մեջ և այս շրջանի ոճին ենթարկվող բոլոր եկեղեցիներու դռների շրջանակներու վրա։
Այստեղ ի դեպ է ըսել թե, այս թվականին և կամ ավելի ճիշտ՝ 11-րդ դարուն, ավելի շեշտված կերևին հայոց եկեղեցական հատակագծային ձևերը արևմտյան քրիստոնեից եկեղեցիներու վրա, հավանականաբար դավանաբանական ծեսերու ընդհանրության միջոցով։ Այս մասին ունիմ առանձին հետազոտություն, բայց կանխահաս կհամարիմ գրել, դեռ վերջնական եզրակացության հանգած չըլլալուս համար: Միայն ստույգ է, որ այս թվականներեն սկսյալ, հայ եկեղեցյաց խորաններու երկու կողմը գտնված պարզ պահարանի պաշտոնով շինված քառակուսի սենյակները աբսիդավոր ավանդատուներու և կամ մատուռներու փոխվեր են և ավելցվեր են ապաշխարողաց գավիթներ։ Նույնը կտեսնենք նաև արևմտյան քրիստոնեական տաճարներու մեջ՝ մտից դռներու առջև:
Նախնական կերպին կվերաբերեին Էջմիածնի,[24] Ղըզըլ Ղալայի, Տեկորի, Մրենի, Հռիփսիմեի, Գայանեի, Ղոշավանքի ս. Մինասի և ուրիշ շատ մը եկեղեցիներ, որոնց շինությանց թվականը այս դարեն առաջ է, ասոնք ոչ աբսիդավոր ավանդատուն ունին և ոչ ալ ապաշխարողաց գավիթ։ 11-րդ դարեն սկսյալ այնպիսի ստիպողական պահանջ դարձեր են ավանդատունները և գավիթները, մանավանդ Անիի մեջ, ուր նախապես շինված շատ մր եկեղեցիներու արևելյան կողմը քանդելով, մեծ դժվարությամբ սեղաններու երկու կողմը ավելացուցեր են փոքրիկ ավանդություններ, առանց նույնիսկ նկատի ունենալու նույն եկեղեցիներու արտաքին տեսքի սաստիկ տգեղանալը, ինչպես Ապուղամրենց ս. Գրիգոր և միջնաբերդի երկու ութանկյունի եկեղեցիները, որոնք հետո վերածվել են անկանոն բազմանկյունիներու։ Իսկ գավիթներ անխտիր ավելացված են ամեն եկեղեցիներու առջև, նույնիսկ չխնայելով անոնց նախկին գեղարվեստական ներդաշնակ երևույթին։ Մայր եկեղեցվո շինված ժամանակ այդ գավիթի սովորությունը դեռ մտած չերևիր Անիի մեջ, որովհետև Մայր եկեղեցվո գավիթն ալ ուշ ժամանակ ավելցված է։ Ըստ երևույթին այս գավիթները շուտով փոխելով իրենց նշանակությունը, գերեզմաններու և դամբարաններու վերածվեր են։
Հայոց և հունական ոճի փոխազդեցությունը ենթադրել տվող գլխավոր մանրամասներեն մեկը խոյողն է (volute). այս ենթադրությունը կարող էր արդարանալ այն ժամանակ երբ խոյողի ծննդավայրը Հոնիան կկարծվեր, ինչպես որ Պերսեպոլիսի ավերակներուն մեջեն գտնված սյունի մը խոյակին վրա վերեն վար ուղղահայաց դիրքով՝ քանդակված խոյողները Քսերքսեսի գերի վարած հույն վարպետներու գործ համարվեցավ։ Բայց երբ Եգիպտոսի և Ասորեստանի պեղումները ճշտեցին անոր իսկական հայրենիքը և գծեցին անոր փոխանցման ուղին, այն ատեն այս ենթադրությունը իր ուժը կորսնցուց։ Կարելի կըլլար հետադարձ ազդեցություն համարել հայոց վրա, եթե, նախ անոնք հայոց մեջ արևելքի նախնական գծերով մնացած չըլլային, երկրորդ, եթե խոյողեն զատ, հունական ոճը շոշափող գեթ աննշան չափով ուրիշ մանրամասներ ալ գտնվեին, երրորդ, եթե, պրոֆ. Մառի Անիի գյուղի մեջ պեղած հեթանոսական գերեզմաններե դուրս եկող կավե ամանի մը կողի վրա բարձրաքանդակ նկարված խոյողը անոր, նույնիսկ հեթանոսական դարերու մեջ գործածված ըլլալը չապացուցաներ։
Ուրեմն ասկեց կհետևի, որ Առաքելոց եկեղեցվո և Գագկաշեն ս. Գրիգորի վրա եղած խոյողները վերջին շառավիղներն էին, որովհետև անոնց թվականներեն հետո շինված հիշատակարաններու վրա այլևս չեն երևեր, մինչդեռ անկեց առաջ հաճախ գործածված են մինչև Զվարթնոց եկեղեցին, թերևս ավելի հիներն ալ ունին, բայց դժբախտաբար ես առիթ չեմ ունեցած հետազոտելու։
Եթե ընդունենք խոյողին արևելքեն ուղիղ փոխանցումը դեպի Հայաստան, այնուհետև ամեն մանրամասնություն հայոց ճարտարապետության մեջ, միմիայն ասորական և պարսկական մանրամասներու զուգընթաց նախատիպեր կմնան, որոնցմե ոմանք գործածված իրենց բնավայրի իսկական ձևով, իսկ ոմանք այլափոխված և ճոխազարդված սեփական հայ ճաշակով։
Այժմ կհամեմատեմ քանի մը գլխավոր մանրամասներ, տեսնելու համար անոնց հարազատությունը ասորական և պարսկական նախատիպերու հետ։
Առհասարակ քիվերը սկզբեն մինչև վերջ չորս տեսակ ձևափոխության ենթարկված կերևին, որոնցմե մեկը ամենեն հին շրջանին մեջ գործածված է, այսինքն 5-րդ դարեն մինչև 7-րդ դար, և կտեսնվի Պտղնիի, Մրենի, Թալինի և Մաստարայի եկեղեցիներու վրա, որոնք կներկայացնեն երբեմն մեկ և երբեմն քանի մը ճարտարապետական գծերով խառնված ատամնաշարեր (denticule) Պերսեպոլսյան համաչափությամբ, ատամները երբեմն կիսաբոլոր և երբեմն քառակուսի և երբեմն ալ առարկաներու պատկերների վերածված (Պտղնի)։
Մյուս երկու տեսակները միաժամանակ հավասարապես գործածված են 7-րդ դարեն մինչև 11-րդ դար։ Առաջին օրինակը կներկայացնե նեղ ճակատի մը հաջորդող քառորդ բոլորակի խողովակ մը երբեմն վերջացած պատին կից listele-ով մը։ Այս օրինակները զանազան համաչափությամբ կտեսնվին Թալինի ս. Աստվածածնի, Տեկորի, Ալամի, Անիի Առաքելոց եկեղեցիի և Հովվի եկեղեցիի վրա. իսկ երկրորդը՝ առհասարակ ամեն եկեղեցիներու վրա, գլխավորաբար Անիի մեջ։ Սա ևս կներկայացնե առաջակարկառ մը բաղկացած նեղ ճակատե մը և պատին մոտիկ գավազանե մը։ Ճակատին և գավազանին մեջտեղ մնացած լայն պարապությունը քանդակված է ամեն տեղ միօրինակ մանվածոներով։ Ասոնց մեջ կան նաև նեղ ճակատին տակ գավազանը (listel) կրկնված և երբեմն ալ լայն պարապությունը չքանդակված օրինակներ։
Առաջին օրինակին Հայաստան մտնելու ճանապարհը խիստ պարզ է Եգիպտոսեն սկսած մինչև այնտեղ հասնելը։
Երկրորդ օրինակը եթե նախկին խողովակաձևին բարեփոխությունը չէ, կարելի է տեղական ստեղծագործություն համարել, որովհետև ինձի տակավին չէ հաջողված տեսնել այս ձևի նախատիպը։
Վերջին չորրորդ օրինակը պարզ բարեփոխումն է նախկին մանվածո քանդակազարդ առաջակարկառին, երբեմն երկու և երբեմն երեք գավազանով, միայն պարապություններու մեջ փոխանակ միօրինակ մանվածոներու ուրիշ նոր շրջանի բազմաթիվ տեսակ քանդակներով զարդարված են։ Այս ձևը անխտիր ամեն շինությանց վրա գործածված է 13-րդ դարեն սկսյալ մինչև վերջնական անկումը։
Նեղ ու երկար բունով և գնդաձև (bulbe) խոյակով ու խարիսխով արտաքին որմնասյուներու հին նախատիպը դուրս եկավ Խորսապատի պեղումներեն. ուրկեց անցեր էր այս ձևը Պարսկաստան և անկեց ալ Հայաստան լիովին անփոփոխ նմանությամբ։ Խորսապատի մեջ կբացակայեր անոր խորանարդաձև abaque-ը, իսկ Պերսեպոլսի մեջ՝ երկու մասերը առանձին գործածելի էին։ Հայեր այդ երկուքը իրարու միացուցեր են իրենց մեջ, բայց տարօրինակ է, որ այս բարակ բունով արտաքին որմասյուները 9-րդ դարեն առաջ ոչ մի տեղ գործածված չկա. թեև Զվարթնոցի ներքին որմասյուները իրենց երկարությունով կհամապատասխանին, բայց խոյակներով և խարիսխներով շատ տարբեր են։ Զվարթնոցի մեջ գնդաձևը գործածված է միայն ներքին սյունաշարի մեծ խոյակներուն վրա իբրև կողով։
Գալով մանվածո քանդակներուն՝ նույնպես մի թեթև օրինակը Խորսապատի մեջ աղյուսի վրա նկարված գտնվեցավ, որուն բացի բազմաթիվ տեսակ խառնուրդները (composition), որ իրենք հորինեցին իրենց ճաշակով, ճիշտ նմանն ալ գործածեցին հայեր մինչև վերջը։
Ամփոփելով տեսությունս, վերջնականապես հասած եմ այն եզրակացության, որ հայոց ճարտարապետության ամբողջ կմախքը՝ ասորական և պարսկական արվեստների մասերով կազմված է ինչ մաս որ վերցնենք հայոց ճարտարապետության մեջեն, նույնին օրինակները կգտնենք ասորվոց ու պարսից մեջ, ոչ միայն գծագրական ձևերով, այլ և շինարարական օրենքներով։
Բայց և այնպես, հայեր, եթե փոխ առան այս մասեր, անոնց հետ իրենց սեփական ստեղծագործությունները խառնեցին զանոնց անճանաչելի դարձնելու չափ օտարացնելով։ Հովվի եկեղեցիին ներքին կողմի վեց գրեթե ամբողջ կիսաբոլոր քարաշեն աղեղներու առանց սյունի դեպի կեդրոն հավաքումը, միշտ պիտի մնա հայ ստեղծագործության պսակը, թեև Կորդովայի հռչակավոր մզկիթին մեճրապը կհիշեցնե այս ձևը, սակայն նախ որ նա կազմված էր փայտով, երկրորդ անոր մեջ աղեղները խաչաձևված են ամենեն բարձր կետը կեդրոնի վերածելով, մինչդեռ Հովիվի եկեղեցիին մեջ կեդրոնը գրեթե մոտ է հավասարվելու, աղեղներու որմասյանց գլխուն վրա հանգչող մասի բարձրության, ինչ որ բոլորովին հակառակ կերպ մը կներկայացնե։ Կորդովայի մեճրապի աղեղներուն ուղիղ նմանություններ կտեսնվին Հախպատի և Ղոշավանքի խաչաձևված կամարներու վրա, որոնք շինված են 13-րդ դարուն մեջ։
Առ այժմ փոխանակ մի առ մի թվելու այն ամենը, զորս հայոց սեփական ոճերու արդյունք համարած եմ, ամփոփ կերպով պիտի բնորոշեմ զայն։
Հայոց ճարտարապետության առանձնահատկությունը կկայանա արտաքուստ մասերի ներդաշնակ դասավորության և գեղեցիկ ու վայելուչ բաղադրության (composition) անվերջանալի կերպերուն մեջ։ Շենքի կմախքներու մեջ պահելով ընդհանուր ձևը, ըստ ժամանակի պահանջման, զարդարանքներ ու բաղադրության և դասավորության մեջ հազվադեպ է տեսնել մեկը մյուսին նմանող օրինակ մը։ Առանց հպատակելու համաչափության օրենքներու, անվերջ մրցեր են մեկզմեկե տարբեր բաներ արտադրելու և մեկզմեկու գերազանցելու համար, և հիրավի, մասնավորապես, վերջին շրջաններու մեջ, անթիվ քանակությամբ իրագործեր են միշտ սիրուն ու վայելչազարդ հիշատակարաններ։
Կմասնավորեմ խոսքս Անիի վրա, ուր եղեր է իմ աշխատությանս գլխավոր կենտրոնը, Անիի մեջ, Կամսարականներու ժամանակեն հազիվ կմնան մի եկեղեցի, պալատին կից և քանի մը հիմեր, պատերու մնացորդներ անոր շուրջը։ Այս մնացորդներն ալ բավական են պարպելու անոնց գեղարվեստական և շինարարական ճաշակը։
Այս առաջին նմուշները բաղդատելով ամենավերջին նմուշներու հետ, Անիի մեջ կտեսնվին երեք զանազան զարգացման և ձեվափոխության շրջաններ, որոնց աոաջինին կպատկանի պալատի եկեղեցին։ Թեև արտաքուստ մասամբ նորոգված, գուցե և վրայի կամարն ալ, սակայն ներքին պատերը, 5-րդեն 7-րդ դարու արվեստագիտական դրոշմը կկրե իր սյուներով, խոյակներով և այլ զանազան զուտ արեվելյան քանդակներով։ Այս շրջանին կպատկանին, եթե չեմ սխալիր, Ղոշավանքի ձորի մեջ ս. Մինաս անվանված եկեղեցին և բլրին վրա ս. Հովհաննես տաճարի հարավային կողմը անանուն մի փոքր մատուռ։ Ապուղամրենց ս. Գրիգորը շատ հեռու չի մնար այս ոճերեն իր միջին տարազով. սա կկրե իր վրա հին արվեստի վերջին շառավիղները և նոր շրջանի արշալույսի ցոլքերը։ Արձանագրության մեջ հիշատակված պատմական անվանմբ մը կհաստատվի, որ այս եկեղեցին շինված է 10-րդ դարու կեսեն հետո, հետևաբար սկիզբը Անիի ճարտարապետական երկրորդ շրջանին։
Երկրորդ շրջանին մեջ, նախկին լուրջ ու ծանր երևույթները սկսած են անհետանալ շինությանց վրայեն, գողտրիկ վայելչություն մը սկսած է զգալի դառնալ անոնց ընդհանուր երևույթին վրա. սկսած են բարակ որմնասյուներ զարդարուն կամարներով միասին պճնել դատարկ պատերը, երկրաչափական գծերով բազմահյուս մանվածոներ իրենց վայելուչ տեղերը գրաված են այդ ընդհանուր ներդաշնակության մեջ և տեղ տեղ մանվածոների մեջ հյուրընկալված են արաբական և պարսկական տերևներու փոքրիկ խառնուրդներ։ Հազիվ մի դար ապրած է այս շրջանը և դեռ չի տված յուր վերջին կատարելագործության պտուղները, ենթարկվեր է վաղահաս ճակատագրական անկման մը 11-րդ դարու կեսին մոտ։
Ալփասլանի տիրապետութենեն անմիջապես հետո, ավելի քան մի դար, գեղարվեստական կյանքը բոլորովին մեռեր է այս քաղաքին մեջ։ Մինչև 13-րդ դարու սկիզբը, ոչ միայն Անիի մեջ, այլ և շրջականերու մեջ իսկ քար քարի վրա դրված չերևիր, ո՛չ պատմական հիշատակություն կա, և ո՛չ ալ շինության մի արձանագրություն, որ այդ շրջանին պատահի, բացի Բագնայրի մեջ մի փոքրիկ մատուռե։ Բացի նորեր շինվելը, եղածներն ալ մեծ մասամբ քանդվեր ու ոչնչացվեր են։
Կուլտուրայի բացարձակ թշնամի տարր մը տիրապետելով միջնաբերդի Բագրատունյաց պալատին, ոչ միայն զայն հոշոտված ու այլանդակված դիակ մը դարձուցեր է, այլև հավաքելով պալատի անմիջական մոտիկ միջավայրի վրա համացեղներու մի ոհմակ, սկսյալ պալատեն մինչև Աշոտի պարիսպը, ամեն բան փճացուցեր են անխնա։ Պատմական ավանդությամբ ծանոթ բազմաթիվ եկեղեցիներեն հազիվ չորս հատի հետքերը մնացեր են, որոնց մին իր վիթխարի փլատակով և բոլորշի հատակագծով, պատմության ծանոթ երկրաշարժե կործանված Ամենափրկիչր ըլլալ կկարծեմ, հին ոճով քանդակներ թափած են մեջը, մասնավոր ուշադրության արժանի են գմբեթին կոնաձև մասին քանդակազարդ ծածկի բեկորները, որուն միակ օրինակը եղած էր Առաքելոց եկեղեցին։ Մնացյալ երեք ավերակներեն մեկը միայն ծանոթ է հիշատակարանով և մյուսները անհայտ են։
Ամբողջ այս ընդարձակ միջավայրին մեջ, հակառակ ամեն տեղե ավելի իր դիրքի գեղեցկության և պալատի մոտավորության, այլևս ոչ մի կարևոր շինության հետքը չկա, ամեն տեղ ցեխով շաղախված խեղճ ու ողորմելի պատերու փլատակներ միայն կտեսնվին։ Հայտնի բան է, որ տիրապետող ստորին տարրի այնտեղ բազմանալեն, հարստահարված հայերը հետզհետե քշվեր են ներքին պարիսպեն դուրս, եղեր է ժամանակ մը, որ այդ մասը զուտ մահմեդական քաղաքամասը կազմեր է, մեկ կողմեն իրեն սահման ունենալով խաներու ապարանքը և մյուս կողմեն մզկիթը կամ Աշոտի պարիսպը։ Հետզհետե այնքան հաստատուն դիրք գրաված կերևին այնտեղ մահմեդականները, որ 13-րդ դարուն Զաքարեի տիրապետության օրով իսկ, որուն հետ կսկսի նաև Անիի ճարտարապետության վերածնության երրորդ շրջանը, հնար չէ եղած հեռացնել զանոնք այդ տեղեն, և այդ մասն ալ շենցնել ինչպես դրսի ընդարձակ տարածությունը։
Բռնության կապանքներեն ազատված գեղարվեստասեր ժողովուրդը, կարճ ժամանակամիջոցի մը մեջ, անհավատալի արագությամբ, Աշոտի պարիսպեն դուրս ծածկեր է մինչև այն նմանը չտեսնված անթիվ շքեղ տաճարներով, ապարանքներով և անհատական բնակարաններով։
Առաքելոց եկեղեցիի արևմտյան կողմի ձորեզրեն սկսյալ մինչև Լուսավորիչ եկեղեցի և Գլիձորի եզերքները, երրորդ վերածնության շքեղ արվեստագործությամբ կանգնված քանդակազարդ տաճարներու և ապարանքներու համախռնում մը կներկայացնե, հարյուրե շատ ավելի կարելի է համարել այս տարածության վրա եկեղեցիներու և մատուռներու մնացորդներ, որոնց շուրջը թափված գեղաքանդակ բեկորների մեծ մասը գեղարվեստի վերջին երրորդ շրջանի դրոշմը կկրեն, մինչդեռ Աշոտի պարիսպեն ներս, մինչև այսօր ոչ մի քար և քանդակ չէ տեսնված, որ գոնե քանդակված ըլլա, բացի հիշածս եկեղեցիներով բեկորներեն Ջաքա-րյան շրջանի հատուկ ոճով։
Երրորդ շրջանին մեջ բոլորովին այլափոխված է հայ ճարտարապետությունը։ Իբր ավանդական սրբություն, պահելով միայն եկեղեցիներու հատակաձևերը և արտաքին երեսներու կամարակապ սյունազարդերը, արտադրեր են նրբօրինակ քանդակներու՝ անհուն բազմազանություն։ Չափական գծերով մանվածոներ հազիվ կտեսնվին, ոստեր, ցողուններ և տերևներ են, որ այլևս գողտրիկ ճկունությամբ կհյուսվին՝ իրենց ոլորումներու մեջ տեղ տալով նրբաքանդակ թոչուններու և կենդանիներու։
Արաբական արվեստը զորեղ գծերով ներդաշնակորեն պատվաստված տեղականին հետ, հիանալի վերածնության ակնախտիղ պատկեր մը կներկայացնե։ Այս շրջանի գործեր են. ս. Գրիգոր Լուսավորիչ (Նախշլի), Ղըզլղալայի ս. Աստվածածին, Բեխենց վանք, Փրկիչի գմբեթը, Առաքելոց եկեղեցիի գավիթը և այն ամեն մնացորդները, որոնց մեջ առանց կարկինի և քանոնի օգնության ձեռքի ճարտարությունն ալ կփայլի։
Անիի ճարտարապետության վերածնության այս մեծ թվականը կարծեք Զաքարեի գոյության հետ միայն կապված էր։ Անոր մահվանեն հետո, կրկին զգալի է, շինւություններու աստիճանական նվազման հետ, մեծ փայլով սկսված գեղարվեստի ևս տակավ առ տակավ նսեմացումը, հազիվ կհիշաաակվին կարևոր շինություններ, մինչև կես դար, այնուհետև վերստին կսկսի մարել եռուն կյանքը և հալ ու մաշ վիճակի մեջ կհասնի մինչև այն դժբախտ թվականին, երբ այլևս տխուր փլատակներու տակ վերջնականապես կծածկվի այս բազմադարյան կուլտուրան։
Ալեքսանդրապոլ, 26 նոյ. 1907
Նախամարդու մերկութենեն մինչև այսօրվան մեր ճոխ ու վայելուչ զգեստավորումը, հագուստներու անթիվ, անհամար ձևեր ընդունվեցան և լքվեցան։ Ոչ միայն ամեն ազգ, ամեն ցեղ պարբերաբար իր հագուստի ձևն ու ոճն ունեցավ, այլ և յուրաքանչյուր դարաշրջան յուր սեփական դրոշմը դրավ մարդկանց հագվելու ճաշակին վրա։ Հին դարերեն սկսած, բազմաթիվ այլազանություններե անցած մարդկանց տարազներու ուսումնասիրության նյութը այնքան շատ և բազմակողմանի է, որ այսօր առանձին մի գիտություն է դարձել, հազվագյուտ տաղանդներ կզբաղվին այս բոլոր անցած ձևերու հավաքման, ամբողջացման և անոնց ըստ դարաշրջաններու դասավորման համար։ Շնորհիվ անխոնջ և մշտատև ուսումնասիրության, մեծ առաջադիմություն արավ այս հետաքրքրական գիտությունը, այնպես որ հմուտ մի ազգագրագետի համար այսօր շատ դժվար չէ որոշել կերպասների, հագուստների ձևերի, հագուստների վերաբերյալ բազմազան ասեղնագործությունների ո՞ր դարաշրջաններում, ո՞ր ազգերի մեջ գործածական լինելը։
Մարդիկ միայն հագուստներու ձևը չէր, որ դարե ի դար փոփոխության ենթարկելով հետզհետե ավելի վայելուչ և նպատակահարմար ձևեր կստեղծեին, այլ և անդադար ձևափոխության և կանոնավորման կենթարկեին այն բոլոր իրերն ու առարկաները, որոնք անհրաժեշտ էին կյանքի մեջ մշտական կամ պարբերական գործածության համար, ինչպես տնական կարասիներ, երկրագործական կամ արհեստագործական գործիքներ և այլն։
Ճիշտ այս կերպով սկսավ ճարտարապետական արվեստի զարգացումը. բնական քարայրերն հասարակ ծառի ճյուղերե և եղեգներե կազմված սկզբնական բնակարանները աստիճանական զարգացումով հասան այսօրվան գեղակերտ և հսկայական շենքերին։ Քանի մարդկային ցեղը դեպի քաղաքակրթություն առաջացավ, քանի անոր պետքերը բազմացան, զուգահեռաբար զարգացավ նաև անոր ստեղծագործելու հանճարը բարեկեցության վայելչության և ճոխության համար։
Ինչպես ցրտեն ու տաքեն պաշտպանվելու համար նախապես պարզ հագուստներ միայն ստեղծեցին, բայց հետո բավական չհամարելով անոր պարզությունը, գույնզգույն երիզներով, ասեղնագործ և ոսկեթել բանվածքներով զարդարելու և մեկզմեկ գերազանցելու մեջ մրցեցին մարդիկ։ Նմանապես եկավ ժամանակ, որ մարդիկ բավականություն չզգացին հասարակ, պարզ պատերով կանգնված բնակարաններեն, հետզհետե ձգտեցին իրենց բնակարաններն ներսեն և դրսեն զարդարել գեղակերտ քանդակագործություններով, ներդաշնակ գունագեղ պատկերներով և ճոխ փարթամ կահ կարասիներով։
Հետզհետե զարգացող և կատարելագործության հասնող արվեստներու շարքին մեջ, մարդիկ շինարարական արվեստը մասնավորապես այնքան բարձրագույն կատարելության և շքեղ գեղարվեստականության հասուցին, այնչափ մեծագործություններ կանգնեցին և կանգնված շենքերին հրաշատեսիլ կերպարանք տվին, որ այդ մեծ արվեստն անվանվեցավ ճարտարապետություն և զանոնք հղացող և իրագործող հազվագյուտ տաղանդները վարձատրվեցան ճարտարապետ պատվանունով։
Եվ հիրավի, շատ ծանր և պատասխանատու էր ճարտարապետի կոչումը, ճարտարապետը ոչ միայն գիտակ պետք է լիներ բազմաթիվ կողմնակի գիտությունների և արհեստների, այլ և պետք է որ շնորհք ունենար բազմաթիվ արհեստավորներու վայելչության և գեղեցկության ճաշակը ներշնչելու, որպեսզի անոնք մղվին դեպի բարձրագույն կատարելություն և ստեղծագործություն իրենց ասպարիզում։
Ոչ մի արվեստի մեջ այնքան բազմատեսակ արհեստավորներու հավաքական գործակցության պետքը զգալի չէ, որչափ ճարտարապետության մեջ. հետևաբար ճարտարապետի տաղանդեն ու գեղագիտական նուրբ ճաշակեն կախված է այդ բազմաթիվ արհեստավորները նպատակահարմար կերպով աշխատցնել և անոնց արտադրությունները գեղեցիկ պատշաճությամբ դասավորել՝ տալով անոնց նաև անսասան հաստատություն։
Մի ուրիշ տեսակետով, ճարտարապետն իր կանգնած շենքի հաստատութենեն և գեղարվեստականութենեն զատ, պարտավոր էր մտածել նաև անոր առողջապահական պայմաններու համապատասխանումը, և կառուցման նպատակի համաձայն գործածության բոլոր հարմարությունները։
Եվ ահա, այս բազմաթիվ պահանջներու պատասխանատու ճարտարապետները, դարուց ի դարս, միշտ հները սրբագրելով, նորերը ավելացնելով կամ ավելորդները պակասեցնելով, ժամանակի ոգույն համեմատ, իրենց ձեռքին ունեցած նյութերը դասավորելով, այսօր մեզ թողեր են իրենց հանճարի չնաշխարհիկ կոթողներր։
Ճարտարապետության ծագումեն մինչև այսօր կրած փոփոխությունները և ստացած կատարելությունները ուսումնասիրելու գործը նույնպես մի մեծ գիտություն է, որուն համար ամեն տարի պետական գանձարաններ մեծամեծ գումարներ կտրամադրեն, հազվագյուտ գիտնականների ուղեղներ կչարչարվեն այս կատարելապես ստեղծագործությանց մեջ, յուրաքանչյուր ազգի ու ցեղի կատարած դերը և պարբերական զարգացման ժամանակաշրջանները և միջավայրերը որոշելու համար։ Եվ պետք է ըսել, որ այս գիտությունն ալ շնորհիվ պետական օժանդակություններու զուգահեռ մասնագետ մեծ գիանականներու հոգնաջան աշխատությանց այնքան առաջ գնաց, որ այժմ բազմաթիվ սխալներ սրբագրված, շատ անստուգություններ պարզված են, և կարելի է ըսել, թե անոր շատ ճյուղերու նկատմամբ, գիտությունը կարողացավ իր վճռական վերջին խոսքն ըսել։
Բայց նյութն այնքան ընդարձակ է, անհետացող դարերու խավարը այնքան թանձր, ավերումներն այնքան բազմաթիվ, ապրող, գործող և անհիշատակ անհետացող ազգեր ու ցեղեր այնքան շատ են, որ դեռ դարերու աշխատանք պետք է հին դարերու ճարտարապետությունը լիովին ուսումնասիրած լինելու համար։ Ազգեր ու ցեղեր կան, որոնք ոչ նվազ դեր ունեցել են երկրագնդի զանազան մասերի վրա այս վսեմ ու չքնաղ արվեստի կազմակերպության մեջ, որոնց ծառայությունները քննելու և ստուգելու համար կամ բնավ ձեռնարկված չեն ճարտարապետության պատմաբանների կողմից և կամ անոնց գոյությունը հազիվ հազ հաստատելու չափ փորձեր եղած են։
Ահա այս ծանոթ մնացածների կարգին մեջ էր նաև հայոց պատմական անցյալի ճարտարապետությունը, որուն գոյությունը մասնավորապես մի դար առաջ, գրեթե առասպելական էր, սակայն շնորհիվ 19-րդ դարու մի քանի եվրոպացի գիտնական ճարտարապետներու քննության և ուսումնասիրության, ոչ միայն անոր գոյությունը ապացուցվեց, այլև հետզհետե կատարված լուրջ հետազոտություններով այսօր, գիտնականների սեղանին վրա իր պատկառելի տեղը բռնեց, անոնք թեև երբեմն հակասական, այնուամենայնիվ որոշ չափով գծեցին ծագման ու զարգացման ուղին և ըստ կարելվույն զանազանեցին օտարն ու սեփական ստեղծագործությունները։
Թեև հայ գեղարվեստի հոյակապ հուշարձաններ համատարած են բովանդակ Հայաստանի մեջ և անոնցմե շատ քիչ բան մատակարարված է գիտնականներին՝ գիտականորեն մշակելու համար, սակայն միևնույն Ժամանակ մխիթարական է տեսնել, որ վերջերս այդ գործը լավ ապագա կխոստանա, շնորհիվ մի քանի արվեստագետների և գիտնականների անխոնջ ջանքերին, որոնք տարիներե ի վեր սկսել են հայ գեղարվեստի զանազան ճյուղերի վերաբերյալ մեծ քանակությամբ նյութեր հավաքել՝ լուրջ ուսումնասիրության համար։
Եթե իշխողին կամ տիրապետող նյութապես ապահովված դասի վայելչությունն ու փառասիրությունը կմղեր դեպի հոյակապ ճարտարապետություն, դեպի չքնաղ գեղարվեստ, այս բարձր դասի ձգտումներին վայելչասիրության օժանդակ կլիներ համայնական մի ուրիշ ավելի մեծ զգացում, մի ավելի սրբազան պահանջ և հսկայական քայլերով կմոտեցներ դեպի գերագույն կատարելություն։ Այդ զգացումր հավատի զգացումն էր, այդ պահանջը, աստ և հանդերձյալի մեջ մարդուն երջանկության աղբյուր և ճակատագրին տեր ամենազոր աստվածների անվան կառուցվելիք տաճարներն էին, որոնք իբրև աստվածությանց բնակարան ավելի գերազանց պետք էր լինեին, քան մարդկանց բնակարանները։ Այն տաճարների մեջ, մարդ արարածը, թագավորեն սկսած մինչև հետին ստրուկը հարաբերության պիտի մտներ կղերների միջնորդությամբ, զիրենք ստեղծող աներևույթ էությանց հետ, ուր առատորեն պիտի բաշխվեր հատուցում և շնորհ, այնտեղ պիտի փառավորվեր թագավորը քաջություն և իմաստություն ստանալով աստվածներեն, որոնց մարմնավոր ներկայացուցիչն էր աշխարհի վրա։ Այնտեղ պիտի բողբոջեր ու աճեր կարոտյալներու և տառապյալներու սրտին մեջ ներկա կյանքի հաջողությանց և հանդերձյալ հավիտենական կյանքի անսպառ երջանկության գեղածիծաղ հույսը։ Այնտեղ պիտի մխիթարվեր ճակատագրապես դժբախտության մատնված վշտաբեկ հուսահատը։ Վերջապես աստվածային տաճարները համայնական երջանկության ամենամեծ օջախներն էին, որոնց շքեղ ու փառավոր կառուցման համար, համայնքը պարտավոր էր զոհաբերել իր բոլոր նյութական, բարոյական և ֆիզիկական կարողությունները առանց խնայելու։
Այս համայնական զոհաբերողների կարգին մեջ արվեստագետին բաժին կմնար հանճարի ավելի մեծ թռիչքներով սլանալ անհունին, հավիտենականին և անծայրածիր երջանկությանց շնորհաբաշխ աստվածությանց անվան արժանի կոթողներ կանգնել։ Այսպես կպահանջեին աստվածությանց և մարդկանց մեջ միջնորդ կղերականությունը, այսպես կպահանջեր միամիտ հավատով տարված համայնքը. ուստի աստվածներին հաճելի լինելու բուռն ցանկությունը, հարուստից ոսկի, արվեստագետից հանճար և հասարակությունից աշխատանք ու քիտինք զոհաբերել կտրամադրեր։
Տնտեսական, քաղաքական և կրոնական անդիմադրելի ուժով ծնած ու հետզհետե զարգացած ճարտարապետական արվեստի զանազան ճյուղերը իրենց ծնունդ տվող պատճառների հատուկ զանազան ուղղություններ ստացան։ Այս զանազան ուղղությունները բնորոշելու համար սովոր ենք ասել տնտեսական, քաղաքացիական, կրոնական և այլն և այլն ճարտարապետություն։
Այս ուղղություններեն յուրաքանչյուր ունեցան նաև իրենց այլազանությունները կամ ճյուղերը, որոնց մեկուն, կրոնական ճարտարապետության մի ստորաբաժանումին մասնակի ուսումնասիրությունը պիտի լինի ներկա աշխատությանս նպատակը։
Գրեթե աշխարհի բոլոր կրոնները մարդուն սովորեցրին հոգվո անմահությունը և հավիտենական կյանքի գոյությունը։ Աշխարհի կյանքը հավիտենական անմահ կյանքի նախագավիթն էին համարում, ուստի այս աշխարհի վաղանցիկ կյանքից հետո էր, որ պիտի սկսվեր բուն կյանքը, որ հավիտենական էր։
Մեռնելեն հետո ապրելու համոզումը ծնունդ տվավ մեռելոց համար հավիտենական բնակարաններ շինելու գաղափարին նույնիսկ այս աշխարհի վրա։ Այս համոզման հետևանքն են երբեմնի այն հոյակապ արքայական դամբարանները, որոնց մեջ հաճախ կգտնվեին բացի սրահներն և մեծամեծ սենյակներն, որոնք արքայավայել կերպով կահավորված էին, նույնիսկ բոլոր պիտույքներով և կահավորություններով դասավորված խոհանոցներ։ Եթե հասարակ ժողովուրդը չէր կարող դամբարաններ շինել, այնուամենայնիվ յուր մի փոքրիկ գերեզմանի մեջ անգամ տեղավորված էին ապրելու հատուկ պիտույքներ և իրեղեններ, ինչպես զենքեր, զարդ ու զարդարանք։ Գտնվել են նաև գերեզմաններ, որոնց մեջ թաղված էին մեռելի հետ, մեջերը կերակուրներով լիքը զանազանակերպ ամաններ։ Հին ազգերի թողած հուշարձանների պեղումները բազմաթիվ օրինակներ տվին մեզ, յուրաքանչյուրին հավիտենական կյանքի մասին ունեցած համոզումները բացատրող և այդ ըմբռնումների համաձայն կառուցված դամբարաններ ու մեծ ու փոքր գերեզմաններ։
Կրոնական ճարտարապետության այս ճյուղը կամ ստորաբաժանումը այնքան կտարբերի պաշտաման հատուկ տաճարներու ձևերեն, որ այս ճյուղին առանձնապես դամբանական կամ գերեզմանական ճարտարապետություն (Architecture funéraire) անունը տվին ճարտարապետության գիտնական պատմաբաններ։
Այս ճյուղն ալ ունեցավ իր բոլորովին նախնական ձևը, բայց հետզհետե դարերի ընթացքում այնքան զարգացավ, որ գեղարվեստական գլուխ գործոցներ կանգնվեցին այս ճյուղին հատուկ։ Իհարկե, դարե դար զանազան ազգերի մեջ հանդերձյալ կամ հավիտենական կյանքի մասին համոզումներ փոխվեցան, սակայն մեռելոց համար հիշատակարաններ կանգնելու պահանջը մինչև այսօր մնաց անխուսափելի։
Իմ նպատակս չէ այստեղ խոսել ընդհանուր գերեզմանական ճարտարապետության մասին, թե ի՞նչպես սկսեց և ինչպես զարգացավ մինչև այսօր յուրաքանչյուր ազգի և ցեղի մեջ, և ի՞նչ հաջորդական ձևեր ու ոճեր ստացան իրենց դավանանքների և հավատալիքների պատշաճությամբ։ Այդ մասին հետաքրքրվողներ կարող են գտնել եվրոպական լեզվով գրված հոյակապ հատորներ։ Ես կուզեմ այստեղ, եթե ոչ լիակատար ուսումնասիրություն, գեթ հնար եղածին չափ նյութ մատակարարել հայոց գերեզմանական ճարտարապետության առաջիկայի ուսումնասիրություններին դյուրություն տալու համար։
Հայկական ճարտարապետության և գեղարվեստի զանազան մասեր փոքր ի շատե ուսումնասիրության և քննության առարկա եղել են հայ և օտար գիտնականների և բանասերների ձեռքում, իսկ մասնավորապես ուսումնասիրել հայոց գերեզմանական ճարտարապետությունը, դեռ ոչ ոքի մտքից անգամ չէ անցել։ Եթե երբեք պատահաբար հատուկտոր նյութեր էլ կան հրատարակված, նրանք էլ արվեստի, ոճի և դարաշրջանների տեսակետով բնորոշելու փորձ չէ եղած։
Նախաքրիստոնեական հայության գերեզմանական ճարտարապետության մասին խոսել, իմ կարծիքով գրեթե անկարելի է, որովհետև այսօր ձեռքերնիս ոչ մի շոշափելի կամ փաստացի ապացուցված աշխատություն չունենք հայ ժողովրդի կազմավորման մասին, սակայն ի նկատի ունենալով, որ Հայաստանի հողին վրա խիստ բազմաթիվ են նախաքրիստոնեական շրջանի գերեզմաններ, կարելի է նախապես անոնց այլազանություններեն նկարագրություններ և մի քանի օրինակներ դնել այստեղ, որոնց մեջ գուցե գտնվին նաև նախաքրիստոնեական հայկական գերեզմաններ․ գոնե ինձ համար հավանական երևցածները կմատնանշեմ վերապահությամբ, սակայն ընդհանրապես վերջին եզրակացությունը կթողում ավելի հմուտ մասնագետներին։
Բացի հայ և օտար մասնագետների ձեռքով, Սևանա ծովի ափերում, Լոռիի շրջանում հայտնագործված հին դամբարաններից և գերեզմաններից, որոնք ըստ ինքյան չափազանց հետաքրքրական բովանդակություն ունեցած են, ինձ հայտնի են Շիրակում և Այրարատի այլ գավառներում բազմաթիվ նախաքրիստոնեական բազմատեսակ շիրիմներ և գերեզմաններ, բայց նրանց մեջ դժվար է որոշել, թե ո՞րն է հայկականը և ո՞րն է Հայաստանի նախաբնիկներինը մինչև հայ ժողովրդի կազմավորումը։ Կան իհարկե դամբարաններ և գերեզմաններ, որոնց ձևը և հատկությունները կասկած չեն թողուր որ շատ հին են և նախահայկական բնիկների գերեզմաններ են, սակայն կան այնպիսիներ ևս, որոնք առանձին ուսումնասիրության կարոտ են, որովհետև չափազանց հավանականություն ցույց կուտան քրիստոնեութենե մի քանի դար առաջ լինելու:
Պատմական իրողություն է, որ Հայաստանում հայ ժողովուրդը գոյություն ուներ քրիստոնեությունից մի քանի դար առաջ և նա կազմավորվել էր աոաջին հազարամյակի կեսերին տեղական ցեղերից: Բայց միևնույն ժամանակ հայերի հետ կողք կողքի ապրում էին նաև այլ ցեղեր: Անպայման հայերի և մյուս ցեղերի գերեզմանական ոճերի կամ պարզապես մեռելը թաղելու սովորությունների մեջ տարբերություն պետք էր որ լիներ մինչև նրանց լիակատար միաձուլումը։ Իմ կարծիքով այս հարցերը այնքան էլ դժվար լուծելու հանելուկներ չպիտի լինեին, եթե վաղուց հետաքրքրված լինեին և ընդարձակ չափով պեղումներ կատարվեին բուն Հայաստանի հողին վրա և արդյունքները լրջորեն ուսումնասիրվեին։ Անվիճելի փաստ է նաև, որ հայոց քրիստոնեությունը ընդունելեն հետո իսկ մի քանի դար դեռ կային թե՛ նախնյաց դավանության հայտնի կամ գաղտնի հետևող հայեր և թե՛ զուտ օտարադավան ուրիշ ցեղեր։ Մենք մինչև իսկ այս քրիստոնեական շրջանի, մինչև 5-րդ դարու հայ և օտար գերեզմանների զանազանության մասին ոչինչ չգիտենք։ Չեմ կարծում, որ հայեր քրիստոնեությունը ընդունելու հետ զուգահեռաբար անմիջապես փոխեցին նաև իրենց գերեզմանների ձևը. անշուշտ երկար ժամանակի կարոտ էր անոնց լիակատար փոփոխությունը, սակայն նախքան ամբողջական փոփոխությունը պետք է կապ ունենար իրենց դավանության և հավատալիքների հետ և որոշ աստիճանի կապ ունենար նաև զիրենք շրջապատող մեծ ազգերի սովորությանց հետ, որոնց ազդեցության տակ ընկած էին հաճախ թե՛ քաղաքականապես և թե՛ կրոնապես։
Ուրեմն այստեղ ի նկատի ունենալով նախաքրիստոնեական շրջանի բազմազան դամբարանների որ ազգին և ցեղին պատկանելը որոշելու դժվարությունները և երկար ու բազմակողմանի ուսումնասիրության կարոտ լինելը, բավականանանք ցույց տալով անոնց գլխավոր ձևերը և նկարագրությունները ապագային վերապահելով անոնց գիտականորեն լիակատար լուծումը։
(Այստեղ ցույց տալ նախաքրիստոնեական շրջանի դամբարանների և գերեզմանների օրինակներ, տալով անոնց նկարագրությունը ըստ կարելույն համեմատելով, թե Հայաստանի մեջ գտնվածները միմյանց հետ և թե շրջապատող մեծ ազգերի սովորությանց հետ)։
Բավական համարելով հայոց հեթանոսական շրջանի գերեզմանական ճարտարապետության մասին խոսելը, ձեռք առնենք հետազոտել քրիստոնեական շրջանի մահարձանները, դամբարանները և գերեզմանները, որոնց մի շարք այլազանություններին ծանոթացել եմ երկար տարիներ իմ ճարտարապետական ուսումնասիրությունների նպատակով, ճանապարհորդություններիս ժամանակ։
Քրիստոնեական առաջին շրջանեն մինչև հետին 14-15-րդ դարերը հայոց գերեզմանական կամ դամբարանական ձևերը խիստ բազմաթիվ են և բազմատեսակ։ Ոչ միայն որոշ դարաշրջանների մեջ զգալի փոփոխություններ և տարբերություններ կան, այլ և միևնույն երկրին մեջ գավառե գավառ տարբերությունները ակնբախ են։
Հայոց՝ գլխավորաբար հին գրականության մեջ, բազմաթիվ բառեր ունենք, որոնք ամենն ալ պարզապես գերեզմանի նշանակությունն ունեն, սակայն այդ տարբեր բառերը ի հնումն իզուր տեղն առանց պատճառի չեն ստեղծվեր, անպայման նրանց յուրաքանչյուրը մի ձևի կամ կերպի, մի ցեղի տված բնորոշող հատկանշական անունն էր։
Այս բառերի մի մասը պարզված են մեզ համար և դեռ կան ուրիշներ, որոնց հատկությունները տակավին չեն պարզված, ըստ ոմանց մի քանիսը հոմանիշ են միմյանց, բայց այս հոմանիշ լինելը որչափ համոզիչ և ճիշտ է, իմ կարծիքով դեռ վերջնականորեն պարզված չի կարելի համարել, պետք է, որ մեր հայ լեզվաբաններ ուշադրություն դարձնեն այս կետին վրա, քննելով անոնց ծագումը և առումը զանազան դարաշրջանների մեջ։ Բացի գերեզմանների տարբեր անուններե, նշանակությունը կորած և առումները զանազան դարերի մեջ շփոթած ուրիշ շատ բառեր ունենք, որոնց վրա գրեթե բնավ ուշադրություն չեն դարձուցել մեր լեզվին զարգացման նախանձախնդիր գիտնականներ և բանասերներ։ Այս կետը շատ կարևոր է և շատ կնճիռներ կլուծե արվեստի պատմության մեջ, եթե աշխատվի ճշտել մեր հին գրականության մեջ գտնված բազմաթիվ նշանակությունները կորած և ներկայիս տարբեր առումով գործածվող բառերուն։
Առայժմ ինձ հայտնի են գերեզման նշանակող հետևյալ բառերը՝ դամբարան, դամբան, շիրիմ, վկայարան, հանգստարան, հանգիստ, դիր, տապան, տապանատուն, նշխարատուն, քնարան, գերեզման, գերեզմանոց և այլն և այլն։
Առանց վերջնական համարելու իմ բացատրություններս, և սպասելով ավելի հմտագունից գիտականորեն ճշտված բացատրության, առայժմ կգրեմ փոքր ի շատե նշանակություններ ինձ համար պարզված համարածներս և համառոտիվ կբացատրեմ, թե ի՞նչ հիման վրա կբնորոշեմ անոնց ձևն իրենց ստացած անվան համեմատ։
1. Վկայարան: Մատուռի կամ փոքր եկեղեցիի նմանությամբ շինված մի շենք էր վկայարանը, ուր կթաղվեին մարտիրոսների կամ հանուն քրիստոնեության նահատակվողների մարմինները։ Արտաքուստ ութանկյունի, բոլորակ կամ քառակուսի ձև ունեին, ըստ Փավստոսի և Ղազար Փարպեցու թեև եկեղեցական զարդերով կպճնվեին, սակայն պատարագ չէր կարելի անել անոնց մեջ։ 7-րդ դարուն էր, որ առաջին անգամ փոխվեց անոնց ձևը, վերածվեցին եկեղեցիների, հեռացնելով այնտեղից մարտիրոսների նշխարները և եկեղեցվո մի կողմում ստորերկրյա կամարակապ մի տեղում զետեղելով այդ նշխարները։
2. Տապան,[25] որ իմ ըմբռնումով պետք է լինին քարափոր գերեզմանները, որոնք շարժական սնդուկի ձև ունին մարդու հասակին չափով շինված և վրան կափարիչով փակված։ 3. Դիր, քնարան, հանգիստ նկատեր եմ իբրև հոմանիշ բառեր տապանի։ Թեև այս բառերը մեկ մարդու թաղված տեղը կնշանակեն տապանին նման, սակայն տարբեր տեսակ նշանակությամբ բառեր հատկացվելը կվերագրեմ դարձյալ Հայաստանի տարբեր ցեղերից ծագած կրոնական որոշ վարդապետությանց՝ աշխարհի և հավիտենական կենաց նկատմամբ։
4. Հանգստարան պետք է ուղղակի հոմանիշ լինի գերեզմանոց բառին (ոչ գերեզմանատան), ուր պետք է թաղված լինին մեկե ավելի հանգուցյալներ. կամ ամբողջ քաղաքի կամ գյուղի մը հասարակության հանգուցլալները։
5. Դամբարան ըստ իս, պետք է լինին այն հոյակապ շինվածքները, որոնց մեջ թաղված են ամբողջ տոհմեր, և մասնավոր ցեղերու միայն հատուկ են։ Մասամբ դամբարանի հոմանիշ կգտնիմ գերեզմանատուն բառը, հիմնվելով Անիի մեջ նկատված հետաքրքրական երևույթի վրա, որ բացի հասարակաց ընդհանուր գերեզմանոցներեն, յուրաքանչյուր տան մոտ (ի հարկե իշխանական կամ հարուստ դասերու) կան առանձին բաժանումներ տան հետ կից, որոնք կբաղկանան մի փոքրիկ մատուռե և մի տոհմային գերեզմանատնե. մեջը թաղված նույն ընտանիքին պատկանող հանգուցյալներ։
6. Շիրիմ[26] պետք է հասկանամ մի որևէ դիրի, հանգիստի տապանի կամ գերեզմանի վրա կանգնեցված զանազան գեղարվեստական կերտվածքներու, ինչպես շքեղ տապանաքար, քանդակազարդ կոթողներ, խաչքարեր, արձաններ և այլն և այլն։
Ես չունիմ հավակնություն ըսելու որ անպայման իմ ըմբռնումներս ճիշտ են, բառազննությունն իմ մասնագիտությունը չէ, կարելի է որ սխալված լինիմ․ սակայն իմ այս ուսումնասիրությանս ընթացքին մեջ, որ հաճախ պետք պիտի ունենամ զանազան ձևեր բացատրելու համար որոշ անուններուն, հետևաբար նույն անունները պիտի տամ այն ձևնրուն, ինչ կերպով որ ես ըմբռներ և բացատրեր եմ, եթե ոչ՝ թե՛ ես ինքս կշփոթեմ անպատճառ և թե՛ ընթերցողը։
Նախքան բուն նյութին սկսելս մեջ պիտի բերեմ բոլորովին բացառիկ մեկ հատիկ հիշատակարան գոնե իմ տեսածներուս մեջ, որը եթե շիրիմ լինելը չհաստատվի, այնուամենայնիվ հերքելն ալ դժվար է։
Այդ հիշատակարանը Օշականի մեջ հնագույն ժամանակներե կանգնված մի սյուն է, որուն տակը կա աստիճանավոր մի պատվանդան, պատվանդանին վրա սյունին բունը, իսկ բունին վրա մի խոյակ։ Հավանորեն խոյակին վրա ի հնումն եղեր է մի արձան, սակայն այժմ արձանին փոխարինած է մի արագիլ, ուր ամեն տարի կուգա և խոյակի դատարկությունը կլեցնե իբրև ավելի հաճելի մի զարդարանք։
Խոյակի ձևը և վրայի քանդակագործությունը ցույց կուտա որ այդ սյունը կանգնված կարող էր լինել ամենաուշը 7-րդ դարուն։ Որովհետև նույն ձևի խոյակներ կան Զվարթնոց եկեղեցվո ներքին կողմի կիսաբոլոր սյունաշարերու գլուխը, և բացի Զվարթնոցեն հատ-հատ որտեղ որ ալ կան, անոնք փաստացի կերպով հայտնի են որ 7-րդ դարեն այս կողմ չեն։
Ինչո՞ւ համար կանգնվեր է այս կոթողը Օշականի մեջ, արդյոք գերեզման էր, թե մի ուրիշ հաղթության հիշատակարան։ Թեև գյուղացոց մեջ ընդհանուր համոզում կամ ավանդություն է թե Մորիկ կայսեր մոր գերեզմանն է։ Անշուշտ հետևցնելով մեր պատմագիրներեն մեկուն ավանդութենեն թե Մորիկ կայսրը հայ էր և Օշականցի։
Համենայն դեպս այս երևույթր եզակի է և Հայաստանի մեջ և շատ տարօրինակ։ Եթե հին ժամանակ հռոմեական կայսրության մեկ հաղթանակի հիշատակարանը չէ և գերեզման է, պիտի ըսեմ որ դարձյալ պետք է լինի մի մեծ հռոմեացիի գերեզմանը, հռոմեական ոճով շինված։ Երբ և իցե ես չգիտեմ ալ թե Օշականը եղած է մինչև 7-րդ դար մի կարևոր կենտրոն ուր հարկ ըլլար թաղել ոևէ մի հռոմեացի զորավար կամ արքայազուն: Հետևաբար եթե ճիշտ է որ Մորիկը հայ էր և նույնիկս Օշականցի, այն ատեն ավելի հավանական ենթադրություն կլինի այդ հիշատակարանը Մորիկի անվան հետ կապել քան ուրիշներու[27]:
Գերեզմանական ճարտարապետության բոլոր ստորաբաժանումները իր բոլոր մանրամասնությամբ ուսումնասիրել այս հոդվածիս մեջ առայժմ անհնար է, նախ՝ կարծվածեն շատ ավելի ընդարձակ ու բազմակողմանի է նյութը, երկրորդ՝ լիակատար ուսումնասիրության համար դեռ կպակսին ինձի կարևոր նյութեր: Ներկա հոդվածով պիտի ջանամ ուսումնասիրության մի ուրվագիծ տալ հայոց մեջ իրագործված դամբարաններու, շիրիմներու և տապաններու ճարտարապետության և անոնց դարե ի դար ոճերու փոփոխության վրա։
Նախ ձեռք առնենք տապանը և իր նշանակութենեն հետևցնենք, մասամբ իր ոճը և հետո ձեռքի տակ ունեցած օրինակները բացատրենք։
Տապան բառը հայերենի մեջ կնշանակե սնտուկ, բայց ավելի ճիշտը սնտուկի նմանությամբ նավ, որուն ֆրանսերենն է arche: Ըստ Մովսեսի հնգեմատյանի առաջին անգամ Նոյը շինեց տապան մը վերահաս ջրհեղեղեն ազատվելու համար։ Նոյը շինեց այնպիսի տապան մը, որ ինքը իր ամբողջ սերունդով պատսպարվեցավ անոր մեջ, և տապանը քառասուն օր լողաց ջրերուն վրա, մինչև որ ջրերը քաշվեցան և նստավ Արարատ լեռան գագաթին։
Երկրորդ տապանը կամ տապանակը շինեց Մովսես՝ տաճարին մեջ դնելու համար, և այդ տապանը մի տեսակ փրկական խորհրդավորություն ուներ իր մեջ:
Գիտական հետազոտությունները բավականին պարզեցին, որ Նոյի և Մովսեսի տապանները ոչ այլ ինչ էին, բայց եթե եգիպտական սրբազան նավակի (barque sacrë) մի ուրիշ ձևով սրբագործումը։
Եգիպտական դիցաբանության մեջ սրբազան նավակի պաշտոնն է մեռելոց հոգիները փոխադրել դեպի հավիտենական աշխարհը։
Դիցաբանական այս ավանդության զանազան այլազանությունները ոչ նվազ ընդունված էին ասորեստանցոց և քաղդեացոց մեջ, նույնպես պարսիկները: մեջ։ Ըստ իս, հավանական է, որ հայոց հեթանոսութենեն ընդունված և սրբագործված բառ է մեռելոց անունով և թերևս նույն նշանակությունն ուներ ինչպես Եգիպտոսի մեջ, որ դեռ 5-րդ դարու մատենագրությանց մեջ գործածական է։
Տապանները առհասարակ քարե շինված էին, և իմ կարծիքով ամենաշատը հայոց մեջ գործածական եղեր է 6-7-րդ դարերը, իսկ անկեց հետո բացառիկ դեպքերու մեջ միայն գործածած։
Իմ տեսած տապաններուն մեջ մեկ տեսակ մը կար, որ պարզ երկար քառակուսի սնտուկ է, բոլորովին պարզ և արտաքուստ հազիվ կոկված, ինչ որ ապացույց է թե հողին մեջ պետք է թաղվեր, ոչ թե հողեն դուրս երևնար։ Խորությունը մոտավորապես 50—60 սմ. վրան կափարիչ չուներ, հավանաբար կորած կամ փճացած էր։
Մի ուրիշ տեսակը արտաքուստ կատարյալ երկար քառակուսի է, իսկ մեջը փորած 40-50 սմ խորությամբ մեկ կողմը լայն և մեկ կողմը համեմատաբար նեղ, անշուշտ լայն կողմը պետք է գլխուն կողմը լիներ, իսկ նեղ կողմը ոաքերուն։ Ոտքերուն կողմը փորվածքը անկյունավոր, իսկ գլխի կողմը՝ ամբողջ կիսաբոլորակ և հատակն ալ աստիճանաբար բարձր, այնպես որ, այդ սնտուկին մեջ դիակը փոխանակ ուղիղ հորիզոնականի, փոքր ինչ գլխին և թիկունքներու կողմե դեպի վեր թեքված պիտի պառկեր։ Այս տապանն ալ կափարիչ չուներ, որ գաղափար կազմեի անոր ձևեն վրա։
Ինչպես կերևի այս տապանները անպայման հեթանոսական էին, որովհետև ասոնց մնջեն գտնված են խեցեղեն ամաններ, գույնզգույն ուլունքներ և այլ ուրիշ առարկաներ, որոնք քրիստոնեական շրջանին գրեթե անսովոր են։
Այս տարի Արթիկ գյուղի մոտ գրեթե երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լմպատավանք ըսված հնագույն եկեղեցո արևելյան կողմը ցույց տվին ինձի քարե տապաններ, որոնք կարելի է ըսել դեռ տեղերեն չեն հանված։ Տեղի զառիվեր լինելուն պատճառավ անշուշտ վրայեն բավականին հողը վազելով շուրջը մի քիչ բացվեր է։ Նմանապես այս տապաններուն ալ կափարիչները անհայտացած են։ Անոնցմե մեկը, որ համեմատաբար ավելի անաղարտ մնացած է, բավականին կտարբերի մյուս տեսածներես։ Տապանին արտաքին ձևը հավասարակողմ երկար քառանկյունի է, իսկ մեջի փորվածքը բոլորովին տարբեր է նախապես նկարագրածս երկու տեսակ տապաններեն։ Իսկական մարդու ձևով փորված է մեջը, այնպես որ, գլուխը իրեն համար առանձին բոլորակ մի տեղ ունի, գլխի բոլորակին կհաջորդե փորվածքի լայնություն մը ուսերուն տեղավորելու չափ և անկեց վար երթալով հետզհետե անզգալի կերպով կնեղնա և ուղիղ մարմնին ձևը կստանա։ Խորությունը շատ քիչ է, հազիվ հազ տեղավորվի դիակը, այնպես որ, եթե կափարիչը ծածկվեր, մարդուն մարմնեն թերևս 1-2 սանտիմ բարձր կմնար կափարիչը։
Արդյոք այս տապանները հեթանոսական են թե՞ քրիստոնեական, ոչինչ հայտնի չէ, շուրջը կան շատ ուրիշ գերեզմաններ, որոնք ոչ միայն իրենց ձևերով 10-15-րդ դարու գերեզմաններ լինելը հայտնի են, այլև ունին հայերեն արձանագրություններ, որոնցմե կհասկցվի թե մեծ մասամբ բարձրաստիճան կղերներ են եղած և կամ վանքի միաբան հոգևորականներ։ Լմպատավանքը յուր ոճով և ձևով չի կարելի 7-րդ դարեն այս կողմը բերել, անպայման շատ հին ձև ունի, նույնիսկ իր վրա կան 5-րդ և 6-րդ դարերու եկեղեցիներու հատուկ ավանդական ձևերը։ Այս տապանները եկեղեցո արևելյան հարավային անկյունին հազիվ 2,5-3 մետր հեռու են, եկեղեցուն այնքան մոտիկ այսպիսի ձևով տապաններ, այն ալ ոչ այնքան հողին ներքև, ինձի ենթադրել կուտա, թե պետք է որ քրիստոնեական գերեզման լինին․ այս ենթադրությանս պատճառավ էր, որ քիչ առաջ ըսի թե հեթանոսական ձևով քարյա տապանները թերևս շարունակվեր են մինչև 7-րդ դար։ Մնացած գերեզմանները թեև բավականին չեմ հետազոտած, այնքան բնորոշ ձև չունին, բացի չորս հինգ օրորոցաձև տապանաքարերե, որոնք շատ պարզ են 12-13-րդ դարերե հետո կամ նույն դարերուն լինելնին։
Այստեղ գտա նաև մի շիրիմաքար կամ կոթող, որը անպայման 6-7-րդ դարերուն կպատկանի, այս մասին կխոսիմ քիչ հետո, ուստի նկատելի է, որ վանքի շինության հետ մեկտեղ գերեզմանոցը գոյություն ունեցեր է այստեղ և միշտ պահվեր է մինչև վանքի ամայանալը։
Գյուղացոց ոմանց պատմելով, վանքի հարավային կողմի լանջերուն վրայեն հաճախ գտնված են հին հեթանոսական գերեզմաններ, որոնց մեջեն ելած են կճուճներ, ուլունքներ և ուրիշ շատ հեթանոսական շրջանի հատկություններ ունեցող իրեղեններ։ Ուստի, կասկած չկա, որ հեթանոսական դարերուն Արթիկը և այս վանքի շրջակայքը բնակել էին հեթանոս ժողովուրդ, գուցե այս տապաններ ալ հեթանոսական մնացորդ են, թեև պատմական ակնարկներ ալ կան 5-6-րդ դարերուն, որ հայոց մեջ եղած են քարափոր տապաններու մեջ թաղվածներ։
Մահմուտճուկ գյուղին արևելյան կողմը հնագույն մի գերեզմանոց կա, ուր այժմ ալ գյուղացիք իրենց մեռելները կթաղեն. այս գերեզմանոցն իր վրա ցույց կուտա շատ խոր հնության նշաններ, բացի այն, որ կան հին խաչքարեր և 13-14-րդ դարերու արձանագրությամբ գերեզմանաքարեր, նաև անմիջապես այս գերեզմանոցին կից կա ընդարձակ մի տարածություն, որ բոլորովին հող չկա գետնին վրա, բնական հրաբխային կարմիր ապառաժներ են։ Այս բնական ապառաժին վրա տեղն ու տեղը փորված են բազմաթիվ տապաններ, երբեմն անջատ անջատ իրարմե մեկեն մինչև երկու մետր հեռավորության վրա, իսկ երբեմն՝ խումբ խումբ երքրեն մինչև վեց յոթը հատ անհավասար չափերով։ Ասոնց մեջ կան, որ պարզ երկար քառակուսի փորված են միայն ոտքերուն կողմը քիչ ավելի նեղ, իսկ մեծավ մասամբ կտեսնինք ճիշտ այնպես մարմնի ձևով փորված, ինչպես նկարագրեցի Լմպատավանքի մոտի տապանները։ Պահ մը կուզեի հավատալ որ այս գերեզմանները լինին քրիստոնեական, սակայն այդ փլվածքներու անկանոն ուղղությունները կամ արևելադրությունները զիս ավելի կհամոզեն հեթանոսական լինելուն։ Անոնց մեջ արևելքեն արևմուտք ուղղվածներ ալ կան և եթե ոչ բոլորովին, գոնե զգալի չափով հյուսիսեն հարավ ուղղվածներ ալ կան։ Այս տապանների վրա ոչ միայն կափարիչներ չկան, այլև դարե ի դար այնքան մաշվեր են, որ շատերուն հազիվ հազ ձևը մնացեր է:
Վերին աստիճան հետաքրքրական էր, ըստ իս, գիտնալ թե այս ձևի տապանները ի՞նչ ձևով կծածկվին: Շատ պարզ է, որ աղքատ ու անկարող դասակարգի համար բավական պիտի լիներ տապանին հարմար չափով քարե պարզ կափարիչ մը, սակայն ազնվական դասակարգը անշուշտ չէր բավականանար այդ չափով և պիտի շինեին որոշ չափով գեղեցիկ շիրիմներ ալ: Սակայն դժբախտաբար ոչինչ հետք չեմ գտած մինչև այսօր, թերևս ապագային հաջողվի ճշտել այդ քարե տապաններու ամբողջական ձևը:
Մի ուրիշ երևույթ ևս, որուն մասին թե՛ պատմական վկայություններ կան և թե՛ իրական օրինակներ կուգան մեզ համոզելու, որ քրիստոնեական նախնական դարերուն անպայման վերացած կլիներ քարյա տապաններու գործածությունը, որովհետև բացի պատմական վկայություններե թե կավե տապանի կամ կարասի մեջ դրած կթաղեին, այլև զանազան տեղեր գտնված են ժողովրդյան ձեռքով մեջը մարդու կմախքներով կարասներ և մոտը գտնված իրեղենները քրիստոնեական դարերու լինելը կապացուցանեն: Ինչպես շատ գտնվեր է Անիի մեջ, որուն մոտեն գտնվեր են բյուզանդական պղնձե դրամներ:
Տապաններեն հետո անցնինք շիրմիներու: Ես կկարծեմ որ շիրիմ ըսելով պետք չէ հասկնալ հողին տակը եղած մասը, այլ հողեն վեր, տապանին վրա իբրև հիշատակարան շինված մասը, որն ամեն ազգի մեջ զանազան ձևերով արտահայտված են: Տապան մը կարող էր առանց շիրիմի լինել, բայց առանց տապանի շիրիմ պետք չէր որ լինի:Կարող է այդ շիրիմը շատ պարզ ձևով լինի, և կարող է խիստ շատ փարթամ ու հոյակապ գործ լինի:[28]
- ↑ Այս հատվածը տպագրում ենք հեղինակի անտիպ աշխատությունից, որին կցել ենք նաև այլ անավարտ աշխատությունների մասեր։ Կազմող
- ↑ Այս հոդվածը արտատպում ենք «Հուշարար» ամսագրի 1907 թվականի 3-րդ և 6-րդ համարներից − էջք 39-42 և 90-93. Կազմող
- ↑ Պետք չէ շփոթել Եգիպտոսի Գարնաքի հետ. այս Գարնաքը կգտնվեր հին Եվոպայի մեջ՝ այժմյան Ֆրանսիայի սահմաններուն մեջ։
- ↑ Այստեղից սկսած մի այլ անտիպ հոդված ենք միացնում իբրև նախորդի շարունակություն։ Կազմող
- ↑ Ժամանակագրութիւն տեառն Միխայէլի Ասորւոյ Պատրիարքի, Երուսաղեմ, 1871 թ․, էջ 113-114։
- ↑ Այստեղ պատշաճ կհամարեմ ասել, որ իմ կարծիքով սխալ է այն ըմբռնումը, երբ երկար քառակուսի շինություն մը, որը սյունաշարերու միջոցով թևերու բաժանված է, զայն բազիլիք անվանել կամ բազիլիքի առանձնահատկությունը այս ձևին մեջ տեսնել։ Այս ձևով շինություններ բազիլիք անունը ստանալե շատ առաջ գոյություն ունեին Հունաստանի ամեն կողմը, Եգիպտոսի մեջ: Ինչպես Հունաստանի և Եգիպտոսի մեհյանները ամենն ալ երկար քառակուսիներ են, հաճախ սյունաշարերով թևերու բաժանված։ Բազիլիքի միակ հատկությունը, որով կզանազանվի ուրիշ բազմատեսակ շինություններե, խորը գտնված կիսաբոլորակ աբսիդն է. այդ աբսիդավոր շինություններն էին միայն, որոնք բազիլիք անունը ստացան սկսյալ այն թվականեն, երբ երևցան անոնք (աբսիդը)։ Բազիլիք անունը, որ հունարեն վասիլիոս բառեն կուգա, պարզապես ցույց կուտա, որ այդ շինությունները եթե ոչ թագավորաշեն, գոնե անպայման իր մեջ թագավորի հատուկ բաժին մը ուներ, և այդ բաժինը աբսիդն է: Երևցան շատ զանազան տեսակ բազիլիքներ աբսիդներու չափով և ձևով զգայի կերպով իրարմե զանազանվող։ Ոմանց աբսիդը այնքան փոքր էր, որ թագավորին հատուկ աթոռը միայն կտեղավորվեր, իսկ խորհրդականաց աթոռները կդրվեին նույն տեղի մեջ հատկացված բաժինի մը վրա, որուն հատակը կամ բարձր էր հասարակության հատկացուցած տեղի հատակեն և կամ վանդակապատով կամ սյունաշարերով անջատված էր։ Երբեմն պատահեցան մեկե ավելի աբսիդներով միևնույն պատին վրա բնականաբար փոքր չափով, իսկ անոնցմե ոմանք ալ փոխանակ կիսաբոլորակի քառակուսի ձևով շինվեցան, թեև այս վերջինս համեմատաբար շատ հազվադեպ էր։ Աբսիդին հաջորդող խորհրդականաց այդ բաժինն է, որ այսօր Արևմտյան եկեղեցիներու մեջ transcpi անունը ստացավ։
- ↑ Արտատպվում է «Հուշարարի» 1907 թ. № 1-ից (էջ 9-10)։ Կազմող
- ↑ Այդ հատվածը տպագրում ենք առաջին անգամ, փոքրիկ կրճատումներով և փոփոխություններով՝ հիմք ունենալով հեղինակի այն նյութի վրա ավելի ուշ գրած հոդվածները։
- ↑ Նկարը զետեղված է առաջին ժողովածուի մեջ՝ 13 էջում։
- ↑ Այս հատվածը քաղել ենք «Գեղունիի» 1909 թվական թ․ 6-ի մեջ տպագրված «Կաթիլ մը հայ գեղարվեստի ծովեն» հոդվածից։
- ↑ A. Choisy.— Histoire de l’architecture. second, p.90(Paris).
- ↑ Daniel Ramée—Histoire genfirale de l’architecture, tome deusieme. Paris, MDCCC LXII, p. 1143.
- ↑ Manuel d’art musulman. Qaston Migeon III, Paris, p. 120, fig. 101.
- ↑ Այս հատվածը տպագրում ենք հեղինակի սևագիր ձեռագրից, որի սկիզբը և վերջավորությունը հանել ենք՝ կրկնություններից խույս տալու համար։ Կազմող
- ↑ Այս հոդվածը մի գրախոսական է, որ ցարդ անտիպ է մնացել։ Կազմող
- ↑ Այս մինչև այժմ անտիպ հատվածն ուներ երկու՝ տարբեր ձեռագրերի վրա տարբեր վերնագիր, որոնցից մեկը դրինք փակագծի մեջ։ Կազմող
- ↑ Թորամանյանը Տրդատ ճարտարապետին ուզեցել է դարձնել գեղարվեստական երկի նյութ, որի սևագրի միայն սկզբի մի երկու թերթերն են պահվել նրա դիվանում: Այստեղ տեղին ենք համարում ներկայացնել մեզ հասած ադդ հատվածը։ Կազմող
- ↑ Այս հոդվածը տպագրվում է հեղինակի անավարտ սևագիր ձեռագրից, որն, ինչպես հեղինակն է վերջում նշում, քննելի և քննադատորեն մշակել նյութ է:
- ↑ Ինչպես կերևի դեռ 7-րդ դարուն Ներսես Շինողի գերեզմանին վրա միևնույն ձևով կանգնված էր կոթող մը, սյուն խարիսխներով և խոյակով:
- ↑ Գիտությանց ճեմարանի կնիքի թիվը 1417, թվական 17 դեկտ. 1907։
- ↑ «Բանասեր» հանդես, հրատ. Կ. Յ. Բասմաճեան. Փարիզ, 1906, հատոր 8, № 4։
- ↑ Թորամանյանի դիվանում գտնվող մի առանձին թղթի վրա այս հարցի մասին գրածը տեղին համարելով դնում ենք այստեղ իբր ծանոթություն։ Կազմող
- Ճարտարապետության պատմությունով զբաղվող գիտնականներու մեջ, գրեթե ընդհանուր համոզում է որ, արևելյան արվեստների դեպի արևմուտք փոխանցելու ճանապարհը կամ կամուրջը եղել է Հայաստանը: Ժամանակագրապես փաստացի ապացուցված 4-րդ և 5-րդ դարուն կանգնված՝ հուշարձաններ կան Հայաստանի մեջ, որոնց քննությունը ցույց կուտա թե, հայ-ճարտարապետության վրա ներգործության հոսանքների աղբյուրները արևելքում և հարավում կգտնվեին, ոչ թե արևմուտքում, ինչպես կարծում էին ոմանք, հայոց ճարտարապետությունը դեռ հիմնովին չուսումնասիրված: Թեև անվիճելի է մինչև 7-րդ դարու վերջը, ինչպես նաև 10-11-րդ դարերուն. հայ-ճարտարապետության վերածնության շրջանին կանգնված շենքերի մեջ հունա-հռովմեական թեթև գծերի գոյությունը (բացառությամբ Գառնիի Տրդատա հովանոցի, որը խիստ զորեղ կերպով հռովմեական ոճի ազդեցության տակ է), այնուամենայնիվ այդ արևմտյան ոճի ազդեցության շողքերը, ուղիղ գծով Հայաստան մտած լինելը չափազանց տարակուսելի է: Միանգամայն պարզ է որ, արևմտյան ոճերը Հայաստան մտել են Սիրիայի ճանապարհով, իրենց հետ բերելով նաև սիրիական ոճի մի շարք մոտիվներ, որոնք ձուլված ու հայացած են տեղական արվեստագետների քմահաճույքին համեմատ, այնպես որ, մինչև 14-15-րդ դարերը Հայաստանի ճարտարապետության մեջ քաղաքացիություն ստացած արևմտյան ոճի գծերը հազիվ նկատելի են հայ ճարտարապետության ընդհանուր ներդաշնակության մեջ: Ի նկատի ունենալով, հայոց ճարտարապետության վրա, սկիզբեն մինչև վերջ արևելյան ճարտարապետությունների ազդեցությունը, բնականորեն հարց կծագի թե, եթե արևելյան կրոնները խորապես ազդել են հին հայոց կրոնի վրա, և եթե ազդել են, ինչ հետքեր մնացել են այդ խոր ազդեցությունը ապացուցանող, այս մասին պատմական վկայություններ խիստ հատուկտոր են և մի վճռական եզրակացություն հանելու անբավարար: Ուստի, ըստ իս, մատենագրական տվյալների մասին գիտնական ուսումնասիրրություններին զուգահեռաբար պետք է ուշադիր քննել նաև նախնյաց հուշարձանների մնացորդները և անոնց մեջ փնտրել թե, արդյոք Հայաստանում ևս կգտնվին Հայաստանը շրջապատող հին ազգերի մեհյաններին կամ կրակապաշտական տաճարներին համանման շենքերի մնացորդներ, որոնց մեջ պաշտվեցան հին աստվածներ՝ սկսած նախապատմական ժամանակներից գեթ մինչև նոր կրոնների ծագումով հիներին ասպարեզից քաշելը կամ վտարելը»:
- ↑ Այս վերակազմությունը տեսեր եմ Ալիշանի «Այրարատի» մեջ երես 364-366, սակայն ընդհանրապես անհարազատություն և տեղագրական սխալներ այնքան շատ են այնտեղ, որ ակամա ստիպված եմ կասկածել:
- ↑ Էջմիածնի երկու թևերուն մեջի սեղանները հետո են ավելցուցած:
- ↑ Այստեղից սկսած զետեղել ենք մի այլ սևագիր հատվածի մի մասն իբրև շարունակություն նախորդ հոդվածի։ Կազմող
- ↑ Շիրիմ և դամբարան հաճախ շփոթված են մեր հին պատմագրաց մեծ և անխտիր շատ անգամ իրարու տեղ գործածված, այնպես որ քիչ կմնա հոմանիշ համարելու, սակայն իմ ընդունած ձևով ավելի շատ լինելուն համար այս ձևն ընդունեցի։
- ↑ Օշականի առանձնակի կանգնած սյան խոյակի ճիշտ նմանները գտնվեցին Դվինում չորս հատ, հավանաբար դարձյալ առանձնակի սյուներու վրայից (տես նկ. 13). մի այդպիսի սյուն էլ կա Հովհաննավանքի բակում (նկ. 14): Կազմող
- ↑ Ձեռագիրն այստեղ ընդհատվում է: Կազմող