Jump to content

Հայկական ճարտարապետություն (Թորոս Թորամանյան, հատոր 2)/Մասն երկրորդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ
ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ


Ա
ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՃԱՐԸ
ա. ԷՋՄԻԱԾԻՆ

րիստոնեական ծագում ունեցող շենքերից գրեթե ամենահինն է Էջմիածնի տաճարը, որն ըստ պատմական ավանդության հիմնված է 303 թվականին, սակայն մատենագրությանց մեջ գտնված հատ ու կտոր տեղեկություններից կիմանանք նաև, որ այս տաճարի սկզբնական շենքը մասամբ փայտաշեն էր, որով հեշտությամբ ենթարկվեց բնական և քաղաքական փոթորիկների պատճառած ավերումներին, որոնց հետևանքն եղավ հաճախակի նորոգություններ նախկին հատակագծի վրա։

Այժմյան գոյություն ունեցող շենքի մանրամասն մասնագիտական քննությունից պարզ երևում է, որ նախկին 303 թվականին հիմնարկված շենքը միանգամայն գոյություն չունի։ Հին շենքը ամբողջովին քանդելով՝ հիմն ի վեր վերաշինել է Վահան Մամիկոնյանը 483 թվականին Հայաստանի մարզպան նշանակվելուց հետո։

Հատակագծային բաղդատական ուսումնասիրությունից ապացուցվում է, որ Վահան Մամիկոնյանը նախկին եկեղեցական հատակագծային ձևերից տարբեր մի նոր ոճով կառուցել է այս շենքը, որ բացի մի քանի աննշան արևմտյան ճաշակի մանրամասնություններից, ինչպես ֆրոնտոններ, պսակի ձևերը, տաճարի ընդհանուր երևույթը և շինարարական կերպերը, զուտ արևելյան հատկանիշ ունեն։

Նկ․ 13. Էջմիածնի վանքի ընդհանուր տեսարանը հյուսիս-արևմուտքում

Սակայն, որչափ որ, Վահան Մամիկոնյանը ժամանակի պահանջած հատակագծով շինեց, այնուամենայնիվ թե՛ շինարարական արվեստի որոշ թերություններ կային այն ժամանակ և թե՛ շատ շուտ փոփոխությունների էին ենթարկվում հատակագծային ձևերը։ Կոմիտաս կաթողիկոս (612-621) 7-րդ դարուն, իր ժամանակին մաշված ու հնացած փայտյա գմբեթի տեղ, շինել է քարե գմբեթ անշուշտ, նաև հարակից նորոգություններ ևս անելով։ Իսկ Ներսես Շինող կաթողիկոս (642-662) նույն դարուն, թերևս տաճարը ընդարձակելու դիտավորությամբ, չորս կողմից քառակուսի պատերի մեջ ամփոփված աբսիդները արտաքին պատերից դուրս հանեց, ինչպես որ այժմ կտեսնվի։ Ուրեմն հատակագծի վերջին ձևը տրվեցավ 7-րդ դարում։

Թե ինչ ճակատագիր ունեցավ այս շենքը 7-րդ դարուց մինչև 15 դարը, այս մասին հաստատ մի բան չի կարելի ասել, որովհետև գրեթե պատմական տվյալներ չունենք։ Արդեն 5-րդ դարում կաթողիկոսական աթոռը փոխադրված էր Դվին, հետո զանազան տեղեր՝ մինչև 1441 թվականը, երբ վերստին Էջմիածնի տաճարում հաստատվեց կաթողիկոսական աթոռը։ Ուրեմն, մոտ տասը դար (ի բաց առյալ Կոմիտասի և Ներսես 3-րդի կատարած շինությունները 7-րդ դարում), այս շենքը միանգամայն անտեր ու անխնամ մնաց, մինչև կաթուղիկոսական աթոռի Էջմիածին փոխադրվելը։ Ոչ միայն այս երկար ժամանակամիջոցին մեջ պատմագրական մի հիշատակություն չենք գանում Էջմիածնի տաճարի նորոգության կամ շինության մասին, այլ վերջին անգամ կաթողիկոսական աթոռ հաստատվելուց հետո իսկ, մինչև 1627 թվականը, դարձյալ շինարարական ոչ մի դույզն ձեռնարկ չի եղել։ 1627 թվականին է, որ Մովսես վարդապետ, որ հետո կաթուղիկոս դարձավ 1629 թ․, ձեռնարկել է տաճարի վերանորոգության, որի մասին Առաքել Դավրիժեցի պատմագիրը հետևյալ նկարագիրը կուտա.— «ըստ ամենայնի դատարկված է տաճարը, և կողոպտված յուր զարդերը, ոչ գիրք կար և ոչ զգեստներ, այդ պատճառով ոչ մի ժամասացություն չէր լինում, պատահական անցավոր ճանապարհորդների համար մի մահմեդական ձեթի ճրագ վառելով բեմի վրա կդներ, որպեսզի իրեն ողորմություն տան։ Հատակի սալերը ամբողջովին քանդված էին և մեծամեծ լուսամուտները բաց էին մնում առանց վանդակի և փեղկի, որով թռչունները մտնում էին ներս և աղտոտություններով լցնում։ Իսկ դրսի կողմից կաթուղիկեի գլուխը, տանիքը և պատերի երեսները ամբողջովին քարուքանդ եղած և քարերը թափված էին գետին՝ գետնի սալերը ևս ջարդելով և փչացնելով։ Մի ժամանակ տաճարին կից շինություններ էին շինված ու հետո քանդված, որով փլատակների կույտը մինչև յոթը կանգուն բարձրացած էր տաճարի շուրջը»։

Նախնական վիճակի նկարագրությունը մի քիչ մանրամասն գրեցի, որպեսզի այժմյան շենքի վրա եղող հետնագույն փոփոխությունները և ստացած վիճակը ավելի պարզ և հեշտությամբ համեմատելի լինի։ Ինչպես տեսանք, Առաքել պատմագիրն ասում է, թե նախքան Մովսեսի վերանորոգությունը, կաթուղիկեի գլուխը քանդված էր, տարակույս չկա, որ գմբեթի վերևի մասը այնքան քանդված էր, որ նույնիսկ ներքին կողմից գմբեթին վրա դեպի տաճարը նայող մի կլոր ծակ էր բացված։ Այս պատճառով է, որ Պարսկաստանի գերմանական ուղեկից Տեկտանդեր 1664 թ․ առանց ուշադրություն դարձնելու կաթուղիկեի վիճակին, ներքուստ գմբեթի մեջ բոլորշի պատուհան էր տեսնում կամ տեսնել կարծում. մինչդեռ այդպիսի բան չկա և չէր էլ կարող լինել։ Այժմ արտաքուստ շատ պարզ երևում է, որ մինչև կաթուղիկեի շուրջը եղած որմնասյուների հավասարությամբ քանդված էր գմբեթը և առաջի անգամ նորոգության ենթարկվեց Մովսես վարդապետի նախաձեռնությամբ, բայց հակառակ հայկական հին ոճին, որ թե՛ թմբուկները և թե՛ վերևի կոնաձև մասը բարձր չէին (հին օրինակ մնում է Հռիփսիմեի գմբեթը), ահագին բարձրություն և սրություն տված են արտաքուստ, որով ահռելի ծանրություն են պատճառած ներքևի գմբեթակիր չորս մույթերին։

Նկ․ 16․ Էջմիածնի տաճարի գմբեթը

Ոչ միայն տաճարի արձանագրություններից երևում է, որ ներքին գմբեթակիր մույթերը վերևի ճնշող ծանրության տակ վնասվելով քանիցս նորոգվել են և հաստացել, այլ և ներկայիս ևս հարավ-արևմտյան գմբեթակիր կամարները ճաքած են վերևի թմբուկի ծանրության տակ այնպես, որ առաջիկայում այդ ճեղքերը վտանգ են սպառնում շենքի ամբողջության։ Ոչ նվազ վտանգ է սպառնում Եղիազար կաթուղիկոսի (1680-1631 թ. թ.) շինած գմբեթներից մեկը՝ հյուսիսային կողմի աբսիդի վրա, որուն ծանրության տակ ճաքել է աբսիդի պատը մինչև պատուհանը։ Ահա այս անզգուշ ծանրաբեռնման պատճառով է, որ մի քանի տարի առաջ հարավային կողմի փոքր զանգակատունը ամբողջովին փլավ։

Եթե ուշի ուշով քննենք շենքի ճակատները՝ յուրաքանչյուր դարաշրջանի շինության և նորոգության հետքեր կգտնենք։ Հյուսիսային ճակատի վրա տակավին մնացել են 5-րդ դարու մնացորդներ, վերևի երեք ֆրոնտոններ, որոնք ճոխազարդված են պճղակներով 5-րդ դարից են մեզ հասնում, մնացած մասերի վրա վերևից մինչև ներքև, 7-րդ դարից մինչև մեր օրերը եղած նորոգությունները և կարկատանները շատ որոշ կերևին։ Ինչպես կերևի հաճախակի նորոգության ենթարկվել են հարավային և արևմտյան ճակատները, որովհետև այդ ճակատների վրա 5-րդ դարու ոչ մի հետք չի մնացել, սակայն 7-րդ դարուց սկսած 11-12-րդ դարերի նորոգության նմուշները գոյություն ունենալուց հետո, խիստ ակնբախ են 17-րդ դարուց սկսած մինչև մեր օրերը եղած նորոգությունները, մասնավորապես ստորին մասերի վրա։

Նկ․ 17. էջմիածնի զանգակատան հարավային երեսը

Այս ավելի քան 12 դար անտերությունից քանդման և ավերման ենթարկված շենքը, իբրև մայր աթոռ այն հանգամանքը չէր վայելում ինչպես այժմ։ Ոչ միայն զանազան տեղափոխություն կատարել կարելի էր, այլ և, ըստ Ղազար Փարպեցու, Վահան Մամիկոնյան վերաշինում է տաճարը իբրև «գործ նախնաց իւրոց» (անշուշտ մոր գծով ինքզինքը Պահլավունի էր համարում) ոչ իբրև մայր աթոռ, հետևաբար, երբ 5-րդ դարու վերջերը աթոռը Դվին փոխադրեցին, այլևս ուշադրություն չդարձրին Վաղարշապատի վրա։ 7-րդ դարում Կոմիտասը ընդօրինակում է Վահանի տաճարի ձևը Հռիփսիմեի համար և նորոգություններ է կատարում կաթուղիկեի վրա։ Իսկ Ներսես Շինող իր կանգնած Զվարթնոցի մեջ մարմնացնում էր Վահանի եկեղեցիին ձևը քիչ ավելի ընդարձակելով։ Իսկ Ներսես 3-րդից հետո մինչև 17-րդ դարը այլևս ուշադրություն չդարձնելով, Առաքել պատմագրի նկարագրած վիճակին հասավ։

բ․ ՏԵՂԵԿԱԳԻՐ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՃԱՐԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱԲՍԻԴԻ ՎՐԱ ՀԵՏՆԱԳՈԻՑՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԶԱՆԳԱԿԱՏԱՆ ՀԱՆԿԱՐԾ ՓԼՉԵԼՈԻՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՎՆԱՍՎԱԾ ԱԲՍԻԴԻ ԵՎ ՈՒՐԻՇ ՓՈՔՐ ՄԱՍԵՐՈԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ

Էջմիածնի տաճարի վրա, 1682 թվականին Եղիազար կաթողիկոսի ձեռքով կանգնված երեք փոքր զանգակատներեն մեկը՝ հարավային աբսիդի վրայինը, անակնկալ կերպով փլած է 1921 թ. մարտի 27-ի առավոտյան ժամը 4-ին, և փլուզման ցնցումով ու քարերու միմյանց բախումով մեծապես վնասվել էր ներքևի հնադարյան աբսիդը։

Վանքի միաբանությունը հետաձգել էր փլած և վնասված մասերի վերանորոգումը, միայն բավականացեր էր նույն տարին փլատակը մասամբ մաքրելով և աբսիդի վրան մի թեթև փայտյա ծածկ դնելով։

Այս տարի, միաբանությունը թե՛ զանգակատան և թե՛ ուրիշ հարկ եղած մասերի նորոգության համար, կազմել էր մի շինության հանձնաժողով, նախագահությամբ Մեսրոպ արքեպիսկոպոսի և անդամակցությամբ Խորեն և Բագրատ արքեպիսկոպոսների։

Հանձնաժողովը ի նկատի ունենալով տաճարի թե պատմական և թե գեղարվեստական նշանակությունը, մանավանդ նրա բազմադարյան հնությունը, որոշեց հրավիրել Հայաստանի գլխավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանին՝ նախնական խորհրդակցության և տաճարի մանրամասն քննության համար, որից հետո կազմել ըստ պատշաճի վերանորոգության ծրագիրը։

Ակադեմիկոս Թամանյանն առաջին այցելության ժամանակ, կարգադրեց որ նախապես բոլոր խախտված և վտանգավոր դարձած մասերը՝ լուսանկարելե և մանրամասն չափագրելե հետո, քանդվեն և խնամքով մաքրվին, որպեսզի հնարավոր լինի լուրջ քննության ենթարկել տաճարն իր բոլոր մասերով։

Այս կարգադրության հիման վրա անմիջապես գործի ձեռնարկվեցավ ներկա 1923 թ․ օգոստոսի 2-ին, և ակադեմիկոս Թամանյանի կողմից արվեստագիտական աշխատանքներին ղեկավար նշանակվեցի ես։

Չափագրելու, քանդելու և մաքրելսւ աշխատանքները տևեցին մոտավորապես երկու շաբաթ, որից հետո կրկին հրավիրվելով ակադ. Թամանյանը նախ քննեց այն մասերը, որոնք ընդունակ էին դարձել գարնան և աշնան անձրևներն իրենց մեջ ծծելու և մինչև տաճարին ներսը թափանցելու, որով փչանում էին բոլոր պատերն ու ներքին կամարները։ Հետո քննեց նոր փլած զանգակատան և աբսիդի մասերը, որոնք անմիջական նորոգության պիտի ենթարկվեին։

Ձյունահալքի և անձրևների խոնավությունից մշտապես փճացման ենթարկված մասերի համար, ակադեմիկոս ճարտարապետը գտավ, որ տաճարի տանիքի ամբողջ քարե ծածկերը, նախապես արվեստի պահանջած կանոնների համաձայն շինված չլինելեն զատ, նաև չափազանց հնացած էին, ուստի հարկ համարեց լուրջ վերանորոգության ենթարկել ծածկի սալաքարերը՝ առանց այլափոխելու տանիքի նախնական հին ձևը։ Բացի ծածկի սալաքարերի անարվեստ շարվածքը և հնացած լինելը, ակադ. ճարտարապետը ամենամեծ չարիքի աղբյուր համարեց արտաքին պատերի կատարին, հետնագույն ժամանակ բոլորված շուրջանակի պարապետները և Գևորգ կաթողիկոսի տաճարի արևելյան կողմին կցած ամբողջ շենքը՝ վրայի տգեղ ու անճաշակ զույգ գմբեթներով, որոնք պատճառ են դառնում ձյունհալքի և անձրևի ջրերին տանիքի վրա լճանալուն և պատերի ու կամարների մեջ ծծվելուն։ Ուստի այս մասին կարգադրեց, որ քանի որ այժմ հնարավոր չէ Գևորգ կաթողիկոսի տաճարի արևելյան կողմին կցած շենքը միանգամայն վերացնել, գեթ այժմ անհրաժեշտ է միանգամայն վերացնել նույն շենքի վրայի զույգ գմբեթները և շուրջանակի կտուրի մակարդակից վերև բարձրացված պարապետները և տեղերը հավասարեցնել տանիքի սալահատակի հարթ մակարդակին. նաև տանիքի մակարդակին հավասար պատերի վրա շարժված սալաքարերը պատերից դուրս հանել շուրջանակի առնվազն 0,05 սաժ. պատերի արտաքին երեսները անձրևի կաթիլներից ազատ պահելու համար։

Փլած զանգակատան կազմությունը մանրամասն քննելով և հյուսիսային աբսիդի վրայի նույնաձև կանգուն զանգակատան հետ համեմատելով, ակադեմիկոս ճարտարապետը պարզեց, որ զանգակատների շինողները, նույնիսկ սկզբից, առանց ի նկատի առնելու շինարարական էական կանոնները և մասնավորապես տարողությանց օրենքները, հանդուգն կերպով ծանրաբեռնել էին, բազմադարյան հնությունից արդեն հյուծվիլ սկսող աբսիդի պատերը։ Բացի այս, մի ուրիշ աններելի սխալ ևս գործված էր, որ նախքան զանգակատան շինվելը, աբսիդի կատարին, շուրջանակի բարձր պատեր էին բոլորած իբրև պատերազմական ամրոց՝ առանց պահանջված ապահով հաստատության և այս պատերու վրա էին դրված զանգակատան գմբեթի զանգվածի ամբողջ ծանրությունը իրենց վրա կրող չորս սյուներեն երկուքին կես մասերը, որով իբրև ամրոցի պատ աբսիդի հյուծված պատի վրա շինվածը ծառայում էր նաև իբրև սյուն։ Հետևաբար, զանգակատան ծանրությունը հետզհետե ճնշելով աբսիդի ուժասպառ պատերը և դեպի դուրս մղելով թե ամրոցին և թե աբսիդի պատերը, գմբեթի հանգիստը կազմող շրջագծի և պատերու մեջտեղ շուրջանակի ճեղքվածք էր գոյացել 0,04 սաժ, լայնությամբ՝ անկախ երկու տեղից ևս վերեն վար գոյացած ճեղքվածքներից և դուրս պրծած քարերից։ Այսպիսով հետզհետե զանգակատան հավասարակշռությունը կորչելով և հակվելով դեպի դուրս գլորվել էր դեպի ցած։

Արդ, ըստ ակադեմիկոս ճարտարապետի, փլած զանգակատունը նախկին ձևով վերականգնելու համար, հարկ պիտի լիներ հնացած աբսիդը քանդել կեսից ավելին և նորը շինել հաստատուն կերպով իբրև ապահով խարիսխ նորոք կառուցվելիք զանգակատան։ Բայց որովհետև աբսիդի կեսից ավելին քանդվելով և բոլորովին նոր շինելով, անշուշտ պիտի կորչեր նախկին հնության դրոշմը, որ հակառակ էր հին հուշարձանների նորոգության համար անհրաժեշտ ընդունված օրենքի, այն է ամեն հնար գործ դնել հնագույն տիպը պահպանելու առանց քմածին այլափոխումներու, և որովհետև զանգակատունը նորագույն ժամանակի գործ էր և չէր կարելի նրա վերականգնման զոհել ավելի քան տասն և երեք դարու հնություն ունեցող շենքը, որը առանց զանգակատան կարելի էր ապահովել երկար դարերու համար, հետևաբար որոշեց որ աբսիդի դրսի երեսից, պսակով միասին քանդվին միմիայն չորս շարք քար և իր սեփական քարերով վերստին շարել քանդվածը պակասած մասերի համար միայն նոր քար տաշելով և զետեղելով շարքի մեջ։ Եթե նույնիսկ հնար լիներ առանց աբսիդը քանդելու վերաշինել փլած զանգակատունը և վտանգ չսպառնար աբսիդին յուր արտակարգ ծանրությամբ, դարձյալ պետք էր վերականգնել հնագիտական օրենքներով և ըստ կարելվույն շինել իր քարերով, այդ ևս անկարելի էր, որովհետև սյուներ, խարիսխներ, խոյակներ, զարդաքանդակված կամարներ ու աղեղներ այնպես էին փշրված, որոնցմե ոչ մի հատ գործածել հնար չէր։ Հետևաբար աբսիդի վրան փոխանակ զանգակատան, որոշեց ճարտարապետը ըստ հայկական վաղեմի ոճի, ծածկել կոնաձև ծածկով անձամբ որոշելով կոնի բարձրության չափը։

Ակադեմիկոս ճարտարապետի վերոհիշյալ կարգադրությունները իրագործվեցան հետզհետե․ բազմակուսի աբսիդի երեք ճակատների քարերը պսակի շարքերով միասին, նախապես վրանները թվանշաններ դրվելուց հետո զգուշությամբ քանդվեցին, և մաքրվելով նույն կարգով վերստին իրենց տեղերը շարվեցին, իսկ պակսած մասերի համար նոր քարեր տաշվեցին իբրև լրացուցիչ չորս շարքերին։ Պսակի ոճը նույնը պահվեց, ինչպես որ կար առաջ հին շարքի մեջ։ Բայց որպեսզի այս նոր շարված քարերը սերտիվ միանան հին պատի հետ, և անխախտ ձուլվին, ճակատի շարված յուրաքանչյուր քարերը երկաթյա ձողերով կապվեցին հետևի շարքերի հետ ձողերի ծայրերը հալած արճիճով ամրացվելով։ Աբսիդի վրան ծածկվեց կոնաձև՝ եզերքները ագուցիկ տաշված սալաքարերով։

Արևելյան կողմին Գևորգ կաթողիկոսի կցած շենքին վրայեն զույգ գմբեթները վերացվելե հետո բաց մնացած տեղը նախապես ծածկվեց երկաթի ձողերի վրա ձուլված բետոնով և վրան հավասարվեց ագուցիկ եզերքներով տաշված սալաքարերով՝ հավասար տանիքի մակարդակին, իսկ նույն մակարդակով, վերցված պարապետների տեղերը սալաքար շարվեցին 0,05 սաժ. պատերից դուրս առաջացնելով։
Նկ․ 18. Էջմիածնի տաճարի հարավային աբսիդը, որի վրա փլված է զանգակատունը
Բայց որովհետև աշնանային ցրտերը վրա հասան և աշխատանքներ կատարելը դժվարացավ, որոշվեց հետաձգել առաջիկա գարնան ամբողջ կտուրի սալահատակների նորոգությունը, և ժամանակավորապես մաքուր գաճ ու կրով ծեփվեցին սալաքարերի միմյանց միացման տեղի բաց մնացած ճեղքերը և կոտրտված մասերը։

Ակադեմիկոս Թամանյանի կարծիքով, Էջմիածնի հնադարյան տաճարը, հետնագույն տգեղ հավելումներից և անճաշակ կարկատաններից ազատելով նախկին պարզության վերածելու և մոտալուտ կործանման վտանգից փրկելու համար, մոտ ապագայում անհրաժեշտ են հետևյալ աշխատանքները.

1. Վերացնել հյուսիսային աբսիդի վրայի փոքր զանգակատունը, որուն ծանրության ներքև վտանգավոր կերպով ճեղքրտված է աբսիդը և մոտալուտ կործանման վտանգ է սպառնում։

2. Վերացնել տաճարի արևմտյան կողմի տանիքի շրջապատ պարապետները։

3. Անմիջական վերանորոգության ենթարկել արևմտյան ճակատի հյուսիսային և հարավային անկյունների ճեղքված և քանդվելու վտանգ սպառնացող մասերը։

4. Միանգամայն վերացնել արևելյան կողմին կից Գևորգ կաթողիկոսի շինությունը։

Որովհետև այս տարվա համար ծրագրված աշխատանքը մասամբ վերջացած է և առաջիկային կա ուրիշ անհետաձգելի աշխատանք, որոշվեց մինչև այժմ կատարված և հետո կատարվելիք աշխատանքների համար կազմել սույն տեղեկագիրը։

Էջմիածին

23 դեկտեմբեր

1923 թ․

Բ
ՏԵԿՈՐԻ ՏԱՃԱՐԸ
ա․ ՏԵԿՈՐ[1]

Պատմական և ճարտարապետական մեծ արժեք ունեցող հուշարձաններից մեկն է Տեկորի հնագույն տաճարը, որ մերթ վկայարան սրբույն Սարգսի և մերթ ս. Երրորդություն անունն է ունեցել։

Ըստ իմ հետազոտության Հայաստանի մեջ, նախաքրիստոնեական դարերից մինչև քրիստոնեության 15-րդ դար, տեղի է ունեցել ճարտարապետական արվեստի չորս վերածնություն, որոնց առաջինը, կիկլոպյան պատերից հետո 4-րդ և 5-րդ դարերուն մեջ կազմակերպված է, որուն կատարյալ մի օրինակն է Տեկորի հուշարձանը 5-րդ դարուն կանգնված։ Թեև ապացույցներ կան, որ նախքան 5-րդ դար գոյություն ուներ այդ շենքը, 5-րդ դարու մեջ, հավանորեն քրիստոնեական տաճարի վերածվելիս ստացավ ներկա ձևի գլխավոր մասը (ինչպես նույնը պատահել է Երերույքի տաճարում)։ Շենքի թե՛ ներքին և թե՛ արտաքին ճակատների վրա կան անվիճելի ապացույցներ, որ 10-11-րդ դարերուն մի նոր նորոգության հետևանքով, այդ դարերի ճարտարապետական արվեստի կնիքը դրվել է նոր կատարված նորոգությունների մեջ, որոնց մասին կանդրադառնամ շատ համառոտ կերպով։

Հայաստանի պատմական ճարտարապետության անծանոթ մասնագետների համար, գուցե անհավատալի թվի 5-րդ դարու մեջ Տեկորի տաճարի նման մի շենքի գոյությունը, որուն թե՛ գեղարվեստական ճաշակը և թե՛ շինարարական օրենքները նվազ տարբերություն ունին ներկա զարգացած արվեստեն։ Նայելով կառուցման դարաշրջանի հնության և գեղարվեստական ճաշակի նախնականության, պատկառանք կազդեն դիտողին։

Շինության որոշ թվական չկա շենքի վրա, միայն շինող Սահակ Կամսարականի և ընդ նմին հիշատակված անունները, Հ. Ալիշանի քննությամբ 5-րդ դարուն կհասնին։ Բացի արձանագրության մեջ հիշված 5-րդ դարի անուններեն, ճարտարապետական և շինարարական ոճերի քննությունը ևս այս շենքը տանում է մինչև 5-րդ դար։

Այս առաջին վերածնության մեջ իրագործված են թե՛ գեղարվեստական և թե՛ շինարարական ձևեր՝ ինչպես պսակ, լայն պատուհան, պայտաձև աղեղներ, սյուներ, խարիսխներ, խոյակներ, շրջապատ սյունազարդ բացօթյա սրահ հետագա դարերում այլևս գոյություն չունեն։ Հետզհետե ջանքեր են լինում նոր ոճ և ճաշակ ստեղծելու, որր բավական երկար ժամանակ Հայաստանի արվեստագետներին խարխափումների մեջ թողնելե հետո, 7-րդ դարուն միայն մի նոր ոճ է երևան գալիս։

Որպեսզի պարզ լինի Տեկորի տաճարի նախնական ձևը և հետնագույն փոփոխությունները յուրաքանչյուրի համար, այստեղ թե՛ մասնակի կբացատրեմ և կներկայացնեմ շենքից վերցված ձևեր ու քանդակներ նախնական շենքի վրա և թե՛ հետագային հավելվածներեն կամ նորոգություններեն առաջ եկած։

10-11-րդ դարերուն, որ Բագրատունի թագուհիները նորոգել են այս շենքը, գլխավոր աշխատանքը կատարել են հյուսիսային պատի վրա արտաքուստ բոլորովին նոր քարեր շարելով։ Առաջ, որ տանիքը պարզ էր, արևելյան և արևմտյան կողմի ֆրոնտոններ ուներ, և ֆրոնտոնների թեքումի համեմատ երկու կողմից վայրահակ տանիք ուներ, այժմ շինել են ֆրոնտոններ թե հյուսիսային և թե հարավային կողմը, և դրանից առաջ են եկած անհամաչափություններ, սակայն հանուն սկզբունքի այդ անհամաչափություններին հանդուրժել են կտուրին իրենց ուզած ձևը տալու համար։

Կարծեք առաջին անգամ գմբեթ շինվում է Հայաստանում այս շենքի վրա, որը չափազանց տարօրինակ կերպով կազմվում է գմբեթին ներսը վայրահակ պատերով
Նկ․ 19. Տեկորի տաճարի հյուսիսային պատի արևմտյան կեսը
ձևավորված, վրան մի գտակով ծածկված, իսկ արտաքուստ բոլորովին քառակուսի։

Սույն պահանջված գմբեթը վրան հարմարեցնելու համար հարկ եղեր է ներքին փոփոխությսւններ կատարել, սյուներից տաշելով և կամ ավելացնելով ներքին սյուների հաստությունները, հնարավոր է եղած գմբեթի համապատասխան խարիսխներ պատրաստել։ Նաև, նախքան 10-րդ դար, որ շենքերը ծածկված են կղմինդրով, այս տաճարի 10-11 դարերու քարյա ծածկույթներուն ներքև շաղախի մեջ երևում են կղմինդրի բեկորներ, որոնք ոչ մի կասկած չեն թողնում, որ այս շենքը այնչափ հին է, որ պատկանում է 5-7-րդ դարաշրջաններին, ուր սովորական էր շենքի տանիքը ծածկել թրծած կղմինդրով։

Ներսը, արևմտյան կողմի հյուսիսից դեպի հարավ, մայր գմբեթակիր սյուները կապելու համար ձգված աղեղը, ինչպես երեվում է, հնացած և վնասված էր, վերջին նորոգության ժամանակ աղեղը նորոգել են:

բ․ ՏԵԿՈՐԻ ՏԱՃԱՐԸ[2]

Հազար հինգ հարյուր տարվան մի պատկառելի զառամ ծերունի, հայ ճարտարապետության տասն և հինգ երկար դարերու միակ ներկայացուցիչ Տեկորի տաճարը, թեև անտեր ու անպաշտպան, սակայն շնորհիվ յուր ջլապինդ կազմվածքի դեռ կապրի և հույս կուտա այսուհետև ալ երկար ապրելու, եթե խնամող ձեռքեր մի քիչ օգնության հասնեն իրեն։ Կապրի իբրև կենդանի վկա մեզ պատմելու համար, յուր ծնունդն ու արկածալից կյանքը և ներբողելու զինքը կանգնողներու հանճարն ու մեծագործությունները։

Երբեմն իր հովանույն տակ սփոփանք և մխիթարության փնտրող բարեպաշտ ժողովուրդին այսօր իրմե հեռացած օտարացած և զինքը լքած թողնելուն վրա թեև վշտալիր սրտով դարե ի դար հառաչելով կուրծքը ուռած ու պատառ-պատառ եղած, ժամանակի ծանր բեռան տակ մեջքը կորացած, տխուր ու հուսահատ գլուխը ծռած, սակայն օրհասական շունչով իսկ դեռ շատ բան կպատմե հարցասեր այցելռւին. զինքը խոսեցնել գիտցողին համար ամեն քար լեզու կդառնա, ամեն խորշ արտասուքի աղբյուրներ, և դառնակսկիծ ողբով կնկարագրե յուր անցյալի վայելչությունն ու զինքը կանգնող մեծագործ իշխաններու բարոյական և նյութական նախանձելի արժանավորությունները։

Հայկական եկեղեցիներու առաջին տիպարը և հայ ճարտարապետության ինքնուրույն ոճի անխառն մարմնացումը կներկայանա այս երբեմնի վեհաշուք տաճարը, և իսկական դպրոց կարգ մը ակնախտիղ ոճերու, որոնց ծննդավայրը գտնելու համար, գիտնականներ երկար մոլորվեցան ուրիշ հեռավոր տեղերու մեջ փնտրելով։ Բայց որչափ ատեն կանգուն է Տեկորի տաճարը, շուտով պիտի հեղաշրջվին մինչ այժմ եղած թյուր կարծիքներ ու ենթադրություններ, 5-րդ դարու մեջ ստեղծագործական տաղանդով օժտված հայ ճարտարապետներ պիտի ստանան իրենց պատվավոր մրցանակը գեղարվեստի պատմության մեջ, որոնց մեկուն ձեռակերտն է այս հոյակապ տաճարը։

Ոչ միայն հետագա դարերում հայ ճարտարապետության համար իբր արվեստի աղբյուր ծառայած է, ոչ միայն արևմուտքի փառքով պճնազարդվելու ձգտվող 7-րդ դարու Զվարթնոց եկեղեցուն սիրուն ու վայելուչ զարդաքանդակներու օրինակներ մատակարարած է, այլ և շատ հեռու, օտար աշխարհներու արվեստի զարգացման ալ մեծ օժանդակ հանդիսացեր է։ Այս մասին թեև շատ հարևանցի կերպով, սակայն իրավամբ հայտարարեց գիտական աշխարհին աոաջին անգամ Տեքսիե ֆրանսացի ճարտարապետը 1839 թվականի ճանապարհորդության ժամանակ։

Կամսարականներեն մինչև Բագրատունիներու տիրապետելը, տաճարին պայծառության համար խնամք ու ջանք չէ խնայված, դեռ նոր կազմված հայ եկեղեցիի փոխանցման շրջանին ազդած հեթանոսական ձևերու հետքեր կորսցնեու համար եղած փոփոխությունները դեռ կնշմարվին։

Բագրատունիներու օրով ալ թեև չէ լքված բոլորովին, սակայն պարզ է, որ նախկին վայելչության մեջ ալ չէ պահված, այդ շրջանին մեջ եղեր են նորոգություններ, բայց այդ նորոգությունները ավելի անշքացուցեր են անոր պայծառ ու գրավիչ երեվույթը։

Թեք տանիքներու վրա երկնել են ուրիշ տանիքներ առանց պսակի, առատ լույսով տաճարին ներսը լուսավորող լայն պատուհանները բոլորովին փոքրացուցեր են և այդ պատուհաններուն գլուխները երբեմն քանդակեր են Բագրաաունի շրջանի քանդակներով, բայց բոլորովին անարվեստ կերպով։ Շուրջանակի, տաճարին կեսեն վեր, ճակատի քարերը վերստին նորոգել են բոլորովին՝ առանց հավասարելու ներքևի մասին շինարարական արհեստի նրբություններուն ու ճարտարություններուն։

Գմբեթի ծածկը և պսակը կասկածելի են միայն, անոնք ո՛չ Կամսարականներու գործ են և ո՛չ ալ Բագրատունիներու, այլ երկու շրջանի մեջ միջանկյալ նորոգության մը արդյունք են։ Երբ որ ալ լինի անոնց փոփոխության և նորոգման ժամանակը, պարզ է, որ նախատիպն են տասներորդ դարեն սկսած գործածված պսակներու և նույն ձևով ծածկված կոնաձև գմբեթներու, որպիսիներն են Խծկոնքի ս. Ստեփաննոս և ս․ Սարգիս եկեղեցիները, Մարմաշենի եկեղեցին և յուր նմանները։

Ինչպես կերևի, արքայական տան ձեռնարկի արդյունք չէր այս նորոգությունը, որ այսօրինակ անշուք կերպով կատարված է, և կկարծեմ, որ այս նորոգութենեն հետո ալ բոլորովին թողված է բախտի քմահաճույքին, այնուհետև ոչ մի կարևոր նորոգության հետք չերևիր և ոչ ալ նմույշ 13-14-րդ դարերու շքեղ արվեստագործություններեն, եղածները ամենն ալ հասարակ կարկատաններ են միայն։

Ոչ նվազ հետաքրքրական է տաճարի հարավային կողմը արևելքեն արևմուտք երկնցող բարձր բլուրին վրա ժողովրդին բերդ անվանածը։

Իսկապես մի բերդ կա այնտեղ, որուն կրկնակ պարիսպներուն հետքերը միայն մնացեր են, բայց ինչ որ մնացեր է, այն ալ բավական է զարմանք ու ապշություն պատճառելու հետաքրքիր խուզարկուին: Այս բերդին մեջ ամենևին չկան կրաշաղախ և սրբատաշ քարեր, այլ միմիայն երկաթի նման կարծր որձաքարերու հսկա կտորներ իրարու վրա չոր չոր շարված են։ Մարդս պահ մը ինքզինքը Եգիպտոսի բուրգերու առջև կկարծե, տեսնելով իրարու վրա բարձրացած որձաքարի ահռելի զանգվածներ, որոնց մեջ կան երեքեն չորս մետր խորանարդ ծավալի հասնող միակտուր բեկորներ: Այդպիսի դարու մեջ երբ դեռ շոգին ու մեքենաներ պաշտոնի չէին կոչված, մարդկային տկար ուժը ինչպես կարողացավ այս կոշտ զանգվածները հնազանդեցնել իր կամքին, դա մի առեղծված է։

Հազիվ 500 մետր երկարություն ունի ամրոցը և երկու հարյուր՝ լայնություն․ հարավային կողմը կրկին պարիսպ ունի։ Արևմտյան կողմեն, ուր եղեր է իմ կարծիքով մտից գլխավոր դուռը, երկու ձեռագործ ճանապարհներ բացված են ժայռի լանջերուն վրա, որոնց մինը կտանի դեպի արևմուտք՝ Ագրակի կողմը, իսկ մյուսը՝ դառնալով ամբողջ ամրոցի շուրջ կուգա կհասնի ուղղակի տաճարի արևմտյան դռան առաջ։ Հինգ մետրեն ավելի կամ քիչ պակաս լայնություն ունին ճանապարհները, որոնց հարթ մակերևույթ տրվելու համար տեղ-տեղ պինդ ժայռի կուրծքը պատռեր են, տեղ-աեղ ալ ըստ պատշաճի նույնպես հսկա որձաքարի պատեր են շինել՝ ճանապարհի թեք կողմին վրա և այսպես, ճանապարհը հասած է մինչև տաճարի առջև։

Տեկորի տաճարի հյուսիսային ճակատի արևելակողմի մուտքը և Խոսրովանույշ թագուհու արձանագրությունը

Հավանաբար այս պողպատյա ամրոցը կպատկաներ Կամսարական իշխաններուն, ինչպես անոր ստորոտը կանգնված փառավոր տաճարը, և այդ պատճառով ալ ամենեն լայն և կանոնավոր ճանապարհը կանցնի տաճարի առջևով։

Ամրոցին մեջը շինության հետքեր չեն մնացած և, տարակույս չկա, որ դեռ Բագրատունիների օրով իսկ սկսած էր անշքանալ, որովհետև տաճարին հարավային կողմը գտնված գերեզմանատունը, որուն մեջ մինչև (ՆԾԹ) 1010 թվականի խաչքար և ուրիշ ժամանակակից թվականներով տապանաքարեր կան, գրաված է ճանապարհի մի կարևոր մասը, որով ճանապարհը անգործածելի դարձած է։

Զարմանալի է որ ինչպես, տաճարին վրա, նույնպես ալ այս գերեզմանատան մեջ 10-14-րդ դարերու ճաշակով խաչքարեր և տապանաքարեր ամենևին չկան՛ եղածները այս դարերեն կամ ավելի հին են և կամ անհամեմատ նոր։ Կարծեք երկու ամբողջ դար կյանքը դադար եղած է այս հոյակապ տաճարին շուրջը։

գ․ ՄԻ ԱՍՏՂ ԱՆՀԵՏԱՑԱԾ ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՀՈՐԻԶՈՆԻՑ[3]
Հայ գեղարվեստի հնադարյան ներկայացուցիչներեն ամենեն հոյակապը ու ամենեն պատկառելին, որ ապրած է ավելի քան տասն և հինգ դար ու հասած զառամ ծերության, վերջապես տեղի տվավ ճակատագրի անդառնալի վճռին առջը, և ընդմիշտ խոնարհեցուց իր սիգապանծ գլուխը թաղելով հավիտենական լեռնակուտակ փլատակներու տակ։
Տեկորի տաճարի ընդհանուր տեսքը հարավ արևմուտքից ծածկի կործանումից հետո


Տեկորի տաճարի արևելյան աբսիդի ներքին տեսքը ծածկի կործանումից հետո
Այս ողբալի կորուստը կանխահաս չէր, մենք վաղուց պետք էր հաշտված լինեինք մոտավոր ապագայի մեջ այդ կորստյան հետ, և հետևաբար պետք է որ շտապեինք օրհասական օրերուն մեջ գոնե քաղել իրմե պատմական մեծամեծ անցքերու արժանահավատ վկայություններ՝ որոնց մեծ մասամբ ժամանակակից վկան էր եղած։

Տեկոր գյուղի հարավային լեռնալանջին վրա ալևոր նահապետի մը նման դարերու բնական արկածներեն պարտասած այս ծերունի հիշատակարանը, շատ տարիներե ի վեր լռիկ հրավեր կկարդար դարուս գիտնական արվեստագետներուն ու բանասերներուն, որ գան ժողվըվին իր ջուրջր, և ինքը պատմե ու լուսաբանե հայ գեղարվեստի պատմական կյանքի մեջ մութ մնացած շատ մը առեղծվածները։

Տեկորի տաճարը ոչ միայն կենդանի ականատես էր իրմե հետո տասնյակ դարեր վերածնող ու մեռնող արվեստներու, և իր որոշ դերը ունեցեր էր անոնց կազմակերպության և զարգացման մեջ, այլ և քաջ տեղյակ էր իրմե շատ դարեր առաջ ապրող հայ և օտար արվեստներու՝ որոնց հեռավոր կամ մոտավոր ազդեցության ներքև կազմակերպվեր էին իր կմախքն ռւ ակնապարար տարազը։

Տեկորի տաճարին ավերակաց կույտի մը փոխվելը, պարզապես աղետ պետք է համարել, վասնզի հնադարյան հայ գեղարվեստի պատմության համար շատ մը գաղտնիքներ և գերագույն կարևորություն ունեցող լուսաբանություններ թաղեց իր փլատակներուն տակ։

Սակայն այս ցավալի կորստյան մեջ եթե կա փոքր ի շատե մխիթարական պարագա մը, այն է թե, բոլորովին բախտակից չեղավ իրմե առաջ անհետացող բազմաթիվ մեծագործ և գեղակերտ հուշարձաններու՝ որոնք մի անգամ ընդմիշտ կորեր են պատմության մեջ՝ հազիվ աղոտ հետք մը միայն թողնելով:

Բախտի բերմամբ Տեկորի տաճարը անցյալ դարու աոաջին քառորդեն սկսած ունեցավ իր հետաքրքրվող այցելուները, որոնք բավականին քաղեցին և արձանագրեցին հատ ու կտոր հատվածներ անոր կյանքի պատմությունեն։ Բայց այս ամենը հայ գեղարվեստի պատմության համար Տեկորի տաճարին ուսումնասիրության անհրաժեշտությունը զգացնող հատվածներ էին քան իսկական ուսումնասիրություն, ցնցող ու շահագրգռող կոչեր՝ որոնց անլսելի մնալուն վրա ոչ ոք չէր կկասկածեր։ Այնուամենայնիվ եզրակացությունը տխուր և արդյունքը ցավալի է, որովհետև, քանի առիթ կար և կարելի էր օգտվել անոր գոյութենեն, ոչ ոք չկարողացավ լիակատար օգտվել անոր ընձեռնելիք բազմակողմանի օգուտներեն։

Տեկորի տաճարին անակնկալ կորուստը ցանկալի է որ փորձառական մեծ դաս մը լինի մեզ համար, և մենք այսուհետև գոնե անուշադիր չթողունք այն բազմաթիվ հոյակապ հուշարձանները՝ որոնք Տեկորի տաճարին նման մեծամեծ պատմական անակնկալ հայտնություններու շտեմարաններ են։ Մինչև այժմ մեր կամքեն անկախ պատճառներով ակամա զրկվել ենք շատ փառավոր հիշատակարաններու ցանկալի գոյությունեն, բայց անցածն անցեր է, գոնե ներկան անօգուտ չանցնի։

Շատ երկար կլինի մի առ մի թվել այն բոլոր տակավին գոյությունը շարունակող պատմական հոյակապ հիշատակարանները, որոնք անգյուտ գանձեր են և հայկական աշխարհի մեջ ծաղկող գեղարվեստի պսակին վրա հազվագյուտ զարդեր։

Անտեսել հայ աշխարհի մեջ համատարած անխնամ ցրված այս անթիվ հարստությունները և անհոգությամբ թողուլ որ ոչնչության բաժին դառնան, կնշանակե կամ ուրանալ պատմության կարևորությունը և կամ անզգա լինել։

Տեկորի տաճարի արևմտյան պատի վերին մասերը
Պատմության կարևորությունը գիտակցաբար ուրանալու համար անօրինակ քաջություն ունենալու է, վասն զի հերքել հանդգնել՝ կնշանակե համայն քաղաքակիրթ մարդկության երեսին մեծամտորեն անարգանք շպրտել։
Գ
[ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐԸ]
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՐՈՒՅՔԻ ԲԱԶԻԼԻՔԻ ՄԱՍԻՆ

Թե ի՞նչ վիճակի մեջ մեզ հասել է երբեմնի այս հոյակապ շենքը, որոշ չափով ցույց կտան նորոգման առիթով հանված լուսանկարները և կատարված չափագրական գծագրությունները, այնուամենայնիվ հարկ է մանրամասնաբար նկարագրել ավելի հասկանալի լինելու համար․ պատկերների մեջ հաճախ ծածկված են այն մասերը, որոնք շենքի ամբողջական փլուզման և մի հսկայական ավերակի կույտ ձևացնելու մոտալուտ սարսափելի վտանգն են ցույց տալիս։

Տարակույս չկա, որ եթե բարբարոս ձեռքեր քմահաճ կերպով այս շենքից քարեր չպոկեին, օգտվելով քարերի անհամեմատ խոշորությունից և սրբատաշ վիճակից իրենց բնակարաններ, գոմեր և մարագներ շինելու համար, այս շենքը մինչև այժմ էլ կանգուն պիտի մնար դեռ երեկ շինվածի նման, ինչպես երևում են այդ նորակառույց վիճակը շենքի պատերի ձեռք չտված մասերի վրա։

Երերույքի տաճարի հարավային պատի կենսաբանական մասը

Շենքը կանգնված է մի աստիճանավոր պատվանդանի վրա․ աստիճանները ամբողջովին շրջապատած էին շենքը տեղի բնական դիրքին համեմատ՝ 5-ից մինչև 7 աստիճանով։ Աստիճանները վերջացնելուց հետո կմտնվեր երեք կողմեն ևս սյունազարդ սրահների տակ, հարավային կողմից երկու, իսկ արևմտյան կողմից մեկ շքեղ դռներից կմտնվեր տաճարի մեջ․ դեռ այսօր ևս ներքին շքեղ պարզությունը և ներդաշնակ համաչափությունները խոր տպավորություն կգործեն ներս մտնողի վրա։

Ինչպես երևում է, շենքը կանգնված էր ընդարձակ բնական ժայռուտ տեղի վրա և տեղի անկանոնությունները ուղղված և հարթ մակարդակի վերածված է աստիճանավոր պատվանդանով։ Այդ պատվանդանի գեղակերտ աստիճանները, որոնք մեծամեծ քարերով շինված էին, այժմ մի ողբալի տեսարան են ներկայացնում, մեծ մասամբ քարերը տեղից հանված և տարված, իսկ մնացածները ևս գրեթե ամբողջովին կոտրված ու փշրված վիճակի մեջ են։ Սյունազարդ սրահներն իրենց ծածկույթով միասին քանդված են. մնացել են տեղին վրա իբր նրանց գոյության ապացույց հաստահեղույս կլոր սյուների բեկորները և այլանդակված խարիսխներ ու խոյակներ՝ 5-րղ դարու և նրանից առաջ սովորական եղող ինքնուրույն քանդակներով։ Նույնիսկ պատերի վրա եղող սրահների քառակուսի որմասյուները ազատ չեն մնացել ավերող ձեռքերի չարագործությունից. խարիսխները այլանդակված, քանդակազարդ խոյակները թափված ու անհայտացած են։

Արևելյան կողմի խորանը քանդված է թե՛ ներսից և թե՛ դրսից և քարերը տարված, իսկ հարավ արևելյան դուրս ցցված թևի անկյունը նմանապես դիտավորյալ կերպով քարերը հանված են ներսից և դրսից։ Ներքևի երեք կարգ քարերի հանված լինելու պատճառով վերևի շարքերի մեծամեծ քարերի ճնշումից շենքը ճաքել է երկու տեղից: Նույն վիճակին է մատնված հարավային այս դուրս ցցված մասի արևմտահարավային անկյունը․ ոչ միայն հանել են սրբատաշ մեծամեծ քարերը, այլև քանդել են պատին միջի լիցքը, խոր խոռոչներ ձևացնելով, որով միանգամայն թուլացել է պատերի տարողության ուժը։

Երերույքի տաճարի հյուսիս-արևելյան մասի ներքին տեսարանը

Հարավային ճակատը, որ բոլոր կողմերի համեմատությամբ, ամենից գերազանց գեղարվեստականն էր իր վսեմ պարզությամբ, ամբողջ երկարության վրա, քանդված են քարերը, թե՛ ներսից և թե՛ դրսից, մինչև այնքան բարձրության վրա, ուր մարդկային ձեռքերը կարող էին հասնել, ֆրոնտոնավոր երկու գեղեցիկ դռներ հազիվ կանգնած են մաշված ու թուլացած ոտների վրա։

Արևմտյան կողմը, որ նույնպես ունեցեր է դուրս ցցված թևեր, որոնց մեջ չափավոր մեծությամբ սենյակներ էին, այս հարավային կողմինը միանգամայն կործանվել է, թողելով կանգուն արևմտյան կողմի վրա մի պատի կտոր միայն, իսկ մեջը փոխվեր է սրբատաշ քարերի մի ողբալի կույտի։ Այս կողմի վրա ևս շատ մասերի մեջ պատերի արտաքին երեսների քարերի արանքում եղած լիցքերը քանդած են և միայն ճարպկորեն շարված և միմյանց ագուցված քարի շնորհիվ էին, որ կանգուն կմնան պատերը մինչև այսօր։

Դեպի հարավ դուրս ցցված արևելյան մասին երկու անկյունները ևս քանդված և քարերը հանված են որոշ բարձրությամբ, այդ պատճառով էլ պատի երկու երեսից հանված քարերի շնորհիվ միջուկը ևս քայքայվել է և պատի ստորին մասերը ծակվել, որով երկու տեղից վտանգավոր ճեղքեր են առաջացել վերևից դեպի ցած: Ճեղքին մեկը մեջտեղիցն է դեպի արևմտյան անկյունը առաջացած, իսկ մյուսը՝ ուղիղ հարավ- արևելյան անկյունին վրա, որ բավականին առաջացել է և 3-4 սանտիմետր բացվել է։ Ամենից վերև դրված է սև, կարծր, երկար մի քար, որն իբրև կապ է ծառայել բացված ճեղքին և պահել է նրան փլուզումից, այնուամենայնիվ այդ ճեղքը դարձյալ մոտալուտ քանդման վտանգ է սպառնում և կարոտ է շուտափույթ ամրացման։

Ամենից ավելի անմխիթար, նույնիսկ սոսկում պատճառող վիճակի մեջ է արևմտյան կողմը ներքևի մասում, ոչ միայն մեծածավալ երեսի քարերը իրենց ուղղահայաց դիրքը կորցնելով ներս ու դուրս են հակված, և քարերը մեծամասնությամբ փտած ու հալված են, այլև պատի միջի շաղախը ամբողջովին դատարկված է և միայն չոր քարերն են միմյանց վրա շարված կանգուն մնում։ Սակայն այս վիճակին մեջ, հազիվ թե մեկ տարի ևս կյանք ունենար, վերջապես մի հորդ անձրևի տակ և կամ մի թեթև երկրաշարժի ցնցումով ամբողջական փլատակի պիտի վերածվեր։ Այս վերջին նորոգումն էր, որ որոշ չափով ապահովեց շենքը ամեն կողմից։

Արևմտյան կողմի հավելյալ սենյակների հարավակողմինը արդեն մի քարակույտի փոխված է, իսկ հյուսիսային կողմի պատերը, թեև կան տեղի վրա, այնուամենայնիվ չափազանց վտանգավոր կերպով ծռված են դեսլի դուրս։

Երերույքի տաճարի քանդակազարդ խոյակ

Հյուսիսային պատն է, որ ավելի անվնաս մնացած է և ուղղահայաց կանգնած է։ Քարերը իրենց հիանալի շարքով կմնան և վրան պարզ նկատելի են զանազան դարաշրջանների նորոգությունները։ Աստիճաններից վերև գրեթե մինչև կեսը նախնական շարքն է, անկեց վերևն է, որ նորոգության ենթարկվել է 6-7-րդ դարերուն։ Անշուշտ նորոգություններ եղեր են այն ժամանակ, երբ սյունազարդ սրահը, արտաքին խորանները և արևմտյան սենյակները շինվել են։ Սակայն դժբախտաբար այս կողմին վրա ևս առանց խոր ցավ զգալու չենք կարող կանգնել։ Ներսի մասում նեֆերը կամարով ծածկված լինելուն իբրև անվիճելի ապացույց մնում է տեղում արևելյան հյուսիսային պատի վրա մի կամարաքար, որ սկզբի քարն է կամարածածկի դրսի պատին վրա։ Բացի այդ տեղին վրա մնացած կամարաքարից, գետինն ընկածների մեջ կան երկու քարեր, որ կպատկանին թևի կամարածածկին։ Գտնվեցին նաև երկու խիտ մաշված աղեղնաքարեր, որոնք հատուկ էին ներքին անջատ սյուները իրար միացնող կամարներին։

Բարբարոս ձեռքեր պատի մեջտեղից ծակեր են և գեղեցիկ մեծածավալ սրբատաշ քարերը տարել են, ինչպես հարավային կողմը որ ունեցեր է շենքը արտաքին ծածկույթավոր սյունազարդ սրահ, նույնը եղել է նաև հյուսիսային կողմում, սակայն ամբողջովին քանդած և իրեն գոյության վկա թողել է եկեղեցվո պատերի վրա բարձր քառակուսի որմասյուներ և գետնին վրա թափված հսկայական սյանց բեկորներ, նաև այս սյուներեն ոմանց գեղաքանդակ խարիսխներն և խոյակները։

Դ
ՀՌԻՓՍԻՄԵԻ ՏԱՃԱՐԸ[4]

Վաղարշապատի մեջ 618 թվականին կանգնված Հռիփսիմեի տաճարը տակավին կանգուն է, որը կարող է իբրև ապացույց ծառայել 7-րդ դարու հայոց շինարարական արվեստի մեջ ունեցած հմտության և հայ ճարտարապետների գեղարվեստական նուրբ ճաշակին։ Ինձ շատ հեռու կտաներ այստեղ արձանագրել ռուս և եվրոպացի ականավոր ճարտարապետների և գիտնական արվեստագետների հիացմամբ լի ներբողական վկայությունները. ցանկացողներ հեշտությամբ կարող են գտնել բազմաթիվ հատորների մեջ ոչ միայն դրվատիքներ, այլև հմտալից ուսումնասիրություններ այս շենքին նվիրված։

Հռիփսիմեի տաճարի ընդհանուր տեսարանը հյուսիս-արևմուտքից

Ինչի՞ համար այնքան դրվատիք և հիացական բացագանչություններ Հռիփսիմեի նման բոլորովին պարզ և միանգամայն անզարդ շենքի համար։ Ի տես այս կոթողին հիացում ազդողը և հանդիսատեսին հափշտակողը արտաքուստ միմյանց հակառակ ուղղությամբ, հորիզոնական և ուղղահայաց ուղիղ գծերի երբեմն աղեղներով խառն վսեմ ներդաշնակությամբ օժտված գծերն են, որոնք իրենց բարձրության և լայնության մեջ այնպիսի չքնաղ դասավորություն ունին, որ ամեն տեսակ քննադատությունից բարձր են մնում։ Ներքին տեսքը թերևս ավելի շքեղ երևույթ ունի իր անօրինակ պարզությամբ ինչպես արտաքինը։ Այստեղ, կառուցող հմուտ ճարտարապետի մի գիտական ակնբախ այնպիսի մի արժանիքն է գրավում ականատեսին, որ մեր այսօրվան թատրոնական ճարտարապետների նախանձը կշարժե իր երկարատև և բարձրաձայն արձագանքներով։

Շատերին առասպել պիտի թվեր գուցե այս շենքին հազար երեք հարյուր տարի առաջ շինված լինելը, եթե չլինեին երկու տեղով պատին մեջ հագցված արձանագրությունները, որոնց վրա փորագրված են շինողի անունը։ Մի՞թե մեր ժամանակակից արվեստագետների հետաքրքրության նյութ պիտի չլիներ և խորապես չքննեին թև զուտ տեղական տուֆ քարով և պարզ կիր ու ավազով շաղախված մի շենքի ավելի քան տասն և երեք դար կանգուն մնալուն գաղտնիքը ինչումն էր, և չի՞ կարելի օգտագործել այս տեղական շինվածանյութերը այնպես, ինչպես գործածել են ի հնումն, որով գուցե կարողանանք թե՛ խնայաղություն անել և թե՛ կյանք տալ մեր շենքերին։

Հռիփսիմեի տաճարի ընդհանուր տեսքը հարավից
Հռիփսիմեի տաճարի գմբեթը ներսից

Այս հազվագյուտ կոթողը, որ իրեն նախատիպ ունեցեր է 5-րդ դարուն Էջմիածնի տաճարը (նախկին տաճարը ձևափոխությունից առաջ) և 6-րդ դարուն Ավանի եկեղեցին, գերազանցեց բոլոր իր նախորդներին, և իր նրբաճաշակ համաչափական ձևերով ու վայելչություններով, հետագային մոտավորապես երկու դար, իբրե օրինակ ծառայեց նորոգ կանգնված շինությունների՝ առավել կամ նվազ հաջողությամբ, թե՛ Հայաստանի սահմաններում և թե՛ նույնիսկ սահմանից դուրս այլ երկրներում։ Հռիփսիմեի տիպի և նրա հարազատ ընդօրինակություններն են Թարգմանչաց, Կարսի, Ադիամանի, Երասխաձորի և 7-րդ դարու այլ բազմաթիվ հուշարձանները և Անիի Առաքելոց եկեղեցին՝ 10-րդ դարում։ Եվ զարմանալի կերպով բոլոր այս շենքերը մինչև այսօր կանգուն են, բացի մեկից՝ Թարգմանչաց տաճարից, որուն մնացորդ գմբեթի մասը դեռ երկու տարի առաջ ընկավ։

Բացի բնության արկածներից, քաղաքական փոթորկալի անցքերն ևս պակաս աղետներ չեն պատճառել Հռիփսիմեի շենքին, սակայն համառ կերպով կուրծք տալով վեհորեն կանգնել է այսօր, ի պարծանս կանգնող արվեստագետների տաղանդին և քնքույշ ճաշակին։ 16-րդ դարի կեսից մինչև 17-րդ դարի առաջին կեսը, ժամանակակից մատենագիրները ողբում են նրա անտեր ու քայքայման վիճակի մատնված լինելը։ 1652-53 թվականներին էր, որ մի լուրջ նորոգություն կատարվեց արտաքին երեսին․ կտուրին և գմբեթի ծածկին վրա։ Այս թվականից հետո, որպես թե վանահայրերը հսկում էին, սակայն շատ քիչ բացառությամբ միայն օգտակար եղան շենքի ապահովության։ Վերջին անգամ Խրիմյանն էր, որ (1893-1907) հոգածու գտնվեց անկեղծորեն և մի մասնակի նորոգություն կատարեց․ այս նորոգության ականատեսներ վկայում են, որ վերին աստիճանի խղճամիտ հնագիտական նորոգություն կատարեց, պահելով շենքի մեջ այն ամենը, ինչ որ պատմական և գեղարվեստական արժեք ունեին։ Վերջին ժամանակներս, թեև որոշ չափով գիտնական միաբաններ նշանակվեցին իբրև վանահայր, սակայն նրանք և ոչ մի ապացույց չթողին այնտեղ իրենց երկարամյա գոյության, և շենքը մնացել էր բախտի քմահաճույքին։

Ընդհանրապես, բոլոր հնագիտական հուշարձանների, ի շարս որոց նաև Հռիփսիմեի վանքի ճակատագիրը փոխվեց դեպի լավը 1921 թվի փետրվարի 5-ի դեկրետով, որով պետականացվում էին պատմական և գեղարվեստական նշանակություն ունեցող Էջմիածնի շուրջը գտնված հնագիտական հուշարձանները՝ Հռիփսիմեն, Զվարթնոցը դրվեցին Էջմիածնի Կուլտուր-պատմական Ինստիտուտի հսկողության տակ, սակայն քիչ հետո 1923 թվի դեկտեմբերի 18-ի դեկրետով, Լուսժողկոմի հովանավորության ներքո, կազմվեց մի Հնությանց Պահպանության Կոմիտե, որով պետականացվում էին ամբողջ Հայաստանի սահմաններում գտնվող պատմական և գեղարվեստական նշանակություն ունեցող շեն, կիսավեր և ավերակ հուշարձանները և նրանց պահպանությունը հանձնվում էր նորակազմ Հնությանց Պահպանության Կոմիտեին։ Կոմիտեն, որչափ որ կներեին իր միջոցները, խղճի մտոք սկսեց կատարել իր վրա դրված պարտականությունները՝ հնախուզական արշավանքներ կազմակերպելով, ցուցակագրելով և փլուզման վտանգ սպառնացող մասեր ըստ հնարավորության նորոգելով։

Հռիփսիմեի տաճարի արևմտյան ճակատի բարձրադիր պատուհանի քանդակազարդ պսակը

Տաճարի արևմտյան ճակատի երկու պատուհաններուն տակ կտեսնվին անսովոր երկարությամբ քարեր։ Ահա այս երկար քարերը եղեր են մուտքի վերնասյամերը, այլապես ուրիշ պատճառ չկար այդ արտակարգ երկարությամբ քարերը կատարյալ համաչափորեն զետեղելու պատուհաններեն ցած։

Ճշմարիտ է, որ նախնական շինության մեջ գործածված են երկար քարեր, բայց ոչ երբեք նույն անսովոր չափերով։ Սույն քարերուն ներքև, արդեն պարզ ակնարկով կտեսնվի, թե ի՞նչպես վերեն մինչև վար, գրեթե դռան՝ իր բարավորներով հանդերձ գրաված տարածության չափով շարքերը խառնված և տգեղ կարկատանի վերածված են։ Նույնպես նաև քարերու տեսակը կհամապատասխանե հետնագույն նորոգությանց ժամանակ գործածված կարմրագույն քարերուն, մինչդեռ շատ հիները բոլորովին սև քարերով են շինված։ Հյուսիս արևմտյան ճակատին վրա բոլորովին պարզ է դռան լայնության չափն ալ բարավորներով միասին։ Հավանականաբար մաշված բարավորներն, երբ վերցուցեր են անոր հաջորդող քարերը, անվնաս գտնելով շարեր են միմիայն դռան գրաված տարածության վրա, որով շատ պարզ մնացեր են դռան երկու կողմի բարավորներուն պատի քարերուն հետ միացման գիծը վերեն մինչև վար մեկ ուղղության վրա։

Արևելյան ճակատի հյուսիսային կողմի պատուհանին տակ մնացեր է մի քար, որ ցույց կուտա թե այս կողմի դուռը կիսաբոլորակ կամարակապ եղած է. անշուշտ ունեցեր է moulure-ով կամ պարզ կամար, որուն աղեղի կորության վրա հանգչող որմաքարի ծայրն է այժմյան երևցած աղեղը որմաքարին վրա։

Այս պատուհանին հանդիպակած կողմին վրա դռան հայտնի նշան չիկա, որովհետև բոլորովին փոխված են քարերը, սակայն հարավային ճակատին վրա բավականին կասկածելի նշաններ ցույց կուտան, թե այստեղ ալ եղած լինի երբեմն մի դուռ, ինչպես Բագարանի եկեղեցին։

Բագարանի եկեղեցիին արևելյան հարավային անկյունը, որ ի հնումն սենյակ է եղեր, երկու դուռ ունի, մին՝ արևելյան կողմեն, մյուսը՝ հարավային կողմեն, որոնք մինչև այսօր պահված են, ինչպես արևելյան ճակատի հյուսիսային կողման դուռը։ Դեռ Բագարանի հետազոտությունեն դարձիս ես տպեցի մի հոդված այս մասին, բայց հոդվածիս կեսը զանազան պատճառներով անտիպ մնաց, որի մեջ կհայտնեի կարծիքներս և որոշ ապացույցներս այն մասին, որ Բագարանի եկեղեցին ալ ընդօրինակություն էր Էջմիածնի հնագույն ձևին։
Ե
ԶՎԱՐԹՆՈՑ
ա․ ԶՎԱՐԹՆՈՑԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հյուսիսային բարբարոս ազգերու արշավանքի պատճառով հունա-հռովմեական արվեստի անկման վերջին կնիքը եղավ pantheon-ը արևմուտքի մեջ։ Իսկ արևելքի մեջ, սկսած Սելևկյանց շրջանեն մինչև արաբական արշավանքը, թեև կշարունակվեր գեղարվեստական կոթողներու կանգնումը Սյուրիո և Փոքր Ասիո մեջ, սակայն քրիստոնեական անձեռագործ տաճարի վարդապետությունը մեկ կողմեն, քրիստոնեության և հեթանոսության մեջ գոյություն ունեցող երկարատև պայքարները մյուս կողմեն ոչ նվազ հյուծեցին գեղարվեստական և ճարտարապետական աշխարհը մշտատև տատանման և վարանման մեջ թողնելով գեղարվեստասեր տարրերին կայսրության հարավային սահմաններուն մեջ։

Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուն հետ մեկտեղ սկսվեցավ հռովմեական արվեստի ավերակներեն վերածնվել մի նոր արվեստ՝ արևելյան և արևմտյան խառն տարազով, որուն գիտությունը բյուզանդական արվեստ անունը տվավ։

Այս արվեստը իր զարգացման գագաթնակետին հասավ 6-րդ դարուն Կ․ Պոլսո աշխարհահռչակ ս. Սոփիայով։

Սակայն անկեց հետո ոչ բյուզանդական կայսրությունը մի նոր Հուստինիանոս ունեցավ և ոչ ալ բյուզանդական արվեստը մի նոր ս․ Սոփիա։

Թեև Հուստինիանոսեն հետո ավելի քան մեկ դար շարունակվեց և շինարարական գործունեությունը արևելյան կայսրության սահմաններուն մեջ, սակայն այդ մեկ դարու շինարարական աշխատությունները մի նորություն չբերին՝ նույնիսկ հետագա դարերուն իսկ, որով 6-րդ դարը ընդմիշտ մնաց բյուզանդական ճարտարապետության ոսկեդարը։ Արաբիայի անապատներեն 7-րդ դարուն խուժող բարբարոսական արշավանքը միանգամայն խամրեցուց հեթանոսական դարերեն սկսած պարբերական ելևէջներով անընդհատ շարունակվող ճարտարապետական արվեստի այլազան պտուղները Սյուրիո, Պարսկաստանի և Հայաստանի մեջ, այս երկիրներու արաբական նվաճումով։

Մասամբ աննվաճ մնացած Բյուզանդիան անգամ իր նախկին թափը կորսնցուցեր էր և ս. Սոփիայով փառաց գագաթնակետին հասած բյուզանդական արվեստը իր օրհասականին մոտեցեր էր մեկ կողմանե՝ քաղաքական արտաքին և ներքին տագնապեն, մյուս կողմանե՝ պատկերամարտութենեն, եթե Բարսեղ կայսրը չգար մի նոր սյուն ավելացնելու ահեղ կայսրության խարխլած քաղաքական կյանքին և վերջնական անկման մոտեցած բյուզանդական արվեստին։ (Պատկերամարտությունը Հուստինիանոսի ժամանակեն սկսած է) Բարսեղ կայսեր կանգնած ս․ Զորավոր եկեղեցին (որուն պատմական նկարագիրը միայն մնացած է) բյուզանդական արվեստի նոր վերածնությունը համարեցին մեր ժամանակի գիտնական արվեստագետները։

Թե ո՞րչափ տևեց այս նոր վերածնությունը և թե ի՞նչ նախանձելի բարձրության հասավ, այդ մասին խոսելն իսկ ավելորդ է, որովհետև, ինչպես նկատեցի, 6-րդ դարը բյուզանդական արվեստի մեջ այլևս չկրկնվեցավ, միայն թե պարբերական վերածնություններով շարունակվեցավ քանի մը դար ևս, առանց սակայն իր ոսկեդարը գերազանցող բարձրության հասնելու։ Քանի դեռ հյուսիսային բարբարոսներու արշավանքով արևմտյան կայսրությունը բաժան-բաժան լինելով, քայքայման հեռանկարի առջև սարսափած՝ գոյության կռիվ կմղեր, իսկ արևելյան կայսրությունը զորացած Պարսկաստանի հետ կչափվեր, հաճախ ոտքի տակ կոխկրտելով Հայաստանը։ Հայաստանն այդ ժամանակ մերթ մեկին և մերթ մյուսին հպատակ կամ ավելի ճիշտը գերի, ոչ միայն լռիկ-մնջիկ կշարունակեր զարգացնել մի ինքնուրույն ճարտարապետություն, այլև ունեցավ Երերույքի, Թալինի, Արուճի, Մրենի և այլ բազմաթիվ հոյակապ տաճարներով իր ճարտարապետության և գեղարվեստի կոթողները 7-րդ դարուն, որոնց ճարտարապետական բազմաստեղյան երկնակամարին վրա փայլուն աստղ մը եղավ աննման վսեմությամբ կանգնված Զվարթնոց տաճարը։

Ինչ համեմատություն Բյուզանդիայի և Հայաստանի միջև։ Հուստինիանոս երբ բյուզանդական արվեստի գյուխ գործոց ս. Սոփիան կանգնեց, ինքնակալն էր 64 նահանգներու, որոնց մեկին — Եգիպտոսի մեկ տարվան տուրքով զարդարվեցան տաճարի ներքին շարժական զարդերը։

Իսկ Հայաստանը, հազիվ հավասարվող Բյուզանդիո մեկ նահանգին, կանգնեց հայ ճարտարապետության գլուխ գործոց Զվարթնոց մը, որը թեև շատ հեռու կմնա ս. Սոփիայի համար թափված ոսկիի կույտերեն յուր նյութական արժանիքով, այնուամենայնիվ, իբրև հանճարի անօրինակ հղացում, ճարտարապետության մեջ իբրև չնաշխարհիկ նմույշ միշտ պիտի մրցի ս. Սոփիայի հետ՝ յուր արվեստագիտական բարձր արժանիքներով։

Ս․ Սոփիայի ամենամեծ արժանիքը կկայանա յուր անօրինակ լայն 31-35 մետր տրամագծով գմբեթին մեջ, որ ահավոր կերպով դրված է հսկայական շենքի գլխին։ Սակայն ոչ նվազ պատասխանատու և զարմացման արժանի է Զվարթնոցի ութ տկար կետերու վրա բարձված 24 մետրեն ավելի տրամագծով կանգնված միջնագմբեթը կամ երկրորդ հարկը, որուն ծանրության չափը զգալիորեն կբազմապատկեն իր շուրջանակի galerie-ին վրա ծածկված կամարի կեսին ծանրությունը։

Երբ Բյուզանդիայի և Պարսկաստանի նենգավոր քաղաքականության մշտապես զոհ դարձած բուռ մը հայ ժողովուրդը ծանր հարկերի և տուրքերի տակ ճնշված կկանգնե Զվարթնոցի նման մի գլուխ գործոց և զուգընթացաբար մեծագործություններ համարվելու չափ ուրիշ բազմաթիվ գեղարվեստական կոթողներ, եթե բյուզանդական կայսրության գանձարանն ունենար յուր ձեռքին մեջ, շաա ս․ Սոփիաներ կարող էր կանգնել, որովհետև մեծագործ Զվարթնոցը մենակ չէ մնացած Հայաստանի մեջ, ինչպես միայնակ է մնացել ս․ Սոփիան բյուզանդական բովանդակ կայսրության մեջ: 10-րդ դարում կան երկու Զվարթնոցներ ևս կանգնած ոչ նվազ մեծագործ, քան Ներսեսաշենը, և դեռ չգիտենք թե ապագան քանի՞ հատ ալ պիտի տա մեզ երբ հառաջիկային խուզարկություններ լինեն մեր հնագիտական ուսումնասիրություններե գրեթե կույս երկիրը։

Արվեստագետներ, եթե լրջորեն քննեն և համեմատեն, պարզ կտեսնեն, որ բացի ս․ Սոփիայեն բյուզանդական կայսրության սահմաններուն մեջ մինչև 7-րդ դարու վերջը կանգնված կոթողներուն համահավասար և երբեմն ավելի արժանավորություններով կմրցեն փոքրիկ Հայաստանի մեջ կանգնված հիշատակարանները և համեմատական թվարկությամբ գուցե նաև գերազանցեն իսկ։

Զվարթնոցի տաճարի վերակազմության ճակատի երկրորդ ձևն ըստ Թորամանյանի կատարած կտրվածքի

Մենք աններելի կերպով մեղանչել ենք մինչև այսօր, որ մեր ունեցած ազգային գեղարվեստի և ճարտարապետության անսպառ գանձարանը չենք բացեր գիտության առջև, որպեսզի ավելի կանուխ ստանայինք քաղաքակիրթ ազգերու շարքին մեջ ստեղծագործող ազգ լինելու, պատվավոր վկայականը։

Մինչև այսօր գիտության ինչքան որ հայտնի եղեր է հայ պատմական ճարտարապետության գեթ աղոտ ուրվագիծը, այն ալ նույնիսկ Եվրոպայի գիտնականներու ուսումնասիրական ձեռներեցության ենք պարտական։ Անոնք միշտ ինքնաբերաբար կամ պատահաբար անցնելով Հայաստանեն, տեսեր և հետազոտեր են, որով փոքր ինչ ընդարձակվեր է հայ արվեստի մասին գիտական աշխարհի ծանոթությունը: Իսկ վերջերս բացի մեծանուն գիտնական պր․ Ն. Մառի բազմաբեղուն աշխատություններեն, որուն արդյունքը, թերևս ի մոտո, մամուլի և հասարակության սեփականություն դառնա։ Սրտանց հայ արվեստի ուսումնասիրության նվիրվող եվրոպացի գիտնականներեն մեկը՝ Հ․ Ստրժիգովսկի, որ Վիեննայի համալսարանի ուսուցչապետներեն է, ոչ միայն առաջին անգամ հայտարարեց, թե առանց պատմական հայ արվեստի ուսումնասիրության արևելյան արվեստներու պատմական առեղծվածները լուծել անկարելի է, այլ և այդ ուղղությամբ ինքը երկար ճանապարհորդություններ արավ Հայաստանի մեջ։ Ամենուն հայտնի է Ստրիժիգովսկիի 1913 թվականի աշնանը կազմած գիտական արշավանքը Վիեննայի համալսարանի ծախքով, սկսյալ Շիրակեն մինչև Երասխաձոր։ Այս առաջին օտար գիտնականն է, որ բազմաթիվ հայկական հոյակապ հիշատակարաններ անձամբ տեսավ, որոնք 4-րդ դարեն մինչև 13-րդ դար կանգնած էին, բայց մինչև 7-րդ դարու վերջը կանգնվածները իրենք կարգին պատկառելի թիվ մը կազմելով, ավելի պատկառանք կազդեին։ Ամբողջ մեկ ամիս տևեց Ստրիժիգովսկիի ճանապարհորդությունը, որուն անձամբ կընկերանայի ես, թե՛ առաջնորդելու և թե՛ ցուցումներով գոհացնելու անոր հետաքրքրությունները, քանիցս ապշած ու զարմացած յուրաքանչյուր քայլափոխի վրա անդադար հանդիպելով մեկե ավելի հոյակապ շինություններու՝ կդառնար ինձ և կըսեր. «Եգիպտական աշխատանք է կատարվեր այստեղ, ո՞ւր է այժմ այս ժողովուրդը»։ Ի՞նչ պատասխան կարող է տալ ավելի պերճախոս քան անմահ վիպասան V. Hugo-ի Les Turcs ont passe par la պատասխանը։

Հայաստանի հողին վրա զարհուրելի էր արաբական արշավանքի պատճառած ավերն ու աղետը։ Հրաբուխի նման պայթեցավ, հրաշեկ լավայի նման տարածվեցավ ամեն կողմ այս այրող և խանձող հոսանքը։ Ավելի քան 700 տարի Եվրոպա ու Ասիա շշմած տեղի տվին այս անսպասելի փոթորկի առջև, բյուզանդական և սասանական ահավոր գահերը փշրվեցան Մահմեդի կտակած եթաղաններու առջև, մեկ կողմեն Վենետիկ ու Վիեննա, մյուս կողմեն մինչև Հնդկաստան հասավ հոսանքը։ Հազիվ երկու դար առաջ հիասթափված Եվրոպան կամաց-կամաց սկսեց սեղմել այս աշխարհավեր հոսանքի շրջանակը։

Զվարթնոցի տաճարի արևելքից արևմուտք կտրվածքը

Եվրոպան փրկվեց, բայց Ասիան դեռ ճակատագրապես մահվան հնչյունների տագնապի մեջ կհեծե քաղաքակրթության երդվյալ թշնամի այս բարբարոս ցեղի լուծին ներքև։

Ի՞նչ կարող էր անել մի փոքրիկ Հայաստան այս գազանային ուժի առջև, բախվել, փշրվել և փոշիանալ կամ տեղի տալ հեռատես քաղաքագիտությամբ և կամ սպասել նպաստավոր ժամանակին վերականգնելու համար։

Հայ ժողովրդի ճկուն հատկության շնորհիվ էր, որ թեև 7-րդ դարեն մինչև 10-րդ դար տառապեցավ և քար քարի վրա չկարողացավ դնել, այնուամենայնիվ 10-րդ դարու սկզբներին օգտվելով նպաստավոր պատահարներե, անմիջաապես վերածնվեց քաղաքականապես և վերածնության հետ մեկտեղ անմիջապես սկսեց շինարարական այնպիսի մեղվաջան աշխատանք, որ 10-րդ դարեն մինչև 14-րդ դար անթիվ գողտրիկ շինություններով ծածկեց Հայաստանը, որոնք թեև դարձյալ ենթարկվեցան միևնույն ավերիչ և քանդիչ բարբարոսներու հարվածներուն, այնուամենայնիվ այդչափ ավեր ու քանդումե հետո էլ թշնամին չկարողացավ ճնշել այդ ուժեղ քաղաքակրթության և մեծ գեղարվեստի հետքերը։

Ահա այս 10-րդ դարու վերածնութենեն հետո եղած հիշատակարաններն են մեծ մասամբ, որ հայտնի են եվրոպական գիտնականներուն, որոնցմե ոմանք այս վերածնության մեջ տեսնել կարծեցին արաբական քաղաքակրթության ազդեցությունը Հայաստանի վրա, շատ անգամ նույնիսկ հակասելով ինքն իրենց։ Որովհետև մեկ կողմանե խոստովաներ են արաբներու քաղաքակրթութենե զուրկ լինելը, մյուս կողմեն Հայաստանի մեջ այնքան փայլուն կերպով ծաղկող արվեստի օջախը Բաղտատի մեջ տեսնել ուզեցին։

Բաղտատը եթե ունեցեր է բանաստեղծություններու և գրականության փայլուն շրջան մը, որը ամենայն հավանականությամբ ավելի բնիկ ժողովուրդին տաղանդի արդյունքն է, քան արաբներու, այնուամենայնիվ, Հայաստանի ճարտարապետության զարգացման մեջ ազդեցություն ունենալը երբեք ընդունելի չէ։

Ճարտարապետական մեծ պատմաբաններին մեկը կըսե թե «եթե Բաղտատի մեջ արաբական ճարտարապետության հետքեր չեն մնացեր, անոր շարունակությունը պետք է Հայաստանի մեջ փնտրել»։ Շատ տարօրինակ կարծիք։ Բաղտատի արվեստի արտադրությունները եթե մինչև այսօր Հայաստանի մեջ կմնան, ի՞նչ պատճառ կա, որ ավելի մեծ չափով Բաղտատի մեջ պիտի չմնային, եթե եղել են։ Ավելի շուտ պետք է հավատանք, որ ջնջվելու և անհետանալու վտանգը Հայաստանին էր հատուկ, որովհետև Բաղտատը և իր շրջանը երբեք այնքան քաղաքական փոթորիկներու և կործանարար արշավանքներու չեն ենթարկված, ինչսլես Հայաստանը։ Բաղտատի արաբական տիրապետության ժամանակ ամենամեծ արկածը Հուլաղու խանի երկարատև պաշարումով գրավելն էր, որը երբեք ավերումի և քանդումի չենթարկեց։

Թաթարները նույնիսկ Հայաստանի մեջ թույլատու և ներողամիտ էին հայ գեղարվեստի զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության, քանի դեռ մահմեդականությունը չէին ընդունած։ Հայաստանըը քարուքանդ լինելուն ամենամեծ պատճառներեն մեկը հայերու քրիստոնյա լինելն էր, արաբները կքանդեին, կավիրեին իբրև պղծություններ, ինչ որ քրիստոնյաներուն կպատկաներ, ինչպես եկեղեցի, տաճար, վանք ու մենաստան։ Իսկ հայ իշխանական ցեղը և հասարակ ժողովուրդը միշտ խոշտանգանաց տակ կհեծեր մահմեդականությունը չընդունելու համար։

Բնականաբար եթե մահմեդականության այդ պահանջին գոհացում տային, ոչ մի ավերում տեղի չէր ունենար։ Բաղտատի և շրջակայից մեջ հայեր գրեթե չկային և մահմեդականությունը վաղուց ծավալված էր այն տեղերը, հետևաբար պատճառ բնավ չկար, որ մեծամեծ հիշատակարաններ ավերվեին ու քանդվեին, ընդհակառակը ավելի շուտ պիտի պահվեին իբրև դավանակից ժողովուրդի կրոնական սրբություններ, որոնք ավելի երկարատև կյանք ունեին ժամանակի ընթացքին մեջ, քան քաղաքային ուրիշ շենքեր և պալատներ։

Ես այստեղ կրկին պիտի անդրադառնամ գիտական այն մեծ վճռին, թե համայնքի արժանիքին չափը ճշտիվ որոշողը իր հետևը թողած գեղարվեստական հիշատակարաններն են, որչափ բարձր արժանիքներով օժտված են գեղարվեստական հիշատակարանները, այնքան բարձր են զանոնք կանգնողներու ստեղծագործական արժանիքը իրենց ապրած դարաշրջանին մեջ։

Շարք մը անաչառ գիտնականներ, որոնք բնավ չեն առաջնորդված քաղաքական թաքուն հաշիվներով, գրեթե միահամուռ հիացմամբ կդրվատեն հայն ալ, հայուն ստեղծագործական հանճարն ալ։

Ինչպես կարելի է արեգակի նման ճառագայթող ճշմարտությունը քողարկելու ջանալ, քանի որ հայտնապես կանգուն են բարեբախտաբար մինչև այսօր այնպիսի մեծամեծ գեղարվեստական հիշատակարաններ, այնպիսի դարաշրջաններու մեջ իրագործված, երբ դեռ քաղաքակիրթ Եվրոպան մթության մեջ կխարխափեր և արևմտյան հին ճարտարապետության երկարատև անկումեն հետո, նոր պիտի տաներ արևելքից մի նոր արվեստի վերածնության տարերքը։

բ․ ԶՎԱՐԹՆՈՑ[5]

Հայաստանի ճարտարապետության պատմության ամենագեղեցիկ էջերից մեկը կկազմե Զվարթնոց եկեղեցին, որ կանգնված է 7-րդ դարում Արարատյան դաշտի վրա Էջմիածնի մոտ։

Հայոց եկեղեցական ճարտարապետության մեջ բոլորակը կամ բազմանկյունին գրեթե սկսվում է 7-րդ դարում։ Ավելի առաջ քրիստոնեական ճարտարապետության սկզբնավորութենեն մինչև 7-րդ դսր, եկեղեցական հատակագծային ոճը խառն էր հին հունա-հռոմեական սելլաների և բազիլիքների հետևողությամբ շինվածներով։ Սակայն Հայաստանի ժողովուրդը, որ իր առանձին ճաշակն ուներ, և երկարատև միօրինակություն չէր սիրում, դեռ 5-րդ դարում սկսեց շեղվել սելլաների և բազիլիքների հետևողությամբ եկեղեցական հատակագծերից և սկսեց կառուցել առանձին ձևերով, որոնք ավելի արևելյան հատկանիշ ունեին, թեև զուգահեռաբար հատուկենտ պատահում են նաև հին ավանդությամբ շինվածներ, այնուամենայնիվ ընդհանուր քրիստոնեական ուղղութենեն շեղվելու շրջանին, Հայաստանում սելլաներն ու բազիլիքները ևս այլափոխման ենթարկվեցին, այնպես որ բազիլիքների միայն հիշողությունը մնաց։

Այժմ մեր նյութից դուրս է քննել, թե ինչ արտաքին ազդեցությունների հետևանքով Հայաստանը հեռացավ արևմտյան ոճերից, այդ մասին կգրվի և առանձին ուսումնասիրության կենթարկվի հայոց հնադարյան ճարտարապետության մեջ: Ուստի, ինչպես որ նախքան 7-րդ դարը Հայաստանը շեղումներ ունեցավ ընդհանուր քրիստոնեական ճարտարապետության ոճերից, նմանապես 7-րդ դարից սկսած ընդգրկեց նաև բոլորակ կամ բազմանկյունի շինությանց ոճը։

Բոլորակ հատակագիծ ունեցող եկեղեցական շենքերից գրեթե առաջինն է Զվարթնոց եկեղեցին, որը կանգնել տվեց հայոց պատմության մեջ մեծ շինարարի համբավ ունեցող Ներսես 3-րդ կաթողիկոսը։ Հայաստանի հողի վրա այս չնաշխարհիկ հիշատակարանը ոչ միայն շինարարական տեսակետով մեծ տեղ պիտի բռնի արվեստի պատմության մեջ, այլ և գեղարվեստի տեսակետով ևս նշանավոր է թե՛ իր կանգնման և թե՛ հետագա դարերու ճարտարապետության պատմության մեջ։ Իր արտաքին տեսքին մեջ եռահարկ երևույթը գրեթե եզակի է եկեղեցական ճարտարապետության մեջ, որ ակնահաճո լինելուց զատ, շինարարական տեսակետով ևս խիստ մեծածախ և առանձին թռիչքներ են հարկավոր շինության ակներև դժվարություններին հաղթելու համար։

Տարակույս չկա, որ շինարարական տեսակետով այս լուրջ դժվարություններն են պատճառը, որ դարերի ընթացքում հազիվ հետևողներ և իր գործը կրկնողներ ունեցեր է Զվարթնոցի ճարտարապետը։ Առայժմ բովանդակ արվեստի պատմության մեջ նույն ոճը չկրկնվելեն զատ, միայն 10-12 դարերի մեջտեղ Հայաստանում շինվել են նույնօրինակ ճարտարապետությամբ Անիում և Բանայում, եթե չհաշվենք Հովվի եկեղեցին՝ Անիի պարիսպից դուրս, որ թեև փոքր, բայց ունի իր մեջ թե գեղարվեստական և թե շինարարական ամեն արժանավորություններ։

Զվարթնոցի շինարարական օրենքները անշուշտ տեղական են, որովհետև նախքան Զվարթնոց կառուցվող մեծ թվով նշանավոր հուշարձաններ անվիճելի կերպով ցույց կուտան, որ տեղական ժողովուրդը միանգամայն զարգացած էր շինարարական արվեստի մեջ: Իսկ զարդարանքների ոճերից երևում է, որ արտաքին ներգործություններ եղել են հայոց 7-րդ դարու ճարտարապետությամբ կանգնվող Զվարթնոցի գեղարվեստական մասին վրա։ Հունա-հռոմեական և սիրիական ոճերի մասնակի ներգործությունը ակներև է Զվարթնոցի մեջ. անշուշտ ճաշակի այս նորությունը Հայաստան բերողը ինքը Ներսես Շինողն է, որուն կյանքը նախքան կաթուղիկոսանալը, անցել է Կ. Պոլսում և կամ բյուզանդական երկրներում, զինվորականի կարևոր պաշտոնում: Հայտնի բան է, որ ինքը իբրև բարձրագույն կրթություն ստացած մարդ և արևմտյան ճաշակի կատարյալ զարգացումով, երբ կաթուղիկոսական գահը բարձրացավ, ուզեց անպատճառ նաև իր ճաշակի կնիքը դնել հայոց ճարտարապետոթյան վրա, թե որչափ հաջողվեց իրեն այս մտածողությունը, այդ կտեսնենք հետագային իր ամբողջ գործը ուսումնասիրելիս:

Զվարթնոցի շինության առանձին թվական չկա, սակայն, այդ շինությունը, Ներսեսի կաթուղիկոսության գահակալության հետ կապ ունի, ուստի Զվարթնոցի հիմնարկության թվականը ճշտիվ գիտենալու համար, պետք է պարզ լինի Ներսեսի գահակալության թվականը, որը պատմագրական բանասերներ և քննադատներ զանազան թվականներ են մատնանշում՝ 640-642-ը: Բայց ես հավանական տվյալների վրա հենվելով, համարում եմ 644 թվականը և ըստ այնմ հիմնում եմ իմ կարծիքս Զվարթնոցի հիմնարկության և վերջավորության մասին:

Որովհետև հարկ չեմ տեսնում իմ ամբողջ ուսումնասիրությունս մանրամասնաբար կրկնել, ուստի առայժմ իմ տեսությանս և հետազոտությանս խտացած արդյունքները կտամ այստեղ Զվարթնոցի հիմնարկության և վերջավորության մասին։

Եթե 641-ին Ներսես է 3-րդ կաթուղիկոսը եղած էր և ըստ պատմագրաց տեղեկության նախապես զբաղված էր արաբներու կոտորածների պատճառով բազմաթիվ դիակներ դաշտերից, գյուղերից և քաղաքներից հավաքելու և այդ դիակների ամփոփման վայրերի վրա դամբարաններ շինելով, որպիսիքն են Դվինի ս. Սարգիսը և Խոր Վիրապը, ուստի հազիվ թե հիմնարկված լինի Զվարթնոց եկեղեցին 643 թվականին։ Ուրեմն ամենահավանական թվականն է Զվարթնոցի հիմնարկության 644 թվականը։ Եվ որովհետև 651 թվականին Կոստանդ կայսրը Հայաստանը պատժելու համար եկած էր Հայաստան և Ներսես կաթողիկոսի խնդրանոք հաշտվեցավ և մնաց Հայաստաում. այդ միջոցին ըստ Մովսես Կաղանկատվացիի հրավիրվեցավ Զվարթնոցի օծման հանդեսին, որուն ծախքը ևս Կոստանդ կայսրը տված էր յուր հայրագիր Ներսեսին՝ ըստ նույն պատմագրի։ Հետևաբար, քանի որ 651 թվականին եկեղեցին այդչափ շինված էր, որ օծման հանդես կարելի էր կատարել, ուստի մեկ խոսքով վերջացած էր գրեթե եկեղեցու շինությունը, ուրեմն սկսած, իր հիմնարկության 644 թվականից մինչև 651 թվականը, եկեղեցի ի վերջավորությունը տևած է ութը տարի. այսչափ տարին ևս հազիվ բավական է Զվարթնոցի նման մի շենք կանգնեցնելուն։ Թե որչափ գեղարվեստական և հափշտակիչ երևույթ ուներ այս շենքը, կարելի է չափել պատմագրի հետևյալ հայտարարությունից. «Կոստանդ կայսրը հավերժ հիացած հրամայեց ճարտարապետին իր հետ գնալ Պոլիս և նույնը շինել իր պալատի մոտ»: Սակայն ճարտարապետը ճանապարհին հիվանդացավ և մեռավ։

Ներսես կաթուղիկոսը հեռացավ Հայաստանից և իր տեղը թողեց Անաստաս Ակոռեցիին, եկեղեցու մնացած մասերը և շրջակա շինությունների գործը շարունակելու համար։ Որովհետև ուղիղ վեց տարի հետո վերադարձավ Ներսես 3-րդ, այսինքն որ 651 թվից մինչև նրա վերադարձը դեռ վերջացած չէր ամբողջությամբ և կամ Անաստաս Ակոռեցին չէր կարողացած Ներսեսի նման արագությամբ առաջ տանել գործը։ Ուստի եկավ մնացած գործերն ալ անձամբ շարունակեց, որոնք ըստ Հովհաննես կաթուղիկոսի շրջակա բնակարանները և եկեղեցո շրջապատի պարիսպներն էին:

Շենքերի համար բոլորակ ձևը նորություն չէր, նախաքրիստոնեության շրջանում իր նախորդներն ունեցել էր թե՛ հունա-հռոմեական երկրներում, թե՛ Ասորա-Քաղդեայում։ Քրիստոնեական շրջանում եկեղեցիի համար նորություն էր բոլորակ ձևը Հայաստանում, որ առաջին անգամ իրականացավ Ներսես 3-րդի ձեռքով Զվարթնոցի շինությամբ։

Զվարթնոցը Հայաստանի տնտեսական և քաղաքական վիճակին հետ համեմատելով, փոքր շենք չէր. առնվազն 35 մետր տրամագիծ ուներ, ուստի այսքան մի փոքր երկրի համար, իրոք մի մեծագործություն էր 35 մետր տրամագծով եռհարկ մի շինություն կանգնել։ Շենքի արտաքին պատը, որ 95 սմ. թանձրություն ուներ, ներքուստ ամբողջովին բոլորակ էր, զարդարված
Զվարթնոցի առաջին հարկաբաժնի քանդակազարդ գոտի (ըստ Թորամանյանի նախագծի վերակազմեց ճարտ․ Լ․ Գասպարյան)
որմնասյուներով և որմնասյուները միացնող կիսաբոլորակ կամ եռանկյունի պսակներով։

Իսկ արտաքուստ թեթևակի անկյունավոր էր 32 ճակատների բաժանված և յուրաքանչյուր ճակատի մեջտեղ, անկյունների վրա, կային հոյակապ զույգ որմնասյուներ միմյանց կապված և յուրաքանչյուր որմնասյան մեջտեղ նուռ, խաղողի ընտիր քանդակներով զարդարված։ Չափազանց ճոխ քանդակազարդ մի պսակ շրջապատում է շենքի երեք հարկերը. շենքի հատակը ուներ երեք աստիճաններ։ Բացի շենքի երեք աստիճաններից, շենքը շրջապատված էր մի պլատֆորմով, որը հատակված էր մեծամեծ սալերով և այս մասը շուրջանակի բարձրացած էր ընդհանուր գետնից։ Գետնից մինչև պլատֆորմը բարձրանալու համար 7-8 աստիճաններով շրջապատված էր։

Զվարթնոցի տաճարի առաջին հարկաբաժնի քանդակազարդ գոտու բեկոր

Տաճարի հարավային և մեծ մասամբ արևելյան կողմը, 20-25 մետր հեռավորության վրա, շրջապատված էր մասնավոր շենքերով և այս շենքերը բաժանվում էին երեք մասի, արևմտյան կողմը ամբողջովին պատկանում էր կաթուղիկոսին, որոնց մեջ էր մեծ ընդունելության դահլիճը, որուն տաճար անուն են տալիս պատմագիրները: Հարավային կողման երկրորդ և միջին մասը ամբողջությամբ պատկանում էր համայն միաբանության, իսկ երրորդ, դեպի արևելք եղած մասը, պատկանում էր ուրիշ զանազան կարիքների համար։

Կար նաև հնազույն խորան, որ մնացորդն էր մի հնագույն եկեղեցիի, որ գոյություն ուներ նախքան 7-րդ դարը։ Այս եկեղեցին որևէ արկածով փլած և կամ Զվարթնոցի շինության առթիվ քանդված էր. միայն, իբրև նախկին սրբավայր, թերևս արևելյան խորանը պահած էին։

գ․ ԶՎԱՐԹՆՈՑ[6]

Հայ հնագիտության համար վերին աստիճանի հետաքրքրական Զվարթնոց եկեղեցվո ավերակները բացվելեն ի վեր, ամեն դասակարգի մարդկանց մեջ քննության առարկա է դարձած, թե ինչո՞ւ համար Ներսես Գ. այդ հոյակապ եկեղեցին և կաթողիկոսական աթոռը Վաղարշապատից հեռու ամայնության մեջ շինեց, ի նկատի ունենալով, որ այն ժամանակ կաթողիկոսական եկեղեցին և կաթողիկոսարանը գրեթե համահավասար էր մի արքունիքի և պետք էր որ շեն քաղաքի մեջ լիներ, ոչ թե վանքի կամ անապատի մը նման մարդկանց բնակութենեն միանգամայն հեռու։

Զվարթնոցի տաճարի մուտքի ֆրոնտոնի քանդակներից
Զվարթնոցի տաճարի մուտքի ֆրոնտոնի քանդակներից

Այս արդարացի հարցին հարկավոր է որոշ չափով ծանոթանալ 5-րդ-են մինչև 7-րդ դար Արարատյան դաշտին վրա տեղի ունեցած քաղաքական անցքերուն և հետո ալ էապես ճանչնալ Ներսես Շինողի անձնական նկարագիրը։ Բայց այս մասին վրա մանրամասն ծանոթանալ այստեղ չենք կարող, այլ պիտի ուրվագծենք մի քանի բնորոշ կետեր, որոնց վրա հիմնված լինի ընդհանուրին հետաքրքրող պատասխանը։

Զվարթնոցի տաճարի արտաքին զույգ որմնասյուների խոյակի չափերը

Մեր բոլոր մատենագիրներ միահամուռ վկայում են, որ Ներսես՝ Զվարթնոց եկեղեցին շինեց Վաղարշապատի մեջ։ Մասնավորապես Սեբեոս, Զվարթնոցի շինության ժամանակակից պատմագիրը, ավելի պարզ կերպով ասում է, որ «Արկ ի միտս իւր կաթողիկոսն հայոց Ներսես շինել իւր բնակութիւն մերձ առ սուրբ եկեղեցեացն, որ ի Վաղարշապատ քաղաքին, ի վերայ ճանապարհին յորում ասեն ընդ առաջ եղև Տրդատ սրբոյն Գրիգորի»:

Ուրեմն ժամանակակից պատմագրի «ի Վաղարշապատ քաղաքին» խոսքեն պարզ կհետևի, որ Զվարթնոց եկեղեցին կանգնվեցավ բուն իսկ Վաղարշապատի մեջ և ոչ թե Վաղարշապատից դուրս։ «Մերձ առ սուրբ եկեղեցեացն» խոսքով ակնարկում է Զվարթնոցի եկեղեցիին առաջ շինված մեծ բազիլիքը, որուն սյուներն են մնացել այժմ։

Թովմա Արծրունի 10-րդ դարուն Զվարթնոցի շինության տեղը ճանաչում է Նոր Քաղաք անունով, փոխանակ Վաղարշապատի, և խոսելով Դվինի երկրաշարժի մասին գրում է. «Երանելի հայրապեան տէր Գէորգ……. թողեալ զբնակելն ի Դուինն՝ եկեալ բնակեցաւ ի Նոր Քաղաքին ի մեծ եկեղեցւոջն որ յանուն սրբոյն Գրիգորի շինեալ էր երանելւոյ տեառն Ներսիսի երկրորդի (իմա՛ երորդի) հայոց կաթողիկոսի»: (Ս. Պետերբուրգ, 1887, էջ 231)։

Այս անուններու տարբերությունը ոչ մի շփոթության տեղի չի կարող տալ, երբ նկատի ունենանք, որ դեռ հինգերորդ դարուն, Վաղարշապատ և Նոր Քաղաք միևնույնն էին և այդ ավանդական հին անունն է, որ հասել է մինչև Թովմա Արծրունին։

Այս մասին Ղազար Փարպեցին կարծեք հատկապես շփոթության տեղի չտալու համար միշտ շեշտում է երկու անուններ ու նույնությունը մի քանի անգամներ իր Պատմության ընթացքում, ինչպես օրինակ՝ ս. Մեսրոպի մահվան առիթով խոսելիս ասում է. «Յետ վեց ամսոյ կատարման նորին տարւոյ հանգստեան սրբոյն Սահակայ վախճանեցաւ երանելին Մաշտոց ի Վաղարշապատ քաղաքի, զոր և Նոր Քաղաք անուանեն»։ (Ղազար Փարպ., Տփղիս, 1904, էջ 38։ Տես նաև նույն, էջ 176, 186 և այլն)։

Կասկած չի կարող լինել, որ Ղազար Փարպեցու Նոր Քաղաքը օտար պատմիչներու Կայենոպոլիսն է, ուր հռովմեացիք զորք էին պահում, ինչպես կվկայե նաև այժմ Էջմիածին գտնված հունարեն արձանագրությունը։

Այժմ կարող ենք հարցնել թե բազմադարյան այնքան մեծ անցյալ ունեցող քաղաքի տեղը ներկա Վաղարշապատին տեղին վրա է, թե՞ մի ուրիշ տեղ։

Այս առիթով հնագետներ և պատմագիրներ շատ են խոսել և թեր ու դեմ կարծիքներ հայտնել առանց որոշ եզրակացության հասնելու, և իզուր են փնտրել այժմյան Վաղարշապատի մեջ, երբ և իցե մի հին քաղաք եղած լինելուն ապացույցներ։ Վաղարշապատի մեջ և անմիջական շուրջը միշտ տներ շինվելիս և բազմատեսակ մշակույթի աշխատանքներ կատարելիս, գրեթե բնավ չէ լսված հին քաղաքի մը գոյությունը հաստատող քար, պատ կամ մի շինության բեկոր, բացառությամբ մի լատիներեն արձանագրության, որը դուրս է եկել ճեմարանի արտաքին պարսպի հիմերը փորելիս և հաստատված է, որ այդ քարն ալ ուրիշ տեղից բերված էր այդտեղ։

Հռիփսիմեի վանքից սկսած դեպի արևմուտք և հարավ, ներկա Վաղարշապատն ալ մեջ առնելով, պարզ աչքով իսկ կտեսնվի, որ այդ ընդարձակ տարածության վրա բացի վարուցանքե ուրիշ ոչ մի աշխատանք չէ այլափոխած հողի հարթածավալ մակերևույթը։

Ուրեմն մնում է մեզ դիմել Սեբեոսի մատնանշած տեղին և Զվարթնոցի շուրջը փնտրել Վաղարշապատի կամ Նոր Քաղաքի (Կայենոպոլսի) իսկական տեղը, ուր հաճախ գտնվեր են գրական ապացույցներ այնտեղ ընդարձակ տարածությամբ քաղաքատեղի մը գտնվելուն։

Եթե բոլորովին չհամոզվինք տեսնելով Զվարթնոցի շուրջը ընդարձակ տարածության վրա որոշ սահմանի մեջ անհավասար չափով բլուրներն ու թումբերը, որոնք պատմահնագիտական մեծամեծ գանձերու պահարան լինելուն մեծ հավաստիք կներկայացնեն, թվենք մի քանի իրական ապացույցներ, որոնք վերջին մի քանի տարվան մեջ երևցել են։

1․ Այժմ [Պետական Պատմական] թանգարանում գտնվող հունարեն արձանագրությունը, որ Զվարթնոցից մեկ կիլոմետր դեպի արևմուտք դուրս է եկած Զանգուի առուն փորելիս։

2. Խաչիկ Զվարթնոցի[7] և Ե․ Լալայանի ընկերակցությամբ, Զվարթնոցից մեկ կամ մեկ ու կես կիլոմետր հեռավորության մի քանի բլուրներու վրա կատարած փորձնական պեղումները, որոնք դրական արդյունք տվին, դուրս բերելով հեթանոսական շրջանի առարկաներ։

3․ 1904 թվականին ժանգախտից կոտորվող անասնոց դիակները թաղելու համար Հռիփսիմեի վանքի առջևից դեպի Վարմազիար տանող ճանապարհի կողքին փորված փոսերից մեկուն մեջ երևաց մի մեծ պարսպամաս, որուն արտաքին բուրգը ներկա Վաղարշապատի կողմն էր, ինչ որ ապացույց էր հակառակ կողմին վրա քաղաքի մը գոյության։ Այն ժամանակ ես լուր տվի Խաչիկ Զվարթնոցին և Մեսրոպ վարդապետին[8] (այժմ եպիսկոպոս), որոնք ականատես լինելուց հետո ոչ մի միջոց ձեռք չառին այդ պարսպի հետքը չկորցնելու համար, որն ընդմիշտ կրկին ծածկվեց հողի տակ։ Մեսրոպ վարդ. այն ժամանակ բավականացավ «Ազգ Հանդեսին» մեջ մի հակիրճ ծանոթությունով։

4․ Այս տարի վերոհիշյալ պարիսպը վերստին բաց անելու փորձ արվեց, սակայն միջոցներն այնքան քիչ էին, որ պեղումները նպատակին չհասած դադար տրվեց։ Սակայն պարիսպի փոխարեն 4 արշին խորության վրա դուրս եկավ մի հեթանոսական գերեզման, որը դարձյալ ծածկվեց առանց գերեզմանը բաց անելու։

Այս բոլոր պատահական գյուտերը միացած Զվարթնոցի և պատմագրական վկայություններու հետ, կարծեմ բավական են հաստատելու, որ հին Վաղարշապատը, կամ Նոր Քաղաքը (Կայենոպոլիս) ծածկված է Զվարթնոցը շրջապատող մեծ ու փոքր բլուրներու ներքև և փորձնական պեղումներն անհետաձգելի պետք է լինին հայկական Պոմպե մը հայտնագործելու համար։

Այս հակիրճ տեսությունից հետո, կարծեմ կարելի կլինի բացատրել պատճառը, թե ինչո՞ւ Ներսեսը հատկապես այս տեղը ընտրեց իբր կաթողիկոսական աթոռ և կանգնեց Զվարթնոցի նման հոյակապ մի եկեղեցի։

Ներսեսի մասին ժամանակակից պատմագիրներ ավանդում են, որ սնված ու կրթված էր բյուզանդական արքունիքում, հասած էր զինվորական բարձր աստիճանի և զինվորական կարգով շատ տեղեր ման եկած էր բյուզանդական կայսրության սահմաններում։

Ահա այսպիսի բարձր արժանիքներով օժտված մի մարդ, հանկարծ կաթողիկոսանում է Հայաստանում, այնպիսի ժամանակ, երբ արաբական արշավանքը սկսեր էր քանդել ու ավերել Հայաստանը։

Իր կաթողիկոսության առաջին տարին իսկ Դվինը քարուքանդ եղավ արաբներու ձեռքով և բազմահազար մարդկանց կոտորածից հետո, երեսուն և հինգ հազար հոգի գերի տարվեցան։ (Սեբեոս, էջ 176։ Ղևոնդ, էջ 10-11)։

Ահա այս պարագային էր, որ ցայտուն կերպով երևան կուգա Ներսեսի հզոր նկարագիրը և ձեռներեց ոգին, որ առանց լքելու և հուսահատելու այս մեծ աղետին հանդեպ, ոչ միայն միջոցներ ձեռք առավ վշտահար ժողովրդին սփոփելու, այլ և ձեռնարկեց շատ մը շինարարական աշխատանքներու, ի միջի այլոց Զվարթնոցի և կաթողիկոսական տան կառուցման՝ Նոր Քաղաքի մեջ, ինչպես կբնորոշե պատմագիրը «ոչ ածեալ զմտաւ զկրթական արշաւանս հինիցն թշնամեաց, գեղեցիկ իմն մոլութեամբ դնե ապա հիմն մեծ և հրաշալի բազմապայծառ յարկի տանն Աստուծոյ»։[9]

Ներսեսի նման բարձր կրթություն ունեցող մի մարդ, որուն քաղաքացիական առավելությունները կրոնականեն շատ ավելի գերակշիռ լինելը անվիճելի է, միթե կարող էր գալ Վաղարշապատի ամայի տեղերում բնակություն հաստատել, առանց մի խոշոր ծրագիր կամ մի մեծ նպատակ ունենալու։ Իհարկե ոչ։

Մոտ երկու դար էր, որ հին Վաղարշապատը անշքացել էր և համարյա հավասարվել էր մի գյուղի (այստեղ ս. Գրիգոր անուն գյուղ կար ըստ Կաղանկատվացու)։ Ներսեսի օրով Դվինն ալ ավերակ դարձավ, շատ բնական էր, որ Ներսես չէր կարող հոգեպես և ֆիզիկապես ապրել Հայաստանի ավերակներու մեջ, անկասկած անոր մտքին մեջ ծագեց մի հանդուգն խորհուրդ, որով պիտի անմահանար դարուց ի դարս և արդյունքը պիտի լիներ իրապես իր արժանավորություններու համապատասխան, և այդ խորհուրդը կամ ծրագիրն է՝ վերականգնել երկու հարյուր տարին ի վեր ավերված Վաղարշապատը և կամ Նոր Քաղաքը։

Հովհաննես կաթողիկոսի մեկ համառոտ ակնարկը կհասաատե այս ենթադրությունը, որ եկեղեցին, կաթողիկոսարանը և շրջապատող պարիսպները ավարտելեն հետո, «այլև կարգեալ կացուցաներ ի նմա ամբոխութիւնս երդումարդաց ըստ պայմանի քաղաքականաց, և ածեալ ջուր ի Քասաղ գետոյ, զամենայն աւազախիտ առապար դաշտավայրն ի գործ արկաներ, տնկեր այգիս և բուրաստանս ծաղկոցաց»։[10]

Անշուշտ Ներսես պիտի հասներ իր նպատակին, եթե քաղաքական մշտական փոթորիկներ, ներքին կռիվներ և կամավոր աքսորը անոր թռիչքներուն արգելք չլինեին, այնուամենայնիվ իր ժամանակին «Շինող» մականունը ստացավ։

Դվինի երկրաշարժից հետո, Գևորգ կաթողիկոսին Զվարթնոց գալը ցույց կուտա, որ որոշ չափով շենացած էր Զվարթնոցի շուրջը և թերևս Թովմա Արծրունի այս նոր Ներսեսաշեն քաղաքը կակնարկե «ի Նոր Քաղաքին» ըսելով։ Արդ հառաջիկա պեղումները պիտի հաստատեն ոչ միայն հիները, այլ և Ներսեսի օրով կատարված գործերը։ Ուստի այժմ պետք է միանգամայն անձեռնմխելի պահվին Զվարթնոցի շուրջը բոլոր հնագիտական տարածությունը հօգուտ պատմագրության և պեղումներու, այլ և փորձնական պեղումները պետք է սկսվին նույնիսկ պարիսպներեն, որոնց ուղղությունը և սահմանը բավականին որոշ են։

* * *

1․ Արծվեխոյակ[11] չորս անջատ սյուներու տակի բարձրությունը նորոգվեր է և եզերքներեն լայնացուցեր են հավանականաբար ճնշում նկատելով։

2. Այժմյան երևցած գզրոցը չի կարող Ներսես Շինողին պատկանել, որովհետև սա շինված է հետնագույն շինված բեմին վրա, այն ալ, հին սեղանին սահմանեն շատ դուրս՝ բեմին կարնիզին եզերքին հավասար։ Ներսեսի շինածն ալ ունե՞ր թե ոչ, հարց է։ Գզրոցի միաժամանակ շինված լինելուն վկայությունը տվողը Հովհաննես կաթողիկոսն է, որ երկու դար հետո է։ Գուցե բեմի ընդարձակումը Հովհ. կաթողիկոսեն առաջ էր եղած, և ինքը ժամանակին կամ նորոգության անտեղյակ, կարծեր է, որ նույնիսկ Ներսեսի շինածն է. այնուամենայնիվ հարց կմնար գիտենալու, թե ե՞րբ է ընդարձակված բեմը, բեմի ընդարձակումեն առաջ գզրոց կա՞ր թե ոչ։ Որո՞ւ կվերաբերի գրոցի ծրագիրը, եթե Ներսեսի շինածը չուներ գզրոց, կամ ի՞նչ ապացույց կա Ներսեսի շինած լինելուն։

3. Հետաքրքրական է փնտրել պատճառները մկրտության ավազանը եկեղեցիի կենտրոնին վրա փոս շինվելուն և գտնել ժամանակը, մկրտությունը եկեղեցիի մեջ կատարելու սովորության սկիզբը։ Բաղդատել նաև մյուս եկեղեցիներու մկրտարաններուն հետ, ի նկատի առնելով ժողովոց կանոնները, արդյո՞ք այս ձևը օտար չէ՞ր և կապ չունե՞ր Ներսեսի քաղկեդոնիկության հետ։ Հավանաբար փակվեցավ այս ավազանը, բեմի ընդարձակման ժամանակ և տեղը շինվեցավ խաչաձև քարե ավազանը, եթե հնար լինի գտնել ժամանակը և փոփոխության պատճառները թե՛ բեմին և թե՛ ավազանին։

4. Վերնահարկ սրահի սանդուղներուն տեղը ըստ ամենայնի գտնելու ջանալ։ Պետք է գտնել նաև մույթերու մեջ եղած սենյակներու դռների տեղը։ Սանդուղներու տեսակետով ի նկատի ունենալ Քասախի եկեղեցիին սանդուղը, նմանապես Հովվի եկեղեցիին համար ալ միևնույն հետազոտությունը անհրաժեշտ է, քանի որ վերջինս մանրանկարն է Զվարթնոցին։

5. Քահանայից դասին բեմին վրա կենալնուն ակնարկները հավաքել պատմագիրներեն։

6․ Պատկերները Զվարթնոցին մեջ պետք է բացառիկ երևույթ համարել քաղկեդոնիկ կաթողիկոսներու համար և այս մասին օգտվել «Անահիտին» տված հոդվածես։ Նույնպես խոսել մոդայիկ պատկերներու մասին օտար ճանապարհորդներու Հայաստանի (Մուշ?) մեջ տեսած պատկերներուն հին կարծելուն մասին դիտողությունները։

7. Ch. Diehl-ի և Ստրիժիգովսկիի գրածներեն անպայման քաղվածքներ կատարել և ուղղումներ ընել անոնց սխալ տեղեկություններուն վրա։

8. Զվարթնոցի բոլորակ գալերեան երկհարկանի լինելուն վրա տեսություններ և վկայություններ թե որտեղեն կարող էր ազդվել և այդ սովորության պետքը զգացվել Հայաստանի մեջ բացառապես քաղկեդոնիկ եկեղեցիներու համար։

9. Զվարթնոցի ներքին մեծ աղեղներ Ogive-եին թե plein de cintre. քննել այս հարցը, նկատելով որ դրսի պատին երեսի աղեղները pleine de cintre-են։

10․ «Եւ կատարեալ զնա մեծածախ գանձիւք կանգնեցին ճեմարան իմն երկնանման հրաշաքարտար շինուածովք, երկագմբեթս և եռախորանս և երկուց կողմանէ գաւիթս և սրահակս, վերնատունս սեամբք և սքանչելի յօրինուածովք ,շինեալ»։[12]

Օրբելյանի այս նկարագրությունը այստեղ պարզապես ցույց կուտա հայոց հնագույն եկեղեցիներու ձևը, երկու կողմանց գավիթներով և սրահակներով, և ճշտիվ կպատշաճեն Երերույքի, Օձունի, և այլ նման տաճարներուն։ Անշուշտ «երկուց կողմանե գավիթս» ըսածեն պետք է հասկանանք՝ երկու կողմի սյունազարդ գավիթները և սրահակները նույնպես սենյակները երկու կողմին վրա, որ այժմ պահված կա Երերույքի տաճարին վրա։ Սակայն ամենեն հետաքրքրականը և կարևորը՝ այս նկարագրության մեջ Զվարթնոցի տեսակետով՝ երկագմբեթ բառն է։ Ուրիշ ոչ մեկ կերպով չի պատշաճեր երկու գմբեթ հայոց եկեղեցիներու վրա, կամ պետք է հինգ գմբեթանի լիներ, ինչպես հին Էջմիածինը, Ավանի եկեղեցին, Անիի Առաքելոց եկեղեցին և կամ մեկ գմբեթանի, ուստի այս նկարագրության մեջ պետք է պարզ տեսնվի Զվարթնոցի երկու գմբեթը միմյանց վրա։

11. Զվարթնոցի գմբեթը բանտանթիվ ունե՞ր թե ոչ.— Եթե Զվարթնոցի մեջ գտնվի չորս մույթերու և բոլորակ սյունաշարերու հպումեն ձևացած անկյուններուն վրա դրված բանտանթիվներու հետքեր, ինչպես կան Գագիկի շինած ս. Գրիգորի ավերակներուն մեջ, այն ժամանակ անպայման պետք է հավատալ, որ Զվարթնոցի գմբեթը ևս շինված էր բանտանթիվներով, և այս տեսությամբ գոնե ավելի հին կլինի Հայաստանի մեջ բանտանթիվնիներու սովորությունը, բայց այս հաստատությունով անպայման կհետևե արդյոք թե այս սովորությունը Բյուզանդիոնեն բերված է, կամ տեղական ստեղծագործությունը։ Համենայն դեպս 6-րդ դարուն Կ. Պոլսի ս. Սոփիայի այժմյան գմբեթի բանտանթիվները Տրդատ ճարտարապետին շինածն է և նախկինը միշտ կմնա անորոշ, քանի որ երկրաշարժով վերջին կործանումեն հետո, Տրդատ ամբողջովին նորոգեց ս. Սոփիայի գմբեթը։

12․ Զվարթնոցի մեջ գործածված ծածկի կղմինդրները համեմատել Մրենի, Բագարանի, Մոլլա-Ղասումի և այլ տեղերու կղմինդրներու հետ, և որ ավելին է Զվարթնոցի կղմինդրներու մեջ երևցած հատուկ գմբեթի կոնի համար շինած կղմինդրներու վրա որոշ ուշադրություն դարձնել, թե ինչպես մեկ կողմը նեղ և մյուս կողմը լայն շինված են մասնավորապես մահեռները։

* * *
Սյուներ

Ներքին խաչաձևի բոլոր խարիսխները կոփված են մի տեսակ սև քարերե, որոնց մեջն ընկած են մանր գայլախազի փշրանքներ, բնականաբար սկզբում կառուցման ժամանակ ունեին նաև փայլ, որին ընդունակ է այս քարը։ Որտե՞ղ էր հանքը։ Բայց կերևի թե բավարար քանակությամբ չեն գտած այս քարերեն, որուն պատճառով մի քանի խարիսխներ և առանց բացառության բոլոր խոյակներ, արծվի խոյակներն ալ միասին առնելով, մի ուրիշ տեսակ սև քարե կոփված են, որոնք թեև պարունակում են իրենց մեջ գայլախազի մանր փշրանքներ, սակայն չունին նախորդներուն ո՛չ փայլը, ո՛չ ալ կարծրությունը։

Այս սյուներու բուներեն մնացած է միայն մեկ բեկոր հարավ արևմտյան որմնամույթի ետև, նույն տեղի արծվե սյունին պատկանող։ Այս մնացորդեն կհետևի, որ բոլոր բուները շիկագույն հրաբխային քարե շինված էին։

Այս բեկորը գրեթե ցույց կուտա արծվի սյունին բունին ամբողջական մեծությունը, որովհետև երկու ծայրին վրա ալ կգտնվին երկաթե գամի համար բացած ծակը՝ 11 սմ. երկարությամբ և 4,5 սմ. լայնությամբ, նույն չափով ևս փորված է արծվեսյան խարիսխին վրա։ Բունի երկարությունն է մոտավորապես 225-230 սմ։ Ծայրերու հատվածակողմին վրա կան խաչաձև փորվածքներ մոտավորապես մեկ սանտիմետր կամ քիչ ավելի լայնությունով, կապար հալեցնելով մեջը վազցնելու համար, որպեսզի ամրացնե գամը։ Բոլոր սյունախարիսխները ունին թե՛ երկաթի տեղ և թե՛ արճիճ լեցնելու, տաճարի մյուս բոլոր սյուները թե՛ ներսեն և թէ՛ դուրսեն, միօրինակ հրաբխային շեկ քարե շինված են խոյակ և խարիսխներով, ինչպես տաճարին ամբողջ շենքը քանի մը պատասխանատու թոլերու, որոնք թեթև գորշագույն ավազաքարով շինված են:

Պատեր

Պատերը միահամուռ շինած են սև, գորշ և առավելագույն չափով կարմրագույն քարերով՝ միշտ խառն և աններդաշնակ դասավորված, կրաշաղախը բաղադրված է մանր ավազներե զատ, նաև զանազան մեծության խճաքարերե, սկսած սիսեռի մեծութենեն մինչև հավկիթի չափ, բացի այն խիպարներեն, որոնք ծառայել են քարերու թողած բացը լեցնելուն։ Պատերու քարերը ներսեն և դրսևն մինչև 125 սմ, մեծություն ունեցողներ կան երկայնությամբ, իսկ խորության չափերը անհավասար են, ոմանք հազիվ 18 սմ. թանձրությամբ abaque-ներ են, իսկ ոմանք ետևի անտաշ մասերով մինչև 45 սմ թանձրության կհասնին։ Երկու երեսին դրած են երեսպար քարերը, մեջտեղը կրաշաղախ և խիպար լեցված է, խիպարները դրված են հորիզոնական դիրքով:

Կամարներ

Տարբեր ձևով կտրված են գալերեան ծածկող կամարներու քարերը, այս քարերը կտրված են նեղ ճակատով 35-55 սմ. մինչև 225-230 երկարությամբ, իսկ խորությունները մոտավորապես մինչև մեկ 1 մետր պատին մեջ թաղված հանգիստին մոտերը, թեև կան մինչև 60 սմ. կարճ քարեր ալ, սակայն միշտ խոր պատին մեջ մտած կողմերեն։

Աղեղներ

Տաճարին մեջ կան ՚ա. մայր սյուները միացնող աղեղներ, բ. խաչաձևի սյուները միացնող աղեղներ, գ. galerle-ին մեջեն երկրորդ գմբեթին խարիսխ կազմող աղեղներ, դ. արտաքին որմնասյուներու աղեղներ, և, պատուհաններու և դռներու աղեղներ։

Մայր սյուները միացնող աղեղները, որ մեծ մասամբ շինված են կարմրագույն քարերով, հնար եղածին չափ երկար չափերով կտրվածներ կան. իսկ մյուսները զանազան մեծությամբ, որոնց մեջ կան նաև ավելի քան մեկ մետր մեծությամբ աղեղնաքարեր։

Պատուհաններու աղեղները կան որ մի քարով տաշած են, իսկ կան մինչև երեք քարով կազմած, որոնց մեջ կպատահին զանազան գույնի քարեր։ Արտաքին որմնասյուներու moulure-ներով աղեղները մինչև 115 սմ. երկարությամբ և ամբողջ moulure-ները վրան տեղավորող լայնությամբ կտրված են։ Այս աղեղներուն մեջ հազվագյուտ են սև քարերով շինվածներ. սրանք ընդհանրապես կարմիր և շիկագույն քարերով են կազմած։

Բոլորակ պատուհաններ

Առհասարակ բոլորակ պատուհանները կազմած են երկու քարերով հատ հատ, պատահեցի, որ չորս քարերով են և կամ մեկ կողմը ամբողջ քար, իսկ մյուս կողմը երկու կտորով կազմված են։

Քիվ (պսակ)
Քիվերն անհամեմատ դուրս ցցված են քան հայկական ոճի սովորական պսակները: Ունին նաև շատ կանոնավոր larmier-ներ շուրջանակի. նույնպես անհամեմատ երկար մաս ունին պատին վրա հանգչած՝ մինչև 50-90 սմ. երկարությամբ:
Պատուհաններ

Ներքին հարկի պատուհաններու չափը որոշ է՝ սյուներու դասավորությամբ, մեջը անցուցած է եղեր երկաթ վանդակ, ուղղահայացը երեք երկաթներով, հորիզոնականն ալ նույն համեմատությամբ։

«Կրակատուն»

«Կրակատան» պատերուն մեջ առանձին բացաություն չկա շինվածքով, բացի քանի մը մասերեն։

Նախ պատի միջի վառարանաձև կամարը, որուն տակ շինված է որձաքարով մի խողովակ արևելքեն արևմուտք, չայրվող որձաքարեր են՝ 80 սմ. բարձրությունով, այնուհետև սովորական քարերով շարունակած են պատերը, որոնց մեջ դրված են հողե խողովակներ, հատակագծին մեջ ցույց տված դասավորությամբ, վերեն վար, իսկ ներքևը socle-ին վրա պատուհանի նման բացվածքներ ունին 28 սմ. լայնությամբ․— ի՞նչ են ասոնք։ Քառակուսի սյուներու բաժնին մեջ ալ կան հողե խողովակներ սյուներուն մեջ, իսկ մեկ հատ ալ հյուսիսային կողմի սենյակին հյուսիսային և արևմտյան պատի անկյունին վրա, այս բոլոր տեղերու քարերու շարվածքները 7-րդ դարուն կպատկանին իրենց interctice-ներու տաշվածքով։ Երբեմն կան քարտաշ վարպետներու նշաններ տաճարի վարպետներուն հետ համեմատվող։ Այս սենյակի մեջ կան մինչև 125 սմ. երկարությամբ քարեր։

դ․ [ԶՎԱՐԹՆՈՑԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՂՄԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ]

ա. Աշխատությանս նպատակը: Ներկա աշխատությունս, որ գրեթե Զվարթնոցի ավերակների մասին ունեցած ուսումնասիրությանս մի գլուխը կկազմե, պետք է նախապես հայտնեմ, որ լիովին ճարտարապետական ուսումնասիրության բնույթ չունի, այլ նպատակ ունի մի մեծ և աններելի թյուրիմացություն և կամ միտումնավոր խեղաթյուրում ուղղելու, որը մասնավոր մի անհատի կողմից կապվում է Զվարթնոցի պատմական անցյալին հետ։ Կարծեմ որ անհրաժեշտ է այդ խեղաթյուրումը միանգամայն ուղղել և թույլ չտալ, որ ընդհանուր համոզում դառնա, վասնզի այս միտումնավոր խեղաթյուրումը ոչ միայն վնասում է Զվարթնոցի նման մի հոյակապ հուշարձանի ճանաչելուն, այլև աղավաղում է Հայաստանի քաղաքական և ազգային պատմությունը։

Իրականին միանգամայն հակասող այս աղավաղումները և քմածին մեկնությունները տարիներե ի վեր այնքան համառությամբ քարոզվեր են ոչ միայն հայերի, այլ և օտար այցելուների, գիտնական ճանապարհորդների, որ սկսել է ընդհանուրին սեփականություն դառնալ որպես մի ճշմարտություն և մի պատմական նշանավոր գյուտ, որուն կբաղձային հին պատմությամբ հետաքրքրվող գիտնականներ երկար տարիներն ի վեր։ Թեև հայ գիտնականների և բանասերների համար ծիծաղելի առասպելներ են խոսվածներն ու քարոզվածները այս պատմական «գյուտի» մասին, որովհետև անոնք, լիովին ուսումնասիրած լինելով Հայաստանի անցյալի կրոնական և քաղաքական պատմությանը, միշտ հեգնանքով և արհամարհանքով են վերաբերվել։ Սակայն սակավաթիվ հայ գիտնականներ բնավ չեն կարող արդարանալ իրենց հեգնանքով և անտարբերությունով, քանի որ անդին ահագին թվով պատմության անհմուտ մի հասարակություն ունենք, որն իբր մեծ ճշմարտություն, պատկառանքով լսում է սույն քմածին և խեղաթյուրված պատմական բացատրությունները։ Հայ գիտնականին նվիրական պարտականությունն էր մինչև հիմա փոխանակ հեգնանքով լսել անցնելու, ճշմարտությունը մամուլի միջոցով տարածելու ընդհանուր ժողովրդյան մեջ և վերջ դնելու այդ զուտ շահախնդրական առասպելներին։ Այս հարցում ոչ միայն հայ հասարակությունը պետք էր ի նկատի ունենալ, այլ և այն մեծ թվով օտարազգի գիտնականներ և բարձրաստիճան անձնավորություններ, որոնք ծանոթ չեն մեծ մասամբ հայոց պատմության և հին գրականության, անոնք հիացմամբ արձանագրում են միամտաբար իրենց հուշատետրին մեջ այս ցանկալի գյուտը և բազմակողմանի կերպով վարձատրում են գյուտարարին և մամուլի սեփականություն դարձնում թե՛ պատմական անպատվաբեր կեղծիքը և թե՛ այդ կեղծիքը ստեղծողի չունեցած արժանավորությունները։

Ուստի, Զվարթնոցի հոյակապ ավերակների մի մասին մեջ կրակապաշտական տաճար տեսնող ինքնակոչ պատմաբանի քարոզությունները սահմանափակելու և առեղծվածային կարծված հարցի լուծումը ուղիղ ճանապարհի վրա դնելու նպատակով, հարկ համարեցի ավելի ընդարձակ և մանրամասն գրել այս աշխատությունս, քան Զվարթնոցի ամբողջական ուսումնասիրության նվիրված աշխատությանս մեջ։

Էջմիածնից դեպի արևելք 3-4 կիլոմետր հեռավորության վրա կգտնվի Ներսես Գ. կաթողիկոսի ի հնումն առապար անվանած տեղի վրա կանգնած Զվարթնոց եկեղեցիի ավերակները։ Այս ավերակները որ ի սկզբան բոլորովին հողով ծածկված էին և արտաքուստ հողից վեր հազիվ նկատելի էին չորս գմբեթակիր սյուներու ծայրերը։

[1900] թվականին Էջմիածնի միաբան Խաչիկ ծ․ վարդապետ սկսել է պեղել այս հռչակավոր ավերակը։ Պեղումներով հայտնագործվեր է ոչ միայն Ներսես Գ-ի կանգնած հոյակապ եկեղեցին, որ ի հնումն բոլոր հայ մատենագիրներու մեծամեծ գովեստներով հիշատակված է և մեծ տեղ գրաված է գեղարվեստի պատմության մեջ։ Բացի տաճարեն, հայտնագործվեր են տաճարի հարավային կողմը ընդարձակ շինությունների մնացորդներ, որոնք ոչ նվազ հետաքրքրական են Զվարթնոցի կառուցման ժամանակի պատմության համար։

Զվարթնոց եկեղեցին, գրեթե եզակի մի շինություն է, ի նկատի ունենալով անոր շինության ժամանակը, միջավայրը և երկրին քաղաքական ու տնտեսական վիճակը։ Անոր հատակագծային ձևը, ճարտարապետական ոճը այնքան ինքնուրույն և Հայաստանին միայն հատուկ է, որ առայժմ թույլ եմ տալիս ինձ այդ ոճը հայկական համարելու, քանի չեն գտնված դեռ անոր նմանները Հայաստանից դուրս և ավելի հնագույն քան Զվարթնոցը։ Հայաստանի մեջ այդ ինքնուրույն ճաշակով շինված հուշարձանը միակը չէ, գոյություն ունին ուրիշ չորս մեծ և փոքր հուշարձաններ ևս Հայաստանի սահմաններում Զվարթնոցի նմանությամբ շինված, որոնք են− 1. Զվարթնոց, ս. Գրիգոր եկեղեցին 2. Անիի Գագկաշեն ս․ Գրիգորը, 3. Թավուզքյարի եկեղեցին՝ որն ըստ տեղեկատուի, շինությունը վերագրում է Ներսես Շինողին, իսկ 4-րդն է Անիի հյուսիսային պարիսպներից դուրս կանգնված գողտրիկ Հովիվի եկեղեցին: Զվարթնոցի տաճարի շուրջը բացված շինությանց մնացորդները գտնվում են հարավային և մասամբ հարավ արևմտյան կողմը, որոնք անշուշտ հատուկ էին կաթողիկոսական տան և միաբան կղերական պաշտոնեից բնակության։ Ընդհանուր ավերակները կարելի է բաժանել չորս զանազան մասերու, որոնցից մեկը միայն առարկա է եղած քմածին ենթադրությունների և մեկնությունների։ Ընդհանուր ավերակների բաժանումները հետևյալներն են.−

1. Զվարթնոց բոլորակ տաճարը։

2. Կաթուղիկոսական դահլիճը և կաթուղիկոսական բնակության հատուկ բաժանումների տաճարի հարավ արևմտյան կողմը։

3. Կաթուղիկոսական շքախումբի և միաբան հոգևորականների բնակարաններ տաճարի հարավային կողմը։

4. Անկախ մյուս մասերից մի քանի ուրիշ բաժանումներ տաճարի հարավակողան ավերակների արևելյան ծայրին։

Ահա այս չորրորդ մասն էլ որուն միմյանցից անկախ մի քանի բաժանումների փոքր ինչ տարօրինակությունը առիթ է տված պեղումները կատարող [Խաչիկ] վարդապետին մի կրակապաշտական տաճար գտած լինելու հավակնոտ և համառորեն շարունակող քարոզներին։ Չկա մի այցելու, մանավանդ երբ այցելուն օտարական է, որին առանձին ոգևորությամբ, իբրև թանկագին գյուտ չնկարագրի և բացատրե մեր «պատմաբան» վարդապետը։

Որպեսզի ընթերցողները կարողանան ինձ հետ համեմատություն կատարել և լիովին ըմբռնել այս առեղծվածային մասի հատկանիշը, հարկ անհրաժեշտ կհամարեմ կրակապաշտության ծագումեն մինչև մեր օրերը գոյություն ունեցող կրակապաշտական տաճարների ձևերը և կատարված ծիսական արարողությունները հավաքել գիտնականների ուսումնասիրություններից և ցույց տալ ընթերցողին, որպեսզի յուրաքանչյուր ոք ինքը վճռե թե, իբրև կրակապաշտական տաճար ցույց տրված մասը հեռավոր նմանություն իսկ չունի կրակապաշտական տաճարի։ Թեև տարօրինակ չէր լինի, որ Հայաստանում ևս պատահաբար գտնվեր կրակապաշտական տաճար կամ ատրուշան, քանի որ մեր հին պատմության մեջ գտնվում են հատ ու կոտոր տեղեկություններ, որ մեծամեծ անպտուղ ջանքեր և զոհողություններ եղել են սասանյան արքայից արքաների կողմե հայերին կրակապաշտ դարձնելու համար, սակայն հախուռն և առանց դրական փաստի վճռել և քարոզել, միանգամայն աններելի է։ Հիրավի, Հայաստանում պարբերաբար խիստ նեղ սահմանների մեջ և շատ կարճ տևողությամբ ոչ միայն սասանական կրակապաշտություն, այլ և Հայաստանը շրջապատող բոլոր մեծ ազգերու կրոնքներն իրենց դրոշմը դրեր են հայոց սեփական կրոնին վրա․ այդ խիստ բնական էր, իմ կարծիքով, բայց պետք է գիտենալ, թե այդ ազդեցությունը ինչ չափով եղել է, ինչքան ժամանակ տևել է և Հայաստանի ո՞ր երկրամասին վրա է եղած։

* * *

Հաստատված մի իրողություն է, որ քաղաքակրթական ամեն մի տարերք՝ գիտություն, արվեստներ, ի շարս որոնց գեղարվեստ և ճարտարապետություն, երկրե երկիր փոխանցվել են քաղաքական և տնտեսական շփումներու, պատերազմներու, գաղթականություններու և առևտրական հարաբերություններու միջոցավ։ Այսպես է պատահել նաև կրոնների և հավատալիքների փոխանցումը մեկ ազգեն մյուսը, մեկ երկրեն դեպի մյուսը։ Հաճախ պատահել է, որ պատերազմով հաղթական կամ կուլտուրապես բարձր մի ազգ, երբ քաղաքականապես նվաճեր կամ իր ազդեցությունը տարածեր է դրացի փոքր ազգերու վրա, տիրողին նշանաբանն է եղեր այդ փոքր ազգերը ձուլել իր մեջ կրոնքի միջոցավ, որպեսզի ապագային անջատողական խլրտումներ առաջ չգան և իր տիրապետությունը երկարատև լինի, այդ համաձուլման ամենեն ուժեղ միջոցը համարել են իրենց կրոնի վարդապետությունը տարածել նվաճված ազգի մեջ։ Անմիջապես կանգներ են կրոնական տաճարներ, կատարել են հանդիսավոր արարողություններ, եռանդուն կերպով անվերջ քարոզել են տիրողի կրոնի վարդապետությունները նոր կրոնին ընտելացնելու համար։ Շատ անգամ պատահել է, որ նույնիսկ բռնի միջոցների են դիմել կրոնական սկզբունքներ ընդունել տալու համար։ Այս բռնի միջոցները, պետք է ըսել որ, երբեմն օգներ են, սակայն ոչ միշտ։ Պատահել են դեպքեր, որ այդ բռնի միջոցները առաջ են բերել համայնական կատաղի ընդվզումներ, որով անփոխարինելի վնասների է ենթարկվել տիրապետելու ձգտողը։

* * *

Հայաստանը շատ կարճ ժամանակ միայն, պետական բացարձակ անկախություն է ունեցել, իսկ մնացյալ ժամանակներում, թե՛ քաղաքականապես և թե՛ կուլտուրապես, առավել կամ նվազ չափով ենթարկված է եղել շրջապատող մեծ ազգերի, բացի քաղաքական և կուլտուրական ազդեցությունից նաև որոշ չափով կրոնական հավատալիքների տեսակետով։ Այսօրվան գիտնականների մանրակրկիտ ուսումնասիրությունները ապացուցանում են, որ հին հայոց նախաքրիստոնեական կրոնը ենթարկված էր Հայաստանին տիրող կամ Հայաստանի վրա գերիշխանության ունեցող մեծ պետությանց կրոններուն, ինչպես հունա-հռոմեական, ասորա-քաղդեական, պարթևական, պարսկական և այլն և այլն։ Միայն թե ոչ մի ազգի կրոն Հայաստանում նույնությամբ չէ ընդունված, այլ տեղական ճաշակի և դատողության համաձայն, ընտրանոք մասեր պատվաստել են իրենց սեփական հիմնական կրոնին, որով հետզհետե, դարերի ընթացքում, կազմվեր է գրեթե շրջապատից անկախ մի կրոն, ծիսական առանձնատեսակ կանոններով և մեհյանական առանձին ձևերով։

Որովհետև այստեղ մեզ զբաղեցնողը պիտի լինի առանձնապես կրակապաշտական կրոնը և անոր հատուկ տաճարների ձևերը, որոնք իբր թե երկար դարեր Հայաստանի մեջ պաշտաման առարկա եղան, պիտի սկսիմ համառոտակի արձանագրել կրակապաշտության ծագումը, հաջորդական փոխանցումները և անոր զարգացման շրջանները, Հայաստանը շրջապատող հին ազգերու մեջ, քաղելով գիտնականների կատարած ուսումնասիրություններեն և վերջնական եզրակացություններեն, որպեսզի կարողանանք քննել, համեմատել Հայաստանի մասին պատմական տվյալները և անոնց հետ կապ ունենալ կարծվող հայ հուշարձանների մնացորդները։

Աշխատությանս ընթացքում, բնականաբար, պիտի համեմատության դնեմ, բացի կրակապաշտական տաճարներից նաև Հայաստանից դուրս եղող ուրիշ ազգերի տաճարները, որոնց կապը ակներև է հեթանոս Հայաստանի տաճարների ձևերի հետ։ Կարծում եմ, որ այս աշխատության ընթացքում, ես պիտի կարողանամ ցույց տալ, թե Հայաստան, ո՞ր կրոնքներից, ի՞նչ չափերով օգտվել է հավատալիքների և դիցապաշտության տեսակետով և ո՞ր ազգերի կրոնական տաճարների ձևերը եղել են իրենց ճաշակին և դավանանքին հարմար և կանգներ են տաճարներ նույն իրենց ընդունած ձևերով։

բ. Կրակապաշտություն և կրակապաշտների տաաճարները: Ինչպես կերևի, կրակի պաշտամունքը չափազանց հին է, ավելի վաղ, քան ասորա-քաղդեական հզոր պետությանց կազմվիլը, ինչպես կըսե ճարտարապետության պատմաբան Դանիել Րամե իր ճարտարապետության ընդհանուր պատմության մեջ. թե «պատմական արշալույսին գոյություն ստացավ կրակի պաշտամունքը հին տոհմատիրական ցեղախմբերի ժամանակ։ Առանց կանխադատելու, վերլուծելով հունական ավանդությունները, և անջատելով անոնք հերոսական դիցաբանություններե, Ասիո մեջ պիտի գտնենք սկյութական ցեղերի մի տիրապետության և հավատալիքների հետքերը պատմական ժամանակի արշալույսին։ Այդ տիրապետությունը ապացուցված է մի մասնավոր կրոնի գոյությամբ, որ հավանորեն կկայանար երկնային մարմիններու և կրակի պաշտաման մեջ։ Այս կրոնը մարդկային մի ուրիշ ցեղի հաստատած կռապաշտության հակադիրն էր։

Մի հատուկ անուն Զորոաստբինը, մասնավորապես կապված էր այս կրոնին, անուն մը, որ հույներ թարգմանեցին «աստեղաց պաշտամունք» անունով։ Ամեն անգամ, որ պատմության մեջ կպատահի, սեմական կռապաշտութենե առաջ նախնական սկյութների կողմից հաստատված տարերաց պաշտաման վերաբերող անցք մը, այնտեղ ուղղակի մի նմանություն կտեսնենք նախնական Զրադաշտի վարդապետության հետ։ Այն շփոթությունը, որ Զրադաշտի դարաշրջանի մասին գերակշիռ եղավ հունաց մեջ, հավանաբար կրոնական գաղափարներու կրկնակի շրջանի գերակշռությամբ կբացատրվի, այսինքն՝ սեմական տիրապետության հիմնարկութենեն առաջ տարերաց մի պաշտաման գոյությամբ և այս պաշտաման կրկին վերանորոգմամբ, որ երևան եկավ աքեմենյանների օրով, սեմական վարդապետությունների տասն և յոթը դար տիրապետող լինելուց հետո»։ (Daniel Rimée. Hist. générale de l’Architecture, t. 1, p. 48-49)։

Այս տողերից հետո, հեղինակը զանազան հին մատենագիրներից և նոր գիտնականների տեսություններից վկայություններ կբերե, հաստատելու համար այն տեսությունը, թե Զորոաստրի պաշտամունքը շատ հին է և Զրադաշտի ձեռքով վերանորոգված է Աքեմենյաններու ժամանակ։

Այս ամենահին շրջանի կրակի պաշտամունքն է, որ հետո փոխանցվել է Ասորա-Քաղդեային։ Թե ե՞րբ և ինչպե՞ս է փոխանցվեր, այդ պարագաները մանրամասն գրել իմ նպատակես դուրս է, միայն թե ես այստեղ պիտի ընդգծեմ, նախքան Աքեմենյանները և Սասանյանները, կրակի պաշտման գոյությունը Ասորա-Քաղդեայի մեջ, հիմնվելով զանազան արժանահավատ վկայությանց վրա՝ համառոտակի կքաղեմ այն տեսությունները, որ այս մասին ունեցեր են մեր ժամանակի գիտնականները։

Նախապես պետք է գիտնալ, որ հին ժամանակներու բազմաստվածության մեջ, աստվածությունները երկու դասակարգի կբաժանվեին․ առաջինները բարձրագույն ստեղծող աստվածություններն էին, որոնք բովանդակ տիեզերքի կազմակերպության և կառավարության մեջ իրենց առանձին դերն ունեին, երկրորդները բարձրագույն աստվածներու ձեռքով ստեղծված էին և անոնց ստորադրյալ սրբություններ կամ ոգիներ էին, որոնք բարձրագույն աստվածներից լիազորված էին անկախ կերպով գործել բարձրագույն աստվածների կողմից՝ իրենց հանձնված որոշ պաշտոնը կատարելու համար։

Տիեզերքի կառավարության համար բարձրագույն աստվածների ձեռքով ստեղծված երկրորդական աստվածությունների կամ պաշտելի ոգիների շարքին մեջ էր կրակի աստվածությունը, որը պաշտաման առարկա էր և կհամարվեր երկնից արեգական ներկայացուցիչ՝ բովանդակ երկրի վրա։

Քաղդեական երկրորդական աստվածությունները բաժանված էին երկու դասակարգի, դասակարգերեն մեկը, իբրև օգնական և գործակատար մեծ աստվածների, բարի ոգիներ էին, իսկ մյուս դասակարգը՝ չար ոգիներ էին, որոնք ոչ միայն մարդկանց մոլորեցնելու և վնասելու համար անդադար կգործեին, այլ և այդ երկու դասակարգերը իրար դեմ անդադար կռվում էին։

Մեծ աստվածներ, չար ոգիներու պատճառելիք վնասները չեզոքացնելու համար, բարի ոգիներուն օգնության կկանչեին, որոնք անդադար կկռվեին չար ոգիների հետ և անոնց կհալածեին։ Բարի ոգիներեն մեկն էր Gibil կամ Gibir կրակի աստվածությունը, որ գիշերից և խավարամած ջրերից առաջ եկող Anounnski կոչված չար ոգիների ամենազորեղ թշնամի աստվածությունն էր։ (G. Maspero. Hist. anclenne des peuples de l'Orient classique. Paris, 1895, p.634-635.)։

Տների վառարանների մեջ զոհի սեղանների վրա վառված կրակի բոցերի երևումը կփախցներ չար ոգիները և կցրեր անոնց զորությունը։ Կրակը երկնքի արեգական ներկայացուցիչ կամ գերագույն քրմապետ էր երկրի վրա, իր բոցեղեն լեզուներով կխայթեր հակառակորդին և պատգամաբերն էր Mardouk կամ Asari-ի G. Maspero. Hist. ancienne des peuples de l’Orient. Paris, 1904 թ., 164)։

Շարդեն, քննելով Ատրպատական բառի ծագումը և ստուգաբանությունը, կհետևեցնե, որ այս երկիրը պատկանելով հին Ասորեստանին և Ասուրի միջոցավ կրակի պաշտամունքը ընդհանրանալուն պատճառող այս երկիրը կոչվեցավ Asurpaican այսինքն՝ pays d'Assour= ասուրի երկիր, որ նշանակում է նաև կրակի երկիր։ (Voyages du chevalier Chardin en Perse, t. II, p. 308-312, Paris, 1811.)

Թեև ձեռքի տակ չունիմ ասորա-քաղդեական կրոնի մասին ընդարձակ աղբյուրներ, սակայն կարծում եմ, որ ավելիին իսկ կարիք չկա, քանի որ անոնց կրոնական տաճարների ձևերը ընդհանրապես միօրինակ են և ունիմ ձեռքի տակ անոնց մի քանի օրինակները աշխատությանս մեջ զետեղելու համար, այստեղ էականն այն է, որ հնագույն կրակապաշտությունն էր, որ ընդունված էր ասորա-քաղդեական կրոնի մեջ և շարունակվում էր գուցե նախորդեն քիչ տարբեր վերագրումներով և երկրորդական մի աստվածություն կամ պաշտելի ոգի էր։

Ասորա֊Քաղդեայի մեջ զարգացող բազմաստվածյան կրոնը այնպիսի բարդությունների հասեր էր և այնպիսի խառնափնթոր մի վիճակ էր ստացել, որ քաղաքե քաղաք, երկրե երկիր միևնույն աստծուն տարբեր վերագրումներ էին հատկացնում, բացի այս, նաև երկրի զանազան մասերում այնպիսի տեղական նոր աստվածություններ էին երևան գալիս, որը երկրի ուրիշ մասերում անծանոթ էր։ Ահա այս անկերպարան վիճակին էր հասած Ասորա-Քաղդեայի բազմաստվածյան կրոնը իր անկման վերջին շրջաններում, երբ տեղի տվավ ուրիշ նորագույն աշխարհակալների։ Գրեթե միևնույն հողի վրա, միևնույն երկրին տիրապետող իրանական ցեղին անցավ հին բազմաստվածությունը՝ իբրև պետական կրոն և հասավ մի անտանելի քաոսային դրության։

«Կըսվի թե ժամանակի պահանջն էր Զրադաշտի երեվնալը, ինչպես նաև տարօրինակ մի զուգադիպությամբ Զրադաշտի հետ միասին երևան են գալիս Չինաստանի մեջ Կոնֆուցիուս և Հնդկաստանի մեջ Բուդդա 6-րդ դարուն Ք․ ա․։ (D. Ramée. Hist. générale de l'Architecture, t. I, p. 46):

Տարակույս չկա, որ կրոնական այսպիսի բարդ և մարդկային ընկերականության խղճին ու սրտին վրա ծանրացող մի ընդհանրական դրություն, առիթ պիտի տար բարեկարգիչներ երեվալուն։ Միայն Պարսկաստանում, Չինաստանում և Հնդկաստանում չեն որ հավատացյալները մի կոշմարային դրությունից ազատելու համար երեվան են եկել բարեկարգիչներ, կրոնը պարզելու և ավելի բարոյական սկզբունքների վրա հիմնելու համար։ Այս իսկ պատճառներով է եղել, որ հետագայում ևս երևացել են ուրիշ բարեկարգիչներ ամեն ազգի և կրոնների մեջ, սակայն այս մասին խոսել իմ նպատակիցս դուրս է։

* * *

Որովհետև այժմ զբաղվելու ենք հին բազմաստվածյան ազգերի տաճարներու ձևերով, որոնք հետզհետե փոխանցվեր են հաջորդող ազգերուն, ուստի գիտնականների տված տեղեկություններեն հաջորդաբար կքաղեմ այն գլխավոր մասերը, որոնք տաճարների ձևերին կվերաբերին, ծիսական արարողություններից կդնեմ միայն այն հատվածները, որոնք անմիջական կապ ունին տաճարի ձևին հետ և տաճարի ձևը ավելի լավ բնորոշելու հատկանիշն ունին։ Ուստի նախապես բնորոշենք այն տաճարներու ձևերը, որոնք կգտնվեին նախքան քաղդեացիները՝ հին ցեղերի գաղթականության ժամանակ։

Քիչ առաջ գրեցի, որ հին սկյութացիների մեջ երևցավ բնապաշտական կամ երկնային մարմինների մի պաշտամունք, ի շարս որոնց կգտնվեր նաև կրակի պաշտամունքը, այս մասին հետևյալը կգրե Շարդեն․− «Այս հին ազգերի պաշտաման արարողությանց համար, ինչպես կգրեն, հատուկ շինություններ չեն եղած իբր տաճար, ինչպես երևում է այս հին ազգերի կրոնական արարողությունները կատարվել են բացօթյա որոշ տեղերի վրա, որոնք թե աղոթատեղիներ էին և թե կրոնական հանդիսավայրեր»։

Այս մասին Շարդեն կգրե հետևյալ տողերը. «Կային նաև ազգեր, որոնց կրոնական պաշտամունքները կկատարվեին բարձր բլուրներու և սարերու վրա, այս մասին կան բազմաթիվ վկայություններ….» (Voyages du chevalier Chardin en Perse, t. II, p. 76):

Ասորա-քաղդեական կրոնն իր նախնական պարզ վիճակին մեջ ըստ էության բնության և երկնային աստեղաց պաշտամունք էր և բնականաբար մի տեսակ շարունակություն հին սկյութական կրոնին, սակայն ասորաքաղդեացիք, իրենց նախորդներու նման չվարվեցին. փոխանակ քաղաքներե և մարդկային բնակություններե հեռու գնալով կրոնական հանդիսավոր պաշտամունքներ կատարելու, արվեստական կերպով այդ բարձունքները կամ սարերը մոտեցրել են քաղաքներին և մարդկային ամբոխին հսկայական ձեռագործ սարեր և բլուրներ կազմել, որոնց մասին ընդարձակ նկարագրություններ ունին ներկայիս պատմաբան-գիտնականներ։

Ասորեստանյան վիթխարի տաճարներն էին Zigho-urat անվանված շենքերը, որոնց փլատակները միայն կան տեղին վրա, սակայն եվրոպացի գիտնականներ ոչ միայն անոնց նկարագիրը տվել են մեզ, այլ և այդ վիթխարի տաճարների վերակազմությունները։ Ճարտարապետության պատմաբան A. Choisy-ն հետևյալը կգրե այդ մասին. «Այն հսկայական բլուրներու նմանող աշտարակները, որոնք Բաբելոնի գլխավոր հուշարձանները եղան, մեհյանները և միևնույն ժամանակ աստղադիտարաններ էին, աստեղաց պաշտաման մի երկրի մեջ երկու գաղափարները կմիախառնվեին։ (A․ Choisy, Hist․ de l’Architect, t. I, p. 101-102):

Սկսած ասուրա-քաղդեական ամենահին շրջանեն մինչև աքեմինյան պետության կազմակերպման նախօրյակին, պաշտաման հատուկ տաճարների մասին թեև պատմական տեղեկություններ շատ հազվագյուտ են և եղածներն ալ խոսում են հօգուտ Ziggourāt-ի, սակայն այսօր պատմագիտության սեփականությունն են դարձած այն մեծազանգված շինությանց փլատակները, որոնք անվիճելի կերպով քաղդեական մեհյաններ և միևնույն ժամանակ աստղադիտարաններ էին։ Այս Ziggourāt-ները շինելակերպերու կամ փոքր հարամասունքներու մեջ, թեև փոքրիկ տարբերություններ ունեն միմյանցից, սակայն ընդհանուր ձևերով միատեսակ են ամբողջ ասորա- քաղդեական երկրին մեջ։ Ուրեմն այլ ևս Ասորա-Քաղդեայի համար կրոնական տաճարի ուրիշ ձև փնտրելը ավելորդ կլինի և սկզբից մինչև վերջ միմիայն Ziggourāt-ը կմնա իբրև պաշտաման տաճար։ Ziggourāt-ի լեռնանման վիթխարի զանգվածին գլուխը միայն կգտնվեր մի փոքր հարկածածուկ շենք, որուն մեջ կդրվեին ըստ ոմանց մի մեծ աստծու արձան, և ըստ այլոց գիշերները անքուն կանցներ այդ սենյակին մեջ մի քուրմ, որուն պաշտոններեն մեկն էր հսկել և դիտել մինչև առավոտ երկնից աստղերի ընթացքը։ Այս հսկայական շենքերի մասին ես կդնեմ այստեղ գիտնականների և պատմաբանների տված նկարագրություններն ու բացատրությունները։

Ziggourāt-ի այլազանություններեն մեկը և պետք է ըսել ավելի մեծն ու ճոխը, որ ըստ Maspero-ի ընդհանրացած էր, այս այլազանություններեն մեկ օրինակին, Belus-ի նվիրված մեհյան Ziggourāt-ն է, որուն մանրամասն նկարագրություն կուտա ճարտարապետության պատմաբան Դ․ Ռամո, հետևյալ կերպով.

«Բաբելոնի հարավ-արևմտյան անկյունին վրա Մեմփիսի պիրամիդներեն հետո ամենահին հիշատակարանը Belus-ի մեհյանն էր հիմնված։ Այս հսկայական շենքը գտնվեցավ Birs Nemrod ըսված ավերակներուն մեջ, Եփրատեն ինը կիլոմետր հեռավորության վրա։ Այս ավերակներուն ծագումը երկար ժամանակ անորոշ էր, կարծում էին, որ Բաբելոնի ավերակներեն այս չափ հեռու ընկած տեղ, չէր կարող քաղաքի (Բաբելոնի) մասը կազմել: Բելի կամ Բաաղի մեհյանը, ի սկզբան ունեցավ մի քառակուսի պարիսպ ամեն կողմեն երկու ստադ երկարությամբ, որուն մտից դռները անագապղնձե էին, և գոյություն ունեին տակավին Հերոդոտի ժամանակ (484-425 ն. ք․)։

Կեդրոնին վրա, կանգնված էր մեծազանգված մի քառակուսի շինություն, ամեն կողմեն մեկ ստադ (184 m 94.) (Herodote, II, CCLXXXI.):

Առաջին շինության վրա կանգնված էր մի ուրիշը (ներքինից ավելի փոքր տարածությամբ), երկրորդին վրա մի երրորդ և այսպես շարունակաբար մինչև յոթը։ Սա ութ աստիճանով մի բուրգ էր խարիսխի չափով մի ստադ բարձրությունով, արտաքուստ շինված էին աստիճաններ, որոնցմով կբարձրանային յուրաքանչյուր հարկի վրա։ Այս սանդուղներու կեդրոնին վրա կգտնվեին մի խուց և աթոռներ, որոնց վրա կհանգստանային բարձրացողներ։ Թեև պատմական տեղեկություններ չկան այս հարկերու բարձրության մասին, սակայն անոնց յուրաքանչյուրը պետք էր որ 23 մետր բարձրություն ունենար։ Վերջին հարկի հարթավայրին (տանիքին) վրա կգտնվեր մի մեծ մատուռ, մատուռին մեջ մեծ շքեղ անկողնին մոտ մի ոսկեղեն սեղան։ Այս մեհյանին մեջ բնավ արձաններ չկային։ Քաղդեացի կղերականները պատմեցին Հերոդոտին որ, երկրեն մի կին գիշերը կանցներ այնտեղ, ինչպես Եգիպտոսում Թեբեի Ամմանի տաճարին մեջ, ինչպես նաև Լիսիում Պատարի (patare) մեջ։ «Այս ութ աստիճանավոր բուրգի ստորոտը կտեսնվեր մի մատուռ, ուր Բելը նստած ներկայացնող ոսկեղեն մի մեծ արձան, արձանին մոտ ոսկեղեն մի մեծ սեղան, պատվանդանը և աստիճանները նույնպես ոսկեղեն էին, քաղդեացիները Հերոդոտին ասացին, որ այն ամենը արժեն ութ հարյուր ոսկի տաղանդ (հիսուն և վեց միլիոն ֆրանկ)։ Մատուռին դուրսը ևս կտեսնվեր մի ոսկեղեն (զոհի) սեղան և ուրիշ մի շատ մեծ սեղան, որուն վրա կզոհեին տարեկանից վեր զոհեր, որովհետև ոսկեղեն սեղանին վրա թույլատրելի է զոհել միմիայն կաթնակեր անասուններ։ Քաղդեացիները այս աստծո տոնին օրը, մեծ սեղանին վրա, ամեն տարի, հազար տաղանդ կշիռի ծանրությամբ խունկ կծխեին (Herodote, II, CCLXXXIII) գրեթե 24,970։ Սրբազան պարիսպին մեջ կար նաև 12 արմկաչափ բարձրությամբ ոսկեձույլ մի արձան, որը Քսերքսես գրավեց։

«Հավանաբար այս բուրգն էր, որ քաղդեացիք իբրև աստեղագիտական դիտարան ծառայեցուցին, անշուշտ այնտեղ էր, որ Նաբուգոդոնոսորեն առաջ գիտնականներ հաստատեցին իրենց դիտարանը»։

«Ալեքսանդր վճռած էր, որ իր Հնդկաստանեն վերադարձին, նորոգեր Baa-ի տաճարը, իր վերջին օրերուն տասն հազար բանվոր աշխատցուց այս ձեռնարկի համար երկու ամսվան մեջ, բայց հազիվ կարողացավ նախկին շինության փլատակները մաքրել։ Մահը ընդհատեց այս աշխատությունները և իրմե հետո, ոչ ոք չի մտածեց այս աշխատությունները շարունակելու մասին»։ (D. Ramée Hist․ génerate de l’Architect. տ. I, p. 306-308):

Այս Ziggourāt-ն «այն աստիճանավոր աշտարակն է, որ հույները հիացել էին, Բաբելոնի մեջ…… անոր ավերակները կմնան, բայց դարերու ընթացքին մեջ՝ խորապես այնքան հաճախ խառնված էր, որ այսօր այլևս չի գիտցվեր, թե, ի՞նչ կբովանդակեր նախնական շինությունը։ (G. Maspero. Hist. ancienne des peuples de l’Orient classique, Paris 1895, p. 628): Եվ որ ավելի հետաքրքրական է և կարևոր այս աշխատությանս համար, «Մինչև այժմ ներքին հարկաբաժիններու ոչ մի հետք չի գտնված»։

«Այլազանության երկրորդ տեսակը որուն ընդհանրապես ստորին Քաղդեայի մեջ ավելի նախապատվություն տրված էր, տարբերությունը այն էր, որ փոխանակ միմյանցից հետզհետե փոքրացող խորանարդ զանգվածները կեդրոնին վրա մեկմեկու վրա բարձրացնելու, չէին անցներ կեդրոնական ուղղահայացը և մեկ կողմին վրա՝ հետևը հանկարծական կբարձրանար հողեն, իսկ հակադիր կողմը կբացվեին ընդարձակ հարթավայրեր։ Հարկերը ամբողջովին շինված էին արեգակի տակ չորացված կավի զանգվածներով։ Ամենակատարը եղած մատուռը միմիայն մի սենյակի չափ էր, մի զոհի սեղան կկանգնվեր դրան առջև։ Վերև կբարձրացվեր բացօթյա ուղիղ սանդուղներով, միայն յուրաքանչյուր հարթավայրի վրա առավել կամ նվազ ընդարձակությամբ ընդհատված գավիթով մը։ Այս երկրորդ «այլազանության Ziggourât հաճախ կգտնվեին ինչպես մեկը Ուռի, մյուսը Երիգուի, մի երրորդը Ուրուկի (Ourouk մեջ, առանց խոսելու անոնց մասին, որոնք չեն հետազոտված»։ (G. Maspero, անդ, էջ 627-628)։

* * *

Որովհետև իմ նպատակս ասորաքաղդեական կրոնի աստվածաբանությունը ուսումնասիրելը չէ, կարծեմ թե բավական է ընդհանուր գծերով տված տեղեկությունները այդ հին կրոնի տաճարների մասին։ Թեև կրոնը ժամանակի ընթացքում չափազանց բարդացել և մի բազմաստվածություն ստեղծվել էր։ Եվ տեսանք միևնույն ժամանակ, թե ի՞նչպես աստվածություններ երկու դասակարգի էին բաժանվեր, այսինքն բարձրագույն աստվածություններ և երկրորդական աստվածություններ կամ պաշտելի սրբություններ։

Իմ նպատակիս համար անհրաժեշտ էր մի քիչ ավելի մանրամասն զբաղվել անոնց տաճարներ ու ձևերով, հետևաբար մեջ բերի օրինակներ և տաճարներու ձևեր, որոնք բավական կլինեն ըմբռնելու համար թե ինչպես, նախապես բնապաշտ ժողովուրդը լեռներու և բարձունքներու վրա ծիսական արարողություններ կատարելե հետո, բնական բարձունքներուն վերջնական ձևը տվավ արվեստական բարձունքներով, այսինքն շինելով լեռնանման բարձր Ziggourât-ներ քաղաքներու և բնակություններու մոտիկ, որով ժողովուրդը ազատվում էր մասամբ աղոթքներու և հանդեսներու համար հեռավոր սարերու գագաթները բարձրանալու դժվարությոհեներից։ Որչափ որ անոնց հավատալիքներու մեջ խառնիխուռն բարդություններ առաջ եկել են, բարեբախտաբար իրենց տաճարներու ձևերը մինչև վերջը մնացեր են անփոփոխ իրենց պարզությամբ, մինչև այդ պետության և պետության հետ կրոնի անկումը և Ասորա-Քաղդեային փոխարինող նոր ազգերի կրոնական վերածնությունը։

* * *

Ասորա-Քաղդեայի կրոնը գրեթե սեփական կրոն դարձավ Ասորեստանին տիրապետող իրանական ցեղերին և երկրին հետ միասին ժառանգություն եղավ նաև անոնց կրոնը։ Սակայն Ասորեստանին տիրապետող ցեղերն ունեին նաև իրենց սեփական հավատալիքները և կրոնական պաշտամունքները, որոնք խառնվեցան հին քաղդեական և ասորեստանյան կրոնի վարդապետությունների հետ և առաջ բերին մի անհանդուրժելի կացություն։

Հին բազմաստվածության վրա ավելանում էին միշտ նոր աստվածություններ և նորանոր սրբություններ, որոնց պաշտամունքը և մոգեր ու միշտ մեկզմեկ հակասող վարդապետությունները տաղտուկ ու դժգոհություններ էին պատճառում ժողովրդին։ Ուստի այս ընդհանուր դժգոհությունը և խառնիխուռն վարդապետությունը բնական էր, որ պիտի առաջ բերեր մի մեծ հեղափոխություն, որուն գլուխը պիտի կանգնված լիներ մի մեծ մարգարե կամ պատգամախոս, որուն հետևանքը կլիներ հեղաշրջում և կրոնի պարզության, ինչպես միշտ պատահել է ուրիշ երկրների հին կրոնների վերածնության և ընդհանուր բարեկարգության ժամանակ։

Նախկին Ասորեստանին հետագայում տիրապետող չորս զանազան իրանական ցեղերու, Մեդիայի, Բակտրիայի, պարսիկների և պարթևների կրոնը եղել է ասորեստանյան նախկին բնապաշտությունն և միևնույն ժամանակ կրակի պաշտամունքը (Դ․ Ռամո, անդ, 346)։ Որ բակտրիական և պարսկական կրոնը ասորաքաղդեական կրոնի ազդեցության տակ էր և կամ անոր մի տեսակ շարունակությունն էր, անժխտելի ապացույց են համարում, Ասուր աստծու խորհրդանշանին, պարսկական կրոնի մեջ ընդունվելը քիչ փոփոխությամբ, առանց ընդհանուր ձևը և վերագրումը փոխվելու, միայն Ասուր անունը փոխվեցավ Ահուրամազդայի։

Ասորեստանյան բազմաստվածության կրոնը մինչև իրանական ցեղերուն անցնելը նոր վերածնություն կամ բարեկարգություն չի հիշվում պատմոթյան մեջ, բայց Ասորեստանի անկումից հետո Բակտրիայի մեջ երևան է գալիս մի բարեկարգելի ավանդություն այն է՝ Զրադաշտի վարդապետության և սկզբունքների քարոզությունը, որն անցնում է նաև աքեմինյան պարսիկներին։

Ահա այս Զրադաշտի քարոզած Ահուրամազդան է, որ Հայաստանում հայ ժողովուրդից պաշտվեր է հայկական Արամազդ անունով։ Զրադաշտի վարդապետության համաձայն Ահուրամազդան տիեզերքը ստեղծող գլխավոր աստվածն էր, և կներկայացներ արեգակի, լուսնի, հողի, ջրի և ուրիշ մարդկային ճակատագրի վրա բարերար ազդեցություն ունեցող մի քանի տարրերի պաշտամունքը։ Թեև կրակի պաշտամունքը մազդեականության սկզբնավորության ժամանակ գոյություն ունեցավ, սակայն, ինչպես տեսանք նախապես այս պաշտամունքը շատ հին ժամանակներից է գալիս, բայց ոչ իբրև գլխավոր աստվածություն, այլ իբրև մեծ սրբություն, իբրև արեգակի երկրավոր ներկայացուցիչ։ Շատ տարիներ հետո սասանական շրջանին է, որ կրակին վերագրված զորությունները բազմանալով աստվածացավ, որուն շուրջ դրվեցան բազմաթիվ աղոթքներ և ստեղծվեցան երկար ծեսեր և արարողություններ։

Քանի որ իմ գլխավոր նպատակս է կրակապաշտական տաճարների մասին կատարել հետազոտություններ և բաղդատություններ, հետևաբար հարկ կհամարեմ մի քիչ ավելի երկար և մանրամասն գրել ոչ միայն տաճարների և անոնց ձևերի մասին, այլ և այդ տաճարների մեջ կատարված արարողությանդ և ծեսերու այն մասերի վրա, որոնք բավականին տաճարների ձևերը բնորոշելու հատկությունն ունին։ Ուստի այս մասին աշխատությանս մեջ կրկին տեղ պիտի տամ սույն կրոնը ուսումնասիրող և հաստատուն եզրակացություններ ու հասնող գիտնական պատմաբաններու։ Կարևոր մի հանգամանք է գիտենալու համար, թե Զրադաշտի երևնալը որչափ որ ավանդություններ կվերագրեն Բակտրիայի կամ աքեմինյան առաջին ժամանակներին, սակայն, գիտնականների ուսումնասիրությունները միմյանց հակասող եզրակացության են հասնում անոր երևնալու ժամանակի մասին: Գիտնականներից ոմանք միանգամայն առասպելական միայն կհամարին Զրադաշտը, ուրիշներ, որոնք հավատում են անոր գոյության, շատ հին ժամանակներու կտանին։ Արդ, ինքս, որ պատմաբան կամ պատմագիր չեմ, հետևաբար ոչ մի սեփական կարծիք չեմ կարող ունենալ այս մասին, ուստի կքաղեմ հատվածներ հանրածանոթ գիտնականներից։

* * *

Մեդացիների և պարսիկների կրոնը՝ իրենց իրապես և հաստատապես պատմության ասպարեզ իջնելու պահուն− Զորոաստրի կրոնն էր, սակայն ենթարկված մի կերպ բարեփոխության կամ մի տեսակ վերածնության։ Այն Զորոաստրը, որ ապրում էր Վշտասպի, այսինքն՝ Դարեհի ժամանակ, որը բարձրացավ Կյուրոսի և Կամբիզի գահը և գլուխ եղավ պարսիկների աքեմինյան ընտանիքի ճյուղ բակտրիական տոհմի, վերահաստատեց մի կրոն Ասորեստանի այն մասի վրա, որ ձևակերպված և գործադրության մեջ էր ասորեստանյան պետության արիական տարրերի կողմից։ Այս կրոնը կբաղկանար եգիպտացիներից փոխառյալ սկզբունքների մի խառնուրդե և սեմական երկասիրություններե։ Զորոաստրի ծագումը Ատրոպատենից էր, ուր գոյություն ուներ Սպոտա կամ Ուրմիա մեծ լիճը, Վերին Մեդիայի գավառում։ Այստեղ այս պաշտամունքը օտարականների հովանավորության ներքո ավելի անաղարտ պահված էր, քան թե դաշտային տեղերու մեջ։ Այս կրակի պաշտամունքը շատ հին էր, ինչպես ասել ենք մեր ներածության մեջ, կվերաբերի Horma իմաստունին, որ ինք ևս աստվածացավ։ Նա հույներից անվանվեցավ Omanos, որ ներկայացված է անմահացնող կենաց ծառով։

Բոլոր հեղինակներ համաձայն են այն կետի վրա, թե պարսիկներ աստվածներ ներկայացնող արձաններ չունեին։ Պոզանիաս (աշխարհագիր 11-րդ դարու) և Ստրաբոն (Տիբերիոս կայսեր (14-37) ժամանակակից) առաջինն են, որ աթաշկահի կամ կրակի սեղանի (aut I) մասին կխոսին, ինչպես որ այսօր կտեսնվի աստվածուհին պետք էր որ մեհյաններ ունենային և թե կհաստատե, որ պարսիկներ, հետնագույն ժամանակների մեջ իրենց աստվածներուն մարդկային կերպարանքովը արձաններ են շինել. Օքյուսի որդի Արտաքսերքսես, պետք է որ առաջին անգամ մտցրած լինի այս պաշտամունքը, ինքը պետք է հրամայած լինի, որ Անահիտի արձանները շինվեին Բաբելոնի, Շոշի, Էկբատանի, Պերսեպոլսի, Բակտրիայի, Դամասի և Սարդայի մեջ։ Այսօր տակավին կտեսնվին Դարեհի կանգնած հուշարձանների վրա Ասորեստանի նմանությամբ աստվածությունների խորհրդավոր պատկերներ և Ստրաբոն կհաստատե, թե Omanos (Horma) աստվածը և Անահիտ աստվածուհուն պետք էր որ մեհյաններ ունենային և թե Omanos-ի պատկերները կտարվեին զանազան հանդեսներու։ Վերջապես, զարմանալի չէ, որ արևմտյան իրանցիները, շրջապատված կրոնական արձաններ գործածող ժողովուրդներով, կամաց-կամաց չազդվեին և մուտ չգտներ իրենց մեջ արձանների գործածությունը։ (D. Raméе, Hist. generate de l’architecture, p. 346-349).

* * *

Ապահովապես նվազ ծանոթ են արևելքը կառավարողներ. դասական ժամանակի պատմագիրներ կարողացան միայն Պարսկաստանի նկատմամբ ընթացիկ ավանդությունները հավաքել, տիրապետողները ոչ մի հիշատակարան չեն թողած իրենց պատմության։

Կրոնը ավելի արևելքում հաստատված էր իր խոշոր գծերուն մեջ, երբ ժողովուրդը ապստամբեցավ Ասուրբանիպալի դեմ և այն ժամանակվան տիրապետողի կրած խոստովանող անունը ապացույց է, որ կրոնը գործածության մեջ էր արքայական ընտանիքի մեջ։ Գրեթե չպիտի կարողանանք հասկանալ այն զանազան հեղաշրջումները, որ կատարվեց այս կրոնը իր ամենահին ձևը ստանալեն առաջ, որոնք սուրբ գրքերը պահեր են մեզ։ Ըստ ոմանց մազդեականությունը ծագում առավ Аryanām Vāedo-ի մեջ, ըստ այլոց միայն Մեդիայի մեջ ծագում առավ՝ իրանական գաղթականության գրեթե վերջին ժամանակներուն մեջ։[13] Հուսկ հետո, ինչ որ դարերու գործ էր վերագրեցին միայն մի մարդու ազդեցության, ազգային ավանդությունները, ճշմարիտ կրոնը հաստատած լինելու պատիվը վերագրեցին Զրադաշտ (Զորոաստր) մարգարեին։ Գրեթե դասական ժամանակների բոլոր գրողներ համաձայն են այս անձնավորությունը առասպելական հնագույն ժամանակի մեջ դնել։ Հեռմիպպոս և Էուդոքս կպնդեն թե, նա կծաղկեր Ալեքսանդրից վեց կամ յոթը հազար տարի առաջ, բայց Պլինիոս կըսեր, թե հազար տարի առաջ էր քան Մովսես և Լյուդացի Քսանթաս կհաստատե, որ իր մահվանեն վեց հարյուր տարի էր անցել,[14] երբ Քսերքսես արշավեց Աթենքի վրա։ Ըստ ամենահին ավանդության նա ծնած էր Ռաքայի մեջ Մեդիայում կամ Ատրպատականի մեջ և կապրեր իրանական ցեղի առաջին դարուն, այն ժամանակներում, որ ժողովուրդը տակավին բնակած էր Բակտրիայի մեջ։ Նա արքայական սերունդից էր և նախքան իր ծնունդը աստծուց ընտրված էր աշխարհը բարեկարգելու համար։ Իր մանկությունը և երիտասարդությունը մշտական պայքար եղավ հանդեպ դեվերու, միշտ հարձակող եղավ, միշտ հաղթող էր և ամեն մի փորձությունից ավելի կատարյալ դուրս կգար։ Երբ երեսուն տարեկան եղավ գերագույն ոգի Վոհումանո երեվցավ անոր և առաջնորդեց Ահուրամազդայի ներկայության։ Աստված հարցաքննության հրավիրելով հարցուց անոր. «որոնք են երկրի վրա լավագույն արարածները», նա պատասխանեց, որ «մարդկանց մեջ այն է լավագույնը, որուն սիրտը մաքուր է»։ Հետո ուզեց գիտնալ յուրաքանչյուր հրեշտակի անունն ու պաշտոնը, բնույթը և վերագրումները, վատ սկզբունքները։ Ահուրամազդան անցավ բոցեղեն լերան վրայեն, թույլ տվավ բանալ իր մարմինը և սրտին մեջ հալած մետաղ լեցնել տալ, առանց որևէ վնաս կրելու։ Այս բաներե հետո, աստծու ձեռքից ընդունեց Ավեստան՝ օրինաց գիրքը և վերստին ղրկվեց երկրի վրա։ Aourvatāçpa "բդի Վիշտասպի մոտ, որ կթագավորեր այն ժամանակ Բակտրիայի վրա և ասպարեզ կարդաց պալատի գիտնականներուն։ Երեք օր երեսուն հոգի աջ կողմեն, երեսուն հոգի ձախ կողմեն փորձեցին վիճել և մոլորեցնել, երբ որ վիճողները խոստովանեցին իրենց պարտվիլը, այն ժամանակ հայտարարվեց, որ ինքը կուգար աստուծո կողմեն և սկսեց կարդալ Ավեստան վեհապետներու առջև։ Իմաստուններից հալածվելով և իբրև խաբեբա և անբարիշտ ամբաստանվելով, անոնց հաղթեց պերճախոսությամբ իր հրաշքներով։ Վիշտասպը՝ իր կինը և զավակը հավատացին անոր և ժողովուրդյան մեծ մասը հետևեցին անոնց օրինակին։ Ավանդությունը նաև կավելացնե թե տակավին երկար ապրեցավ ամենից մեծարված իր առաջնորդության սրբության պատճառով։ Ըստ ոմանց կայծակնահար մեռավ, ըստ ուրիշների Balkh-ի (Բակտրիա) մեջ թուրանյան մի զինվորի ձեռքով խողխողվեց։ Հաճախ խնդիր եղած է, որ նա մի պատմական անձնավորություն է, թե՞ մի դիցաբանական հերոս, այսպիսի մի հարց որոշ կերպով չի կարելի վճռել, բայց կարելի է ապահով լինել որ, եթե իսկապես ապրեցավ, սակայն իր անունից ջոկ անկեց ոչինչ չհասավ մեզ։

Սկզբում, Իրանի գլխավոր աստվածը երկինքի ամբողջական բոլորակն էր, աստվածներից ամենեն զորավորը, որովհետև նա «հագած ուներ երկնքի հաստատուն կամարը», ավելի գեղեցիկը, ավելի իմացականը, որուն անդամները ունին ամենեն ավելի ներդաշնակ համաչափություն, իր մարմինը լույսն է, «Գերագույն և անսահման» արեգակը և լուսինը իր աչքերն են։ Հետո առանց կորցնելու իր նախնական հատկանիշը, հետզհետե փոխվեցավ վերացականի և գրեթե ամբողջովին հեռացավ նյութականից։ Սկզբում, Ահուրամազդան ներկայացնելու համար փոխ առին Ասսուրի խորհրդանշանը և արձանագործները թևավոր բոլորակի կամ պսակի մեջեն դուրս եկող մի կիսամարմին ցույց տվին, ինչպես հարթաքանդակ կդրոշմվեր Նինվեի հուշարձաններու ճակատին. հետագային երևակայեցին պատկառելի հասակով մի թագավոր, որ կհայտնվեր երբեմն Իրանի գերիշխաններուն։ Ահուրամազդա անունը կուտային անոր ամենագետ, բարության ոգի, գերազանցորեն իմաստուն, «լուսավորը, շողշողունը, ամենամեծը, ամենաբարին, ամենակատարյալը, ամենաիմաստունը և ամենագեղեցիկը»։ Ինք անստեղծ է, բայց ս-տեղծել է ամեն ինչ, իր գործերի վարչության մեջ, ներկա է իրեն ենթարկված էություններու լեգեոնով։ Իր աջակիցների կարողագույնները վեց հատ գերագույն ոգիներ են, որոնք Ameshaçpeոtas (Amchaspands) «բարեգործ անմահներ» կկոչվեին։ Սկզբից բնության աստվածներն էին արեգակը, լուսինը, երկիրը, քամիները և ջրերը, բայց հետո անոնց նվազ նյութական պաշտոններ վերագրվեցին, անոնցմե ընտրվեցին Vāhaumano «բարի ոգին» Ashavalsta «ամենամաքուրը» khshathravairya «ցանկալի թագավորություն» Çpenta ārmīii «կատարյալ իմաստությունը», Haourvatāt առողջությունը, Ameretāt «անմահությունը»։ Իրենց տիրոջ նման լուսավոր այս յոթը միասին ունին միևնույն մտածությունը, միևնույն խոսքը, միևնույն գործը, միևնույն հայրը, միևնույն տերը, այլ սակայն անոնցմե յուրաքանչյուրը իրեն հատուկ տիրապետության սահմանն ուներ, որով ինքը կզբաղվեր, առանց օտար հսկողության։ Բարի ոգին կհսկեր տաճարներու վրա, ամենամաքուրը կհսկեր կրակի վրա, ցանկալի թագավորությունը մետաղների վրա, կատարյալ իմաստությունը՝ երկրի (հողերի) վրա, առողջությունը և անմահությունը բույսերի և օդի վրա։ Ասոնցմե զատ, տիեզերքի մեջ տարածված են հազարավոր Yazatas (Yzeds)-ներ, որ կհսկեն տիեզերքի մասերի և կազմվածքի պահպանության վրա։ Աստվածային լույսի ոգին Միթրան կհսկե գեղեցիկ արոտավայրերուն, արթուն Միթրան երկնային Yazatas-ներին առաջինը, արագաթռիչ հեծյալ անմահ արեգակից առաջ, ոսկեղենիկ պերճությամբ, առաջինը կսլանա Հերա լեռան գլուխը, առաջինը կբռնե գեղեցիկ գագաթները, և իր բարերար հայացքը կխոնարհեցնե արիացիներու բնակարաններու վրա։[15]

Ահուրամազդան և իր ընկերները ոչ տաճարներ ունեին և ոչ խորաններ, թեպետ երբեմն մարդու և կենդանիի նմանությամբ պատկերներ ձևակերպեցին հարթաքանդակներու մեջ, բայց ոչ ոք չէր կարող համարձակել նույն կենդանական և մարգարեական պատկերները շինել իրենց սրբարաններու մեջ, որոնց մեծարում էին ասորեստանցիներ և եգիպտացիներ։ Սակայն բլուրներու բարձունքին պալատներու մեջ, քաղաքներու կեդրոնին վրա, ատրուշան, այսինքն պատսպարան կկանգնեին, ուր ի պատիվ անոնց՝ կրակը կվառվեր և չէր մարվեր դարե ի դար։ Այն ատրուշանները առհասարակ զույգ զույգ կշինվեին, և այսպես է, որ կհանդիպենք զանազան կողմերու ավերակների մեջ, ինչպես Նաքշի Ռոստեմի մեջ։ Ատրուշանները խորանարդ ձև ունին և կնմանին կցված աշտարակներու չորս անկյուններու վրա, կիսաբոլորակ աղեղներով պսակված սյուներով, եռանկյունի ատամնաշարերով շրջապատված է վերևից և տանիքի վրա խարույկը դրվելու հատուկ տեղը թեթևակի փորված է։

Զոհի արարողությունը երկարատև էր և կբարդանար ձեռնավորությամբ (manipulation) ու ծիսակատարության հատուկ դյութական անվերջ երգեցողություններով, ուր որ կային մշտավառ կրակ պահելու համար չսահմանված ատրուշաններ, այնտեղ կրակը կվառեին նախապես կեղևը հանված և մաքրագործված ճյուղերով (ճիպոտ), հետո կպահեին ընտիր տեսակի փայտերի հետ, նախապատվություն էին տալիս նոճիին և սարդենիին։ Բայց զգուշանում էին կրակը ուժեղացնելու համար բերանով փչելե, մարդկային շունչը սրբապղծում էր կրակը և ով որ կամավորապես այս ծանր հանցանքը կգործեր՝ մահուամբ կպատժվեր։ Սովորական նվերները կբաղկանային հացե, պտուղներե, անուշահոտություններե, ծաղիկներե, բայց երբ առիթը պահանջում էր մի արյունալի զոհաբերություն, նախապատիվ համարված զոհը ձին էր, հետո եզը, կովը, ոչխարը, ուղտը, էշը և եղջերուն։ Երբ մեկը կցանկանար մեռյալներու աստծուն շնորհը ստանալ, մի մարդ կզոհեր։ Ահուրամազդայի երկրային ներկայացուցիչ թագավորը երգեցողական արարողություններու կմասնակցեր, եթե ինք բարեհաճեր, բայց բացի իրենից, ոչ ոքի ներելի չէր ազատ համարվել մոգերի միջնորդությունից։ Հավատացյալները թափորով կերթային ծիսակատարության հատկացյալ տեղը, ուր կղերը (քահանան) խույրը գլխին դրած կոգեկոչեր ցած ու խորհրդավոր ձայնով, թագավորին և ազգին համար երկնային օրհնությունը խնդրելով։ Հետո զոհը կսպաներ գլխին մի հարված տալով, մաս մաս կկտրտեր և կբաժաներ ներկա եղողներուն, առանց մի մաս թողելու, մի քանի պարագաներու մեջ, զոհը ամբողջովին կայրվեր, բայց հաճախ մի կտոր ճարպից և փորոտիքներից կձգեին կրակի վրա, զոհարարը խույրից կախված ժապավեններով բերանը կծածկեր, իր շնչի կրակին հպելը արգիլելու համար, ձեռքը կբռներ մոշենի ճյուղերու փոքր խուրձը բարեսման և կպատրաստեր ճառմա-ի խորհրդավոր ըմպելիքը: (Maspero, Hist․ ancienne des peuples de l’Orient, p. 620-622).

Հին պարսիկները քաղդեացիներու կրոնքը եղող աստղերու պաշտաման հետ կմիացնեին կրակի պաշտամունքը, որ կշարունակվի այսօր գեպրների մուտ։ Քաղդեայի և Ասորեստանի աստղերու պաշտաման նվիրված հարկավոր աշտարակներու նման մի հազվագյուտ օրինակներեն մեկն է Ճսուրի սասանական աշտարակը։

Աքեմինյան շրջանի կրոնական ճարտարապետութենեն են մինչև մեր օրերը հասած մնացողները, Պերսեպոլիսի քարաժայռերի գագաթին քանդակված բագիններն և կրակի սրբարանները, որոնց երկար ժամանակ կասկածելի մնացած գոյությունը լիովին լուսաբանեց M. Dleulafoy: Այնտեղ որոշ կտեսնվի վառարանը պարունակող մի cella, որ կրկնակի մի պարիսպով կպաշապանվի ամեն տեսակ սրբապղծություններե, և այս հատակագիծը պետք է, որ ընդօրինակված լիներ հույների բնակարանների մեջ հոմերական դարերեն, ուր վառարանը կպահեր մի նվիրական սրբություն։ Շիրիմներ։ Շիրիմը եթե Քաղդեայի մեջ ջնջված և ոչ մի հետք չէ թողած, Ասորեստանի մեջ կվերստանա իր մեծ կարևորությունը և ինչպես Եգիպտոսի մեջ, երկրային բնակարանի ձևը կներկայացնե, և աղոտ նմանությամբ կօգնե մեզ վերականգնել ձևերը։

Պարսկական կրոնը, դամբարաններից անկախ, մարդկային մնացորդները զետեղելու համար մի տեղի կարիք կզգա, գեպրերի Դախման է այս տեղը:[16]

* * *

1754 թվականին[17] Անքթել անունով մի ֆրանսացի գիտնական ղրկվեցավ Հնդկաստան, որը երկար ժամանակ մնալով այնտեղ և բարեկամանալով Հնդկաստանի մոգերուն հետ ծանոթացավ այժմյան կրակապաշտներու ձեռքում եղած Ավեստայի և անոր վարդապետություններուն հետ, նաև ծանոթացավ անոնց կրակապաշտական տաճարներու և կրոնական արարողությանց հետ։ (Ի նկատի ունենալ հնդկական կրակապաշտության ազդեցությունը գեպրներու վրա և Աթաշկահի մասամբ հնդկական ձևի վերածվելը)։

Բայց նախքան Անքթելի ուսումնասիրության վրա խոսելը, կարևոր եմ համարում մեջ բերել Բաքուի Սուրախանի ըսված մասի վրա՝ ներկայիս գոյություն ունեցող կրակապաշտական ատրուշանը, որ ըստ նմանության շատ է հիշեցնում Dieulafoy-ի զույգ ատրուշաններու ձևերը, թեև այս վերջինը զույգ չէ։

Բաքուի մոտ, Սուրախանի ըսված արվարձանին մեջ, մինչև այսօր գոյություն ունի մի լքյալ ատրուշան, որը վկա է երբեմն, նույնիսկ քիչ ժամանակ առաջ, Բաքուի և շրջակայքի մեջ մի կրակապաշտ ժողովուրդի գոյության, որը այժմ անհետացեր է։

Թե ի՞նչ ձևով այնտեղ կրոնական պաշտամունքներ կկատարվեն, այդ մասին տեղեկություններ խիստ հատուկտոր են, որոնք իր կարգին կքաղեմ գրական աղբյուրներե։ Իսկ գալով անոր ձևին, քիչ կտարբերվի հին աքեմինյան շրջանից մնացած Պարսկաստանում Նաքշե Րուստեմի մեջ Dieulafoy-ի հայտնաբերած զույգ ատրուշաններեն։

Պարսկաստանի ատրուշանները, որոնց մասին խոսեցի վերևում, ունին երկու կամ երեք զանազանություններ, որոնց մեկը՝ վռամական կրակի մշտավառ ատրուշանը, ինչպես Նաքշե Րուստեմինը, խորանարդ էին և քարակտուր՝ քաղաքներե հեռու ժայռերի և բլուրների վրա. ներքին չունեին անոնք, արտաքուստ միայն կերևին ճակատի անկյուններու վրա աղեղնակապ որմասյուներ, իսկ կատարը վերջացած ատամնաշարերով։ Սույն խորանարդի վերևի մասին, այսինքն տանիքին վրա կվառվեր վռամական մշտաբորբոք կրակը, կրակի քուրմերու ձեռքով, և շուրջը բացօթյա կկատարվեր կրոնական պաշտամունքը, զոհաբերություն, ևն ևն բազմամբոխ հավատացյալներու ներկայության։

Բաքուի ատրուշանը, ընդհանուր տեսքով, մեծ զանազանություն չունի աքիմենյան ատրուշաններեն։ Բաքուի մեջ տարբերությունը այն է, որ ի հնումն սովորական եղող խորանարդի տեղ շինված է չորս սյուներու վրա կամարակապ և գմբեթավոր փոքրիկ մի շինություն, ըստ երևույթին նույն չափով ինչ չափով որ էր Նաքշե Րուստեմի ատրուշանը։ Մեջը դատարկ և վրան գմբեթավոր։ Միջի դատարկությունը, անշուշտ արդյունք է երկար դարերե հետո, ծիսական ձևերի փոփոխության, և անշուշտ ազդեցություն է հնդկական կրակապաշտական ազդեցության, որուն մասին քիչ հետո պիտի խոսիմ, իսկ վրայի գմբեթը նույնպես ճարտարապետական մի ժամանակակից ազդեցության արդյունք է, որ փոխարիներ է Նաքշե Րուստեմի երդիկին կամ տանիքին։ Նաքշե Րուստեմի մեջ ատրուշանի վրա հարթ երդիկ լինելու անհրաժեշտություն կար, որովհետև այդ երդիկին վրա աթաշկահը պիտի դրվեր և բորբոքվեր մշտավառ կրակը և բոցերը բարձրանալով տեսանելի պիտի լիներ շուրջը հավաքվող հավատացյալ ժողովուրդի բազմության։ Բաքուի ատրուշանին վրա առանձին աթաշկահ դնելու կարիք չկար, անոր կրակը առաջ կուգար գետնի տակի նավթային գազերու բռնկումից, որը անցնելով չորս անկյուններու մեջ դրված խողովակներեն բոցերը կբարձրանային օդի մեջ թերևս մի քանի կանգուն, հետևաբար, ատրուշանի շենքին ավելի ճարտարապետական վայելչություն պիտի տար խորանարդի գմբեթը։

Գմբեթի տակ խորանարդաձև շենքի մեջը անպայման հատուկ էր մոգերուն և մոգպետներուն, իսկ ժողովրդյան համար անմատչելի, իսկ հավատացյալ ժողովուրդը հեռվից պիտի տեսներ մշտաբորբոք բոցավառումները բոլորված ատրուշանին շուրջը որոշ հեռավորության վրա։ Երևի այս նպատակով է որ թողված է Սուրախանիի մեջ մի ընդարձակ բակ ատրուշանի շուրջը և հեռվից շրջապատված շենքերով, որոնք վանական տպավորություն են թողնում, ունին իրենց մեջ ոչ միայն բազմաթիվ բնակությանց հատուկ սենյակներ, որոնց մտից դռներուն վրա արապերեն և մասնավորապես հնդկերեն արձանագրություններ կան, այլ և ծիսական արարողություններու և կարգերու հարմարեցված բաժանումներ։ Ըստ ավանդության, հին ժամանակ այստեղ նստում էր կրակապաշտից մեծ մոգպետը (ըստ Շարդենի), այլև կատարում էին զոհի արարողություններ, ճգնություններ, ապաշխարություններ և այլ ծիսակատարություններ։

Առանձնապես ուսումնասիրության կարոտ է այս ընդարձակ շենքը իր բոլոր մանրամասնություններով, նախ մատչելի դարձնել ուսումնասերների և բանասերների գտնված արձանագրությանց բովանդակությունը, որոնք թերևս պիտի օգնեն իմանալու թե, ո՞ր մասի մեջ կհավաքվեր ժողովուրդը ծիսական պաշտաման ժամանակ, որ մասն էր զոհարանը և կամ ինչ ձևով կբաժանվեր հավատացյալ ժողովուրդը ատրուշանից, սրբություն սրբոցից ըստ նույն դավանության՝ պղծություններից ազատ պահելու համար։

Որովհետև, ըստ ճանապարհորդական և գրական տեղեկություններու, այս ատրուշանը վերանորոգել են Հնդկաստանից եկող ուխտավորներ վաճառական կամ կրոնական. հետևաբար հավանական էր, որ օգնե Հնդկաստան, հատկապես կրակապաշտական սովորությունները և պարսկական հին լեզուն ուսումնասիրելու համար ճանապարհորդող Անքթելի նկարագրությունները այս մասին և անոր տված բացատրությունները, որովհետև այստեղ ոչ ժողովրդյան մասը (որ անշուշտ շենքերով շրջապատված ընդարձակ բակին մեջ էր), ոչ զոհի սեղանին տեղը և ոչ ուրիշ պաշտաման հատուկ առանձին տեղերը հայտնի են։

Ինձ համար անհնար էր այստեղ Անքթելի հեղինակությունը գտնել, ուստի ես առայժմ պիտի բավականանամ Փ․ Միքայել փաշայի Եղիշեի քննադատության առաջաբանին մեջ առաջ բերած քաղվածքներեն և վկայություններեն. թեև անհամեմատ կարևոր էր և օգտակար կլիներ բուն իսկ հեղինակի գործը կարդալ մանրամասնությամբ։

Ըստ Փորթուքալ Միքայել փաշայի «1754-ին Անքթել Տյուբերոն անուն գաղղիացին ի Հնդիկս երթալով, և ետ բազում դժուարութեանց մտերմանալով Տեոթուր Տարապ անուն մովպետի հետ, ստկի ուժով ձեռք ձգեց սրբազան մատենից զանազան օրինակներ, զորս բերանացի կթարգմաներ նմա Տարապ և նա ի գիր առնույր և բազում դարերե հետո, վերադառնալով ի Գաղղիա կհրատարակեր (1771-ին)»։ (Քննադատություն Եղիշեի Փ. Մ․ փաշայի, էջ 88)։

«Մեհյան մազդեզյանց. Շատ հին ժամանակաց մեջ պարսիկք (այսպես կսկսի Փ․ Մ. փաշա կրակապաշտական ատրուշանների մասին խոսելիս) իրենց ատրուշանները լերանց գագաթան վրա կկանգնեին տերբկոք։ Տակավ առ տակավ կոփածո և մնայուն ատրուշանք սովորական եղան, հետո զնոսա հարկածածուկ շենքերով փակեցին, որպես պատմե մեզ Ստրապոն։ Անցյալ դարուն մեջ Անքթելի տեսածներն ալ ի Կյուճերաթ գմբեթահարկ էին»։

«Մազդեական մեհենը երեք գլխավոր մասունս ունի, միջավայրն ընդարձակ գավիթ մի է՝ ուր կկենան հասարակ հաւատացյալք հանդեսի ատեն, սորա ձախակողմն է կրակատունն (աթաշկահ) և աջ կողմն հաշտից տեղին (իզեշնեխանե)։ Աթաշկահին մեջ է սրբազան կրակի ատրուշանն կամ բագինը և անոր վերաբերյալ սպասքն։ Ատրուշանը երեք ոտնաչափ բարձրությամբ կճյա անոթ մի է՝ մոխրով լցյալ, և հաստատյալ քառակուսի և կես ոտնաչափ թանձրությամբ խարիսխի մը վերա՝ զոր ատոշդ կկոչեն։ Ատրուշանին քովը կգտնվի մովպետին կճյա բազմարանը և հանկյունս կրակատան դարաններ՝ որս կպահեն զփայտ և զծխանելիս։ Աթաշկահը վռամական կրակն ունի՝ եթե մեհյանը անոր նվիրյալն է, և կամ զկրակն ատարան, եթե սովորական կրակատուն է։ Անդ միմիայն քահանայից ներելի է մտնել և այն ալ ետ թողլո ի դուրս զկոշիկս և զկրկնոցս։ Հասարակ ժողովուրդը վանդակյա դռներու կրնկեն միայն կրնա դիտել անոր ներքնակողմը։ Երկու կամ երեք մոգք գիշեր ցերեկ կպահեն զկրակն։ Օրվան յուրաքանչյուր պահուն (կահ) նոր փայտ կհավելուն աղոթս առնելով, ու այդ գործողության ատեն պարտ են զդեմս ծածկել փանդամավ և զձեռս տասդամոք: Իզեշնեխանեին կամ զոհարանին մեջ կըլլան պատարագը և զոհողությունը։ Սա երկայն քառակուսի սալահատակ սրահ մը է, որ փոքրիկ ջրանցյուք կբաժանի ի զանազան մասունս, որք արվիս կհորջորջին։ Որքան արվիս ըլլա իզեշնեխանե՝ այնքան կրակաքուրմք կրնան զատ զատ պատարագ մատուցանել միանգամայն։ Յուրաքանչյուր արվիսո աջակողմն է նստարան մը զոհարար մոգին հատուկ, վիմատաշ սեղան մի՝ արվիս՝ որո վրա կը դնեն զսպասս զոհից և զգործիս, և քարե պատվանդան մը կկրե զԱվանտ՝ այս է սրբվելու ջրո կոնքը։ Ի ձախակողմն, ատրուշան մի փոքրիկ՝ հաշտից սեփականացյալ, որ աթաշկահին կրակը կը ներկայացնե՝ առանց անոր հավասարազոր ըլլալու, և զոհագործության առթիվ միայն կվառի։ Առընթեր սմա՝ զոհարար մոգին և անոր սպասավորին համար մեկ մեկ նստարան, և այլ վեմք՝ որոնց վրա կդրվին պահեստի շերտերն և կնդրուկ։

Աշխարհիկ փարսիները՝ եթե ազատ են ի պղծութենն կրնան մտնել իզեշնեխանե ի ժամ հաշտից։ Եթե գիտությամբ նվիրագործող քահանային պիղծ ոք ներկա կգտնվի, պաշտամունքն ոչինչ կըլլան և հարկ է վերստին սկսանել»։ (Փորթուգալ Միքայել փաշա. Քննադատություն Եղիշեի, էջ 164-166, Վենետիկ, 1903 թիվ

Հնդկաստանում Կյուճերաթի մեջ Անքթելի տեսած կրակատան նկարագրությունը բավական մանրամասն է, և որոշ չափով պատկերանում է մեր առջև անոր ձևը. մասնավորապես կատարված արարողություններու կարգերը լրացնում են տաճարի ձևի մասին նկարագրության պակասները։

Թեև Հնդկաստանի ատրուշաններու չափերի մասին մի տեղեկություն չկա, սակայն, արարողությանց ձևերեն պարզապես կարելի է հետևցնել որ, Կյուճերաթի գմբեթահարկ կամ հարկածածուկ աթաշկահները մեծ շինություններ չէին։ Ինչպես կերևի, պարզ հավասարակողմ կամ երկար քառակուսի ձևով շենքեր էին, որոնց մեջտեղը դրված էր կրակի խարույկը կամ ատրուշանը, ատրուշանին քով դրված էր մովպետին բազմոցը, անկյուններում շինված էին դարաններ՝ որոնց մեջ կպահվեին մշտավառ կրակի համար ընտրված փայտեր և ուրիշ արարողությանց հատուկ սպասներ։ Բաբեբախտաբար այստեղ մասնավորապես շեշտված է որ, սույն աթաշկահին մեջ միայն քահանայից ներելի էր մտնել (ինչպես եբրայական խորանին սրբության սրբոցին մեջ), իսկ հասարակ ժողովուրդը աթաշկահին մեջ կատարված արարողությունը պիտի տեսներ վանդակապատ դռներու հետևեն։ Այս պարագան ևս ապացույց է որ, իսկական վռամական կրակի աթաշկահը կամ գմբեթահարկ շենքը փոքր շենք էր և հավատացյալ ժողովուրդը, այս սրբություն սրբոցից որոշ չափով հեռու բաց գավթի մեջ մնալով պիտի տեսներ արարողությունը՝ սրբություն սրբոցը ժողովրդից առանձնացնող ոևէ վանդակապատի հետևից։ Այս աթաշկահին մեջ, սրբազան կրակը ինչպե՞ս կվառեին, այս մասին ոչինչ չէ դրված, սակայն պարզ է որ, շենքի կամ սենյակի մի մասում դրված կլիներ վառարանը և այն տեղին կրակը կբերվեր մովպետին կողքը դրված ատրուշանին վրա։

Աթենքի նկարագրությունից նույնպես կտեսնվի, որ զոհարանը (իզեշնեխանե) բոլորովին անկախ էր աթաշկահից և կգտնվեր գավթի աջ կողմը (որ նմանապես աթաշկահի ևս աջ կողմը կլինի) առանձին մուտքով։ Այս շենքին ձևը ավելի որոշ նկարագրված է որ, երկար քառակուսի սրահմ է, գետինը սալահատակած և զանազան ջրանցքներով բաժանված է զանազան մասերու, որոնք արվիս կկոչվին, յուրաքանչյուր արվիսներով բաժանված մասերու վրա առանձին զոհաբերություններ կարելի է կատարել և յուրաքանչյուր արվիսի աջ կողմին դրված է զոհարար մոգի հատուկ նստարանը, նաև մի սեղան զոհի հատուկ, որու վրա դրված են զոհաբերության հատուկ սպասները։ Ձախակողմն մի փոքրիկ ատրուշան որուն մեջ վառված կրակը՝ նվազ սրբազան է քան վռամական կրակը, որ կվառվի իսկական ծածկութավոր շենքին մեջ և մշտավառ է։ Այս ատրուշանին մոտ կգտնվին զոհարար մոգին և անոր սպասավորին համար նստարաններ։ Այս հարկի մեջ, նմանապես անթույլատրելի է մտնել հասարակ ժողովրդին. ներելի է համարվում մտնել այն հավատացյալներուն համար, որոնց պղծություններից ազատ լինելը ապահովված է։ (Այս օրենքը շատ նման է քրիստոնեության մեջ գործադրված այն օրենքին, որ ապաշխարության ենթարկված մեղավորին ներելի չէր պատարագի արարողություն տեսնել)։

(Զվարթնոցի արտաքին աստիճաններու ընդհատման պատճառը գտնել խնդիրի առարկա եղող բաժանման մոտ, առաջ էր շինված թե հետո)։

Այսքան մանրամասնությունը բավական է մեզ, Բաքուի, Սուրախանի արվարձանին մեջ գտնված կրակի պաշտաման տաճարը, Կյուճարեթի կրակի պաշտման տաճարներու հետ համեմատության դնելու համար։

Հնդկաստանի կրակի մեհյաններու նման, Սուրախանիի աթաշկահը ևս ընդարձակ գավթի մեջ կգտնվի և գավիթի աջ կողմը գմբեթահարկ աթաշկահը։ Այս շենքը փոքր քառակուսի է՝ չորս անկյուններու վրա դրված չորս ամուր սյուներ կկրեն տանիքը և գմբեթը, չորս սյունամեջերը բոլորովին բաց են և սյուները սրակամար աղեղներով կապված են միմյանց գրեթե շենքի բարձրության հավասար։ Սակայն Կյուճերաթի աթաշկահներու համար նկարագրված կահավորումը միանգամայն բացակայելեն զատ, հայտնի ևս չէ թե ի՞նչ ձևով կկահավորվեր և ի՞նչ դիրքով անոր մեջ տեղ կբռնեին մովպետը և մյուս մոգերը։ (Ինչպես երևում է Հնդկաստանի մեջ կրակապաշտական հին ձևերը ինկեր են հնդկական կրոնի ազդեցության տակ և որոշ փոփոխություններ եղել են տաճարներու ձևին մեջ, իսկ Բաքվում երևում է որ գրեթե անփոփոխ մնացած է)։

Սակայն այս կահավորման բացակայությունը և կղերականաց պաշտաման ժամանակ դիրքի անորոշությունը երկու գլխավոր պատճառներ ունի։ Նախ որ վաղուց լքված մի աթաշկահ է և թերևս ավելի քան հարյուր տարիէ ի վեր կրակապաշտներ գոյություն չունին Բաքուի և շրջակայից մեջ, հետևաբար ոչ մի արարողություն չի կատարվում այնտեղ, և ընդհանուր շենքը գործածվում էր բոլորովին այլ նպատակի համար, հետևաբար շատ բնական է որ այնտեղ կրոնական նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ կարասի կամ սպասներ չէին կարող գտնվել։ Երկրորդ ինչ կվերաբերի փայտի պահարաններուն, որոնք գոյություն ունին Կյուճերաթի աթաշկահներու մեջ, այս աթաշկահին մեջ արդեն կարիք չկար, որովհետև այստեղ վառվող կրակը փայտի կրակ չէր, այլ գետնի տակից նավթալին գազի արտաշնչության բռնկումն էր, որ չորս անկյունի, չորս հաստ սյուներու մեջ դրված խողովակներու միջոցով կբարձրանար շենքի կտուրը, և կբոցավառվեր շենքի չորս անկյուններու վերա թերևս գմբեթեն ալ բարձր և ամեն տեղից տեսանելի։ Նույնիսկ կարելի է որ մովպետի կողքը դրված աթաշկահը ևս, ինչպես տեսանք Կյուրճերաթի աթաշկահին իրեն մեջ, այստեղ հավանորեն դարձյալ գազային կրակով կվառվեր։

Գալով աթաշկահի աջակողմին վրա Հնդկաստանում երևցած իզեշնեխանեին կամ երկար քառակուսի ձևով զոհարան-սրահին, այստեղ իբր առանձին շենք գոյություն չունի, եթե ուներ իսկ, ժամանակի ընթացքում անհայտացել է՝ գուցե մարդկանց ձեռքով, սակայն աթաշկահի գտնված տեգի ընդարձակ գավիթի շուրջը ամբողջովին շրջապատված է շենքերով, որոնք վանական մի հաստատության տպավորություն են թողնում, բնակության հատուկ բազմաթիվ սենյակներ կան այդ շենքի մեջ՝ զանազան չափերով և ձևերով, և առհասարակ այս սենյակներու գոնե բուն վերևը քառակուսի սրբատաշ քարերու վրա փորագրված արաբերեն և հնդկերեն արձանագրություններ կան։ Այս արձանագրություններեն, դժբախտաբար ես օգտվելու հնարավորություն չունիմ. նախ այն պատճառով որ ինքս չունիմ և չեմ գտած այդ արձանագրություններու լուսանկար կամ ձեռագիր օրինակները. երկրորդ՝ չեմ տեսած ոևէ աղբյուրի մեջ այդ արձանագրությունները ընդօրինակված կամ թարգմանված։ Կկարծեմ որ այդ արձանագրություններու բովանդակությունը, որոշ չափով բացատրություններ կպարունակեին շենքի նպատակի, տեղի պաշտաման և ծիսական արարողություններու մասին։ Թերևս ապագային մեջ հմուտ գիտնականներ ընդհանուրի սեփականություն դարձնեն այդ արձանագրություններու բովանդակությունը։ Այս սենյակներուն մեջ կան այնպիսի սրահներ, որոնք ըստ երևույթին, պարզ հայտնի է, որ բնակության հատուկ չեն, այլ ոևէ ծիսակատարության հատկացված են, որովհետև ունեն մեջը այնպիսի հարամասունքներ, որոնք ցույց կուտան կրոնական ոևէ արարողության համար շինված։

Այս երկար քառակուսի սրահներեն մեկը որ ամենեն ավելի հավանականություն ցույց կուտա, ծիսակատարության հատուկ լինելու, թեև աթաշկահի հետ անմիջապես մի գծի վրա չէ, այնուամենայնիվ գավիթի աջակողմն է (գավթի ձախ կողմին վրա դեպի կենտրոն կգտնվի կրակի տաճարը կամ աթաշկահը), եթե գավիթ մտնենք և դեպի կենտրոն գնալով երեսնիս դարձնենք, գավիթին ձախ կողմին վրա կտեսնենք աթաշկահը, իսկ առանձին ձախակողմը շրջապատող շենքերու մեջ այն սրահը, որ գտնված սենյակներուն մեջ բոլորովին տարբեր ձևով է շինված և պարզ հայտնի է բնակության համար չլինելը։

Հայտնի բան է, որ այս մեծ կրակատունը, որ ըստ Շարդենի տված բանավոր տեղեկության, մովպետյան մովպետը անպայման պետք էր որ ունենար նաև իր զոհարանը, սակայն կարող էր պատահել որ անպայման պարտավորիչ չէր անմիջապես աթաշկահին ձախ կողմը՝ մի գծի վրա իզեշնեխանե շինելը Պարսկաստանում կամ Բաքվի շրջանում։ Նույնպես կարող է պատահել, որ Հնդկաստանում ևս գտնվին աթաշկահի այլ կողմերուն վրա շինված իզեշնեխանեներ, այս մասին իմ ստացած տեղեկությունները բավարար չեն։ Համենայն դեպս պետք է ի նկատի ունենալ որ, քանի որ այս տաճարի գոյությունը սասանյաններու, նույնիսկ աքիմենյաններու ժամանակեն լինելու կարծիքներ կան. (J. de Morgan) նաև անուրանալի և որ այժմյան շենքը հին, բազմադարյան տաճարը չէ, անշուշտ ի հնումն գոյություն ունեցող մի տաճարի տեղում վերաշինված է մոտ ժամանակ, հետևաբար կարող են դարե ի դար ավանդությունները փոխված լինին որոշ ազդեցթյուններու տակ և տեղափոխություններ կրեն կրոնական այս կամ այն հարամասունքները և կարգերը, մնալով նպատակը նույնը, ինչպես կտեսնենք քրիստոնեական կրոնին մեջ 4-րդ դարեն մինչև մեր օրերը։ Ուստի մի քանի խոսքով այդ ենթադրությունները պատմության և իրականության մեջ գտնված փաստերով և օրինակներով։

Թե ե՞րբ է Սուրախանի մեջ կրակապաշտական մի տաճարի գոյության սկիզբը, այս մասին ըստ J. de Morgan-ի ենթադրության պետք է որ շատ հին, նույնիսկ աքիմենյան ժամանակից լինի։ Ուստի նա դատում է հետևյալ կերպով։ Կյուրոսի աշխարհակալության ժամանակ մի կարևոր անցք տեղի ունեցավ Կովկասի համար. Կյուրոս, իսկապես կքարոզեր Զրադաշտական վարդապետությունը, կարելի է որ այս օրերեն իսկ երևեցավ Բաքուի մեջ այս պաշտամունքը, ուր մնացած յուր կատարյալ ուժի մեջ ավելի քան հազար հինգ հարյուր տարի։

J. de Morgan այս տողերին վերջը ավելացուցած է մի ծանոթության չորս թիվ, որուն մեջ, կըսե թե, «տակավին կտեսնվի Բաքուի մեջ մի կրակի մեհյան, ուր մի քանի տարի առաջ կապրեր մի զրադաշտական վարդապետ։ Նավթի արտադրության սկզբնավորութենեն ի վեր, մեհյանը կգտնվեր մի գործարանի պարիսպի մեջ և վերջին վարդապետը խողխողվեց մի թաթար գործավարի ձեռքով (J. de Morgan. Mission scientifique au Caucase, t II, p. 132).

Ուրիշ զանազան տվյալներից ևս հայտնի է, որ Սուրախանիի կրակատունը գոյություն ունեցել է շատ ժամանակներե ի վեր, սակայն այսօրվան գոյություն ունեցող շենքը իր շինվածակերպով և ճարտարապետական ոճով միանգամայն հետին դարերու գործ է։ Անշուշտ հին ժամանակվան տաճարը քայքայված ու անշքացած էր, վերջին անգամ նախկին տեղին վրա վերաշինել են վերաշինության ժամանակակից Բաքվի և շրջակայից մեջ գոյություն ունեցող կրակապաշտներ կամ ամենայն հավանականությամբ Հնդկաստանեն եկող կղերներ կամ ուխտավորներ։ Ուստի այժմ քննենք այն հարցը թե ե՞րբ վերաշինված կարող է լինել այս կրակապաշտական տաճարը կամ աթաշկահը։

Դժբախտաբար ես հնարավորություն չունեմ հին և նոր ճանապարհորդական ուսումնասիրություններից օգտվելու, միայն այնքան կարողանում եմ օգտվել որ չափ աղբյուրներ կարողանում եմ ձեռքի տակ ունենալ։

Ձեռքս եղած ճանապարհորդական աղբյուրներեն ամենահինը Chardin-ի ճանապարհորդությունն է, որուն մեջ հեղինակը ծանոթ չէ իր կատարած ճանապարհորդության միջոցին Բաքուի և շրջագայից մեջ կրակի մեհյանի մը գոյության։ (Ինչպես կերևի ինքը Բաքու էլ չէ գնացած)։ Միայն մի լրո տեղեկություն կուտա այն կողմերու վրա գոյություն ունեցող կրակապաշտական կրոնի և սովորությունների մասին։

Chardin դեպի Պարսկաստան ճանապարհորդության ժամանակ երբ Ջուղա հասավ, Ջուղան և շրջակաները պատմական և ազգագրական տեսակետով ուսումնասիրելու միջոցին հետևյալ տեղեկություններն է հավաքել, ավելացնելով նաև իր կարծիքները, այդ տեղեկությունները կգրե հետևյալ կերպով։

«Կսվի թե Արաքսը կբաժանե Հայաստանը Մեդեայից. այս թագավորությունը որ երբեմն աս էական կայսրությունը իր ձեռքին ուներ, այժմ պարսկական նահանգի մի մասն էր, որուն պարսիկները Аzerbeyan կամ Asurpican կանվանեն, ասիկա Պարսկաստանի ամենամեծ նահանգն է։ Արևելյան կողմեն սահմանն է Կասպից ծովը և Hircanie, հարավային կողմեն Պարթևական նահանգը, արևմտյան կողմեն մինչև Արաքս գետը և Բարձր Հայք. հյուսիսային կողմեն Դաղստան և այն լեռնոտ երկիրը որ կսահմանակցի Մոսկովյան կոզակների հետ, և ինչպես ըսի Տավրոս լեռան մի մասը կկազմե։ Նա կպարունակե իր մեջ արևելյան Մեդեան որուն նաև Atropatie կամ Atropatene կանվանեն։ Ասորեստանը Բարձր Հայաստանի մեկ մասն է։ Պարսիկներ կսեն թե այս նահանգը Azerbeyan կկոչվեր, այսինքն Տեղ կրակի կամ Երկիր կրակի այն պատճառով որ, ամենահռչակավոր կրակի մեհյանը այստեղ շինված էր։ Կրակապաշտները այստեղ կպահեին կրակ մը, որուն մասին կհավատային թե աստված է և թե այս կրոնքին մեծ մոգպետին աթոռը այստեղ էր։ Գյաբրներ, որ կրակապաշտների մնացորդն են, այս կրակի տաճարին տեղը ցույց կուտան Շամախիեն երկու օրվան ճանապարհ հեռավորության վրա։ Որպես հաստատուն ճշմարտություն կհավատացնեն որ այդ նվիրական կրակը տակավին այնտեղ է և նման է մի ստորերկրյա հանքային կրակի, ով որ այնտեղ ուխտի կերթա, բոցի կերպարանքով կտեսնե այդ կրակը։ Ուրիշ մի հատկություն ևս կավելացնեն, որը բավականին ծիծաղելի է։ Ուխտավորներ այնտեղ գետնի վրա ծակ մը փորելով վրան սան մը (պտուկ) կդնեն․ ներքևի կրակը կեռացնեն և կեփեն սանին մեջի կերակուրը»։ (Chardin, vol. 2, p. 310-311).

Այս տողերեն հետո հեղինակը անցնում է Ազերպեյան անվան ծագման պատմության և ստուգաբանության և գտնում է որ Ազերպեյան անունը շատ հին է և կապ ունի Ասորական Ասսուր աստվածության հետ։ Շարդեն, կսե, Ասսուր կնշանակե կրակ. այս մասին վկայություններ է բերում թե հին կտակարանեն և թե ուրիշ հին ժամանակագիր պատմագիրներե (Chardin, vol. 2, p.311-312), բայց ինձ համար միևնույնն է կսե, ես կկարծեմ որ Assure անունը գալիս է as ur-ից այսինքն կրակից։

Ուրեմն Շարդեն իր ճանապարհորդության ժամանակ կրակի պաշտաման տաճարի չէ հանդիպած, երևի Բաքու ևս չէ մտած, միայն տեղեկություն է ստացել որ Շամախիեն երկու օր հեռավորության վրա կա մշտավառ կրակի տեղ, ուր կգտնվեր մեծ մոգպետի աթոռը։ Անշուշտ այստեղ Բաքուն էր և այն ժամանակ ինձ թվում է թե այժմյան աթաշկահը և շրջապատ շենքերը չկային, միայն ժողովրդին միտքին մեջ հիշողությունն էր մնացած։

* * *

Զվարթնոցի[18] հարավակողման շենքերու արևելյան ծայրին մասն է, որոնց հատկությունը առայժմ անորոշ է և այս անորոշությունն առիթ կուտա Խաչիկ վարդապետին, այլ ընդ այլո մեկնություններ տալ, այսինքն պարզապես այնտեղ տեսնել մի հին կրակապաշտական տաճար։ Ներկայիս իմ նյութս է այդ մասը, որ քմածին և դիտավորյալ մեկնությունների նյութ է դարձել։ Կուտամ այստեղ Խաչիկ վարդապետի բացատրությունները և հետո իմ տեսությունները այդ մասին վրա։

Եկեղեցին հայտնի է որ 5-րդ դարու գործ է կամ 5-6-րդ դարի մեջ, իսկ կրակատուն անվանվածն պարզ 7-րդ դարու, որ Հայաստանում ամենևին չէր եղած կրակապաշտություն։

Այս մասը բաղկացած է հինգ բաժանմունքներե՝ եթե հաշվի առնենք նաև արևելյան մասին վրա վերջին սենյակը, որուն մեծությունը անորոշ է քայքայման պատճառով։

Այս մասի հարավային արևելյան կողմը կա մի եկեղեցիի մնացորդ՝ արևելյան ծայրի խորան, որն անպայման գոյության ուներ ավելի վաղ քան Զվարթնոցի և հարակից շենքերու շինությունը։ Ինչպես կերևի, այդ եկեղեցին բազիլիկ ձև ուներ, այս եկեղեցին, Զվարթնոցի շինության ժամանակ, ավելորդ համարվելով պահել են միայն արևելյան խորանը և արևմտյան մասին վրա շինել են Գ․ մասը՝ միաբան հոգևորականներու բնակության համար սենյակներ՝ միանգամայն անկախ Դ. մասեն։ Նույնպես միմյանցից անկախ են հարակից շենքերի մեջ Բ և Գ մասերը, որոնք ցույց են տալիս որ յուրաքանչյուրն ուներ իր հատուկ նպատակը։

Կիմով չափ միայն մնացած խորանի հյուսիսային պատին կից կա մի ընդարձակ բաժանում, որուն մեջ կան մեկ գծի վրա հարավից հյուսիս շարված երեք հատ քառակուսի սյուներ (Դ․ 2) միջակ քարերով շինված, որոնց մեջ վարեն վեր շարված են թրծված կավե խողովակներ. խողովակների ստորին մասերը հաղորդակցում են ընդարձակ բաժանման հետ մի մի քառակուսի ծակով։ Ընդարձակ (Դ) բաժանման հյուսիսային կողմին կից են երկու փոքր նախագավթի նման բաժանումներ, որոնք հաղորդակցում են դռներով թե դրսի հետ և թե ընդարձակ (Դ) բաժանման հետ։ Նույնպես մեծ բաժանումը ունի մի դուռ դրսի հետ հաղորդակցող արևելյան կողմեն կիսատ եկեղեցվո հյուսիսային պատին կից։ Ընդարձակ (Դ) բաժանման հյուսիս արևելյան մասին կից կա մի բաժանում (4) որ ընդարձակ բաժանման հետ կհաղորդակցի ցածլիկ (չափը գրել) աղեղնակապ մի անցքով (6) որը, հայտնի է թե իբրև դուռ շինված չէ, այլ մի ուրիշ կարևոր նպատակի համար։ Սույն սենյակը, արևելյան կողմեն կհաղորդակցի մի ուրիշ սենյակի հետ որուն երկարության չափը (7) անհայտ է արևելյան պատին բոլորովին քանդված լինելու պատճառով։ Ընդարձակ բաժանման մեջի (2) սյուներու մեջ դրված թրծուն, կավե խողովակներու նման այս (4) սենյակի պատերուն մեջ և դրված են թրծուն կավե խողովակներ չորս հատ հարավային պատին մեջ, երկու հատ (7) բաժանումը մտնելու դռան երկու կողմերը, մի հատ հյուսիս արևմտյան անկյունը, այս խողովակներուն ևս ստորին մասերը կհաղորդակցին սենյակի հետ յուրաքանչյուրը մի քառակուսի ծակով այժմյան գետնեն….. բարձրության վրա։ Փոքր (4) բաժանման մեջ ցածլիկ աղեղնակապ անցքի (6) անմիջապես կողքին մի փոքրիկ մաս կա դեպի հարավ առաջացած և մի ծակով կհաղորդակցի դրսի հետ հարավային կողմից։ Փոքր առաջակարկառ մասին գետինը հատակված է անկիզելի որձաքարով, աղեղնակապ անցքը ևս ներառյալ, և շրջապատսղ պատերի ստորին մասերն ևս շինված են անկիզելի որձաքարերով։ Դրսի հետ ունեցած հաղորդակցության ծակը (8) և գետինները անկիզելի որձաքարով հատակված լինելը ապացույց է որ այստեղը ի հնումն մի վառարան էր և կվառվեր դեպի հարավ բացված ծակեն. այս է վառարանի դուռը։

Ահա այս խողովակները, որոնք հյուսված են պատի մեջ, վառարանի տեղը, աղեղնակապ անցքը, Խաչիկ վարդապետի տեղին վրա գոյություն ունեցող գլխավոր ապացույցներն են, որ այդտեղ ի հնումն եղել է կրակապաշտական տաճար, իսկ գրական ապացույցներն են Անանիա Նարեկացու ներբողյանեն մի հատված (Ժ դար) կաթուղիկեի մասին գրված և Փորթուգալ Միքայել փաշայի, Եղիշեի քննադատության մեջ, Հնդկաստանում գոյություն ունեցող կրակապաշտական տաճարներու մասին Անքթելի նկարագրությունը։ Խաչիկ վարդապետ ինքը անշուշտ համոզված է իր ըսածների մասին, և բոլոր այցելուներուն աշխատում է համոզել իր այս չնաշխարհիկ գյուտի համար։ Սակայն ինչպե՞ս նա բերում կապում է Անանիա Նարեկացու ներբողյանի հատվածը այս մասին հետ, և ի՞նչ համեմատություն է դնում Հնդկաստանի կրակատուններու և այս բաժանումներու մեջ։[19]

Զ
[ՀՈՎՎԻ ԵԿԵՂԵՑԻՆ][20]
Նախրճուն ժամը

Անին այցելողները անպայման կտեսնեն, պարիսպներեն դուրս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորության վրա, տափարակ դաշտին մեջ, մեն մենակ ցցված, անգույն ու անկերպարանք զանգված մը, ոչինչ հրապույր չունի անցորդներու աչերը իր վրա ձգելու «էհ պատի մը կտոր, չարժե տեսնել» կսեն և անտարբեր կողքեն անցնելով կհեռանան առանց ակնարկ մը իսկ նետելու անոր վրա։ Ոմանք ալ անունը լսած են «Նախրճուն ժամն է» կըսեն, «ոչինչ հետաքրքիր չէ»։ Իհարկե ամեն ոք եկած են թագավորաշեններ տեսնելու, հպարտության ու փարթամության վրա հիանալու, թագի, ս․ գավազանի առջև խոնարհելու, ո՞վ է նախրճին, որ իրենց այցելության արժանանա։ Եվ ահա այդպիսով կրկնակի սուգի մեջ դարերե ի վեր անմխիթար կողբա գեղարվեստական թանկագին մարգարիտ մը, որը հավասարապես արժանի է մեր հարգանքին ու հոգածության՝ ինչպես Անիի մեջ ուրիշ մեծամեծ հիշատակարաններ։

Ոչ ոք թող չզարմանա, երբ այս խեղճ ու ողորմելի մնացորդը մեր հիացումը գրավող Մայր եկեղեցիի, Գագկաշեն մեծագործ ս․ Գրիգորի և մեզ ապշություն պատճառող վիթխարի պարիսպներու հավասար կդասեմ։

Բագրատունիներու դրոշակին տակ ապրող փոքրաթիվ հայ հասարակությունը, յուր բոլոր նյութական և բարոյական կարողությունների շտեմարան Անիի մեջ, բազմակողմանի արժանավորությանց անթիվ ապացույցներ թողեր է։ Բազմամիլիոն արժողությամբ իրագործված բրգաշար հսկա պարիսպներ խրոխտ Բյուզանդիոնի հպարտությունը կխորտակեն։ Գագկաշեն ս․ Գրիգորը այն հասարակության հանդուգն կողբա, Մայր եկեղեցին անոնց առաքինության և երկյուղած բարեպաշտության մշտնջենական ներբողն է։ Լուսավորիչներ, առաքելոցներ և այլ նույնանման բազմաթիվ նրբաքանդակ պճնազարդված հիշատակարաններ, անոնց փառասեր ու վայելչասեր հոգվույն արտացոլումներն են։ Ախուրյան գետի վրա երեսուն մետր տրամագծով միակամար եռահարկ հսկա կամուրջը, անոնց ճարտարագիտական ձեռներեց ու ամենակարող ոգույն դարավոր դրվատիքն է։ Անթիվ անհամար հասարակական մեծամեծ շինություններ, հազարավոր ընդարձակածավալ քարայրներ, ստորերկրյա կամարակապ անցքեր՝ անոնց մեղվաջան աշխատանքի վճիտ հայելին են։

Բայց այս ամենուն մեջ բան մը միայն կպակասեր անոնց բոլոր առավելությունները պսակելու, ահա այդ պսակը մեր ուշադրությունեն վրիպած և հաճախ արհամարված «Նախրճուն ժամն է»․ այդ փոքրիկ շինությունը անեցի ճարտարապետի պայծառ ու բեղմնավոր ուղեղի մարմնացումն է։ Հովվի եկեղեցին գեղարվեստական նուրբ ճաշակի և հանճարեղ ստեղծագործության գողտրիկ պտուղն է։ Առանց Հովվի եկեղեցիի Անիի շքեղության մեջ ստվեր մը և պաճուճանքին մեջ թերություն մը պիտի մնար։

Մի արհամարհեք անոր տգեղացած արտաքինը և մի խորշիք անոր այլանդակված երևույթեն, մենք անոր մեջ, պահ մը գլուխնիդ վեր բարձրացուցեք և ուշադրությամբ դիտեցեք, թե ինչպես վեց ամբողջ կիսաբոլորակ քարաշեն աղեղներու մեկ ծայրը հանգչած որմասյուննրու վրա, մյուս ծայրերը հավաքված դեպի կեդրոն, հրաշքով կախ եկած են ձեր գլխուն վերև։

Մի վախենաք, ութ-ինը հարյուր տարիե ի վեր անոնք կախված են այնտեղ, ոչ միայն վար չեն թափիր, այլև մի ժամանակ լուսաշող մեծ ջահն ալ կբռնեին, զիրենք ստեղծագործող հանճարեն քաջալերություն և խրախույս տվող վայելչասեր բարեպաշտի գերեզմանին վրա։

Այսուհետև պետք չկա անոր մեջ խունկին և աղոթքին, զինքը պահպանող, վերքերը դարմանող և վերջնական կործանումեն ազատող կարեկից ձեռքերու միայն կարոտ է։

Է. ԱՆՎՈ ՊԱՐԻՍՊՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սմբատյան պարիսպներու վրայի ատամնաշարերից այժմ տեղին վրա, ներսի կողմի պատին, մնացած է Լուսավորչի մոտի փոքր դռան կից քառակուսի բուրգի վրա, հետևյալ կերպ․− Դվնո դռան ներսի ճակատին վրա՝ 2 հատ, դռան արևմտյան կողմեն կից բուրգին անմիջապես հաջորդող պատին (դեպի արևմուտք)՝ չորս ատամ, բայց ներսի քարերը պոկված են և միայն շաղախով պահված է անոնց ձևը։

Դվնա դռնեն դեպի արևմուտք բուրգին սյան անմիջապես կից ուղիղ պատին վրա մնացած են 5-6 ատամներ բավականի որոշ վիճակի մեջ։

Ավագ դռան արևելյան կողմեն անմիջապես կից բուրգին արևելյան կողմեն միացած ուղիղ պատերու վրա կան չորս ատամներու որոշ մնացորդ։ Ավագ դռնեն դեպի արևմուտք երրորդ բուրգին կիսաբոլորակին մեջ կերևի մի ատամի եզերքը, որը փակված է հետնագույն ներսեն ավելացված շարքին ետևը։

Ավագ դռնեն արևմուտք 7-րդ և Կարուց դռնեն 3-րդ բուրգին ներսեն կիսաբոլորակին մեջ հայտնի է բուրգին ատամները թվով ութ հատ, որոնք ամենայն հավանականությամբ դարձյալ Բագրատունի կամ Մանուչեյան շրջանին մեջ ցածր համարվելով մեջտեղերը լեցվելով վերստին վրան շինած են նույն ձևով և նույն թվով ատամներ հիներուն անմիջոպես գագաթին հավասարությամբ։

Կարուց դռան վրա մնացած են երկու որոշ ատամներ, Կարուց դռնեն դեպի արևմուտք 5-րդ բուրգը, որ քառակուսի է և երեսեն հետո պատ ավելցված չէ, կերևա հին ատամները միայն մեջտեղերը հետո լեցված և հավանաբար վրան ավելցած ուրիշ ատամներ, որոնք այժմ չկան, երկու ատամ ունի դեպի արևելք նայող ճակատը և դեպի հյուսիս նայող ճակատը։

Այստեղ կվերջանա արևելքեն արևմուտք երկնցող հյուսիսային պարիսպին շարքը և կդառնա դեպի հարավ։ Դրսի պատին վրա է լայն մեծ բուրգը, որուն ինչպես կերևի, այս անկյունին վրա կծածկեր ամբողջ անցքը։

Ծաղկոցաձորի կրկնակի պարիսպի ներսի շարքեն միայն մի բուրգ է մնացեր՝ քովը մինչև հիմը քանդված մնացորդներով, Գագիկի բոլորակ եկեղեցիին հարավ արևմտյան կողմը կարմրագույն քարով շինված, իսկ արտաքին շարքին մնացորդները մնացած են սկսյալ քարափոր եկեղեցիեն, որ կգտնվի կարծեցյալ պալատեն դեպի հարավ և Գագիկի բոլորակ եկեղեցիեն դեպի արևմուտք և անընդհատ բեկբեկումներով շարունակված է մինչև Ապուղամրենց ս. Գրիգորի և Գագիկի եկեղեցիի միջև գտնված դեպի Ծաղկոցաձոր իջնող ձորը, ուր քարայրներու վրա է եղած պարիսպին հիմքը, որոնք փլչելով պարիսպներն ալ միասին փլեր են այդ մասին վրա, ասկեց ալ դեպի հարավ Ապուղամրենց եկեղեցիի ճիշտ ներքևը, լանջին վրա, կա նույն պարիսպեն մնացորդ մի պատի կտոր և մի բուրգի կեսը. մնացյալ շարունակությունն անհետ կորած է մինչև միջնաբերդի ներքևը։

Ծազկոցաձորի կողմի ներքին պարիսպի շարունակութենեն մինչև միջնաբերդի արքունիքի արևմտյան դուռը տեղ տեղ քարափներուն վրա տակավին պարսպի հիմերը կերևան։

Դրսի պարիսպը, որ ժայռի փլումով ընդհատված է կարմիր քարափոր եկեղեցիի առջև, շարունակված է եղեր մինչև կարծեցյալ ապարանքը և այս վերջինիս ձորի կողմի արևմտյան և հյուսիսային պատերը դրված են ուղղակի պարիսպին վրա։
ՑՈՒՑԱԿ ՊԱՏՄԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ[21]
(Թերի)
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Պատմական տվյալներով հաստատվում է, որ մեր թվականից շատ տարիներ առաջ Հայաստանը քաղաքակրթական զգալի բարձրության հասած էր և կարևոր տեղ էր բռնում սահմանակից մեծ պետությունների շարքում, որոնք շատ պարագաների մեջ հաշվի էին առնում Հայաստանի գոյությունը քաղաքական և տնտեսական տեսակետներով։

Ես այստեղ չեմ խոսելու Հայաստանի ընդհանուր զարգացման մասին։ Այս ընդհանուր զարգացումը և փոխադարձ ազդեցությունները բովանդակ Հայաստանի պատմության մեջ հետազոտել և դրական եզրակացության հանգել բավականին լուրջ գործ է և պահանջում է առանձին մասնագիտություն ընդհանուր ուսումնասիրության համար։ Ուստի, ինձ մնում է խոսել ճարտարապետական և շինարարական արվեստների տեսակետով, որ սկսած մեր թվականից շատ առաջ արդեն որոշ կատարելության հասած էր Հայաստանի մեջ և մինչև մեր օրերը անջնջելի հետքեր մնացել են սեփական ստեղծագործությունների։

Երկար տարիների մեջ իմ կատարած հետազոտություններով և համեմատական ուսումնասիրություններով համոզվել եմ, որ Հայաստանի նախաքրիստոնեական շրջանին մեջ ճարտարապետություն և գեղարվեստ մի համր զարգացումից հետո, բավականին կատարելագործված հասած են մեր թվականին և տևած են մինչև մեր թվականի 4-րդ և 5-րդ դարերը։

Հայաստան երկրին հատուկ ինքնուրույն մի ճարտարապետական արվեստի զարգացումը տևել է մինչև 15-րդ դար գաղափարների աստիճանական զարգացումով, շինությունների մշակումով և, որ ավելին է, ճաշակի նորանոր փոփոխություններով։

Հայաստանի մեջ, ճարտարապետական արվեստը երբ ենթարկվեց նորանոր վերածնությունների, հին ոճը (5-րդ դար) այնքան հեռացավ վերջին վերածնության ոճից (14 և 15-րդ դար) և տարբերվեցավ նրանից, որ հինը անճանաչելի դարձավ նոր ոճի համեմատությամբ։ Թեև գտնվեցին ճարտարապետական հին դետալներ, որոնք զանազան վերածնությունների մեջ ընդունվեցին, սակայն ոչ բոլորովին նախնական ձևով, այլ ավելի գեղեցկացած, վայելչացած, մեկ խոսքով սրբագրված իր նախնական գծերից և երևույթներից։

Ներկա աշխատությունս մի ամբողջական ուսումնասիրություն չէ Հայաստանում իրագործված ճարտարապետական արվեստի մասին, այլ թանգարանային մի ցուցակ, որ իր մեջ պիտի բովանդակե նշանավոր հուշարձանների անունը, գտնված տեղը, շինողի անունը և շինության ժամանակը։ Կարող է պատահել, որ շինողի անունը և շինության ժամանակը անհայտ լինի, շինարարական արվեստի համեմատությամբ անվրեպ որոշված կլինի շինության դարաշրջանը։ Բայց ամենից ավելին, որ ցուցակիս նպատակն է, մատնանշված պիտի լինի ճարտարապետական և գեղարվեստական մասերը։ Հնարավոր դեպքում հուշարձանների հատակագծերի հետ միասին պիտի դրվեն չափական գծագրությամբ գեղարվեստական կտորներ՝ իրենց պատկանած վերածնությունների և դարաշրջանների ծանոթությամբ։ Այս կերպով պատրաստված մի ցուցակ երբ արվեստագետն իր ձեռքին կունենա, հուսալի է, որ հնարավորություն կունենա որոշելու թե՛ օտարամուտ ձևերը, թե՛ տեղական ճաշակին ենթարկված փոփոխությունները և թե՛ զուտ տեղական ստեղծագործությունները ճարտարապետական և շինարարական արվեստի մեջ։

Առհասարակ հենվելով իմ հետախուզոթյունների վրա, Հայաստանում մեր թվականից առաջ գոյություն ունեցող ճարտարապետական նախնական մնացորդները երկու մասի են բաժանվում. 1. նախաուրարտական, 2. ուրարտական կամ խալդական։ Այս երկու տեսակ նախնական ճարտարապետությունից հետո եմ համարում Հայաստանի ճարտարապետական արվեստի վերածնությունը նույնիսկ մեր թվականից շատ առաջ, թեև չենք կարող որոշել, թե որչափ առաջ, այնուամենայնիվ փաստեր շատ կան, որ քաղաքակիրթ վերածնության ենթարկված ճարտարապետական մի արվեստ, նախնականի հետ զուգահեռաբար մտել է քրիստոնեական թվականի առաջին շրջանները։ Ուստի ենթադրելով աոաջին վերածնությունը նախաքրիստոնեական շրջանին, տևել է մինչև մեր թվականի 5-րդ դարը։ Այս առաջին վերածնության տևողությունը մինչև 5-րդ դարը ընդունելուս պատճառն այն է, որ չափազանց քիչ ունենք մեզ հասած, առաջին վերածնության վերագրված հուշարձաններ և այդ հուշարձանները ոճի մեջ փոփոխություններ չեն ցույց տալիս մինչև նախաքրիստոնեական շրջանի ճարտարապետոթյունը և գրեթե հնից միօրինակ ոճով են առաջ գալիս մինչև 5-րդ դար։

Բայց որովհետև հետագա վերածնությունների համեմատությամբ այս աոաջին վերածնության տևողությունը շատ երկար է, և մինչև 5-րդ դար բավականին կատարելության հասած, կարելի է նաև ենթադրել որ, ժամանակի այս երկար տևողության մեջ, մեկե վերածնությունների է ենթարկված Հայաստանի ճարտարապետական արվեստը, սակայն որովհետև հաստատուն տվյալներ չունենք այս ենթադրությունը հաստատող և համեմատության համար միանգամայն անբավարար հուշարձանական մնացորդներ են պահվել, ուստի առայժմ ներելի է կարծեմ մեզ համար, որ մինչև 5-րդ դարը ներառյալ, համարենք առաջին վերածնություն։ Իսկ հետագայի համար, մինչև Հայաստանի ինքնուրույն ճարտարապետության անկումը, ընդարձակ ծանոթություններ ունենք մեզ հասած նյութերի առատության։ Արդ, մեզ հասած այս առատ նյութերի համեմատությամբ կտեսնենք, որ վերածնության միջոցներն այնքան երկար չեն և հնարավոր եղած է, որոշ չափով ճիշտ դասավորել ժամանակի տևողությունը և թե յուրաքանչյուր վերածնության մեջ ավելացած կամ վտարված գեղարվեստական և շինարարական մասերը։

Սկսած քրիստոնեական առաջին դարից մինչև 15-րդ դարը, Հայաստանը միշտ ինքնուրույն կամ յուրահատուկ ճարտարապետական և գեղարվեստական ոճ ունեցել է, յուր առանձնահատուկ ոճով զանազան վերածնությունների պատճառով հաջորդաբար կերպարանափոխվել է, այնուամենայնիվ համաշխարհային ճարտարապետության և գեղարվեստի պատմության մեջ իր պատվավոր տեղն է գրաված։ 15-րդ դարից հետո է, որ սկսած են արևելյան և արևմտյան ոճերի անհամաչափ մի խառնուրդով երևան գալ մեծ ու փոքր շինություններ, որոնք ո՛չ տեղական հատկանիշ էին արտահայտում և ո՛չ Հայաստանում ապրող ժողովրդի հոգեբանությունը. միևնույն ժամանակ Հայաստանը շրջապատող հեռու և մոտ ազգերի ոճերից ոչ մեկին չէին ենթարկվում։ Այս խառնակ և անկերպարան երևույթը, որ երկար է տևում, ցույց է տալիս անկում Հայաստանին հատուկ ճարտարապետական ոճին։ Ուստի քրիստոնեության սկզբից մինչև 15-րդ դարը նկատվում են 4 զանազան վերածնություններ։ Առաջին վերածնությունը տևում է մինչև մեր թվականի 5-րդ դարի վերջը, երկրորդ վերածնությունը տևում և կատարելության է հասնում մինչև 7-րդ դարի վերջը, երրորդ վերածնությունը երևան է գալիս 9-րդ դարի վերջերին և 10-րդի սկզրներին և տևում է մինչև 12-րդ դարի սկիզբը. չորրորդ վերածնությունը ծաղկման վիճակի է հասնում 13 և 14 դարերում, որին հաջորդում է Հայաստանի ինքնուրույն ճարտարապետության բուռն վերելքը Սովետական կարգերի պայմաններում։

Թե՛ նախաքրիստոնեական կիկլոպյան շենքերի մնացորդները և թե մյուս չորս վերածնությունների հատուկ հուշարձանների կանգուն, կիսականգուն և ավերակ շենքերից ընտրանոք նմուշներ պետք է պարունակի աշխատությունս պատմական և ճարտարապետական հակիրճ, բայց կարևոր ծանոթություններով։

Այս վերածնությունների երրորդ և չորրորդ շրջանների հատուկ մնացորդները բազմաթիվ են Բագրատունյաց մայրաքաղաք Անիում և շրջաններում, ուստի երրորդ և չորրորդ վերածնությունների առավելագույն նմուշները հնարավոր պիտի լինի տալ առաջիկային թ՛ե Անիից և թե՛ շրջաններից։

Փակագծի մեջ պետք է ասել, որ հայ ճարտարապետության նմուշները և նրանց մասին դիտողությունները վերաբերում են միմիայն արևելյան Հայաստանին, որովհետև արևմտյան Հայաստանը ես անձամբ երբեք չեմ ուսումնասիրած։

Առաջին վերածնությունը շատ ընդարձակ սահմանի մեջ տեղի ունեցավ, Արագածից և Արարատից մինչև Եփրատի արևմտյան հոսանքն է հասնում նրա սահմանները։ Սակայն այս վերածնությունից այսօր շատ քիչ նմուշներ են մեզ հասել՝ նախկին կիկլոպյան շենքերի մնացորդների հետ, որոնց նմուշները տալիս ենք այստեղ։

Երկրորդ վերածնության ժամանակ թեև միահեծան իշխանություն չկար և Հայաստանը բաժանված էր պարսից և բյուզանդական իշխանության մեջ, այնուամենայնիվ այս երկրորդ վերածնությունը համահայաստանյան եղավ։ Միայն թե Հունաց և Պարսից իշխանությունների տիրապետած սահմանին մեջ, տիրող պետության ազդեցությունը մասամբ երևում էր Հայաստանի ճարտարապետական արվեստին վրա։ Իմ կարծիքով այս ևս բնական էր, որովհետև թե՛ բյուզանդացիք և թե՛ պարսիկ սասանականները մեծ առաջադիմություններ ունեցել էին շինարարական արվեստների մեջ. պետք է ավելացնել նաև, որ երկրորդ վերածնության մեջ Հայաստանն այնքան առաջ գնաց ճարտարապետական մեծ արվեստի մեջ և այնչափ հոյակապ հուշարձաններ թողեց իր հետևը, որ այնուհետև հաջորդ դարերուն այլևս ոչ մի նոր ճարտարապետական հատակաձև չկարողացավ մշակել։

Երրորդ վերածնության ժամանակ ներքին վարչական և աշխարհագրական ձևերուն մեջ մեծամեծ փոփոխություններ էին կատարվել։ Միահեծան պետությունը փոխվել էր մանր թագավորությունների և իշխանությունների, ինչպես՝ Վասպուրական, Շիրակ, Վանանդ, Սյունիք, Լոռի, և այլն և այլն։ Ինչպես երևում է, Շիրակի թագավորությունը, որուն մայրաքաղաքն է Անին, ամենից ավելի ուժեղ և ժողովրդական եղավ սույն վերածնության մեջ. դարձավ արվեստի մի մեծ դպրոց և տարածեց գեղարվեստի ճաշակը մանր հայ պետությունների շրջանում։ Վերջապես Բագրատունիները, որոնց վերին հսկողությունը վայելում է Պահլավունիների և Կամսարականների շինարար սերունդը, մանր ու խոշոր գեղարվեստական շինություններով ծածկեցին Անին և մոտավոր ու հեռավոր տիրապետության սահմանները։

Քաղաքական և վարչական ավելի անմխիթար դրության մեջ ստեղծվեց Հայաստանի ճարտարապետության չորրորդ վերածնությունը։ Իր նախնիքներից ժառանգած գեղարվեստի ճաշակը և շինարարության հատկությունները թեև պահած էր հայ ժողովուրդը, սակայն տնտեսապես այնքան ընկած դրության մեջ էր, որ չկարողացավ մեծամեծ շինություններ կանգնել, այնուամենայնիվ բազմաթիվ փոքր, բայց ընտիր շինություններով ծածկեց երկիրը։ Չորորդ վերածնության մեջ ո՛չ միայն ճաշակի նրբություն, այլ և շինարարական հանճարեղ նորություններ ևս մտցրեց, որոնց մասին իր հարմար ժամանակին պիտի գրենք և մատնանշենք։

Վերջապես, եզրակացնելով խոսքս՝ ներկա փոքրիկ հատորով չի վերջանում Հայաստանի կարևոր հուշարձանների համառոտ ցուցակը։ Սա առաջին պրակն է, յուրաքանչյուր տարի պետք է, որ ունենանք այս ցուցակի շարունակությունը թե Պատմական Թանգարանում գտնված, և թե՛ հետզհետե հավաքվելիք նյութերով։
1. ԱԳԱՐԱԿ
կամ Ագրակ

Տեկորի հնագույն եկեղեցիից 2-3 կիլոմետր դեպի հարավ-արևմուաք կգտնվի Ագարակ կամ Եգրեկ գյուղը, որուն շրջանին մեջ կան շատ հնագիտական վայրեր, ամենահին ամրոցների և բերդերի մնացորդներ, կոթողաձև քառակուսի պատվանդանավոր գերեզմաններ։

Բացի ավերակ եկեղեցիների մնացորդներից, կա այժմ մի հնագույն եկեղեցի գյուղի մեջ, որը 5-7 դարերուն պատկանելու հավանականությունն է տալիս, ունի իր վրա ՆԾԵ-1006 թվականը, բայց ոչ շինության համար, այլ նվիրատվության։

Այդ եկեղեցու հյուսիսային կողքին կա մի 5-րդ դարու բազիլիքի ավերակ։

Այս անունը կրող ուրիշ գյուղեր կան, որոնց մեջ ևս հին ավերակներ գոյություն ունին, սակայն նրանց մասին կխոսիմ առանձին իրենց կարգին։

2. ԱԴԻԱՄԱՆ

Արագածի հարավ-արևմտյան բարձունքներուն վրա Թալինի շրջ․ փոքր գյուղի մեջ կանգուն է մի մեծ հոյակապ եկեղեցի անվրեպ 7-րդ դարու գործ․ անհայտ է շինողը, արձանագրություններ չկան, ներքուստ խաչաձև և անսյուն է, լայնանիստ գմբեթ ունի։ Նորոգության կարոտ լինելեն զատ շուրջը խտացող անպետք շինություններեն ազատելն անհրաժեշտ է։ Այս գյուղի արևելյան և հարավ արևելյան բարձունքներուն վրա կան նշանավոր նախապատմական և ուրարտական երկու մեծ ամրոցներու մնացորդներ։

Հյուսիս-արևելյան կողմը, ձորի մեջ, գտնված են հին եկեղեցու և բնակության հիմքեր, ի միջի այլոց բարձրաքանդակ պատկերներով քառակող կոթողաձև գերեզմանաքարեր։

3. ԱԼԱՃԱԼԻ ԵԿԵՂԵՑԻ

Ալաճալի գյուղի մեջ եկեղեցիի մը ավերակները կա, եթե կարելի է հավատալ Ալիշանի տված պատկերներու ճշտության, այն ատեն խիստ հետաքրքրական են այդ եկեղեցու կամարներն ու ձևը, երկհարկանի սյունազարդ նեֆեր, կամարները պայտաձև և ձվաձև դարձված, այդ խոյակներն ադանթազարդ մոտավոր նմանությամբ կորնթականի, սույն խոյակներու մեկուն վրա կերևի աքաղաղի մը պատկեր։

4. ԱԼԱՓԱՐՍ

Բջնիի հարավային կողմը կգտնվի Ալափարս գյուղը։ Կա մի հին եկեղեցու մնացորդ կոփածո քարով։ Եկեղեցին կթվի լինել խաչաձև։ Արձանագրությունները խանգարված են. միայն թվական մը կա 901 թիվ և մի անուն Գրիգոր: Այս գյուղի հին անունն է Այլաբերդ։

5. ԱԿՈՌԻ

Ակոռիի մեջ կար մի հնագույն եկեղեցի 660-ական թվականներին շինված Անաստաս կաթողիկոսի ձեռքով։ Եկեղեցվո հատակագիծը շատ մոտ նմանություն կբերե Անիի կաթողիկեին, միայն ավանդատուները քառակուսի են, փոխանակ խորանաձև լինելու արևելյան կողմեն, արտաքին մասեն (գուցե ներքին) մնացած սյուներեն կերևի, որ շատ նման է Զվարթնոցի արտաքին որմնասյուներուն իրեն խոյակներով։

Ուսկից կհետևի, որ Անիի զանազան եկեղեցիներու ներքին և արտաքին կողմերը գտնված այս տեսակ սյուներն արդեն գործածության մեջ էին 6-րդ դարեն սկսյալ հայոց մեջ. գտնելու է թե ո՞ւր է սկիզբն այս ոճին։

9. ԱՂՋՈՑ ՎԱՆՔ

Այրիվանքի հարավ-արևելյան կողմը նույնանման ձորամիջին կգտնվեր այս նշանավոր վանքը, որուն մասին պատմական տեղեկություններ միայն կան։ Ինչպես երևում է, պետք է խուզարկել տեղը և այժմյան դրությունը։

7. ԱՂՎԵՐԱՆ

Այս գյուղից քիչ վերև մենաստան կա ամայի մնացած անտառուտներու մեջ ճանապարհի դժարության պատճառով։

8. ԱՂՏ
(Այժմ Հախս)

Բյուրականի մոտ, անառիկ դիրքի վրա, այժմ մի փոքր գյուղ է, որը ժամանակով եղել է ուրարտական ամրոց, որուն հետքերը կան այժմ, իսկ հետո՝ հին հայոց սեփական ամրոցներեն մին։

Այստեղ է այն վերին աստիճան հետաքրքրական Արշակունյաց ստորերկրյա կամարակապ դամբարանը, որուն մեջ հատուկ շինված տապաններու ճակատին քանդակված են հայոց հնագույն շրջանի հատուկ քանդակներ։

Այս դամբարանին մոտիկ կա մի հին եկեղեցու մնացորդ, որուն փլատակների բեկորները ցույց են տալիս, որ 5-րդ դարում կանգնված մի եկեղեցի է եղած։

Այս շրջանի ձորերուն մեջ խիստ շատ կան հետաքրքրական քարայրեր ուշագրավ մանրամասնություններով և ոմանք քարե դռներով։

9. ԱՄԲԵՐԴ

Այրարատի Արագածոտն գավառի մեջ Բյուրականի մոտ, Արագած լեռան լանջերի վրա, երկու խոր ձորերից առաջ եկած եռանկյունաձև մի ընդարձակ դաշտային լեզվակի վրա է Ամբերդ կամ Անբերդ անվանված ամրոցը։ Բացի այս տեղը ամրոց լինելուց՝ նաև քաղաքի տպավորություն է թողնում։ Դիրքը չափազանց անառիկ է՝ խոր ձորերով շրջապատված լինելուն համար, և տեղ տեղ երևում են պարսպի հետքեր շուրջը, բացի հյուսիսային կողմից, որ ամբողջովին պարսպապատ է։ Հյուսիս-արևմտյան ծայրին պարիսպների շարքին վրա կա մի բրգաշար բերդանման ամրոց, որ նաև ցեղապետական դղյակ է, ներքին սենյակների և այլ նպատակների հատուկ բաժանումներով։ Դղյակի արևմտյան ծայրը անդնդախոր ձորի վրա է, իսկ արևելյան ծայրից շարունակվում է հաստատուն մեծ պարիսպը մինչև այնտեղ, ուր Բյուրականի կողմի ձորն անմատչելի է դարձնում մուտքը։ Այս կողմի պարիսպի վրա է ամրոցի դուռը, որ ներս մտնելուց հետո, երկու ճյուղի է բաժանվում, մեկը տանում է դեպի դղյակ, իսկ մյուսը դեպի բերդամեջ կամ քաղաքամեջ։ Չափազանց ուշագրավ է դղյակի շինելակերպը, հավանորեն պատերազմական տեսակետով. հյուսիսային կողմը, որ միանգամայն մատչելի է, ամենևին պատուհան չունի և խիտ բուրգերով ամրացված է, իսկ բոլոր բաժանումներ և խոշոր պատուհաններ միայն քաղաքին վրա են բացված։ Դղյակը և պարիսպները հազիվ թե 9-10-րդ դարու գործ են երևում․ միայն հայտնի չէ, թե նախորդ ամրության վրա նորը շինված է, թե՞ այս մասը նորոք շինած է։ Բերդի մտից դռան կամարը հիշեցնում է Անիի Սմբատաշեն պարիսպի վրա ավագ դռան և Տեկորի եկեղեցիի ներքին կազմի նորոգության ժամանակ վերաշինված կամարները, որոնք ատամնավոր տաշված են և շարվելիս միմյանց մեջ կանցվին ու մեկս մեկ կպահեն։

Տարակույս չկա, որ շատ հին ժամանակ այստեղ ընտրված էր որպես բերդատեղ՝ տեղի բնական ամրության պատճառով, որովհետև երկու գետերի խառնուրդի տեղի վրա, բարձր տակավին երևում են պարսպամասեր, որոնք անկասկած նախապատմական շրջանի գործեր են։

Այս հատ ու կտոր նախաքրիստոնեական շրջանի պարսպամասերը ապացույց են, որ ի հնումն ամբողջ թերակղզին շրջապատված էր պարիսպով, սակայն հյուսիսային կողմի ամրոց-դղյակն իր ներքին սենյակներով և այլ բաժանումներով նման էր Տիգնիսի դղյակին, որը համարվում էր Բագրատունիների սեփականություն դարձած այն ժամանակ, երբ նախքան Անին, Շիրակավանն էր Բագրատունյաց մայրաքաղաքը։

Ամբերդի դղյակի և պարիսպի շինարարական ոճը հիշեցնում է Բագրատունի շրջանի արվեստագործությունը, և ինչպես հավաստում են պատմական հիշատակությունները և ուրիշ հավանական ապացույցներ, սա ևս մի ժամանակ եղել է Բագրատունի թագավորաց սեփականություն։ Պատմական տեղեկություն կա, որ Գագիկ առաջին Բագրատունի թագավորը կտակել է այս ամրոցն իր հաջորդ Հովհաննես Սմբատին։ Իսկ հետո, Բագրատունի արքունիին հարազատ Վահրամ Պահլավունիին։ Սա է շինել դղյակի փառավոր եկեղեցին, որ նույնպես չափազանց նման է Մարմաշենի Վահրամաշեն Կաթուղիկեին։ Թեև գեղեցկության և ճոխության տեսակետով Ամբերդի եկեղեցին պակաս է քան Մարմաշենինը, սակայն շինարարական տեսակետով սքանչելի, է ամեն կողմից։ Ինչ ապացույցի կարոտ պիտի լինի, որ մոտավորապես հազար տարի է անցել, սակայն շենքը տակավին հաստատուն մնում է իր տեղը կանգուն. եթե փոքր ինչ վնասվածքներ երևում են, պատճառը երկարատև անտերությունն է։

Եկեղեցուց մի քանի քայլ դեպի հարավ-արևմուտք, փորված է մի անցք, որ հասնում է մինչև ձորի ջրի սահմանը, պաշարման ժամանակ անշուշտ գետից ջուր հանելու համար։ Հին ժամանակ, ինչպես երևում է, ամրոցների մեջ պահանջ էր այս ջրի գաղտնի ճանապարհը. նույնը մինչև այժմ կան Անիում, Բագարանում և ուրիշ տեղեր։

Քաղաքին ամբողջության ջուր մատակարարող առուները հետաքրքրական են տեսնել, թե ինչպես գետի բարձր տեղից միմյանց վրա երկու առու ձորի լանջով բերած են Ամբերդ. այս առուներեն մին հատուկ էր մեծ մասամբ դղյակին, իսկ մյուսն՝ ամբողջովին քաղաքին համար էր։

10. ԱՅՐԻՎԱՆՔ ԿԱՄ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ

Հարավային կողմը արևելքեն թև անի, ճիշտ նման Տեկորի և Երերույքի։ Բայց պետք է ստուգել ժամանակը, թե թևին հետ միասի՞ն շինված է թե ոչ։ Եկեղեցիի գավթին անմիջապես կից կա ութը որմասյուներու վրա միակտուր քարակոփ մի եկեղեցի՝ կամարներու խաչաձևումով, որոնց մեջտեղեն ունի գմբեթաձև մի լուսամուտ. գմբեթին մեջ բնականեն սթալաքթիթ քանդակած, նմանապես խորանին գմբեթարդին մեջ քանդակված է սթալաքթիթ։ Խորանին կիսաբոլորակը սյունազարդված է ութ սյուներով կամ յոթը սյունամեջերով, երկու խորհրդանոց անի, հյուսիսի երկու սյուներին գոյացած անկյան մեջ կա քանդակազարդ խորշ, հարավային պատին վրա երեք շքեղ քանդակազարդ խորշեր ունի։

Դեպի արևելյան կողմի քարափոր եկեղեցին, որ ավելի կից է տաճարի արևմտահյուսիս անկյունին, դուռը կրկին կբացվի գավթի մեջեն, ունի երկու բաժանում, մինը դեպի եկեղեցին, մյուսը դեպի գավիթ։ Բոլորովին միակտուր քարակոփ սեղանին ճակատը քանդակված է շրջանակի մը մեջ տարանկյուն և քառակուսի մոզայիքի ձևով քանդակվածքներով։ Սեղանին երկու կողմը՝ երկու խաչեր կան քանդակված, հարավային կողմը շրջանակավոր պարզ քանդակներ ունի, իսկ հյուսիսային կողմինը՝ ուշագրավ է իր ուռուցիկ գավազանաձև քանդակով, որի ստորին կողմին վրա երկու ծայրերին, առանձին շրջանակներու մեջ, քանդակված են երկու մարդիկ։

Ունի երկու ավանդատուն, մեկը սրահին մեջը՝ հյուսիսային կողմեն, իսկ մյուսը՝ սեղանին վրա դարձյալ հյուսիսային կողմեն։ Գմբեթն ամբողջովին քանդակված է թմբուկին մեջը սյունազարդ աղեղնակապած, իսկ կիսագունդը գագաթի լուսամուտեն սկսած շառավիղներով զատած և մեջերը 12 տեսակ քանդակներով զարդարած ամեն կերպ կանոնավոր որմնասյուները և կամարները, որոնց վրա հանգչած է գմբեթը, որպես թե առանձին քարերով շինված և տեղը դրած ըլլար։

Գավիթը երկու մասի բաժանված է, հյուսիսային կողմեն ունի մեկ սյունով և երկու աղեղով զատած բաժին մը, նույն բաժնի ճակատին վրա մեջեն մեկ սյունին վերևը քանդակված են երկու կապած առյուծներ, ներքևը մի արծիվ ոչխար վերցնող։

Դրան հարավային կողմը կա մի փոքր սենյակ ավանդատան նման. այս ավանդատունն ունի մի ութանկյունի գմբեթ, որի մեջն ամբողջ քանդակված է շատ գեղեցիկ կերպով։

11. ԱՇՆԱԿ

Թալինի շրջանում, հնումն թագավորական ամառանոց, ունի մի կիսավեր եկեղեցի, որ ըստ ոմանց 7-րդ, իսկ ըստ ոմանց 10-րդ դարուն կպատկանի։

12. ԱՇՏԱՐԱԿ

Այս գյուղի մեջ եղած հին հուշարձանների մանրամասն ցուցակագրումը աննպատակ կլինի առանց առանձին հետազոտության և ուսումնասիրության, որովհետև շատ կան բերդերու, բնակարաններու, դամբարաններսւ և այլ կարևոր մնացորդներ։ 5-6 հատ մեծ ու փոքր զանազան դարերու մեջ շինված եկեղեցիներ կան, որոնցմե մեկը նշանավոր է իր հնությամբ և ճարտարապետական կազմությամբ: Ծիրանավոր անունը կուտան տեղացիք և շինված է 5-րդ դարեն ոչ ուշ։ Կարմրավորը՝ 7-րդ դարուն, Մարինեն՝ 13-րդ դարե ոչ ուշ։

Ուշադրության արժանի է Քասախի կամուրջը իր շինվածով և տեղագրական դիրքով։

13․ ԱՊԱՐԱՆ

Արագածի արևելյան բարձրունքների վրա, Քասախ գետի աղբյուրներու մոտ, Ապարան կոչվող շրջանային կենտրոնի մեջ կանգուն կա մի հնադարյան մեծ եկեղեցի բազիլիք ձևով կանգնված, շենքը և շինության ոճը այնքան հին է և տարօրինակ, որ նույնիսկ հեթանոսական ծագում ունենալ կկարծվի, արևմտյան և հարավային դռներու քանդակազարդումները միանգամայն գոյություն չունին Հայաստանում 5-րդ դարուց հետո։ Շուրջը, որ սյունազարդ սրահ ունեցել է, որի սյանց խոյակները խոյակները չափազանց հին ձև ունին և խիստ հնադարյան քանդակներ։ Այս եկեղեցու ժամանակը, ոճը և ճարտարապետական մանրամասնությանց ուսումնասիրությունը ամենաանհրաժեշտ պահանջներից մեկն է հնագիտության տեսակետով։

Այս գյուղի շրջակայքում ևս կան բավական թվով հեթանոսական և հին քրիստոնեական շրջանի մնացորդներ։ Այստեղեն բերված է Հայաստանի Պետ. Պատմական Թանգարան շնագլուխ մարդապատկեր քանդակված մի սյան խոյակ։ է ձևավոր սուրբի մը դիրքին, ինչպես ս. Գևորգ։ Ձեռքը բռնած գավազանին վերի ծայրը կանաչ գույնով դրոշակի նման մի բան կերևա, դրոշակը երկուքի ճեղքված ձևով․ կկարծեմ, որ անպատճառ պատկերները ետին ժամանակ ծեփված են վրայեն բարակ շերտով, եթե շերտը հանվի՝ տակեն կերևի մնացյալ մասեր, ինչպես նաև ուրիշ աբսիդներու մեջ եղած պատկերներ, որոնք այժմ բոլորովին անհայտ են։

Խորանին կողմնակի ավանդատուններուն հավելումը հավանաբար եղած է շինութենեն քիչ հետո, որովհետև 11-րդ դարու ոճեն ալ հեռու է և մոտ նմանություն ունին հնագույն ոճերու պսակներուն բոլորշի ատամնաշարերով և նիշի մեջ եղած սյան խարիսխի քանդակով, որուն խոյակը խոյի գլուխ է միայն։ Մանվածոները 10-11-րդ դարու արվեստին կպատկանին, հետևաբար ավանդատուն խորաններու սկիզբը կարող է համարվել սրանց հավելման ժամանակը Անիի և շրջակայից մեջ։

14. ԱՊՈԻՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ

Ներսի գմբեթագիր վեց աղեղները plein de cintre-են և փոքր ինչ relomte-ները ներս հակված դեպի կենտրոն՝ պայտաձևի նման։ Խորանին մեջ նկատելի է ծեփին վրա պատկերներու հետքեր, խորանի գմբեթարդին մեջ, պատուհանեն վեր, կա մեծ պատկեր, որ հավանաբար քրիստոսի պատկերն է, նման բյուզանդական ուրիշ օրինակներու։ Պատուհանեն ցած ևս կան ամբողջական սրբոց պատկերներ լուսապսակ գլուխներով, հազիվ տեսնելիք Գմբեթարդի ճակատի կրկնակ աղեղներու ներքևնին թե ճակատեն և թե տակեն մնացած են սրբոց մանր գլխապատկերների հետքեր, վրայի աղեղեն ներքևի մասի վրա կան զարդանկարներ։

Մյուս աբսիդներուն մեջ ալ հավանաբար եղեր են պատկերներ, բայց այժմ անհետացեր են կամ վրայեն ծեփված է, կամ ժամանակի ընթացքում թափված։

Որովհետև սեղանի անմիջապես հարավակողման կից աբսիդին մեջ հետքեր կան պատկերներու, որոնց մեջ նկատելի է մի գլուխ և մոտը մի ձեռք դեպի վեր բարձրացած, ձեռքին միջով անցած է մի սպիտակ գիծ, որպես թե բռնած է մի գավազան կամ տեգ։ Անպայման ձեռքը կվերաբերի երևացող գլուխին և շատ նման
15. ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ

Այս գյուղի մեջ կա մի մեծ եկեղեցի ընդարձակ գավթով, որը շինել է 1244 թ. Քուրդ իշխանը։

Կաթողիկեի կողքին կա մի փոքր ավերակ եկեղեցի, որի միայն պատերն են կանգուն. շինվածքի ոճը ցույց է տալիս 5-րդ դար։

Այս վերջինիս կողքին կպցրած են մի փոքր մատուռ, որուն մեջ ընկած է խիստ գեղեցկաքանդակ խաչքար

Մեծ եկեղեցու հարավային կողմը և փոքրի արևմտյան պարիսպի մեջ կան շիրիմներ և գեղեցկաքանդակ խաչքարեր՝ 12-13-րդ դարերու:

16. ԱՎԱՆ

Երևանի հյուսիս-արևելյան կողմը մի հայաբնակ գյուղ է Ավանը։ Իր մեջ ունի 6-րդ դարու մի կիսավեր եկեղեցի, որը եղեր է իբրև հակաթոռ Արարատյան կաթողիկոսության։ Ավանի եկեղեցին շինել է Հովհան կաթողիկոսը, որուն օրով հունաց բաժնին մեջ էր գտնվում Ավանը։ Բացի 6-րդ դարու այս կիսավեր եկեղեցուց Ավանում կան նաև ուրիշ փոքր եկեղեցիների կիսականգուն մնացորդներ, որոնք հավանականորեն 13—14-րդ դարերում կվերաբերին։

17. ԱՐԱՅԻ ԳՅՈԻՂ

Ապարանի շրջանում Շիրակալայի մոտ ավերակ գյուղ է Արայի գյուղը։ Այս ավերակ գյուղին մեջ կա մի մեծ իջևանատուն քարաշեն, որուն տանիքը փլած է։ Պատերը կանգուն են և դուռը հյուսիսի կողմից է, որու վրա հայերեն արձանագրություն եղած է, բայց քանդված լինելով մնացել է միայն 1213 (ՈԿԲ) թվականը։

18. ԱՐԳԻՆԱ

Արգինան իբրև բերդաքաղաք գոյություն ուներ տակավին 6-րդ դարեն ի վեր։ 7-րդ դարուն պատերազմական մեծ անցքեր են տեղի ունեցեր այս շրջանում և շրջակա գյուղացիներ ապավիներ են Արգինայի բերդում (Սեբեոս)։

Սակայն երբ Շիրակավանը դարձավ Բագրատունի թագավորների համար մայրաքաղաք 9-րդ դարուն մեջ, հավանական է որ այն ժամանակ Արգինան, որ հազիվ երեք կիլոմետրի չափ հեռու է Շիրակավանից, դարձավ կաթողիկոսական աթոռ, մինչև որ Անին եղավ մայրաքաղաք և կաթողիկոսական աթոռն ևս փոխադրվեց միասին։

Այժմ հին բերդերեն հազիվ մնացորդները կան, իսկ հռչակավոր կաթողիկոսարանի ոչ մի հետքը չի մնացած. մնացել է միայն Խաչիկ կաթողիկոսի Տրդատ ճարտարապետի ձեռքով կանգնած կաթողիկեի հյուսիսային և արևմտյան պատերը (Խաչիկ Ա. կաթ. 972-990) (տես Ա ժողովածու, էջ 395)։

19. ԱՐԶԱԿԱՆ

Բջնիի գետակի Հրազդանի խառնուրդի մոտ կգտնվի Արզական գյուղը, այստեղ կան երկու եկեղեցիներ, մեկը գյուղի հյուսիսային ծայրը՝ գերեզմանատան մեջ խարտյալ քարերով շինված, հետո նորոգված ս. Գևորգ անունով։ Մյուս եկեղեցին նոր է գյուղամիջին։ Այս գյուղից քառորդ ժամ դեպի հյուսիս մի մենաստան ևս կա ս. Աստվածածին Նեղուսի անունով, եկեղեցին նման է Աստվածընկալին՝ գմբեթով և գավթով։ Դռան վրայի արձանագրությունը 1271 թվականի է։

20. ԱՐԹԻԿ

Արթիկ նշանավոր հայ գյուղ է Շիրակ գավառի մեջ Արագած լեռան արևմտյան փեշերին վրա։ Գյուղի մեջ կա երկու հնագույն եկեղեցի, որոնց մեկը ոչ միայն նշանավոր է իր մեծությամբ, այլև նշանավոր է իր հնությամբ, որ անվրեպ կպատկանի 7-րդ դարուն․ այս եկեղեցվո մոտիկ, արևելյան հյուսիսային կողմը, կա մի ուրիշ եկեղեցի փոքր տարածությամբ, սակայն կպատկանի 5-րդ դարուն։ Թեև վրան թվական չունի շինության, այնուամենայնիվ նրա հատակագծային ձևը անվրեպ կերպով ցույց կուտա որ 5-րդ դարուց հետո չէ։

Այս մեծ եկեղեցիին հարավային կողմը մի կամ մեկ ու կես կիլոմետր հեռավորության վրա 7-րդ դարու ս․ Ստեփաննոսի Լմպատավանք եկեղեցին է։

21. ԱՐՄԱՎԻՐ

Ի հնումն անվանի մայրաքաղաք Հայաստանի։ Հոկտեմբերյան շրջանին մեջ բարձրացած բյուրի վրա կա հին ամրոցը, որի շուրջը տարածված էր քաղաքը։ Այս բերդը և քաղաքը շատ հին դարերու մեջ գոյություն ունեցեր է իբրև ուրարտական բերդ և ավելի հին նախաուրարտական, որոնց ապացույցներ դուրս են գալիս պեղումներով կամ խուզարկություններով։ Այնտեղեն գտնված են բևեռագիր արձանագրություններ, հունարեն արձանագրություններ և այլ անծանոթ լեզվով նշանագրեր. ըստ Մ. Խորենացու Արմավիրի մեջ կար նաև արեգական և լուսնի պաշտման մեհյան։

22. ԱՐՈԻՃ (Թալիշ)

Այրարատի Արագածոտն գավառի մեջ կգտնվի Թալիշ գյուղը, որուն նախնական անունն է Արուճ։

Այս Արուճ գյուղն ունի պատմական մեծ անցյալ, նույնիսկ նախաքրիստոնեական դարերում, որովհետև շրջանում շատ են տեսնվում հին ամրոցների և այլ շինությունների մնացորդներ, չափազանց հետաքրքրական կլինի այդ շրջանի հնագիտական հետախուզությունը, պատմական շատ առեղծվածներ կլուծվեն և նորություններ կարձանագրվեն։

Փոքր մի ձորով բաժանված է Շամիրան կամ Շամիրամ գյուղը, որ ամբողջովին նախապատմական հնություններով շրջապատված է, որ թերևս ի հնումն մեկ շրջան էր կազմում Արուճի հետ։

Արուճի մեջ, բացի գմբեթից, կանգուն է Գրիգոր Մամիկոնյանի յուր իշխանությանն անցնելուց (670) հետո կանգնած եկեղեցին, որ մի գոհար է 7-րդ դարու մեջ։ Պատմական ճարտարապետության հետագայում գրեթե շատ քիչ շենքեր հավասարվել են 7-րդ դարու կոթողներու ճարտարապետական հարաբերություններին։ 7-րդ դարի մեջ կանգնած են Մրենի, Բագարանի, Թալինի, Արթիկի, Մաստարայի և այլ հոյակապ շենքերը, որոնց մասին կարելի է հատորներ գրել։

Արուճի եկեղեցին ոչ միայն իր մեծությամբ և բարձրությամբ նշանավոր է, այլ շինարարական տեսակետով ևս սքանչելի է։ Պատերը սրբատաշ մեծ քարերով շատ գեղեցիկ շինված են։ Ուրիշ 5-7-րդ դարու շենքերին նման խոշոր պատուհաններ ունի, մի ժամանակ, անշուշտ 16-17-րդ դարերում բերդի տեղ գործածեր և բուրգը շինել են, որով բռնի խաթարել են մի քանի տեղ, եթե ոչ այդ խաթարումներն ևս պետք է չունենար։ Հայտնի չէ, թե երբ է ընկած գմբեթը։

Պատմագիրների հիշատակած Գրիգոր Մամիկոնյանի ապարանքը, որուն Հովհաննես Դրասխանակերտցի պատմագիրը արքունիք է անվանում, գտնվում է տաճարի հարավային կողմը մի քանի տասնյակ քայլի վրա ձորեզրին շինված, որուն միայն ներքին հարկի պատերն են մնացել, մոտավորապես մեկ կամ մեկ ու կես մետր ավելի կամ պակաս բարձրության։ Չափազանց հեշտ է և հետաքրքրական այս ապարանքի պեղումը, որով միայն լիակատար գաղափար կունենանք 7-րդ դարու իշխանական ապարանքի մասին։ Այս ապարանքի մնացորդ պատերը, որը եկեղեցու նման սրբատաշ մեծ քարերով են շինված, ցույց կուտան թե որչափ շքեղ էր ամբողջ շենքը։ Ապարանքից քիչ ցածր, ձորի լանջին, տակավին կա այն աղբյուրը (եթե հոգ տարվի, մշտնջենապես ջուրը վազում է), որ շինել է տվել Գրիգոր Մամիկոնյան։ Պատմագիրները հատկապես հիշատակում են այդ աղբյուրը։

23. ԱՐՏԱՇԱՎԱՆ

Աշտարակի շրջանի այս գյուղին մեջ կան զանազան հնություններ, բայց հողին հավասարած և ինչ լինելը անհայտացած։ Միայն մի փոքր մատուռի մնացորդ կա, որ 12-13-րդ դարու շենք լինել կկարծվի։

24. ԲԱԳԱՐԱՆ

Բագարանը նախաքրիստոնեական ծագում ունի․ այնտեղ խուզարկուն շատ կգտնի նախաքրիստոնեական հնագույն պարիսպների և բնակարանների մնացորդներ ընդհանրապես որձաքարերով շինված, թեև այժմ հազիվ երևում են և մասնագետ խուզարկուին միայն ուշադրություն են գրավում։ Իսկ քրիստոնեական շրջանում, գլխավորաբար Բագրատունիների սեփականություն և մայրաքաղաք դառնալուց հետո մնացորդներ և ավերակներ շատ կան կիսականգուն։ Բայց նախքան Բագրատունիները Բուտ Առավեղյան իշխանը 7-րդ դարուն շինել է այնտեղ մի եկեղեցի, որուն այժմ ս․ Թեոդորոս անուն են տալիս, իսկ ս․ Թեոդորոսի գտնված բարձր տեղին հյուսիսային կողմը, որ ձորանման խորը եղած է, այդ խորության մեջ կա հին քաղաքատեղի որձաքարերով տներ շինված և գեղարվեստական մի եկեղեցվո ավերակ։ Այս ավերակի դիմաց գետի աջ կողմին կա ս․ Շուշան անունով մի եկեղեցի։ Կիսավեր մի շենք, որը անշուշտ ի հնումն կամուրջով կապված էր գետի ձախ ափին հետ, ուր կգտնվին քաղաքը, բերդը և ուրիշ զանազան եկեղեցիներ։ Գետեզերքին մոտ քաղաքի հյուսիսային կողմը կան զուգահեռաբար շարված երեք բլուրներ, որոնց ամենաբարձրը շրջապատված էր պարիսպով, որոնց մնացորդները միայն կան, իսկ ծայրին՝ այժմյան ս․ Գևորգ եկեղեցին, որ հաճախ նորոգված է և ուխտատեղի է ժողովրդական։

Բարձր բլուրները, որ երեք հատ են և ամենաբարձրը շրջապատված է պարիսպով և երկնցած են հյուսիսից հարավ, հյուսիսային ծայրին կա ս. Գևորգի եկեղեցին։ Մյուս բլուրները աստիճանաբար փոքր և ցածր են, թեև վրաները երևում են շինությանց հիմերի մնացորդներ, սակայն պարիսպի հետքեր չկան։

25. ԲԱԳՆԱՅՐ

Անիից 6-7 կիլոմետր դեպի արևմուտք, Ալաճա լեռան ստորոտին վրա կգտնվեր Բագնայրը (Ղոզլիճա)։ Գյուղի մեջ կան 4 եկեղեցիներ՝ մեծ և փոքր, ամենամեծը շինել է Պահլավունի Սմբատ Մագիստրոս (11-րդ դարուն), ունի ընդարձակ գավիթ, այս զավթին մեջ կան ճարտարապետական և շինարարական ուշագրավ մասեր։ Մեծ եկեղեցիի հարավային կողմը կան երկու փոքր եկեղեցիներ, և այս եկեղեցիների արևմտյան կողմը նույնպես սյունազարդ կամարակապ գավիթ՝ հարավից, բացօթյա։

Գյուղի հյուսիս արևմտյան ծայրում կա մի ութանկյունի փոքր մատուռ։ Գյուղից դեպի հարավ-արևելք 5-6 կիլոմետր հեռավորության վրա Ալաճա լեռան ամենամեծ բարձրության գագաթի վրա կա կրկնակի պարսպապատ մի բոլորակ շինություն, որի շատ հին պաշտաման մի վայր լինելն անկասկած է։

26․ ԲԱՐՁՐԱՔԱՇ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԿԱՄ ՍՈԻՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՆՔ

Կգտնվի Ալավերդու [Թումանյան] գյուղի մոտ, շինված է 11-րդ դարուն մեջ, Մամիկոնյաններու ձեռքով. կանվանվի նաև Ճերմակ վանք, արտաքին ձևը բոլորովին պարզ է և հրաբխային գունավոր քարերով շինված է. պատուհանները փոքր և շրջանակաձև, ուշագրավ է տանիքի պսակը, որ գործածված է նույնպես ուրիշ տեղեր ժամանակակից շինություններու մեջ։

Այս եկեղեցվո արևելյան պատի վրա կգտնվի երկգլխանի գեղաքանդակ արծիվ թևատարած, ճանկերուն մեջ գառն բռնած։

Բացի կարնիզեն այս եկեղեցիի անկյունները սուրուրիկ ձևով անկյունավոր կարված և ստալաքթիթ, գմբեթաթարդով դեպի դուրս հակած և տակի երկու անկյունները մեկ հատի վերածված է, եթե ուշադրության առնենք 11-րդ դարուն հայոց մեջ գտնված ըլլալուն, այն ատեն պետք է լրջորեն քննել, թե ե՞րբ մտավ ստալաքթիթի արվեստը հայոց մեջ։ Մինչդեռ կկարծվեր, որ արաբական արվեստը մտած էր հայոց մեջ 12-13-րդ դարեն ոչ առաջ։

27․ ԲՅՈՒՐԱԿԱՆ

Բյուրականը մի մեծ գյուղ է Արագածոտն գավառի մեջ Աշտարակի շրջանում, Ամբերդի մոտ։ Հովհաննես պատմաբան կաթողիկոսի օրով (10-րդ դար) կհիշվի մի ամրոց այս գյուղում, որ մեծ և արյունահեղ կռիվ եղած է բերդում և ապավինողների պարտությամբ վերջացած է։ Ակնարկված բերդը այժմ գոյություն չունի, տեղն էլ հայտնի չէ, սակայն կա մի եկեղեցի, որու շինությունը պատմաբան Հովհաննես կաթողիկոսին է վերագրվում։ Շինությունը ուշադրության արժանի է, թե մեծության տեսակետով և թե որմնադրական ըստ ամենայնի ուշադիր և օրինական աշխատությամբ։ Ներքին կողմը հյուսիսային և հարավային պատերի վրա որմասյուներ կան, որոնց խոյակները շատ գեղեցիկ են և պարզապես, արևելյան հատկանիշ ունեն իրենց ճոխ քանդակագործության մեջ։

Այս եկեղեցին մի հատկություն ունի կրոնական տեսակետով, որով բոլորովին կտարբերվի, առանց բացառության, մյուս եկեղեցիներից։ Իմ Տեկորի ուսումնասիրության մեջ ես ապացուցել էի, որ նախաքրիստոնեական տաճարը սկզբում, երբ եկեղեցիի էին փոխարինում, արևելյան ծայրին մի ուղղանկյուն խորություն են թողած իբր քարոզի կամ պատարագի ամբիոն, սակայն հետո, երբ կիսաբոլորակ աբսիդները ընդհանրացան, Տեկորի եկեղեցուն վրա ևս շինել են կիսաբոլորակ աբսիդ։ Սակայն հետաքրքրականն այն է, որ 10-րդ դարուն շինված մի եկեղեցիի աբսիդը, փոխանակ կիսաբոլորակի՝ շինված է անկյունավոր՝ պատշաճ խորությամբ։ Սա նշան է, թե կիսաբոլորակ ձևը անպայման կրոնական պահանջ չէր, քանի որ անկյունավոր աբսիդը ևս նույն պաշտոնը կկատարեր, նույնիսկ Հովհաննես պատմաբան կաթողիկոսի վերին հսկողությամբ շինված եկեղեցիի մեջը։

Հին հուշարձանների մնացորդներ այս գյուղի մեջ աստանդական երևում են− սակայն չափազանց աննշան, միայն ուշադրության արժանի է գյուղի արևելյան կողմը գրեթե երկու կիլոմետր հեռավորության վրա Արտավասիկ տեղին վրա մի փոքր եկեղեցի, կիսափուլ, որու քարերի վրա քարտաշ վարպետների նշաններից երևում են, որ շենքը անվրեպ 7-րդ դարուն կպատկանի: Իսկ այս փոքր եկեղեցիի հանդեպ, արևելյան կողմին վրա կա մի մեծ հուշարձան խաչքարերով և զարդարուն շրջանակներով, որը ըստ երևույթին, 12-13-րդ դարու գործ է և անկախ է իր դիմաց եղող 7-րդ դարու մատուռից:

28. ԲՈՒԺԱԿԱՆ

Արայի լեռան արևելյան ստորոտներին մոտ կգտնվի Բուժական գյուղը Ապարանի շրջանում։ Այս գյուղից 2-3 կիլոմետր դեպի հյուսիս, լերանց ձորերուն մեջ կան անծանոթ մենաստանի մը ավերակները։ Մնացորդներից երևում է, որ եկեղեցին հոյակապ և սյունազարդ է եղած, և հատ ու կտոր արձանագրություններից երևում է, որ Վաչուտյանների ձեռակերտն է, նույն իսկ Մեծ Քուրդի կամ նրա կնոջ հոր, ինչպես գրված է տաճարի հյուսիսային կողմի պատին ներսի կողմը 1211 թվականի արձանագրության մեջ։

29. ԲՋՆԻ

Ախտայի շրջանում, Հրազդանի աջ ափին հին գյուղ է Բջնին, որի մեջ համարյա թե կանգուն է հնագույն մի բերդ, բարձր քարաբլուրի մը վրա։ Արևելքից և հարավից իսպառ անմատչելի է, ուրիշ կողմանե փոքր ինչ մատչելի բարձր պարիսպներով և աշտարակներով ամրացած է բերդը։ Գագաթին վրա ցրված են շինվածոց բեկորներ, որոնց երկուքը կոփածո քարերով եկեղեցիներ լինել կթվին։ 10-րդ դարուն բազմամարդ քաղաք եղավ այս տեղը Պահլավունիներու տիրապետության օրով։ Այստեղ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին շինեց մի եկեղեցի ս. Աստվածածին անունով, որ ներկայիս կանգուն է` անսյուն գմբեթավորված։ Հարավային կողմը դռան վրա արձանագրություն կա 1031 թվականի։ Բացի այս արձանագրություններեն կան նաև ուրիշ շատ արձանագրություններ, որոնք կհասնին մինչև 1358 թվական:


30. ԳԱՅԱՆԵ

Հիմնարկության թվականը 630. Եզր կաթողիկոսի ձեռքով։ Նախքան Եզրի հիմնարկությունը այնտեղ գոյություն ունեցող նախկին խրթին մթին շենքի մասին։

Եկեղեցուց դուրս քահանայից բնակարան շինելու մասին։

1652 թվականին Փիլիպոս կաթողիկոսի վերաշինությունը և ավերյալ վիճակի նկարագրությունը։ 1188 թվականին Եղիազար կաթ. կշինե արևմտյան գավիթը։

31. ԳԱՌՆԻ

Երևանից 30 կիլոմետր հեռավորության վրա անվանի հին բերդաքաղաք։ Գյուղի հարավ-արևմտյան կողմը Ազատ գետի ափունքին բարձրաբերձ ժայռերի վրա տակավին չէ կորած Տրդատ թագավորի շինած Խոսրովիդուխտի հոյակապ հովանոցի ավերակները և ըստ պատմական տվյալների Ներոնի ժամանակամից հեթանոս Տրդատի շինածն է առաջին դարուն։

Արևմտյան կողմին գրեթե կից կա բոլորակ կամ ութանկյունի մի շենքի մնացորդ հազիվ հիմերը նշմարելի։

Գյուղին մեջ կա մեծ եկեղեցու ավերակ, որուն, հյուսիսային պատն է միայն մնում։ Այգիների մեջ կա փոքր, բայց խիստ գեղարվեստական մի մատուռ։

Գյուղի արևելյան կողմը կան դարձյալ երկու փոքր մատուռներ կիսավեր վիճակի մեջ, իսկ հյուսիս-արևմտյան կողմը կա մի մեծ գերեզմանատուն խաչարձաններով։

32. ԳՈՇ ՄԽԻԹԱՐԻ ՎԱՆՔ կամ ՆՈՐ ԳԵՏԻԿ

Նոր Գետիկի կամ Գոշ Մխիթարավանքը հիմնված է 1191 թվականին Գոշ Մխիթար վարդապետի ձեռքով Արցախի Քուսա գավառի մեջ։

Այստեղ ի հնումն կար Գետկա վանք, որ երկրաշարժից սաստիկ վնասված էր, Գոշ Մխիթար նորը հիմնեց և կոչեց սուրբ Աստվածածին անունով։ Այս վանքն ունի բացի Աստվածածին եկեղեցուց նաև ուրիշ եկեղեցիներ զանազան ժամանակներում հիմնված։

Աստվածածին եկեղեցիի հարավային պատին կից կա ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին. երրորդ եկեղեցին է ս․ Կարապետ, որ կից է Աստվածածին եկեղեցիի գավթի հարավային կողմին։ Գոշավանքում այս եկեղեցիների ուշագրավ կառուցվածքի մանրամասնություններից զատ կան նաև չափազանց գեղաքանդակ խաչքարեր։

33. ԴԱՐԲԱՆԴ

Լենինականից 7-8 կիլոմետր հեռավորության վրա դեպի հյուսիս, Դարբանդ գյուղի կողքին կա մի հին գերեզմանատուն, որն այժմ ևս կծառայե նույն նպատակին։ Սույն գերեզմանատան մեջ կան մի քանի հատ հեթանոսական շրջանի կոթողաձև քառակուսի գերեզմանաքարեր վրաները քանդակված։ Այս քարերեն մեկ հատը Հակոբ Կարանյանցը փոխադրեց Լենինական և այժմ էլ գտնվում է Հայաստանի Պետական Պատմական թանգարանում։

Գյուղին մոտիկ կա ուրարտական շրջանի ամրոցի մի պատ, հսկայական անտաշ քարերով շինված։

34. ԴԴՄԱՇԵՆ

Ռնդամալից արևմուտք կգտնվի Դդմաշեն գյուղը։ Այս գյուղում կա հին քարաշեն եկեղեցի, որուն տանիքը և գմբեթը ընկած է։ Գյուղացիք տանիքը փայտով ծածկած են։

35. ԴԻԼԻՋԱՆ

Նշանավոր ամառանոց է Դիլիջանը, շրջակաները և մեջն ունի հնությանց մնացորդներ։ Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել այս շրջանը, որովհետև հավանականություն կա արտաքին նշաններից, որ ոչ միայն քրիստոնեական շրջանի այլև նախաքրիստոնեական շատ հնություններ պիտի գտնվին այս շրջանում։

36. ԴԻՐԱԿԼԱՐ

Այս գյուղի այժմյան եկեղեցին հնագիտական շատ կարևոր տեղ կբռնե։ Սա եղած է ի հնումն հեթանոսական տաճար. 5-րդ դարուն վերածված եկեղեցիի, 10-րդ դարուն նորոգված կրկին, հետո թողված բախտին։ Վերջին տարիներս նոր եկող բնակիչներ նորոգելով վերածել են գյուղական եկեղեցիի։

Այս գյուղից շատ են գտնվում հեթանոսական իրեղեններ։ Այստեղից գտնված է մի բրոնզյա ձուլված փոքր եզ։ Շրջապատում կան չպեղված կուրգանններ։

37. ԴՊՐԵՎԱՆՔ կամ ԴՊՐԱՎԱՆՔ
Դպրեվանքը գյուղ է Անիի հյուսիսային կողմը։ Վանքի արձանագրության մեջ հիշված անուններեն ոմանց վրա հիմնվելով այս շենքի հիմնարկությունը համարվում է 7-րդ դարը։ 10-րդ դարուն Աբաս թագավորի ժամանակ նորոգվեց, միշտ շեն է եղած այս վանքը և նշանավոր վարդապետներ ապրել են այստեղ։
38.ԴՎԻՆ

Գառնիից դեպի հյուսիս-արևմուտք 8-10 կիլոմետրի վրա, Արտաշար գյուղին կից են Հայաստանի երբեմնի մայրաքաղաք և Մերձավոր Արևելքի կենտրոն հանդիսացող Դվինի ավերակները, որտեղ գետնի երեսին միայն մնացել են պարիսպները, որոնք հետզհետե քանդվելու և ոչնչանալու վրա են։

Խաչիկ վարդապետը բացած է այստեղ 7-րդ դարեն կանգնված հսկայական Ս.Գրիգոր եկեղեցին, որն իր մեծությամբ գերազանց է բոլոր Հայաստանի մեջ գտնված եկեղեցիներեն։ Միջնաբերդը նույնպես ավերակ է և բազմիցս փորված ու խուզարկված ժողովրդի կողմանե այնուամենայնիվ պեղումները շատ բան կարող են պարզել այս պատմական նշանավոր քաղաքի մասին։ [1937 թվին ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական ֆիլիալը ձեռնարկեց Դվինի սիստեմատիկ պեղումները, որոնք հսկայական նյութ տվին 5-13-րդ դարերի պատմության համար: Պեղումները շարունակվելու են մի քանի տարի ևս]»[22]:

39. ԵՂՎԱՐԴ

Աշտարակի շրջանում, Արայի լեռան ստորոտին, գտնվում է այս նշանավոր գյուղը, որուն հետ կապված են անընդհատ պատմական անցքեր, սկսած 5-18-րդ դար, որոնց մասին պատմաբանները գրել են արդեն։ Ճարտարապետական հուշարձանների տեսակետով նշանավոր է այս գյուղնիր մեջ զանազան դարերի հուշարձանների հոյակապ մնացորդներն ունենալով։ Ամանանշանավոր շինության մնացորդն է այս գյուղում այն մեծ կաթողիկեն, որու ներքևից մեկ երկու մետր բարձրությամբ պատերն են մնացած։ Այս կաթողիկեի շինությունը վերագրվում է եղվարդեցի Մովսես կաթողիկոսին (574-603): Շուրջը մեծատառ արձանագրություն թեև կա, սակայն ինձ կթվի թե, դեռ մանրամասն ստույգ կարդացող չէ եղած։ Այնուամենայնիվ շենքը 6-րդ դարու լինելուն ոչ մի կասկած չկա, որովհետև այդ տիպը միմիայն 6-րդ դարում գոյություն ունի, ինչպես Արթիկի փոքր եկեղեցին, ինչպես Դվինի Ս.Գրիգոր եկեղեցին և այլն և այլն։ Իսկ այս եկեղեցու հյուսիսարևելյան կողմը դարձյալ կա մի ավերակ, որուն պատերը մեկ կամ մեկուկես մետր բարձրության մնացել են, միանգամայն 5-րդ դարու գործ է։ Ցավոք սրտի արևմտյան դռան վերև գտնված 10 կամ 11-րդ դարու մեծ արձանագրությանը բարբարոս ձեռքեր կոտրել և գործածել են հարևան շենքի մեջ։

Գյուղի հարավարևելյան ծայրում կա մի շքեղ եկեղեցյակ, որ նաև Զանգակատուն անունն ունի։ Շինված է ձեռամբ ոմն Ազիզբեկի 1321 կամ 1328 թվականին (վրան երկու արձանագրություն կա, առաջինը ձեռով գրված, երկրորդը քանդակված)։ Եկեղեցին երեք հարկանի է, առաջին և երկրորդ հարկերում պատարագի տեսարաններ կան, իսկ երրորդ հարկը մի սյունազարդ զանգակատուն է։ Արտաքին ճակատներն այնքան գեղարվեստականորեն քանդակագործված են, որ Հայաստանի 13 և 14 դարերի արվեստագետներին և ճարտարապետներին մեծ պատիվ կբերի։

40. ԵՐԵՐՈԻՅՔ

Երևան-Լենինական երկաթուղագծի վրա, Անի կայարանից մեկ կիլոմետր հեռու, Անի Պեմզային կից կանգուն է մի կիսավեր եկեղեցի անգմբեթ, տանիքը փլած է, իսկ հսկայական սրբատաշ քարերով շինված պատերը տակավին կանգուն են. եկեղեցին իր շուրջն ունեցեր է սյունազարդ սրահներ։ Անվիճելի է, որ 5-րդ դարուց այս կողմ չի կարող լինել նրա հիմնարկությունը։ Ունի երեք դուռ, մեկը արևմտյան կողմում, իսկ երկուսը հարավային կողմում։ Վրան կա 10-11 և 13-րդ դարու արձանագրություններ։ 1038 թվականի մի արձանագրություն կա հարկերի բաշխման մասին։

Շուրջը թափված են քանդակազարդ խոյակներ բարձրաքանդակ պատկերներով քառակուսի կոթողաձև գերեզմանաքարեր, որոնց մեկ քանին պրոֆ. Ն. Մառը փոխադրեց Անիի թանգարանը։

Եկեղեցու արևելյան կողմը 15-20 քայլի վրա կա նաև մի փոքր շինություն, թերևս եկեղեցուն ծառայող մի շենք է։

41. ԵՐՎԱՆԴԱՇԱՏ

Պատմության մեջ միայն գոյություն ունի Երվանդաշատ քաղաքի անունը․ նախապես գոյություն ունեցել է Արաքսի ափին Ախուրյանի խառնուրդին մոտը։ Այսօր այդ անվանի քաղաքին տեղը բռնել է Բախչալար (Հաջի Բայրամ) գյուղը։ Առաջին դարու մեջ Երվանդ անունով Հայաստանի գահին ձգտող մի մարդ, հիմնեց Երվանդաշատ քաղաքը և իր անձնական ապահովության համար շինեց քաղաքի թիկունքին բարձր լեռնանման բյուրի վրա մի ամուր բերդ, որուն ավերակները մինչև այժմ գոյություն ունեն և զարմանք է պատճառում այցելուին ոչ միայն դիրքի ամրության համար, այլև բերդապարսպի մեջ բազմաթիվ բնակության բաժանումներին համար, որ կնշանակե, թե Երվանդն իր ապահովության համար ինչքան համակիրներ հավաքել էր այդ ընդարձակ բերդին մեջ։

Բերդապարիսպները նախաքրիստոնեական ձևով անշաղախ վիթխարի որձաքարերով շինված էր, սակայն մի առավելություն ևս ուներ, որ բոլոր քարերը միմյանց կապված էին երկաթով։ Եթե դժվար է վերև բարձրանալ և բերդը անձամբ տեսնել, Հաջի Բայրամ գյուղացիների բերդից ցած գլորած քարերի վրա կարելի է պարզ տեսնել երկաթի կապերի նշանները։ Այս բերդի մասին էր, որ Խորենացին կատարյալ հափշտակությամբ գրում էր, թե Երվանդը ինչքան ծախքեր էր արած այս բերդի շինության համար. ինչքան հնարավոր միջոցներ ձեռք էր առած, որպեսզի թշնամու ձեռքը չընկնի այս բերդը։ Երկաթե սանդուխքներ է շինել տվել և այլն և այլն, այս մասին հետաքրքրվողը թող կարդա Խորենացու առաջին գրքի ԼԸ գլուխը։

Պետք է ասել, որ հին քաղաքից մի քանի նմուշներ մնացել են ստորոտում, որոնք ամուր որձաքարով շինված են, վիթխարի քարերից դռան բարավորներ կան բնակարանների մուտքի համար, միայն թե այլևս վրաները ծածկույթ չունեն, այս նախնական բնակարանները կարելի է տեսնել Ախուրյան գետի ձախ եզերքին, գյուղից բավականին բարձր, որովհետև գետամոտ տեղեր այժմ գրավված է Բախչալարի բնակչության կողմից։

42. ԶԱՐՆՃԱ

Թալինի մոտերքը, Արագածի լանջերուն վրա մի գյուղ է Զարնճան։ Այս գյուղի մեջ կա մի փոքր, բայց շատ վայելչաշեն եկեղեցի հավանորեն 11-12-րդ դարերու գործ։ Գյուղացիք նորոգելով շիներ են գյուղական եկեղեցի։

43. ԶՈՎՈԻՆԻ

Ապարանի շրջանի գյուղերից մեկն է (հին Մոլլա Ղասում)։ Գյուղի մեջ կա մի եկեղեցի 5-րդ դարու, ինչ որ մի Գնթունի իշխանի շինած. արևելյան կողմի խորանը քառակուսի է, հակառակ սովորական անկյունավոր կամ կիսաբոլորի։ Նշաններ կան որ ուեեցեր է սյունասրահ։

Այս եկեղեցվո մոտերեն գտնված են կղմինդրներ նորոգության ժամանակ, որոնք ապացուցում են, որ մի ժամանակ կղմինդրներով ծածկված է եղեր ինչպես Զվարթնոց, Մրեն, Բագարան, Տեկոր և այլն և այլն։

Այս եկեղեցվո արևելյան կողմը քառորդ կիլոմետրի վրա կա ավելի մեծ մի եկեղեցու ավերակ, թեև հողին հավասարված, այնուամենայնիվ ձևը հայտնի է, որ եղեր է Թալինի մեծ Կաթողիկեի նման խաչաձև հատակագծով, շուրջը թափված քանդակազարդ խոյակներ, և ուրիշ բեկորներ զինքը կտանին մինչև 5-րդ դար։

Այս գյուղի շրջանում շատ կան զանազան տեղերու վրա քառակող կոթողաձև պատվանդանավոր գերեզմանաքարեր, իսկ մի ժայռի մեջ փորված կա մի տապան կամ գերեզման, որուն վրա կափարիչ չկա։[23]
44. ԹԱԼԻՆ

Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ կգտնվին Հին և Նոր Թալինները, որոնք այժմ ապառաժոտ և ժայռոտ վայրերու վրա հիմնված գյուղեր են։ Անշուշտ հին ժամանակ Թալինը մի կարևոր և բազմամարդ շրջան էր, որի պատմական մեծ անցքերը կապված են այդ անվան հետ և հոյակապ շենքեր են շինված այնտեղ նույնիսկ ամենահին ժամանակներու մեջ։

Նախաքրիստոնեական շրջանում կառուցվել է մի կիկլոպյան ամրոց, ներկայիս Կյուլեք Թեփա անվանված սարի վրա, որտեղ մի լուրջ քննական պտույտ բավական է տեսնելու համար ո՛չ միայն նախաքրիստոնեական գերեզմաններ, այլև անշաղախ խոշոր քարերով կառուցված մարդկային բնակարանների մնացորդներ։ Քրիստոնեական շրջանի գերեզմաններ եղել են տարածված Թալինի մոտերքը քառակուսի քանդակազարդ կոթողներով, որոնք 5-7-րդ դարուն հատուկ են և անշուշտ շարունակությունն են հեթիթական սովորության։

Ըստ Հ. Ղ. Ալիշանի, քրիստոնեական երկրորդ դարում ծանոթ է այս տեղը հույն աշխարհագիր Պտղոմեոսին Թալինա անունով։ Իսկ 7-րդ դարում ոչ միայն շեն և բազմամարդ է երևում այս շրջանը, այլև Կամսարականների տոհմի բնակավայրն է եղած, ուր կանգնել են մեծամեծ շինություններ, որոնց երկուքը հասել են մեզ։ Կան նաև բազմաթիվ հետախուզության կարոտ ավերակներ և շինության հետքեր։ Եթե այս ավերակները հետախուզվին, անպայման մինչև այժմ մեզ անծանոթ պատմական տեղեկություններ պիտի հավաքվին։ Ես կարծում եմ, որ Կամսարական Ներսեհի շինած եկեղեցիի մեջ Հայաստանի Հն․ Պահպ. Կոմիտեի ջանքերով հավաքված բարձրաքանդակ գերեզմանակոթողները կապ ունեն Կամսարականների տոհմի հետ և նրանց մեկ քանիսին վրա իշխանական տարազով քանդակված մարդկանց պատկերները թերևս նույնիսկ Կամսարականներն էին։

Մեզ հասած հոյակապ շինություններեն մեկը, որ շատ աննշան կերպով վնասված է, կանգնել տվել է Ներսեհ Կամսարականը 7-րդ դարու մեջ։ Իսկ մյուս շատ շքեղ երևույթով հսկա շենքը, դարձյալ Կամսարականների գործ է և չափազանց հոյակապ է թե՛ արտաքուստ և թե՛ ներքուստ։

Թեև քանդումների և փլուզումների պատճառով մեծ շենքի վրա շինության արձանագրություն չկա, սակայն կասկած չի կարող լինել, որ այս շրջանը Կամսարականների ցեղին էր պատկանում, ավելի վաղ քան 7-րդ դարը։ Թե՛ այս շենքերի և թե՛ 7-րդ դարի գեղարվեստական ճաշակը ցույց տալու համար այստեղ կդնենք նմուշներ նրանց ճարտարապետական շինանմուշներից։

Մինչև այժմ իմ տված տեղեկությունները կվերաբերեն Հին Թալինին։ Մոտավորապես 4-5 կիլոմետր դեպի արևմուտք կգտնվի Նոր Թալինը, որ նույնպես նոր չէ և ունի պատմական անցյալ, որի մասին ավելորդ չի լինի մի քանի խոսք ասել։

Երևում է, որ հին ժամանակ Թալին անունը վերաբերում է ընդարձակ մի շրջանի, որի մեջ պարունակում էր Նոր Թալինը և շրջակա ուրիշ վայրեր։ Նոր Թալին անունը հին չէ, վերջին դարերի մեջ այն շրջանի մեջ ապրող ժողովուրդն է տվել այդ անունը, կարծում եմ, որ այս Նոր Թալին անվանվածն էլ այնքան հին է որչափ որ Հին Թալին անվանվածը, որովհետև Թալինների լեռնադաշտին ստորոտը (Նոր Թալինի շուրջը) մինչև Հոկտեմբերյան ձգվող ճանապարհի վրա, 50-150 մետր հեռավորության վրա, շարված են ամենահին ժամանակների հսկայական քարակույտ դամբարաններ. երբ վերջանում է Թալինի հատուկ լեռնադաշտը, վերջանում են նաև դամբարանները։ Լեռնադաշտին վրա Նոր Թալինից երկու կամ երեք կիլոմետր հեռավորության վրա կա մի 7-րդ դարու շենք, կողքին գերեզմանատնով։ Շենքին վրա կա 11-րդ դարու արձանագրություն, բայց ոչ շինության, այլ նվիրատվության։

Նոր Թալին անվանված այժմյան գյուղը ամբողջովին պարսպապատ է, բայց այս պարիսպները շատ նոր են և հայտնի չէ թե հին պարիսպների մնացորդների վրա են շինված, թե՞ բոլորովին նոր ժամանակ շինված է այս արտաքին պարիսպը, սակայն պարսպամիջին, բացի հին բնակավայրերի մնացորդներից, կան կիսավեր եկեղեցիներ 11 և 13-րդ դարերի թվակիր արձանագրություններով։ Այս շրջապատ պարսպի մեջ, դեպի ընդարձակ դաշտերը նայող մի բարձր տեղի վրա, շինված է մի միջնաբերդ, կամ ավելի ճիշտ մի դղյակ, որ ինչպես կերևի Զաքարյան մեծ տոհմի շառավիղներեն Աղպուղային կվերաբերեր։ Այս Աղպուղան 1267 թվականին մի արձանագրություն քանդակել տված է միջնաբերդի պատի վրա, որով կհայտնե, թե ինչ որ գինիի տուրք վերացնում է բնակչության վրայից։ Այստեղ հարկ է ավելացնել, որ մասնավորապես Նոր Թալինի շրջանում, եղել են պարտեզներ և խաղողի այգիներ, որոնք այժմ համարյա թե գոյություն չունեն։

Չափազանց հետաքրքրական և կարևոր մի հուշարձան է Հին և Նոր Թալինների ճանապարհի միջին կետի վրա տակավին գոյություն ունեցող իջևանատունը, որ 12-13-րդ դարու գործ է։ Մեծ և հոյակապ շինություն է, արտաքին պատերը բուրգերով ամրացած են, ամբողջ շենքը շինված է սրբատաշ քարերով, մեջն ունեցել է բազմաթիվ սենյակներ ճանապարհորդների համար, ապաստարաններ բեռնատար կենդանիների համար և ուրիշ բաժիններ զանազան կարիքների հատուկ։ Ժամանակը շատ քիչ վնաս է տվել այս շենքի ամբողջությանը, քան բարբարոս մարդկանց ձեռքերը. այժմ էլ գյուղացիք պատմում են և անունները տալիս են այն մարդկանց, որոնք իջևանատան սրբատաշ քարերը փոխադրել են գյուղերը և իրենց համար շենքեր շինել։

Դեռ ուշ չէ այս մեծ և հոյակապ շենքի հատակագիծը հանել և վերակազմել ամբողջությամբ. եթե մի քիչ էլ ուշանա, արդեն ամեն հույս կկորչի շենքի մանրամասն վերակազմությունն ունենալու համար։

45․ ԽԾԿՈՆՔ

Խծկոնք կամ Խծկունք ոչ միայն հասարակաց ուխտատեղի է, այլ և շուրջը բխած բուժիչ ջրերու պատճառով կարևոր բուժավայր է։

Խծկոնքը գտնվում է Անիից մոտ 40 կմ. դեպի հարավ-արևելք և Տեկորի արևմտյան կողմը կես ժամ հեռավորությամբ. մի փոքր շրջանում ունի հինգ եկեղեցիներ, որոնց մեկը, ամենահինը, հավանական է որ 10-րդ դարուց առաջ լինի և գուցե հասնի 7-րդ դար։ Երկրորդ եկեղեցին ս. Սարգիսն է, որը շինել է Վեստ Սարգիս, արտաքուստ բոլորշի է, ներքուստ խաչաձև։

Առաջին տաճարի անունն է ս. Կարապետ, նրան կից կա մի ուրիշ փոքր եկեղեցի, որն ունի ս. Աստվածածին անունը, չորրորդ եկեղեցին անջատ է և գտնվում է այս երեք եկեղեցիներու արևելյան կողմը մի ժայռի վրա և կոչվում է ս. Ստեփանոս։ Հինգերորդ եկեղեցին դարձյալ երեք եկեղեցիների արևելյան կողմում է, սակայն գրեթե մի կիլոմետր հեռավորության վրա. այս վերջին հինգերորդ եկեղեցիին անունն է [Լուսավորիչ]։

46. ԽՈԹԱ ՎԱՆՔ

Արցախի Հաթերք գավառի մեջ Թարթառ գետի աջ կողմը կգտնվի Խոթա վանքը։ Այս վանքի սկզբնական շինության թվականը հայտնի չէ, հաճախ նորոգվեր և վերաշինվեր է, որով կորել են արձանագրությունները, եթե կային։ Առաջին անգամ արձանագրություն երևում է 12-րդ դարուն (1189)։ Այսպես հաջորդաբար հետագային կարելի է այս վանքում գտնել նորոգության կամ վերաշինության արձանագրություններ։

47. ԽՈՐ ՎԻՐԱՊ

Խոր Վիրապի վանքը որ մինչև այսօր ուխտատեղի է հասարակ ժողովրդյան համար, ունի յուր պատմական ծագումը, որ ժողովրդական հավատալիքների հետ սերտիվ կապվում է․ այսինքն հայոց մեջ քրիստոնեություն տարածող Գրիգոր Լուսավորիչը այստեղ բանտարկված է եղել Տրդատ թագավորի հրամանով, որովհետև Խոր Վիրապը թագավորական ժամանակ թե աքսորավայր էր, և թե բանտ էր, որոնք փորած էին գետնի տակ շատ խորը և այս Խոր Վիրապների մեջ բանտարկվողների կյանքը երաշխավորված չէր, օրերի հարց էր հորը ձգվածի ապրելը, Գրիգորը իբր թե ապրել է մի պառավ կնոջ տված օրվան մեջ մի նկանակով։ Քրիստոնեությունը հաստատվելուց հետո, որպես թե այնտեղ ի հիշատակ Գրիգորի բանտարկության վանք են շինել։ Այս վանքը հիշվում է 7-րդ դարուն Ներսես 3-րդի օրով։ Այնուհետև թե պարբերաբար է հիշվել, այնուամենանիվ մինչև այսօր նշանավոր ուխտատեղի լինելե չի դադրել։ Այժմյան եկեղեցին ուշ ժամանակի է, հավանաբար 17-րդ դարի գործ է։

48. ԾԱՂԿԱՁՈՐ
(Հն. Կեչառուս կամ Կեչառուք)

Երևանից դեպի հյուսիս Հրազդան գետի աջ ափի մոտ կգտնվի Ծաղկաձոր ամարանոցը, որուն մոտ կան բազմաթիվ ավերակներու մնացորդներ, որոնց մեջ այժմ գրեթե կանգուն վիճակի մեջ են չորս եկեղեցիներ.

1. Ս. Գր. Լուսավորիչ, որուն շինողը կհամարվի Գր. Մագիստրոս 1003 թվականին։ Վրան ունի բազմաթիվ արձանագրություններ մինչև 1272 թվականը։

2. Անթվական շինություն. նորոգված է 1204 թվականին ոմն պարոն Վաչեի ձեռքով ըստ արձանագրության։ Եկեղեցու անունն անծանոթ է, կկարծվի լինել ս. Նշան կամ ս. Հովհաննես։

3. Ս. Կաթողիկե անունն ունի. շինողն է Վասակ որդի Խաղբակա ԺԳ դարու սկզբին։

4. Ս. Հարություն, ունի ժամատուն, փոքր է եկեղեցին, բայց անաղարտ մնացած, շինված է 1220 թվականին. շինողի անունն անհայտ է։ Շինողի ծնողներու Հասանի և Ռուզաքանի հիշատակին նվիրված է։

Մնացած ավերակները միանգամայն հետաքրքրական են, բայց նկարագրության և մանրամասն խուզարկության կարոտ։

49. ԾԱՂԿԱՎԱՆՔ

Կարբիի մոտ, Արայի լեռան հարավային կրծքին, ձորի լանջին, ամայի վանք է։ Մինչև վերջին ժամանակներս շրջակա բնակչությանց մեծ ուխտատեղի է եղած ամեն տարի Համբարձման տոնին։

50. ԿԱԶԱՆՉԻ

Արթիկի շրջանի մեջ Լենինականից դեպի հարավ-արևելք կգտնվի այս գյուղը, որը նշանավոր եղած է մի հին բերդով, ուր գտնված են բավական հին զանազան գործիքներ, որոնց մեջ կարևոր տեղ կբռնե մի սյան խարիսխ, որուն վրա կա շուրջանակի բևեռագիր արձանագրություն։

51. ԿԱՐԱՆԼՈՒԽ

Ապարանից դեպի հյուսիս-արևելք լեռնալանջի վրա կգտնվի այս փոքրիկ գյուղը, կիսով չափ անտառներով շրջապատված։ Անտառի հյուսիսային կողմը կա մի 7-րդ դարու կիսավեր եկեղեցի, գյուղեն կես կիլոմետր հեռավորությամբ և իբրև ուխտատեղի կծառայե գյուղացոց։

Հյուսիսային կողմը, մի ուրիշ կետի վրա, անտառին մոտիկ կա մի ուրիշ հետաքրքրական մնացորդ։ Ուրարտական շրջանի ոճով հսկա անտաշ սև քարերով շինված մի շենքի մնացորդ կա երկար քառակուսի և բավական ընդարձակ, մեջտեղից երկու մասի բաժանված։ Քրիստոնեական շրջանին այս շենքը եկեղեցիի վերածեր են՝ երկու բաժանումներու արևելյան ծայրին սրբատաշ հրաբխային քարերով խորաններ շինելով։

Այս եկեղեցու մոտերը կա մի տնկած սև քար, հավանորեն հեթանոսական շրջանի morolith է։

52. ԿԱՐԲԻ

Հովհաննավանքեն երկու կամ երեք կիլոմետր դեպի հարավ-արևմուտք կգտնվի Կարբին։ Ըստ պատմական տեղեկություններու բազմաթիվ շինություններ եղել են այս գյուղում, սակայն այժմ միայն հետքեր են մնացել, կա միայն մի հին եկեղեցի, որուն վրա հետաքրքրական է արևելյան կողմեն շինված զանգակատունը։

53. ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ
(Ղոշավանք Ախուրյանի ձախ ափին)

Հոռոմոսի վանքին մոտ, Ախուրյանի ձախ ափին, Կարմիր վանք գյուղի մեջ կա մի եկեղեցի գեղեցիկ շինվածքով և խիստ անաղարտ պահված։ Շինված է 985 թվականին, շինողի անունը եղծված է արձանագրության փչացած մասեր ունենալու պատճառով։ Բայց շինող ճարտարապետի անունը որոշ կարդացվում է, որ եղել է Սամեճան ճարտարապետ աբեղա:

54. ԿԱՐՍ

Կարսի բերդը գոյություն ունեցած է 4-րդ դարեն առաջ։ Քաղաքին հին անունը ըստ Ստրաբոնի և Պտղոմեոսի Խորզինի է, ուրկեց առաջ եկած ըլլալ կկարծվի Կարս կամ Ղարս անունը (դռներեն մեկուն վրա կա հայերեն գրված «Դուռն Անվո»)։

Կարսի պարիսպները Զաքարեի օրով նորոգված են մասամբ։ Թ. դարու կեսին Աշոտ Բագրատունի կնորոգե Կարսը. Սմբատի թագավորության ժամանակ Աբաս սպարապետ անունով մեկը եղբայր Աշոտի, վարեց Կարսի իշխանությունը, Սմբատի օրով ալ մեռավ 902 թվականին։

Սմբատ Ա-ի մահվանեն հետո, անոր երկրորդ որդին Աբաս գահը ժառանգեց իբր օրինավոր թագավոր։ Այս Աբասը 930 թվականին հիմնարկեց Առաքելոց եկեղեցին, որը կնկարագրե Ասողիկ. «Շինեալ թագաւորին զկաթողիկէ սուրբ ի քաղաքին Կարուց» և վերջացրեց 942 թվականին։

55. ԿԱՓԸԼԻ

Լենինականի հարավային կողմը 12-15 կիլոմետր հեռավորության վրա հայաբնակ գյուղ է Արթիկի շրջանում։ Գյուղին մեջ կա հին հեթանոսական շրջանի անտաշ քարերով ամրոցի մը մնացորդ, որուն վրա հետագա 13-14-րդ դարերուն շինել են մի նոր բերդ։

Գյուղից մեկ ու կես կիլոմետր հեռավորության վրա կա նաև մի ուրիշ ուրարտական ամրոց, այս երկու ամրոցներուն մեջտեղ տարածված է հեթանոսական շրջանի մի փոքր քաղաքի ավերակը։ Բազմաթիվ քարե դագաղներ և ուրիշ հեթանոսական առարկաներ հաճախ գտնվում են այս գյուղում։

Այս գյուղի մոտ դաշտավայրին վրա է հսկայական արվեստական հողաբլուր, որուն Շահ թափա անունը (Արքայաբլուր) կուտան։ Ամենայն հավանականությամբ սա մի մեծ ուրարտական դամբարան է, պեղման կարոտ։

56. ԿԸՐԽ ԴԱԳԻՐՄԱՆ

Արագածի հյուսիս-արևմտյան բարձրունքներու վրա Ապարանի շրջանի մեջ մի գյուղ է։ Վերին աստիճան հետաքրքրական է գյուղի կռնակը, բարձր սարի գլխին գտնվող ուրարտական շրջանի մեծ բերդը և բերդի շուրջն ուրարտական քաղաքի ընդարձակ տարածությունը։

Այս գյուղում կան 7-րդ դարու մնացորդներ, նշանակելի են քառակող կոթողիկներ, բարձրաքանդակ պատկերներով գերեզմանաքարերը, որոնց մեկը գյուղի եկեղեցու դռան բարավոր են շինած, իսկ մյուսը՝ գյուղացիների ձեռքով մատրանման շինված տեղի մեջ կանգնված է և ուխտավորներու վառած ձեթի ճրագներու և մոմերու ծուխից միանգամայն սևացած։

57. ԿՈՒԼԻՋԱՆ

Ալեքսանդրոպոլից դեպի հարավ-արևելք Արագածի ստորոտներու մոտ, Մանթաշից հոսող վտակի ափին մի գյուղ է Արթիկի շրջանում։

Նշանավոր է իր բևեռաձև արձանագրությունով, փորված ձորի մեջ մի քարայրի բերանին։ Հին ուրարտական ամրոցի ավերակներ և այլ շինությոմւներ շատ կան այս կողմերը, նշանավոր են երկու քարայրեր։

Այս գյուղից գտնվեցին բրոնզյա քանդակազարդ գոտի, բրոնզյա նիզակ, սուր և այլ ուրիշ հեթանոսական իրեր, որոնք այժմ գտնվում են Հայաստանի Պետական Պատմական Թանգարանում։

58. ՀԱՋԻ ԽԱԼԻԼ

Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջերուն վրա Ապարանի շրջանում մի գյուղ է, որ հնագիտական տեսակետով նշանավոր է իր նախապատմական շրջանի բերդով և ամրոցներով։ Բացի ամրոցներեն ընդարձակ տարածության վրա տակավին կերևին նախապատմական շրջանի մի քաղաքի շինությանց բավականին որոշ հիմքերը։ Այս մնացորդներու մեջ ուշադրության արժանի են մի քանի հատ կրոմլեխներ, բոլորակ ձևով շրջանակված։

59. ՀԱՌԻՃ (Ղփչախ)

Արագածի արևմտյան լանջի վրա, Արթիկից երեք կիլոմետր դեպի հարավ-արևելք մի գյուղ է։ Գյուղի կողքին ձորի եզերքին բարձր տեղի վրա շինված է երկու եկեղեցի ի հնումն ամուր պարիսպներով պատած։

Եկեղեցիներուն մեկը շինված է ոմն Սարգիս Ճոնի ձեռքով 7-րդ դարուն և նորոգված է մասնակիորեն 10-րդ դարուն։ Իսկ մյուսը շինած են Զաքարե և Իվանե երկու իշխաններ, որոնց արձանները քանդակված են եկեղեցվո արևելյան պատին վրա։ Գեղեցիկ քանդակազարդություններ ունի արտաքուստ։ Ունի գեղաքանդակ սյունազարդ գավիթ արևմտյան կողմը․ մի քանի ընդարձակ կարևոր արձանագրություններ կան վրան։

Այս եկեղեցու արևելյան կողմը բարձր տեղի վրա կա մի հին գերեզմանատուն, որուն մեջ կան շատ քանդակազարդ արձանագրված տապանաքարեր և խաչքանդակներ։ Իսկ գերեզմանատնից մեկ կիլոմետրի չափ դեպի արևելք կա մի փոքր մատուռի մնացորդ՝ հավանորեն 7-8-րդ դարու։ Այս փոքր մատուռի մոտից բերված է մի գեղեցիկ և հետաքրքրական քառակուսի կոթողաձև գերեզմանաքար 7-րդ դարու իր պատվանդանով։ Քանդակազարդված են չորս կողմերը հետաքրքրական բարձրաքանդակ պատկերներով։

Այս ավերակներու մոտերքից գտնված է մի փոքր զանգակ 13-րդ դարու գործ և մի ուրարտական բրոնզյա գոտի և ուրիշ հեթանոսական շրջանի առարկաներ։

60․ ՀԱՎՈՒՑ ԹԱՌ

Աղջոց վանքից քիչ հեռու հարավ-արևմտյան կողմը և Գառնիի հյուսիս-արևելյան կողմը կա Հավուց Թառ ըսված ամայի գյուղը, որուն մեջ այժմ կիսավեր մնում է Հավուց Թառի Ամենափրկիչ մեծ վանքը։ Շինության սկիզբը կթվի 11-րդ դար. Գրիգոր Մագիստրոս 1013 թվին այս վանքին մեջ շինել է մի եկեղեցի։ Կարծիք կար, որ նախքան 11-րդ դար նախապես Քեղա Գևորգ իշխանի այս վանքը հիմնելեն առաջ շատ հին ժամանակ վանք գոյություն չուներ այստեղ։ Անհրաժեշա է երկար խուզարկություն այս վանքի շուրջը, որովհետև շատ ընդարձակ և անվանի եղած է։

61. ՀՈՌՈՄ

Ալեքսանդրապոլից 12-15 կիլոմետր դեպի հարավ է Կափչիից 3-4 կիլոմետր դեպի արևելք մի գյուղ է, որ նշանավոր է իր Ղալա-Իչի կոչված հին ամրոցով։ Մեծ տարածություն գրաված է այս ամրոցը և հին ուրարտական քաղաքը։ Վերին աստիճանի հետաքրքրական է և անհրաժեշտ ուսումնասիրության կարոտ այս հսկայական ավերակն իր պարիսպներով, բերդերով, բնակարաններով ու քարայրներով։

Հոռոմ գյուղը գտնվում է ավերակ քաղաքի լեռնալանջի ստորոտին։

62. ՀՈՎԱՀԱՆՆԱՎԱՆՔ

Համանուն գյուղի մեջ եկեղեցի է։ Շատ հռչակավոր է պատմության մեջ այս վանքը։

Երկու մասից է բաղկացած, մեկ մասը 4-5-րդ դարու գործ է և այժմ ալ կանգուն է, ուր կատարվում է ժամասացություն, իսկ մյուս մասը Վաչե իշխանի ձեռքով շինված 1217 թվին, որ կից է հին եկեղեցուն, բայց գլուխ գործոց է 13-րդ դարու հայոց ճարտարապետության՝ իր մեծությունով, գավթով, նրբակերտ քանդակներով և շինարարական ճարպիկ ձևակերպումներով։

63. ՂԱՐԱ ՎԱՆՔ

Ներքին Թալինեն 3-4 կիլոմետր դեպի հարավ դաշտերուն մեջ կիսականգուն է սև քարերով շինված 7-րդ դարու մի փոքր, բայց գեղեցիկ եկեղեցի, շուրջը ավերակներով և գերեզմանատնով։ Եկեղեցու հարավային պատի վրա կա 10-րդ դարու նվիրատվության արձանագրություն, իսկ գերեգմանատան մեջ կան հետաքրքրական քանդակագործություններ և արձանագրություններ։

64. ՂԱՐԱՔԻԼԻՍԱ

Ապարանից դեպի Էջմիածին տանող խճուղու վրա 7-8 կիլոմետր հեռավորությամբ մի գյուղ է։ Այստեղ կան մատուռներու մնացորդներ և հին գերեզմանատուն, որուն մեջ կան քանդակազարդ հին խաչքարեր՝ 11-րդ, 12-րդ և 13-րդ դարերու ոճով։

65. ՄԱՀՄՈԻԴՋՈԻՂ
[Այժմ Պեմզաշեն]

Արագածի արևմտյան լանջերին Արթիկից 4-5 կիլոմետր դեպի հարավ կգտնվի այս գյուղը։ Գյուղի մեջ կա մի եկեղեցի գրեթե անարատ մնացած 7-րդ դարու խիստ հետաքրքրական ստորաբաժանումներով։ Արևմտյան դռան վրա կա մի գեղեցիկ բարձրաքանդակ պատկեր։ Պատկերը ներկայացնում է Տիրամայրը Հիսուսին գրկած, հրեշտակը հովանավորում է Տիրամորը և մի իշխան աղոթում է նրա առջև (նկ. 106)։

Գյուղի արևմտյան կողմը 500 մետրի չափ հեռու կա մի 13-րդ դարու ավերակ եկեղեցի, եղծված արձանագրություններով․ այս եկեղեցու արևմտյան կողմը 150 քայլ հեռու կա 10-11-րդ դարերուն նշանավոր Վահան Պահլավունի իշխանի եղբոր՝ Ապլղարիբ իշխանի տապանաքարը վրան ընդարձակ արձանագրություններով։

Գյուղի հարավ-արևմտյան կողմն է բարձր տեղում Մակարավանք անվանված 10-րդ դարում շինված գեղեցիկ եկեղեցին վրան արձանագրություններով և փլած մի գավթով (նկ․ 107)։

Շինության արձանագրությունը կա, բայց թվականի մասը կորած է։

Այս գյուղի եզերքին կա մի հին գերեզմանատուն, որուն մեջ կան շատ հին արձանագրություններով տապանաքարեր։ Այս գերեզմանատունը ի հնումն եղեր է նաև հեթանոսական գերեզմանատուն, որովհետև բազմաթիվ գերեզմաններ կան բնական ժայռի վրա փորված անկանոն ուղղություններով, որոնք վրաները կափարիչ չեն ունեցեր և կամ կափարիչները կորսվեր են։

66. ՄԱՆԿԱՆՈՑ

Օշականի հյուսիս-արևմտյան կողմը գյուղի սահմանին Շաղվերտ գետի ափին մի ավերակ է Մանկանոց անունով․ ավերակների մեջ կա մի եկեղեցի ս. Սիոն անունով, որուն վրա արձանագրություն կա 1200 թթ․ (Տե՛ս Օշական)։

67. ՄԱՃԻՏԼՈՒ
(Այժմ Նոր Կյանք)

Լենինականից հարավ-արևելք 10-12 կիլոմետրի վրա մի գյուղ է, որի մեջ կա մի 7-րդ դարու եկեղեցի։ Այս եկեղեցու պատերուն վրա կան բազմաթիվ արձանագրություններ, որոնք հասնում են մինչև 10-րդ դար, զանազան նվիրատվությունների և հարկաբաշխման վերաբերող։

68. ՄԱՍՏԱՐԱ

Գյուղ Արագածի արևմտյան լանջին 3-4 կիլոմետր հեռու Շենիկ գյուղեն։

Հին հիշատակներով հարուստ գյուղերեն մեկն է Մաստարան։ Թե գյուղի եզերքները և թե անմիջական շրջակայքը կան մատուռներու, եկեղեցիներու, խաչարձաններու, բնակարաններու մնացորդներ։

Այս հիշատակարաններուն մեջ ամենեն ուշագրավն է գյուղի միջի եկեղեցին, որ անվիճելիորեն 7-րդ դարուն կանգնված է։ Խաչաձև հատակագիծ ունի։ Ներքուստ և արտաքուստ արձանագրություններ կան, սկսած 7-րդ դարուց մինչև 13-14-րդ դարերը։ Եկեղեցին պարբերաբար նորոգել են գյուղացիք՝ իբր գյուղական եկեղեցի, սակայն տգիտաբար հաճախ աղճատել են հիշատակարանները, ոչնչացնելով շատ կարևոր մասեր։ Այս գյուղում շատ կան ուսումնասիրելի մնացորդներ։

69. ՄԱՐՄԱՇԵՆ (Ղանլիճա)

Ալեքսանդրոպոլից 7 կիլոմետր հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք Ախուրյան գետի ձորի մեջ կան երեք եկեղեցիներ, որոնց մեծագույնն այժմ էլ կանգուն է և ծառայում է իբր գյուղական եկեղեցի։ Շինողն է իշխանաց իշխան Վահրամ Պահլավունին։ Շինությունն սկսվել է 986 թվին և վերջացել է 994-ին։ Արտաքուստ շքեղ քանդակազարդ է, որմասյուներով զարդարված, ներքուստ պարզ կամարակապ։

Վահրամ իշխանի եկեղեցու հյուսիսային կողմը 3 մետր հեռավորության վրա կա մի ուրիշ եկեղեցի, քիչ փոքր, քան նախկինը։ Հավանորեն ավելի հին, բայց դարձյալ 10-րդ դարու գործ, փլած է արևմտյան պատը և վրայի գմբեթը։ Շինողն անհայտ է։

Հարավային կողմը Վահրամաշենից 8-10 մետր հեռավորության վրա կա մի փոքր մատուռ, շինողն անհայտ է․ հավանորեն 13-14-րդ դարու գործ, ներսը անաղարտ է. գմբեթը կանգուն, քանդքանդած են արտաքին երեսի քարերը։

Այս երեք եկեղեցիները շրջապատված են եղած ընդարձակ պարիսպով և պարիսպի մեջ մեծ ու փոքր բնակարաններով, որոնց հիմքերը երևում են այժմ․ արևմտյան կսղմեն պարիսպը մասամբ մնում է խոշոր սրբատաշ քարերով։

Պարիսպին կից, հյուսիս-արևմտյան կողմը, փոքր ձորակի բերնին երևում են բոլորակ մի շինության հիմքերը, հարկավոր է պեղել ինչ լինելը հասկանալու համար։

Եկեղեցիների հյուսիսային կողմը կես կիլոմետր հեռավորության վրա կա մի բարձր բլուր․ բլուրի գագաթին վրա կա մի փոքր եկեղեցու մնացորդ սրբատաշ քարերով։ Շինվածքի ոճը ցույց է տալիս, որ 7-րդ դարու գործ է։ Արձանագրությունը կորած է. հյուսիսային պատը միայն մնում է գմբեթի մասով։ Եկեղեցիներից դեպի հարավ, Ախուրյանի վրա, կա մի հսկա կամուրջի մնացորդ, որն ըստ երևույթին Չըրփըլուի կամուրջին նման երկու աշտարակներ ունի, այսինքն գլուխները երկու հարկանի։

Կամուրջից դեպի հարավ մի քանի կիլոմետրի վրա կան շատ ավերակներ մատուռներու, ջրաղացներու, ձիթհանքերու և բնակարաններու․ տեղ-տեղ թափված են գեղաքանդակ շինության քարեր։ Կան բազմաթիվ գերեզմանաքարեր վրաները արձանագրություններով: Այս տեղին անունն է Խաչի Ձոր:

Մարմաշենից երկու կիլոմետր հարավ-արևելք ձորի եզերքին կան ուրարտական պատերի մնացորդներ և Արգիշտիի բևեռաձև արձանագրությունը։

70. ՄԱՔՐԱՎԱՆՔ

Ծաղկաձորի մոտ Հրազդանի աջ ափին կա Մաքրավանք հայաբնակ գյուղը. ունի մի հին եկեղեցի քարաշեն անսյուն գմբեթավորված, այժմ գմբեթն ընկած է և փայտով ծածկված։

71. ՄՈԻՂՆԻ
Նշանավոր ուխտատեղի Հովհաննավանքի մոտերը։ Եկեղեցին ծագումով շատ հին չէ. սակայն այժմյան եկեղեցին ալ շինված է հին փոքր եկեղեցույն տեղ 1669 թվին Հովհաննես և Դավիթ վարդապետներու ձեռքով։
72. ՄՌԱՎՅԱՆ
(Տամճլու)

Ապարանի շրջանում գտնվում է այս գյուղը։ Գյուղի մեջտեղը կա մի չափավոր մեծությամբ եկեղեցի, որուն շինությունը 11-12-րդ դարաշրջանին լինել կթվի, իսկ առջևի ընդարձակ գավիթը, որ երբեմն խիստ շքեղ է եղած, այժմ քայքայված է։ [Նկ. 110]։

Այս եկեղեցվո առանձնահատկությունն այն է, որ արևմտյան երկու անկյուններուն վրա ունի երկու աշտարակաձև զանգակատուններ։

Գյուղի արևելյան կողմը հին գերեզմանատան կից մնացած է մի եկեղեցու հյուսիսային պատը, որուն պսակի ոճեն երևում է, որ 5-րդ դարու շենք է։

Այս մնացորդին մոտիկ կա վերին աստիճան գեղեցկաքանդակ մի խաչարձան։

73. ՇԵՆԻԿ (Մազարջուք)

Ատիամանի և Մաստարայի մեջտեղ (հնում Մազար ջուղ) Արագած լեռան հարավ-արևմայան բարձրունքներու վրա փոքր գյուղ է Թալինի շրջանում։ Այս գյուղին մեջ կա մի ավերակ եկեղեցի, որուն հյուսիսային և արևմտյան պատերը կանգուն են։ Շինության ոճեն կտեսնվի, որ անվրեպ 5-րդ դարու շենք է։

Իսկ գյուղին մեջ կա մի ուրիշ եկեղեցի, որ շինված է նույնպես 5-րդ և 6-րդ դարերուն մեջ, մնացել է արևելյան պատը և հարավային պատի մի մասը, արևելյան պատին կից։ Գյուղացիք պահելով հին պատերը, ավելացնելով նոր պատեր՝ շինել են իրենց համար եկեղեցի։ Այս եկեղեցվո արևելյան հնագույն պատին վրա կա եղծված մի ասորերեն արձանագրություն։

Փոքր եկեղեցվո մոտ կա մի հնագույն գերեզմանատուն, որն այժմ ևս ծառայում է նույն նպատակին։ Շատ են գտնվում կոթողաձև բարձրաքանդակ պատկերներով տապանաքարեր։

74. ՇԻՐՎԱՆ(ՋՈԻԿ)

Արագածի արևմտյան լանջին վրա Մահմուդջուղից 3-4 կիլոմետր հարավ գյուղի մեջ հետաքրքրական եկեղեցի է։

Հավանորեն հեթանոսական ծագում ունի այս շենքը։ Հիմքը դրված է անտաշ հսկա քարերու վրա, ինչպես ուրարտական շրջանին։ Իր հատակագծով նման է հունական Cella-ի, պատուհան չէ ունեցել, հարավ-արևմտյան և արևելյան կողմին վրա ուշ ժամանակ բացեր են պատուհաններ։
75. ՈՍԿԵՎԱԶ

Աշտարակի շրջանում Օշականի մոտիկ մի գյուղ է։ Հնությանց նշմարներ շատ կան, թե գյուղի և թե շրջակա այգիների մեջ։ Սակայն ամենեն ուշագրավն այս գյուղի մեջ Քասախ գետի ապառաժուտ ափունքի բարձունքներու վրա հնադարյան ուրարտական ամրոցն է։

76․ ՈՒՇԻ

Գյուղ Կարբիի մոտերը Աշտարակի շրջանում։ Գյուղին մեջ կա ավերակ եկեղեցվո մնացորդ, իսկ գյուղից դուրս կան երկու եկեղեցիներ հին ընդարձակ գավթով։ Այս եկեղեցիներուն շինողն անհայտ է, հավանորեն պատկանում են 13-րդ դարուն։

77. ՋՐԱՓԻ (Հն. Չրփըլի)

Նշանավոր կամուրջ Ախուրյանի վրա։ Կամուրջը նշանավոր է նրանով, որ այժմ երևում է, թե ավելի քան 30-35 մետր լայնության վրա շինված է միակամար, ջուրը տակից անցնում էր, իսկ վրայով էլ Ախուրյանի ջրից առու էին տանում գետի մյուս ափը բարապետների միջոցով, մյուս կողմի հողերը ոռոգելու համար։

Գյուղի մեջ ուշադրության արժանի հնություն է հին իջևանը, որուն անեղծ մնացած սենյակները այժմ ևս օգտագործում են իբրև բնակարաններ։

78. ՌՆԴԱՄԱԼ

Բջնիից դեպի հյուսիս-արևելք Հրազդան գետի մոտ կգտնվի Ռնդամալ գյուղը։ Այս գյուղի մոտն է մի փոքր կիսավեր եկեղեցի։

79. ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

Հռչակավոր վանք է Աշտարակի շրջանում, Ազատավանի մոտ 13-րդ դարու սկզբին Զաքարե սպասալարի գործակալ Վաչե իշխանի շինած։

Ընդարձակ գավիթ ունի չորս կամարակապ սյուներու վրա և ճոխ քանդակագործված։ Գավթին կից կա մի փոքր մատուռ և այլ մի փոքր բաժանում, որ ըստ արձանագրության գրատուն է եղած։

80. ՍԱՌՆԱՂԲՅՈԻՐ (Հն. Սոգյութլու)

Արագածի հարավ-արևմտյան լեռնալանջերուն վրա Ադիամանից 3-4 կիլոմետր դեպի հյուսիս արևմուտք մեծ գյուղ է։ Այս գյուղի մեջ նշանավոր է ջուր բխող մեծ քարայրը, որ խիստ առատ ջուր է տալիս և ի հնումն ևս իբրև ուխտատեղի է ծառայել։ Քարայրի ներքին պատերու վրա կան հատ ու կտոր արձանագրություններ։

Գյուղի ծայրին մի հին մեծ շինության պատը մնացել է վերին աստիճան մաքուր շինված սրբատաշ քարերով, ինչ շենք լինելը պետք է քննել։

Գյուղի հարավային կողմը 2—3 կմ, հեռավորության մի ձորալանջի վրա կա գեղեցիկ մի եկեղեցի 11-րդ դարու գործ:

Ամայության մեջ փչանալու և բոլորովին քանդվելու վրա է: Վրան կան զանազան դարերու արձանագրություններ։ (Հավանորեն Ալիշանի Հոգեվանք անվանած եկեղեցին այս է):

81․ ՍՈԼԱԿ

Բջնիի հանդեպ, Հրազդանի ձախ ափին կգտնվի Սոլակ մեծ գյուղը։ Այս գյուղի հյուսիս-արևմտյան կողմը, դժվարամատույց լերանց խորաձորի մը վրա կա մի փոքր եկեղեցի սրբատաշ քարերով, որուն վրա կա 1224 թվի արձանագրություն։ Ըստ արձանագրության նույն տեղի անունն էր Տափակ Մայրի և եկեղեցու անունը ս. Աստվածածին։

82․ ՏԵԿՈՐ

Ագարակի և Խծկոնքի արևելյան կողմի գրեթե կեսից մեկ կիլոմետր հեռավորության վրա է Տեկոր գյուղը, որու կողքին գոյության ունի բազմամյա հուշարձան Տեկորի եկեղեցին ս. Երրորդություն կամ ս. Սարգիս անունով։

Շինության արձանագրությունից և արձանագրութան մեջ հիշված անուններից հայտնի է լինում, որ եկեղեցին կանգնված է 5-րդ դարուն։ Բայց իմ կատարած մի ուսումնասիրությունից երևում է, որ նախքան եկեղեցիի վերածվելը ավելի հին ժամանակ եղել է այդ շինությունը։

Թե ի՞նչ նպատակով շինված է, ինձ հայտնի չէ, միայն հետագայում, 5-րդ դարում, փոխարկվել է եկեղեցին արձանագրության մեջ հիշված մարդկանց ձեռքով, երբ բավականին ձևափոխված է. ինչպես օրինակ ավելացված են Portique-ները և այլն։

10-11-րդ դարերուն Բագրատունի թագուհիները, Աշոտ Ողորմածի կինը և Գագիկ Ա-ի կինը, զանազան նվիրաբերություններ և նորոգություններ կատարած են։ Հետագային Գրիգոր Մագիստրոսի աղջիկ՝ Վեստ Սարգսի կինը մի տուրք զիջել է գյուղին կամ գյուղաքաղաքին։

Բացի շինության հնությունից, որը գրեթե հասնում է հեթանոսական դարերը, ունի իր մեջ ուշագրավ երևույթներ, որոնք ճարտարապետական որմնաշինական արվեստներու մեջ կարևորություն ունին։

83. ՓԱՐՈՍ (Հն. Խաչաքիլիսա)

Գյուղ Արագածի արևմտյան լանջին վրա, Հառիճից երկու կիլոմետր հեռու Արթիկի շրջանում։ Գյուղի մեջ կա մի 7-րդ դարու եկեղեցու պատի մի մասը։ Սրան կից շինած են գյուղացիք իրենց եկեղեցին։ Եկեղեցու շուրջը թափած են գեղաքանդակ քարեր՝ զանազան դարերու։ Մի հատ քառակուսի կոթողաձև տապանաքարի պատվանդանը կա, որուն վրա փորագրված է Դանիելը ձգված առյուծի գոգը և առյուծները լիզում են ոտները։ (Նույնը կա նաև Հառիճի կոթողի պատվանդանին վրա)։

84. ՔԱՂՍԻ

Մաքրավանքից մեկ կամ մեկ ու կես ժամաչափ դեպի հարավ կգտնվի Քաղսի գյուղը, որտեղ կա մի հին քարաշեն եկեղեցի ս. Աստվածածին անունով. տանիքը և պատերի մի մասը քայքայված են, որոնք կարկատված են փայտով։

85. ՕՇԱԿԱՆ

Նախապատմական շրջաններից սկսած մինչև քրիստոնեական վերջին դարերի հնագիտական մնացորդներով լի է Օշական գյուղը և գյուղի շրջանը։ Բայց մինչև այժմ հնագիտական լուրջ հետազոտություն և ուսումնասիրություն չի կատարված այս շրջանում։ Գյուղից մի քիչ հերու արևելյան և հարավային կողմերը, բազմաթիվ նախաքրիստոնեական գերեզմաններե զատ, կգտնվեն նաև հնագույն ձևի դոլմեններ, որոնց գյուղի բնակիչները Օղուզի տներ անունն են տալիս։ Գետի մյուս ափին ևս դեպի Հաջի Լարա գյուղը և նրա շրջակայքը տարածված են նախաքրիստոնեական գերեզմաններ, պաշտման խոշոր աշտարակներ և այլ մնացորդներ՝ մինչև Աղավնատան սահմանը։ Եթե ի նկատի առնենք նաև Օշականի անմիջական սահմանակից Ոսկեվազ, Աղթամուր և այլ գյուղերն ու սահմանները, այն ժամանակ մի ընդարձակ շրջան կլինի հնագիտական տեսակետով հետազոտելի։

Գյուղի անմիջապես եզերքում կան երկու բլուրներ, որոնց մեկը մի փոքր սար ըսվելու չափ մեծ և բարձր է։ Նախապատմական տեսակետով շատ մեծ արժեք են ներկայացնում այդ բլուրները. բլուրներեն մեծին և ընդարձակին գյուղացիք անվանում են Գիդի Կոնդ։ Այս բարձր Կոնդի գագաթին տակավին երևում են հսկայական որձաքարերով անշաղախ շինված ամրոցի մնացորդները, և ամրոցի մեջ ցեղապետական բնակարանների հիմերը, բացի ուրիշ անջատ և մասնավոր հիմերի մնացորդներից։ Երևում են նաև քարայրներ, որոնք նախաքրիստոնեական ծագում ունեն։ Քրիստոնեական շրջանում ևս ավանդաբար նվիրականացել է այս մեծ բլուրը և զանազան կետերի վրա կանգնվել են խաչքարեր, դամբարաններ և այլն և այլն։

Երկրորդ Կոնդը, որ քիչ հեռու է Դիդի Կոնդից և անհամեմատ փոքր է, սակայն դարձյալ պատկառելի մեծություն ունի և գյուղացիք «Գյուլլե Կոնդ» անունն են տալիս։ Այս բլուրը պարզապես արվեստական մի I բլուր է, որուն հողը եթե քննվի, կտեսնվի որ մոտակա Դիդի Կոնդ անվանված մեծ բլուրի լանջից փորելով տեղափոխել են և կազմել են այս Գյուլլե Կոնդ անվանված բլուրը՝ շրջապատելով որձաքար անշաղախ պատերով, որոնց հետքերը տակավին երևում են։

Գյուլլե Կոնդը մեծ նախապատմական դամբարան է, որը վաղուց նկատել էր Երվանդ Լալայանը։ Հարմար առիթով նա պեղումներ կատարեց Խաչիկ վարդապետի հետ, բայց ինձ հայտնի չէ մինչև այժմ, թե ո՞ւր տարին բլրի միջից հանված իրեղենները։ Թեև պետք է ասել, որ պեղման օրենքներին հակառակ փորումներ կատարելուն համար, բնականորեն քիչ արդյունք պիտի ունենային՝ գյուտերի տեսակետով և որչափ որ լսել եմ այս պեղումը եղած է իբրև մի նախնական փորձ, առաջիկային շարունակելու համար, սակայն հետո չեն կարողացել շարունակել։ Եթե հմուտ մասնագետների ձեռքով պեղումները շարունակվեն թե՛ այս բյուրի վրա և թե՛ մոտակա դոլմենների և նախաքրիստոնեական գերեզմանների շրջանում, մեծ արդյունք կստացվի հնագիտական տեսակետով։

Քրիստոնեական շրջանի հնությունների մնացորդներ ցրված են գյուղի զանազան կողմերում։ Գյուղի մեջ նշանավոր տեղ կբռնե պատմական տեսակետով այն քարյա կոթողը, որ ավանդությունը վերագրում է Մավրիկ կայսեր մոր անվան։ Մեր պատմագիրներեն ոմանք ասում են, որ Մավրիկ կայսրը բնիկ օշականցի էր, հակառակ օտար պատմագիրների տված տեղեկության Մավրիկի ծագման մասին։ Ուստի եթե ստուգվի, որ Մավրիկ կայսրը բնիկ օշականցի էր, այն ժամանակ կասկած չի մնա, որ կոթողը ևս Մավրիկի մոր հիշատակն է, որովհետև կոթողի կազմվածքը ևս հայկական չէ, թեև մասունքների մեջ նկատվում են հայկական տևղական ձևեր։ Աստիճանավոր պատվանդանի վրա կանգնված է միակտուր բարձր միանկյունավոր սյուն, որու գլխին վրա Զվարթնոցի մանվածո կողովավոր խոյակներին շատ նման մի խոյակ կա։ Այս խոյակն է, որ տեղական ժամանակակից ճարտարապետական հատկանիշն ունի։

Ներկայի Օշական գյուղը ընդհանրապես հայոց մեջ ժողովրդականություն է վայելում, հայկական գրերի գյուտի հեղինակ Մեսրովբ Մաշտոցի այնտեղ թաղված լինելուն համար։ Այս գյուղը սեփականություն էր Վահան Զորավարին, որը Մաշտոցի մարմինը փոխադրեց իր կալվածքը հանուն երախտագիտության և դամբարանին վրա շինեց մի եկեղեցի, որն այժմ չկա։ Նախկին եկեղեցին չափազանց հնացած է եղել, որը Փիլիպոս կաթողիկոս 1840 թվին նորոգել է, բայց դարձյալ չի դիմացել, ուստի Գևորգ կաթողիկոս 1875-ին ամբողջովին հիմնիվեր նորոգել է։

Գյուղի մի եզերքում, գետի մի կողմը կան անտաշ որձաքարերով շինված կիկլոպյան շենքի հիմեր և տեղ-տեղ բավականին բարձր պատեր։ Մի քանի գյուղացիներ որոշ չափով վերականգնելով այս պատերը օգտագործում են իբր բնակարան։ Այս պատերի համար հասարակաց կարծիք է գոյացել գյուղացոց մեջ, որ Վահան Ամատունիի ապարանքի պատերն են։ Ինչ որ էլ լինի այս պատերի անցյալը, Վահանի ապարանք թե ամրոց, լուրջ ուշադրության և մանրակրկիտ հետազոտության արժանի է։

Բացի մի շարք հատուկտոր հնագիտական մնացորդներից և այրերից, որ ցրված են գյուղի մեջ և շրջակայքում, ուշադրության արժանի է Մանկանոց անվանված փոքր եկեղեցին և գետի վրա ձգված կամուրջը։

Մանկանոց ըսված փոքր եկեղեցին ս․Սիոն անունով, Օշականի հյուսիս-արևմուտքում, բավականին վայելուչ և գեղարվեստական երևույթ ունի։ Իր մանրամասնության մեջ ցույց է տալիս թե 7-րդ և թե 10-րդ դարու ճարտարապետական ոճերի խառնուրդ։ Դեռ լիովին չէ ստուգված վճռականապես որոշելու համար, այս եկեղեցու շինության դարաշրջանը, մեր քննության ժամանակի կարճության պատճառով։ Սակայն ճարտարապետության պատմության համար անհետաձգելի է որոշել, թե իսկապես 7-րդ դարու շենք է, 10-րդ դարու ժամանակակից ձևերով նորոգված, թե 10-րդ դարուն կանգնված է, 7-րդ դարու ճարտարապետական ավանդություններով խառն։ Իսկ կամուրջի մասին Շահխաթունյան տեղեկություն է տալիս, որ Նահապետ կաթողիկոս շինած է այս կամուրջը 1691-1705 թվերին, որ արձանագրված է։ Կամուրջը վերանորոգել է Սիմեոն կաթողիկոսը 1703-1780 թ. թ.։

85. ՕՐԴԱԿԼՈԻ (Հն. Պորտակ)

Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին կգտնվի այս գյուղը Օրդակլու անունով, որուն հին անունն է Պորտակ։ Այստեղ կա մի հին եկեղեցի, որ գյուղացիք նորոգելով ս․Հովհաննես անվանեցին։ Կան նաև հին գերեզմաններ և խաչքարեր։ Այս գյուղի մոտ ծովեզրյա քարափների վրա գտնվեցավ ինը տողով մի բևեռագիր արձանագրություն։

86. ՕՐԹԱՔԻԼԻՍԱ

Լենինականից չորս կիլոմետր դեպի հյուսիս գյուղին մեջ կա մի միջակ մեծությամբ եկեղեցի անգմբեթ, անվրեպ 7-րդ դարու գործ. 10-11-րդ դարուն ավելցուցած են մի մատուռ։ Շինողն անհայտ է, արձանագրություն չկա կամ նորոգությամբ կորած է։ Այժմ գյուղական եկեղեցի է և անխնամ պահված։

  1. Այս հատվածը քաղում ենք «ցուցակից»։ Կազմող
  2. Այս հոդվածն արտատպում ենք «Ախուրյան» շաբաթաթերթի 1909 թվականի № 39-ից (մայիսի 29), փոքրիկ կրճատումներով։ Նույնը տպագրված է «Հուշարար» ամսագրի 1912 թ. № 2-ի մեջ 20-27 էջերի վրա առանց ամրոցին վերաբերող հատվածի։ Կազմող
  3. Այս հոդվածը Թորամանյանը տպագրել է «Հուշարար» ամսագրի 1912 թվականի № 2-ի, էջք՝ 23-25, Տեկորի տաճարի ծածկի փուլ գալու առթիվ, որից և արտատպում ենք փոքրիկ կրճատումներով։ Կազմող
  4. Այս հոդվածը քաղում ենք Պ․ Պ․ Թանգարանի ճարտ․ բաժնի հատկանշական ցուցակից։ Կազմող
  5. Հանված է ցուցակից, անտիպ է։
  6. Այս հոդվածը հավանաբար գրված է 1930 թվին «Հին Վաղարշապատի սիստեմատիկ պեղումների» անհրաժեշտության առթիվ։ Այդ պեղումները տեղի ունեցան 1931 թվականին։ Կազմող
  7. Այսպես էր իրեն անվանում Զվարթնոցը պեղող Խաչիկ վարդապետ Դադյանը։ Կազմող
  8. Մեսրոպ Տեր Մովսեսյանն է։
  9. Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցւոյ Պատմութիւն հայոց, Թիֆլիս, 1912, էջ՝ 85։
  10. Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցւոյ Պատմութիւն հայոց, Թիֆլիս, 1912 թ., էջ 88։
  11. Այս փոքրիկ հատվածը Թորամանյանը գրել է Զվարթնոցի մոնոգրաֆիայի համար իբրև դիտողություններ և հարցեր, որ և տպագրում ենք համարյա անփոփոխ կերպով։ Կազմող
  12. Պատմութիւն նահանգին Սիսական, արարեալ Ստեփաննոսի Օրբելեան Արքեպիսկոպոսի Սիւնեաց, Թիֆլիս, 1910 թ., էջ 71։
  13. G. Maspero, Hist. Ancienne des penples de l’Orient, p. 609։
  14. Սևագրության մեջ՝ քսան տարի է գրված փոխանակ վեց հարյուրի։
  15. Masp., Hist. ancianne des peuples de l’Orient, Paris 1909, p. 609-613․
  16. Ձեռագիրն այստեղ ընդհատվում է։ Կազմող
  17. Այս մասը մեջ ենք բերում նույն նյութին վերաբերող մի այլ սևագիր ձեռագրից՝ իբրև շարունակություն նախորդ հոդվածի։ Կազմող
  18. Այս վերջին հատվածը լրացնում ենք կհեղինակի նույն հոդվածի սևագիր օրինակից, որն արտագրելու և խմբագրելու ժամանակ դուրս էր մնացել։ Այս հատվածը ձեռագրի սկիզբն էր, որ մենք հարմար դատեցինք դնել վերջում։ Կազմող
  19. Ձեռագիրն այստեղ ընդհատվում է։ Կազմող
  20. Արտատպում ենք «Ախուրյան» թերթի 1908 թվի № 76-ից, դուրս թողնելով հոդվածի վերջին մասը, որտեղ խոսվում է «Հովվի եկեղեցին» նորոգելու անհրաժեշտության և կատարված մասնակի նորոգությունների մասին։ Կազմող
  21. Թորամանյանը միտք է ունեցել ցուցակի ձևով տալու Հայաստանի ճարտարապետական հուշարձանների համառոտ բնութագիրը, ոչ միայն իր տեսածների, այլ և նրանց, որոնց նա ծանոթ է եղել գրականության միջոցով։ Այդ նպատակի համար նա քաղվածքներ է արել Ալիշանից, Էփրիկյանի «Բնաշխարհիկ բառարանից» և այլ գրքերից, որոնց վրա երբեմն ավելացրել է և երբեմն էլ ուղղումներ է կատարել։ Սակայն այդ գործը նա թողել է միանգամայն անավարտ վիճակում և հրատարակության է կարողացել պատրաստել միայն մի քանի հուշարձանների նկարագիր, որը արդեն տպագրել ենք նրա աշխատությունների առաջին ժողովածուի մեջ «Երևանի Պետական Պատմական թանգարանի ճարտարապետական բաժնի համառոտ հատկանշական ցուցակ» վերնագրի տակ (էջ 282-320)։ Այստեղ մենք ընտրել և այբբենական կարգով դասավորել ենք անավարտ մասից այն հուշարձանների նկարագիրը, որոնք համեմատաբար ինքնուրույն են և ընդհանուր գաղափար են տալիս հուշարձանի մասին։ Ցուցակի մեջ ենք ամփոփել նաև տարբեր սևագիր և անավարտ գործերի միջից քաղված հեղինակի որոշ արժեք ներկայացնող նկարագրերը, ենթարկելով նրանց որոշ խմբագրության, որտեղ միշտ նկատի ենք ունեցել հեղինակի մյուս ավարտված գործերը։ Տպագրվող մասում էլ պարզ երևում են նյութերի մշակման տեսակետով խոշոր տարբերություններ, այսինքն, որոշ հուշարձանների նկարագիրը կազմված են ավելի մանրամասնությամբ, քան մյուսները, այդ պետք է բացատրել ոչ թե հուշարձանի կարևորությամբ, այլ այն բանով, որ հեղինակը ներկայացվող ցուցակի որոշ մասերը հնարավորություն է ունեցել մշակելու և մյուսները դեռ մնացել են անմշակ Ցուցակին իբրև առաջաբան կցում ենք առաջին պրակի մինչև այժմ անտիպ մնացած ծանոթությունը չնչին կրճատումներով։ Կազմող
  22. Կազմող
  23. Այդ կափարիչը գտնված և բերված է Պետ․ Պատմ. Թանգարան և պատկանում է Դավիթ Գնթունուն։