Հայոց ազգաբնակչությունը Պարսկաստանում
ՀԱՅՈՑ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ
Երկրագործություն: — Վաճառականություն ընդհանրապես, և հայերի վերաբերմամբ` մասնավորապես
Ատրպատական. Այստեղ հայերը գլխավորապես զետեղված են Ուրմիո լիճը շրջապատող գավառներում, որպիսին են Խոյ, Սալմաստ, Ուրմի, Սուլդուզ, Սովուխ-բուլախ, Բինաբ և Մարաղա: Բացի դրանցից բնակվում են Ղարադաղի գավառներում, Թարվեզ քաղաքում, Մագու քաղաքում և իր շրջակա գյուղորայքում:
Հայերի թիվը Ատրպատականի առաջնորդ Անդրեաս արքեպիսկոպոսի վիճակագրության համեմատ կարելի է նկատել հետևյալ ցուցակից:
Պարսկաստանում հայերը մեկ երկրի մեջ ամփոփված չեն բնակվում, այլ ցրված են զանազան կողմեր, սկսյալ Երասխ գետից մինչև Բաենդեր-Բուշեր, այսինքն` մինչև Պարսկական ծոցը կան Հնդկաստանի սահմանները: Այս ահագին տարածության վերա հայեր կարելի է գտնել զանազան քաղաքներում և առավելապես գյուղորայքում: Նրանց որքանությունը կարելի է գիտենալ հետևյալ թվանշաններից.
տուն այր կին
Նոր-Ջուղա (Սպահանի մոտ).
371 1191 1355
Չըհար-Մահալ (գավառ Սպահանա, ուր կան 5 հայաբնակ գյուղեր` Ահմադապատ, Սիրաք, Գիլնեկան, Մահամդա և Լուասիան).
306 1107 956
Փերիա (գավառ Սպահանա, ուր 25 զանազան գյուղորայքում բնակվում են).
1012 3437 2966
Բուրվարի(գավառ Սպահանա, ուր 16 զանազան գյուղորայքում բնակվում են).
446 1450 1243
Քամարա (գավառ Սպահանա, ուր 5 զանազան գյուղորայքում բնակվում են).
124 402 343
Կիաքլա (գավառ Սպահանա, ուր 9 զանազան գյուղորայքում բնակվում են).
183 578 448
Քեազազ (գավառ Սպահանա, ուր 7 զանազան գյուղորայքում բնակվում են).
151 489 453
Մալայիր (գավառ Սպահանա, ուր 4 զանազան գյուղորայքում բնակվում են).
110 321 260
Ղարաղան (գավառ Սպահանա, ուր 4 զանազան գյուղորայքում բնակվում են).
102 395 377
Ուրեմն ամբողջ Սպահանա նահանգում`
2805 9370 8501
Շիրազ քաղաքում`
7 14 20
Բուշեր քաղաքում`
9 33 32
Համադան (հին Եկփատան քաղաքում).
40 114 120
Շավարին (գյուղ Համադանի մոտ).
76 165 149
Թեհրան (մայրաքաղաք Պարսկաստանի).
110 300 251
Վանակ և Շոթորխադ (գյուղեր Թեհրանի մոտ).
43 108 103
Ամբողջ Արաղեստանի հայ ազգաբնակության գումարն է.
3090 10104 10082
Վերոհիշյալ թվանշաններից երևում է31, որ հայոց ազգաբնակության մեծ մասը կենտրոնացած է Սպահան քաղաքում և նրա գյուղորայքում: Թե որտեղից և որպես զետեղվեցան այնտեղ հայերը, այդ հայտնի է պատմությունից, մենք թողնում ենք անցյալը, հարկավոր ենք համարում նրանց արդի վիճակից ասել մի քանի խոսք: Նոր-Ջուղան (մի արվարձան է Սպահանա մոտ) յուր բազմամարդության ժամանակ ունեցել է 20 եկեղեցի, բայց այնուհետև, երբ ժողովրդի մեծ մասը գաղթեցին դեպի Հնդկաստան, կանգուն մնացած են 7 եկեղեցի միայն: Երկու վանքեր տակավին չեն զրկված իրանց միաբանությունից: Ս. Կատարինեի վանքը կուսանոց է, ունի մինչև 20 միանձնուհիք: Ամենափրկիչի վանքում գտնվում է տեղային առաջնորդարանը:
Նոր-Ջուղան ունե երեք դպրոց. ա) Հայկյան-Հայրենասիրական, հաստատված 1843 ամի բարերարությամբ պ. պ. Հարություն Աբգարյանի և Հովհանջան Էլիազյանի, որք բնակվում են Հնդկաստանի, Կալկաթա քաղաքում. այս դպրոցի մեջ նույն պարոնների օժանդակությամբ ուսանում են 70 աշակերտներ. բ) Ամենափրկիչյան դպրոց. բացված 1852 ամի բարերարությամբ երկու քույրերի` տիկ. Մարիամ Հարությունյան և օրիորդ Թագուհի Մանուկյան, որոնք բնակվում են Հնդկաստանի Բատավիայում: Այս դպրոցը ունե 40 աշակերտներ և կառավարվում է նույն տիկինների օժանդակությամբ. գ) Սուրբ Մինասա դպրոց, որի հիմնադիրն է պ. Մարգար Սուքիասյան, բնակվում է Հնդկաստանի Ջավա կղզու Ջափարա քաղաքում. աշակերտաց թիվը 80 է: Բացի հիշյալ արական դպրոցներից, Ս. Կատարինի վանքի կուսանոցն ուներ յուր մեջ մի օրիորդական վարժարան, որ հիմնված է բարերարությամբ պ. Մանուկ Հորդանանյանի, որը բնակվում է Բատավիայի մեջ:
Բայց այժմյան վիճակավոր առաջնորդի` հայր Գրիգորիս եպիսկոպոսի օրերով Սպահանա վերոհիշյալ երեք արական դպրոցները բոլորովին ուրիշ կերպարանք ստացան: Նորին սրբազնությունը հայոց դպրոցները հանձնում է մստեր Բրուս անունով անգլիացու տեսչությանը, որպեսզի եվրոպական մանկավարժության կանոններին համեմատ նրանց ուղղություն տա: Այդ իհարկե, մի գեղեցիկ միտք է հայոց վանակարգ վարժարանը հանձնել եվրոպացի գիտնականին, նրան բարեկարգելու համար, երբ հայերից եվրոպական կրթությանը ծանոթ մարդիկ չկային: Բայց մստեր Բրուսը միսիոնար է, որը Լոնդրայի Անգլիական եկեղեցու կողմից ուղարկված էր Պարսկաստանում քրիստոնեություն տարածելու: Մի այսպիսի մարդուն հանձնել հայոց դպրոցների տեսչությունը, հազիվ թե կհասցներ ցանկալի նպատակին, այն է դպրոցի բարեկարգությունը և նորա եվրոպական մանկավարժության համեմատ կազմակերպությունը: Որովհետև միսիոնարը գիտության մարդ չէ, միսիոնարը, ո՛ր եկեղեցուն և պատկանելու լինի, այնուամենայնիվ մոլեռանդ և կրոնամոլ է: Նա ծառայում է մի վերացական գաղափարի, որն իրականության հետ առանձին ոչինչ չունի, և նույն գաղափարին նվիրում է յուր գործունեությունը: Եթե միսիոնարին հանձնում են հայոց դպրոցների տեսչությունը, հարկավ, այն դպրոցները ծառայեցնելու է յուր նպատակներին: Այսպես էլ լինում է: Մստեր Բրուսը յուր օգնական հայազգի պ. Մելքոմ Ասատուրյանի հետ, որ ուսած էր Գերմանիայում, յուրյանց տեսչության տակն առնելով հայոց դպրոցների կառավարությունը, քիչ ժամանակից հետո հայտնվում է մի նոր այլանդակ կրոնական ուղղություն, որ մտցրած էր նույն ուսումնարաններում: Հայր Գրիգորիս եպիսկոպոսը, թեև ուշ, բայց հասկանում է յուր սխալը, նա կամենում է հեռացնել անգլիացի միսիոնարին յուր պաշտոնից: Բայց նա չէ ցանկանում հաճությամբ թողնել հայոց դպրոցները, մինչև հայոց առաջնորդին ստիպեցնում է դիմել տեղային կառավարությանը և բողոքել: Թեև դատը վճռվում է հօգուտ հայոց առաջնորդի, բայց անգլիացի միսիոնարը մեծ մասամբ հասած էր յուր նպատակին, որովհետև աշակերտները մինչ այն աստիճան գրաված են լինում իրանց տեսչի տված ուղղությունով, որ չեն հեռանում նրանից, և ո՛չ ցանկանում են շարունակել իրանց ուսումը այն դպրոցներում, որոնք կրկին հայոց առաջնորդի հովանավորության տակ պետք է մտնեին: Նրանք, աշակերտները, սկսում են հաճախել մստեր Բրուսից հիմնված մի առանձին վարժատուն, որ հատկապես հայ մանուկների համար կառուցել էր նա:
Մենք ամենևին չենք դատապարտում անգլիական միսիոնարի գործ դրված խորամանկությունը, որովհետև գիտենք` անգլիացին որքան յուր երկրում ազատամիտ է, այնքան նա Ասիայում շահամոլ է և հարստահարող: Մենք դատապարտում ենք Գրիգորիս եպիսկոպոսի անհոգությունը. նա շատ միամիտ պետք է լինի, որ չէ հասկանում, թե գայլն ինչ նպատակով հանձն է առնում գառների պահպանությունը...
Մենք հայոց եկեղեցվո մոլեռանդ պաշտպաններից չենք. միայն նայում ենք նրա վերա բոլորովին ազգային կետից, և խիստ վնասակար ենք գտնում, որ հայը, հեռանալով հայրենական եկեղեցուց, դադարում է յուրյան հայ կոչել: — Ահա միսիոնարների մեզ տված օգուտը...
Սպահանա հայերի մեջ, բացի բողոքական տարրեն, որ նոր է մտցրած, կան քսան գերդաստանի չափ հայ կաթոլիկներ, որոնք կրոնափոխ են եղած մասամբ եզվիտներից, մասամբ Ունիթոռ կոչված Դոմինիկյանննրից: Այս վերջինների արհամարհանքը դեպի հայությունը հասնում է մինչև այն աստիճանի, ինչ աստիճանի հասնում է Հռոմի պաշտոնյաների հալածասիրությունը դեպի մարդկային ամեն ազատ ձգտողություն...
Բացի Սպահանից և նորա գավառներից, որպես տեսավ ընթերցողը, Պարսկաստանի մյուս քաղաքները շատ փոքր հայ բնակիչներ ունեն: Շիրազը, պարսից բանաստեղծական քաղաքը, այժմ ունի 7 հայոց գերդաստաններ, նոցա թիվը առաջ շատ էր, բայց օրըստօրե սպառվելու վրա են: Շիրազն ունի մի հայոց եկեղեցի, որն 1853-ի երկրաշարժից փլած էր, բայց կրկին նորոգվեցավ 1856 թվին: Վարժատուն չունի: Բենդեր-Բուշերի ինը տուն հայերը նույնպես ունեն մեկ եկեղեցի, բայց դպրոց չունեն, իրանց որդիքն ուղարկում են Բոմբա ուսանելու: Զարմանալի երևույթ, ամեն տեղ, հայն որքան և փոքր լինի թվով, նա դարձյալ ունի մի եկեղեցի: Նա առանց դորան ապրել կարող չէ... չնայելով, որ առանց դպրոցի, եկեղեցվո ժողովուրդն ոչնչանում է, և նորա քարերն պարսից բաղնիքների շինության համար են գործ դրվում...
Պարսկաստանի 1871 թվի սովը բավականին լայն ասպարեզ բաց արավ ամերիկացի բողոքական միսիոնարների առջև տարածել իրանց վարդապետությունը տեղային հայերի մեջ, որոնք փոխեցին իրանց կրոնքը ավելի մի պատառ հացի համար, քան որևիցե համոզմունքից դրդված: Այս մոլորության առաջին օրինակը տվեցին Համադանա հայերը, որոնք համարյա բոլորը ընդունեցին բողոքականություն: Այժմ ամերիկացի միսիոնարներն ունեն այնտեղ ուսումնարան, աշակերտները ստանում են շաբաթական 2 կռան փող, հագուստ և ուսման բոլոր պարագայք:
Նույնը արեցին ամերիկացի միսիոնարները և Թեհրանի հայերի մեջ, հիմնելով այնտեղ երկու դպրոցներ, որոնց մեջ ուսանում են 60 աշակերտներ, ստանալով շաբաթական 2 կռան փող, հագուստ, գիրք և բոլոր ուսման պարագայքը: Ամերիկացի միսիոնարների օրինակը գրավեց այնտեղ և երկու կաթոլիկ քահանաներ, որոնք հինգ մայրապետների հետ, բույն դնելով Թեհրանում, միտք ունեն օրիորդաց ուսումնարան հիմնել հայերի մեջ:
Բայց Թեհրանում գտնվեցան մի քանի եռանդոտ երիտասարդներ, որոնք տեսնելով ազգի կորուստը, հորինեցին մի ընկերություն. Հայկազնյան կոչված, և հիմնեցին նույն անունով մի դպրոց, որ ունի այժմ մինչև 40 աշակերտներ: Դպրոցը կառավարվում է բարերարների մասնավոր նվիրատվությամբ, բացի դորանից ստանում է Պարսից կառավարությունից տարեկան 200 թուման օժանդակություն: Դպրոցի աշակերտները, բացի նորանից, որ ձրիվարժ են, ունեն նաև գրադարան, որ ծառայում է որպես հասարակաց ընթերցարան: Թեհրանի երիտասարդության գործը գովելի է և այն կողմից, որ փոխանակ զանազան միջոցներով աշխատել է օտարերկրյա քարոզիչներին դուրս հալածել իրանց միջից, նրանք սկսել են ազատ կերպով մրցություն անել, որը միակ և ուղիղ ճանապարհն է հայ հասարակության մեջ կրոնափոխության առաջն առնելու: Թեհրանը ունի երկու հայոց եկեղեցի:
Մեր հաղորդած վերոհիշյալ տեղեկություններից ընթերցողը կտեսնի, թե որպես կրոնափոխությունը արագ քայլերով, օտարերկրյա քարոզիչների ձեռքով, առաջ է գնում հայերի մեջ: Այս երևույթի գլխավոր պատճառն է ժողովրդի չքավորությունը, որ յուր ապրուստի համար վաճառում է ամեն ինչ, որքան և նվիրական և սրբազան լիներ յուր համար: Իսկ բողոքական և կաթոլիկ քարոզիչները հայտնվում են Պարսկաստանում ահագին գումարներով: Մի երկրորդ ամենագլխավոր պատճառը մենք վերաբերում ենք տեղային հայոց հոգևոր կառավարության անհոգությանը և նրա անկարգությանը: Թողնենք մյուս եկեղեցական հաստատությունները, այսքանը բավական է հիշել, որ Սպահանա առաջնորդական վիճակը պարունակում է յուր մեջ, բացի վերոգրյալ քաղաքների և գավառների հայ ժողովուրդը, նաև Հնդկաստանի հայերը: Թե՛ Հնդկաստանի հայերը և թե՛ Պարսկաստանի հայերը իրանց սեփական քահանա չունեն: Սպահանա առաջնորդն ուղարկում է ամեն կողմ քահանաներ երկու կամ երեք տարվա պաշտոնով: Կնշանակե, Հնդկաստանի և Պարսկաստանի բոլոր հայ ժողովուրդը Սպահանա քահանաների ղևտական ժառանգությունն են: Մի քահանա Սպահանից դուրս գալով, մի և երկու ամսվա ճանապարհ պետք է անցնե, մինչև Թեհրան, Բուշեր և Հնդկաստանի զանազան քաղաքները հասնի, իսկ այնտեղ մնալու է նա երկու կամ երեք տարի: Ժամանակը լրանալեն հետո նրան կփոխանորդե մի երկրորդը: Իսկ այդ վիճակը ձրի չստացավ այն քահանան, նա յուր գալու ժամանակ բավականին գումար ծախսեց, մինչև ստացավ յուր տեղը: Նա ճանապարհին բավականին ծախս արավ մինչև հասավ յուր համար նշանակած քաղաքը: Ո՞րտեղից պետք է դուրս բերե այս բոլորը, որ ինքն ևս մի բան շահե, — ժողովրդի քսակից…: Այժմ երևակայեցեք, թե ի՞նչ բարոյական և հոգևոր ուղղություն կարող է տալ յուր ժողովրդին այդ տեսակ քահանա...
Այժմ, որպես հիշեցինք, Սպահանա հայոց առաջնորդը Գրիգորիս եպիսկոպոսն է. նա թողել է Պարսկաստանը և գնացել է Հնդկաստան:
Ինչ որ վերաբերում է Պարսկաստանի հայերի հասարակական կյանքին, նրանց կենցաղավարությունը ամեն տեղ այնքան միատեսակ է, որ կարելի է այդ ընդհանուր տեսությունը անել, քաղաքաբնակները պարապվում են մի քանի արհեստներով, որպես են` հյուսնություն, ոսկերչություն, ջուլհակություն և այլն, նրանց գլխավոր առևտուրը գինեվաճառությունն է, որ մահմեդականներին արգելված լինելով, մնացել է քրիստոնյաների սեփականություն: Եվ որովհետև կրոնքով արգելված մի ըմպելիքի գործածությունը լինում է մահմեդականներից առավել անբարոյական և սրիկա մասնի մեջ, այս պատճառավ հայը գինեվաճառության հետ ծախում է և յուր պատիվը, մանավանդ այդ առևտուրը գտնվում է կանանց ձեռքում... Կանոնավոր վաճառականությամբ պարապվում են քաղաքներում շատ քիչ մարդիք: Այնպես որ, ամեն տեղ տիրում է չքավորությունը: Սպահանա հայերը համարյա ապրում են իրանց հնդկաստանցի ազգայինների ողորմությամբ: Գյուղացիների վիճակը ավելի դժբախտ է. նրանք թեև առհասարակ պարապվում են երկրագործությամբ, բայց կալվածատիրոջ հարստահարությունը նրանց ձեռքում ավելի վաստակ չէ թողնում. և իրանց ապրուստը որոնում են օտար երկիրներում գաղթականության մեջ:
Գաղթականությունը տարածվում է ավելի դեպի Հնդկաստան, որ հայերի համար մի անդառնալի կորստյան անդունդ է...
Պարսկաստանի գյուղացիների գաղթականությանը նպաստում է տեղային կառավարության այն ապօրինությունը, որ յուրաքանչյուր գյուղի համար սահմանված տուրքը ստացվում է նրանից մինչև վերջին շունչի մնալն: Գյուղն այն ժամանակ միայն ազատվում է տուրքից, երբ բոլորովին ամայի և դարտակ է մնում: Օրինակ, մի գյուղ մի ժամանակ ունեցել 200 տուն բնակիչներ և նոցա մարդահամարի համեմատ նշանակված է տուրքի մի որոշյալ գումար: Այժմ բնակիչներից 50 տուն գաղթեցին, տուրքի գումարից ոչինչ չէ պակասում. 50 տուն ևս գաղթեցին, դարձյալ նույն գումարը կստացվի, և այսպես բնակիչների թիվը օրըստօրե փոքրանում է, բայց տուրքը մնում է միևնույնը: Իսկ մնացած բնակիչները ստիպված են այնուհետև թողնել գյուղը, որովհետև այնքան ծանրություն տանել կարող չեն:
Ի նկատի ունելով այսպիսի հանգամանքները, մենք ստիպված ենք հայտնել մի քանի տխուր ճշմարտություններ, որ Պարսկաստանի հայոց ապագան չէ խոստանում որևիցե մխիթարական վախճան, քանի նորա գոյությունը ապահովող մի հաստատ գրություն չենք տեսնում: Թողյալ այդ, միշտ փոքրիկ մասնիկները անհետանում և կուչ են գնում նույն տարրի ընդհանրության մեջ: Այժմ երևակայեցեք Պարսկաստանի հայոց ցրվյալ կտոր-կտոր եղած մասնիկները զանազան պարսկական քաղաքներում և գյուղորայքում: Բավական է միայն քարտայի վերա նայել և տեսնել, թե որքան հեռու են միմյանցից Թեհրանը, Համադանը, Սպահանը, Շիրազը, Բենտեր-Բուշերը և այլն: Այնտեղ, ուր մենք 7-8 տուն հայ ենք տեսնում, գտնում ենք մի կամ ավելի եկեղեցիներ, ընդարձակ գերեզմանատուն, որոնք որպես անբարբառ վկայարանք ցուցանում են, թե հայ բնակիչների թիվը ավելի շատ է եղած առաջ. իսկ ո՞ւր են այժմ: — Բոլորը անհետացան շրջապատող տարրի ընդհանրության մեջ հետևելով մարդկային կենցաղավարության կլանող օրենքներին...
Պարսկաստանի հայերի փրկությունը նրա մեջն է կայանում, որ նրանք ամփոփվեն մի տեղ, և մի այնպիսի տեղ, որ ավելի մոտ լինի Հայաստանին: Այս ասելով, մեր նպատակն այն չէ` գաղթականություն քարոզել դեպի Պարսկաստանի սահմաններից դուրս, և հայերին օտար երկրներում բախտ որոնելու ճանապարհ ցույց տալ: Այլ կամենում ենք ասել, փոխանակ Սպահանից և այլ քաղաքներից գաղթելով Հնդկաստան գնալ, ուր մեր ազգայինների կյանքը բոլորովին վտանգի մեջ է, — ավելի լավ և նպատակավոր կլիներ տեղափոխվել Ատրպատականի նահանգը, որը Հայաստանի նախկին գավառներից մեկն է և հայկական կենտրոնից շատ հեռու չէ: Այստեղ դարձյալ հայերը պարսից կառավարության իշխանության ներքո կարող էին ամփոփ դիրք ընդունել, և բոլորը հավաքվելով միասին ապահով կյանք վարել: Եվ որովհետև պարսկահպատակ հայերի մեծ մասը Ատրպատականի մեջ են զետեղված, նրանց գումարումը կկազմեր մի ամբողջություն, մի կենդանի ազգային մարմին:
Եթե ոչ, ամեն մի ազգային ամբողջություն, երբ որ կտրատվում է նա, յուր մեջ ո՛չ միայն ուժ չունի, այլ դադարում է և կյանք ունենալուց…
Մեր այս նամակով հաղորդած վիճակագրական տեղեկությունները վերաբերում են միայն Պարսից Արաղիստանի մասին, մնում է Ատրպատականի նահանգը, որի մասին կգրենք հետո:
Քաղաքաբնակ հայերը որոշվում են գյուղացիներից ո՛չ միայն իրենց պարապմունքով, այլ կենցաղավարության մյուս ձևերով: Գյուղացիք առհասարակ երկրագործներ են, ժիր աշխատասեր բանվորներ են: Երկրագործությունը հայերի մեջ այն աստիճան զարգացած է, որ Ֆաթհ-Ալի շահի առաջին վեզիրը` Հաջի Միրզա Աղասին, կամենալով Արաղարանի պարսիկներին երկրագործության օրինակելի ձևեր ցույց տալ, հրավիրեց խոյեցի հայ գյուղացիներ, այլև հայ դարբիններ և հյուսներ, գութան, արոր, խոփ և բահ շինելու համար:
Երկրագործության գլխավոր ճյուղը նվիրված է ցորյանի և բամբակի մշակության. կտավհատը մշակվում է միայն նրա յուղալի հատիկներից յուղ դուրս բերելու համար, իսկ ձողերի թելանյութը բոլորովին թողվում է անպետք. դրանից օգուտ քաղել դեռ չեն սովորած գյուղացիք: Կտավհատի յուղը, որ տեղացիք կոչում են ձեթ, գործ է ածվում որպես վառելիք լուսավորության համար, և որպես ուտելիք պաս օրվա համար, այլև նորա յուղով տարին մի քանի անգամ օծում են գոմեշները, նրանց վերայի ուտող միջատները սպանելու և չորքոտանիների կաշին փափկացնելու համար: Կանեփի հատիկները նույնպես գործ է դրվում յուղ դուրս բերելու համար, իսկ ձողերի թելանյութից դեռ չեն սովարած նուրբ գործվածքներ պատրաստել, շինում են միայն պարաններ և կոշտ գործվածքներ ջուալների (պարկերի) համար: Յուղաբեր բերքերի կարգին պատկանում է և գերչակը, որի յուղը լուսավորության համար է գործ ածվում, և շատ խնայողական է յուր դանդաղ վառվելու համար: Տաք տեղերում պարարտ հողերի մեջ ցանում են նաև կնջիթ, որի յուղը յուր ազնվությամբ պակաս չէ մնում ձիթապտղի յուղից: Դա գործ է դրվում որպես կերակուր, նրան բանեցնում են նաև ներկարարները (ձիթհանք): Ջրավետ երկրներում շատ զարգացած է բրինձի մշակությունը: Այդ երկրների կարգին է Ուրմիո գավառը, որտեղից դուրս է գալիս ահագին քանակությամբ բրինձ:
Բամբակի մշակությունը, ի բաց առյալ սառուտ և սառն երկրներից, տափարակ դաշտերի վերա յուր ծաղկյալ դրությանն է հասել: Բամբակ ցանելու համար միայն հողը վարում են տղամարդիկ, իսկ մնացյալ բոլոր հոգատարությունն մնում է կանանց վերա. նրանք ցանում են, բուսնելուց հետո քաղհան են անում, հասնելուց հետո նրանք են հավաքում կոզակները: Հետո նրանք են մաքրում բամբակը հունդերից իրենց հնաձև չերչերներով: Թեև փորձում են նորաձև մեքենաներ բամբակը մաքրելու համար, բայց փորձը ցույց տվեց, թեև նոր մեքենաներով գործը արագ է գնում, բայց բամբակի նուրբ թելանյութը կտրատվելով կորցնում է յուր լավ հատկությունը: Բամբակի մեծ մասը վաճառահանվում է, իսկ մի մասից տեղացիք հագուստ են պատրաստում: Կանայք մանում են թելի իրանց ճահրեներով, իսկ երբ ձմեռը գալիս է և տղամարդը ազատ է յուր դաշտային պարապմունքներից, այն ժամանակ սարքում է յուր ջուլհակի պարզ գործարանը և բամբակից կտավներ է գործում: Այս արհեստը գիտե ամեն մի գյուղացի: Գյուղացու հագուստը ոտքից մինչև գլուխ իր պատրաստած կտավներիցն է: Նա փոխում է նրանց գույնը կարմիր և կապույտ ներկերով. և դորա համար կան գյուղերում լեղակի ներկարարներ (բոյախանչի), նույնպես տորոնով կարմիր ներկողներ (շիլաչի): Պարսկաստանի կարմիր և կապույտ կտավները այնքան տոկուն գույն ունին, և այնքան լավ են պատրաստվում, որ մեծ քանակությամբ տարվում է Թիֆլիս, և այստեղից տարածվում է Կովկասի կիսավայրենի ցեղերի և գյուղացիների մեջ:
Հացաբույսերի տեսակներից ցանվում է նաև գարի և կորյակ, վերջինը ցանում են ավելի այն տարիներում, երբ մորեխից վտանգ է սպառնում, որովհետև մորեխը չի ուտում կորյակի բույսը:
Ագարակային բերքերից ավելի մեծ քանակությամբ մշակվում է սեխ, ձմերուկ և վարունգ, դոցա կարգումն է շաղգամը, կաղամբը, բողկը, ճակնդեղը, ստեպղին (գազար), որոնք գործ են դրվում որպես կերակուր, հում կամ եփած ձևով: Գետնախնձորի մշակությունը մի քանի տեղերում դեռ նոր է սկսվել:
Ագարակային ընդեղենների տեսակից մշակվում են լոբի, ոսպ, բակլա և սիսեռ: Սիսեռի բույսից ստացվում է մի տեսակ թթու հեղուկ, որ կոչվում է շաբնամ: Գյուղացիք կարծում են, թե դա մի տեսակ թթու ցող է, որ առավոտները նստում է սիսեռի բույսերի վրա, և այս պատճառով ամեն օր վաղ առավոտյան սպիտակ մաքուր կտավներ են սփռում բույսերի վրա, կտավը ծծում է ցողը, հետո, քամելով թափվում է կտավից թթու հեղուկը: Բայց իսկապես թթվությունը սիսեռի դեռ չհասած պատյանների մեջն է, և երբ ցողը իջնում է նրանց վրա` պատյաններից թթու համ է ստացվում, և այդ լինում է առավելապես այն երկրներում, ուր առավոտյան ցողը առատ է, որպես են — Ուրմիո լճակի շրջակա գավառները: Սիսեռը բույսերից առնելով թթվությունը վնասում է հատիկներին, որոնք ավելի չեն լցնում այլ, մնում են նիհար և փոքրիկ: Սիսեռի թթուն գործ է դրվում ըմպելիքների համար, երբեմն խառնում են թեյի մեջ — լիմոնի տեղ:
Այգեգործությունը նույնպես յուր պատվավոր տեղն է բռնում պարսկահայ մշակության մեջ: Այս ճյուղի մեջ ավելի զարգացած է խաղողի մշակությունը, մանավանդ այն մասերում, որ բարեխառն կլիմա ունին: Դոցա կարգումն է դարձյալ Ուրմիո լճի շրջակա գավառները, մանավանդ Ուրմիան և Մարաղան: Խաղողից գյուղացիք պատրաստում են այնքան գինի, որքան իրենց պետք է, իսկ մեծ մասը չորացնում են և չամիչ կամ սովչա պատրաստում, ուրիշ երկիր վաճառահանելու համար: Ատրպատականի քիշմիշը տարվում է մեծ մասամբ Ռուսաստան, Նիժնի վաճառատեղը և Երևան: Թեև պարսիկները չեն գնում հայի պատրաստած քիշմիշը, բայց հայ վաճառականներին են ծախում: Խաղողի քաղցուից պատրաստում են նաև դոշաբ կամ բաքմազ, որ մի քաղցր, հալած մեղրի նման հյութ է, գործ է ածվում որպես կերակուր:
Մեղվաբուծությունը զարգացած է այն գյուղացիների մեջ միայն, որոնց գյուղերն գտնվում են լեռների ստորոտին կամ լեռնային բարձրավանդակի վրա:
Որպես երկրագործ ժողովուրդ, հայ գյուղացիք անասնապահությամբ շատ են պարապում. պահում են այնքան կովեր և գոմեշներ, որքան բավական է իրանց տնտեսական գործածության համար — յուղ և մածուն ունենալու համար: Ավելորդ անասուններ պահել չեն էլ կարող այն գյուղացիք, որոնք դաշտաբնակներ են, որովհետև անմշակ հողերը շատ փոքր են անասուններին արածելու համար: Ոչխարներ չեն պահում, որովհետև խաշնարածության հետ կապակից է չվական կյանքը, այսինքն` տարվա տաք եղանակներին ոչխարներ սարը տանել և այնտեղ դարմանել մինչև ձմեռ. իսկ երկրագործ և միևնույն ժամանակ հաստատաբնակ հային դժվար է հեռանալ հողային պարապմունքից:
Այն հայ գյուղացիք, որոնք սարերի մոտ են, կամ լեռնային բարձրավանդակի վրա են բնակվում, պարապում են նաև խաշնարածությամբ, որովհետև նոցա շրջապատող բնությունը ընծայում է ճոխ արոտամարգեր ոչխարներ պահելու համար:
Խաշնարածների մեջ զարգացած է նաև բուրդից գործվածներ պատրաստելու արհեստը, որ ըստ մեծի մասին կատարվում է կանանց ձեռքով: Այս գործվածները թեև այնքան նուրբ և գեղեցիկ չեն, որպես պարսիկներինը, բայց հայտնի են իրենց ամրությամբ և գույների տոկունությամբ, որպիսին են զանազան տեսակի կարպետներ, թաղիքներ և ավելի բարակ գործվածներ, որոնցից գյուղացիք պատրաստում են վերարկուներ (աբա) և վարտիքներ (շալվար): Գորգեր շինել չեն կարողանում: Շալեղեն գործվածների հտամնացության գլխավոր պատճառը այն է, որ հայոց ոչխարների բուրդը և մազը նույն լավ հատկությունը չունեն, որպես պարսիկներինը, — կլիմայական աննպաստ պայմանների պատճառով:
Ամեն գյուղերում գտնվում են այնպիսի արհեստավորներ, որ այն գյուղին են պետք. գյուղացիք ունեն հյուսներ, որոնք շինում են երկրագործական գործիքներ` գութան, արոր, որպես և դռներ, լուսամուտներ և այլն: Գյուղերում կան որմնադիրներ, որոնք գլխավորապես շինում են նույնպես երկրագործական անոթներ, որպիսին են` խոփ, բահ, շղթա, բրիչ և այլն: Գյուղերում կան ջաղացպաններ, որ սրում են բթացած աղորիքը: Գյուղերում կա սափրիչ, որ միևնույն ժամանակ շատ անգամ բժշկի պաշտոն է կատարում: Ոսկերիչները, որ ավելի կանանց են ծառայում, գալիս են քաղաքներից և ժամանակավորապես մնում են, դրանց կարգումն են և կլեյկագործները:
***
Քաղաքներում հայերը համեմատաբար փոքր թվով են բնակվում, և եթե գտնվում են քաղաքներում հայեր, նրանք կամ առանձին և մահմեդականների հետ խառն թաղեր են կազմում քաղաքի պարիսպների մեջ, կամ բնակվում են քաղաքից դուրս առանձին արվարձաններում: Այդ այն պատճառով է, որ նախ մահմեդականները թույլ չեն տա քրիստոնյա հային իրենց մեջ բնակվելու և իրանց դրացիությամբ նրանց պղծելու, եթե թույլ ևս տային, հայերին ձեռնտու չէ ցրվել մահմեդականների մեջ և նրանց թաղերում բնակություն հաստատել, ուր ամեն րոպե կարող էր նրանց վտանգ սպասել: Այս պատճառով սրանք աշխատել են միշտ ամփոփ դիրք բռնել և միմյանց հետ սեղմված ապրել: Ամբողջ Պարսկաստանում Թեհրանում միայն հայերը ցրված են զանազան թաղերում և այդ այն պատճառով, որ Պարսկաստանի մայրաքաղաքը ավելի ներողամիտ է դեպի ոչ-մահմեդականները: Այստեղ հայերն ազատ են այն հալածանքներից, որ պատահում է ուրիշ քաղաքներում:
Քաղաքներում հայերը ըստ մեծի մասին պարապում են զանազան արհեստներով. այս արհեստների մեջ առաջին տեղն է բռնում ոսկերչությունը: Պարսից հարեմները և կանանց ճոխ զարդարանքը, ոսկու, արծաթի և թանկագին քարերի շռայլաբար գործածությունը միշտ առատ գործ են տալիս հայ ոսկերիչին: Թեև հրեաները նույնպես պարապում են այս արհեստով, բայց այս ազգի բնական խարդախությունը թույլ չէ տալիս հայերի հետ մրցություն անել: Հայերը գրաված լինելով պարսիկների երաշխավորությունը, ամենահին ժամանակներից շահի դռան զարգարբաշին (ոսկերչապետը) միշտ եղել է հայ, այժմ նույնպես հայ է: Նորա համար պալատում առանձին գործարան կա, ուր նա աշխատում է միմիայն արքունիքի համար: Այսպիսի արհեստավորները միշտ արժանացել են խանության աստիճանի և նոցա իրենց արհեստի արտոնությունը անցնում է որդուց-որդի:
Պարսից իշխանները շատերն ունեն տնային ոսկերիչ, որ ամբողջ տարի բանում են միմիայն այս և այն խանի կամ շահզադայի համար: Պարսիկները առհասարակ սիրում են նայել փայլուն և խայտաճամուկ իրերի վրա: Մտեք մի պարսիկ իշխանի կամ մինչև անգամ հասարակ հաջու հյուրանոցը, դուք կկարծեք թե դա հազվագյուտ իրեղենների մի խանութ է, ուր դասավորված են գույնզգույն չինական անոթների, հայելիների, արծաթե աշտանակների և ջահերի մի մեծ հավաքածու: Այստեղ դուք կտեսնեք քսան-երեսուն հատ արծաթե ղեյլաններ, մի քանի հատ արծաթե սամովար, նույն մետաղից շինված ափսեներ, թեյամաններ և շաքարամաններ, ոսկուց շինված սուրճի փոքրիկ ֆինջաններ (բաժակներ), — մի խոսքով ամբողջ սենյակը վառվում է ճենապակու և թանկագին մետաղների կարասիքով, և այդ բոլորի մեջ փոքր գործ չէ գտնում յուր համար հայ ոսկերիչը:
Պարսիկը, երբ ձեռքում փող ունի, գնում է այսպիսի բաներ, նրա համար մեծ պարծանք է եթե ասեն` «տասն հատ արծաթե սամովար ունի». այս պատճառավ նա յուր հարստությունը ի ցույց է դուրս բերում: Բայց երբ բախտը փոխվեցավ, նա սկսում է ծախել, գրավ դնել և սպառել… Բախտի հեղաշրջության հետ անդադար պարսկի տունը լցվում է և դատարկվում է. և ամեն պարագային օգուտ է քաղում հայ ոսկերիչը. նա գնում է եղածը չնչին գնով, կամ նորն է շինում:
Ոսկերչությունից հետո արհեստների մեջ երկրորդ տեղն է բռնում հյուսնությունը: Ով որ փոքր ի շատե գաղափար ունի պարսիկների լուսամուտների մասին, կարող է հասկանալ, որ հյուսնությունը հայերի մեջ չափազանց զարգացած է, որ այնքան ճիշտ մաթեմատիկական համաչափությամբ դուրս են բերում իրանց ձեռագործը: Պարսից ճաշակը այս արհեստի մեջ նույնպես պահպանել է յուր հատկանի առանձնությունը. նա չի սիրում, որ արեգակի ճառագայթները իրանց բնական գույներով ներս ցոլան յուր սենյակի մեջ, անպատճառ ցանկանում է նրանց գույն տալ, որպես նա ներկում է յուր մորուքը և մատները: Պարսիկի այս պահանջը կատարում է հայ հյուսնը. նրա լուսամուտների փանջարաները կազմում է գույնզգույն ապակիների փոքրիկ բանվածներով, որոնք հորինում են զանազան նկարներ, և լույսը այս նկարների միջից անցնում է որպես գույնզգույն ծաղկի փունջերի միջից, և գեղեցիկ ֆանտաստիկական ճառագայթներ է արձակում սենյակի մեջ:
Հայ հյուսնը կամ ատաղձագործը պարապում է միայն նուրբ և բարակ գործվածքներով, իսկ փայտե կոշտ շինվածքները նա թողնում է մահմեդականներին: Վերջին ժամանակները պարսիկների տներում մուտք գտան նաև եվրոպական կարասիք. այս նորաձևությունը հայերի համար մի նոր գործ բացավ: Հայ արհեստավորը ավելի շուտ է սովորում այն, ինչ որ եվրոպական է. մինչդեռ պարսիկը չի ուզում փոխել ինչ որ սովորած է յուր պապերից. նույնը պատահեցավ և դերձակության մեջ: Երբ պարսիկները (ծառայողները) սկսան նեղ պանտալոն հագնել և իրանց հագուստները նմանեցնել եվրոպացիներին, հայ դերձակները միայն կարողացան նրանց ճաշակին հարմարեցնել մի նորաձև կիսաեվրոպական և կիսապարսկական հագուստ: Եվ այսօրվա օրս ամենալավ դերձակը, որ բանում է շահից սկսյալ մինչև ստոր աստիճանավորների համար` հայ է: Ամեն քաղաքներում հայ դերձակների խանութները բազմանալու վրա են և ավելի արդյունավոր է լինում այդ արհեստը, քանի որ հագուստի նորաձևությունը տարածվում է:
Դարբնության մեջ քաղաքներում հայերը ձեռք են առել զինագործությունը: Տերության զինվորական գործարանների (ջաբախանաների) հմուտ արհեստավորները հայեր են: Հայ զինագործները սովորաբար գնում են փոքրիկ քաղաքներ կամ մեծ գյուղեր և այնտեղ մնում են գործելու ժամանակավորապես: Նրանք գնում են մինչև անգամ զանազան ազատաշրջիկ ցեղերի մեջ, որպիսիք են քուրդերը, թալիշները, գելաքները և այլք և այս ավազակների համար զենք են պատրաստում, նրանց թաբունի հետ այստեղ և այնտեղ թափառելով: Զարմանալի է տեսնել մի ազգ, որ գիտե զենք շինելու արհեստը, բայց նրա գործածելը չգիտե...:
Հայերից կաշեգործներ չկան, որպես և կոշկակարներ, թամբ շինողներ: Կաշիե գործվածները այն տեսակ նյութերի կարգին են պատկանում, որ պարսիկ շարիաթի համեմատ կարող են պղծություն ընդունել. այս պատճառով պարսիկը կաշվեղեն հայից չէ գնում. թեև Եվրոպայից բերած կոշիկները պարսիկը առնում և հագնում է, բայց այս դեպքում նա չի ուզում մտաբերել, թե նրա պատրաստողը ինչ ազգից է...: Այնուամենայնիվ հայը կարող է կոշկակարի խանութ ունենալ, երբ նա բաց է անում հայոց թաղում և միայն հայերի համար է բանում: Այս առանձնական արհեստավորների կարգիցն են սափրիչները. պարսիկը իր մազերը հային կտրել չէ տալիս: Հայերից չկան քաղաքներում և ներկարարներ. պարսիկը յուր սենյակի պատերը հային ներկել չէ տալիս, եթե սա մի այդպիսի բան աներ, այն ժամանակ չէր կարող աղոթել այն սենյակում, որի պատերը պղծված են հայի ձեռքով: Այս արհեստը, նույնպես և նկարչությունը շատ առաջ է գնացած պարսիկների մեջ: Ոչ ոք այնպես գեղեցիկ չէ կարող նկարել սենյակի պատերը, որպես պարսիկը: Այստեղ մարդ տեսնում է պարսիկին իր երևակայության ճոխ ֆանտազիայով: Նրա պատերի վրա նկարված է յուր սիրելի ջեննաթը յուր հուրիներով և փերիներով, մշտականաչ արմավենիներ, սիրամարգներ, վարդի թփեր յուր գույնզգույն սոխակներով և թութակներով, կիսամերկ կանայք կամ ածում են կամ պար են գալիս. մի խոսքով ամեն հրաշալիք, որով միշտ հրապուրվում է արևելքը...:
Անձնատուր եղած երևակայական ցնորամտության, պարսիկ պարզությունը ուշադրություն չէ դարձնում իսկականի վրա. այս պատճառավ նրանց նկարների մեջ մարդ երբեք չէ տեսնում բնությունը: Այսպես է և պարսիկ բանաստեղծությունը, նրա մեջ ամենևին չկան բնության նկարագիրներ, նրա մեջ դուրս բերված անձնավորություններն անգամ մի տեսակ հրեշտակներ են, որ ապրում են բանաստեղծի երևակայության մեջ:
Քաղաքաբնակ հայերի գլխավոր պարապմունքներից մեկն է գինեգործությունը: Պարսիկներին որպես կրոնով արգելված է ոգելից ըմպելիքների գործածությունը, այնպես էլ արգելված է նոցա պատրաստելը: Այս պատճառով այդ արհեստը մնացել է հայերի սեփականությունը: Ամեն քաղաքներում հայ հասարակության ստոր մասը պարապում է գինեվաճառությամբ. թեև նրանց թույլ տված չէ ազատ և բացարձակ կերպով գինետներ բաց անել, բայց վաճառում են գաղտնի կերպով իրանց տներում:
Մինչև անգամ երկրի քրիստոնեաբնակ մասերում գինետները և գինեվաճառությունը կապված են զանազան անբարոյական գործողությունների հետ: Պարսիկ խմողը խմում է հարբելու չափ և այնուհետև գազան է դառնում...: Պարսկաստանում այս կերպով արգելված ըմպելիքի վերաբերմամբ զեղծումներ գործողները լինում են ըստ մեծի մասին ժողովրդի անբարոյական և սրիկա դասը, — ուրեմն հասկանալի է, թե ինչ տեսակ մարդիկ կլինեն հայ գինեվաճառի հաճախորդները: Պարսկաստանում պատահած սպանությունների, գողությունների մեծ մասը սկիզբ են առնում գինետներից: Ամենահանգիստ լոթին (սրիկան), որ գինետուն մտնելիս գառնուկի պես հեզ էր, դուրս է գալիս այնտեղից մերկացած դաշույնը ձեռին...: Այս պատճառավ կառավարությունը շատ անգամ կամեցել է արգելել հայերի մի այսպիսի պարապմունքը, բայց հնար չի եղել, հայերը միշտ իրանց արածը արել են, միշտ պատճառ են գտել ասելու. «թույլ տվեք մեզ ունենալու մսավաճառի, մրգավաճառի, խոհարարի և հացթուխի խանութներ, այն ժամանակ մենք կթողնենք գինեվաճառությունը. մի բանով պետք է մեզ ապրել»:
Պետք է ասել, որ հայ ժողովրդի մնացյալ մասը ամենևին գոհ չէ գինեվաճառներից, որովհետև քիչ չէ պատահում, որ նրանց վնասը կրում են իրանք կամ մարդիկ են սպանվում, կամ գողություններ են լինում, այլ ժամանակ մի ամբողջ անմեղ հասարակություն պատասխանատու է լինում գործածած չարիքին:
Պարսկաստանում այժմ խմողների թիվը ավելի շատ է, քան թե քրիստոնյաների մեջ: Արևելցիք սիրում են իրենց ուղեղը գրգռել ոգելից բաներով, այս պատճառավ հնարեցին ափիոն, բանգը և տեսակ-տեսակ մաղուներ. իսկ այդ բոլորի տեղը այժմ բռնում է արաղը (օղին): Պարսիկը սիրում է խմել թունդ ըմպելի, որ շուտ արբենա: Խմիչքների գործածությունը մտել է մինչև անգամ և հարեմներում. պարսիկ կինը ավելի հրապուրիչ է դառնում, երբ նա արբած է...: Հայ գինեվաճառները սովորել են պատրաստել նրանց համար քաղցր լիքեոններ. բացի դրանից նրանք սովորել են պատրաստել ուրիշ տեսակ եվրոպական ըմպելիներ, այժմ Թավրիզի մաստիկան յուր հատկությամբ պակաս չէ եվրոպականից: Պարսկաստանում խնձորից պատրաստված գինիները հիանալի են:
Պարսիկները իրանք էլ սովորել են գինի շինել. Շիրազի գինին առաջին տեղը կարող է բռնել բոլոր եվրոպական գինիների մեջ: Նա չի վաճառահանվում, միայն մասնավոր մարդիկ պատրաստել են տալիս և պարսիկ մեծամեծներին ընծա են ուղարկում:
Խոսելով արհեստների վերաբերմամբ, չէ կարելի չհիշել և այն, որ Պարսկաստանում տակավին պահպանվել է արհեստավորների որոշ-որոշ դասեր կազմելու սովորությունը, որի նմանը դեռևս կա Թիֆլիսում համքար անունով, այլև Անդրկովկասի ուրիշ քաղաքներում պարսիկներից մնացած: Բայց հայերը ամեն տեղ չեն մտնում պարսից համքարների մեջ. նրանք միշտ առանձին դասեր են կազմում և ունեն իրանց գլխավորը իրանց ազգից: Այդ գլխավորները, օրինակ, դերձակապետը (խայաթ-բաշին). ոսկերչապետը (զարգարաբաշին), կառավարության առջև իրանց դասի ներկայացուցիչն են, և նշանակվում են տեղական կառավարությունից: Դրանց ձեռքով է հավաքվում արհեստավորներից տուրքը, և դրանք են ներկայացնում կառավարությունը: Արհեստավորների գլխավորը պահպանում է և միաբանությունն յուր դասի մեջ, դատելով և վճռելով արհեստավորների մեջ պատահած վեճերը:
Հայերի գյուղական կառավարությունը: — Հայ գյուղերը լինեն դրանք արքունական թե մասնավոր կալվածատերերի սեփականություն` ունեն մի ռայիս (տանուտեր), որին ընտրում են իրանք գյուղացիք: Տանուտերը ունի մի օգնական, որ կոչվում է գզիր. այս վերջինը գյուղի սատանան է, ամեն ծակը կմտնե, ամեն բան կլրտեսե և ամենի մասին զեկուցում կտա տանուտերին: Տանուտերը գյուղի ծերակույտի գիտակցությամբ որոշում և բաժանում է հարկերը գյուղացոց վրա, հավաքում է տուրքը, ինքը ստացական է տալիս և ներկայացնում է ուր որ հարկն է: Տանուտերը է միևնույն ժամանակ գյուղի հաշտարար դատավորը. նա վճռում է գյուղացոց մեջ պատահած վեճերը և պատժում է ոչ ծանր հանցավորներին. իսկ մեծ հանցանքները դատում է կամ գյուղի տերը կամ տեղային կառավարությունը: Եթե տանուտերը լավ մարդ է` գյուղը միշտ շահում է նրա գործունեությունից և անկարգություններ շատ սակավ են պատահում: Բայց վատ տանուտերը մի վնասակար գործիք է կալվածատիրոջ ձեռքում, որ զոհում է գյուղացոց բարիքը կալվածատիրոջ շահերին: Թեև գյուղացիք իրանք են ընտրում տանուտեր, բայց վատ տանուտերին միշտ դժվարանում են փոխել, որովհետև նա վայելում է պաշտպանություն գյուղատիրոջ կողմից, որի շահերին միշտ կուրությամբ ծառայել է: Տանուտերը իր պաշտոնից հանվելուց հետո — հասարակ գյուղացի է դառնում:
Գյուղերը դատարան չունեն, այսինքն` մի հատկացյալ տեղ, ուր հավաքվեին և խորհրդածեին: Խորհրդածությունները կատարվում են շատ անգամ հրապարակի վրա կամ այս ու այն աղայի դռան առջև: Շատ անգամ տանուտերը փողոցում ման գալու ժամանակ, կամ գինետան մեջ խմելու ժամանակ և կամ մի տան մեջ հյուր եղած ժամանակ վճիռներ է տալիս:
Քսան կամ երեսուն տարի առաջ դեռ կային մելիքներ, նրանք ժողովրդից չէին ընտրվում, այլ ժառանգական ազնվականներ էին, որոնց տոհմային հնությունը ուներ մի քանի հարյուր տարվա պատմություն: Մելիքը իշխում էր մի կամ մի քանի գյուղերի վրա, շատ անգամ մի ամբողջ մասի ազգաբնակության վրա: Նրա իշխանությունը ընդարձակ էր և միապետական: Մելիքները ունեն ֆարմաներ, շնորհված պարսից շահերից և ռոճիկ էին ստանում կառավարությունից: Ժողովուրդը հպատակվում էր մելիքին, որպես յուր նահապետին: Նա ուներ յուր ձեռքի տակ զինված մարդիք, որոնցով կռիվներ էր հայտնում թշնամիներին, արշավանքներ էր գործում, գերիներ և թալաններ բերում:
Մելիքները այն ժամանակներում փայլում էին իրանց իշխանությամբ, երբ ավատական խանությունները Պարսկաստանում դեռ իրանց բռնակալ միապետությունն էին վայելում: Իսկ Աղա-Մամուդ-խանից սկսյալ, այժմյան տիրող ղաջարյան ցեղի շահերի ժամանակ` ավատականությունը սկսեց փոքր առ փոքր թուլանալ, և վերջապես կորցնել յուր նշանակությունը, նրա հետ էլ մելիքները ընկան:
Մելիքների անկման մի երկրորդ պատճառն էլ Պարսկաստանի հայերի գաղթականությունն էր, երբ 1827 թվին քառասուն հազար հայեր անցան դեպի Նախիջևանի և Արարատի կողմերը: Պարսկաստանում մնացող հայերը թվով քիչանալով — տկարացան և մելիքներն էլ զրկվեցան իրանց ուժերից: Մինչև գաղթականությունը Խոյ քաղաքի զարաբխանան (դրամ կտրելու տունը) և Սալմաստ գավառի մաքսատները — հայերի ձեռքումն էին32:
Մելիքների մեջ իրանց գերիշխանությամբ առաջին տեղը բռնում էին Ղարաբաղի մելիքները, որոնք օգտվելով երկրի լեռնային և անտառապատ բնությունից, շատ անգամ անկախ դրություն են պահպանել:
Ղարադաղը (Հին Փայտակարանը) գտնվում է Ղարաբաղի հանդեպ. այս հայկական երկու գավառները բաժանվում են Երասխ գետով, և մինչև անգամ հայոց թագավորության օրով երբեմն անկախ իշխանություններ են կազմել33:
Ղարադաղու մելիքները մեր դարու սկզբներում մտածում էին միանալ Ղարաբաղի մելիքների հետ և իրանցից թոթափել պարսկական լուծը. բայց հայոց անմիաբանությունը չթողեց գործը հաջողի:
Ղարադաղի մելիքները ընկան այն ժամանակ, երբ այդ երկիրը մտավ թաթարների մի բարբարոս ցեղ, որ կոչվում է չալաբյանցիք: Հայոց գյուղերը անցան նրանց խաների ձեռքը, և հայերը փոքր առ փոքր հպատակեցան նրանց: Չալաբյանցոց հարստահարությունները վերջին ժամանակներում այն աստիճան անգթության հասան, որ Ղարադաղի բնակիչերից շատերը գաղթեցին դեպի Ղարաբաղ, իսկ շատերը բնակություն հաստատեցին Թավրեզ քաղաքում:
Ղարադաղը հայտնի է յուր հանքերի հարստությամբ, այնտեղի պղնձի և երկաթի հանքերը, կարելի է ասել, իրանց նմանը շատ քիչ ունեն ամբողջ երկրագնդի վրա: Մինչև այսօր Ղարադաղի հայերը բովագործում են երկաթի հանքերը. նրանց մեծ մասը դարբիններ են: Շինում են պայտեր և տանելով զանազան քաղաքներ վաճառում են. դրանով են ապրում շատերը:
Ղարադաղի այն կողմերում, ուր իջնում է դեպի Երասխի ափերը, որ տեղացիք կոչում են իրանց բարբառով Արազքար, այսինքն` Արազի կամ Երասխի ափեր, — ավելի ցած դիրք ունենալով, պահպանում է տաք և խոնավ կլիմա: Այս տեղերում հին ժամանակներից սկսած, պահպանվել է թթենու մշակությունը և շերամապահությունը. իսկ այժմ այդ արհեստը ավելի զարգացած է տեղացի հայերի մեջ: Ղարադաղի մետաքսը յուր հատկությամբ միշտ բարձր տեղ է բռնում վաճառականության մեջ: