Նամակ Դավրեժից (2)
ՆԱՄԱԿ ԴԱՎՐԵԺԻՑ
Հուլիսի 15-ին
Խոսելով հայերի նշանակության մասին Ասիայի մեջ, շատ անգամ հայտնված է եղել մի այսպիսի միտք թե հայերին վիճակված է գիտություն և լուսավորություն տարածել արևելքում, թե քաղաքակրթությունը պետք է նրանց առաջնորդությամբ մուտք գործե մահմեդական Ասիայում: Մի այսպիսի ինքնահավան կարծիքը շատերին կարող է ծիծաղելի երևնալ, եթե ի նկատի չառնվի ամենամոտ անցյալը և այն դերը, որ հայերը ներկայումս խաղում են Տաճկաստանի և Պարսկաստանի մեջ: Բերենք մի քանի օրինակներ: Շահի և Սուլթանի արքունիքը միշտ ունեցել են իրանց դռանը մեծամեծ պաշտոնակալներ, որոնց ձեռքումն է եղել պետության ամենագլխավոր գործերի վարչությունը, որոնք համաձայն եվրոպական քաղաքագիտության ուղղություն են տվել կառավարության վերանորոգություններին, որքան կարելի է, հեռացնելով այն հին ձևերը, որոնք բռնաբարում էին իրավունքը և արդարությունը: Պետության ֆինանսական վիճակը կախված է եղել հայ սարաֆների ձեռնտվությունից, դպրոցների մեջ եվրոպական գիտությունների առաջին վարժապետներն են եղել հայերը. դեսպանախոսական հարաբերությանց մեջ թարգմաններ եղել են հայերը, և հայոց թատրոնից առաջին անգամ լսելի է եղել բեմական խոսքը, և մամուլը հայկական տառերով և տաճկաց լեզվով աշխատել է ծանոթացնել մահմեդականներին լուսավոր աշխարհի մտածությանց և գաղափարների հետ:
Թողնենք այդ ընդհանուր տեսությունը, անցնենք դեպի մասնավորը. խոսքս Պարսկաստանի Դավրեժ քաղաքի մասին է:
Դավրեժը թե՛ յուր բազմամարդությամբ և թե՛ առևտրական ընդարձակությամբ, առաջին տեղն է բռնում ամբողջ Իրանի մեջ: Խիստ հաճախ հարաբերություններն օտարների հետ վաղօրոք զգալ տվին քաղաքիս մտածող մասին եվրոպական կրթության կարևորությունը, և մի քանի տարի առաջ Դավրեժի մեջ սկսեցին հիմնել մի դպրոց: Մոլլաների դասը (որպես սպասելի էր) ընդհանուր կատաղությամբ ընդդեմ կացան դպրոցի հիմնարկությանը, համարելով նրան վնասակար, կրոնքի և օրենքի հակառակ: Մեծ մուշտայիդը ամբիոնից քարոզ էր կարդում` թե Իսլամի որդիքը, ֆրանգների (եվրոպացիների) լեզուն և գիտությունը սովորելով, քաֆիրներ (անհավատներ) կդառնան, և երբ նրանց մահից հետո աստուծո հրեշտակները կգան հարցնելու Իսլամի հավատո հանգանակը, նրանք կպատասխանեն ֆրանգի լեզվով, և հրեշտակները նրանց լեզուն չհասկանալով, և կարծելով թե նրանք ֆրանգներ են, կփակեն նրանց առջև դրախտի դռները, և բոլորին կտանեն դժոխքը…29
Մի այսպիսի քարոզը բավական էր գրգռելու մահմեդականների մոլեռանդությունը, խլելով նրանցից հոժարություն իրանց որդիքը եվրոպական կազմակերպությամբ մի դպրոց ուղարկելու:
Բայց դժբախտաբար այս հանգամանքին ավելի շատ նպաստում է մի դեպք` նույն միջոցում քանդվում է նորակառույց դպրոցի պարիսպներից մեկը, այս երևույթը բավական էր ժողովրդին մտածել տալ, թե ինքը աստված և նրա մարգարեն (Մուհամեդ) ընդդեմ են դպրոցի հիմնարկությանը, և հրաշքով ցույց տվին իրանց անհամաձայնությունը: Եվ այսպես ֆրանգների ուսումնարանը յուր սկզբնավորության մեջ ոչնչացավ...
Նույն իսկ ժամանակներում Ատրպատականի վիճակավոր առաջնորդ Սահակ եպիս. Սաթունյանը Դավրեժում սկսել էր մի դպրոցի շինարարությունը հայերի համար: Դա նույնպես պետք է պատերազմեր ժողովրդի մոլեռանդության հետ: Որովհետև տեղի անձկության պատճառով առաջնորդը ստիպված էր դպրոցը հիմնել մի հին գերեզմանատան վերա, ժողովուրդը չէր ցանկանում, որ իրանց պապերի փոշիների վերա դրվի հիմքը այն շինվածքի, որի մեջ նրանց որդիքը պետք է ուսում և կրթություն ստանային: Այսուամենայնիվ հայր Սաթունյանը հաղթելով բոլոր արգելքներին, հասավ յուր նպատակին, մի տարվա մեջ թե՛ դպրոցը և թե՛ նրան կից առաջնորդարանը` երկուսն էլ պատրաստ էին: Այնուհետև հիմնադիրն մտածում էր նյութական կողմից մշտապես ապահովել դպրոցի գոյությունը, երբ մահը վերա հասավ, և նա յուր բոլոր բարի ցանկությունները յուր հետ գերեզման տարավ: Բայց նա թողեց յուր վախճանից հետո մի գումար, որ նույն ուսումնարանի հիմնական դրամագլուխն դարձավ:
Սահակ եպիսկոպոսից հետո փոխվեցան մի քանի առաջնորդներ, բայց նրանցից և ոչ մեկը մտածեց աճեցնել դպրոցի նյութական միջոցները և ընդարձակել նրա նեղ ուսումնական պրոգրաման: Գործը առաջ էր գնում խիստ թույլ կերպով, և դպրոցը օրըստօրե ընկնելու վերա էր, երբ Վեհապետյան Գևորգ եպիսկոպոսի առաջնորդության օրերում դպրոցը սկսեց վերածաղկիլ: Ինքը Վեհապետյանը շահին ներկայանալով, և դպրոցի առաջադիմության արդյունքը Նորին Մեծությանը առաջարկելով, դարձրուց դպրոցի վերա շահի բարձրագույն ուշադրությունը, որով բարեհաճեց յուրաքանչյուր տարի մի նշանակյալ գումար արքունի գանձարանից օժանդակել դպրոցին:
Բայց դպրոցը տակավին յուր իսկական նշանակությանը հասած չէր և չէր կարող ևս հասնել, քանի նա գտնվում էր առաջնորդների միակ իրավասության ներքո, քանի ժողովուրդը յուր ներկայացուցիչները չուներ նրա կառավարության մեջ: Այս իրողությունն ավելի զգալի եղավ Գրիգոր եպիս. Հոբյանի առաջնորդության օրերով, երբ դպրոցը թե՛ բարոյապես և թե՛ նյութապես գտնվում էր յուր վերջին հոգեվարքի մեջ: Քաղաքի նշանավոր մարդիկը, ոչինչ արդյունք չտեսնելով, իրանց որդիքը դուրս բերեցին այնտեղից և հիմնեցին առանձին վարժատուն: Այս բաժանումն ազգային դպրոցից վերջին զարկն էր, որ պետք է տաներ նրան դեպի կործանում, եթե Էջմիածնո հոգևոր կառավարությունը չհասկանար Հոբյանի անպիտանությունը և չհեռացներ նրան Պարսկաստանից:
Հոբյանի փոխարեն ուղարկվեցավ առաջնորդ Անդրեաս եպիսկոպոսը, որն Ատրպատականի այժմյան վիճակավորն է: Այս վերջինը, օգուտ քաղելով յուր նախորդների արած սխալներից, դպրոցը կրկին վերականգնելու միջոցը գտավ նրա մեջ, որ դուրս բերե նրան եկեղեցական նեղ իշխանությունից և դարձնե ժողովրդական: Մի այսպիսի փոփոխությունը շուտով ցույց տվեց յուր արդյունքները: Դպրոցի համար նշանակվեցան ժողովրդից ընտրված հոգավարձուներ, որոնք իրանց պաշտոնի մեջ մտած օրից ուշադրություն դարձրին դպրոցի նյութական ապահովության վերա, որից կախումն ուներ նրա ուսումնական առաջադիմությունը: Խիստ կարճ միջոցում նվիրատվությամբ հավաքվեցավ մի նշանավոր գումար, որը թեև լիապես բավականություն չէր կարող տալ դպրոցի պահանջներին, բայց կարելի եղավ նույն գումարի տոկոսիքով նշանակել հմուտ տեսուչ, վարձել մի քանի օրինավոր վարդապետներ և ավելացնել դասատվության առարկաների և լեզուների թիվը: Դպրոցը ստացավ փոքր ի շատե կանոնավորված ձև և կերպարանք: Եվ ներկա հուլիս ամսի հարցաքննությունը (որին ներկա գտնվելու պատիվն ունեի) ցույց տվեց մի տարվա ընթացքում եղած արդյունքը, որից երևում էր դպրոցի զարմանալի արագությամբ առաջադիմությունը: Քննություններին ներկա էին բացի աշակերտների ծնողքները, նաև եվրոպական հյուպատոսների ներկայացուցիչներ, և համարյա քաղաքում գտնված ամբողջ եվրոպական հասարակությունը: Բոլորը մնացին գոհ և ամենի հաճությունը չափ չուներ:
Մենք բավականին շեղվեցանք մեր դրած հարցեն, այժմ դառնանք դեպի այն: Մենք ասեցինք, թե հայերին, որպես կրթության ընդունակ մեկ ազգի, վիճակված է լուսավորություն տարածել Ասիայում, այս մտքին իբրև ապացույց վեր առնենք նույն իսկ Դավրեժի դպրոցը: Դեռ դպրոցը յուր թույլ և խանգարված դրության մեջ, նա դարձյալ այնքան բարձր էր մոլլաների ձեռքում եղած մադրասայներից (վարժատներից), որ շատ անգամ պարսիկներից նշանավոր անձինք առաջարկել են յուրյանց որդիքը այնտեղ ուղարկել ուսում առնելու համար: Բայց տեղային հայոց առաջնորդը այնքան նեղսիրտ է գտնվել, որ չէ կամեցել մահմեդական երեխան ընդունել քրիստոնյայի դպրոցի մեջ: Մոլեռանդությունն ինքնըստինքյան հասկանալի է... Թողնենք այդ: Այս տարվա հարցաքննությանց ժամանակ կրկին անգամ զարթեցավ նույն հարցը: Պարսկերենի քննության օրը հրավիրված էր Նաիբուլ-վուզարան, այսինքն` արտաքին գործոց վեզիրի փոխանորդը30: Նա ուղարկեց յուր կողմից գեներալ Ղուլի-խանին, բայց ինքը Նաիբուլ-վուզարան, անձամբ եկավ ֆրանսերենի քննության օրը: Նա որպես ֆրանսիագետ և եվրոպական ուսմունք ունեցող ոմն, բոլորովին հիացած մնաց աշակերտների առաջադիմության մասին և ընծայեց դպրոցին հարյուր թուման փող: Բայց նորին պայծառափայլության ավելի մեծ ընծան այն էր, որ խոստացավ յուր որդին ուղարկել այնտեղ ուսանելու համար, և հայտնեց, թե պարսից մեծամեծներից շատերը պատրաստ են հետևել յուր օրինակին, որովհետև իրանք օրինավոր վարժապետներ չունեն: Բացի դրանից, Նաիբուլ-վուզարան բարեհաճեցավ` թե դպրոցի դրությունը և նրա Պարսկաստանի ժողովրդի համար բերած օգուտները կհայտնե արտաքին գործոց վեզիրին և նա յուր կողմից կներկայացնե շահի բարձրագույն ուշադրությանը:
Քննությունից հետո Նաիբուլ-վուզարան մտավ հայոց ընթերցարանը, որ նույն շինվածքի մեջն է գտնվում, ուր դպրոցն է: Պարսկաստանի մեջ առաջին անգամ նա տեսավ, սեղանի վերա դրած, մինչև տասն և հինգ զանազան օրինակներ` հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն և պարսկերեն լրագրներ և ամսագրեր: Այս տեսարանը մինչև այն աստիճանը գրավեց Նորին պայծառափայլությանը, որ խոստացավ 40-պարսկերեն գրքեր ընծայել ընթերցարանին, որովհետև պարսկերեն գրքերի թիվը փոքր էր:
Նորին պայծառափայլություն Նաիբուլ-վուզարայի այս համակրությունը` թե՛ դեպի դպրոցը և թե՛ դեպի ընթերցարանը ամենայն շնորհակալության արժանի է: Իսկ ինչ որ վերաբերում է այն մտքին, այսինքն` հայոց դպրոցի մեջ ընդունել և պարսիկ երեխաներ, այդ մասին մենք կխոսենք առանձին նամակով. առայժմ այսքանը կասենք, — դա միակ միջոցն է` պարսիկների և հայերի, այդ երկու միմյանց հետ ցեղակից ազգերի մեջ սեր և միաբանություն տարածել, պետության համար հավատարիմ և կրթյալ հպատակներ պատրաստել, և հայոց դպրոցում եվրոպական գիտությանը ծանոթացած պարսիկ աշակերտների միջոցով լուսավորությունը մտցնել նույն իսկ մահմեդական ժողովրդի մեջ:
Տացե աստված, որ Դավրեժի հայոց ազգային դպրոցը կարողանար կատարել այդ մեծ պարտավորությունը: