Քիրսը թուխպի մեջ դարձյալ մենակվեց, -
Դժվար թեւեր են ընծայվում քարին,
Տաք քարուտներից կայծակ եմ քաղում,
Լքումների մեջ դաշտը հեւում է,
Եվ քո անունից արյուն է կաթում։
Ուղին դարն ի վեր գնում է անկանգ, -
Սրտի խորքերից մագիլներ ելան,
Պահի կտուցին ծառը փետուրվեց,
Պարպվեց կապույտը հրթիռի ծայրին,
Պատին թոշնում է մոր ձեռքի հետքը։
Ձեռքերս բնին տրված ճյուղեր են, -
Մասրենին հանգավ թիթեռի թեւին,
Ձորից խորն եղավ կսկիծը ձորի,
Խոտի երակում հողը վառվում է,
Եվ փեշը երկնի ժայռի տակ է դեռ։
Առուն ծաղկի մեջ բացում է իրեն, -
Ցավը իմ լերանց պահապանն է միշտ,
Որպես հագի շոր՝ պատռոտում երգս,
Վիրակապեր եմ ձեւում ճեփ-ճերմակ,
Պողը ափիս մեջ ծիլ է արձակում։
Ամեն մի աղբյուր օրոցք է սիրո, -
Դռան բռնակն իմ ձեռքում բողբոջեց,
Անդրանիկի ձին ծովն անց կացավ,
Մեջքս զարկի մեջ շտկում է իրեն.
Արցախ, անունդ թեւ է աղավնու...
14.11.92թ.