Հայ ժողովրդի ճակատագիրը
...Եվ ինձ նախապես աչքեր պետք չէին՝
Իմ չունեցա՜ծը տեսնելու համար։
Երբ ես ծնվեցի՝ մերկ ամբողջովին,
Իմ մերկությունը
Ծածկելու համար ձեռքեր փնտրեցի
Առաջին ճիչիս արձագանքներում։
Իսկ երբ որ փնտրած-գտած ձեռքերս
Կարճ եղան մի քիչ,
Ու չծածկեցին մերկությունը իմ՝
Տխուր լաց եղա։
Եվ տխրությունս երազներ ծնեց,
Կարոտներ ծնեց մաքուր ու բարի,
Կարոտով լցված մի մեծ սիրտ ծնեց
Եվ իմ ուղեղում
Միտքս սկսեց կաթ-կաթ ծովանալ...
Եվ միտքս երկնեց...
Եվ ես զգացի, որ ինձնից առաջ,
Դարեր առաջ ու հազարամյակներ,
Իմ նախնիները
Ձեռքեր ունեին ծնկներին հասնող,
Իսկ իմ ձեռքերը այնքա՜ն էին կարճ,
Որ չէին ծածկում նույնիսկ... մերկություն...
Ու ես լաց եղա...
Այդքան ժամանակ ինձ աչք պետք չեղավ,
Բայց երբ առաջին քա՜յլս արեցի,
Ես նո՛ր զգացի, որ ինձ աչք է պետք՝
Առաջին քա՜յլս տեսնելու համար։
Եվ ես քայլեցի՛ դարերի միջով...
Իմ ճանապարհին
Վերելքներ եղան ու նեռ անկումներ,
Ինչքան բարձրացա՝ այնքան կորցրի,
Ինչքան կորցրի՝ այնքան երկնեցի,
Այնքան կերտեցի...
Ու մի այդքան էլ... նորի՛ց կորցրի։
...Ինձ աչքեր պետք չեն՝
Իմ կորցրա՜ծը տեսնելու համար։
09.05.83, Բաքու