Հայ վաճառական
ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆ
Հայ վաճառական, հայ վաճառական,
Խաբիր ու զրկիր աղքատ եղբորդ,
Հարամ ռոճիկով լից քո գանձարան,
Ու միշտ կուշտ պահիր ուռած մեծ փորդ.
5
Քեզ ի՞նչ փույթ, ասա, թե ազգդ խեղճ է,
Շատ հարկավոր է թե նա չունի հաց,
Քեզ ի՞նչ փույթ, թե եղբայրդ մեղք է,
Միայն քո փորը լինի տկըզած.
Քեզ ի՞նչ փույթ, ասա, թե խեղճ վանեցին
10
Հեծում է սոված, տուն ու տեղ թողած,
Տանջվում է տաճկի ու քրդի ձեռքին,
Միայն քո փորդ լինի տկըզած.
Քեզ ի՞նչ՝ շինվում է հայ ուսումնարան,
Որ ուսում առնի տգետ հայ տղան,
15
Էհ, очень нужно, խավար մնա Հայաստան,
Տրիցատկի համար պինդ պահիր լուման.
Կողքիդ է տիկը, գրպանդ լիքը,
Քեֆ արա, ի՞նչ բան է հայրենիքը.
Քեզ ի՞նչ՝ անուսում մնան հայ որդիքը,
20
Թող նրանց դարդը քաշեն հայ մարդիկը.
Կուշտ է թափանդ, լի է գրպանդ,
Ամենը թամամ է, բայց վատ է բանդ—
Աղքատ մշեցին կանգնած է դռանդ.
«Աստված տա»— ո՞վ է կապում բերանդ.
25
Հայ վաճառական, շուտով փախիր տուն,
Խավարի միջի հմուտ ղեկավար,
Որ ժապավինյալ ցուցակ են բերում
Սովատանջ եղբարցդ՝ վանեցոնց համար.
Դե՛հ, գառնազգեստ գայլին դու նման,
30
Խաբիր ու զրկիր աղքատ եղբորդ,
Աչքերը կապիր, առ վերջին լուման,
Գուցե նրանով լցնես մեծ փորդ.
Միայն գիտենաս, հայ վաճառական,
Հեռու չէ օրը, օրն օրհասական
35
Նա կըգա շուտով և գաբրիելյան
Փողը կըկանչե և քեզ դամբարան.
Մահից չի փրկիլ քեզ ժանգոտ փողը,
Մարմինդ կըկլանե անգութ սև հողը,
Ամեն բան կանցնի և կանհետանա,
40
Միայն բարի անունն այստեղ կըմնա։