Jump to content

Հայ վաճառականներ Կովկասի մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ ԿՈՎԿԱՍԻ ՄԵՋ

Մեր հայերի մեջ, ինչպես այժմ մենք նկատում ենք, կան մի քանի դասակարգի պատկանող անձինքներ, որոնք կենտրոնացնում են իրանց մեջ մեր ազգի ներկա և ապագա ուժը. սոցանից առաջինն է վաճառական, երկրորդ` արվեստավոր և երրորդ` մշակ, այն է` հողագործ դասը: Խոսելով վերջի երկու դասակարգի վրա մենք գիտենք, թե մինչև որ աստիճան խավար, տգետ ողորմելի դրության մեջ են գտնվում այդ երկու դասակարգերը ևս: Մշակ երկրագործը ընկած է դեռևս յուր հին նախաջրհեղեղյան հնության մեջ, նորա ճակատի վրա պարզ և որոշ կերպով կարգվում են աստվածային այն անեծքը, թե «միմիայն քո ճակատիդ քրտինքով պիտի վաստակես քո հացդ» և ողորմելին հարյուրավոր տարիներից հետո անդադար ու անդադար քրտինքով դառն աշխատանքով վարում և գործում է հողը, — միմիայն յուր օրական ապրուստի համար, նա դեռևս մինչև անգամ տեղեկություն չունե, թե ինչպես ուրիշ լուսավորյալ ազգերը դյուրությամբ և առանց ծանր աշխատանքի շատ կարճ միջոցում գլուխ են հանում այն գործը, որը երկար միջոց և դառն աշխատանք է այժմ իրան:

Յուր մտավոր, գործնական և արհեստական գիտությամբ, մշակ դասից բարձր չէ և արվեստավոր դասը. նույն նահապետական հին դրությունը, նույն անփոփոխ, կոշտ և կոպիտ արհեստը, որի մեջ գտնվելիս է եղել յուրաքանչյուր արհեստի սկզբնապատճառը, նույնությամբ փայլում է այդ դասի վրա: «Մշակի» ընթերցողները անշուշտ տեղեկացած կլինեն նորա 40 համարում տպված առաջնորդող հոդվածից այդ դասակարգի վերաբերմամբ, այդ առթիվ այլևս ավելորդ է մեզ երկար խոսել, մինչդեռ կովկասյան ամեն մի քաղաքում հայ արհեստավորները գտնվում են միևնույն դրության մեջ:

Այժմ քանի որ ո՛չ արհեստավոր և ո՛չ մշակ դասը կարող են ներկայումս նպաստել մեր ազգի բարոյական գոյությանը, մեր հույսը մնում է միայն ազգի առավել բարձր, առավել զարգացած, այն է` վաճառականական դասի վրա. նոքա պիտի լինեն մեր հայտնի ներկայացուցիչքը քաղաքական ազգերի առաջ, նոքա պիտի վերականգնեն մեր ընկած նշանակությունը մյուս ազգերի մոտ, և միևնույն ժամանակ նոքա պիտի լինեն մտրակող ուժը մեր մյուս, այն է` արվեստավոր և մշակ դասակարգի: Այս հարցի մասին քանիցս անգամ կրկնած են մեր պարբերական հրատարակությունները, որոնց գոռում-գոչումները կարծես ցնդած են օդի մեջ, որպես ձայն բարբառս հանապատի... թո՛ղ ներվի մեզ այստեղ մի քանի դիտողություններ անել մեր հայերի անցյալ և ներկա վաճառականական կյանքից:

Հայկական տարագրության տխուր հիշատակարանները, կարծես չկամենալով բոլորովին խորտակել հայի ինքնասիրությունը, ավանդում են մեզ հայի գաղթականության միակ պարծանքը, այն է` նոցա առևտրական նախանձելի ասպարեզը իրան շրջապատող ազգություններից:

Ինչպես հայտնի է գլխավոր գաղթականությունը հայերի Կովկասի մեջ սկսում է Բագրատունյաց իշխանության կործանումից հետո, երբ սոքա փախչելով բռնավոր տիրապետողների սրից, առավել հարմար էին գտնում սահմանափակելու իրանց կովկասյան բարձրագագաթ շղթաների մեջ: Իհարկե, այն ժամանակ կովկասյան ազգաբանությունները լինելով առավել անկիրթ, առավել ստոր մտավոր դրության մեջ, հեշտ էր հայերին շուտով ձեռք բերել այդ երկրի վաճառականությունը:

Հայերը ամրանալով Կովկասի մեջ, նոցա վաճառականական ասպարեզը չէր կարող ընդլայնանալ դեպի օտար մերձակա սահմանները, քանի որ կովկասյան սարերը պատնեշ էին հանդիսանում նոցա հաղորդակցությանը հյուսիսային և արևմտյան ազգությունների հետ:

Ռուսաստանում հայերը հայտնվում են գլխավորապես Պետրոս Մեծի ժամանակից, երբ աշխարհաշեն ինքնակալը ուշք դարձնելով յուր ժողովրդի առաջադիմությանը, հարմար դատեց ուրիշ ազգերի միջնորդությամբ մի խթան պատրաստել յուր ազգի մեծ մասի տգիտությունից արթնանալուն, և ահա այդ է գլխավոր պատճառը, որ հայերին ևս իբրև վաճառականական ազգի արտոնություններ շնորհվեց ազատորեն պարապելու առևտրով հյուսիսի հետ. իհարկե, հայերը այդ միջոցում օգուտ քաղելով, թե՛ այդ և թե՛ նրանից հետո կրկնված արտոնություններից, տարածեցին իրենց առևտրական ասպարեզը Ռուսաստանի զանազան կողմերում և մինչև անգամ Ռուսաստանից դուրս:

Մի խոսքով հայերն այդ ժամանակ կարող էին մեծ դեր խաղալ վաճառականության մեջ, մինչդեռ իրենց շրջապատող ազգությունները իրենցից բարձր մտավոր դրության մեջ չէին գտնվում, նոքա կարող էին լինել վաճառականներ իրենց դարու ոգու համաձայն, գուցե և նախանձելի ուրիշ ազգերից: Բայց այնուհետև, երբ ժամանակի հոսանքը մարդկային մտքի հանճարի օգնությամբ մի ռեֆորմական զարկ տալով, թե՛ վաճառականության, թե՛ արհեստին և թե՛ հողագործության, հասցրին նոցա իրենց այժմյան կատարելագործյալ դրության,- հայերը, չհետևելով լուսավորյալ ազգերի առաջխաղացության նախանձելի հատկություններին, մնացին միևնույն հին վաճառականները, որոնցով այժմ լիքն են Կովկասի ամեն կողմերը: Դարերի ընթացքները չունեցան նոցա համար այն փոփոխական ազդեցությունը, որին ենթարկվեցան ուրիշ ազգերը. նոքա սովորած լինելով հնադարյան վաճառականության ոգուն, որի օրենքները կայանում է միմիայն հազարավոր անուղիղ ճանապարհներով փող ձեռք բերելու, օգուտ քաղելու իրենց ստորադրյալների տգիտությունից, առաջ գնացին այդ ճանապարհով առանց աջ ու ձախ շեղվելու, խուլ մնալով բոլորովին ժամանակի պահանջման ձայնին, սակայն տարաբախտաբար երկար չտևեց նոցա այդ դրությունը, լուսավորյալ վաճառականական դասը ներս խաղաց և դեպի այն ասպարեզը, ուր հայերը օգտվում էին այնքան տարիներից ի վեր, հիմնվեցին ընկերություններ, շինվեցին երկաթուղիներ և հաստատվեցին բանկաներ, հայը, որ համարում էր իրեն ամենից ճարպիկը վաճառականական խաբեբայության մեջ, այժմ գտավ իրա առաջ մի ավելի բարձր զարգացած ճարպիկ դասակարգ, որի բարոյական ճարպիկության տակ շուտ կարող էր ընկճվել նա: Այն մասնավոր հողերը, բնության գանձի այն ծածուկ շտեմարանները, որոնք մինչև այն րոպեին հայի համար անգործադրելի էին, շուտով սկսան իրանց գանձերը արտադրել գործունյա ձեռքերի համար: Հայի համար այդ մի տխուր ներկա էր և ապագան ցավալի անեծքներ թափվեցան երկաթուղիների, բանկաների և այլ ժողովրդական բարեկարգությունների հիմնարկուների վրա. որովհետև բանկաների հաստատվելուց հետո այլ չէին կարող նոքա ծանր անմարսելի տոկոսներով հարստահարել խեղճ հասարակությունը, պակաս վնաս չէր և նոցա երկաթուղու հաստատությունը, որովհետև եվրոպական վաճառականները փոխանակ երկրորդական ձեռքով վաճառելու իրենց ապրանքները ուղղակի իրենք կարող էին ներս բերել և առավել օգտակար կերպով վաճառել. այդ կերպով հայերի դրությունն օրըստօրե ծանրանում էր, շատերը, որոնք մութ ժամանակներում կարողացել էին ապահովել իրանց վիճակը, բավականացան միմիայն տներ, քարվանսարաներ շինելով, նոցա եկամուտքի օգնությամբ ազատ պահպանել իրենց ապագայի փորձանքներից, շատերն էլ մինչև այսօր արշինը ձեռքներին, սուտ երդումներ բերաններից թափելով, անցնող դարձողի զահլաներն են տանում:

Նկատելով մեր հայ վաճառականների այժմյան դրությունը, մենք ուշք դարձնենք այն երևույթի վրա. ի՞նչ է արդյոք պատճառը, որ օտարերկրացի վաճառականներից շատերը, որոնք ո՛չ ժողովրդի սովորությունների, ո՛չ երկրի դիրքի, և ո՛չ էլ տեղի հատկությունների հետ ծանոթություն ունենալով, կարողանում են փափուկ կերպով օգտվել մեր հասարակությունից, իսկ տեղացի բնիկ վաճառականները, որոնք սատանայի ծակն անգամ գիտեն, այնքան հետադեմ դրության մեջ են մնում: Ի՞նչն է պատճառը, որ ֆրանսիացի Րիշարներ, Տոլեններ մեծ գումարներով կարողանում են փող աշխատել, իսկ մեր վաճառականները ամեն օր գանգատվում են թե աշխատանք չկա, խեր-բարաքյաթը վերացել է, և այլն:

Մենք վերև հիշեցինք, որ մինչդեռ ուրիշ ազգերը ամենայն ջանք ի գործ էին դնում, հիմնավոր և պատվավոր վաճառականություն տարածել իրանց ժողովրդի մեջ և այդ առթիվ հիմնվում էին գործարաններ ժողովրդի առօրյա պիտույքը արտադրող առարկաների, ուշք էին դարձնում գլխավորապես ներքին բերքը առավել փոխարինելու արտաքին բերքի հետ, երբ հողագործությունը ևս օրեցօր զարգանում էր, մեր հայերը, սովորած լինելով միմիայն իրարու հարստահարել, ուրիշ երկրների բերքերը երկպատիկ գնով իրանց հասարակության վրա վաճառել, անփույթ անելով իրանց երկրի բերքը, որոնք մեծամեծ օգուտներ էին խոստանում. աշխատող ձեռքերը ուշ չդարձրին երբեք հետևելու նոցա օրինակին, և մնացին այսօր էլ հրեականությանը հատուկ վաճառականներ, կամ պարզ կերպով ասել` այժմյան չարչիներ...

Ուրախալի մի երևույթ է, որ վերջին ժամանակներս մի քանի հայ վաճառականներ, թոթափելով իրանցից հնադարյան փոշին, հաստատեցին, թեև օտար հողի մեջ, մի քանի գործարաններ. բայց ի՞նչ օգուտ կարող են ունենալ այդ գործարանները մեզ համար, մինչդեռ մեր հասարակության ոսկիները պիտի քամեն օտար երկրի մեջ: Վերջապես մի քանի ծաղկով էլ երբեք գարուն չի լինի, պետք է ներգործել կենտրոնի մեջ: Ինչպես հայտնի է, մեր հասարակությունը յուրաքանչյուր տարի հազարներով ոսկիներ է վճարում գործարաններին բոլոր այն թե՛ անձնական պիտույքը և թե՛ շռայլական ցանկությունները գոհացուցանող առարկաների համար, որոնք զարդարում են Թիֆլիսի մագազինները, ի՞նչ օգուտ չէր ունենալու այդ հասարակությունը, եթե այդպիսի մի քանի գործարաններ հիմնվեին և Կովկասի մեջ տեղացի բնիկներից, որոնց արտադրությունքը ազատ լինելով մաքսից և ճանապարհի ծախսերից, կարող էին իրանց օգտակար և ժողովրդի ստորին դասի համար ևս գոհացուցիչ և մերձենալի լինել. այդպիսի մի հաստատություն պակաս օգտավետ ևս չէր լինի այն դասի համար, որ աշխատանքի ուրիշ միջոց չունենալով, ստիպվում է անամոթաբար փողոցներում մուրալ: Այդ առթիվ «Մշակը» ևս կրկնած է իր ժամանակին:

Վերջացնելով մեր այս հոդվածը չենք կարող լուռ մնալ մի քանի շամախեցի և այլ երկրացի հայ վաճառականների այս տարվա Նիժնի-Նովգորոդի տոնավաճառում բռնած ապօրինի ընթացքի մասին, որոնք ռուս վաճառականներից ապրանք առնելով խոստանում են մի քանի օրվա միջոցում իրանց հաշիվները կարգադրել, սակայն մինչև հաշիվները տեսնելը, իրանք անհայտանում են, ո՞վ գիտե սատանայի որ բույնը, ռուսներին ցույց տալով, թե որքան հայերը ճարպիկ են խաբեբայության, անամոթության և այլ այդպիսի նախանձելի ածականներին հարմար հատկութունների մեջ: Չմոռանանք ասել, որ այդպիսի ազգապարծանք վաճառականները վաղօրոք կարգադրած լինելով իրանց մտադրությունը, բոլոր իրանց ունեցած ստացվածքները դարձնում են իրանց կնոջ, եղբոր և ուրիշ ազգականների անվան: