Jump to content

Նամակ Պարսկաստանից (6)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ

Դավրիժ, օգոստոսի 15

Պարսկաստանում հրաշագործությունները տակավին կրկնվում են, նրանք սկսեցին հայտնվել և ուրիշ քաղաքներում: Քանի օր առաջ Դավրեժի ամբողջ մահմեդականությունը սարսափելի ոգևորության մեջ էր. գիշերները քաղաքը լուսավորվում էր անհամար ճրագալույցներով. բոլոր կտուրների վերա լինում էին հրախաղություններ և հրացան գործիքների որոտմունքը հանգստություն չէին տալիս: Մեջիդներից լսելի էին լինում հոգևոր երգեցողություններ, և ամբոխը նրանց մեջ հավաքված, մինչև լույս աղոթում էր…

— Ի՞նչ է պատահել:

— Նոր հրա՛շք:

Ահա՛ ժողովրդի պատմությունը. յոթանասուն տարվա անդամալույծ մեկը, մի ծերունի մահմեդական, երկար տանջվելով յուր անբախտ դրության մեջ, վճռում է կամ մեռնել և կամ բժշկություն գտնել: Այս մտքով նա մի գիշեր հրամայում է իրան տանել քաղաքի ուխտատեղիներից մեկում, որ կոչվում է իմամզադա: Այնտեղ նա յուր վզից մի թոկ է կապում և այնպես քարշ է ընկնում իմամզադայի առաստաղից, աղոթելով, որ կամ խեղդվի, մեռնի և ազատվի, և կամ իմամը նրան բժշկություն շնորհե: Այս դրության մեջ նրա քունը տանում է: Հանկարծ նրա կողքը խթում են: Նա զարթնում է և օդի միջից լսում է մի աներևույթ էակի խոսքերը` «վե՛ր կաց, գնա՛, դու բժշկված ես»:

Նրա վզից կապած թոկը ինքն իրան կտրատվում է, անդամալույծը վեր է ցատկում և բոլորովին առողջ ոտերով վազում է մեծ մոլլայի տունը և, պատմում է յուր վերա կատարված հրաշքը... Առավոտյան մեծ մոլլան հայտնում է մյուս մոլլաներին և քաղաքի բոլոր մեջիդները լցվում են բազմութենով, որոնց մեջ նրանք սկսում են փառաբանել Մուհամմեդի ալլահը յուր ցույց տված հրաշքի մասին…

Ժողովրդի մոլեռանդությունը հասնում է ծայրահեղության: Բժշկված անդամալույծը դառնում է բոլոր քաղաքի համար սրբության առարկա: Նրա մորուքի և գլխի մազերը բաժանվում են ջերմեռանդ մահմեդականների մեջ57. նրա հագուստը գզգզում են և ամեն մի պատառն մի մարդու ձեռքումն է մնում: Որպես սրբություն և նրա հնացած հողաթափներն անգամ նվիրական առարկաների կարգն են անցնում...

Մե՛ծ էր մահմեդականների ոգևորությունը: Մենք հայերս հանգստություն չունեինք. փողոցներից անցնելու միջոցին թուրքի փոքրիկ լակոտներն ևս ասում էին մեզ. «Էրմենի, ինչո՞ւ չես թուրքանում, որ հոգիդ ու մարմինդ ազատվի»:

Ժողովրդի հոգևոր կատաղությունը կարող էր ավելի վատ հետևանքների հասնել, եթե նորին վսեմությունը` Ատրպատականի կուսակալ Սահաբ-դիվանը հուզմունքի առաջն չառներ: Նա կոչել է տալիս յուր մոտ բժշկված անդամալույծին, և ստուգելով, որ բոլորն շինծու խաբեություն է և ավելի ոչինչ, հրամայում է նրան փայտի կապել: Եվ բժշկված ոտերին մի քանի հարյուր փայտի հարվածքներ տալով, և այժմ ճշմարիտ անդամալույծ դարձնելով58, Սահաբ-դիվանը հրամայում է նրան քաղաքից հեռացնել: Խռովությունը դադարում է: Որքան ամոթ է մեր դարումը այսպիսի խաբեություններով պարզամիտ ռամկին մոլորության մեջ գցել, — դա ինքնըստինքյան հայտնի է: Բայց Պարսկաստանում այս երեվույթների հաճախ կրկնվելն ունի յուր առանձին պատճառները: Հրաշքներն միշտ հայտնվում են որևիցե հասարակական տագնապի միջոցներում, մանավանդ այն ժամանակ, երբ կրոնական հեղափոխություններ են լինում և ժողովրդի մոլեռանդությունն ավելի գրգռված է լինում: Պարսկաստանում այժմ հայտնված բազմաթիվ աղանդներն, որոնք իսլամին մեծ վտանգ են սպառնում, շատ բնական է, որ հարուցանեին այսպիսի հրաշքներ: — Իսկ այդ բոլորը հին և փտած զենքեր են. ճշմարիտ կրոնքը կարող է պահպանվել միմիայն ճշմարիտ կրթության մեջ: