Jump to content

Հայ քահանա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հայ քահանա


Մանրավաճառի նա խանութ բացեց,
Ծախում էր կոճակ, ասեղ ու մաստակ,
Բայց առուտուրին խելքը չըպատեց.
Փակեց խանութը, չունեցավ վաստակ։

Նա շա՜տ թափառեց, դես ու դեն ընկավ,
Որ կյանքում իրան մի ապրուստ ճարի,
Բայց իզո՜ւր… ո՛չ մի բանի պետք չեկավ,
Ջուխտ էշին բաժնել չէր կարող գարի…

Վերջը ճարահատ, երբ տեսավ որ էլ
Մարդ չի դառնալու, հույսն էլ է կորել,
Հայոց «այբուբենն» նա անգիր արավ
Եվ ազգի գըլխին քահանա դառավ…

[1898]