Jump to content

Հանդես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՆԴԵՍ


Անանուն մի հավք իջել սեղանիս,
գրված-չգրված երգերի մեջ իմ
իր ձայնն է փնտրում...
Հղացումներս ի մի է բերում
նա մաքուր, ճերմակ իր թեւիկներով,
գծեր է քաշում
բառերիս վրա,
տողերիս վրա,
մի տեղ ջնջում է խոսքը իմ գրած,
մի տեղ ընդգծում իր ուզած միտքը։
Եվ հետո մեկ-մեկ ջոկում է հավքը
ու դեն է նետում
երգերն այն, որոնք գրվել են անհույզ,
որոնք աստծո լույսով չեն ցոլում,
որոնց մեջ չկան զգացմունքներս
անզուսպ, բնական,
մի կողմ է քաշում բառերն այն բոլոր,
որոնք հնչում են կեղծ ու անարյուն։
Սեղանիս վրա, երգերիս միջով
դիտում է հավքը
խորքն իմ հոգու,
                զննում է նա ինձ,
                քննում է նա ինձ,
ու թե շեղվել եմ՝ տեսնում է շատ պարզ,
իմ շեղումները դարսում է մի կողմ,
թե վրիպել եմ՝ տեսնում է շատ պարզ,
վրիպումներս դարսում է մի կողմ,
թե պարզ չեմ եղել՝ տեսնում է շատ պարզ,
խրթինությունս քաշում է մի կողմ,
թե իմ սիրո մեջ չեմ տրվել կյանքով,
իմ թուլությունը քաշում է մի կողմ։
Սեղանիս վրա հանդես է բացել
անանուն մի հավք
եւ իմ բառերի մեղեդինե՜րը
հնչեցնում է ասես իր երգում...
Թե տառապել եմ,
թեւով շոյում է տքնությունը իմ,
թե երազել եմ,
թեւով փարվում է երազանքներիս,
թե մաքառել եմ,
թեւով քսվում է համառությանս,
թե տողս թույլ է, տկար, անհնչյուն,
ձգում է, մինչեւ դառնում է այն պիրկ՝
ինչպես քնարի լարը արծաթե...
Անանուն հավքը ուսուցանում է,
որ հոգիս այնպես դնեմ տողերում,
ինչպես մեղեդին, նվագն են դնում
քնարի հոսուն լարերի վրա...
Օտար բառերը, օտար սերերը
ու հայացքները՝
այնպես է կտցում հավքը անանուն,
ասես բարդենու ձիգ արմատներից
ծառը վնասող որդեր է հանում։
Մոտենում կամաց,
ես փետուրներն եմ համբուրում հավքի,
ափով շոյում եմ թեւերը նրա,
փորձում եմ ոտքին, նամակի նման,
փաթաթել փոքրիկ թուղթն այն երգիս,
որ դեռ չեմ գրել,
որ աշխարհներին նա պիտի տանի...

Անանուն մի հավք իջել սեղանիս,
գրված-չգրված բառերի մեջ իմ
իր բույնն է հյուսում։