Jump to content

Քնարական

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՔՆԱՐԱԿԱՆ


Սաղարթների պես իրար մեջ հյուսված,
սաղարթների պես իրար մեջ խրված
խոսքերից մի խոսք ջոկել չէր լինում,
որ խոսեր տղան՝
կանգնած անտառի աղբյուրի մոտ պաղ...
Եվ սիրտը հանկարծ լեզու է առնում.
- Աղբյուր, ծարավ եմ,
չե՞ս թողնի, աղբյուր, խոնարհվել ջրիդ՝
                պարզ, համբուրելի...
Աղբյուրը խայտաց
խիտ սաղարթներով մի կերպ սողոսկած
եւ արդեն իրեն խտուտներ տվող
                        շողի գգվանքից,
ջրախաղերի փայլով նա վառեց
                        տղայի դեմքը,
ուզեց բան ասել,
բայց հանկարծ լռեց.
«Չեմ թողնի, տղա,
երբ ինձ ծարաված աչքով են նայում,
ես գեղեցիկ եմ լինում ավելի»...
Օր էր անտառում՝ ծաղկահոտ ու տաք,
սեր էր անտառում՝ ծաղկախոտ ու տաք,
անտառում սիրտ էր՝ ծարավից ճաք-ճաք...

Տղան չլսեց, գնաց, մոտեցավ,
համբուրեց անուշ ջրիկն աղբյուրի,
բայց... գեղեցկացավ աղբյուրն ավելի...
Աղբյուրը հազիվ շշնջաց՝ էլի՛...
Սաղարթների պես իրար մեջ խրված
խոսքերից մի խոսք ջոկել չէր լինում։