Հանդիպում ենք
եւ այնպես ենք ժպտում իրար,
կարծես մեր այդ ժպիտները
ո՛չ իմ ու քո,
մեզ նայողի համար են հենց,
որ նա կյանքից միշտ գոհ լինի։
Մենք քայլում ենք։
Չքայլելիս՝
կարոտում ենք ճամփին այնպես,
ճամփան ասես մեր քույրիկն է՝
աչքը թրջած սպասումներից։
Սակայն մեկ է՝ ինչ-որ մի բան
միշտ թերի է մնում կյանքում,
միշտ մնում է մի բան չասված...
Երբ նայում ենք մենք ծառերին,
մեր աչքերը
դառնում են խոսք քաջալերման՝
ինչքան լավ է, որ այնպես եք
ձգվում, ինչպես
հուշում են ձեզ արմատ ու հող...
Մենք խոսում ենք,
ասում բառեր, առանց որոնց -
մեզ այդպես է թվում գոնե-
այս աշխարհում
չի հասկացվի եւ ոչ մի խոսք։
Սակայն մեկ է՝ ինչ-որ մի բան
միշտ թերի է մնում կյանքում,
միշտ մնում է մի բան չասված...
Մեր ժպտալուն,
մեր քայլելուն-չքայլելուն,
մեր նայելուն ու խոսելուն,
մասնակից ենք դառնում ծառին,
քարին, ճամփին,
ասում սիրո խոսքեր այնքա՜ն...
Չասված ոչինչ մենք չենք թողնում,
բայց... մնում է մի բան չասված։
Բաժանվում ենք այս աշխարհից,
հող ենք դառնում՝ նորից ծնվում,
նորից գալիս, նորից գնում։
Սակայն մեկ է՝ ինչ-որ մի բան
միշտ թերի է մնում կյանքում,
միշտ մնում է մի բան չասված...