Իմ տունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հանդիպում ենք Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Իմ տունը)

Վարդան Հակոբյան

Կարթաթելը
ԻՄ ՏՈՒՆԸ


Սահունասարի հայացքի ներքո,
մանկությամբ թաթախ հողակտորում՝
                       մի խնձորենի...
Ձյունը ոտքի տակ հալվեց՝ չգնաց
ու ծաղիկ-ծաղիկ մնաց շյուղերին։
Որտեղից-որտեղ եկավ մի մեղու,
պտտվեց շուրջը,
թռիչքով գծեց արեւ ու գարուն։
ՈՒրեմն՝ այդտեղ քո տունը շինիր,
քո լեռների մեջ,
քո Ղարաբաղում։
Եվ ես առաջին որձաքարն, ահա,
շրջում-բերում եմ, դարձնում հիմնաքար։
Ո՞վ գիտե, գուցե նստել է պապս
այս քարին մի օր, չիբուխը վառել,
Ապա ես գինու գավաթը առնում,
հայացքով չափում լեռնոտ մի աշխարհ՝
                      երկնքից-երկիր,
կենացն եմ խմում սուրբ խաղաղության,
նաեւ այդ քարի՝ դարձած հիմնաքար։
Իմ տունն այստեղ է,
                 իմ Ղարաբաղում։
Իմ տան պատերը թեւերի նման
                գրկել են հողը,
Արմատ են ձգել, բուսնում են ասես։
Ամուր է հողը իմ տան պատերով,
եւ տունս, տունս՝ հողով հայրենի։
Բայց թե հեռվում ես քո տունը հիմնում,
ինչքան էլ հյուսվեն, ձեղունավորվեն,
մեկ է, պատերը պատ են մնալու,
պատերը երբեք... տուն չեն դառնալու։
Քո տունն այստեղ է,
                քո Ղարաբաղում։