Jump to content

Հանեսի վերադարձը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

(Վերջին լուրերից)

Հանեսը վերջերս Ռուսաստանից ժամանեց Արցախ, պորտֆելի մեջ՝ նոր, բազմազան թեմաներ, որոնք նա սիրով շուկա է հանում՝ վաճառելու։ «Պուղու» խմբագրությունն աչք ածեց դրանցից մի քանիսը եւ որոշեց, որ վատ չէր լինի դրանք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել։ Մանավանդ՝ եթե այդ թեմաները առնող լինի, Հանեսը խոստանում է ռեկլամի համար գումարներ հատկացնել նաեւ «Պուղու» խմբագրությանը։ Մենք չենք շտապում նրա հետ պայմանագիր կնքել, ուղղակի նրա տրամադրած թեմաներից մեկը փորձի համար ներկայացնում ենք։ Այսպես. «Մեր օրերի Թումանյանի մեր օրերի «Գիքորը»։ Առաջին տողերը սկսվում են հետեւյալ ձեւով. «Քաղաքացի Համբորտինոյի տունը կռիվ էր ընկել։ Համբորտինոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորչիկին գյուղ տանել, նրան կտրել քաղաքի «անաշախորների», բիզնեսմենների, անկռիվ ու կռվող դանակահարողների, ստահակների, մաֆիաների խմբերից, որ նա մարդ դառնա, մի քանի ոչխար առաջն անի, տանի արածացնի ու բերի, հալալ քրտինքի համն իմանա։ Կինը չէր համաձայնում, ասում էր՝ չէ, որտեղ էլ տանես, քանի որ քո արյունը մեջն է, մարդ չի դառնալու»։ Եվ այլն, եւ այլն։

Կարծում ենք, թեմայի թարմության եւ հրատապության վրա չի կարելի կասկածել, դիմում ենք բոլոր նրանց, ովքեր շատ թե քիչ գրաճանաչ են (հիշեցնենք, որ գրողները վաղուց թողել են գրելը՝ շուկայական հարաբերություններից ելնելով)։

Եվ այսպես, թեմաների տոնավաճառը բացված է։ Շտապեցեք, Հանեսը «շուտով կմեկնի Ռոսիա», որտեղ Արցախից փախած մեր բոլոր հայրենակիցները գրանցված են «Հանգանակենտրոնում»՝ որպես արցախցիներին Արցախ վերադարձնելու պրոպագանդիստական խմբերի անփոխարինելի համոզիչ-հրահանգիչներ։

«Պուղու» մամուլի կենտրոն