Հանրապետության Նախագահի՝ ամանորի շնորհավորական ուղերձը 1995 թվականի տարեմուտին
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ՝ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՄՈՒՏԻՆ
[խմբագրել]Սիրելի հայրենակիցներ,
Նախ եւ առաջ ուզում եմ անհուն գոհունակությամբ նշանավորել հետեւյալ ուշագրավ իրողությունը. վերջին հինգ տարիների ընթացքում սա առաջին Ամանորն է, որ մեր ժողովուրդը դիմավորում է խաղաղության պայմաններում. սահմաններում անդորր է, Արցախը՝ ամուր ու արթուն։ Կա՞ արդյոք ավելի ցանկալի ու ավելի թանկագին ակնթարթ, երբ ոչ մի զինվոր չի զոհվում, երբ ոչ մի մայր չի մտահոգվում խրամատում գտնվող որդու ճակատագրով։
Ահա սա է անցած տարվա երկնաշնորհ պարգեւը, որի առաջ մնացյալ ամեն ինչ խամրում է, դառնում չնչին ու երկրորդական։
Խաղաղությունը նվաճվեց արցախահայ քաջորդիների գերմարդկային սխրագործության ու սուրբ արյան գնով, ղարաբաղյան պատերազմի ամենասաստիկ հանգրվանում, որը համընկավ 1993–1994 թվականների ձմռան ամիսներին։
Մայիսը բերեց անդորրություն, մայիսը կրկին Ղարաբաղի հարցը մտցրեց քաղաքական կարգավորման հունի մեջ։ Մայիսին կնքված զինադադարից հետո Արցախն այլեւս բոլոր բանակցություններում հանդես եկավ որպես հակամարտության ճանաչված կողմ՝ ըստ այդմ հնարավորություն ձեռք բերելով նաեւ դիվանագիտական ճակատում պաշտպանելու իր իրավունքները։
Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը նոր փուլ մտավ Եւրոպայի անվտանգության եւ համագոր ծակցության խորհրդի բուդապեշտյան գագաթնաժողովում։ Համաեւրոպական այս հեղինակավոր կազմակերպությունը փաստորեն առաջին անգամ քաղաքական որոշում կայացրեց հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու մասին։ Թեեւ առայժմ տեխնիկական առումով պարզված չեն այդ ուժերի մանդատին, քանակին ու կազմին վերաբերող հարցերը, սակայն նման կարեւոր քաղաքական որոշման առկայությունը վստահություն է ներշնչում, որ դրանք կլուծվեն մոտակա ժամանակներում, եւ այդքան թանկ գնով ձեռքբերված զինադադարը վերջապես կվերածվի կայուն խաղաղության։
Զինադադարի շունչն իր բարերար ազդեցությունն ունեցավ նաեւ հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ 1994 թվականը նախորդների համեմատությամբ այս տեսակետից փաստորեն եղավ առաջին անցնցում տարին, որի բնորոշիչներն են՝ տնտեսության աճը, դրամի կայունացումը, բյուջեի պակասորդի կրճատումը, սղաճի սանձումը, աղետի գոտում իրականացված շինարարությունը եւ այլն։ Էապես խորացավ նաեւ տնտեսական բարեփոխումների՝ սեփականաշնորհման, հարկային համակարգի կարգավորման, կառավարման մեխանիզմների կատարելագործման գործընթացը։
Տնտեսական կայունացման միտումները, առկա զինադադարն ու բարեփոխումների հաջող ընթացքը հիմք հանդիսացան միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ մշակելու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման 1995 թվականի համալիր ծրագիրը, որն ուղղված է առաջին հերթին մակրոտնտեսական հավասարակշռության հաստատմանը։ Ծրագրի հաջող իրականացման, համաշխարհային հանրության կողմից հատկացված վարկերի ճիշտ օգտագործման դեպքում 1996 թվականը խոստանում է դառնալ բեկումնային տարի Հայաստանի տնտեսության վերականգնման եւ նրա հետագա զարգացման տեսակետից։
Թեեւ ծրագրի իրականացման հիմնական արդյունքները սպասվում են 1996 թվականին, սակայն առաջիկա տարում արդեն մեր ժողովուրդը կզգա դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ ռեալ եկամուտների աճի եւ բնակչության սոցիալապես թույլ պաշտպանված շերտերի կարիքների բավարարման առումով։ Բացի զուտ տնտեսական նպատակ ներից, ծրագրում լուրջ ներդրումներ են նախատեսված նաեւ առողջապահության, կրթության, մշակույթի եւ գիտության ոլորտներում։
Այս ամենը վստահություն է ներշնչում, որ առաջիկա 1995 թվականը կդառնա մեր ժողովրդի հոգսերի թեթեւացման եւ անկախ պետականության շոշափելի արգասիքների դրսեւորման տարի։
Առողջության, երջանկության եւ բարգավաճման ջերմագին մաղթանքով՝ շնորհավոր ձեր Նոր տարին։
«Հայաստանի Հանրապետություն», 1 հունվարի, 1995 թ.։
Հրատարակված՝ «1995 թվականը կդառնա մեր ժողովրդի հոգսերի թեթեւացման եւ անկախ պետականության շոշափելի արգասիքների դրսեւորման տարի» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/31.12.94։ Բնագիր։ Ինքնագիր։