Jump to content

Հանրապետության Նախագահի՝ ամանորի շնորհավորական ուղերձը 1996 թվականի տարեմուտին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից




ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ՝ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 19 96 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՄՈՒՏԻՆ

[խմբագրել]
(31 դեկտեմբերի, 1995 թ.)

Սիրելի հայրենակիցներ,

Անցյալ տարվա ամանորյա մաղթանքում ես հույս էի հայտնել, որ 1995 թվականը կդառնա մեր ժողովրդի հոգսերի թեթեւացման եւ անկախ պետականության շոշափելի արգասիքների դրսեւորման տարի։

Այսօր ես խորին գոհունակությամբ այդ հույսը լիովին արդարացված կարող եմ համարել։ 1995 թվականն, ի տարբերություն անկախության նախորդ տարիների, իսկապես եղավ բեկումնային՝ տնտեսության բնագավառում առկա դրական միտումների ամրապնդման, դրամի արժեքի եւ գների համակարգի կայունացման, արտաքին առեւտրի աշխուժացման, բնակչության կենսամակարդակի թեկուզ դանդաղ, բայց նկատելի բարձրացման տեսակետից։

Համոզվելու համար հարկ չկա դիմել վիճակագրական տվյալների եւ տնտեսական ցուցանիշների օգնությանը. բավական է տեսնել երթեւեկող մեքենաների քանակը, շուկաների ու խանութների առատությունը, մարդկանց ժպիտն ու աճող լավատեսությունը։

Հարկ չկա նաեւ հավաստել, որ այդ ամենը պարտավոր ենք պահպանել ու խորացնել առաջիկա տարվա ընթացքում՝ մեր ժողովրդին ապահովության եւ կայուն առաջընթացի զգացողություն ներշնչելու համար, քանզի առանց այդ զգացողության անհնար է պատկերացնել Հայաստան երկրի բարգավաճման բաղձալի հեռանկարը։

Մեր ժողովուրդը չափազանց թանկ գին վճարեց անկախության եւ Արցախի ազատագրության համար։ Վճարեց սակայն ոչ թե ակամա, այլ գիտակցաբար։ Տառապեց՝ բայց դիմացավ, նեղսրտեց՝ բայց տոկաց, քանզի վեհ էր նպատակն ու անսակարկելի։

Ժամանակից առաջ ընկնելով, կարծում եմ, արդեն իսկ իրավունք ունենք սա համարելու անօրինակ սխրագործություն, որն արժանանալու է սերունդների անմնացորդ ակնածանքին։ Եւ քանի որ չկա սխրագործություն, որ չհատուցվի, չկա ազնիվ ջանք, որ արդյունք չտա, չկա քրտնոռոգ ածու, որ ծիլ չարձակի, մեր ժողովրդի գործադրած ահռելի ճիգն էլ, անկասկած, պետք է տար իր պտուղները։

Ուստի պատահական չէր, որ 1995 թվականը դարձավ պտղաբերության առաջին տարին. հունձքը թեեւ համեստ, բայց հուսադրող։

Իշխանության մարմինների, արդյունաբերողների, գյուղական աշխատավորության, գործարար աշխարհի հանդարտ, տքնաջան աշխատանքի շնորհիվ, կարելի է ասել, ժողովրդի կյանքն այս տարի աստիճանաբար մտավ բնականոն հունի մեջ՝ իր առօրյա հոգսերով ու դժվարություններով, բայց կանխատեսելի ընթացքով։ Տեղի չունեցավ որեւէ ցնցում՝ կապված դրամի կուրսի, սղաճի, գների փոփոխության, ապրանքների բացակայության կամ տնտեսական բնույթի այլ երեւույթների հետ։

Տնտեսական կայունացման գործում, անշուշտ, իր վճռական դերը խաղաց միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ մշակված Հայաստանի սոցիալ -տնտեսական զարգացման 1995թվականի համալիր ծրագիրը՝ ի չիք դարձնելով նրա իրագործման հետ կապված բոլոր հոռետեսական գուշակությունները։

Տնտեսական կայունացման միտումների ամրապնդումից եւ մակրոտնտեսական հավասարակշռության վերականգնումից բացի, 1995թվականը Հայաստանի տնտեսական կյանքում նշանավորվեց նաեւ մի շարք կենսական ձեռնարկումների իրականացման առումով։ Շահագործման հանձնվեցին Մեծամորի ատոմակայանը, Հերհերի ջրամբարը, Արաքսի կամուրջը, Տավուշ – Իջեւան ճանապարհը, ռազմարդյունաբերական համալիրի մի քանի արտադրամասեր եւ այլն։

Ուզում եմ հատկապես գնահատել ատոմակայանի վերականգնման պատասխանատու ծրագրին մասնակցած բոլոր մասնագետների, գիտնականների, շինարարների բարձրորակ աշխատանքը, որի շնորհիվ Հայաստանը մասամբ վերականգնեց իր էներգետիկ անկախությունը։ Այդ առթիվ ատոմակայանի աշխատակիցներին մաղթում եմ ամենայն բարիք՝ վստահություն հայտնելով, որ կայանի անխափան ու անվտանգ գործարկումը դուք կդիտեք ձեր սրբազան պարտականությունը եւ պետության պատվի խնդիրը։

Սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման իրողության, կենսական նշանակության շինարարական ծրագրերի իրականացման հանգամանքների կողքին 1995 թվականը, անշուշտ, Հայաստանի պատմության մեջ կմտնի նաեւ որպես ժողովրդավարության ամրապնդման եւ պետական համակարգի ամբողջացման շրջադարձային տարի։ Ես նկատի ունեմ հուլիսի 5-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները եւ մանավանդ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման փաստը, որն, անկասկած, ունենալու է տեւական, կառուցողական արժեք՝ ապահովելով մարդու եւ քաղաքացու ազատություններն ու իրավունքները, պետության կայունությունն ու իշխանության մարմինների արդյունավետ գործունեությունը։ Այս կապակցությամբ ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր ողջ ժողովրդին՝ սահմանադրական հանրաքվեի ընթացքում դրսեւորած բարձր քաղաքացիական գիտակցության եւ իմաստուն կողմնորոշման համար։

Կարծում եմ, ինքնըստինքյան հասկանալի է, որ տնտեսական զարգացման եւ պետական շինարարության բնագավառներում արձանագրված վերոհիշյալ ձեռքբերումներն անհնար կլինեին, եթե ողջ տարվա ընթացքում չպահպանվեր Լեռնային Ղարաբաղում հաստատված զինադադարը, որը ես համարում եմ մեր ժողովրդի ամենաթանկ նվաճումը։ Միանգամայն անհերքելի է, որ ե՛ւ սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման դրական միտումները, ե՛ւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցության հաջող իրականացումը համարյա բացառապես պայմանավորված են ավելի քան մեկուկես տարի տեւող կայուն զինադադարով։ Մեր ժողովուրդը, դժբախտաբար, սեփական փորձով ճանաչեց պատերազմի եւ խաղաղության հակոտնյա անդրադարձները։

Խաղաղությունն, ըստ այդմ, պետք է դիտել որպես մեր գոյության, մեր ապահովության, մեր տնտեսական բարգավաճման միակ պայման, որովհետեւ մյուս անհրաժեշտ պայմանները՝ իմաստությունը, մտավոր ունակությունը, քաջությունը, տոկունությունը եւ ձեռներեցությունը մեր ժողովրդին չեն պակասում։

Ուստի առաջիկա տարվա մեր առաջնահերթ խնդիրն եմ համարում առկա զինադադարի վերածումը կայուն խաղաղության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծման հիման վրա։

Խաղաղության պարագայում ես մեր երկրի ու ժողովրդի լուսավոր ապագային չեմ կասկածում։ Չեմ կասկածում նաեւ, որ մեր սերնդի օրոք Հայաստանն արժանապատվորեն տեղ է զբաղեցնելու քաղաքակիրթ պետությունների իրավահավասար ընտանիքում։

Կուզեի սա դիտվի ո՛չ որպես հավուր պատշաճի հնչած լավատեսություն, այլ որպես մեր նեղ կացության մեջ նշմարվող լույսի դիտարկման արդյունք։

Սիրելի հայրենակիցներ, ի տարբերություն նախորդ տարիների, ես ձեզ կոչում եմ արդեն ոչ թե տոկունության, համբերության, այլ խաղաղ, ստեղծագործ աշխատանքի՝ ի բարօրություն եւ ի փառս մեր հնգամյա անկախ հանրապետության։

Շնորհավոր նոր տարի։

ՀՀԱՆԱ, 28/31.12.95։ Բնագիր։ Ինքնագիր։