Jump to content

Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական ծրագիրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

[խմբագրել]
(31 օգոստոսի, 1996 թ.)

Համազգային ժողովրդավարական շարժման արդյունքում 1990 թվականից առ այսօր Հայաստանում իշխանության գլուխ գտնվող ուժերը, որոնք առաջիկա նախագահական ընտրություններում կրկին պաշտպանում են իմ թեկնածությունը, ժողովրդի դատին են ներկայանում իրենց վեցամյա գործունեության հետեւյալ հաշվեկշռով.

- Հայաստանի անկախության վերականգնումը եւ հանրապետության ներքին կայունության պահպանումը. - հավասարակշռված արտաքին քաղաքականության իրականացման շնորհիվ Հայաստանի միջազգային վարկի ձեռքբերումը. - ժողովրդավարական իրավունքների՝ բազմակուսակցականության, պառլամենտարիզմի, խոսքի, մամուլի, ցույցերի, երթերի, գործադուլների ազատության ապահովումը. - արմատական տնտեսական բարեփոխումների՝ մասնավորապես հողի սեփականաշնորհման իրականացումը, որը որոշ առումով ունեցավ ազգափրկիչ նշանակություն. - Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումն ու իրավական պետության օրենսդրական դաշտի ձեւավորման սկզբնավորումը. - մարտունակ բանակի, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մարմինների ուժեղ համակարգի ստեղծումը. - Լեռնային Ղարաբաղի կողմից իր անկախության եւ հուսալի անվտանգության ապահովումը։

Առկա նվաճումների կողքին, սակայն, նույն ժամանակահատվածում Հայաստանն ունեցել է նաեւ ցավալի կորուստներ.

- պատերազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տված շուրջ 5000 զոհերը եւ նույնքան հաշմանդամները. - Հայաստանի տնտեսության եւ բնակչության կենսամակարդակի լուրջ անկումը, հումքային եւ էներգետիկ ճգնաժամը. - Հայաստանից շուրջ 400000 քաղաքացիների մշտական կամ ժամանակավոր արտագաղթը. - Շահումյանի շրջանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների որոշ հատվածների, Արծվաշենի կորուստը։

Ճիշտ է՝ կորուստների իմաստով, սկսած 1993–94 թվականներից, վիճակն սկսել է բարելավվել,– կասեցվել է տնտեսության եւ բնակչության կենսամակարդակի անկումը, նվազել է արտագաղթը եւ սկիզբ առել ներգաղթի գործընթացը, երկամյա զինադադարի շնորհիվ խնայվել է շատերի կյանքն ու առողջությունը, կորցրած տարածքների փոխարեն Լեռնային Ղարաբաղն զբաղեցրել է իր անվտանգությունն ապահովող շատ ավելի ընդարձակ տարածքներ,– այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններն այդ կորուստների համար մտադիր չեն խուսափել իրենց բաժին պատասխանատվությունից։ Իսկ թե որքանով են այդ կորուստներն առարկայական, եւ որքանով կախված իշխանությունների անմիջական գործունեության արդյունքից՝ մնում է վճռել ժողովրդին եւ պատմությանը։

Ունենալով որոշ դերակատարություն ձեռքբերված նվաճումների մեջ եւ լիովին գիտակցելով պատասխանատվության իմ բաժինը կորուստների հարցում, ինձ իրավունք եմ վերապահում հայցել ժողովրդի վստահության կրկնական քվեն՝ առաջիկա հինգ տարիներին Հանրապետության Նախագահի պաշտոնը վարելու պատրաստակամությամբ։ Միաժամանակ հարկ եմ համարում ներկայացնել գործողությունների այն ծրագիրը, որը դառնալու է ապագա Նախագահի գործունեության հիմնական ուղենիշը, եւ որի իրականացումն, իմ պատկերացմամբ, Հայաստանին հնարավորություն է տալու 21-րդ դար մտնել որպես ամուր, բարգավաճող եւ խաղաղ պետություն։ Այն հիմնված է մեր անցյալի փորձի, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կառավարական ծրագրի եւ «Հանրապետություն միավորման» 1995 թվականի նախընտրական ծրագրի վրա։

Ներքին քաղաքականության բնագավառում

Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության պետական իշխանության կառույցների ամբողջականացման գործ ընթացը, որի առաջնահերթ խնդիրներն են՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորումը եւ դատա-իրավական համակարգի վերափոխումը։

Խորացնել ժողովրդավարական հաստատությունների ձեւավորման, խոսքի, մամուլի ու խղճի ազատության ապահովման, բազմակուսակցականության եւ պառլամենտարիզմի ամրապնդման, քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման գործընթացը։ Հատուկ ուշադրություն դարձնել քաղաքական եւ հասարակական հավասարակշռության ապահովման խնդրին՝ որպես դրա անհրաժեշտ պայման դիտելով մի քանի խոշոր, արդիական կուսակցությունների գոյացումը։

Բարձրացնել գործադիր իշխանության մարմինների պատասխանատվությունը եւ աշխատանքի արդյունավետությունը, վերացնել վարչական ավելորդ օղակները, կրճատել պետական ապարատը՝ նրա թվակազմն աստիճանաբար համապատասխանեցնելով օպտիմալ անհրաժեշտության պահանջներին։

Կադրային քաղաքականության բնագավառում առաջնորդվել բացառապես արհեստավարժության, բարոյականության եւ աշխատանքային ունակության հատկանիշներով։ Պետական ապարատը համալրել երիտասարդ, հեռանկարային կադրերով։ Պայմաններ ստեղծել իշխանության մարմիններում կանանց համամասնական ներգրավվածությունն ապահովելու համար։

Օրակարգի հարց դարձնել մահապատժի վերացման խնդիրը։ Քրեական եւ քաղաքացիական նոր օրենսգրքերի ընդունմամբ ապահովել անձի իրավական պաշտպանվածությունը, քաղաքացիների գույքային իրավունքներն ու սեփականության անձեռնմխելիությունը։ Խստացնել պայքարը հանցագործությունների, կաշառակերության, վարչամեքենայի կամայականությունների ու շահատակումների դեմ։ Հետեւողականորեն ազատվել պետական ապարատում, իրավապահ մարմիններում, հարկային տեսչությունում եւ մաքսային վարչությունում ծառայող անազնիվ տարրերից։

Հատուկ հոգածության առարկա դարձնել ազգային անվտանգության հետ կապված խնդիրները՝ բանակի հզորացումն ու արդիականացումը, հետախուզության եւ հակա հետախուզության արդյունավետության բարձրացումը, տեռորիզմի, թմրաբիզնեսի եւ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ու ժեղացումը, բնության պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը, պետական ռեզերվի, արտակարգ իրավիճակների համակարգի եւ սեյսմիկ ծառայության նյութա-տեխնիկական պայմանների բարելավումը, զինծառայողների սոցիալական կարիքների առաջանցիկ բավարարումը։

Տնտեսության բնագավառում

Շարունակել ազատ շուկայական տնտեսության ստեղծմանն ուղղված բարեփոխումների՝ սեփականաշնորհման, բանկային համակարգի կատարելագործման, շուկայական ենթակառուցվածքների ձեւավորման, առեւտրային ռեժիմի ազատականացման ծրագրի իրականացումը։

Բարեփոխումների իրականացման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել սեփականաշնորհվող օբյեկտների գնահատման մեթոդիկայի հետագա ճշգրտմանը, աճուրդների անցկացման օրինականությանը, ազատ մրցակցության ապա հովմանն ու հակամենաշնորհային միջոցառումների կիրառմանը։

Լուրջ տնտեսագիտական ուսումնասիրությունների եւ հաշվարկների հիման վրա ճկունացնել իրականացվող հարկային քաղաքականությունը՝ նկատի ունենալով մի կողմից արտադրության խթանման եւ ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ պետական բյուջեի մուտքերի ապահովումը։

Բարենպաստ պայմաններ ապահովել օտարերկրյա մասնավոր ներդրումների իրականացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, արդիական տեխնոլոգիաների կիրառման համար։ Ճշտել արդյունաբերության զարգացման առաջնահերթությունները եւ պետական երաշխիքների միջոցով որոշակի հովանավորչություն ցուցաբերել միջազգային շուկայում մրցունակ ապրանքներ արտադրող ձեռնարկությունների նկատմամբ։

Օրենսդրական բարեփոխումների եւ վարչաիրավական մեխանիզմների կատարելագործման միջոցով բարձրացնել վճարումային պարտավորությունների կատարման եւ հարկերի գանձման կարգապահությունը։

Առավելագույնս օգտագործել ներքին կոոպերացիայի հնարավորությունները եւ համալիր միջոցառումներ մշակել ներքին շուկայի զարգացման եւ պաշտպանվածության ուղղությամբ։

Գյուղատնտեսության բնագավառում ավարտին հասցնել արտադրություն – վերամշակում – իրացում շղթայի ձեւավորումը, նպաստել գյուղատնտեսական վարկերի հատկացման եւ ապահովագրական ֆոնդերի համակարգի ստեղծմանը, պետական ծառայություններ մատուցել սերմնաբուծության, անասնաբուժության եւ տոհմային անասնաբուծության, պարարտանյութերի եւ քիմիկատների հայթայթման, մելիորացիայի, ագրոտեխնիկական սպասարկումների գծով։

Նախատեսված ժամկետներում իրականացնել «Հանրապետություն միավորման» 1995 թվականի նախընտրական ծրագրում արտացոլված բոլոր կոնկրետ տնտեսական միջոցառումները՝ կապիտալ շինարարության եւ էներգետիկայի բնագավառների զարգացման ուղղությամբ։

Սոցիալական քաղաքականության բնագավառում

Սղաճի էական կրճատման, դրամի փոխարժեքի կայունության պահպանման, աշխատավարձերի եւ կենսաթոշակների հարաճուն բարձրացման շնորհիվ ապահովել բնակչության կենսամակարդակի աստիճանական բարելավում։ Մանր ձեռնարկատիրության եւ գործարարության խրախուսման մեխանիզմների կիրառման միջոցով նպաստել բնակչության միջին խավի ձեւավորման եւ ընդլայնման գործընթացին։

Մշակել բնակչության զբաղվածության պետական համալիր ծրագիր։ Պետության կողմից ձեռքբերված վարկերի եւ օտարերկրյա մասնավոր ներդրումների շնորհիվ ստեղծել նոր աշխատատեղեր։

Ստեղծել սոցիալական պաշտպանվածության ամբողջական համակարգ։ Մշակել եւ կիրառել սոցիալական հատկացումներն առավել նպատակային դարձնող մեխանիզմներ։ Սոցիալական արտոնություններն աստիճանաբար փոխարինել դրամական հատուցումներով։

Պետական ծրագրերի միջոցով հոգածություն ցուցաբերել ընտանիքի, մայրության, ծերերի ու հաշմանդամների, երեխաների սոցիալական պաշտպանության խնդիրների նկատմամբ։

Առողջապահության բնագավառի ֆինանսավորումն իրականացնել պետական հատկացումների, պարտադիր եւ կամավոր ապահովագրական ֆոնդերի միջոցով։ Պետության կողմից երաշխավորել բնակչության անապահով խավերի անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը։

Պետական միջոցների հաշվին պայմաններ ստեղծել հանրապետությունը լքած քաղաքացիների կամավոր վերադարձը կազմակերպելու համար։ Ներգաղթը խրախուսելու նպատակով՝ Հայաստանում վերաբնակվողներին ժամանակավորապես ազատել որոշ քաղաքացիական պարտավորություններից։

Շարունակել աղետի գոտու շինարարության, բռնագաղթածներին բնակարաններով ապահովելու, սահմանամերձ բնակավայրերի վերականգնման աշխատանքները։ Երկարատեւ վարկերի տրամադրման միջոցով խրախուսել անհատական բնակարանային շինարարությունը։

Տնտեսական հնարավորությունների առկայության դեպքում անդրադառնալ բնակչության նախկինում արժեզրկված խնայողությունների աստիճանական հատուցման հարցին։

Կրթության, գիտության, մշակույթի բնագավառում

Ըստ ամենայնի ապահովել պետության մշտական հոգածությունը կրթության խնդիրների լուծման, հասարակական կյանքում ուսուցչի եւ դպրոցի դերի բարձրացման, ուսուցիչների սոցիալական պայմանների բարելավման, դպրոցների նյութատեխնիկական բազայի ամրապնդման, դասագրքերի պատրաստման եւ հրատարակության գործում։

Վերականգնել երաժշտական, նկարչական եւ մարզական ուսումնարանների երբեմնի վարկն ու բարի ավանդույթները՝ դրանք դիտելով որպես հրաշալի հիմք հիմնավոր բարձրագույն մասնագիտական կրթություն ձեռք բերելու համար։

Բարձրագույն կրթության բնագավառում շարունակել բուհերի ինքնավարության խորացման գործընթացը, կատարելագործել պետական պատվերի եւ վճարովի ուսուցման համակարգը, մրցութային եւ ատեստավորման մեխանիզմների կիրառմամբ բարձրացնել պրոֆեսորա-դասախոսական կազմի մասնագիտական մակարդակը։

Գիտության բնագավառում, հաշվի առնելով մի կողմից անցյալի ժառանգությունը, մյուս կողմից՝ Հայաստանի առանձնահատկություններն ու ներկա պահանջները, վերջնականապես հստակեցնել հեռանկարային ճյուղերի զարգացման առաջնահերթությունները։ Հայագիտության եւ հիմնարար գիտությունների ֆինանսավորման համամասնությունները աստիճանաբար մոտեցնել զարգացած երկրների համամասնությունների մակարդակին՝ պետական հատկացումներից բացի օգտվելով նաեւ միջազգային գիտական կոոպերացիայի եւ մասնավոր սեկտորի պատվերների հնարավորություններից։

Մշակույթի բնագավառում շարունակել եւ ընդլայնել պետական հովանավորչությունը ազգային արժեք ներկայացնող հաստատությունների՝ օպերայի, ֆիլհարմոնիայի, կինոյի, թատրոնի, Մատենադարանի, Ազգային գրադարանի, Պետական պատկերասրահի, Պատմության թանգարանի նկատմամբ։

«Քրիստոնեություն – 1700» պետական ծրագրի միջոցառումների շրջանակում լայն աշխատանք ծավալել պատմական հուշարձանների վերականգնման, արժեքավոր հրատ արակությունների պատրաստման, բարձրարվեստ ֆիլմերի ստեղծման ուղղությամբ։

Արտաքին քաղաքականություն

Պահպանել եւ խորացնել Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։ Ձգտել բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության աշխարհի բոլոր երկրների հետ՝ անկախ գաղափարախոսական նկատառումներից։

Ամրապնդել եւ խորացնել բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի անմիջական հարեւանների՝ Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի հետ։ Շարունակել կառուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Խորացնել Հայաստանի ինտեգրացման գործընթացը միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական համակարգերում՝ ԱՊՀ, Սեւծովյան տնտեսական համագործակցություն, Առեւտրի համաշխարհային կազմակերպություն, եւրոպական կառույցներ եւ այլն։ Միջազգային քաղաքական կազմակերպություններում (ՄԱԿ, ԵԱՀԿ) հանդես գալ խաղաղության ամրապնդման, միջուկային զենքի չտարածման, սպառազինությունների կրճատման, հակամարտությունների խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների պաշտպանության դիրքորոշմամբ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում շարունակել Հայաստանի կառուցողական մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բազմակողմ եւ ուղղակի բանակցություններին։ Հետեւողականորեն հանդես գալ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից։ Պահպանել եւ ամրապնդել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հաստատված զինադադարը։ Նպաստել Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման եւ սոցիալական խնդիրների լուծման գործին։

Հայաստան – Սփյուռք հարաբերություններ

Հայաստանի եւ Սփյուռքի մասնագետների մասնակցությամբ ավարտել Հայաստան – Սփյուռք հարաբերությունների հայեցակարգի մշակումը՝ շեշտը դնելով մասնավորապես ընդհանուր ազգային նպատակների հստակեցման եւ կառուցվածքային մեխանիզմների ձեւավորման վրա։

Հայաստանը եւ Սփյուռքը դիտելով որպես մեկ ազգի պատմականորեն ձեւավորված երկու լիարժեք ինքնություններ՝ նրանց հարաբերությունները զերծ պահել քաղաքական հակասություններից՝ փոխադարձ հարգանքի եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա։

Սփյուռքի մտավոր, նյութական եւ քաղաքական կարողություններն առավելագույն չափով ի սպաս դնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ամրապնդման եւ տնտեսական զարգացման գործին։ Փոխադարձաբար Հայաստանի կողմից նպաստել Սփյուռքի ազգային կյանքի բարգավաճմանը եւ համահայկական նպատակների շուրջ սփյուռքահայ բոլոր գաղթօջախների ջանքերի համախմբմանը։

Շարունակել եւ ընդլայնել Հայաստանի պետական կառույցներում սփյուռքահայ պաշտոնյաների ներգրավման ավանդույթը եւ խրախու սել Սփյուռքի կրթամշակութային, մարզական հաստատություններում հայաստանցի մասնագետների գործունեությունը։

Հատուկ հոգածություն ցուցաբերել Անկախ Պետությունների Համագործակցության երկրների հայկական համայնքների կրթական, մշակութային եւ հոգեւոր կարիքների բավարարման գործի նկատմամբ։

Աշխուժացնել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ մշակութային համագործակցության, երաժշտական եւ թատերական խմբերի հյուրախաղերի, նկարչական ցուցահանդեսների փոխանակման գործը։

Ընդլայնել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ միջնակարգ մասնագիտական դպրոցներում սփյուռքահայ ուսանողների ուսումնառության հնարավորությունները, վերականգնել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման պարբերական դասընթացները։

Ամրապնդել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կառույցները՝ նրա միջոցներն օգտագործել ով ոչ միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, այլեւ աստիճանաբար նաեւ Սփյուռքի կարիքների բավարարման նպատակով։

* * *

Դժվար չպետք է լինի նկատել, որ ներկայացված ծրագիրն ըստ էության չի շոշափում հեղափոխական բնույթ ի գլոբալ խնդիրներ կամ հակաճգնաժամային արտակարգ միջոցառումներ, այլ նախատեսում է զուտ գործնական եւ հանդարտ քայլեր՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, քաղաքական եւ հասարակական հարաբերությունների աստիճանական բարելավմանը։ Դա նշանակում է, որ մեր գնահատմամբ Հայաստանն անցել է տագնապների, ցնցումների, արմատական ու ցավոտ վերափոխումների շրջանը եւ մտնում է խաղաղ, ստեղծագործ աշխատանքի, պետության բարեկարգման, իշխանության կառույցների գործունեության ներդաշնակման եւ արդյունավետության բարձրացման բնականոն հանգրվան։

«Հայք», 31 օգոստոսի, 1996 թ.։
ՀՀԱՆԱ, 28/31.08.96։ Բնագիր։ Մեքենագիր – ձեռագիր։ Ինքնագիր։