Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***
Հապաղում են վայրկյանները,
Մարմրում են իմ արյան մեջ.
Տեսնես ի՞նչ է վճռել Տերը,
Սուտ են ամեն երդում ու վեճ։
Մարգարիտ է տեղում անվերջ,
Հոգնել եմ հին խոսքից անգամ...
Երազում եմ խաղաղ մի վերջ՝
Մի նոր սկիզբ սովորական։
Ճամփան լինի անակնկալ՝
Անհայտ, անհուն վերադարձի.
Եվ արեւով հազարալար
Վաղուց գոցված դուռը բացվի։
Քայլերիս մեջ հեռուն ծաղկի՝
Աստղով անբառ, ծիր-ծիրանի...
Եվ փետուրը ընկած հավքի
Գնա, հասնի իր երամին։
Հապաղում են վայրկյանները,
Մարմրում են իմ ցավի մեջ։
Տեսնես ի՞նչ է վճռել Տերը,
Սուտ են ամեն երդում ու վեճ։
12.02.97թ.
|
|