Հաջողության գաղտնիքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Համրին վրեժը Հաջողության գաղտնիքը

Երուխան

Քավությունը
[ 84 ]

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Հակառակ տարիներու խոշոր անջրպետով մը բաժնված ըլլալուս իրմե, Մարտիրոս պատվելին տակավին մինչև հիմակ աչքիս առջևն է իր մարմնեղ կազմվածքովը, դուրս պոռթկացող այտերով բեռնավոր իր դեմքովը, եզան խաղաղ ու հեզ աչվըներովը, բայց մանավանդ թավաստև, խռովային, բարբարոս պեխերովը, որոնք ոչ միայն ամբողջ բերանը կծածկեին, այլ և իրենց խիտ ծիլերովն ու ճյուղերովը ռնգունքները խցելե հետո քթին սահմանները կթևակսխեին, մեկ կողմե դեպի աչքերը արշավելու ճիգով մը, մյուս կողմե այտուռեցներեն դեպի ականջները խոյանալու հանդգնությամբ մը։ Մարմնին ամենեն հատկանշական մասը անտարակույս պեխն էր, ու մազի այդ հրաբխային ժայթքումը դեմքեն դուրս, տեսակ մը խորհրդավորություն և պատկառելիություն կուտար Մարտիրոս աղային, որ իր մատվըներուն պերևեթիկ ու փայփայիշ շոշափումներովը արդեն հայտնորեն ցույց կուտար, թե իր էությունը հիմնավորված էր գլխավորապես այդ վիթխարի պեխերուն վրա։ Առանց ատոնց, կմտածեի ես՝ ամեն անգամ,որ անոնք նայվածքս խոշտանգեին, այդ մարդը ծաղրելի բան մը պիտի ըլլար, կարգ մը էակներու մերկությանը պես արգահատելի ու զավեշաական բան մը, համարժեք ֆիզիկական բացարձակ սնանկության։ Իրավ է, թե ամեն անգամ նաև, որ այդ մարդը տեսնելու և անոր հետ խոսելու դժբախտ առիթը ներկայանար, կատաղի փափաքը կունենայի քաշելու, փեթռելու այդ զարհուրելի պեխերը, զորս անմարդկային կգտնեի։

Եվ որովհետև, սակայն, մարդը բողոքական պատվելի մը էր, [ 85 ] թեև շատ երկրորդական տեսակեն,այդ պեխերը բնատուր, աստվածատուր զարդ մըն էին իրեն համար, և ինծի կուգար,որ անոնք—երբ ժողովարանին մեջ իր թավ և ռնգային ձայնովը աղոթք կկարդար—դերը կկատարեին այն ոսկեճամուկ շուրջառին, զոր մեր պատարագավոր եպիսկոպոսները կհագնեին և որուն շքեղությանը տակ պահ մը կմոռնաս, թե կրնա ծածկված ըլլալ գռեհիկ , աննշան և ողորմելի մարդ մը իսկ։Կխորհեյի նաև, որ առանց այդ զարմանահրաշ պեխերուն , Մարտիրոս աղան պատվելի չպիտի կրնար ըլլալ։ Անպատճառ այդ պեխերուն իր կողմե մանրակրկիտ գնահատությունը և անոնց պատվելիադրոշմ հանգամանքն էր, որ զինքը մղած էին նետվիլ ասպարեզի մը մեջ, ուր գուցե չափազանց ողբալի ըլլար ինքը, եթե նախախնամությունը մազի այդ անհեթեթ փունջովը օժտած չըլլար զինքը։ Պատվելիությունը միայն կրնար արդարացնել այդ վայրենախռիվ պեխավորությունը։ Ես տեսած եմ սակայն ուրիշ պատվելիներ, որոնք, ընդհակառակը, բնավ պեխ չունեին, լերկ, զերծ, ողորկ շրթներով։ Ասկեց հետևցուցած եմ, թե բողոքական պատվելի ըլլալու համար արժանավորապես, կամ պետք է ունենալ ահավոր առատությամբ պեխեր կամ բոլորովին լերկ ու մերկ շրթներ։ Ասոնց միջինը անհաջողություն և անձեռնահասություն կենթադրե թերևս։Եվ իբրև ապացույց այս քիչ մը մտացածին վարկածիս, կրնամ մեջ բերել պարագան պատրիարքարանի բարապաններու և դեսպանատանց քավասներու, որոնք մեծագույն մասամբ օժտված կըլլան թավախիտ, մարտական, ըմբշային պեխերով, և որոնք իրենց դիրքը, իրենց գործը, ապրուստը, կյանքը պարզապես կպարտին մազերու այդ արտասովոր առատությանը՝ իրենց դունչին վրա։ Ասոր մեջ ճակատագրային բան մը կտեսնեմ ես։ Առատ պեխեր ունենալ բախտ մը չէ՞ արդյոք։ Տեսած եք խոշոր և հզոր պեխերով մարդ մը, որ ավուր հացի կարոտ ըլլա կամ անգործ։ Անկարելի է։ Եվ ասոր ամենեն բարբառուն ապացույցը, ըստ իս, սա պատվելի Մարտիրոսն էր, որ, ավելի քան վստահ եմ, առանց այդ հազվագյուտ պեխերուն, չպիտի կրնար բարձրանալ մինչև ժողովարանի մը բեմը, կարևոր մարդու երևույթ մը ստանալու և մանավանդ դրամ շահելու համար։ Մուրացկանները, [ 86 ] դիտեցե՛ք, մեծ մասամբ պեխ չունեին, կամ շատ խեղճ բան մը։ Ամենամեծ հավանականությամբ, իմ հերոսս ալ փողոցաշրջիկ թշվառ մը պիտի ըլլար, եթե Տերը (որուն անունովը կխոսեր միշտ) իր շրթները մազերու այդ պերճ փունջովը զարդարած չըլլար։

Այսպես թե այնպես, Մարտիրոս պատվելին մեր գյուղի ժողովարանին աղոթասաց՝ պաշտոնյան էր։ Իր մասին որոշ կարծիք մը չիկար։Շատեր, որ առաջուց կճանչնային զինքը, կզարմանային, թե ինչպես այդ ողբալի մարդուկը հաջողած էր այդքան «պատվավոր» աստիճանի մը տիրանալ։ Վասնզի,—և ասիկա շատ կարևոր մանրամասնություն մըն էր,—Մարտիրոս աղան արտասովոր տգեղ մըն էր։ Գերմարդկային ջանքերով հազիվ թե հասարակ ընթերցում մը հաջողած էր սովրիլ։ Շատ քիչեր էին, որ այդ հաջողության գաղտնիքը կերթային փնտռել անոր բարբարոս պեխերուն մեջ։Իսկ ես բնականաբար չէի զարմանար,և՝ ուրիշներու հաջողությանց խարխուլ ու կասկածելի պատճառներուն չհետամտելու և զանոնք չցանցնելու բնավորությամբս՝ Մարտիրոս աղային հաջողության համար ալ ըրած գյուտս ինծի կպահեի ու միս—մինակս կըմբոշխնեի այս եղելության ամբողջ զավեշտականությունը։

Կրակի օրեր, երբեմն, իրիկվան, կմտնեի ժողովարանեն ներս ու կսպասեի, որ կարգը մեր պատվելիին գար աղոթելու։Չէր ուշանար։ Սև ռըդենկոտով մը կկենար դասին մեջտեղը և կսկսեր աղոթել կոկորդային միօրինակ աղմուկով մը, որուն մեջ բառերը կհալեին և իրարու կխառնվեին։Աղոթած միջոցին աչվըները կգոցեր։ Պեխերը թեթևորեն կշարժեին։Հավատացյալները՝ երեսներնին ծածկած՝ կխոնարհեին այդ պատկառելի աղոթասացին առջև։Ամենեն ավելի այդ պահերուն է, որ պեխերուն բովանդակ անհեթեթությունը կանջատվեր աչքիս։Կափսոսայի այն խեղճերուն վրա,որ արգահատելիորեն խոնարհած էին ո՛չ թե մարդու մը, այլ այդքան վիթխարի պեխերու առջև։Այդ հանդիսավոր վայրկյանին հիմար մտածումներ կունենայի։ Կուզեի պոռալ այդ անգիտակից երկրպագուներուն՝ իրենց վարմունքին բոլոր ծաղրելիությունը, բեմը ցատկել և բոնելով այդ պեխերեն՝ զանոնք [ 87 ] ցույց տալ հավատացյալ ժողովրդյան, երևան հանելով գործին գաղտնիքը։ Բայց կամաց մը կառնեի կքալեի՝ չուզելով գա գայթակղություն մը պատճառել։

Մինչև 96 թվականը մեր գյուղին մեջ Մարտիրոս պատվելին շարունակեց ըլլալ ամենեն հարգելի և պատվավոր մարդերեն մեկը, և վերջին ատենները, նույնիսկ, ի բացակայության քարոզիչին անոր դերը կստանձներ և հոգևորապես ու մտավորապես կմխիթարեր ալ բողոքական հոտը։ Ասիկա՝ իր պեխերուն հմայքին պսակավորումը եղավ։

Բայց ահա եկավ հասավ 96֊ի ուրագանը։ Ամեն բան տակնուվրա եղավ Պոլսո մեջ։ «Կրցողը թող փախչի»-ի ահազանգը հնչեց ամեն կողմ։ Փախան։ Փախանք։ Ոմանք օրեր ու ամիսներ հետո, զիրար գտան, դիպվածով, արտասահմանի անհուն տարածությանը վրա։ Իսկ շատեր հավետ կորսնցուցին զիրար։ Ես այն հազվագյուտ բախտավորներեն մեկը եղա, որոնք դուրսը գտան իրենց սրտին սիրածը կամ մտքին փնտրածը։ Արդարև Բուլգարիո Վ․․․ քաղաքին մեջ, 96֊ի վերջերը, օր մը հանկարծ հանդիպեցա Մարտիրոս պատվելիին։ Աղմկալից քրքիջ մը բարձրացուցի։ Մարդը շփոթված երեսս կնայեր։

― Մարտիրոս աղա, ի՞նչ լուր․ դո՞ւն ալ փախար,― հարցուցի։

— Մարդ մնա՞ց որ չփախչի, ըսավ՝ իր պեխերու մացառուտին վրայեն թոթվելով ձյունին բաթիլները, որ հեշտորեն կհանգչեին հոն։

— Էյ գո՞րծ,— հարցուցի։

— Նորեն առջի գործս․ երբեմն ալ մոտակա գյուղերը կերթամ սուրբ գիրք ծախելու։

— Ըսել է կիրակի օրերը նորեն ժողովարանը․․․

— Հա՛րկավ,—պատասխանեց։

Եվ ձյունին տակ, որ հարսի պես կիջնար, պատմեց ինծի, թե Պոլսի տուն֊տեղը թալլած էին, ու ինք հազիվ ընտանիքովը կրցած Էր Բոլգարիա փախչիլ։

— Փա՜ռք Տիրոջը,—վերջացուց թոթվելով նորեն պեխերը, որ ահագին քանակությամբ ձյուն կհամբարեին իրենց թևերուն վրա, [ 88 ] մեկ րոպեի մեջ։Եվ հեռացավ գնաց երջանիկ մարդու քալվածքով։

Ու մտածեցի։ Վայրենիներ կողոպտած էին ինչպես զիս, այդ խեղճ մարդն ալ, սա տարբերությամբ, որ, ինչքան ալ անգութ, երբեք չէին մտածած անոր հաջողությանը գաղտնիքը և ապրուստին միակ միջոցը—պեխերը—անոր ձեռքեն խլել առնել։ մարդուն հո՞գն էր. պեխերովը փախած էր ան։ Ե՞ս ինչովս փախած էի, աստվա՜ծ իմ, ենթակա ամեն տեսակ ձախողությանց ու դժբախտությանց։ Եվ առաջին անգամ ըլլալով՝ խոշոր ու պատկառելի պեխի մը կարոտն զգացի։

Մարտիրոս աղան ա՛լ անկեց ետքը շատ տեսա․ իրեն համար հատկապես ժողովարան գացի․ նույն մարդն էր, նույն կացության մեջ, նույն միջավայրին մեջ։ Նույն իսկ, այս տեղափոխության շնորհիվ, հառաջացած ալ էր․ երկրորդական քարոզիչի հանգամանքը շնորհված էր իրեն։ Պեխերը ավելի քան երբեք առատ էին, կարծես իր հառաջադիմությանը հետ համեմատական, իրենց լրումին փառավորության մեջ։ Անշուշտ արտասահմանի նժդեհական կյանքի տվայտանքներն ու վշտալի իրադարձությունները թույլ չտվին, որ կարենայի ազատ սրտով ու անձանձիր հետևիլ մարդուկիս ու անոր հոյակապ պեխերուն խաղաղ և զարմանալի ոդիսականին։ Դիպվածին միայն կպարտիմ, եթե զանոնք առիթ ունեցա երբեմն-երբեմն գնահատել նորեն, հրճվիլ, կատղիլ, ոգևորվիլ և տրտմիլ անոնցով։ Նույնիսկ, քանի մը տարի ետքը, իր հետքն ալ կորսնցուցի, և օր եկավ, որ ա՛լ ոչ Մարտիրոս պատվելիին և ոչ ալ անոր չնաշխարհիկ պեխերուն վրա սկսա մտածել։ Անոնք ինծի համար բոլորովին մեռած էին, երբ անակնկալ առիթ մը հանկարծ արթնցուցին հին սխրալի հիշատակներս:

901-ին, Վ․․․ քաղաքեն ցամաքային ճամբորդություն մը կընեի։ Գիշերը կառքս հասավ հանգրվան—գյուղ մը, որուն անունը չեմ հիշեր այժմ, և որ բուլդար և հույն գյուղացիներե բնակված էր: Ողորմելի պանդոկ մը առաջնորդվեցա, ուր ստիպված էի գիշերել՝ բուռն փոթորիկի մը պատճառով ճամբան շարունակելը անկարելի ըլլալով։ Պանդոկին փցուն և աղտոտ ճաշարանը [ 89 ] կյուն մը կծկվեցա, շուրջս ունենալով գյուղացիներ, որոնք բիրտ ձայնով ու շարժումներով կվիճաբանեին։ Ճաշարանին մեկ մասը նպարավաճառի խանութ էր,և տերը, զոր կտեսնեի հեռվեն, կայնած էր մգլոտած պարկերու դեզի մը առջև․ աղոտ լույսին մեջ հազիվ կրնայի անոր դեմքը որոշել։ Միևնույն ժամանակ ինքն էր, որ ատեն֊ատեն շիշ մը օղի կամ գինի կբերեր հաճախորդներուն առջև դնել՝ կտոր մը պանիրի կամ չուշկայի [1] հետ։

— Շիշ մը օղի ալ ինծի, — պոռացի հեռվանց թուրքերեն լեզվով։

Մարդը աճապարեց պատվերս կատարել։ Ու քիչ հետո աղտոտ ափսեի մը վրա—բացառիկ պատիվ քաղաքացիի հանգամանքիս ընծայված—նպարավաճառը առջիս կդներ շիշ մը օղի, պանիր և ապուխտի քանի մը շերտեր։ Տիրող փոթորիկեն սրտնեղած, չէի մղվեր շուրջս գտնվողները գիտել, ու ինքնամփոփ սկսա կոնծել։ Պահ մը ետքը, զարմանքով տեսա, որ սպասարկուս փոքր սանի մը մեջ եղով եփված հավկիթ մը հրամցուց ինծի։ Այս անգամ բնականաբար ավելի ուշադրությամբ նայեցա իրեն և շնորհակալություն հայտնեցի։ Հիսնամյա մարդ մըն էր, նիհար, աղեբեկ ցանցառ պեխերով ու խոշոր, վշտահայտ աչվըներով։

Ի՛նչ եղավ զարմանքս, երբոր հույն կամ բուլղար կարծած այդ մարդս խոսքը ինծի ուղղելով ըսավ․

— Պարո՛ն Երվանդ, կարծես զիս չճանչցաք։

— Դո՞ւք,—ըսի ապուշի պես երեսն ի վեր նայելով։

— Մարտիրոս պատվելին, վաղեմի ծանոթդ։

Չեմ կրնար բառ գտնել նկարագրելու համար զարմանքս և շփոթությունս։ Պատվելին, սա ահավոր պեխերով մեր երանելի պատվելիին հետ, Բալքաններու հեռավոր մեկ գյուղին աղտոտ ու գարշահոտ կապելային մեջ, նիհարցած, և մանավանդ, բայց մանավանդ մերկացած իր պատմական, իր հսկայական պեխերեն,որոնցմե մեկ քանի թել-խլյակներ կմնային ողբալիորեն կախված վերին շրթներեն։

— Բայց․․․ ի՞նչ եղավ,ի՞նչպես եղավ որ հոս ես պատվելիությո՞ւնը, [ 90 ] ժողովարա՞նը, հապա․․․ պեխե՞րդ, ի՞նչ եղան պեխերդ, Մարտիրո՛ս աղա, ան փառավոր պեխերդ։

Մարտիրոս աղա մեքենաբար ձեռքը պեխերուն տարավ և լալագին ձայնով մը՝

— Թափեցան,—ողբաց։

Եվ ա՛լ դեմս նստավ։ Հառաչեց։ Օղիես հատ մը լեցուց խմեց, ու սրբելե հետո իր ավերակ պեխը, ըսավ տրտմալի եղանակով մը․

— Երկու տարի առաջ, չեմ գիտեր ինչո՛ւ, պեխերս թափիլ սկսան․ օր եղավ որ հարյուր թելը մեկտեղ ինկան։ Դեղ, բժիշկ, մեկ փարա չըրավ․ ավուճով դրամ ծախսեցի։ Թափեցան, թափեցան շարունակ․ ջղային եղա, հիվընդցա․ կվախնայի ձեռքս պեխերուս տանելու․ նիհարցա, գիշերները սկսա չքնանալ․ ժողովարանը աղոթած միջոցիս ժողովուրդը սկսավ խնդալ վրաս․ փողոցեն անցած ատենս, չարաճճի տղաքները «պատվելիին բըյըխները կթափին կոր» կպոռային․ դուրս ելլել չէի ուզեր․ չկրցա գործս շարունակել․ Պորտ ընկերության ներկայացուցիչն ալ կամաց մը հասկըցուց, որ պեխերուս այդ վիճակին մեջ չէի կրնար պաշտոնս շարունակել․ ուզած-չուզած հրաժարեցա։ Անոթի օրեր անցուցինք․ Սուլթան Համիտը տունս-տեղս կողոպտեց՝ հոգս չեղավ․ պեխերս թափեցան՝ տունս կործանվեցավ։ Ի՞նչ ընեի, դուռնե-դուռ, լեռնե-լեռ ինկա, և վերջապես հոս հասա. քանի մը բարի մարդիկ գթացին վրաս․ կինս, զավակներս անգին մնացին, ու չեմ գիտեր, թե ինչ եղան, ու ես հոս կաշխատիմ գիշեր-ցերեկ ապրուստի մը փոխարեն․․․

Պատվելին գլուխը ծռեց, ու տեսա, որ քանի մը խոշոր արցունքներ թավալեցան ինկան իր այտերուն ու շրթունքներուն վրա, հոն, ուր ժամանակին աշխարհիս ամենեն փառավոր պեխերը կհանգչեին․․․

  1. Չուշկա―բուլղարական պղպեղ