Jump to content

Համրին վրեժը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՄՐԻՆ ՎՐԵԺԸ

Կատվի ողորմուկ մլավումներ կը ծանուցանեն անոր պժգալի մերձեցումը. երբ փողոցին անկյուն են դառնա, ամեն իրիկուն՝ մութը տիրելուն մոտ, զազիր տեսարան մը կը պարզվի. քուրձ մը որ մինչև դնդղուցները կերակրի, կը ծածկե կոշտուպլոշտ հաստկուկ մարմինը, թշվառության և աղքատութեան մեջ գերցած ու յուղոտած. ճիտը, ցլային թանձրությամբ , ծոծրակին վարոքեն սկսած մինչև մազոտ թուխ լանջքին մոտ, որ ահավոր հևքով մը կը ելլա կիջնա միշտ, կերևա բաց ու մրկած, ջիղերու և երակներու բիրտ ու վայրագ հյուսվածք մը հանկարծ դուրս կր ցատքե լայնշի ուսերեն, բռնելովճ անտաշ պատվանդանի մը պես անհեթեթ գլուխ մը՝ տարօրինակ, հիմարական րան մը, որ կերերա, բորենիի դիակնախույզ վայրենի օրորումովը։ Բե֊րանը բաց Է, ցուցընելով ապուշ ծիծաղե մը լայնցած կաշեգուքն շրթներուն մեջ լղրճուկ ակռաները, տեղ տեղ կոտրտած. ու այդ նեխոտ խոռոչին մեջ միշտ կունտուկլոր կեցած է մսի կարմիր կտոր մը՝ տզրուկի լպիրծ մորթին վետվետումներովը, թանձրացած լորձունքի ճերմակությամր մը ծեփված, և որ մերթ, չկարծած ատենդ, դուրս կը պոռթկա մինչև թուշը, զոր կը լզե, կանցնի կը դառնա, նորեն շուրջը, միջոցը կը լզվըռտե, բան մը փնտռելու պես զոր շի գտնար, ու կամաց մը կը սքլի կը մտնա Ւր խոռոչին մեջ, քիչ ետքը նորեն դուրս երկննալու ու շարժումները կրկնելու համար։ Կապիրճներեն դուրս վիժած սաստիկ խաժ աչվըները ցավոտ արցունքով միշտ ճպռոտած, ամենեն տխուր ու գարշելի տպավորություևը կը թողուն տեսնողին վրա, իրենց անասնական արտահայտությամբը սևեռուն են անոնք, կը գամվին կը մնան տեղ մը, համառ թափանցությունով մը․ բայց կան վայրկյաններ ուր անոնք կելլան իրենց կանաչ անշարժությունեն, ու ճերմկուցները հիմարորեն կը թավալին, կը գլորին, կը դառնան, կարծես առանցքի մը վրա ամրապես ագուցված։ Ականջները բուի թևերու պես, կերկննան գլխուն երկու կողմերեն, քիչ մը կորանալով բրդե գունատ ու հին գտակի մը տակ, որ ամբողջ գանկը կը պարտրկե։

Քուրձին ներքև մերկ սրունքները կերևան, խանձած ու ճեղքրտված, ու ոտքերը, լայն, ահագին, տափակ, կոշկոռոտ մատվըներով, որ ամառը փոշիի կույտեր կը կոխկոտեն ու ձմեռը սառ, ձյուն, ցեխ։

Բնությունը, որ այս աստիճան անողորմաբար ժլատ հանդիսացել Էր այս խեղճ մարդուն ֆիզիքական կազմակերպությանը համար, ահռելի կատակով մը լսելու և խոսելու կարողությունն ալ գլացել էր անոր։ Ու այսպես անիկա՝ միսի ու ոսկորի հրեշյին շաղախ՝ ամբոխին սովորականության մեջ տգեղության քստմնելի պատկեր մը կը պտըտցներ, իր ֆիզիքական ապաշնորհության վրա ատելություն ու սիրտխառնվուք միայն հրավիրելով։ Շարժուն դիակ մը պիտի կարծվեր ան՝ երբ երբեմն կսկծեցուցիչ ճիգով մը, որ ատեն աչվըները տարապայման կը ընդլայնեին ու ճիտին ու քունքին երակները կուռեին, կցկտուր կաղկանձյուններ ու խոճկորի խանչյուններ չարձըկեր, զորս կը կերկերեր իր լեզուին խոլ շարժումներովը, դուրսը, օդին մեջ։

Համրը, սակայն, մուրացկան մը չէր, և ո՞վ պիտի ուզեր ողորմություն տալ իրեն, քանի որ արգահատանքի տեղ նողկանք միայն կազդեր։ Ամեն մարդու պես առուտուրով ապրող մարդ մըն էր։ Ոչխարի աղիք կը ծախեր։ Բռնած արհեստն ալ իրեն պես աղքատ։

Աղի՜ք, օ՜հ, տեսնելու էր զինքը իր աղիքներուն հետ. դաստակներեն ու մատներեն վար կախված էին անոնք, թաց, կակուղ, լպրծուն, օձի պես իրար փաթթված խառնված, անծայր անվերջ գալարվածք մը մսի, արյունի, փորոտիքի։ Բայց ատիկա էր իրեն միակ հաճույքը զոր կարենար վայելել աշխարհի լիաբուռն հաճույքներու մեջ։ Տեսակ մը հեշտությամբ կը գրկեր իր աղիքները, անոնց կակուղ ցուրտ հպումեն անբացատրելի վայելք մը զգալով․ կը սեղմեր, կը տրորեր զանոնք իր մատներուն մեջ, անոնց թացաթյունը կը շոշափեր՝ իր վայրենի մարմնուն անճառ զգայագրգռություն մը բաշխելով։ Մինչև իսկ, ու իր կատակն Էր ասիկա—երբեմն իր բաց կլափին մեջ կը մխրճեր զանոնք հեղակարծ շարժումով մը, հետո ետ կը քաշեր կոկորդային սուր կռինչով մը, որ պահ մը սարսափահար ընկրկել կուտար կատուներու ճչացող կըզվըտող, սովալլուկ երամակը զոր փողոցներուն մեջ, իր ետևեն կը քաշկռտեր, գրգռելով զայրացնելով անոնց անկուշտ քաղցը։ Երբոր իրեն ու իր աղիքներուն կծու հոտը առնեին, պատերե, ցանկերե, պատուհաններե խենդի պես վար կը նետվեին, համրին ջուրջը պար կը դառնային աղերսելով, ողբալով, մերթ նենգորեն հարձակում մը հանդգնելով։ Բայց անիկա երկայնամիտ համբերությամբ կը տոկար այս անդուլ թախանձագին, խոլական հալածանքին, նույնիսկ չես գիտեր ինչ հաճույք մը, տեսակ մը գոռոզություն կը զգար ինքզինքը շրջապատված, հետապնդված ու ըղձացված տեսնելով եթե ոչ մարդերե որ խույս կուտային իրմե՝ գեթ անոթի կատուներե։

Ու այսպես կանցներ ամեն իրիկուն, մթնաշաղին, աղիքները կախ տված թևերն ի վար, մերթ ինք իր մեջ ամփոփված՝ թշվառության պատկերը քալեցնելով ամբոխին մեջ, մերթ լեզուն դուրս, աչքերը թավալուն, ատամները ցցված, հրեշության տիպարն արձանացնելով, մինչ կատուները ետևեն, քովեն, առջևեն իրենց ասվախճան պաղատանքը կը փռեին։


Անկյունը այն փողոցին ուսկից համրը կանցներ սովորաբար, կը գտնվեր ցածուկ խանութ մը նպարավաճառի, ստացվածքը ութսունամյա ծերունի Բուլգարի մը որ առտըվընե մինչև իրիկուն իր խոնջ ու պառված մարմինը կծկտած կը հանգչեցներ ալյուրի, լուբիայի սուրճի պարկերու անթափանց պատնեշի մը ետին։ Ինք իր այդ անշուք գահույքեն մինակ աչքի հսկողություն մը ի գործ կը դներ, խանութին գործը ձգելով իր աղջկան, քսանը անցուկ սիրուն բուլգարուհի մը, որ ամեն ճիգ կը թափեր իր զառամ հորը նեղսիրտ դիտողություններուն չենթարկվիլ։ Աշխույժ հաճոյակատարությամբ կը վարվեր հաճախորդներուն հետ, որոնք քմահաճո զեղումներ չէին կրնար ունենալ՝ ակնածելով ծերուկին աններող սուր նայվածքին խոժոռությունեն․ անանկ որ նպարավաճառուհիին միակ հաճույքը՝ իր առուծախի միօրինակ ու ձանձրալի զբաղման մեջ՝ իր կատուն էր` պզտլիկ, կունտլիկ անասուն մը, գոհարը իր ցեղին, երկար խիտ մազերու փափուկ ճերմկությամբ մը հանդերձավորված, աշխույժ, ցատքտող, կատաղի մոլի, գգվանք ու փայփայանք գըգռող չարաճճի կապկություններով, որոնք ծերուկի անհանդուրժելի խստության քով ցայտուն հակապատկեր` անոր սաստկությունը կը մեղմացնեին։ Կանաչ աչքերուն կայծովը ու մանր թաթիկներուն, զվարթության շունչ մը կը պտըտցներ պարկերու, տակառիկներու, դարակներու համառ անշարժության շու՝րջը։ Աղջիկը սրտանց կը սիրեր իր կատուն որ հտպիտի ոստումներ կըներ անոր գլխուն, ոտքերուն, ձեռքերուն վրա։ Գրկին մեջ կը սեղմեր զայն, ափերուն մեջ գորովանքով կը թալթլեր, ծոծրակին խարտյաշ մազերուն կը քսեր՝ մինչ ան կը խաղար այդ ոսկի թելերուն հետ, խածխծելով, ճանկելով առանց ցավցնելու ու իր սիրելու խանդին մեջ կորսված, խելահեղ, կը պագներ անհագությամբ անոր աչուկները, թուշը, բերանը, մարմնույն ամեն կողմը, ուր որ հանդիպեր․ հետո կշտացած, կը նետեր զայն պարկի մը վրա. անասնիկը այդ գիրկընդխառնումեն սահմռկած, խելացնոր, շնչասպառ կը թոթվվեր, կը փռընգտար, կը քթվտեր, կը լզվըռտեր։

Ամեն իրիկուն երբ անցներ համրը իր աղիքներու բեռին հետ, կոչունք ուներ փիսիկը։ Նպարավաճառուհին, ակամա, հակառակ իր սաստիկ պժգանքին, կատուին սիրուն, կը կանչեր համրը և մանրուք դրամի մը փոխարեն աղիք կը գներ։ Մեծապես կը զվարճանար դիտելով իր կատուն որ ճանկերովը մոլեգնաբար կիյնար փորոտիքին վրա, փոքր պեխերը ցցած, մռըլտալով, լափելով, լափլիզելով։ Մյուս կատուները, անոնք որ սիրական տեր մը չունեին՝ այդ խնճույքը իրենց հրամցնելու համար, կը շա— տանայի աղիք ծախողը հալածելու հաճույքով, ավելի կը գրգըռվեին իրենց ցեղակցին եղած այդ ըմբոստացնող անձնաշնորհումեն, ու ավելի մոլեգնությամբ կը հետապնդեին հրեշին ետևեն իրենց ողբագին լացը շարունակելով։

Իրիկուն մը, սակայն, համրը որ ընդհանրապես մեքենաբար կառներ դրամը աղջկան ձեռքեն և առանց երեսը նայելու կուտար աղիքին կտորը ու իր ճամբան կը շարունակեր երերտկալով, հանկարծ իր կանաչ և թավալուն ալքերուն ամբողջ խենդությամբը անոր երեսը նայեցավ։ Մանկամարդ բուլկարուհին սոսկումի ու նողկանքի ընկրկում մը ունեցավ, բայց զսպեց ինքզիքը․ի՞նչ, կրնար վախենալ այդ ցավագարեն որ ամեն կարողությունե զրկված էր, և որ, անշուշտ գիտակ իր նայվածքին անհաճո տպավորությանը, շուտ մը առավ քալեց, թեթև կռինչ մը արձակելով, որ իր քով հառաչի նշանակությունը ուներ։ Հաջորդ երեկոյին, համրին նայվածքին մեջ զոր ուղղեց աղջկան ահվոր դեմքին, հայրատ ըղձանք մը կը վառեր, ու տեսնելով անոր զզվանքի խոժոռ ծամածռումը, լեզուն շացեցուց բերնին մեջ ուսկից կերկերուն ձայն մը ելավ, տեսակ մը աղերսանքի ավաչ, որ խղդվեցավ կոկորդին մեջ։ Նպարավաճառուհին բան մը չհասկնալով, աղիքին կտորը առնելուն պես ներս փախավ, կատուն գիրկը, որ կը ճչար բերանը կաս կարմիր բացած։

Ա՛լ անկեց ետքը, ապուշը, փոխանակ սպասելու որ կանչվի, ինքը կերթար կը կենար խանութին առջև, աղիքի երկար, առատ կտոր մը առաջուց պատրաստած, ավելի մոտենալով աղջկան, աչքերը անհագ պագշոտությամբ մը ցոլարձակ, շրթները՝ հաճոյական ժպիտ մը ձևացնելու ջանքին մեջ՝ վայրենորեն ընդլայնված. քիչ քիչ,աղջիկը վարժվեցավ համրին այս տարօրինակ ձևերուն, որոնք վնաս մը չունեին իրեն և որոնք, անշուշտ, հաճույքի սատարներ էին այդ խեղճ ցավագարին, ամեն վայելումե, ամեն արբշռությունե հավետ զրկված։ Ուստի ձայն չհանեց, բայց զգուշացավ քաջալերել զայն, թույլատրել անոր մեծ հանդգնություններ, սահմանափակելով զայն իր մարմնին տառապեցնող չարչարանքին չեզոքությանը մեջ։

Դժբախտաբար շնորհագեղ աղջկան թույլատրված այս վաԱլքովը բավականանալու առաքինությունը չունեցավ համրը, իրեն ցուցված ներողամտությունը գրգիռ մը կարծեց։ Մանրուք դրամին փոխարեն իր տված աղիքին կտորը հետզհետե շատացավ, երկնցավ, և հասավ անանկ համեմատության մը որ կատուն իր փորիկը կշտապինդ ուռեցնելե ետքը, կարևոր մաս մըն ալ կավելցներ որ աղջիկը վեհանձնորեն կը նետեր դուրսի կատուներուն կճռտող ակռաներուն, ու թեև ինք նշանացի կը հասկցներ աղիքին տարապայման քանակը, բայց համրը տալու, ամեն բան տալու մարմաջով բռնված էր։ Եվ իրիկուն մըն ալ, համրը, ջղային զգայնականության բորբոքումե մը մղված, աղիքը հանձնելե հետո, իր լայն, յուղոտ, գարշելի ձեռքը հանկարծ երկնցնելով բռնեց աղջկանը ճերմակ լեցուն կզակը։ Աղջիկը սարսափահար, ճիչ մը արձակեց ու ներս փախավ խանութեն:

Հաջորդ իրիկունը, անշուշտ սպասելով թե ինչ ընդունելություն կը սպասեր հոն իրեն, համրը փողոցին մյուս եզերքեն անցավ, գողի պես, աղիքներովը բեռնավորված, ու շեղակի արագ ակնարկով մը խանութին նայեցավ, որուն դրան առջև ալ ո'չ աղջիկը կար ո'չ կատուն, ու ներսը` պարկերուն ետին, ծերուկ պապոյին խոժոռ, ահարկու կերպարանքը միայն, որ գավազան մը կը ցուցներ իրեն սպառնագին։

Կատուն. իրիկունները, նույն ժամուն, շատ ճ՛չաց, մլավեց, թապլտկեցավ իր տիրուհիին թևերուն մեջ. իզուր, ընդմիշտ զրկված էր իր առօրյա ռոճիկեն։

Համրը, օրեր անցնելե ետքը, ի զուր խանութին մոտեն անցավ, փիսիկին աչքերուն առջև ցուցադրելով իր փորոտիքներուն ախորժագրգիռ կապոցները։ Մանկամարդ աղջիկը, անկարեկիր, աններող, իր գեղեցիկ աչվըներուն անարգական շանթովը վանեց խեղճ համրը, գիրկը բռնած իր սիրական կենդանին, բանի տեղ չդնելով անոր ճչոցներն ու ճանկռտուքները։ Իր դեմքին եղած պղծության վրեժը կը լուծեր։

Համրը հուսահատվեցավ, բայց ոխ կապեց։

Իրիկուն մը, կատուն, օգտվելով իր տիրուհիին զբաղած մեկ վայրկյանեն, դուրս վազեց մինչ համրը կանցներ, ինք ալ մյուս կատուներուն հետ սկսելով ուտելիք պահանջել։

Ապուշը տեսավ կատուն, կեցավ, շուրջը դիտեց ու կայծակի արագությամբ աղիքի կտոր մը հանեց կատուներուն ոհմակին, որոնք մեկ թափով խուժեցին անոր վրա, ճանկերնին դուրս։ Հետո, վագրի ոստումով, ցատկեց, բռնեց աղջկան կատուին ծոծրակեն. սեղմեր անոր կակուղ վիզը իր ջղոտ մատներուն մեջ, աչքերը թավալելով մոլեգնությամբ, լեզուն դուրս ցցած՝ օձի լեզվի պես, խեղդեց կենդանին որուն խաժ աչվըները դուրս ցատկեցին կապիճներեն. հետո մոտեցավ դիմացի պատին, զարկավ ջախջախեց անոր բրդոտ գանգը. արյունը, ըղեղով խառն, դուրս պոռթկաց. ու զարկավ, զարկավ անոր, խանչյուններ, կառաչար արձակելով, մոլեգնելով այդ ափ մը միսին վրա, որ ա՛լ անճանաչ կույտ մը եղած էր արյունաշաղախ. խածավ փրցուց անոր կակղիկ մանր թաթերը, ծամեց, դուրս նետեց, արյուն թքավ, ու երբ ա՛լ բան չմնաց խեղճ անասունը հայտնող, ճզմեց, աճըռեց, արյունոտ խմոր մը ձևացուց, և վայրագ ծիծաղով մը դարձավ խանութեն ներս նետեց զայն, հետո անճոռնի քրքիջով մը անցավ ճամբան շարունակեց։