Jump to content

Հասել եմ քեզ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Հասել եմ քեզ։ Եվ չեմ հասել։
Եվ վառվում է սիրտս, հիմա,
             այն աստղի մեջ,
որ ամենից հեռավորն է՝
երկնի հեռու, հեռու ծերպին։

Հասել եմ քեզ։ Եվ չեմ հասել։
Եվ վառվում է սիրտս հիմա
              այն ծաղկի մեջ,
որ ամենից մոտիկն է ինձ
ժայռի մոտիկ, մոտիկ ծերպին։

Հասել եմ քեզ։ Եվ չեմ հասել։
Եվ երկինքն է վառվում աստղում,
Եվ ծաղկի մեջ ժայռն է բուրում,
Եվ հնչում է քո աչքերի
                սուրբ մեղեդին՝
իմ աստղի մեջ,
                իմ ծաղկի մեջ
եւ աստղիկից մինչեւ ծաղիկ...
երբ կհանես ինձ պատրանքից,
ես բուրում եմ աստղի նման,
ծաղկի նման վառվում եմ ես...

        Առեղծվածը
        ինչպե՞ս պարզել.
երբ չեմ հասնում՝ հասնում եմ ես,
եւ չեմ հասնում՝ երբ հասնում եմ...