Հասկանում եմ․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Հասկանում եմ․․․

Հակոբ Հակոբյան

Հասկանում եմ, ինչու էիր
Ինձ հմայում, կաշկանդում
Եվ աչքերով սիրախոսուն
Սիրտս հուզում, բորբոքում։

Քեզ պետք էր մի անզուսպ, մատաղ
Զգացմունքով պատանի,
Որ նորա հետ խաղայիր խաղ,
Դատարկ սրտիդ նյութ լինի։

Սովոր էիր անփորձ սրտեր
Գերել անհագ գրգիռով
Եվ այրելով, նորան նետել,
Մի ուրիշը փնտրելով։

Օ՜, հասկացա, ինչու էիր
Ինձ հմայում, կաշկանդում
Եվ հեշտասեր վառ աչքերով
Սիրտս հուզում, բորբոքում։

1894