Jump to content

Հասկեր իմ, հասկեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Հասկեր իմ, հասկեր...
Ես ինչ կարող եմ շրշալ ձեր մասին,
Ձեր մասին միայն լռում եմ խոնարհ-
               Երգելուս պահին:
Ես լռությամբ եմ երգում ձեզ նման,
Լռում եմ ինչպես
Սերմը մայր հողին սիրով պահ տված
Տաք ափն է լռում,
Լռում եմ ինչպես ծլունակ հունդը՝
Հողի տաք գրկում,
Լռում եմ երգով,
Անձրեւից հետո պարզված երկնքի
Անվերջ ծիծաղով
«Անլուրջ» կապույտով,
Իր իսկ ծանրությամբ ցողունը թեքած
Ու լցված հասկի «մեղավորությամբ»...
Հասկեր իմ, հասկեր...
Ես գիտեմ հիմա դուք ոսկեհատիկ
Ժպիտներ ունեք
Ու երգեր ունեք հողից ժառանգած,
Բայց, միա՞յն հողից...
Երբ որ համբուրվող հովի տաք շնչից
                 Դողում եք թեթեւ,
Դողացող ձայնն է ականջիս հասնում
Սերմնացանի օրհնանքների մեջ.
- Մեկը բյուր դառնա...
Հասկեր իմ, հասկեր,
Դուք գովքի երգն եք իմ կոշտ ձեռքերի.
Խոլական դարիս քնքշությունը,
Խորհուրդը Լույսի
Ու Խաղաղության:
Արեւը գրկած իմ բալիկների
                   Ձայներն եք անմեղ՝
Աղերսանքի պես բարձրացած հողից...
Ես ինչ կարող եմ շրշալ ձեր մասին
Ձեր մասին միայն լռում եմ խոնարհ,
Հասկեր իմ, հասկեր...