Jump to content

Պահից լույս վերցրու

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Պահից լույս վերցրու՝ կհավերժանա,
Կդառնա զորեղ
Ձյուները ճեղքող վաղ գարնան նման:-
Դու այդպես տիրիր
Անցնող պահերի հավերժությանը:
Եվ կհաջորդեն օրերդ իրար
Լույսով ագուցված տողերի հանգով,
Երբ անցումներդ պահերի միջեւ
                 Կամուրջներ դառնան,
Իսկ սերդ՝ ճամփորդ
Լույս ու հավերժի:
Թող շատ կամուրջներ լինեն աշխարհում,
Միայն թե պետք չէ մոռանալ, իմ սեր.
Կամրջից միայն նրանք են ընկնում,
Ովքեր վախո՜վ են փորձում այն անցնել: