Jump to content

Հասունյանը և յուր կուսակցությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍՈՒՆՅԱՆԸ ԵՎ ՅՈՒՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Համարյա 8 տարի է Կ. Պոլսի մեջ հուզվում է հասունյանների և հակահասունյանների խնդիրը, բայց տակավին յուր վերջնական լուծմանը հասած չէ: Այդ խիստ տխուր մի երևույթ է մեր հայ կաթոլիկների կյանքի մեջ, երբ լուսավոր աշխարհի ուշադրությունը դարձած է այն հարցի վերա, թե որքան բռնակալ պապականությունը վնասեց մարդկային առաջադիմության գործին, երբ ամեն մի ազգի մտածող մասը աշխատում է թոթափել իրենից Հռոմի շղթաները, և ահա Տաճկաստանում հանդիսանում է մի կուսակցություն, կնքված Հասունյանի անունով, որ կրկին մտնում է պապի — այդ համաշխարհային հրեշի — ծանր լծի տակ:

Հասկանալի է մի հերձված որևիցե ժողովրդի մեջ, որ թոթափելով իրանից հնության փոշին, ձգտում էր դեպի ավելի պարզ, ավելի ազատ կրոնական գաղափարները: Բայց հասունյանների վարմունքը բոլորովին հակառակ երևույթ է ներկայացնում, մի երևույթ, որ քանի մի դարով պետք է ետ մղեր նոցա առաջադիմությունը և կրկին տաներ դեպի այն ստրկությունը, որ քարոզվում է հոգու փրկության անունով...

Մենք ավելորդ ենք համարում մտնել այդ հարցի դավանաբանական վիճմունքների մեջ. քննել նորան ազգային և հասարակական կետից: Երբ մի փոքր հեռու հայացք ենք ձգում դեպի մեր ազգի պատմական անցյալը, տեսնում ենք` կրոնափոխությունները հայերի մեջ եղած են ոչ այնքան հավատքի համոզմունքով, որքան քաղաքական նպատակներով: Հայը, նեղված տաճիկներից, պարսիկներից և այլ բարբարոս հարստահարողներից, չէ մտածել յուր սեփական ուժերից օգուտ քաղել, նա սովորած է եղել միշտ օտարներից օգնություն մուրալ, և նորան հասնելու համար զոհել է նա մինչև անգամ յուր գոյության ամենակենսական տարերքը — յուր անկախ եկեղեցին և ազգայնությունը:

Հայերի կրոնական միության ձգտումը երբեմն Հռոմի և երբեմն Բյուզանդիոնի հետ` նոցա քաղաքական նպատակների արտահայտությունն էր:

Բայց ի՞նչ օգուտ շահեցին հայերն այդ ընթացքը բռնելով: — Ոչի՛նչ: Եվ այն ժամանակներում, երբ պապերի մի խոսքը վայր էր գլորում թագավորներին յուրյանց գահից և այն ժամանակներում, երբ նոցա հրամանով ամբողջ երկիրներ ողողվում էին պատերազմական արյունով, պապերի այն հզոր իշխանությունն ոչ միայն չկարողացավ ազատել հայերին թշնամիների սրից, այլ ավելի և ավելի գրգռեց թաթարների, տաճիկների և Եգիպտոսի ամիրապետների կատաղությունը, և Հայաստանը նոցա ավերմունքին զոհ դարձավ:

Այսքան դառն և արյունալից փորձերից հետո, արևմուտքից օգնություն հուսալու ցնորքը մինչև այսօր տաճկաստանցի հայերի երևակայության մեջ մեծ դեր է խաղում: Կապված լինել Հռոմի հետ և պապի — այդ արդեն ուժից ընկած ճիվաղի — օգնությամբ գրավել Ֆրանսիայի կոնսուլների և դեսպանների պաշտպանությունը — դոքա գլխավոր շարժառիթներն էին, որք ստիպել են տաճկաստանցի հային ընդունել կաթոլիկությունը:

Չնայելով, որ այժմ Տաճկաստանի կառավարությունը այն չէ, ինչ որ էր սուլթան Մահմուդի ժամանակ, այսուամենայնիվ պապի որսորդները վաղուց ճանաչած էին հայերի մի այդպիսի թույլ կողմը և ամենայն կերպով աշխատեցին նրանից օգուտ քաղել: Եվ այդպիսով նոքա կտրեցին ազգի ամբողջությունից 150,000 հոգու հասնող մի հատված, որ կոչում է յուրյան կաթոլիկ և ֆրանգ անուններով և թուլացրին ազգի միության ուժերը:

Ընթերցողի ուշադրությունը դարձնելով «Մշակի» անցյալ և ներկա համարների բանասիրականի վերա, դառնանք կրկին դեպի հասունյանների և հակահասունյանների խնդիրը: Որպեսզի կարողանանք լավ ծանոթացնել այդ երկու կուսակցությանց նպատակների հետ, հարկավոր ենք համարում հիշել, որ մինչև 1865 թիվը, այսինքն` մինչև Կիլիկիայի վերջին կաթողիկոս Գրիգոր Պետրոս ութերորդի մահը, Տաճկաստանի մեջ հայ կաթոլիկների հոգևոր կառավարությունը երկու թեմերի էր բաժանված, այն է` Կիլիկիայի և Կոստանդնուպոլսի, որք ունեին յուրյանց առանձին կաթողիկոսները և պատրիարքները: Նոքա թեև պապի իրավասության ներքո էին գտանվում, բայց` դեռ բոլորովին զրկված չէին յուրյանց ազգային առանձնություններից: Նոքա պահպանել էին յուրյանց նախկին եկեղեցվո ծեսերը, ժամասացությունը և լեզուն: Ժողովուրդն ինքն էր ընտրում յուր կաթողիկոսները, պատրիարքները և ազգապետները, ներկայացնում էր պապի և Բարձր. Դռան հաստատությանը: Ժողովրդի ձեռքումն էր եկեղեցական կալվածների, դպրոցների, հիվանդանոցի և այլ ազգային հիմնարկությունների պահպանությունը: Մի խոսքով ժողովուրդն ուներ յուր հասարակական և եկեղեցական անկախ կառավարությունը, նա հպատակում էր պապին, ընդունելով նորան իբրև եկեղեցվո գլուխ միայն, բայց թույլ չտալով միջամտել յուրյանց ներքին գործերում:

Բայց Հռոմի քաղաքականությանը ընդդեմ էր հայ կաթոլիկների հիշյալ իրավունքների վայելումը, նա ամենայն ջանք գործ էր դնում խլել նրանցից յուրյանց առանձնաշնորհությունները և իսպառ հպատակեցնել Վատիկանի իշխանությանը: Յուր այդ նպատակին հասնելու համար պապը գործիք է ընտրում Հասունյան Անտոն վարդապետին, որ 1833 թվին պրոպագանդայի դպրոցում ավարտելով յուր ուսումը, ձեռնադրվում է քահանա և վերադառնում է յուր հայրենիքը` Կ. Պոլիս: Այն օրից այդ նենգավոր եկեղեցականի կյանքը ներկայացնում է մի անընդհատ շարք ինտրիգաների, խռովությունների և ապստամբությունների, որոնցմով նա անցնում է հոգևոր իշխանության ավելի բարձր և բարձր աստիճանները, և վերջապես 1867 թվին նշանակվում է կաթողիկոս և պատրիարք Կիլիկիայի և Կ. Պոլսի աթոռներին, միացնելով այդ երկու որոշ թեմերը յուր իշխանության ներքո:

Հասունյանն յուր վաղուց փափագած բաղձանքին յուրյան հասած էր համարում: Բայց Պիոս իններորդը էժան գնով չծախեց Հասունին յուր շնորհած իշխանությունը: Նա պետք է զոհեր հայ-կաթոլիկների դարերով պահպանված իրավունքները պապի կամայականությանը: Եվ այդպես եղավ: Պապի և Հասունյանի հետ հաստատած նոր կանոնադրության համաձայն հայ-կաթոլիկների բոլոր ժողովրդական առանձնաշնորհությունները ոչնչանում էին, և նոքա դառնում էին մի լոկ կրավորական մարմին, ենթարկված Հռոմի և նորա ներկայացուցիչների իշխանության ներքո:

Բայց բռնակալությունն այն ժամանակ միայն ավելի զգալի է լինում, երբ ուղղակի կերպով դիպչում է ժողովրդի իրավունքներին: Հակահասունյանների ապստամբությունը մի համարձակ, միևնույն ժամանակ հակակրական բողոք էր ընդդեմ Հռոմի քահանայապետի մի այդպիսի վարմունքին: Նոքա ճանաչեցին այն վաղեմի սխալը, թե արևմուտքից նորանց օգուտ չկա, թե նորանց պետք է գրավել տիրող պետության հովանավորությունը, հիմնվել յուրյանց սեպհական ուժերի վերա և պահպանել յուրյանց ազատությունը և ազգային իրավունքները: Բայց բոլորովին այլապես էր մտածում հակառակ կուսակցությունը — հասունյանները: Նոքա բռնեցին պապի և նորա ներկայացուցիչ Հասունի կողմը: Ահա մի հետադեմ կուսակցություն, որ կույր մոլեռանդությամբ զոհում է անսխալական կիսաստվածին յուր ազատությունը, եկեղեցվո ժողովրդականությունը, որ աշխատում է ոչնչացնել յուր ազգային սրբությունները և ստրկանալ...:

Բայց որքան զզվելի է ստրկության գաղափարը, այնքան ժամանակ պատմագրության մեջ դատապարտելի կմնա Հասունի և Նորա կուսակիցների ազգանենգ վարմունքը…