Քնար մշեցվոց եվ վանեցվոց գրքույկի առիթով
«ՔՆԱՐ ՄՇԵՑՎՈՑ ԵՎ ՎԱՆԵՑՎՈՑ» ԳՐՔՈՒՅԿԻ ԱՌԻԹՈՎ
Լույս տեսավ Ս. Էջմիածնի տպարանից հայր Արիստակես վ. Սեդրակյանի հրատարակությամբ մի գրքույկ, որ կոչվում է «Քնար մշեցվոց և վանեցվոց»: Այդ գրքույկը բաղկանում է 46 երեսից և պարունակում է մինչև 36 երգեր, որ ժողովել է հրատարակիչ հայրը Տարոնի և Վասպուրականի ժողովրդական երգերից:
Երգերը կարելի է բաժանել երկու մասն` կրոնական և լիրիկական: Առաջին մասին պատկանում են` «Ծննդյան երգ». «Ս. Կարապետն Գլակա վանքից», «Քարոզ խաչ», «Հոգի և մարմին»: Այդ երգերը, թեև զուրկ են դավանաբանական և պատմական ճշտություններից, այսուամենայնիվ, նոքա հետաքրքրական են նրանով, որ արտահայտում են գռեհիկ և անուս ժողովրդի հայացքը յուրյանց սրտին խիստ սուրբ եղած առարկաների վերա: Օրինակի համար, «Ծննդյան երգի» մեջ ժողովրդական ֆանտազիան չէ բավականանում նրանով, թե Մեսիայի ծնունդն եղավ անշուք փարախի անկյունում, հովիվների տնակի մեջ: Նա ընծայում է մարդկության նորածին փրկչին մի տուն, որո շինվածքը շաղախված էր աշնան գինիով, զարդարած էր գարնան ծաղիկներով. եկեղեցին ներկայացնում էր նորա թոնիրը — սրբազան կրակարանը — իսկ բոլորած լուսինը` կազմում էր այն թոնրի խուփը: Մի տուն, որո սյուները խնկենի ծառերից էին, առաստաղը` ծալ-ծալ ոսկուց. աղավնիք հարսների նման սպասավորում էին այնտեղ և մանիշակի փունջերով ավելում էին, մաքրում էին տունը և այլն:
Դորանից երևում է, թե որպիսի առասպելաբանական կերպարանք է ստանում կրոնքը, երբ նորա ծագումը կապված էր մի ազգի բանաստեղծության հետ:
«Սուրբ Կարապետն Գլակա վանից» այդ երգը, որ նվիրված է Մշու սուրբ Կարապետի վանքին, ցույց է տալիս այն խորին, մինչև մոլեռանդության հասած հավատքը ժողովրդի, որ ունի նա դեպի յուր պաշտած սրբարանը: Նա ամեն ինչ սպասում է նորանից. յուր կյանքի բոլոր պետքերի մատակարարը նորան է համարում: Նա տալիս է այդ վանքին «Մշու սուլթան» — Մուրադատուր» տիտղոսները, այն ջերմ հուսով, որ ամեն մուրադների, այսինքն` նպատակների և փափագների կատարողը նա է: Ահա մի այդպիսի հավատքն է, որ ձգում է հեռու աշխարհներից բազմաթիվ հայ ուխտավորների քարավանները դեպի այդ վանքը...: Բանաստեղծը չէ ընդունում Հովհաննեսին որպես Քրիստոսի մկրտիչ, նորա երեսուն տարեկան հասակում, այլ որպես կնքավոր նորա երեխայության ժամանակ: Այդպես էլ հավատում է ժողովուրդը: Իսկ ինչ որ վերաբերում է այն խոսքերին, — թե որպես սուրբ Կարապետ հաղթեց չար ոգիներին, որք չէին հեռանում նորա սրբարանից, և բանտարկեց նորանց մթին զնդանում, — այդ ավանդությունն այնքան հին է, որ գուցե հասնում է մինչև Լուսավորչի օրերը, երբ այդ վանքը հեթանոսական մեհյանից քրիստոնեական տաճարի վերափոխվեցավ, երբ Տրդատ Ամանոր չաստուծո տոնի փոխարեն հրամայեց կատարել սուրբ Կարապետի տոնախմբությունը: Սուրբ Կարապետի մարմինը Կայսարիից (Կեսարիայից) Տարոն բերվիլը, որպես ասվում է երգի մեջ, հիշում չեն մեր պատմագիրները: Թեև խորին կապ ունեն ժողովրդական ավանդությունները նորա պատմական անցյալի հետ:
«Քարոզ խաչ»: Այդ երգի մեջ նկարագրվում է մի ամբողջ առասպել, թե որպես խոտաղները (խոտարած մանկտին) դաշտում պոխի կոչված բույսից շինում են մի խաչ, զարդարում են նորան: Թե որպես նոցա աղոթքով երկնքից իջնում է նույն խաչի մեջ «սուրբ մասունք»: Գյուղացիք փառավոր հանդիսով այդ սրբությունը տանում են գյուղը: Նա ցերեկով հովանի էր լինում նոցա գյուղի վերա և պատսպարում էր արևի տոթից, իսկ գիշերով արեգակի նման լույս էր սփռում: Թե որպես չար գզիրի մատնությամբ այդ դեպքը լսում է մի քուրդ աղա, կամենում է խաչը յուր ամրոցը տանել, որ այնտեղ լուսավորե: Որո պատաճառով ինքը, յուր բոլոր գերդաստանի հետ, պատժվում են կատաղության ախտով և այլն: Այդ երգը, իբրև ծնունդ ժողովրդական սնահավատության, նշանավոր է նորանով, թե որպես ստեղծագործվում են հրաշքները:
«Հոգի և մարմին» երգի մեջ ընթերցողը տեսնում է ամբոխի հայացքը, որ նա ունի ներկա աշխարհի և առհասարակ կյանքի վերա: Երևակայելով մի փառավոր և խաղաղ ապագա գերեզմանի մյուս կողմում, մշեցին նայում է նյութական աշխարհին որպես անցավոր և փուչ բանի վերա, որո պետքերի մասին մտածելն անգամ մեղք էր: Այդպիսի ուղղությունը նկատելի է համարյա մեր բոլոր ռամկական երգերի մեջ, երբ նոքա հայտնում են որևիցե կարծիք ներկա և հանդերձյալ կյանքի մասին: Այդ վնասակար համոզմունքի ներշնչությունը ժողովրդի մեջ, մենք ուրիշ պատճառի չենք կարող ենթադրել, եթե ոչ այն բազմաթիվ վանքերի, ճգնավորների, և միայնակյաց աբեղաների ազդեցությունը, որոցմով շրջապատված են Մուշը և Վանը: Եվ այդ է պատճառը, որ Տարոնի և Վասպուրականի ժողովուրդը չափից դուրս ծույլ են դեպի աշխատությունը, նոքա բավականանում են այնքանով, որ կարող լինեին վարել յուրյանց աղքատիկ ապրուստը, այլ խոսքով, նոքա արհամարհում են մարմինը, մտածելով հոգու մասին, որ ուներ ավելի փառավոր և տևողական ապագա:
Լիրիկական երգերի մեծ մասը ջանիմաններ են. այդ անունը, որ պարսկերեն նշանակում է իմ հոգյակս, տալիս են մի տեսակ պարերգի, որ երգվում է զանազան խաղերի մեջ: Այդ խաղերը Վասպուրականի և Տարոնի կողմերում կոչվում են գովանդ, կամ գոնդ, իսկ Արարատա կողմերում յալլի: Խաղացողները երկու սեռից ևս, միմյանց ձեռքից բռնելով կազմում են բոլորակ շղթա, որ պար գալով զանազան պտույտներ և շրջաններ է գործում, իհարկե շարժմունքները հարմարեցնելով պարի եղանակին: Պարագլուխը (յալլի բաշին) սկսում է մի ջանիման, իսկ ամբողջ խորը կրկնում է երգի ամեն մի տան վերջին տողերը միայն: Այդ է պատճառը, որ ջանիմանների մեջ առաջին տողը կրկնվում է միշտ, օրինակ.
Ջանիման, ջանիման, Դեհե զընկ զընկ, դեհե ջան, Բաղնի ջան, Բաղնի և այլն:
Լիրիկական մնացյալ երգերի մեծ մասը, որպիսին են` «Մայրամ», «Լալուխան», «Խումար», «Չաշմիկ», «Խանգյուլ» — եթե կարելի է այդպես կոչել, դոքա ժողովրդական երգիծաբանություններ են, դեպի նույն անձինքը, որոց անունները հիշվում են այդ երգերի մեջ: Ամեն մի տարապայման երևույթ ժողովրդի մեջ, որ հարմար չէր նորա սովորությունների և կյանքի կանոններին, միշտ սաստիկ ազդեցություն ունի նորա սրտի և հոգու վերա: Մի պարզ, նահապետական մաքրությամբ ապրող ամբոխի մեջ մի կնոջ փոքր ի շատե տարապայման վարմունքը, ոչ միայն հարուցանում է ընդհանուրի զզվանքը, այլև յուր վերա է դարձնում նորա երգիչների պարսավը: Այդ է պատճառը, որ ժողովրդական երգերի մեջ, երբ նոքա վերաբերում էին որևիցե անձնականության, ըստ մեծի մասին չեն հիշվում հնարված անուններ, այլ իսկական անուններ, որք առնված էին կյանքից: Այդպես է և պ. Միանսարյանցի «Քնարի» մեջ տպված «Զուլոն»:
Լիրիկական երգերի մեջ հետաքրքրական է մի հարսանյաց երգ (տե՛ս եր. 16-ը), որը նվիրված է փեսայի մորը: Հեռանալով հայրենական օջախից, դեռահաս օրիորդը պիտի մտնե մի նոր շրջան, մի նոր ընտանեկան լծորդության մեջ: Նորան կանգնեցնում են այն տան շեմքի վերա, որո մեջ ընտրված էր նա լինել գերդաստանի անդամ: Այդ երգով հրավեր են կարդում փեսայի մորը, որ նա դուրս գա տնից և ընդունե յուր նորընծա հարսնացուն: Երգի մեջ կարդացվում է այդ խղճալի զոհի ճակատագիրը, նորա պաշտոնը, որ պետք է լիներ ամուսնի տան մեջ: Ահա երգի միտքը` «Դուրս արի, դե դուրս արի, թագավորի (փեսայի) մայր, դուրս արի, քեզ համար աղբյուրից ջուր բերող ենք բերել. քեզ համար դաշտը հաց տանող ենք բերել, քեզ համար ձավար ծեծող ենք բերել. քեզ համար հաց թխող ենք բերել, քեզ համար կերակուր եփող, տունը ավլող, աղախին ենք բերել» և այլն:
Դեռահաս աղջիկն առաջին օրից դառնում է մի կրավորական էակ պառավ կեսուրի անսահման իշխանության ներքո, նորա մեջ ճնշվում, խեղդվում են մարդկային ազատ զգացմունքները: Այդ երգը մասնավորապես երևան է հանում հայոց ընտանեկան կյանքի այն պատրիարքական միապետությունը, ուր գերդաստանի պետը իշխում է բոլոր մանուկ ուժերի վերա:
Մի այլ տեղ, որպես է եր. 22. ԺԲ երգի մեջ, մշեցին արտահայտում է յուր սիրո զգացմունքները: Նա երևակայում է յուր սիրուհին կանգնած աղբյուրի մոտ, որո դեմքը շողշողում էր արեգակի լուսով. այդ միակ տեղն է, ուր հաճախ կարելի էր տեսնել գյուղացի աղջիկներին: Գովում է նորա ժրությունը, որ երկու սափոր միասին շալակն առած, գալիս էր աղբյուրից ջուր տանելու: Նորա մեջքի նրբությունը նմանեցնում է յուր խենջարի բարակ կոթին, իսկ նորա կուրծքի սպիտակությունը` մածունի: Նորա ընթացքը նմանեցնում է ոչխարների շորոր տալով ճեմելուն: Եվ արդարև, ուրիշ ի՞նչ գեղեցիկ համեմատություն կարող էր գտնել մի խաշնարած ժողովրդի որդին, քան խենջարը, որ յուր անձի պաշտպանն է, քան մածունը, որ նորա սիրելի կերակուրն է, քան ոչխարը, որ նորա հարստությունն է: Բնության այլ գեղեցկությունները նորա համար զգալի չեն: Յուր նպատակին հասնելու համար, սիրած օրիորդն յուրյան կին ունենալու համար, հերոսը մտածում է գործ դնել երկու միջոցներ միայն, կամ փախցնել աղջկան յուր ալ նժույգով և կամ նորա հայրը, եթե հարյուր ուզելու լինի, փոխարենը հազար վճարել և առնել աղջկան: Փոխադարձ սերն այս հանգամանքում տեղիք չունի: Ծնողքների կամայականությունը ստիպում է սիրողներին այդպիսի միջոցների դիմել:
Դառնալով դեպի այդ երգերի գրականական նշանակությունը, մենք այդքանը կասենք, որքան այդպիսի ժողովրդական երգերը կազմված լինեին կոշտ-կոպիտ կերպով, որքան նոքա զուրկ լինեին արհեստական գեղեցկությունից, այսուամենայնիվ, նոքա դարձյալ նշանավոր են, որպես մի անզարգացած, դեռ յուր տղայության մեջ ապրող ժողովրդի երեխայական-անկեղծ թոթովանքը, որ բխում է նորա սրտից և նորա կյանքից:
Մի ազգի կամ մի ժողովրդի բարոյական և մտավոր պատկերն ավելի ճշտությամբ երևում է նորա բանաստեղծության մեջ. կամենում ես ճանաչել նորա հոգին, կարդա նորա երգերը:
Մշեցվոց և վանեցվոց երգերի մեջ ընթերցողը տեսնում է ոչ թե երևակայական էակներ, այլ մի կենդանի ժողովուրդ, թե որպես ապրում է նա, որպես մտածում է, զգում է, վերջապես որպես սիրում է նա: Այդ իսկ հատկանիշն է ժողովրդական երգերի:
Մինչև այսօր տպված աշըղ Շիրինի, Նիրանու, Ադամի և այլ դոցա նման երգերը չէ կարելի կոչել բուն ազգային կամ ժողովրդական: Նոքա որիշ բան չեն, եթե ոչ կուրորեն հետևողություն պարսից կամ թուրքաց մուխամմազների ձևերին: Բայց մշեցվոց և վանեցվոց երգերի մեջ կա ինքնուրույնություն, կա մի ժողովրդի հատկանիշ, բնավորություն:
Բացի մեր հիշածները, այդպիսի երգերը, որպես մի ժողովրդական բարբառի մաքուր օրինակ, ունեն և լեզվագիտական նշանակություն: Նոցա լեզուն, թեև չափից դուրս աղավաղված է, այսուամենայնիվ նորա մեջ դեռ պահպանված են մեր հին լեզվի մի քանի ձևերը. ընթերցողը հանդիպում է մինչև այսօր յուրյան անծանոթ բուն հայկական բառերի, որոնց նա ոչ մի գրքի մեջ չէ տեսել:
Դառնալով դեպի այդ գրքույկի հրատարակությունը, մենք չենք կարող չհամակրել հայր Արիստակես վ. Սեդրակյանի գովելի աշխատությանը. առավել այն պատճառով, որ նա յուր դասի մեջ մի նախանձելի օրինակ է, որ յուրյան նվիրել է այդպիսի աշխատությանը: Բայց միևնույն ժամանակ չենք կարող չնկատել, որ այդ գրքույկն ունի յուր թերություններն, այն կողմից, որ բոլոր անհասկանալի բառերի բացատրությունները դրած չեն, մանավանդ այն տողերը, ուր ամբողջ տողեր թուրքերեն կամ քուրդերեն են: Բացի դորանից ծանոթությունների մեջ տեղ-տեղ երևում են անճշտություններ: Որո ընդհակառակն, ոչ միայն հարկավոր էր դնել ամեն մի բառի բուն նշանակությունը, այլև անհասկանալի պարբերությունների և դարձվածների միտքը նույնպես պետք էր բացատրել: