Պետք չէ թեթեւ լինել, ամպե՛ր,
Խելառ քամին,
Ձեզ կտանի աշխարհից դուրս,
Եվ դուք կարոտ կմնաք միշտ
Ձեր կարոտից շուրթը ճաքած
Լեռ ու ժայռի,
Ձեր կրծքի տակ քա՛ղցր-քաղցր
Խլրտացող
Կակաչաշուրթ առուների...
Հասունության հասակի պես
Եղեք լցված,
Կիսով հողին
Ու ջրերին ձուլված եղեք,
Նրանք են լոկ պարգեւում ձեզ
Ծանրությունը ձեր իմաստուն:
Ձեր մշտարթուն
Լինելության թարմությունն են
Նրանք նաեւ...
Թեթեւ լինել պետք չէ, ամպե՛ր: