Jump to content

Հավերժական թռիչք՝ դեպի կրակը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹՌԻՉՔ՝ ԴԵՊԻ ԿՐԱԿԸ

Դարձյալ Արցախում է Միխայիլ Դուդինը։ Դուք նկատել եք, երբ արցախցիներիս համար շատ դժվար է լինում (իսկ մեզ համար այդ երբ է՝ որ դժվար չի եղել), միշտ մեզ հետ է լինում սիրելի բանաստեղծը, ռուս ժողովրդի արդարադատ ոգին։ Իսկ այդ ոգին ապրում է ժողովուրդ ներկայացնող իսկական առաջնորդների մեջ։ Հոգեւոր։ Դուդինն այդպիսինն է։

Արցախն աշխարհի ամենաշիկացած կետն է հիմա։

Խոստովանենք՝ բոլորը չէ, որ համարձակվում են շիկացած այդ կետին մոտենալ։ Դուդինը խիզախներից է։ Մեր մեջ դեռ թարմ են անցյալ տարվա ապրիլին այստեղ ասած նրա խոսքերը։ Այդ այցից հետո Արցախը մտավ բանաստեղծի երգերի մեջ։ Սրտի մեջ։ Հոգսի մեջ։ Տեսանք Դուդինի արդարադատ գործը։ Տեսնում ենք։ Ու կտեսնենք։

Հաճախ եմ մտածել՝ ինչո՞ւ են դուդինյան տողերն այնքան ջերմ ու սրտառուչ։ Եվ հիմա պարզ է պատասխանը՝ որովհետեւ նա իր երգերը կրակի պես քաղում է աշխարհի ամենաշիկացած կետերից... Նրա ուղին միշտ էլ թռիչք է դեպի կրակը։

Դաժան երկրաշարժի ցավն էլ նա կիսում է մեզ հետ, սպեղանի դառնում իր երգով։ Ի դեպ, հիշեցնեմ, որ տուժածներին առաջին օգնություն ցույց տվող առաջիններից մեկը Դուդինն էր, որ իր ստացած մրցանակի ամբողջ գումարը մտցրեց օգնության ֆոնդ։ Իսկ վերջերս նրա միջոցներով մի ամբողջ դպրոցական շենք է կառուցվում Հայաստանում։

Մեզ համար ծանր օրեր են։ Շրջափակման մեջ է Արցախը, բայց Դուդինին դա էլ չի կարող ետ պահել. նա լենինգրադցի է, նրան բլոկադայով չեն կարող վախեցնել։

Ճշմարտության բանաստեղծ է Դուդինը։ Նա Գորկու, Բրյուսովի, Գորոդեցկու իսկական ժառանգորդն է, հայ ժողովրդի մեծ բարեկամը։ Ասել է թե՝ բարեկամը ծանր պահերին է ճանաչվում։ Մենք գլուխ ենք խոնարհում Դուդինի մեծ պոեզիայի առաջ եւ երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ նա անում է որպես արդարության պոետ, որպես հայ գրականության խորհրդի նախագահը Մոսկվայում, իսկ այսօր նաեւ՝ որպես «Արցախ» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ։ Որպես Արցախի աննկուն դատապաշտպան։