Jump to content

Հարդագողի ճանապարհին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՐԴԱԳՈՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ


Պարզ գիշեր է.
Մեծ սար տանող կածանն ի վեր
Բարձրանում եմ...
Եվ թվում է, թե թափվում են
                աստղերը վառ
Երկնի կապույտ մովում կորած
Հսկա սարի կողերն ի վար։
Իսկ լուսինը, որ թիկնել է
                սարի ուսին,
Շուտով պիտի գահը թողած
                ձոր գլորվի...
Քայլում եմ ես։
Եվ ասես թե լուսնաթաթախ
Իմ այս երկա՜ր, երկա՜ր ճամփան
Գնում, հսկա սարի վրա
               միանում է
Հարդագողի ճանապարհին...
Քայլում եմ ես,
Դեպի անհուն հեռուները
                տիեզե՛րքի,
Որ այնտեղից քեզ համար, իմ
                առաջին սեր,
Մի փունջ բերեմ ես աստղերի։
Բայց իմ ճամփան շատ է երկար,
Վախենում եմ չսպասես ինձ,
                հանկարծ դավես,
Եվ տեսնելով
Հարդագողի ճանապարհին,
Աշխարհով մեկ
Հարդագող էլ ինձ անվանես...