Հարսնախոսություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աչքերս տալիս եմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Հարսնախոսություն)

Վարդան Հակոբյան

Երբ վերադառնամ
ՀԱՐՍՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


Ես ուզում եմ ինչ-որ բան պարզել.
պսակը իրեն գտավ ծաղկի մեջ,
երազվեց առուն դժվար դաշտերում,
իր թեւը քսեց գարունն իմ քիվին,
եւ իմ քայլերից ճամփան արթնացավ։

Ես ուզում էի ինչ-որ բան հուշել.
խաս հավքի բույնը սկսեց երգել,
հողը տաք խշշաց կանաչ ծառի շուրջ,
աչքը հարսնացավ շողից երազի,
խույս տվող հեռուն ընդառաջ եկավ։

Ես ուզում էի ինչ-որ բան մեկնել.
վանքը երեխա դարձավ դաշտի մեջ,
հավատն իրենից կերտեց ձեւերն իմ,
մատներս լույսի բանալի դարձան
եւ քո դռան մոտ բառերս կորցրի։

Ես ուզում էի ինչ-որ բան ասել.
Քարերը լույսի ոտքերը ընկան,
դու մորոտվեցիր ձայնի մեջ իմ մոր,
իմ տան քիվերին քսվեցին թեւեր
եւ վերադարձան ծիծեռնակները։