Երբ վերադառնամ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հարսնախոսություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Երբ վերադառնամ)

Վարդան Հակոբյան

Հավերժություն
***

Երբ վերադառնամ՝ բան եմ ասելու.
ամեն մի տերեւ՝ մի փոքրիկ նավակ,
գետում նավակի տեղ չի մնացել,
ճանապարհվում է աշունը հեռու...
երբ վերադառնամ՝ բան եմ ասելու։

Երբ վերադառնամ՝ բան եմ ասելու.
սառցալուլաներ կկախեմ ճյուղքից՝
գարնան սպասման հարուստ պաշարով,
մինչ ձյունն երեսիդ կսրբի մի ձեռք...
երբ վերադառնամ՝ բան եմ ասելու։

Երբ վերադառնամ՝ բան եմ ասելու.
միշտ քո ափի մեջ, բայց ձեռքիդ կարոտ
քո մաքուր հողն եմ... զոհասեղանին,
աչքով էլ դիպչես՝ կբերրիանամ...
երբ վերադառնամ՝ բան եմ ասելու։