Jump to content

Հեռավոր զանգ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԵՌԱՎՈՐ ԶԱՆԳ


Ուր էլ լինեին,
Երեկոները հավաքվում էին,
Թառում շահ ծառի կանաչ ճյուղերին,
               Գովերգում նրան,
Իրենց ծիվ-ծիվը փորձում աշխարհի
Ամենաքաղցր երգերի վրա։
Իսկ երբ խավարը
Թանձրանում էր, ու գիշերն էր գալիս,
Նրանք կողք-կողքի քուն էին մտնում՝
Պահված սոսափող տերեւների տակ։
Այսպես՝ ամեն օր։
Բայց աշուն եկավ,
Շահ ծառի վրա տերեւ չմնաց,
                Մերկացավ ծառը.
Եվ էլ իզուր էր
Ամեն երեկո սպասում նրանց.
Թռչունները վաղ մոռացան նրան։