Ծառի ամենաբարձր ճյուղերին տերեւները
ինչ-որ բան են շշնջում իրար, եւ
մեր գլխավերեւում ծնվում-ձեւավորվում է երկինքը։
(Աշխարհ գալով ամեն վայրկյան
բանաստեղծությունից հեռանում ենք։ Եվ միայն ծարավ
անձրեւների օգնությամբ է, որ իմանում ենք,
թե որտեղ է վերեւը)։
Ճշմարտության տեղ անցած սուտը շարունակ
նեղացնում է երկրի սահմանները։ Նա
փոքրիկ աղջիկ է, որ
ամեն ինչի միշտ նայում է այնպես, իբր ծիածանի
ծնունդ է դիտում, որի առաջին ականատեսն
ինքն է։
Օդը կոշտ է այնքան, որ, քայլելու ժամանակ, դեմքիս վրա
չանգռվածքներ են առաջանում։
Հարմարվել ծաղկի իրական պատկերին,
նշանակում է՝ նրա մեջ
սպանել իրականությունը։
Աշնան մի տերեւ քամուն
առաջնորդում է անտառ։ Գիշերը
համաձայնության նշան է։ Օրվա
հայացքը դառնում է անթեղի պողերը դեռ չկորցրած
աքլորակարմիր։
Տերեւների շշուկներում ծվարած աստղը չճանաչված
տերություն է՝ մեր երկրի
ու մեր սիրո նման,
որ դե՛ յուրե չի ընդունվում,
դե ֆակտո՝ հարատեւում է։ Եվ անվերջ մոտենում է պահը։
Ոչ մի բառ նախօրոք տեղյակ չի լինում, թե
գրվելու է իմ կողմից։ Ես քանդում եմ բոլոր
հեռուները եւ նորից դրանք հավաքում ոտքերով։