Հետներն առած պատգամ ու թուղթ...
* * *
Հետներն առած պատգամ ու թուղթ
Գավառացիք, ելած ջուխտ-ջուխտ,
Եկան հարգով, սըրտի դողով
Համագումար հայոց ժողով։
5
— Բարով եկաք, հազար բարի,
Դուք ծաղիկներ մեր գավառի.
Ողջույն տվավ, ինչպես կարգն էր,
Մեր հինօրյա Թիֆլիզը ծեր.
Դուք, որ էդպես ջուխտ եք գալիս,
10
Բա մեզ քա՞նի ձայն եք տալիս,
Գավառացի մեր ախպերտինք։
— Հինգ,
— Բայց Թիֆլիզը կենտրոն ու մե՜ծ․․․
— Թող լինի վեց։
15
— Զիջում արեք, մեկն ավելի։
— Չի կարելի։
— Ուրեմն էդպե՞ս․
Դե հիմի տես։
Թիֆլիզն եկավ շարան-շարան,—
20
Ընկերություն, ուսումնարան,
Ինժեներներ, բըժիշկ, տերտեր,
Տիկին, գրող, բյուրո մի բեռ,
Խըմբագիրներ թերթերից շատ,
Երեցփոխներ մի քանի հատ,
25
Վանքից եկան,
Բանկից եկան,
Իրենց տանից,
Ու Գըլդանից...
— Ծո՛, էս ինչ է, աստծու խաթեր,
30
Էսպես ժողով չենք տեսել դեռ,
Այսուհետև ո՞ւր կըմընա
Գավառի ձայն... գավառի շահ...
Այսպես ասին
Ի միասին
35
Մեր Երևան, Գյումրին ու Կարս.
Աղա Թիֆլիզ նայեց թարս-թարս,
— Տեղըդ նըստի՛ր, կոպի՛տ գավառ.
Քառսուն ձայնով ձգեց հավար,
Այնպես թնդաց ու վեր կացավ,
40
Որ գավառը նոր հասկացավ,
Թե ինչին են սեյմը ասում,
Ինչ է իրեն վաղն ըսպասում,
Ու, վախեցած էս փորձանքից,
Հանեց իսկույն իրեն ցանկից։