Հերոսի վերադարձը
ՀԵՐՈՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Ազգերի ահռելի պատերազմը տակնուվրա արավ Մագդալինա Մաքայանի կյանքը։ Ապրել էր նա մինչև այդ ժամանակ անդորր, անգույն, անարյուն, բայց երջանիկ կյանքով: Սիրե՞լ էր նա իր ամուսնուն այնպես, ինչպես սիրում է կինը տղամարդուն։ Սիրվե՞լ էր արդյոք նրանից։ Ինքներդ դատեցեք: Տասնևութ տարեկան մի շատ սովորական, շատ պարզ աղջիկ էր, ոչ հիմար և ոչ էլ շատ խելոք, երբ ամուսնացավ «պոդպորուչիկ» Աբգար Մաքայանի հետ։ Ամուսնացավ առանց երկար մտածելու և երկար տատանվելու, որովհետև արդեն մանուկ հասակից լսել էր, որ երբ ոչ հարուստ մի ընտանիքի աղջիկ դպրոցն ավարտում է, երբ գիտե քիչ թե շատ նվագել դաշնամուր, պարել, զվարճախոսել, պետք է ամուսնանա, եթե չի ուզում իր ծնողների համար ավելորդ բեռ դառնալ։
Այսպես թե այնպես, Մագդալինան իրեն անբախտ չէր զգում, ինչպես չի կարող անբախտ զգալ իրեն մի հավ, որ ունի առատ կուտ և տաք բույն։ Նա նույնիսկ երջանիկ համարեց իրեն այն պահից, երբ ունեցավ առաջին զավակը և երկու տարի չանցած՝ երկրորդը—մեկը տղա, մյուսը աղջիկ։ Եվ իր ամբողջ էությամբ անբաժան նվիրվեց նրանց։ Այնպես, ինչպես կարող է նվիրվել միայն այն էակը, որ կյանքի խորհուրդը պարփակել է ընտանեկան սահմանափակ շրջանակի մեջ։ նա մոռացավ ամենքին և ամեն ինչ, որ կապ չուներ իր զավակների ճակատագրի հետ։ Նրա դաշնամուրի կափարիչն օրերով և շաբաթներով չէր բարձրանում։ Հագնվում էր անփույթ, առանց որևէ ուշադրություն դարձնելու իր արտաքինի վրա։ Նույնիսկ ամուսինը դարձավ նրա աչքում մի տեսակ շնչավոր մեքենա, որ ստեղծված է գործելու միայն և միմիայն երեխաների համար և որ չի կարող նրանցից դուրս ունենալ ոչ հոգս, ոչ ցանկություն։
— Գիտե՞ս, Աբգար,— ասում էր նա մայրական անզուսպ և կույր զգացման բուռն գրգռման պահերին, գրկելով մի ձեռով մեծ, մյուսով փոքր զավակին,— եթե տերը մի արասցե, սրանց մի բան պատահի, ես առանց մի վայրկյան տատանվելու, ինձ կսպանեմ։
— Լավ, հիմար-հիմար մի՛ դուրս տա,— կրկնում էր Աբգարը, հանգիստ ժպտալով այն լայն, պայծառ ժպիտով, որ միայն անկեղծ և բարեսիրտ մարդկանց է պարգևված և որ մի առանձին գրավչություն է տալիս նրանց դեմքերին, որքան ևս տգեղ, որքան ևս այլանդակ լինեն նրանք։
Այսպես ապրեց Մագդալինան ինը տարի, միշտ հանգիստ, միշտ անվրդով, ինչպես մի անգամ արդեն իր ուղին հարթած դաշտային գետակ։ Մի օր Աբգարը տուն եկավ հուզված և թուրն ուսից վար դնելով, ասաց.
— Ա՜հ, վերջապես։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց Մագդալինան, որ այդ ժամանակ զբաղված էր փոքր երեխայի հագուստը փոխելով։
Զորաժողով է հայտարարված։
— Զորաժողո՞վ,— արտասանեց Մագդալինան անգիտակցաբար, առանց նայելու ամուսնու երեսին։
— Այո, սիրելիս։ Եվ շատ հավանական է, որ մեր գունդն էլ ուղարկեն, հետևաբար և՛ ինձ։
— Ո՞ւր պիտի ուղարկեն,— հարցրեց Մագդալինան, տակավին լավ չըմբռնելով հաղորդված լուրի ամբողջ լրջությունը։— Ի՞նչ ես ուզում ասել:
— Ուզում եմ ասել, որ պատերազմ է լինելու։
— Պատերա՜զմ։
Մագդալինան բաց թողեց երեխային և իր խոշոր, սևորակ աչքերը, որ այնքան գեղեցիկ էին և այնքան միամիտ, հառեց ամուսնու երեսին։ Այն միտքը, թե Աբգարը պիտի գնա պատերազմի դաշտ, թվաց նրան այնքան տարօրինակ, որ նա կարծեց, թե ամուսինը մի չար կատակ է անում։
Նա հարցրեց.
— Այդ ի՞նչ է նշանակում։
— Այդ նշանակում է, սիրելիս, որ ես կամ մի քանի ամսից հետո, կվերադառնամ, կամ երբեք չեմ վերադառնա։ Ես չէի ուզում հանկարծակի հայտնել, բայց քանի որ այնքան քաջ եղար, որ առաջին լուրը լսեցիր առանց ուշաթափվելու, կասեմ, արդեն որոշված է մեզ ուղարկել։
— Ո՞ւր։
— Հայտնի չէ։
— Ե՞րբ։
— Տասն օրից հետո։
Մագդալինան գլուխը թեքեց կրծքին, տխուր հառաչեց և մի փոքր անցած, շարունակեց,
— Իսկ երեխանե՞րը...
— Իսկ երեխաները կշարունակեն պատերազմել քեզ հետ,— հեգնեց Աբգարը նույն զվարթ եղանակով։
— Դու կատակ ես անում, բայց իմ հոգին միանգամայն տակնուվրա եղավ։ Չէ՞ որ դու կարող ես վիրավորվել:
— Կարող է պատահել։
— Նույնիսկ սպանվել։
— Այդ էլ մի անսպասելի բան չէ:
— Հետո՞։
—- Հետո ի՜նչ։ Դու կլինես երիտասարդ, հետաքրքրական այրի։ Երևակայում եմ, ինչպես սազ կգա քեզ սգազգեստը։ Կարող եմ այժմվանից երաշխավորել, որ դու կունենաս բազմաթիվ երկրպագուներ...
Եվ Աբգարը բարձրաձայն ծիծաղեց, ցույց տալով հաստ շրթունքների տակից սպիտակ, մաքուր, առողջ ատամների շարքերը։
— Լռի՛ր,— գոչեց Մագդալինան, անկեղծ վրդովվելով,— ինձ անհանգստացնում է երեխաների վիճակը։
Աբգարը բացատրեց, թե երեխաները կպահվեն ավելի լավ քան մինչև այժմ։ Պատերազմի ժամանակ զինվորականների ռոճիկներն ավելացվում են։ Մագդալինան կստանա Աբգարի այժմյան ամսականը, իսկ ավելացումը նրան բավական է։ Պատերազմի վայրում փող ծախսելու համար մեծ պետքեր չկան։ Այնուհետև, չէ՞ որ նրա հայրական երկու զույգ կիսախարխուլ խանութների վարձքն էլ կա Մագդալինայի համար։
— Ես այդ մասին չեմ մտածում,— ընդհատեց Մագդալինան,— այլ... — Այլ ի՞նչ:
— Ես երևակայել չեմ կարող, թե ինչպես կարելի է առանց քեզ ապրել։ Երեխաներն առանց իրենց հո՜ր... ոչ, ոչ, դու ամեն բան կատակ ես դարձնում։ Լավ մտածիր։ Նրանք կարող են քո կարոտից հիվանդանալ, կարող են մինչև անգամ...
— Լավ, մի՛ երկարացնի,— ընդհատեց Աբգարը,— երեխաներն առհասարակ շատ հեշտ են ընտելանում իրենց վիճակի փոփոխությանը: Անցյալի հիշատակը նրանց համար վառոդի ծուխ է, կար և վայրկյան չանցած՝ չքացավ։
Եվ նա շարունակեց համոզել Մագդալինային հաշտվել հանգամանքների հետ։ Կան մարդու համար պարտականություններ, որոնց կատարելը բարձր է, քան ամեն մի երջանկություն, քան նույն ինքը կյանքը։ Նա շատ ուրախ է, որ, վերջապես, թշնամու երես պիտի տեսնե։ Լինել զինվորական ամբողջ 15 տարի և վառոդի հոտ չզգալ, ամոթալի է։ Իսկական զինվորականը նա է, որ հոգին պատերազմի դաշտումն է ավանդում: Գոնե նրա զավակներն ապագայում պարծանքով կասեն, որ իրենց հայրը մեռավ ինչպես մարդ և ոչ թե սատկեց ինչպես պառավ աքաղաղ հավաբնում։
Մագդալինան հոգու խորքում մի առ մի հերքեց Աբգարի բոլոր առարկությունները, այնքան վայրենի էր նրա համար սպանելու կամ սպանվելու գաղափարը։ Բայց չհակաճառեց։ Նա զգաց, որ ներկա դեպքում հակաճառությունը կլինին ապարդյուն և ոչ պատվաբեր մի տակավին երիտասարդ զինվորականի կնոջ համար։
Հետևյալ առավոտից նա սկսեց զբաղվել Աբգարի ճերմակեղենը կարգի բերելով։ Հետզհետե նա հաշտվեց պատերազմի անհրաժեշտության մտքի հետ, որ այնքան ջերմեռանդ պաշտպանում էր Աբգարը, և այլևս դադարեց բողոքել ճակատագրի դեմ։
Ուղևորության օրը Մագդալինան երեխաների հետ գնաց երկաթուղու կայարանը Աբգարին ճանապարհ դնելու։ Նա կարողացավ կատարել ամուսնու խիստ պատվերը՝ հրաժեշտի պահին ոչ միայն լաց չլինել կամ տխուր դեմք ցույց չտալ, այլև աշխատել երևալ ուրախ ու զվարթ...
— Դու գիտես, որ ես մի քիչ հայրենասեր եմ,— ասաց Աբգարը կեսլուրջ և կեսկատակով.— չեմ ուզում, որ օտարները կարծեն, թե հայ կինը պակաս քաջ է, քան մյուս ազգերի կանայք։
Եվ նա հիացավ Մագդալինայի սառնասրտությամբ, երբ հասավ հրաժեշտի վերջին րոպեն։
Բայց երբ Մագդալինան տուն վերադարձավ, երբ աղախինը սամովարը ներս բերեց, երբ երեխաները, կարծես բնազդաբար գուշակելով իրենց մոր հոգեկան դրությունը՝ լուռ նստեցին սեղանի քով, երբ այլևս չերևաց Աբգարի միշտ պայծառ, միշտ կենսախինդ, միշտ ժպտուն դեմքը, երբ չլսվեց նրա քիչ խուլ, բայց մեղմ, համակրելի բարիտոնը, մի անսովոր, ծանր վիշտ համակեց նրա հոգին։ Թվաց նրան, որ այն, ինչ որ եղել է ինը տարի շարունակ, անցավ, գնաց անվերադառնալի, որ մի ինչ-որ աներևույթ զորություն մի ուժգին հարվածով կտրեց նրա գոյության սովորական ընթացքը, որ այնքան սահուն էր, այնքան անաղմուկ և երջանիկ իր անգունության մեջ։ Թվաց նրան, որ այդ օրից առմիշտ անհետացավ խաղաղության հովանավոր հրեշտակն այս համեստ, անդորր կացարանից, ուր ոչ մի երկպառակություն տեղի չէր ունեցել, ոչ մի կծու, վիրավորական խոսք չէր արտասանվել ինը տարվա ընթացքում։
Անհետացավ, և նրա տեղը եկավ նստեց մի անկոչ հյուր, դաժան, անողոք, զարհուրելի ստվերը պատերազմ կոչված հրեշի՝ պատերազմ տարված զինվորականի որբացյալ ընտանիքում։ Մի սոսկալի մղձավանջ, որ իր լռությամբ իսկ պիտի թունավորի նրա կյանքը և խափանե այդ փոքրիկ, այդ անմեղ էակների բախտը, որ այնքան ապահով, այնքան անձեռնմխելի էր թվում մինչև այժմ։
Եվ նա չկարողանալով իրեն զսպել, թողեց երեխաներին, անցավ սեղանատնից ննջարան, ընկավ երեսն ի վար անկողնակալի վրա և սկսեց դառն հեկեկալ, գլուխը թաղելով բարձի մեջ, որպեսզի ձայնը չհասնի երեխաներին։ Հեկեկալ այնպես, ինչպես հեկեկում էր մանուկ հասակում, երբ խլում էին նրանից իր սիրած խաղալիքը։
— Մամա, լաց մի լինիր, բավական է,— լսեց նա հանկարծ և անմիջապես գլուխը բարձրացրեց, աչքերը սրբեց, աշխատելով թաքցնել իր վիշտը։
Նրա առջև կանգնած էր վեց տարեկան Գարիկը։ Գեր, առողջ, զվարթ, ժպտուն՝ կատարելապես իր հայրը։
Մայրը ղրկեց նրա գլուխը, սեղմեց կրծքին և ջերմագին համբուրեց արագ-արագ արտասանելով.
— Ոչինչ, բալիկս, ոչինչ։ Ես լաց չէի լինում։ Ընդհակառակը, ծիծաղում էի։ Գիտես ինչո՞ւ։ Միտս եկավ այն փոքրահասակ, նիհար կոզակը մեծ մորուքով, մեծ փափախով, որ աշխատում էր իր ընկերների պես մեծ երևալ։ Հիշո՞ւմ ես՝ ինչպես նրա երկար դաշույնը փաթաթվում էր ոտքերին:
Բայց զգայուն մանուկը չհավատաց մոր կեղծիքին և չծիծաղեց։
— Մամա, պապան ո՞րտեղ գնաց,— հարցրեց նա, ձեռիկը դնելով մոր հերարձակ գլխի վրա։
— Չգիտեմ։
— Ինչո՞ւ գնաց։
— Չգիտեմ։
— Հա, հասկանում եմ, դու ինձանից թաքցնում ես։ Ասում ես, երեխա է։ Թող չիմանա։
Լավ, մի մտածի, պապան շուտով կվերադառնա։
— Չէ, մամա, նա շուտով չի վերադառնա։ Եթե ուզում ես իմանալ, նա կարող է իսկի էլ չվերադառնալ, գիտե՞ս, իսկի էլ... Մագդալինան ցնցվեց սարսափից։ Մանկան խոսքերը նրան թվացին ինչ-որ նախագուշակում։
— Սուս, լեզուդ կկտրեմ,— գոչեց նա, ձեռքով փակելով Գարիկի բերանը։
Կարծես դրանով ուզում էր առաջն առնել մի դժբախտության, որի նախազգացումն ինքն էլ ուներ հոգու խորքում։
Բայց մանուկը չզսպեց իրեն։
— Մամա,— շարունակեց նա,— դու կարծում ես ես հիմա՞ր եմ, ոչինչ չգիտե՞մ։ Դենշչիկը[1] ինձ բոլորն ասել է։
— Ի՞նչ է ասել քեզ այդ հիմարը։
— Իսկի էլ հիմար չէ Գերմոգենը։ Նա ինձանից խելոք է, նա ասում էր, որ պապան գնում է գերմանացիների հետ կռվելու։ Կայսրն է հրամայել։ Ասել է՝ կոտորեցեք այդ երշիկ ուտողներին, շատ են երես առել։ Օ՜ իմ պապան քաջ է։ Ոչ ոքից չի վախենա։ Նա այդ գերմանացիների գլուխները կկտրե իր թրով։ Դու մի անհանգստանա, կտեսնես։
— Այո, իհարկե, պապան քաջ է, ես նրա մասին չեմ վախենում,— քաջալերեց Մագդալինան փոքրիկին։
Հյուսիսային նահանգական մի քաղաքից ստացվեց հետևյալ հեռագիրը.
«Հասա ողջ-առողջ։ Գնում ենք ավելի հեռու։ Համբուրում եմ։ Գրիր իմ թողած հասցեով։ Աբգար»։
Այս հեռագրին հաջորդեց առաջին նամակը, որին հետևեց երկրորդը, ապա երրորդը, և այնուհետև Աբգարը լռեց...
Այդ պահից ահա սկսվեցին Մագդալինայի իսկական տանջանքները։ Մեկը մյուսից չար կասկածներ և ենթադրություններ պաշարեցին նրան որպես թունավոր սողուններ։ Մեկը մյուսից զարհուրելի տեսիլներ պատկերացան նրա առջև որպես գերեզմանային ուրվականներ։
Հանուն զավակների հանգստության նա հերոսական ճիգեր էր գործ դնում իր հոգու տառապանքները թաքցնելու համար։ Մերթ այդ հաջողվում էր նրան, բայց հաճախ՝ ոչ։ Եվ քիչ անգամ չէր արտասվել նա, նույնիսկ երեխաների ներկայությամբ։
Ամեն օր պոստ ստացվելու ժամանակին նստում էր լուսամուտի առջև, նայում էր դեպի բակը, սրտի բաբախումով սպասում նամակի։ Գալիս էր պոստաբերը, անցնում էր դեպի հարևանները, և նրա հարցին շարունակ պատասխանում էր սառնարյուն.
— Չկա, տիկին։
Ամեն առավոտ նա աղախնին ուղարկում էր հեռագրեր ու լրագրեր գնելու, կարդում էր ծայրեծայր բոլորը, ինչ որ պատերազմին էր վերաբերում, հուսալով գտնել որևէ տեղեկություն, եթե ոչ Աբգարի, գոնե այն գնդի մասին, որին նա պատկանում էր։ Եվ ոչ մի լուր։ Նա գիտեր, որ պատերազմը մեծ է, անօրինակ, որ միլիոնների բանակներ են դուրս եկել իրարու դեմ, որ մի ինչ-որ գունդ մի բուռ ջուր է վիթխարի հեղեղի մեջ. նա գիտեր, որ մարդիկ սպանվում, վիրավորվում, դերի են վերցվում տասնյակ հազարներով, բայց և այնպես չէր դադարում հուսալ ծովի ավազում գտնել այն միակ հատիկը, որ ամենից փայլունն էր նրա համար, ամենից գնահատելին։
Լրագիրներ կարդալով, հարկավ, այժմ նա գիտեր՝ որտեղից է առաջացել այդ դժոխային ողբերգությունը։ Եվ այն էակը, որի անարատ բերանը մինչև այդ ժամանակ չէր արտասանել մի կոշտ բառ անգամ, այժմ կծու դարձվածքներով անիծում էր նրան, որին անիծում էին անխտիր ամենքը — Վիլհելմ Հոհենցոլլերնին։ Մի անծանոթ մարդու, որի մասին նա մինչև պատերազմ ոչ մի գաղափար չուներ, վասնզի երբեք չէր հետաքրքրվել քաղաքականությամբ։ Անիծում էր ոչ միայն նրան, այլև նրա զավակներին․ կնոջը, ցեղը, ազգը, երկիրը և այն օդը, որ նա շնչում է։
նրա ատելությունը դեպի Գերմանիան և գերմանացիներն այնտեղ հասավ, որ սկսեց թշնամաբար նայել և այն գաղթական գերմանուհուն, որ ինը տարի անընդհատ ամեն օր կաթ էր բերում նրա համար։ Եվ այսպես, չարությունը ճանապարհ գտավ դեպի մի սիրտ, որ երբեք ոչ ոքի դեմ ոխ և ատելություն չէր ունեցել։ նա գիշեր-ցերեկ աղերսում էր աստծուն լինել անողոք վրիժառու դեպի մի ազգ, որին չէր ճանաչել ոչ լավ և ոչ վատ կողմից։
Այդպես անցկացրեց Մագդալինան պատերազմի առաջին ամիսը։ Այնուհետ և փոքր առ փոքր մեղմացավ նրա հոգեկան փոթորիկը, և սովորական առողջ բանականությունը, որից զուրկ չէր, տակավ առ տակավ տիրացավ իր սրբազան իրավունքներին: Վրեժի, ատելության և անզոր չարության քաոսի մեջ նա կարողացավ գտնել արդարամիտ դատողության թելը և բռնեց նրա ծայրից տկար ձեռքերով: Ոչ այնքան գիտակցաբար, որքան բնազդաբար։
Նա մտածեց, որ անմտություն և խղճի դեմ դավադրություն է մեկ մարդու կամ մի քանիսի հանցանքը տարածել մի ամբողջ ազգի վրա։ Չէ՞ որ մարդկային անհուն բազմության ճակատագիրն ամենուրեք գտնվում է մի բուռ անհատների ձեռքերում։ Չէ՞ որ երբ իշխաններն ու զորավարները հրամայում են, ծառաներն ու թույլերը ստիպված են կատարել նրանց հրամանը, որքան ևս անմիտ, որքան ևս անհեթեթ լինի այդ հրամանը։
Ամեն օր նա դողդոջուն ձեռքերով բաց անելով տեղական լրագիրը՝ նախ և առաջ աչքի էր անցկացնում սպանվածների և վիրավորվածների անվերջ ցուցակները։ Երբ հասնում էր Մ. տառին, մի պահ կանգ էր առնում, նրա ձեռքերը թուլանում էին ու լրագիրը բաց թողնում ծնկների վրա։ Նրա տառապող սիրտը սկսում էր այնպես ուժգին բաբախել, որ կարծես, ձգտում էր դուրս սպրդել կրծքի տակից, ինչպես նոր ձերբակալված թռչունը վանդակից։
Մի առավոտ աղախինը, որ երեխաներին տարել էր իրենց տատի մոտ և նոր վերադարձել էր խոհանոց, հանկարծ լսեց մի բարձր ու սուր ճիչ։
Նա իսկույն վազեց սեղանատուն, որտեղից լսվեց ճիչը։
Այնտեղ, լուսամուտի առջև առավոտյան արեգակի մեղմ ճառագայթների տակ, օրվա լրագիը ձեռքում՝ ձգված էր Մագդալինան անշնչացած։ Տարիքը գուշակելով շփոթված աղախինը վազեց պատշգամբ և բարձրաձայն օգնություն կանչեց։ Ապա, վերադառնալով չոքեց տիրուհու մոտ։
Եկան մի քանի հարևան կանայք, և աղախինը նրանց օգնությամբ ուշքի բերեց Մագդալինային ու նստեցրեց թախտի վրա։ Նա գունատ էր ինչպես ճերմակ կտավ։ Նրա կապտած շրթունքները կպել էին ատամներին և դողդողում էին։
— Ի՞նչ պատահեց,— գոչեցին հարևան կանայք, արդեն լրագրից գուշակելով, թե ինչ կարող է պատահած լինել։
— Նրան սպանել են,— հազիվ կարողացավ արտասանել Մագդալինան և նորից ուշաթափվեց։
Երբ նորից ուշքի բերեցին նրան, սկսեց դառնագին հեկեկալ, արտասանելով.
— Ես նախազգում էի, գիտեի, որ նա սպանվելու է։
Ոչ ոք չխանգարեց նրա հեկեկանքը, գգալով, որ նման դեպքերում մխիթարական խոսքերն անզոր են։ Աղախինը վազեց դժբախտ լուրը Մագդալինայի ծնողներին հայտնելու, պատվեր ստանալով երեխաներին ոչինչ չասել և չբերել տուն:
Եկան ծնողները։ Մայրն իր հեկեկանքը խառնեց դստեր հեկեկանքին։ Իսկ հայրն ասաց, թե լրագիրների ցուցակին հավատալ չի կարելի, թե հարկավոր է շտաբում տեղեկանալ։ Եվ ինքը շտապեց տեղեկանալու։
Կես ժամ անցած նա բերեց դժբախտ լուրի հաստատությունը։ Այո, շտաբում ստացված ցուցակի մեջ կա մի պորուչիկ Աբգար Մաքայան անունով։ Սպանված է նա անկասկած Լեմբերգի մոտ տեղի ունեցած ճակատամարտերից մեկում...
Մագդալինան պահանջեց, որ հեռագրվի այն զորաբանակի հրամանատարին, որին պատկանում էր Աբգարի գունդը։ Երեք օր անցած ստացվեց հետևյալ հեռագիրը։
«Տեղեկացեք կովկասյան շտաբում»։
Այլևս կասկած չմնաց:
Մագդալինան պահանջեց, որ Աբգարի դիակը գտնվի և Կովկաս բերվի։ Պահանջը համարվեց անիրագործելի։ Ասացին, որ պորուչիկը սպանված է երկու շաբաթ առաջ, որ անտարակույս նրան թաղել են հենց սպանման օրը, որ զուր կլինի ամեն ջանք նրա դիակը գտնելու և այլն, և այլն...
Մագդալինան համոզվեց, որ, արդարև իր պահանջն անիրագործելի է։ Նա բավականացավ սովորական հոգեհանգստով, հետևելով ուրիշների օրինակին։
Այլևս նա դադարեց հետաքրքրվել պատերազմով։ Այլևս հեռագրերն ու լրագրերը կորցրին նրա աչքում իրենց նշանակությունը։ Միակ կենդանի կապը, որ կար նրա և սոսկալի արհավիրքի միջև, կտրվեց։ Չկա այդ կապը, չկա և արհավիրքը։ Իսկ համայնական վիշտ կրելու համար նրա սիրտը տեղ չունի իր մեջ, այնքան խոշոր է անձնականը։
Եվ խորասուզվելով ինքն իր մեջ, նա չգիտեր՝ ինչ է կատարվում դրսի աշխարհում, չէր էլ ուզում իմանալ։ Միակ բանը, որ նրան զբաղեցնում էր, բացի վշտից երեխաների վիճակն էր։ Հարկավոր էր նրանց ապահովության մասին հոգալ։ Երբ նրա հայրը գնաց ուր հարկն է տեղեկանալու, թե ինչ կարգադրություն կա սպանված օֆիցերների որբացյալ ընտանիքների վերաբերմամբ, պատասխան ստացավ, թե տակավին ոչ մի կարգադրություն չկա և թե բարձրագույն իշխանությունը անշուշտ որևէ հրաման կարձակե շուտով...
Մագդալինան չբողոքեց։ Նա արեց այն․ ինչ որ կարող էր անել. կրճատեց իր ծախքերը մինչև մինիմում Ով որ նրան ասաց, թե պատերազմում սպանվածների մերձավորները որոշել են սգազգեստ չհագնել հասարակության տրամադրության վրա չներգործելու համար։ Նա վրդովվեց, ասելով, թե ոչ ոքի վզին չի ուզում փաթաթել իր վիշտը, և թող ոչ ոք էլ չխանգարի նրան իր վիշտը կրելու այնպես, ինչպես ինքն է կամենում։ Եվ իր խոսքին հավատարիմ մնալով, նա դադարեց տնից դուրս գալ՝ ծանոթներին չհանդիպելու համար։ Նա դադարեց այցելել նույնիսկ իր ծնողներին և քույրերին, որոնց կարեկցությունը նրան ավելի գրգռում էր, քան սփոփում։ Նա չէր ուզում անգամ ոչ ոքի ընդունել և չէր թաքցնում իր դժկամությունը, երբ մերձավորներն այցելում էին նրան։
Նա մեծացնել տվեց Աբգարի ամենահաջող լուսանկարը, որ նկարված էր դեռ ամուսնությունից առաջ, գրեց սև շրջանակի մեջ և կախեց պատի վրա, Աբգարի գրասեղանի վերև։ Եվ դա եղավ նրա ամենասիրելի ընկերն ու խոսակիցը։ Երեխաներից թաքուն նա նստում էր այդ լուսանկարի առջև երբեմն ժամերով, նայում էր նայում, հառաչում, արտասվում մեղմիկ։ Դարձյալ նայում։ Մերթ ընդ մերթ նկարն այնքան կենդանանում էր, որ, կարծես, շունչ էր առնում և ձգտում էր դուրս գալ շրջանակից։ Այդպիսի րոպեներին Մագդալինայի հոգու խորքից բարձրանում էր կասկածի, թե հուսո նման մի բան և պաշարում նրան։ Թվում էր նրան, որ ինքը և ամենքը մոլորության մեջ են, որ կատարում են հանցանքի հավասար մի սխալ, կարծելով, թե Աբգարը մեռած է, որ խելառություն էր այդպես շուտ, առանց ստուգելու հավատալ նրա սպանմանը։ Բայց անցնում էին րոպեները և ցնորքը չքանում էր՝ տեղի տալով կատարված իրողությանը...
Մի անգամ — պատահեց այս հոգեհանգստից մի ամիս ու կես անցած — Մագդալինան ննջարանում կրտսեր երեխայի համար շապիկ էր կարում, երբ Գարիկը սովորական աղմուկով հանկարծ ներս վազեց՝ գոչելով.
— Մամա, այնտեղ մի մարդ ուզում է քեզ տեսնել: — Ո՞վ է։
— Չհարցրի։
Մագդալինան կարը դրեց մի կողմ, հանդարտ վեր կացավ և դուրս եկավ սենյակից։
Պատշգամբի վրա կանգնած էր մի անծանոթ «Կարմիր խաչի» հողագույն համազգեստով. աջ թևի վրա խաչի նշանը։
— Ի՞նչ եք կամենում,— հարցրեց Մագդալինան։
— Տիկին, դոկտոր Վարազդանովը ձեզ խնդրում է շնորհ բերել իր մոտ։
— Ո՞վ է դոկտոր Վարազդանովը։
— Հիվանդանոցի կառավարիչը։
— Ի՞նչ գործ ունի նա ինձ հետ։
— Չգիտեմ,— պատասխանեց անծանոթը, երեսը մի կողմ դարձնելով և նկատելու աստիճան շփոթվելով։
— Ասացեք դոկտորին, որ ես ժամանակ չունեմ տնից դուրս գալու, մանավանդ որ ծանոթ չեմ նրա հետ։
— Բայց, տիկին, գործը շատ կարևոր է:
Մագդալինան նայեց նրա երեսին խոր հայացքով զգալով ինչ-որ տարօրինակ կասկած։
— Ինչպես երևում է, դուք գիտեք՝ ինչու համար է ինձ կանչում դոկտորը,— ասաց դրական եղանակով։— Ինչո՞ւ եք թաքցնում, ասացեք։
— Տիկին, գուցե գիտեմ, բայց ինձ իրավունք չէ տրված ասելու։ Եկեք և ինքներդ տեսեք։ Ես արդեն կառք եմ բերել ձեզ համար։ Կես ժամում նա մեզ կհասցնի հիվանդանոց։
— Շատ լավ,— արտասանեց Մագդալինան և շտապով հագնվեց ու դուրս եկավ անծանոթի հետ։
Ճանապարհին նա այլևս ոչ մի հարց չտվեց, վախենալով լսել մի վատ բան...
Կես ժամ անց քաղաքի ծայրում կառքը կանգ առավ մի մեծ շինության առջև, որ բաղկացած էր մի քանի մասերից։
Կարմիր խաչ կրողը նրան ընդարձակ բակով առաջնորդեց դեպի մեկը այդ մասերից և հրամայեց ներս մտնել։ Ընդունարանում, ուր նստած էին մի քանի կանայք տխուր դեմքերով, ձեռներում ունենալով զանազան կապոցներ, նրան դիմավորեց մի բարձրահասակ մարդ շատ նիհար դեմքով և ալեխառն մորուքով։
— Ներեցեք, տիկին,— ասաց նա, որ ինքը դոկտոր Վարազդանովն էր,— որ ես ձեզ նեղություն պատճառեցի, բայց այդ իմ կամքով չէր, այլ...
Դոկտորը մի վայրկյան, կանգ առավ, տատանվեց, ապա իր չոր-չոր ու երկայն մատներով ուղղելով ակնոցը՝ աավելացրեց.
— Նախքան մյուս սենյակ անցնելը, պատրաստվեցեք լսելու մի շատ ուրախ լուր... Ձեր ամուսինը, որին սպանված էիք համարում, կենդանի է։
— Կենդանի՞ է,— կրկնեց Մագդալինան իր լսողությանը չհավատալով...
— Այո, տիկին, կենդանի է և գտնվում է հարևան սենյակում։
— Բայց, դոկտոր, դուք այդ ուրախ լուրն այնքան էլ ուրախ եղանակով չեք հաղորդում ինձ...
— Մենք, բժիշկներս, պարտավոր ենք նման դեպքերում թաքցնել և՛ մեր ուրախությունը, և՛ մեր տխրությունը,— խույս տվեց ուղիղ պատասխանից դոկտոր Վարազդանովը։
— Ես ուզում եմ նրան տեսնել իսկույն ևեթ,— հուշեց Մագդալինան, քայլերն ուղղելով դեպի դռները։
— Մի րոպե,— արգելեց բժիշկը։ Բռնելով նրա թևը։
Նա գնաց հարևան սենյակը, դռները ծածկելով իր ետևից։ Մի րոպե չանցած, վերադառնալով, ասաց.
— Այժմ կարող եք գնալ։ Միայն խոսք տվեք, տիկին, որ ինչ էլ որ տեսնեք, պիտի զսպեք ձեզ և աշխատեք չսաստկացնել ձեր ամուսնու հուզմունքը։ Տալի՞ս եք ազնիվ խոսք։
— Տալիս եմ։— ասաց Մագդալինան դրական եղանակով, իրավ որ զսպելով իրեն։
Դոկտորը դռները բաց անելով, ասաց.
— Մտեք։
Սենյակը, ուր մտավ Մագդալինան, բավական ընդարձակ էր և խիստ լուսավոր։ Երկու լուսամուտներից մեկի առջև, ձյունի նման ճերմակ պատի տակ, դրված էր մի մաքուր անկողնակալ:
Ներս մտնելով, Մագդալինան մի վայրկյան նայեց աջ ու ձախ, առաջին պահ ոչինչ չնկատելով լուսո առատության պատճառով։ Գթության քույրը, որ լուռ կանգնած էր լուսամուտի առջև, գլխի նշանով ցույց տվեց նրան անկողնակալը։
Մագդալինան մոտեցավ։ Այնտեղ պառկած էր Աբգարը, ճերմակ վերմակով ծածկված մինչև կոկորդը։ Նա լուռ ժպտում էր այն վայրկյանից, երբ Մագդալինային տեսավ։ Եթե չլիներ այդ բնորոշ ժպիտը, որ երևան հանեց նրա գեղեցիկ ատամների շարքերը, հազիվ թե Մագդալինան առաջին պահ նրան Աբգարի տեղն ընդուներ․ այնքան կերպարանափոխվել էր պորուչիկը։ Նրա մորուքը բավական երկարացել էր և տեղ-տեղ ճերմակել։ Նրա մի ժամանակվա լիք-լիք զվարթ դեմքը նիհարել էր, գունատվել և ծածկվել խոր խորշերով։
Հիշելով դոկտոր Վարազդանովին տված խոսքը, Մագդալինան ճիգն արավ և կարողացավ զսպել այն սուր ճիչը, որ պատրաստ էր դուրս ժայթքելու ամիսուկեսվա տառապանքներից հոգնած կրծքից։
Նա միայն արտասանեց.
— Աբգա՜ր։
Եվ, թեքվելով, համբուրվեց նրա հետ։
— Նստիր,— ասաց Աբգարը առաջվա խռպոտ բարիտոնով, որ սակայն մի փոքր վայրենացած թվաց Մագդալինային։
Գթության քույրն աթոռ մոտեցրեց և ինքը շտապեց դուրս գալ սենյակից։ Մագդալինան նստեց։
— Դեհ, պատմիր, այդ ի՞նչ սոսկալի թյուրիմացություն էր,— արտասանեց նա հուզված ձայնով, հազիվ կարողանալով երևալ արի։— Ես քեզ սպանված էի համարում։
— Գիտեմ, դու մինչև անգամ հոգեհանգիստ ես կատարել և սգազգեստ հագել։ Բայց նախ և առաջ ասա՝ երեխաներն առո՞ղջ են:
— Իմ սպանման լուրը,— ասաց Աբգարը, մի քանի վայրկյան լռելուց հետո,— այն հասարակ սխալներից է, որ շատ սովորական են պատերազմի, մանավանդ այդպիսի պատերազմի ժամանակ։
— Իսկ դու, որ գիտեիր, թե ի՞նչ վիշտ կարող է ինձ պատճառել քո մահվան լուրը, ինչո՞ւ չհերքեցիր։
— Ես իմացա այն ժամանակ, երբ հերքելն ուշ էր, որովհետև իմ հերքումից առաջ ես կարող էի այստեղ գալ։
— Բայց ինչո՞ւ վերջին ժամանակները նամակ չէիր գրում։
— Չէի կարող գրել, որովհետև շարունակ կռիվների մեջ էի։
— Դու ծա՞նր ես վիրավորված։
Աբգարը տատանվեց իսկույն պատասխանել։ Հայացքը հեռացնելով Մագդալինայից՝ նա արտասանեց.
— Իմ վերքերն արդեն բուժվել են։
— Բոլորովի՞ն․․․
— Բոլորովին,— պատասխանեց Աբգարը ծանր հառաչելով, և նրա աչքերը լցվեցին արցունքով։
— Բայց ինչո՞ւ համար ես այստեղ պառկած։ Ինչո՞ւ ուղղակի տուն չես եկել։ Աբգար, դու արտասվում ես, ի՞նչ գաղտնիք ունես, ասա։
— Ոչինչ, ոչինչ,— պատասխանեց Աբգարը, աշխատելով ժպտալ արցունքի միջից։
— Ոչ, ոչ ասա։ Կա մի բան, որ ինձանից թաքցնում ես։ Ես զգում եմ այդ։ Դու ինձ խաբել չես կարող։ Ասա, ես ուզում եմ իմանալ՝ ինչ էլ որ լինի, հասկանո՞ւմ ես, ինչ էլ որ լինի:
— Խոսք տուր ինձ, որ դու կզսպես քեզ, եթե հայտնեմ։
— Տալիս եմ։
— Խոսք տուր ինձ, որ չես զզվի ինձանից, ինչ որ էլ տեսնես։
— Լռիր, դու վիրավորում ես քեզ և ինձ։
— Բաց արա մի փոքր կուրծքս։
Մագդալինան զգուշությամբ մի փոքր հեռացրեց Աբգարի կրծքից վերմակի ծայրը։ Հողագույն կիտելի վրա երևաց մի սպիտակ խաչ։
— Այդ ի՞նչ է,— հարցրեց Մագդալինան։
— U. Գևորգի շքանշանը։
— Դու շքանշա՞ն ես ստացել,— ասաց Մագդալինան ուրախանալով,— դրա համար ես քեզ միայն համբուրել կարող եմ։
Եվ, թեքվելով, երկու անգամ համբուրեց Աբգարին, որ աղերսական հայացքով նայում էր նրան։
— Պատմիր։
— Մի փոքր էլ ցած քաշիր վերմակը, և կլսես իմ պատմությունը։
Մագդալինան վերմակն ավելի ցած բերեց, նայեց։ Նույն վայրկյանին մի սուր և երկարատև ճիչ դուրս թռավ նրա կրծքից:
Նրա գլուխը անզորացած ընկավ Աբգարի կրծքի վրա։
Կիտելի թևերն ուսերից ցած էին ընկած դատարկ, ինչպես լաթի կտորներ...
Երբ ներս վազեց գթության քույրը և Մագդալինային ուշքի բերեց, Աբգարը հեկեկում էր փոքրիկ մանկան պես։
- ↑ Սպային ծառայող զինվոր: