Սրճարանի հաճախորդը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հերոսի վերադարձը Սրճարանի հաճախորդը

Շիրվանզադե

Ալինա
[ 292 ]

ՍՐՃԱՐԱՆԻ ՀԱՃԱԽՈՐԴԸ

Նա ամեն օր գալիս էր այն սրճարանը, ուր սովորաբար լինում էի ես։

Ներս էր մտնում ահագին անձրևանոցը կռնատակին, արագ քայլերով, որպես անչափ զբաղված մեկը, և, իբր թե հոգնած, նստում էր կլորիկ սեղաններից մեկի քով։ Խորշոմած ճակատը մեծ թաշկինակով սրբելով, նայում էր աջ ու ձախ, հպարտ, բայց անհանգիստ նայվածքով։

Ծանոթներ շատ ուներ։ Երբ տեսնում էր նրանց, ներվային շարժումով վեր էր ցատկում տեղից ու մոտենում։ Նստում էր նրանց մոտ առանց կանխապես թույլտվություն խնդրելու, երբեմն առանց բարևելու անգամ։ Սակայն, երբ բարևում էր, ոչ ոք չէր պատասխանում նրա բարևին և ոչ ոք աթոռը չէր շարժում՝ սեղանի քով նրա համար տեղ բանալու։ Բայց նա անվրդով՝ միշտ տեղ էր գտնում, թեկուզ շրջանից դուրս։

Թվում էր, որ այդ մարդն իր ծանոթների աչքում այնքան արժեք ունե, որքան մի ավելորդ աթոռ։ Եվ նա բնավ չէր շփոթվում մարդկանց անուշադիր վարմունքից։ Արտաքուստ ինքն էլ արհամարհանքով էր վերաբերում նրանց։

Անուշադիր էին դեպի նա և սրճարանի սպասուհիները։ Երբ ներս էր մտնում, նրանք նայում էին միմյանց երեսին և հեգնորեն ժպտում։ Երբեմն նույնիսկ ծիծաղում էին այն անպատկառ ծիծաղով, որ հատուկ է հասարակական վայրերի [ 293 ] ծառայողներին, երբ գիտեն, որ հաճախորդը լավ վարձատրողներից չէ։ Երկար ժամանակ չէին մոտենում մարդու պատվերն ընդունելու կամ մոտենում էին դժկամությամբ, դանդաղ քայլերով, կարծես, մի ծանր, անախորժ պարտք էին կատարում:

Ինձ շատ էր հետաքրքրում այդ մարդը։ Նրա վրա անողոք ժամանակը վաղաժամ սփռել էր ծերության առաջին փոշին։ Իր կարմիր-կապտագույն երեսով, իր ուռած ու մսալի քթով, որ ծածկված էր բշտիկներով, իր հիվանդոտ ու միշտ ջրակալ աչքերով նա նմանվում էր անուղղելի ալքոհոլիկի։ Սակայն ես երբեք նրան հարբած չէի տեսնում։ Նրա տձև ու հնամաշ սյուրտուկը, որի կուրծքն ու արմունկները փայլում էին պողպատի պես, մատնում էին նրա գրպանի գաղտնիքը։ Բայց նա աշխատում էր իր չքավորությունը շղարշել շինծու արտաքին հպարտությամբ։ Դա զգայուն և ինքնասեր չքավորների հավիտենական զենքն է։ Պարզ էր ինձ համար, որ այդ մարդը մի ժամանակ վայելել է կյանքի բարիքները և այժմ անցյալի սնոտի հիշողություններից չի կարողանում ազատվել։

Խոսում էր նա բարձր, խրոխտ ձայնով, միշտ տալով այդ ձայնին մի տեսակ հրամայողական շեշտ։ Ստեպ-ստեպ արտասանում էր տեղական իշխանավորների ու հարուստների անունները կես-մտերմական, կես-արհամարհական եղանակով, ընդգծելով իր բարեկամությունը կամ ծանոթությունը նրանց հետ։

Մերթ ընդ մերթ, իբր թե մի կարևոր բան մտաբերելով, ձեռը զարկում էր ճակատին ու գոչում.

— Ա՛հ, քիչ էր մնում մոռանայի։

Եվ, արագությամբ ոտքի ելնելով, մոտենում էր տելեֆոնին, երբեք կռնատակից բաց չթողնելով անձրևանոցը։

— Կենտրոնակա՞նն է,— լսվում էր նրա հրամայական ձայնը,— տվեք համար 9—11։ Շնորհակալ եմ։ Ո՞վ է ապարատի մոտ։ Ա՜ա, այդ դո՞ւք եք, իշխան։ Խորին հարգանքներ, ձերդ պայծառափայլության։ Ուզում էի խոսել կալվածքի մասին։ Եթե գինը մի քիչ պակասեցնեք, կարող եմ գործը գլուխ բերել։ Ինչպե՞ս։ Այսօր գալ ձեզ մո՞տ։ Ցավում եմ, որ չեմ կարող, ժամանակ չունեմ։ Վաղը կգամ։ Երեխան առողջացա՞վ: [ 294 ] Շատ ուրախ եմ։ Խորին հարգանքներիս հավաստին նորին պայծառափայլություն իշխանուհուն։ Ոչ, ոչ, այսօր զբաղված եմ․ թեյի գալ չեմ կարող, թող իշխանուհին ներե։ Վաղը ուղիղ տասնումեկ ժամին։ Ցտեսություն։

Եվ այսպես, նա միշտ խոսում էր մերթ իշխանների, մերթ նշանավոր հարուստների կամ պաշտոնյաների հետ, երբեմն մի ժամվա մեջ հինգ-վեց անգամ։ Երբ մոտենում էր տելեֆոնին, սպասուհիները նայում էին իրար ու ժպտում։ Իսկ նա, տելեֆոնի խոսակցությունից կազդուրված, հպարտ քայլերով նորեն մոտենում էր իր սեղանակիցներին, նորեն նստում, որպեսզի, մի քանի րոպե անցած, նորեն մոտենա տելեֆոնին։ Երբեմն նա հանդիմանում էր տելեֆոնի աղջիկներին։ Անիրավները շուտ չեն պատասխանում նրան։

Առհասարակ նրա քայլվածքը, նրա բոլոր ձևերն ու շարժումները, խոսելու եղանակը, ամեն ինչ արտահայաում էին վերին աստիճանի գործնական, զբաղված մարդու անհամբերություն ու ներվայնություն։ Այսպես էր թվում ինձ այն ժամանակ։

Մի անգամ ես սպասուհիներից մեկին հարցրի․

— Ասացեք, խնդրեմ, ո՞վ է այդ եռանդուն մարդը։

— Աստված գիտե, չեմ ճանաչում,— պատասխանեց սպասուհին,— հարցրեք Նադյային, նա ամենքին ճանաչում է։

Նադյան սրճարանի ամենահին սպասուհին էր և իրավ ճանաչում էր բոլոր հաճախորդներին։

— Ախ, դուք չե՞ք ճանաչում Պյոտր Պետրովիչ Փեփինյանցին,— գոչեց նա զարմացած,— այդ զարմանալի է։ Պյոտր Պետրովիչն ամենքի խնամին է։ Աստված ինքն է ուղարկել մեր գլխին փորձանքի համար։

— Փորձանքի՞։

— Այո, այդ մարդը պատիժ է մեզ համար, կատարյալ պատիժ։

— Բայց ո՞վ է, ի՞նչ գործի մարդ է։

— Միջնորդ է, կամ, ինչպես ինքն է ասում, կոմիսիոներ։ Իբր թե ուրիշների համար տներ է դնում կամ վաճառում, բնակարաններ է վարձում, ով գիտե, հազար ու մի բաներ։ Ես միայն զարմանում եմ, որ մեր սրճարանի տերը, [ 295 ] այդ կոպիտ ռամիկը, մինչև այժմ նրան չի արտաքսել։ Ամեն օր գալիս է, սուրճ խմում, նազուքները խփշտում ու հայդա․․. Ահա դարձյալ․․․

Եվ, խոսքը չավարտած, սպասուհին հեռացավ շտապ քայլերով։ Այդ միջոցին Պյոտր Պետրովիչ Փեփինյանցը, որ մենակ էր նստած սեղանի քով, շտապ-շտապ կերել խմել ու հեռանում էր սովորական արագ քայլերով։

— Պյո՛տր Պետրովիչ,— գոչեց Նադյան, վազելով նրա ետևից,— կացեք, Պյոտր Պետրովիչ, վճարեցեք, հետո...

— Լա՛վ, լավ, հետո, ժամանակ չունեմ,— ասաց Պյոտր Պետրովիչն առանց ետ նայելու։

Եվ վազեց փողոց այնպես արագ, որ նրա անձրևանոցի ձողերից մեկը, դիպչելով դռների շրջանակին, կոտրվեց։

— Անիծվի քեզ նման հաճախորդը,— արտասանեց սպասուհին, կատաղելով,— էլի փախավ գող կատվի պես։ Եվ ինչպես չի ամաչում իր սյուրտուկից ու գլխարկից։

Բոլոր սպասուհիները միաձայն ծիծաղեցին։ Բարեբախտաբար, սրճարանում, բացի ինձնից, հաճախորդներ չկային: Ես հետաքրքրվեցի այդ տեսարանով։

— Տեսա՞ք ինչ արավ անիրավը,— նորեն մոտեցավ ինձ Նադյան,— քանիերորդ անգամն է այս։ Ամեն օր գալիս է, նստում է պատվավոր պարոնների հետ, պահանջում է, լակում, լափում ու ծլկվում։ Ուրիշներն են վճարում նրա համար։ Իսկ երբ ծանոթներ չկան, էլի պահանջում է։ Երկու անգամ էլ ես եմ վճարել նրա համար։ Ոչ, այլևս նրան ոչինչ չեմ մատուցանելու։ Անամո՛թ, սրիկա՛, թյու՜...

— Ինչպե՞ս եք համարձակվում սրիկա անվանել մի այդպիսի պատվավոր պարոնի,— ասացի ես դիտմամբ, որպեսզի ավելի խոսեցնեմ սպասուհուն։

— Պատվավո՜ր,— կրկնեց Նադյան հեգնորեն,— լսեցի՞ք, Մաշա, Ժենյա, պարոնը Պյոտր Պետրովիչին պատվավոր մարդ անվանեց։ Պարոն, մի՞թե պատվավոր մարդը թույլ կտա, որ ինձ նման մի խեղճ սպասուհի իր փոխարեն վճարե սուրճի փողը։

— Իհարկե Պյոտր Պետրովիչը պատվավոր մարդ է,— պնդեցի ես,— չե՞ք լսում, ինչպես նա ամեն օր մի քանի անգամ [ 296 ] տելեֆոնով զրույց է անում քաղաքի իշխանների ու միլիոնատերերի հետ, իսկ երեկ նա խոսեց նահանգապետի հետ։

Սպասուհին բարձրաձայն ծիծաղեց։

— Նահանգապետի հետ, նահանգապետի հետ,— կրկնեց նա՝ ձեռքերը զարկելով ծնկներին։— Պարո՛ն, այս քաղաքում չկան ո՛չ այդպիսի իշխաններ ու մեծամեծներ և ո՛չ էլ այնպիսի նահանգապետներ, որոնք բարեհաճեին Պյոտր Պետրովիչի հետ տելեֆոնով խոսելու։

— Իսկ նա խոսում է. ես ամեն օր լսում եմ։

— Թող խոսե ինքն իր հետ, ի՞նչ կա, դրա համար հո փող չի վճարում։

— Ինչպե՞ս թե ինքն իր հետ։

— Այսինքն՝ այնպես, էլի, ինքն իրեն տելեֆոնի հետ։

— Չեմ հասկանում։

— Չհասկանալու ոչինչ չկա։ Դա ռեկլամ է, ուրիշ ոչինչ։

— Ռեկլա՞մ։

— Այո՛, պարոն, ինքը Պյոտր Պետրովիչն է հնարել, ցույց տալու համար, թե տեսեք ես ինչ մեծամեծների հետ գործ ունեմ։ Գիտե՞ք, թեև նա կոմիսիոներ է և այնքան իրեն զբաղված մարդ է ցույց տալիս, բայց մեզ հայտնի է, որ նա անգործ է և ոչ ոք նրան գործեր չի հանձնում։ Հապա՞, որովհետև եթե գործ ունենար, փող էլ կունենար ու իր սուրճի համար էլ ինքը կվճարեր։ Այնպես չէ՞։

Ես հասկացա Պյոտր Պետրովիչի պարզ խորամանկությունը։ Խեղճ մարդ, այդ անմեղ կեղծիքով նա աշխատում էր սրճարանի հաճախորդների հավատը գրավել։

— Մենք ամենքս գիտենք Պյոտր Պետրովիչի օյինները,— ավարտեց Նադյան իր խոսքը,— բայց այնքան ընտելացել ենք, որ այլևս ուշադրություն չենք դարձնում։ Ի՞նչ կա, թող ինքն իր հետ խոսե տելեֆոնով, դրանից ոչ ոք վնաս չունի։

Այդ պահին Պյոտր Պետրովիչը նորեն ներս մտավ, այս անգամ չորս պարոնների հետ տաք-տաք խոսակցելով։

Ես կարծեցի, որ Նադյան կպահանջե նրանից սուրճի փողը, պատրաստ էի ինքս վճարել, միայն թե նա ուրիշների առջև չամաչեցներ այդ մարդուն։ Բայց Նադյան չմոտեցավ նրան։

— Անհարմար է,— ասաց նա,— պարոններն անծանոթ [ 297 ] են։ Էլի ինչ որ լինի, մեր Պյոտր Պետրովիչն է, ես նրան ուրիշների մոտ չեմ խայտառակի։

Այդ օրից իմ մեջ ծագեց մի տեսակ կարեկցություն դեպի այդ մարդը։ Ես ցավեցի մինչև անգամ, որ գործեր չունեմ նրան հանձնելու։ Պատրաստ էի հավատալ նրան ամենախոշոր հանձնարարություններ, եթե ունենայի։ Երևի նա ինքն էլ զգում էր, որ չունեմ, որովհետև ինձ վրա բնավ ուշադրություն չէր դարձնում, այնինչ ամբողջ սրճարանում նա էր միայն, որ ինձ հետաքրքրում էր։ Առանց անձնապես հետը ծանոթանալու ու հետը խոսելու, զգում էի պարզորեն, որ օր-օրի վրա նրա հոգին ընկճվում է ձախորդ կյանքի լծի տակ և տեսնում էի, որքան նա շատ է ճգնում մարդկանց խաբել իր կեղծ հպարտությամբ ու մտացածին կապերով, այնքան քիչ է հաջողվում խաբել, որքան հաճախ է մոտենում տելեֆոնին, այնքան ավելի է գրգռում իր ծանոթների ծաղրը։ Իսկ այդ ծաղրը երբեմն հասնում էր բացարձակ ցինիկության։

— Պյոտր Պետրովիչ,— լսեցի ես մի օր,— վաղը ես ձեզ պիտի հանձնարարեմ գնել ինձ համար հազար տակառ լուծողական։

— Պյոտր Պետրովիչ,— լսեցի մի ուրիշ անգամ,— չե՞ք կարող, արդյոք, փոխարքայի պալատն ինձ համար կապալով վերցնել։

— Պյոտր Պետրովիչ,— ծաղրեց մի երրորդը,— գնեցեք ինձ համար հինգ հարյուր ուղտ, Հնդկաստան ապրանք եմ ուղարկելու։

Եվ այդպես, մեկը մյուսից տխմար կատակներ։

Ես զայրանում էի մինչև հոգուս խորքը։ Երբեմն պատրաստ էի բարձրաձայն բողոքել մարդկային այդ դաժանության դեմ։ Նույնիսկ սրճարանի սպասուհիներն ավելի բարի և մարդասեր ու կիրթ էին, քան այդ ռեդինկոդ ու սմոկինգ հագած պարոնները։ Իսկ Նադյայից ես հաճախ լսում էի անկեղծ կարեկցության խոսքեր Պյոտր Պետրովիչի վերաբերմամբ։

— Ա՛խ, պարոն,— ասում էր նա,— ինչու՞ այդ մարդիկ չեն հասկանում, որ ամոթ է ծաղրել անբախտներին։ [ 298 ] Եվ չափազանց զղջում էր, որ մի օր ինքը Պյոտր Պետրովիչին իմ ներկայությամբ անվանել է անամոթ, սրիկա։

Ամառվա սկզբին ես գնացի ամառանոց։ Այնտեղ ես չմոռացա Պյոտր Պետրովիչին։ Հիշում էի նրա օր-օրի վրա կորացող մեջքը և ճերմակող մազերն ու մորուքը։ Շարունակ իմ ականջներում հնչում էր նրա խրոխտ ձայնը, որ քանի գնում այնքան թուլանում էր։ Արդյոք ամուրի՞ է նա,— մտածում էի ես,— թե՞ ծանրաբեռնված է ընտանիքով, չքավորի այդ դաժան լուծով...

Աշնան սկզբին, քաղաք վերադառնալով, ես նորեն սկսեցի այցելել նույն սրճարանը։

Պյոտր Պետրովիչը չկար:

— Ո՞ւր է նա,— հարցրի ես Նադյային։

— Չգիտեմ:

— Միգուցե խեղճը մեռե՞լ է։

— Ոչ, ծանոթներն ասում են, թե դեռ ապրում է:

— Բայց ինչո՞ւ չի գայիս սրճարան։

— Ա՛խ, պարոն, չեք կարող երևակայել, թե այժմ ես որքան եմ խղճում Պյոտր Պետրովիչին,— արտասանեց Նադյան ձայնի անկեղծ հնչյունով,— ահա մոտ երկու ամիս է նա ոտք չի դրել մեր սրճարանը։

— Ինչո՞ւ։

Եվ սպասուհին պատմեց եղելությունը։ Երկու ամիս առաջ մի օր սրճարանի տերը, որ «անպիտաններից անպիտանն էր» հանկարծ Պյոտր Պետրովիչի ձեռից խլում է տելեֆոնի փողը, գոռալով. «Բավական է որքան մաշեցիր իմ ապարատը»։ Պյոտր Պետրովիչը, հարկավ, վիրավորվում է և սրճարանի տիրոջն անվանում է անկիրթ։ Տեղի է ունենում խոշոր ընդհարում։ Սրճարանատերը հրամայում է Պյոտր Պետրովիչին դադարել իր սրճարանը հաճախելուց, ասելով. «Բավական է որքան ձրիաբար լափեցիր իմ նազուքն ու սուրճը»։ Այն ժամանակ Պյոտր Պետրովիչն, ինքն իրեն կորցնելով, գոռում է. «Քոսոտ շուն, դու ո՞վ ես, որ ինձ անպատվում ես։ Ես քեզ նման շատերին եմ կերակրել, կգա ժամանակ էլի կկերակրեմ»։ Այդ խոսքերի վրա սրճարանի տերը բռնում է Պյոտր [ 299 ] Պետրովիչի թևը և դուրս է անում նրան հաճախորդների ներկայությամբ։

— Այն օրից խեղճ մարդը, իհարկե, այլևս չի գալիս մեզ մոտ,— շարունակեց սպասուհին։— Երևակայում եմ նրա դրությունը։ Հավատացեք, պարոն, այժմ մենք՝ սպասուհիներս, տխրում ենք առանց Պյոտր Պետրովիչի։ Սովորել էինք ամեն օր նրան տեսնել ու հետը զրույց անել։ Երբեմն նա մեզ համար հետաքրքրական բաներ էր պատմում իր երիտասարդությունից։ Գիտե՞ք, նա հարուստ մարդու որդի է եղել, բոլոր փողերը վատնել է ու թղթախաղում տանուլ տվել։ Նա այնպես լավ գիտե պատմել իր արած քեֆերի մասին, որ մարդ ուզում է անվերջ լսել ու լսել։

— Ընտանիքավո՞ր է Պյոտր Պետրովիչը,— հարցրի ես։

— Իհարկե։

— Զավակներ ունի։

— Երկու աղջիկ, մեկը յոթ, մյուսը ութ տարեկան։ Երևակայեցեք, քանի որ հարուստ է եղել, չի ամուսնացել, հենց որ աղքատացել է, գնացել է վիզը լծի տակ դրել։ Արի ու հասկացիր այդ տեսակ տղամարդկանց։ Ա՛հ, երանի թե Պյոտր Պետրովիչը մի ուոիշ ավելի բարի սրճարանատեր գտներ, մերը շատ վատ մարդ է, շա՛տ։ Միայն տելեֆոն էլ ունենար ձեռքի տակ. ես գիտեմ, Պյոտր Պետրովիչի համար տելեֆոնը նույնն է, ինչ որ ծխախոտը ձեզ համար։ Այո՚, այո, առանց տելեֆոնի Պյոտր Պետրովիչը չի կարող ապրել...

Անցան դարձյալ մի քանի ամիսներ․ ես տակավին չէի հանդիպում Պյոտր Պետրովիչին, նույնիսկ փողոցներում։

Արդեն սկսել էի մոռանալ նրան, երբ մի օր անսպասելի հանդիպեցի... Ահա թե ինչպես...

Իմ բնակած տան ստորին հարկը մի գրեթե գետնափոր խոնավ նկուղ էր։ Ժլատ տանտերը նրան վարձով էր տալիս, որպես բնակարան։ Ոչ ոք չէր վարձում նրան, չնայելով էժանությանը։ Վաղուց արդեն դարբասի վրա կպցրած հայտարարությունն անձրևներից ու արևից խունացել էր, այնպես, որ բառերը դժվարությամբ էին կարդացվում։ Ով գալիս նայում, էր այդ մութ հավաբները, իսկույն ևեթ հեռանում էր՝ առանց [ 300 ] գինը հարցնելու։ Բանն այնտեղ էր հասել, որ գավթապահը շատերին բակից էր ճանապարհ դնում, ասելով.

— Չեք հավանիլ, խոզաբուն է։

Մի երեկո, երբ ես նստած էի իմ բնակարանի պատշգամբի վրա, դղրդալով բակը մտավ մի մեծ սայլ՝ տնային կահկարասիով բեռնավորված։

Սայլի առջևից գալիս էր մի հաղթանդամ կին երկու մանկահասակ աղջիկների հետ. երեքն էլ աղքատ էին հագնված։ Սայլի ետևից քայլում էր մի տղամարդ լայնեզր գլխարկը աչքերին քաշած, վերարկուի օձիքը բարձրացրած այնպես, որ նրա երեսը չէր կարելի տեսնել։ Նա գալիս էր համրաքայլ, գլուխը կրծքին թեքած, կորամեջք։

Սայլը կանգ առավ դատարկ կացարանի առջև։ Կինը բարձրաձայն կանչեց գավթապահին։ Ոչ ոք չեկավ։ Հետո իմացա, որ գավթապահը թաքնվել էր, աղքատ վարձվորներին օգնելուց փախչելով։

— Պետրոս, շուտ եկ, ի՞նչ ես դանդաղում,— դարձավ կինը սայլի ետևից քայլողին։

— Գալիս եմ, գալիս,— կրկնեց մարդը գրգռված ձայնով։

Ես իսկույն ճանաչեցի այդ ձայնը և նրա տիրոջ մեծ անձրևանոցը։ Դա ինքը Պյոտր Պետրովիչ Փեփինյանցն էր իր ընտանիքով։

Նա սկսեց սայլապանի օգնությամբ իրերը սայլից տեղափոխել բնակարան։ Կինն ու աղջիկներն օգնում էին նրան։

Ես զգացի, որ Պյոտր Պետրովիչը, ծանոթ դեմք տեսնելով, կարող է շփոթվել, ուստի քաշվեցի պատշգամբի խորքը, որպեսզի չերևամ։ Արդարև ցավալի էր ինձ համար տեսնել նրա հպարտ ուսերը ծանր սնդուկների ու պահարանների տակ։ Բայց և այնպես ինձ հետաքրքրում էր Պյոտր Պետրովիչի ներկա վիճակը։ Ես ուզում էի լսել ինչ է կատարվում ներքևում։

Տնքալով, տրտնջալով, չգիտեմ ում և ինչու համար հայհոյելով նա իրերը տեղափոխում էր նոր կացարանը։ Պարզ էր, որ նա անիծում էր իր վիճակը, ինչպես կարող է անիծել մեկը, որին բանտ են ուղարկում իրերը վրեն բարձած։

Կարգադրում էր նրա կինը, բարձր ձայնով հրամաններ արձակելով և գոռալով ամենքի վրա որպես բանտապետ։ Այս [ 301 ] ձայնն ինձ թվաց շատ անախորժ, շատ չար։ Ես կրկնակի խղճացի Պյոտր Պետրովիչին։ Վերջապես սայլը դատարկվեց, սայլապանը հեռացավ գոռալով ու հայհոյելով։ Նա իր ստացած վարձով գոհ չէր ուստի սրտի մաղձը մտրակի զորեղ հարվածներով թափում էր ձիերի վրա։ Վարձ տվողը Պյոտր Պետրովիչը չէր, այլ նրա ամուսինը։

Բնակարանի դոներն ու լուսամուտները բաց էին։ Ոչ միայն ես, այլև բոլոր հարևանները կարող էին լսել ինչ է կատարվում Պյոտր Պետրովիչի ընտանիքում, մանավանդ որ նրա հաղթանդամ կողակիցը չէր քաշվում իր կոկորդին ուժ տալուց։

Ես լսեցի.

— Դու ասում ես ինչպես պիտի ապրես այս հոտած փոսո՞ւմ։ Հա՛, իհարկե, քո տխմար հպարտությունը ո՞նց կարող է դիմանալ։ Բայց ոչինչ, կսովորես։ Վաղուց էր հարկավոր մի այսպիսի անկյուն ընտրել քեզ համար, որ մի քիչ քիթդ քաշանա։

— Չէ, Նատաշ, դու շատ անհամբեր կին ես։ Չէ՞իր կարող մի քիչ էլ սպասել, մինչև որ գործերս դրստվեն։

— Գործե՛րս, գործե՛րս։ Հարցնող լինի, այդ ի՞նչ գործեր են։ Տասը տարի է քեզ հետ ամուսնացել եմ, շարունակ դատարկ հույսերով ես կերակրում ինձ։ «Սպասիր այսինչի կալվածքը ծախեմ, սպասիր՝ այնինչի հանքը ծախեմ, կոմիսիոն կստանամ, կհարստանանք»։ Բայց մինչև այսօր ոչ մի հատիկ գործ էլ չկարողացար գլուխ բերել: Օրը մինչև երեկո կամ վազվզում ես փողոցներում, կամ նստած ես սրճարաններում, սրա–նրա հետ տաք–տաք վիճաբանում, իսկ տուն վերադառնում ես դատարկ ձեռքերով։ Դու ի՞նչ կոմիսիոներ ես, դու ի՞նչ գործ կատարող ես։ Ոչինչ, ոչի՛նչ։ Դու միայն գիտես մեծ–մեծ մարդկանց անուններ արտասանել ու մեծ–մեծ խոսել քո անցյալի մասին։

— Բայց հասկացիր, կի՛ն, միլիոններ արժեցող կալվածք կամ հանք ծախելը մի զույգ գուլպա ծախել չէ։ Ժամանակ է հարկավոր, համբերություն։

— Համբերությո՜ւն, համբերությո՜ւն, ասա, խնդրեմ, մինչև ե՞րբ։ Աղջիկներդ ոտաբոբիկ են շրջում, ես վերջին շապիկս [ 302 ] եմ մաշում, դու ինքդ հնավաճառի խանութ ես դարձել, իսկ ապրում ես իշխանների ու միլիոնատերեր անուններով։ Հիմա էլ ասում ես, թե ինչ-որ անգլիացիների, թե բելգիացիների համար պետք է նավթահանքեր գնես։ Ո՛չ, էլ ես քեզ չեմ հավատում, դու գործ կատարող չես։ Եթե դու խելք ունենայիր, հորդ հարստությունը քամուն չէիր տալ կամ գոնե քամուն տալուց հետո հիմարաբար չէիր ամուսնանալ։

— Ի՞նչ անեմ, սիրահարվեցի քեզ վրա, ամուսնացա։

— Լռի՛ր, աստված սիրես, դու ի՞նչ ես, որ սիրահարվես կամ սիրես։

— Ուրեմն դո՛ւ սիրահարվեցիր ինձ վրա,— փորձեց Պյոտր Պետրովիչը վիճաբանությունը կատակի վերածել։

— Հապա, ինչպե՞ս չէ, խելքս կորցրի քեզ համար,— հեգնեց հաղթանդամ կինը,— լա՛վ, կարճ կապիր. քաղաքում մարդ չի մնացել, որից ձեռապարտ չլինես վերցրած։ Մսավաճառներին պարտական, հացթուխներին պարտական, բնակարանատերերին պարտական: Բավակա՛ն է, դու խայտառակեցիր քեզ էլ, ինձ էլ։

— Ուրեմն ի՞նչ ես ուզում ինձնից, այն ասա։

— Ես պահանջում եմ, որ թողնես գոռոզությունդ ու գնաս մեկին ծառայես ինչպես հասարակ գործակատար։

— Ի՞նչ,— կատաղեց Պյոտր Պետրովիչը,— Փեփինյանցը գործակատա՞ր։ Քարերը կբողոքեն դրա դեմ։ Իսկ ի՞նչ կասեն իմ անցյալը ճանաչողները, գիտե՞ս․․․

— Ինչ ուզում են, թող ասեն, միայն թե ընտանիքդ մի կտոր հաց ունենա։

— Ո՛չ, ես ծառայել չեմ կարող, այն էլ գործակատար։

— Դե լավ, մի՛ ծառայի։ Այն ժամանակ ես ինքս կանեմ իմ ուզածը։

— Ի՞նչ կանես։

— Այ, վաղն ևեթ մեր նոր հարևաններին կասեմ, որ ես լվացարարուհի եմ ու կսկսեմ ուրիշների կեղտոտ շորերը լվանալ։

— Դու այդ չե՛ս անի:

— Կանե՛մ։ [ 303 ]

— Դու չես խայտառակիլ Պյոտր Պետրովիչ Փեփինյանցին։

— Կխայտառակեմ, այ, այս խեղճ երեխաներին պահելու համար։

Վիճաբանությունը քանի գնում, այնքան սաստկանում էր և քանի գնում այնքան Պյոտր Պետրովիչի ձայնը մեղմանում էր։ Ընդհակառակը, քանի գնում, այնքան զորեղանում էր նրա կողակցի ձայնը։ Չգիտեմ ինչ պատահեց, հանկարծ մանկահասակ աղջիկները սկսեցին աղաղակել ու հետո հեկեկալ։

Լսվեցին հատուկտոր հայհոյանքներ. կնոջ կողմից` «աղքատ ու հպարտ, սուտ արիստոկրատ, ծույլ ձրիակեր, խաբեբա». Պյոտր Պետրովիչի կողմից` «անամոթ, անպատկառ, շան ծնունդ» և այլն, և այլն։ Լսվեցին կահ ու կարասու ուժգին դղրդոց և ինչ-որ խուլ թնդյուն։

Այնուհետև տիրեց լռություն։

Փոքր անցած` ես դուրս եկա փողոց իմ իրիկնային սովորական զբոսանքը կատարելու։

Դարբասի առջև, գավթապահի նստարանի վրա նստած էր մի մութ պատկեր։ Նա հանդարտ» լալիս էր։

Պյոտր Պետրովիչն էր։

Ինձ տեսնելով, նա իսկույն ոտքի ելավ, ձեռքերը դրեց մեջքին, բարձրից հպարտ նայեց ինձ վրա ու սկսեց ինչ-որ օպերետից շվացնել ինչ-որ ուրախ մի եղանակ...