Հեփթայի աղջիկը
Արտաքին տեսք
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Հեփթայի աղջիկը
Օ՜, հայր իմ, եթե և՛ ազգ, և՛ աստված,
Հաղթությանդ համար իմ մահն են ուզում.
Երբ այդ մահն է քեզ հաղթանակ տված,
Ահա՛ իմ սիրտը—քեզ եմ նվիրում։
Խոցիր դու նրան—ես չեմ արտասվիլ,
Մնա՜ք բարև, սարե՛ր, էլ ինձ չե՛ք տեսնիլ.
Ընկնե՛լ սիրելի հոր ձեռքով սպանված.
Ինձ չէ՛ սարսեցնում այդ ահեղ հարված։
Զավակին գգվող մոր սիրո նըման,
Մաքուր է արյունն և՛ քո աղջկան.
Օ՜, հայր իմ, թող ինձ օրհասի ժամին
Հովանի լինի քո շունչն ու հոգին։
Հո՛գ չէ, թո՛ղ հոսե քո արցունքն առատ,
Եղիր դատավոր դու քաջ, անվհատ.
Քեզ վեհ հադթանակ տվավ քո աղջիկ
Ու փրկեց և՛ քեզ, և՛ յուր հայրենիք։
Երբ ես կը մեռնեմ, և սև գերեզման
Կըփակե խոսուն լեզուս հավիտյան.
Դու հիշի՛ր, հայր իմ, որ շունչս փչելիս,
Ես ժպտում էի, և ո՛չ թե լալիս…[1]
Տողատակեր
[խմբագրել]- ↑ Գեդիադի որդի Հեփթայը, որին հայրը դուրս էր արած տնից, գնում է մի վայրենի երկիր և նշանավոր ավազակապետ է դառնում։ Նրա հայրենակիցները տանջվելով օտարի լծի տակ, նրան ետ են կոչում և իրենց քաղաքի կառավարիչ են կարգում։ Ամմոնիտների դեմ պատերազմի դուրս գալուց առաջ, նա ուխտում է, որ եթե հաղթող հանդիսանա, աստծուն զոհ կբերե այն մարդուն, որ առաջինը կհանդիպի իրեն պատերազմից քաղաք վերադառնալիս։ Նա փառավոր հաղթություն է տանում։ Այդ լսելով նրա միակ աղջիկը՝ շրջապատված իր նաժիշտներով և ուրախությունից պարելով, քաղաքից դուրս է գալիս– ազգի ազատչին ողջունելու։ Խեղճ հայրը, տեսնելով աղջկանը հուսահատ սկսում է հանդերձանքը պատառոտել բայց ազնիվ աղջիկը չի թողում, որ նա դրժե իր ուխտը։ Նա միայն թույլտվություն է խնդրում հորից առժամանակ հեռանալ սարերը, որպեսզի այնտեղ Սոֆոկլհսի Անտիգոնեի նման ողբա յուր բախտը, որը դատապարտելով նրան մահվան, մատաղ հասակում զրկում է խեղճ աղջկան և՛ ամուսին, և՛ մայր լինելու հույսից, այնուհետև նա հնազանդվում է իր ճակատագրին։
Միլման