Հիմա ուրիշ մարդիկ են
քայլում ճանապարհին,
անշուք է
ամեն ինչ․
ստվերն անգամ
հայտնվում է
անզգայացած։
Լռությունը
մեկ րոպեանոց
անվերջության է
վերածվել,
ծաղիկը՝
ինչ-որ մեկի ձեռքում
դողացող
մի գունավոր փնջի․․․
Դիտված
ֆիլմեր են շրջում
կիսադատարկ
դահլիճներում,
փոխվել է հանդիսատեսը․
և տեղն է փոխվել
բեմի ու ծափահարող այն մեկի,
որ միշտ
հրաժարվում է պատմել,
թե ինչ եղավ
ֆիլմի վերջում։
Իսկ վերջում
ամեն ինչ փոխվել է,
ծառերից էլ
տերևներ չեն թափվում,
աշունն այլևս
տարվա եղանակ չէ,
մայթն այլևս փողոց չէ
և ոչինչ,
որ քաղաքն այլևս
մեռնելու տեղ չէ․․․
ԵՎ ես էլ ուրիշ մարդկանց պես
սկսել եմ
չլինել,
չզգալ,
ու չապրել։