Տիկնայք փափկասունք հայոց աշխարհին, որք գրգեալք և գզուեալք էին յիւրաքանչիւր
բաստեոունս և ի գահաւորակս, ճանապազ բոկ և հետի երթային ի տուն աղօթից անձանձրոյթ
խնդրել ուխտիք, զի համբերել կարասցեն մեծի նեղութեանն:
ԵՂԻՇԵ
Ա
— Տիկնայք հայոց փափկասուն,
Մատաղ լինեմ ձեր հոգուն,
Ինչո՞ւ ձեր սև աչերեն
Դառն արտասուք եք հոսում:
Ա՛խ, մի՜ լացեք, նազելիք,
Մի՜ այրեք ձեր վարդ թշեր,
Զի ձեր աչեր չեն սորված
Թափել աղի կաթիլներ:
Բայց ինձ ասեք, թե ո ՞ւր են
Ձեր փառք, զարդը նախկին,
Ինչո՞ւ այդպես տխուր եք,
Որպես սգվոր այրի կին:
Տիկնայք հայոց փափկասուն,
Ձեր ձեռքը, դեմքը սիրուն`
Այլևս անուշահոտ
Օճառը չէ մաքրում:
Ո՜չ ձեր գանգուր խոպոպիք
Օծանվում են տոն օրին,
Յուրյանց ախորժ բուրմունքով
Ոգի շնորհեն հանդիսին:
Եվ վարդապսակ ձեր գլուխ,
Կուրք, պարանոց, բազուկներ,
Զարդարում չեն մարգարտով՝
Հյուսված ոսկի գոհարներ:
Եվ հագուստով խշխշուն,
Ուշիկաքայլ նազելով,
Չեք հրապուրում աչերը
Սիրելյաց ձեր կարոտով:
Իսկ հայ տիկնայք խմբովին`
Եղիշեի հարցերին
Այդպես տվին պատասխան
Եվ ճիչ բարձին լալագին:
Բ
— Ծերունի դու մեր հայրիկ,
Դժվար է մեզ տալ համար,
Թե քանի՛ վիշտ և չարիք՝
Կրեցինք ազգի համար,
Երբ յուր կրոնք մոգական՝
Անհաշտ պարսիկը — Սասան՝
Կամենում էր ներս բերել
Մեր հայրենիք սրբազան:
Երբ մեր արի ամուսինք,
Սուրբ հավատքի պաշտպան,
Հաճեցան սուրբ արյունով՝
Մարել Զենտի ատրուշան:
Նոքա Պարսից աշխարհի
Տանջվում են բանտումը,
Եվ կամ անկան քաջի պես
Ավարայրի դաշտումը:
Ուր քաղցր է մեր աչերուն
Ցողել կաթիլք մարգարտին,
Զի սիրելյաց մեր արյուն
Ծծեց անգութ այդ գետին:
Կար ժամանակ, որ մենք էլ
Այդ դաշտումը երգելով,
Ծաղիկներ ենք հավաքել
Սիրելյաց ձոն փնջելով:
Այժմ այստեղ ցիրուցան
Նոցա ոսկերք սրբազան
Հավաքում ենք սափորում
Պաշտել նորանց հավիտյան:
Կար ժամանակ, որ մենք էլ
Շքեղաշուք, պճնազարդ,
Սիրելյաց հետ անարգել՝
Վայելեինք կյանք զվարթ:
Բայց մենք մեր աչքով տեսանք,
Երբ ավազակ թշնամին
Մեր գանձերը, զարդարանք,
Տարավ Պարսից արքունին:
Մենք մեր ականջով լսանք
Ճիչ սիրելյաց չարաչար,
Երբ շղթայած դեպ աքսոր
Տանեին Պարսից աշխարհ:
Իսկ մենք գերի, անտերունչ`
Մնացինք արտսուք հոսելով,
Բռնակալի ահ դառնաշունչ
Մեր կյանքը մաշելով:
Որո՞ համար զարդարվինք,
Որո՞ սիրտը ուրախացնենք,
Մի՞թե մեր գերիչների
Շնական աչեր հրապուրենք...
Մեր ամոթխած երեսեն
Երբեք չէր անկել շղարշ,
Եվ գլխի քող ծալեծալ
Գետնից գնում էր միշտ քարշ:
Արևի ոսկի շողքը
Կարոտ էր մեր երեսին,
Գուցե մի տաք համբույր տար
Ծածկված, համեստ թշերին:
Այժմ այնպես անխնա
Նորա շրթունք բոցավառ
Այրեցին թարմ վարդերը,
Մեր այտերի ալ, պայծառ:
Մեր առագաստ, սրսկապան՝
Մնացին անտեր և վերան
Փոշին դրեց յուր պատան,
Սարդը հինեց յուր ոստայն:
Մեր ապարանք կորուսին
Կահ-կարասիք փառավոր,
Մեր տաճարքը զրկվեցան
Յուրյանց զարդեն բյուրավոր:
Մեր շադրվան փողփողուն
Չէ ցայտում ցողը մարգարտին.
Ուսկից ջուրը հովասուն
Հովիկ շնչեր մեր սրտին:
Ծերունի հայր սրբազան,
Ո՞ւր բուրաստանք մեր սիրուն,
Ուր վարդ, նարգիզ և շուշան
Մեր գլուխն էր զարդարում:
Ո՞ւր պարտեզք մեր հովասուն
Ստվերախիտ որթերով,
Որոց ախորժ հովանին
Տալիս էր մեզ հանգիստ զով:
Ուր սիրելյաց մեր համբույր
Ծաղիկները բարեբույր
Նախանձվելով դիտեին
Եվ փառք տային աստծուն բյուր:
Ուր թփերի ոստերեն,
Գիշերային խոր պահուն,
Մեր երգերին դանշակից
Սիրուն սոխակն էր լինում:
Կորան ամենը չարաչար...
Ղադարեցան մեր երգ, պար,
Մեր բամբիռը չէ հնչում,
Լռե՛ց անուշ մեր քնար...
Այժմ լաց, սուգ, հառաչանք
Միշտ ախուվախ դառնաշունչ՝
Եվ սաղմոսի մեղեդիք՝
Են հոգևոր մեր մրմունջ:
Ի՞նչը մնաց մեր փառքից,
Ինչո՞վ այժմ պարծենանք,
Ո՞վ մեր վշտին կարեկից,
Ո՞ւմ ապավեն ունենանք...
Ո՞ւր մեր նաժիշտք ձեռնասուն,
Ո՞ւր մեր ծառայք, աղախին,
Մեր զավակունք սիրասուն
Զուրկ գգվանաց դաեկին:
Ո՞ւր մանուկ մանկլավիկներ,
Ո՞ւր մեր վարպետ խոհարար,
Անուշահամ խորտիկներ,
Որ պատրաստեր մեզ համար:
Ո՞ւր մեր հացթուխ տիրական,
Խմորեղենք համեմած
Մեր սեղանի ճոխության
Պատրաստում էր մաքուր հաց:
Ո՞ւր մեր դռան նվիրակ,
Ո՞ւր գինեբաշխ մատռվակ,
Որ փրփրուն և անուշ
Մատուցաներ մեզ բաժակ:
Կորան ամենը անդարձ…
Թողին տխո՜ւր հիշատակ,
Եղանք գերի, ստրուկ
Մենք օտարի լծի տակ:
Եվ աստուծո ողջ գիշեր
Քնից զուրկ են մեր աչեր,
Որպես սգվոր այրի կին
Մութ է մեզ լույս ցերեկին:
Մենք մոռացանք մեր նախկին
Քնքուշ կենաց ճոխություն,
Սովորեցանք վշտերի
Տանել դառն ծանրություն:
Հայրենյաց փառքի հույսը
Է մեր միակ մխիթար,
Մենք ատում ենք աշխարհի
Թույլ հեշտությունքը վատթար:
Մենք զոհեցինք մեր անձը
Սուրբ կրոնքի փրկության,
Եվ շահեցինք մեծ գանձը
Երկնքի արքայության:
Մենք մերկացանք մեր նախկին
Դիպակ, կերպաս և սամույր,
Եվ զգեցանք մեր հաքին
Մազե քուրձը սևաթույր:
Մենք թողեցինք մեր մանյակ.
Մարգրիտ, գոհար և ոսկի,
Եվ կրեցինք մեր վզին
Խաչն անմահ զինվորի:
Մենք թողեցինք մեր փափուկ,
Ճոխ և հանգիստ քնարան,
Ուր հրեշտակ սփռում էր
Անուշ քունը մեր վերան:
Եվ ըրնտրեցինք մահճակալ
Այն կոշտ և սառը գետին,
Ուր խոտեղեն փսիաթը
Է զինվորի անկողին:
Մենք տիկնայք ազատազգի,
Քնքուշ կյանքին սորված,
Մենք առանց պատգարակի
Չէինք գնում տնից բաց:
Այժմ բոբիկ, մեր ոտքով՝
Գնում ենք աղոթքի տուն,
Մեր հայրենյաց փրկության
Խնդրել տերից օգնություն:
Մի Ժամանակ մեր մեջքը
Սեղմեր փառավոր գոտին,
Այժմ կաշյա քամարից
Սուրը հասնում է գետին:
Մեր գլուխն էլ չունի
Յուր պսակը ծաղկազարդ,
Այժմ ամուր երկաթի
Ծածկե նորան սաղավարտ:
Եվ մեր կուրծքը մշտապահ՝
Մի սրբազան գեղեցիկ՝
Պատում է թանձր զրահ
Ոչ նուրբ շապիկ թափանցիկ:
Այլևս մեր դայիրան
Չէ պտտվում մեր ձեռքում,
Այժմ ծանր, լայն վահան
Մեր անձն է պաշտպանում:
Այլևս մեր մատները
Չեն կրում թանկ մատանի,
Ոչ ապարջան զարդարե
Մեր բազուկը հոլանի:
Նոցա տեղակ մեր ձեռքում
Սուր և նիզակ են շողում,
Գուցե մի օր պարսկին
Տանք մեր վրեժ դառնագին:
Գուցե մի օր ազատենք
Կրոն, լեզու, ազգություն
Ջրադաշտի կրակեն,
Եվ մեր շքեղ հաղթություն:
Սիրելյաց հետ միասին,
Այո՜, մի օր երկնքում,
Մեր քաջ Վարդանի հետը՝
Տոնենք մեր Հայկ հոր գրկում:
Այնժամ ծերուկ Եղիշեն,
Նոցա վշտին մխիթար,
Այդ խոսքերով տիկնայքը
Քաջալերեց մեղմաբար.
— Տիկնայք հայոց փափկասուն,
Գողտրիկ ոգիք իմ սիրուն,
Այո՜, ձեզնից քերովբեք
Ստացան անմահություն:
Դո՜ւք, զինվորյալ սրբուհիք,
Ահա՜, անթառամ պսակ՝
Բերում է ձեզ երկնքից՝
Հայոց պահապան հրեշտակ:
Դուք կանգնեցիք մի արձան
Անմահության աստըծուն,
Որ դարերի մինչ վախճան
Պետք է պաշտե Հայաստուն:
Վկայուհիք դուք հայոց,
Միշտ օրհնյալ է ձեր անուն,
Քանի կապրե հայ ազգը,
Եվ քանի կա Հայաստուն: