Jump to content

Հիշի՛ր, հողածին…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հիշի՛ր, հողածին…

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Հիշի՛ր, հողածին…


Հիշի՛ր, հողածի՛ն, որ պարտք կա վըրադ
Օգնելու նրան, ով մերկ ու աղքատ,
Հոգսի բեռան տակ շըրջում է ցավոտ,
Աչքին արտասուք, օգնության կարոտ…
Հիշի՜ր, որ աստված և՛ նրան, քեզ պես,
Ստեղծել է ազատ, շնորհել միապես
Սուրբ իրավունքներ—ապրել երջանիկ,
Ճաշակել կյանքի վայելք ու բարիք։

Հիշի՜ր և այն քաջ, ազնիվ, անձնվեր
Նահատակներին, որոնք անվեհեր
Հառա՜ջ են կոչել անուս ամբոխին,
Դափնու տեղ` փըշյա պըսակներ գըլխին։
Թո՛ղ խեղճ եղբայրներդ գըտնեն ապաստան
Խաղաղ հարկի տակ հյուրասեր քո տան.
Եվ ազա՛տ վըշտից, հեռո՛ւ փոթորկից,
Քաղեն սիրո խոսք—եղբոր շըրթունքից…